ԴԱՍ 53
Քաջալերիր և զորացրու ունկնդիրներին
ՉՆԱՅԱԾ այն բանին, որ Աստծո ծառաները բախվում են բազմաթիվ խնդիրների՝ այնուհանդերձ նրանք պետք է կարողանան քաջալերություն գտնել քրիստոնեական ժողովում։ Դա իրագործելու համար հատկապես երեցները պետք է հավաստիանան, որ իրենց ելույթներն ու խորհուրդները քաջալերիչ են մարդկանց համար։ Նրանք պետք է ջանք թափեն լինել «քամիի դէմ եղող պատսպարանի պէս, եւ փոթորկի դէմ եղող ծածկոցի պէս, չոր տեղում եղող ջրերի վտակների նման, մեծ ապառաժի հովանիին պէս.... ծարաւուտ երկրում» (Ես. 32։2)։
Եթե ժողովում ծառայում ես որպես երեց, հաղորդո՞ւմ են արդյոք քո ելույթները թարմություն ու մխիթարություն։ Ոգևորո՞ւմ են արդյոք նրանց, ովքեր ջանք չեն խնայում՝ Եհովային հավատարմորեն ծառայելու։ Զորացնո՞ւմ են մարդկանց, որպեսզի նրանք, հաշվի չառնելով հասարակության ցուցաբերած անտարբերությունը կամ հակառակությունը, հաստատակամ լինեն Աստծո կամքը կատարելու մեջ։ Գուցե ներկա են մարդիկ, ովքեր ընկճված են, տառապում են տնտեսական ծանր հոգսերի ճնշման տակ կամ պայքարում են որևէ լուրջ՝ անբուժելի հիվանդության դեմ։ Դու կարող ես ‘զորացնել քո եղբայրներին բերանիդ’ խոսքերով (Յոբ 16։5, Արևմտ. Աստ.)։
Որպես հռետոր՝ օգտվիր քո ունեցած հնարավորությունից, որ օգնես եղբայրներին հույս և ամրություն ձեռք բերելու Եհովայից և նրա պարգևած բոլոր բաներից (Հռովմ. 15։13; Եփես. 6։10)։
Ունկնդիրների միտքը բեր այն ամենը, ինչ Եհովան արել է։ Մարդկանց մեջ քաջություն ներշնչելու կարևոր միջոցներից մեկն է՝ ցույց տալ նրանց, թե ինչպես է Եհովան անցյալում աջակցել իր ժողովրդին, երբ նրանք բախվում էին դժվարությունների հետ (Հռովմ. 15։4)։
Երբ դեռ Իսրայել ազգը չէր մտել Ավետյաց երկիր, որն այն ժամանակ գտնվում էր թշնամի ազգերի տիրապետության տակ, Եհովան պատվիրեց Մովսեսին, որ նա ‘զորացներ’ և ‘քաջալերեր’ Հեսուին։ Մովսեսն ինչպե՞ս դա արեց։ Հեսուի ներկայությամբ Մովսեսը ողջ ազգին հիշեցրեց այն ամենը, ինչ Եհովան արել էր իրենց համար, երբ նրանք դուրս էին եկել Եգիպտոսից (Բ Օրին. 3։28, ԷԹ; 7։18)։ Նա նաև նկարագրեց բոլոր հաղթանակները, որ Եհովան շնորհել էր իրենց՝ Ամորհացիների դեմ պատերազմելիս։ Ապա Մովսեսը խրախուսեց Հեսուին. «Ուժովացիր եւ քաջ եղիր» (Բ Օրին. 31։1–8)։ Երբ ցանկանում ես քաջալերել եղբայրներին, օգնո՞ւմ ես նրանց ուժ ձեռք բերել՝ հիշեցնելով, թե ինչեր է Եհովան արդեն արել իրենց համար։
Երբեմն մարդիկ այն աստիճան են ծանրաբեռնված լինում իրենց խնդիրներով, որ սկսում են կասկածել, թե երբևէ կվայելեն Թագավորության օրհնությունները։ Նրանց հիշեցրու, որ Եհովայի խոստումները արժանի են վստահության (Յեսու 23։14)։
Կան երկրներ, որտեղ մեր եղբայրները բախվում են կառավարության կողմից սահմանված այնպիսի օրենքների, որոնք արգելում են բարի լուրի քարոզման գործը։ Նման վայրերում հոգատար երեցները կարող են օգնել հավատակիցներին ուժ ստանալ Հիսուս Քրիստոսի առաքյալների հետ կատարված դեպքերից (Գործք 4։1–5։42)։ Եղբայրները, անկասկած, քաջությամբ կլցվեն, եթե երեցները նրանց ուշադրությունը հրավիրեն Եսթեր գրքի վրա և ցույց տան, թե այն ժամանակ Աստված ինչպիսի ընթացք տվեց իրադարձություններին։
Լինում են անհատներ, որ շարունակ հաճախում են ժողովի հանդիպումներին, սակայն չեն առաջադիմում։ Հնարավոր է՝ նրանք մտածում են, որ Աստված երբեք իրենց չի ների անցյալում ունեցած չափից դուրս վատ ապրելակերպի պատճառով։ Թերևս հարմար գտնես նրանց պատմելու այն մասին, թե ինչպես Եհովան վերաբերվեց Մանասե թագավորի հետ (Բ Մնաց. 33։1–16)։ Կարող ես նաև պատմել հին Կորնթոսում ապրող մարդկանց մասին, ովքեր փոփոխություններ մտցրին իրենց ապրելակերպում, դարձան քրիստոնյաներ, և Աստված նրանց հայտարարեց արդար (Ա Կորնթ. 6։9–11)։
Քեզ լսողների մեջ կա՞ն արդյոք այնպիսի անհատներ, որ իրենց վրա տեղացող խնդիրների պատճառով մտածում են, թե կորցրել են Աստծո հավանությունը։ Կարող ես նրանց հիշեցնել Հոբի հետ կատարվածը, և թե ինչպես նա առատապես օրհնվեց՝ Եհովայի առջև իր անարատությունը ամուր պահելու շնորհիվ (Յոբ 1։1–22; 10։1; 42։12, 13; Սաղ. 34։19)։ Հոբի կեղծ մխիթարիչները սխալ կերպով պնդում էին, թե նա ինչ–որ մեղք պիտի որ գործած լիներ (Յոբ 4։7, 8; 8։5, 6)։ Ի հակադրություն նրանց՝ Պողոսը և Բառնաբասը զորացնում էին աշակերտներին ու ‘հորդորում, որ հաստատ մնան հավատի մեջ’՝ ասելով. «Շատ նեղութիւններով պէտք է մեզ մտնել Աստուծոյ արքայութիւնը» (Գործք 14։20, 21)։ Նմանապես մեր օրերում։ Կարող ես զորացնել նրանց, ովքեր փորձություններ են դիմագրավում՝ նշելով, որ փորձությունների մեջ տոկուն մնալը բոլոր քրիստոնյաներից է պահանջվում, և դա մեծ արժեք ունի Աստծո աչքին (Առակ. 27։11; Մատթ. 24։13; Հռովմ. 5։3, 4; Բ Տիմոթ. 3։12)։
Քաջալերիր ունկնդիրներին խորհելու, թե հենց իրենց կյանքում ինչ ձևերով է Եհովան իրականացրել իր խոստումները։ Փոքր–ինչ հիշեցումներ տալը կօգնի նրանց տեսնել, թե համաձայն իր խոստումների՝ ինչ է Եհովան արդեն արել անձամբ իրենց համար։ Սաղմոս 32։8–ում կարդում ենք. «Իմաստուն կ’անեմ քեզ, եւ կ’սովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. կ’խրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կ’լինի»։ Օգնելով ունկնդիրներին վերհիշել, թե ինչպես է Եհովան առաջնորդել ու զորացրել նրանց՝ հնարավորություն կտաս անհատապես, ամբողջ էությամբ ըմբռնելու, որ Եհովան հոգ է տանում իրենց մասին և անպայման կօգնի հաղթահարել ցանկացած փորձություն, որ ներկայումս դիմագրավում են (Ես. 41։10, 13; Ա Պետ. 5։7)։
Ցույց տուր քո հիացմունքն այն ամենի հանդեպ, ինչ Աստված անում է ներկայումս։ Երբ փորձում ես քաջալերել քո եղբայրներին, նրանց ուշադրությունը հրավիրիր այն բանի վրա, թե ինչեր է Եհովան ներկայումս անում։ Եթե նրա արածների մասին խոսելիս ցույց տաս, որ դրանք քեզ հիացնում են, նման զգացումներ կառաջանան նաև քեզ լսողների սրտերում։
Խորհիր, թե ինչպես է Եհովան օգնում մեզ հաղթահարել կյանքի ճնշումները։ Նա մեզ ցույց է տալիս կյանքի լավագույն ուղին (Ես. 30։21)։ Բացատրում է ներկայումս տիրող հանցագործության, անարդարության, չքավորության, հիվանդությունների և մահվան պատճառները, ինչպես նաև տեղեկացնում, թե ինչպես է վերջ դնելու այդ ամենին։ Նրա շնորհիվ մենք շրջապատված ենք սիրալիր եղբայրությամբ։ Նա մեզ շնորհել է աղոթքի առանձնաշնորհումը, վստահել է իր Վկաները լինելու պատիվը։ Եհովան բաց է անում մարդկանց աչքերը՝ տեսնելու, որ Քրիստոսն արդեն գահակալվել է երկնքում, և որ այս ներկա համակարգի վերջին օրերը արագորեն մոտենում են իրենց վախճանին (Յայտն. 12։1–12)։
Այդ բոլոր հիանալի բաներին ավելացրու նաև ժողովի հանդիպումներն ու համաժողովները։ Եթե խոսելիս անկեղծ գնահատանք արտահայտես Եհովայի տված այս բոլոր պարգևների հանդեպ, դրանով կամրապնդես ունկնդիրների վճռականությունը՝ չանտեսելու եղբայրների հետ միասին հավաքվելու դերը (Եբր. 10։23–25)։
Զորության աղբյուր կարող են հանդիսանալ նաև այն բոլոր տեղեկությունները, որոնք ցույց են տալիս, որ Եհովան օրհնում է քարոզչական ծառայության մեջ կատարած մեր ջանքերը։ Առաջին դարում, երբ Պողոսն ու Բառնաբասը գնում էին դեպի Երուսաղեմ, ճանապարհին ‘մեծ ուրախություն պատճառեցին բոլոր եղբայրներին’՝ մանրամասն պատմելով, թե ինչպես ուրիշ ազգերից եկած մարդիկ դարձան քրիստոնյա (Գործք 15։3, ԷԹ)։ Պատմելով քաջալերական դեպքեր՝ դու նույնպես կարող ես ուրախություն պատճառել եղբայրներին։
Քաջալերանքը է՛լ ավելի մեծ կլինի, երբ օգնես մարդկանց նկատել, որ իրենց արած գործերն արժեք ունեն։ Գովիր նրանց՝ քրիստոնեական ծառայությանը իրենց մասնակցությունը բերելու համար։ Մի մոռացիր նաև գովեստի խոսքեր ուղղել նրանց, ում հնարավորությունները թեև խիստ սահմանափակ են այս գործունեության մեջ՝ իրենց տարիքի և հիվանդության պատճառով, այնուամենայնիվ նրանք հավատարմորեն տոկունություն են ցուցաբերում։ Նրանց հիշեցրու՝ Եհովան չի մոռանում այն սերը, որ ցուցաբերել են իր անվան համար (Եբր. 6։10)։ Հավատը, որ անցել է փորձությունների միջով, մի անգին գանձ է (Ա Պետ. 1։6, 7)։ Մեր եղբայրներն իրոք կարիք ունեն նման հիշեցումների։
Զգացմունքներով խոսիր մեր հույսի մասին։ Ապագային վերաբերող խոստումները, որ գրի են առնվել Աստծո ներշնչումով, քաջալերանքի մեծ աղբյուր են նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն։ Հավանաբար քո ունկնդիրների մեծամասնությունն արդեն բազմիցս լսել է այդ խոստումները։ Սակայն եթե խոսելիս արտահայտես քո գնահատանքը, ապա այդ խոստումներն ավելի իրական կդարձնես լսողների համար, նրանց մեջ վստահություն կներշնչես դրանց իրականացման հանդեպ, և նրանց սիրտը կտոգորվի երախտագիտության զգացումով։ Աստվածապետական ծառայության դպրոցում քո սովորածը կիրառելը կօգնի քեզ հաջողությունների հասնել այս հարցում։
Իր ժողովրդի համար Եհովան ինքն է քաջալերանքի և զորության մեծագույն Աղբյուրը։ Սակայն դու կարող ես նրա հետ համագործակցել այդ հարցում։ Լավագույնս օգտվիր ժողովի առջև ելույթ ունենալու հնարավորությունից՝ նման օրհնությունները մարդկանց փոխանցելու համար։