Ցուցումներ՝ դպրոցի վերակացուին
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ժողովում երեցներից մեկը նշանակվում է որպես Աստվածապետական ծառայության դպրոցի վերակացու։ Եթե նման պատասխանատվություն է քեզ վստահվել, ապա քո խանդավառությունը և յուրաքանչյուր սովորողի առաջադիմությամբ քո անձնական հետաքրքրվածությունը կարող են զգալիորեն անդրադառնալ այն բանի վրա, թե Դպրոցի օգնությամբ ձեր ժողովի անդամները ինչ արդյունքների կհասնեն։
Քո կարևոր առաջադրանքներից մեկն է՝ վարել ժողովում ամեն շաբաթ անցկացվող Աստվածապետական ծառայության դպրոցը։ Մի մոռացիր, որ ելույթ ունեցողները սրահի միակ ներկաները չեն։ Դպրոցն այնպես անցկացրու, որ ամբո՛ղջ ժողովը քաջալերական ու գործնական հիշեցումներ ստանա՝ կապված Դպրոցի նպատակներից առնվազն մեկի հետ (դրանք նշված են դասագրքի 5–8 էջերում)։
Հետաքրքրություն ցուցաբերիր ծրագրին մասնակցողներից յուրաքանչյուրի հանդեպ՝ անկախ այն բանից՝ նա բարձրաձայն ընթերցելու հանձնարարություն է ստացել, երկխոսություն պատրաստելու, թե ելույթ ներկայացնելու։ Օգնիր, որպեսզի նրանք այդ ամենին վերաբերվեն ոչ թե զուտ որպես առաջադրանքի, այլ որպես հնարավորության՝ բարելավելու Եհովային մատուցվող իրենց ծառայությունը։ Իհարկե, անհատի հաջողությունը հիմնականում կախված է նրա ջանքերից։ Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ դու նրանցով ջերմորեն հետաքրքրվես, օգնես տեսնել, թե ինչով է օգտակար յուրաքանչյուր դասը և բացատրես, թե ինչպես կիրառել այնտեղ տրված խորհուրդները։ Ուրեմն՝ ուշադրությամբ լսիր յուրաքանչյուր ելույթ, որպեսզի հետո կարողանաս արժեքավոր մեկնաբանություններ տալ։
Հետևիր, որ Դպրոցը ժամանակին սկսվի և ժամանակին էլ ավարտվի։ Լավ օրինակ հանդիսացիր և մի խախտիր քո մեկնաբանությունների համար նախատեսված ժամանակը։ Եթե անհատը ժամանակին չի ավարտել իր ելույթը, քո (կամ քո օգնականի) կողմից ազդանշան կհնչի, որից հետո նրան հարկավոր կլինի ավարտել նախադասությունն ու հեռանալ բեմից։ Իսկ եթե զգում ես, որ Դպրոցը կարող է ժամանակին չավարտվել որևէ այլ ելույթի ժամանակը խախտելու պատճառով, կրճատիր քո մեկնաբանությունները և հանդիպումից հետո զրուցիր այն եղբոր հետ, որը խախտել է ժամանակը։
Եթե ներկա ես ժողովին, Դպրոցը դու պետք է անցկացնես։ Իսկ եթե ժողովին ներկա գտնվելու հնարավորություն չունես, ապա պետք է անցկացնի այն երեցը, որը նախապես նշանակվել է երեցների խորհրդի կողմից։ Եթե գրաֆիկ կազմելու, առաջադրանքների բլանկներ լրացնելու և բաժանելու կամ փոխարինողներ գտնելու հարցում օգնության կարիք ես զգում, երեցների խորհուրդը կարող է ծառայող օգնականի նշանակել՝ այդ ամենի մասին հոգալու համար։
Ցուցակագրվել Դպրոցին։ Հորդորիր բոլոր քարոզիչներին ցուցակագրվել Դպրոցին։ Բացի քարոզիչներից գրվել կարող են նաև նրանք, ովքեր ակտիվորեն համագործակցում են ժողովի հետ, ընդունում են աստվածաշնչյան ուսմունքները և ապրում են քրիստոնեական սկզբունքների համաձայն։ Երբ որևէ մեկը ցուցակագրվելու ցանկություն է հայտնում, ի սրտե գովիր նրան։ Եթե նա դեռ քարոզիչ չէ, դու, որպես Դպրոցի վերակացու, պետք է նրա հետ քննարկես այն բոլոր պահանջները, որոնց պետք է բավարարի Դպրոցի յուրաքանչյուր սովորող։ Ցանկալի է դա անել այն քարոզչի ներկայությամբ, ով նրա հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում (կամ հավատի մեջ եղող նրա ծնողներից մեկի ներկայությամբ)։ Այդ պահանջները նույնն են, ինչ չմկրտված քարոզիչ դառնալու համար ներկայացվող պահանջները։ Դրանք կարելի է գտնել «Կազմակերպված
կատարենք մեր ծառայությունը» գրքի 98–100 էջերում։ Ձեռքի տակ միշտ ունեցիր Դպրոցում սովորողների թարմ ցուցակը։Ինչպես օգտվել ուսումնական բլանկից։ Ուսումնական բլանկը գտնվում է գրքի 79–81 էջերում։ Ինչպես երևում է գունավոր սյունակներից, բարձրաձայն ընթերցելու հանձնարարության դեպքում կիրառելի են 1–17-րդ դասերը։ Երկխոսություններին վերաբերում են բոլոր դասերը՝ բացառությամբ 7–րդի, 52–րդի և 53–րդի։ Ելույթներին վերաբերում են նույնպես բոլոր դասերը՝ բացառությամբ 7–րդի, 18–րդի և 30–րդի։
Սովորողին որևէ դաս հանձնարարելիս Դպրոցի վերակացուն պետք է նրա գրքում՝ «Դասի վրա աշխատանքը սկսելու ամսաթիվը» սյունակում, այդ դասի դիմաց մատիտով նշի ամսաթիվը։ Տվյալ դասի վրա աշխատելուց հետո նրան առանձին հարցրու, թե արդյոք կատարել է դասի վերջում բերված վարժություն(ներ)ը։ Եթե այո, ապա համապատասխան քառակուսու մեջ հարկավոր է նշան դնել։ Եթե անհատին խորհուրդ ես տալիս, որ շարունակի աշխատել նույն դասի վրա, այդ դեպքում բլանկի վրա ոչ մի լրացուցիչ նշում կատարելու կարիք չկա. պարզապես դատարկ թող «Դասի վրա աշխատանքն ավարտելու ամսաթիվը» սյունակը։ Այդ սյունակը հարկավոր է լրացնել միայն այն ժամանակ, երբ նա պատրաստ է անցնելու հաջորդ դասին։ Բացի այդ, 82 էջում, որտեղ ներկայացված են պայմանական իրադրությունները, ձախ կողմում յուրաքանչյուր ելույթից հետո հարկավոր է նշել ելույթի ամսաթիվը՝ համապատասխան իրադրության դիմաց։ Թե՛ ուսումնական բլանկը, թե՛ պայմանական իրադրությունների ցուցակը հնարավորություն են տալիս երկու անգամ աշխատել յուրաքանչյուր դասի վրա և այդքան անգամ էլ կիրառել պայմանական իրադրություններից յուրաքանչյուրը։ Սովորողները պետք է դասագրքերն իրենց հետ Դպրոց բերեն։
Ամեն անգամ սովորողներին խորհուրդ տալիս մեկական դաս նշանակիր։ Սովորաբար լավ է դասերը նշանակել գրքում բերված հերթականությամբ։ Սակայն եթե անհատը շատ ընդունակ է, կարելի է նրան խրախուսել, որ ուսումնասիրի որոշ դասեր և դրանցում տրվող խորհուրդներն ինքնուրույն կիրառի։ Իսկ դու կարող ես օգնել նրան աշխատելու հատկապես այն դասերի վրա, որոնք, ըստ քեզ, կօգնեն նրան դառնալ ավելի հմուտ հռետոր և ուսուցիչ։
Յուրաքանչյուր դասի ուսումնասիրությունն ու կիրառումը կարող է մեծ օգուտներ բերել նույնիսկ նրանց, ովքեր Դպրոցին ցուցակագրված են արդեն երկար տարիներ։ Առանձին դեպքերում, ելնելով սովորողի հատուկ կարիքներից, հաստատված կարգին հետևելու փոխարեն՝ լավ կլինի ընտրել, թե որ դասերի վրա նա աշխատի։
Ինչպես խորհուրդներ տալ։ Խորհուրդներ տալիս աշխատիր մատնանշել աստվածաշնչյան օրինակներն ու սկզբունքները։ Սովորողների համար պետք է ակնհայտ լինի, որ և՛ քո խորհուրդը, և՛ խորհուրդ տալու ձևը համապատասխանում են Աստծո Խոսքում ամփոփված վեհ սկզբունքներին։
Մի մոռացիր, որ եղբայրներիդ և քույրերիդ «գործընկերն» ես (Բ Կորնթ. 1։24; 8։23)։ Քեզ էլ նրանց նման հարկավոր է ջանասիրաբար աշխատել, որպեսզի է՛լ ավելի լավ կատարելագործես հռետորական և ուսուցողական ունակությունդ։ Ուսումնասիրիր «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գիրքը և կիրառիր այնտեղ տրված խորհուրդները. դա անելու մեջ օրինակ հանդիսացիր։
Նպատակ դիր օգնելու մյուսներին, որ լավ ընթերցողներ, ճարտար հռետորներ և հմուտ ուսուցիչներ դառնան։ Այդ նպատակին հասնելու համար ձգտիր օգնել նրանց՝ հասկանալու դասի էությունն ու կարևորությունը, ինչպես նաև տիրապետելու տվյալ դասին։ Դասագիրքն այնպես է կազմված, որ հեշտ լինի դա անել։ Սակայն հաճախ քեզ հարկավոր կլինի ոչ թե այնտեղից զուտ ինչ–որ բան ընթերցել, այլ քննարկել գրվածի իմաստն ու ցույց տալ, թե ինչպես այն գործնականում կիրառել։
Եթե սովորողը լավ է կատարել իր առաջադրանքը, գովիր նրան։ Հակիրճ նշիր, թե ինչն էր լավ, և ինչու է այն կարևոր։ Եթե ինչ–որ բանի վրա նրան դեռ հարկավոր է աշխատել, համոզվիր, որ նա հասկանում է, թե ինչու է դա անհրաժեշտ։ Քննարկիր, թե նա ինչպես կարող էր դա անել։ Եղիր կոնկրետ, սակայն միևնույն ժամանակ սիրալիր։
Մի մոռացիր, որ շատերին բեմից ելույթ ունենալը հաջողվում է միայն մեծ ջանքերի շնորհիվ։ Իսկ եթե անհատին թվում է, որ նրան չհաջողվեց լավ կատարել իր առաջադրանքը, նրա մեջ կարող է միտք ծագել, թե՝ արժե՞ արդյոք ընդհանրապես ջանք թափել։ Ընդօրինակիր Հիսուսին, որը «ջախջախուած եղէգը» չէր փշրում, և «հանգչող պատրոյգը» չէր հանգցնում (Մատթ. 12։20)։ Ուշադրություն դարձրու անհատի էմոցիոնալ վիճակի վրա։ Խորհուրդ տալիս հաշվի առ, թե ով է նա՝ հմուտ քարոզիչ, թե Դպրոցին վերջերս ցուցակագրված անհատ։ Ջերմ, անկեղծ քաջալերանքը ուժ կտա նրան և կխրախուսի ջանքերը չթուլացնել։
Մի դիպչիր սովորողների արժանապատվության զգացումին։ Հռովմայեցիս 12։10–ում ասվում է. «Պատիւ տալու մէջ իրար առաջ անցէք»։ Որքա՜ն տեղին կլինի, որ Աստվածապետական ծառայության դպրոցի վերակացուն հետևի այս խորհրդին։ Եթե սովորողը քեզանից ավելի տարեց է, ձգտիր կիրառել Ա Տիմոթէոս 5։1, 2 համարներում տրված խորհուրդը։ Երբ խորհուրդ ես տալիս ինչ–որ բան փոխել, ապա, անկախ տարիքից, անհատը այն ավելի հեշտ կընդունի, եթե նման խորհուրդը սիրալիր ձևով տրվի (Առակ. 25։11, Արևմտ. Աստ.)։
Խորհուրդներ տալիս միշտ ընդգծիր սովորելու նպատակը։ Այն կայանում է ո՛չ նրանում, որ գովասանքի խոսքեր ասվեն և սովորողն անցնի հաջորդ դասին, և ո՛չ էլ նրանում, որ նրանք իրենց հռետորական և ուսուցողական ընդունակություններով ցնցող տպավորություն գործեն (Առակ. 25։27, Արևմտ. Աստ.)։ Խոսելու պարգևը մենք ցանկանում ենք կիրառել Եհովայի՛ն փառաբանելու համար, ինչպես նաև մյուսներին օգնելու, որ իմանան նրա մասին ու սիրեն նրան։ Մենք սովորում ենք, որպեսզի ավելի լավ կատարենք այն աշխատանքը, որի մասին գրված է Մատթէոս 24։14 և 28։19, 20 համարներում։ Ժամանակի ընթացքում որոշակի պահանջների համապատասխանող մկրտված եղբայրների կարող են հրավիրել «Աստուծոյ հօտի» մասին հոգ տանելու՝ որպես հանրության առջև հանդես եկող հռետորներ և ուսուցիչներ (Ա Պետ. 5։2, 3)։
Խորհուրդ տուր սովորողներին, որ առաջադրանքը ստանալուց հետո մի քանի օրվա ընթացքում ընթերցեն հանձնարարված դասը։ Նրանց հորդորիր կիրառել այնտեղ տրված խորհուրդները Դպրոցի ելույթները պատրաստելիս, առօրյա խոսակցության ժամանակ, ժողովի հանդիպումներին պատասխանելիս և քարոզչական ծառայության ժամանակ։
Ինչպես առաջադրանքներ նշանակել։ Սովորաբար առաջադրանքը հարկավոր է տալ ելույթից առնվազն երեք շաբաթ առաջ, հնարավորության դեպքում՝ գրավոր ձևով։
Ծրագրի այն մասերը, որոնց նպատակը ժողովին սովորեցնելն է, պետք է հանձնարարվեն երեցներին՝ ցանկալի է նրանց, ովքեր այն լավ կներկայացնեն, ինչպես նաև այն ծառայող օգնականներին, ովքեր փաստել են, որ լավ ուսուցիչներ են։
Հետևելով Դպրոցի ծրագրում տրված ցուցումներին՝ որոշիր, թե որ ուսումնական առաջադրանքը տալ եղբայրներին, իսկ որը՝ քույրերին։ Եթե ժողովում շատ քույրեր կան և քիչ եղբայրներ, ուշադրություն դարձրու, որ եղբայրները բավարար չափով առաջադրանքներ ստանան, ընդ որում՝ ոչ միայն ընթերցանություն։
Առաջադրանքներ տալիս հաշվի առ եղբայրների և քույրերի անձնական հանգամանքները։ Օրինակ՝ իրո՞ք անհրաժեշտ է Դպրոցում ելույթ հանձնարարել երեցին կամ ծառայող օգնականին, եթե նա նույն օրը ելույթ է ունենալու նաև Ծառայողական հանդիպման ժամանակ,
կամ՝ այն շաբաթվա մեջ, երբ նա ժողովում հանրային ելույթ է ներկայացնելու։ Արդյոք անհրաժե՞շտ է քրոջը երկխոսություն հանձնարարել այն օրը, երբ նրա երեխան նույնպես պետք է ելույթ ունենա, և մայրը, հավանաբար, պետք է օգնի նրան նախապատրաստվել։ Ձգտիր հարմար թեմաներ ընտրել՝ հատկապես այն դեպքում, երբ առաջադրանք ես տալիս երեխաներին կամ դեռահասներին, ինչպես նաև չմկրտված անձանց։ Նախքան հանձնարարություն տալը ստուգիր, թե արդյոք տվյալ նյութը հնարավորություն տալի՞ս է աշխատելու հանձնարարված դասի վրա։Սովորաբար քույրը ինքն է ընտրում պայմանական իրադրությունը, ինչպես դա բացատրվում է 78 և 82 էջերում։ Նրան հարկավոր է օգնական նշանակել. առաջադրանքին կարող են մասնակցել երկու օգնական։ Եթե քույրը խնդրում է որոշակի անհատի նշանակել, որը տվյալ պայմանական իրադրության համար կարող է ավելի հարմար թեկնածու լինել, հաշվի առ նրա խնդրանքը։
Լրացուցիչ դասարաններ։ Եթե դպրոցին ցուցակագրվածների թիվն անցել է 50–ից, ապա ելույթները կարող են ներկայացվել միաժամանակ մի քանի տեղերում։ Դասարան կարելի է կազմակերպել ըստ տեղի կարիքների՝ կա՛մ բոլոր ուսումնական ելույթների համար, կա՛մ էլ միայն վերջին երկուսի։
Յուրաքանչյուր դասարանի համար պետք է նշանակվի համապատասխան եղբայր, որը խորհուրդներ կտա. ցանկալի է, որ լինի երեց։ Անհրաժեշտության դեպքում կարելի է նշանակել համապատասխան ընդունակություններ ունեցող ծառայող օգնականի։ Այդ եղբայրները պետք է նշանակվեն երեցների խորհրդի կողմից։ Դպրոցի վերակացուն նրանց հետ պետք է սերտորեն համագործակցի, որպեսզի անկախ այն բանից, թե սովորողը հաջորդ անգամ որտեղ ելույթ կունենա, նրան խորհուրդներ տալիս պահպանվի հետևողականությունը։
Ընթերցանության դասեր։ Երեցների խորհուրդը կարող է որոշել, որ ոմանց հարկավոր է օգնել՝ սովորելու կարդալ այն լեզվով, որով խոսում են ժողովում։ Ընթերցանության դասերը կարող են անցկացվել Աստվածապետական ծառայության դպրոցին զուգընթաց։ Նպատակը կարող է լինել գրագիտություն սովորեցնելը կամ կարդալու հմտությունները բարելավելը։
Ընթերցանության դասերն անպայման չէ անցկացնել ուսումնական ելույթներին զուգընթաց։ Երբեմն անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար այդ ժամանակը կարող է պարզապես չբավականացնել։ Տեղի երեցները կորոշեն, թե ինչ օգնություն է անհրաժեշտ և երբ անցկացնել պարապմունքները։ Ըստ կարիքների՝ պարապմունքները կարող են լինել կա՛մ խմբակային, կա՛մ էլ անհատական։
Ընթերցանության պարապմունքներն անցկացնելու համար լավ ուսուցիչ է հարկավոր։ Ցանկալի է, որ դա լինի վարժ ընթերցող և լեզուն լավ իմացող եղբայր։ Եթե եղբայր չկա, երեցները կարող են խնդրել այդ առումով ընդունակ, ինչպես նաև օրինակելի մի քրոջ՝ կատարելու այդ առաջադրանքը։ Լսարանի հետ պարապմունքներն անցկացնելիս նա պետք է իր գլուխը ծածկի (Ա Կորնթ. 11։3–10; Ա Տիմոթ. 2։11, 12)։
Շատ լեզուներով թողարկվել է «Վարժվիր գրել–կարդալու մեջ» գրքույկը, որը նախատեսված է գրագիտություն սովորեցնելու համար։ Հաշվի առնելով սովորողների կարողությունները՝ կարելի է նաև այլ ձեռնարկներ օգտագործել։ Երբ անհատը բավարար չափով սովորի կարդալ, հարկավոր է նրան խրախուսել, որ մասնակցի Աստվածապետական ծառայության դպրոցի հիմնական ծրագրին։
Որպես Աստվածապետական ծառայության դպրոցի վերակացու, դու ժողովին կարող ես մեծ օգուտներ բերել։ Լավ նախապատրաստվիր, և, ինչպես խրախուսվում է Հռովմայեցիս 12։6–8-ում, քո նշանակումը համարիր որպես Աստծուց ստացած թանկագին պարգև։