Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 34

Քաջալերական խոսք, դրական մոտեցում

Քաջալերական խոսք, դրական մոտեցում

ՄԵՆՔ հանձնարարություն ենք ստացել քարոզելու բարի լուր։ Հիսուսն ասաց. «Բոլոր ազգերին պէտք է առաջ աւետարանը [բարի լուրը] քարոզուի» (Մարկ. 13։10)։ Նա ինքը մեծ ուշադրություն դարձրեց «Աստուծոյ արքայութիւնը ավետարանե[լուն]» և մեզ օրինակ թողեց այդ գործունեության մեջ (Ղուկ. 4։44)։ Առաքյալների մասին էլ է ասվում, որ իրենք «Աստուծոյ աւետարանը» և ‘Քրիստոսի ավետարանն’ էին քարոզում (Ա Թեսաղ. 2։2; Բ Կորնթ. 2։12)։ Նման պատգամը ոգևորում է մարդկանց և բարերար ազդեցություն է թողնում նրանց վրա։

Գործելով ‘հավիտենական ավետիքի’ համաձայն, որն ազդարարում էր ‘երկնքի մեջ թռչող հրեշտակը’՝ մենք մարդկանց հորդորում ենք. «Վախեցէք Աստուածանից, եւ փառք տուէք նորան» (Յայտն. 14։6, 7)։ Ամենուրեք նրանց պատմում ենք ճշմարիտ Աստծո, նրա անվան, սքանչելի հատկությունների, հրաշալի գործերի, սիրով լի նպատակի, նրա հանդեպ մեր ունեցած պատասխանատվության և մեզանից ունեցած նրա ակնկալիքների մասին։ ‘Ավետարանի’, այսինքն՝ բարի լուրի մեջ է մտնում նաև այն, որ Եհովա Աստված ոչնչացնելու է ամբարիշտներին, որոնք անպատվում են իրեն ու դառնացնում ուրիշների կյանքը։ Բայց մենք իրավունք չունենք դատելու նրանց, ում քարոզում ենք։ Մենք շատ ենք ցանկանում, որ հնարավորին չափ շատ մարդիկ դրականորեն արձագանքեն Աստվածաշնչի պատգամին. այս դեպքում բարի լուրն իսկապես բարի կլինի նրանց համար (Առակ. 2։20–22; Յովհ. 5։22

Բացասականի մասին քիչ խոսիր։ Անվիճելի է, որ կյանքն ունի բացասական կողմեր, և մենք աչք չենք փակում դրա վրա։ Քո քարոզչական տարածքում ապրողների հետ խոսակցություն սկսելու համար, իհարկե, կարող ես հիշատակել նրանց հուզող մի խնդիր և հակիրճ քննարկել դա։ Պրոբլեմների մասին երկար խոսելը սովորաբար քիչ օգուտ է բերում։ Մարդիկ ամեն ժամանակ ճնշող լուրեր են լսում, ուստի, տեսնելով, որ դրանց մասին ենք խոսում, գուցե փակեն դուռը կամ էլ չցանկանան մեզ լսել։ Խոսակցության հենց սկզբից աշխատիր զրուցակցիդ ուշադրությունը հրավիրել Աստծո Խոսքի թարմացուցիչ ճշմարտությունների վրա (Յայտն. 22։17)։ Եթե նույնիսկ անհատը չկամենա էլ շարունակել զրույցը, դու արդեն արտահայտած կլինես քաջալերական ու օգտակար մտքեր, որոնց շուրջ նա գուցե հետո մտածի։ Վարվելով այսպես՝ դու հնարավորություն ես ստեղծում, որ նա մեկ ուրիշ անգամ պատրաստակամորեն լսի քեզ։

Եթե հրավիրված ես ելույթ ունենալու, լսարանը մի հեղեղիր բացասական բնույթի ինֆորմացիայով լոկ այն պատճառով, որ քո տրամադրության տակ նման տեղեկություն առատորեն կա։ Եթե հռետորը չափից շատ է խոսում մարդկային կառավարման թերություններից, բերում է բազմաթիվ օրինակներ անբարոյականության ապշեցուցիչ աճի, հանցագործության և բռնության մասին, ապա դա կարող է մարդկանց վրա ճնշող տպավորություն գործել։ Բացասական ուղղվածության նյութերի կարելի է անդրադառնալ միայն այն դեպքում, եթե դրանք ծառայում են ելույթի նպատակին։ Մի քանի բացասական փաստերը կարող են շեշտել քո ելույթի ժամանակահարմար լինելը։ Դրանք նաև կարող են երևան հանել այն հիմնական գործոնները, որոնք տվյալ իրավիճակի ստեղծման պատճառ են հանդիսանում։ Դա կօգնի քեզ ցույց տալ, թե ինչով է գործնական Աստվածաշնչի առաջարկած լուծումը։ Այնուամենայնիվ, հնարավորության դեպքում կոնկրետ խոսիր՝ առանց երկար կանգ առնելու այդ խնդիրների վրա։

Սովորաբար հնարավոր չի լինում և ցանկալի էլ չէ, որ ելույթից հանվեն բոլոր այն նյութերը, որոնց բովանդակությունը բացասական է։ Քո խնդիրն այն է, որ լավ ու վատ բաների մասին խոսելով՝ ունկնդիրների վրա ընդհանուր առմամբ դրական ազդեցություն թողնես։ Այս նպատակին հասնելու համար պետք է որոշես, թե ընտրված նյութից որն ես ներգրավելու ելույթի մեջ, որից՝ հրաժարվելու և ո՛ր մտքերն ես ընդգծելու։ Լեռան քարոզում Հիսուսը հորդորեց իր ունկնդիրներին խուսափելու դպիրների ու փարիսեցիների վարվելակերպից, որոնք միայն իրենց մասին էին մտածում, և մի քանի օրինակ բերեց իր ասելիքը հասկանալի դարձնելու համար (Մատթ. 6։1, 2, 5, 16)։ Բայց նա երկար կանգ չառավ այս կրոնական առաջնորդների թողած բացասական օրինակի վրա։ Դրա փոխարեն Հիսուսը շեշտեց Աստծո ճշմարիտ ուղիները հասկանալու և դրանցով ապրելու կարևորությունը (Մատթ. 6։3, 4, 6–15, 17–34)։ Նրա այսպիսի մոտեցումը շատ օգտակար եղավ իրեն լսողների համար։

Դրական մոտեցում հանդես բեր։ Եթե պետք է ժողովում ելույթ ունենաս քրիստոնեական գործունեության որևէ ոլորտի վերաբերյալ, ապա աշխատիր ոչ թե քննադատական, այլ քաջալերական մտքեր արտահայտել։ Անշուշտ, ինչ որ հորդորում ես քո ունկնդիրներին անելու, դու ինքդ պետք է անես (Հռովմ. 2։21, 22; Եբր. 13։7)։ Թող որ սերը, և ոչ թե վրդովմունքը մղի քեզ արտահայտվելու (Բ Կորնթ. 2։4)։ Եթե վստահություն ունես, որ հավատակիցներդ ցանկանում են հաճեցնել Եհովային, ապա դա կարտացոլվի քո խոսքերում. քո մտքերը կլինեն քաջալերական և օգտակար։ Ուշադրություն դարձրու, թե ինչպես էր Պողոս առաքյալն արտահայտում իր վստահությունը հետևյալ համարներում՝ Ա Թեսաղոնիկեցիս 4։1–11; Բ Թեսաղոնիկեցիս 3։4, 5; Փիլիմոն 4, 8–14, 21։

Երբեմն անհրաժեշտություն է առաջանում, որ երեցները նախազգուշական քայլեր ձեռնարկեն՝ թույլ չտալու համար, որ ժողովում տեղ գտնի անխոհեմ վարքագիծը։ Բայց խոնարհությունը կօգնի, որ նրանք իրենց եղբայրների հետ վարվեն հեզության ոգով (Գաղ. 6։1)։ Երեցները իրենց խոսքերը պետք է այնպես արտահայտեն, որ զգացվի իրենց հարգանքը հավատակիցների հանդեպ (Ա Պետ. 5։2, 3)։ Աստվածաշունչը երիտասարդ եղբայրներին խորհուրդ է տալիս, որ զգույշ լինեն հատկապես այս հարցում (Ա Տիմոթ. 4։12; 5։1, 2; Ա Պետ. 5։5)։ Եթե հարկավոր է հանդիմանել, խրատել, ուղղել, ապա դա պետք է արվի Աստվածաշնչի հիման վրա (Բ Տիմոթ. 3։16)։ Ոչ մի դեպքում չի կարելի Աստվածաշնչի խոսքը աղավաղել սոսկ այն պատճառով, որ ելույթ ունեցողն իր ուրույն մոտեցումն ունի այդ հարցին։ Նույնիսկ եթե խրատելու կարիք կա, ելույթին կարելի է դրական ուղղվածություն հաղորդել, եթե գլխավորապես շեշտը դրվի այն բանի վրա, թե ինչու են Եհովայի պահանջները մեզ համար ապահովություն, ինչպես խուսափել մեղավոր գործերից, լուծել խնդիրները, հաղթահարել դժվարությունները, թողնել ծուռումուռ ճանապարհները (Սաղ. 119։1, 9–16

Ելույթին նախապատրաստվելիս հատուկ ուշադրություն դարձրու ինչպես յուրաքանչյուր գլխավոր կետի, այնպես էլ ամբողջ ելույթի վերջաբանին, որովհետև հաճախ հիշվում է հենց այն, ինչ որ ամենավերջում է ասվում։ Ձգտիր, որ քո ելույթը դրական երանգով ավարտվի։

Հավատակիցների հետ խոսելիս։ Եհովայի ծառաները շատ բարձր են գնահատում շփումը հավատակիցների հետ քրիստոնեական հանդիպումների ժամանակ։ Այդ շփումը հոգևորապես թարմացնում է։ Աստվածաշունչը մեզ կոչ է անում հիշել, որ «իրար յորդորենք», երբ հավաքվում ենք մեր երկրպագության վայրում (Եբր. 10։25)։ Դա մենք անում ենք ոչ միայն ելույթների ու մեկնաբանությունների միջոցով, այլև հանդիպումից առաջ և հետո իրար հետ զրուցելով։

Թեև սխալ չէ զրուցելիս առօրյա հարցեր շոշափելը, մենք ամենամեծ քաջալերանքը ստանում ենք այն ժամանակ, երբ հոգևոր թեմաներից ենք խոսում։ Այդ թեմաների մեջ են մտնում նաև այն դեպքերը, որ պատահում են մեր սուրբ ծառայության ընթացքում։ Իրարով հետաքրքրվելը՝ ողջամտության սահմաններում, նույնպես քաջալերական է։

Մենք պետք է զգույշ լինենք, որ չընկնենք աշխարհի ազդեցության տակ։ Պողոսը, գրելով եփեսացի քրիստոնյաներին, ասաց. «Դէն գցելով ստութիւնը՝ խօսեցէք ճշմարտութիւնն ամեն մարդ իր ընկերի հետ» (Եփես. 4։25)։ Ստության փոխարեն ճշմարտություն խոսելը ներառում է նաև չփառաբանել այն բաները, ինչպեսև մարդկանց, որոնք աստվածացվում են աշխարհի կողմից։ Իսկ Հիսուսը զգուշացնում է «հարստութեան խաբեբայութիւն[ից]» (Մատթ. 13։22)։ Ուստի, երբ զրուցում ենք միմյանց հետ, պետք է զգույշ լինենք, որ գեղեցիկ գույներով ներկայացնելով նյութական ունեցվածքը՝ չջատագովենք այդ խաբեբայությունը (Ա Տիմոթ. 6։9, 10

Պողոս առաքյալը, խորհուրդ տալով լինել այնպիսի անձնավորություն, որը բարերար ազդեցություն է թողնում մյուսների վրա, հորդորում է չդատել ու չնվաստացնել եղբորը, որը ինչ–​որ բանից խուսափում է «հաւատքի մէջ տկար» լինելու պատճառով, այսինքն՝ մինչև վերջ չի պատկերացնում քրիստոնեական ազատության իմաստը։ Անկասկած, որպեսզի մեր խոսքը լինի քաջալերական ու օգտակար, պետք է հաշվի առնենք նրանց ով լինելն ու հոգևոր աճի մակարդակը։ Շատ ցավալի կլիներ, եթե ‘եղբորը [կամ քրոջը] գլորում կամ գայթակղություն դնեինք’ (Հռովմ. 14։1–4, 13, 19)։

Նրանք, ովքեր լուրջ խնդիրներ են դիմագրավում, օրինակ՝ խրոնիկական հիվանդություն, բարձր են գնահատում ջերմ ու քաջալերական զրույցները։ Այդպիսի անհատը գուցե մեծ ջանքեր է թափում հանդիպումներին հաճախելու համար։ Ովքեր տեղյակ են նրա վիճակից, կարող են հարցնել. «Ինչպե՞ս է առողջությունդ»։ Վերջինս, անտարակույս, շատ երախտապարտ կլինի նման ուշադրության համար։ Բայց նա, ամենայն հավանականությամբ, իր առողջական վիճակի մասին խոսելով չէ, որ ստանում է ամենամեծ քաջալերանքը։ Գնահատանքի ու գովեստի խոսքերը շատ ավելի մեծ զորություն ունեն նրա սիրտը ջերմացնելու։ Նկատո՞ւմ ես, թե ինչպես է նա շարունակում սիրել Եհովային ու տոկալ իր դժվարության ներքո։ Քաջալերո՞ւմ են քեզ նրա մեկնաբանությունները։ Ավելի լավ չէ՞ր լինի նրա սահմանափակ հնարավորությունների փոխարեն ուշադրություն դարձնել նրա ուժեղ կողմերի ու այն բանի վրա, թե ինչ է նա անում ժողովի համար (Ա Թեսաղ. 5։11

Որպեսզի զրույցը օգտակար լինի դիմացինին, հատկապես կարևոր է հաշվի առնել Եհովայի տեսակետը խոսակցության նյութի վերաբերյալ։ Հին Իսրայելում նրանք, ովքեր Եհովայի ներկայացուցիչների դեմ խոսեցին և գանգատվեցին մանանայից, նրա բարկությունը շարժեցին (Թուոց 12։1–15; 21։5, 6)։ Երբ հարգանք ենք ցուցաբերում երեցների հանդեպ ու գնահատում ենք հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի մատակարարած հոգևոր կերակուրը, ապա դրանով վկայում ենք, որ դասեր ենք քաղել անցյալի այդ օրինակներից (Ա Տիմոթ. 5։17

Հավատակիցների հետ զրուցելու համար օգտակար ու քաջալերական թեմա գտնելը դժվար չէ։ Սակայն երբ տեսնում ես, որ զրույցի ընթացքում ինչ–​որ մեկը չափից դուրս քննադատաբար է արտահայտվում, այնպես արա, որ խոսակցությունը ընթանա ճիշտ հունով։

Անկախ այն բանից՝ քարոզում ենք, բեմից ենք խոսում, թե զրուցում ենք եղբայրների ու քույրերի հետ՝ եկեք խոհեմություն դրսևորենք, որ մեր սրտի գանձից դուրս հանենք «այն՝ որ բարի է՝ շինութեան համար հարկաւոր, որ շնորհք տայ լսողներին» (Եփես. 4։29