ԳԼՈՒԽ 19
Եհովային փառք բերող շինարարություն
1, 2. ա) Հնում ինչե՞ր են կառուցել Եհովայի ծառաները, և ի՞նչ զգացումով է դա նրանց լցրել։ բ) Ի՞նչն է Եհովան թանկ համարում։
ԵՀՈՎԱՅԻ հավատարիմ ծառաները դեռ վաղ ժամանակներից ուրախություն են ստանում՝ կառուցելով շինություններ, որոնք փառք են բերում Աստծու անվանը։ Օրինակ՝ հնում իսրայելացիները մեծ ոգևորությամբ մասնակցեցին խորանի կառուցմանը և շինարարության համար առատորեն նյութեր տրամադրեցին (Ելք 35։30–35; 36։1, 4–7)։
2 Սակայն շինանյութերը չեն, որ փառք են բերում Եհովա Աստծուն։ Նրա համար դրանք չեն ամենաթանկ բաները (Մատթ. 23։16, 17)։ Այն, ինչ իսկապես թանկ է և փառավորում է նրան ամենից առավել, իր ծառաների մատուցած երկրպագությունն է, նրանց հոժարակամ ոգին և նախանձախնդիր աշխատանքը (Ելք 35։21; Մարկ. 12։41–44; 1 Տիմոթ. 6։17–19)։ Այս փաստը գիտակցելը կարևոր է, քանի որ շինությունները այսօր կան, վաղը չկան։ Օրինակ՝ այսօր ո՛չ խորանը կա, ո՛չ էլ տաճարը։ Այդ շինությունները հեռավոր անցյալում են մնացել, բայց Եհովան չի մոռացել իր հավատարիմ ծառաների դրսևորած առատաձեռնությունը ու կատարած աշխատանքը, որով աջակցել են երկրպագության այդ վայրերի շինարարությանը (կարդա՛ 1 Կորնթացիներ 15։58; Եբրայեցիներ 6։10)։
3. Ի՞նչ կիմանանք այս գլխից։
3 Եհովայի ներկայիս ծառաները նույնպես ջանասիրությամբ երկրպագության վայրեր են կառուցում։ Այն ամենը, ինչ իրականացրել ենք Թագավոր Հիսուս Քրիստոսի առաջնորդության ներքո, իրոք որ տպավորիչ է։ Ակնհայտ է, որ Եհովան օրհնում է մեր ջանքերը (Սաղ. 127։1)։ Այս գլխում կծանոթանանք այդ աշխատանքներից մի քանիսին և կտեսնենք, թե ինչպես են դրանք փառք բերում Եհովային։ Կիմանանք նաև, թե ինչպես են ոմանք արտահայտվել շինարարական այդ նախագծերի մասին։
Թագավորության սրահների շինարարություն
4. ա) Ինչո՞ւ է մեծանում երկրպագության վայրերի կարիքը։ բ) Ինչո՞ւ են որոշ մասնաճյուղեր միավորվել (տես « Փոխվում են ժամանակները, փոխվում են կարիքները» շրջանակը)։
4 16-րդ գլխում խոսվեց այն մասին, որ Եհովան ուզում է, որ մենք հավաքվենք նրան երկրպագելու համար (Եբր. 10։25)։ Մեր հավաքույթները ոչ միայն ամրացնում են մեր հավատը, այլև ոգևորությամբ են լցնում մեզ քարոզչական գործի հանդեպ։ Որքան վերջին օրերը մոտենում են իրենց ավարտին, այնքան Եհովան արագացնում է այդ գործը։ Արդյունքում՝ տարեկան հարյուր հազարավոր մարդիկ միանում են Աստծու ժողովրդին (Ես. 60։22)։ Թագավորության հպատակների ավելանալուն զուգահեռ մեծանում է աստվածաշնչյան գրականության կարիքը, ուստիև հարկ է լինում կառուցել այնպիսի շինություններ, որտեղ հնարավոր կլինի հրատարակություններ պատրաստել ու տպագրել։ Մեծանում է նաև երկրպագության վայրերի կարիքը։
5. Ինչո՞ւ է «Թագավորության սրահը» համապատասխան անուն մեր հավաքույթների վայրի համար (տես նաև « Նոր լույս եկեղեցի» շրջանակը)։
5 Եհովայի ժողովրդի ժամանակակից պատմության վաղ տարիներին Աստվածաշունչ ուսումնասիրողները հասկացան, որ անհրաժեշտ է ունենալ հավաքույթներ անցկացնելու սեփական վայրեր։ Ակներևաբար, այդ նպատակով առաջին շինությունը կառուցվեց 1890թ.-ին ԱՄՆ-ի Արևմտյան Վիրջինիա նահանգում։ Մինչև 1930-ականները Եհովայի ժողովուրդն արդեն կառուցել և վերանորոգել էր մի շարք սրահներ, բայց հավաքույթի այդ վայրերը դեռևս անուն չունեին։ 1935-ին, երբ եղբայր Ռադերֆորդը այցելեց Հավայի, որտեղ նոր մասնաճյուղի հետ նաև սրահ էր կառուցվել, նրան հարցրին, թե ինչպես կոչել այդ շինությունը։ Եղբայր Ռադերֆորդը պատասխանեց. «Ի՞նչ կասեք, եթե այն կոչենք Թագավորության սրահ, քանի որ մենք հենց դա ենք անում՝ քարոզում ենք Թագավորության բարի լուրը» (Մատթ. 24։14)։ Այդ համապատասխան անունը շուտով տրվեց նաև Եհովայի վկաների մյուս բոլոր երկրպագության վայրերին, որտեղ նրանք անցկացնում են իրենց հավաքույթները։
6, 7. Ի՞նչ տպավորություն թողեցին արագ կառուցվող Թագավորության սրահները մարդկանց վրա։
6 1970-ականներին Թագավորության սրահների կարիքը կտրուկ ավելացավ։ ԱՄՆ-ում եղբայրները մի քանի օրում գեղեցիկ և հարմարավետ Սրահներ կառուցելու արդյունավետ մեթոդ մշակեցին։ Մինչև 1983 թվականը մոտ 200 այդպիսի Սրահներ կառուցվեցին ԱՄՆ-ում և Կանադայում։ Շինարարական աշխատանքներն իրականացնելու համար եղբայրները սկսեցին տարածաշրջանային շինարարական կոմիտեներ կազմել։ Այս մեթոդն այնքան արդյունավետ էր, որ 1986-ին Կառավարիչ մարմինը հաստատեց այդ կարգը, և 1987-ին ԱՄՆ-ում արդեն 60 տարածաշրջանային շինարարական կոմիտեներ կային։ a Իսկ մինչև 1992 թվականը տարածաշրջանային շինարարական կոմիտեներ կազմվեցին նաև այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Ավստրալիան, Արգենտինան, Գերմանիան, Իսպանիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ճապոնիան, Մեքսիկան և Ֆրանսիան։ Անշուշտ այս եղբայրները, ովքեր տքնաջան աշխատում են Թագավորության և համաժողովների սրահներ կառուցելու համար, արժանի են, որ աջակցենք իրենց, քանի որ նրանց կատարած գործը սուրբ ծառայության մաս է կազմում։
7 Արագ կառուցվող Թագավորության սրահները հրաշալի վկայություն եղան այդ տարածքներում բնակվող մարդկանց համար։ Օրինակ՝ իսպանական լրագրերից մեկում «Հավատը սարեր է շարժում» վերնագրով մի հոդված լույս տեսավ։ Խոսելով Մարտոս քաղաքում կառուցված Թագավորության սրահի մասին՝ թերթն ասում էր. «Ինչպե՞ս է հնարավոր, որ այս եսասեր աշխարհում [Իսպանիայի] տարբեր շրջաններից կամավորներ գան Մարտոս՝ կառուցելու այս շենքը, և այն էլ աննախադեպ արագությամբ, կատարելությամբ և կազմակերպվածությամբ»։ Հոդվածը պատասխանում էր այդ հարցին՝ մեջբերելով Վկա կամավորներից մեկի խոսքերը. «Դա հնարավոր է, քանի որ Եհովան է կրթում մեզ»։
Շինարարություն սահմանափակ միջոցներ ունեցող երկրներում
8. 1999-ին ի՞նչ նոր ծրագրի հավանություն տվեց Կառավարիչ մարմինը և ինչո՞ւ։
8 20-րդ դարի վերջին մեծ քանակությամբ մարդիկ միացան Եհովայի կազմակերպությանը այնպիսի երկրներում, որտեղ ապրող եղբայրները համեստ կարողությունների տեր էին։ Ժողովները Թագավորության սրահներ էին կառուցում իրենց ունեցած սահմանափակ միջոցներով։ Սակայն որոշ երկրներում նրանց ծաղրում էին ու նախապաշարմունքով վերաբերվում, քանի որ Թագավորության սրահները խղճուկ տեսք ունեին՝ համեմատած երկրպագության մյուս վայրերի հետ։ Ուստի 1999-ին Կառավարիչ մարմինը հավանություն տվեց սահմանափակ միջոցներ ունեցող երկրներում արագացված մեթոդով Թագավորության սրահներ կառուցելու ծրագրին։ Եղբայրները զարգացած երկրներում առկա միջոցներից տրամադրեցին այդ երկրներին՝ Սրահներ կառուցելու համար, որպեսզի մեկի «ավելցուկը լրացնի [մյուսի] պակասը» (կարդա՛ 2 Կորնթացիներ 8։13–15)։ Ուրիշ երկրներից եղբայրներ և քույրեր մեկնեցին՝ որպես կամավորներ օգնելու նրանց շինարարության ժամանակ։
9. Ո՞ր առաջադրանքն էր անհաղթահարելի թվում, սակայն ի՞նչ իրագործվեց։
9 Սկզբում առաջադրանքը անհաղթահարելի էր թվում։ 2001թ. մի հաշվետվության մեջ նշվում էր, որ ավելի քան 18300 Թագավորության սրահների կարիք կա 88 զարգացող երկրներում։ Սակայն Աստծու սուրբ ոգու և մեր Թագավոր Հիսուս Քրիստոսի օգնությամբ անհնարին բաները կարող են հնարավոր դառնալ (Մատթ. 19։26)։ 1999–2013թթ.-ին՝ ընդամենը 15 տարվա ընթացքում, Աստծու ժողովուրդը այս ծրագրով 26849 Թագավորության սրահ է կառուցել։ b Եհովան շարունակում է օրհնել քարոզչական գործը, ուստի 2013թ. տվյալներով դեռ 6500 Սրահի կարիք կա այդպիսի երկրներում, և այդ թիվը տարեկան հարյուրներով ավելանում է։
10–12. Ինչպե՞ս է Թագավորության սրահների շինարարությունը փառք բերում Եհովայի անվանը։
10 Ինչպե՞ս է նոր Թագավորության սրահների շինարարությունը փառք բերում Աստծու անվանը։ Զիմբաբվեի մասնաճյուղի հաշվետվության մեջ ասվում էր. «Նոր Թագավորության սրահի շինարարությունից հետո մեկ ամսվա ընթացքում հանդիպումներին հաճախողների թիվը սովորաբար կրկնապատկվում է»։ Շատ երկրներում, թվում է՝ մարդիկ սպասում են, որ երկրպագության հարմարավետ վայրեր կառուցենք, որ միանան մեզ։ Եվ հենց որ Թագավորության սրահը պատրաստ է, հաճախողների քանակն այնքան արագ է ավելանում, որ դարձյալ նոր Սրահի կարիք է առաջանում։ Սակայն պարզապես շինությունը չէ, որ գրավում է մարդկանց և ձգում դեպի Եհովան։ Այն քրիստոնեական անկեղծ սերը, որ դրսևորում են շինարարները, նույնպես մեծ տպավորություն է թողնում մարդկանց վրա։ Տեսնենք մի քանի օրինակ։
11 Ինդոնեզիա։ Երբ մի մարդ, որը հետևում էր Թագավորության սրահի շինարարությանը, իմացավ, որ բոլոր աշխատողները կամավորներ են, ասաց. «Զարմանալի մարդիկ եք։ Տեսնում եմ, թե ինչ եռանդով և ինչ ուրախությամբ եք կատարում ձեր աշխատանքը, չնայած որ դրա համար փող չեք ստանում։ Ինձ թվում է՝ ձեզ նման ուրիշ կրոնական կազմակերպություն չկա»։
12 Ուկրաինա։ Մի կին, ով ամեն օր անցնում էր նոր կառուցվող Թագավորության սրահի մոտով, հասկացավ, որ շինարարները Եհովայի վկաներ են և Թագավորության սրահ են կառուցում։ Նա ասաց. «Եհովայի վկաների մասին քրոջիցս եմ լսել։ Հիմա ինքն էլ Եհովայի վկա է։ Տեսնելով այստեղ աշխատող մարդկանց՝ ես էլ եմ ուզում լինել ձեր հոգևոր ընտանիքի անդամը։ Այստեղ մարդիկ իսկական սեր են դրսևորում»։ Այդ կինը ընդունեց Աստվածաշնչի ուսումնասիրության առաջարկը և 2010-ին մկրտվեց։
13, 14. ա) Ի՞նչ է ցույց տալիս այն ամուսնական զույգի արձագանքը, որն ուզում էր Թագավորության սրահ գալ։ բ) Ի՞նչ կարող ես անել, որ ձեր Թագավորության սրահը փառք բերի Եհովայի անվանը։
13 Արգենտինա։ Մի ամուսնական զույգ մոտեցավ Թագավորության սրահի շինարարության վերակացուին։ Ամուսինն ասաց. «Մենք ուշադիր հետևում ենք ձեր աշխատանքներին և.... ուզում ենք Աստծու մասին սովորել այստեղ՝ ձեզ մոտ»։ Հետո նա հարցրեց. «Ի՞նչ պետք է անենք, որ թույլ տաք գալ ձեր հավաքույթներին»։ Նրանք ընդունեցին Աստվածաշունչ ուսումնասիրելու առաջարկը, բայց մի պայմանով. որ ամբողջ ընտանիքով ուսումնասիրեն։ Եղբայրներն, ինչ խոսք, բոլորովին էլ դեմ չէին այդ պայմանին։
14 Գուցե հնարավորություն չես ունեցել մասնակցել այն Թագավորության սրահի շինարարությանը, որտեղ ձեր ժողովի հանդիպումներն են անցկացվում։ Սակայն շատ բան կա, որ կարող ես անել նպաստելու համար, որպեսզի այդ Սրահը փառք բերի Եհովային։ Օրինակ՝ կարող ես ժողովի հանդիպումներին հրավիրել տարբեր մարդկանց, այդ թվում նրանց, ում հետ Աստվածաշունչ ես ուսումնասիրում կամ ում այցելում ես։ Կարող ես նաև օգնել, որ երկրպագության վայրը լինի մաքուր և բարվոք վիճակում։ Ինչպես նաև քո աջակցությունը կարող ես ցույց տալ նախապես ծրագրելով ու նվիրաբերություններ անելով Թագավորության սրահին հոգ տանելու և այլ երկրներում երկրպագության այսպիսի վայրեր կառուցելու համար (կարդա՛ 1 Կորնթացիներ 16։2)։ Այս ամենով դու կփառավորես Եհովայի անունը։
Ժողովուրդ, որ «հոժար կամքով տրամադրում է իրեն»
15–17. ա) Ովքե՞ր են կատարում շինարարական աշխատանքների զգալի մասը։ բ) Ի՞նչ ենք հասկանում միջազգային շինարարական նախագծերի մասնակցած զույգերի խոսքերից։
15 Թագավորության ու համաժողովների սրահների, ինչպես նաև մասնաճյուղերի շինարարությանը հիմնականում մասնակցում են տեղի եղբայրներն ու քույրերը։ Հաճախ նրանց օգնում են այլ երկրներից եկած հավատակիցները, որոնք շինարարական հմտություններ ունեն։ Այս կամավորներից ոմանք իրենց գործերն այնպես են կազմակերպում, որ կարողանան առնվազն մի քանի շաբաթ մասնակցել այդ միջազգային նախագծին։ Ուրիշներն էլ երկար տարիներ է, ինչ այդ ծառայության մեջ են և մի երկրից մյուսն են տեղափոխվում։
16 Միջազգային շինարարական ծրագրերին մասնակցելն իր առանձնակի դժվարություններն ունի, սակայն օրհնություններն էլ շատ են։ Օրինակ՝ Թիմոն և Լինան մասնակցել են Թագավորության ու համաժողովների սրահների և մասնաճյուղերի շինարարությանը ասիական, եվրոպական և հարավամերիկյան տարբեր երկրներում։ Թիմոն ասում է. «Վերջին 30 տարվա ընթացքում միջին հաշվով գրեթե ամեն երկու տարին մեկ նոր նշանակման եմ մեկնել»։ Լինան, ով արդեն 25 տարի է՝ ամուսնացած է Թիմոյի հետ, ասում է. «Առիթ եմ ունեցել ամուսնուս հետ տասը երկրներում ծառայել։ Բավականին ժամանակ և ջանքեր են պահանջվում նոր ուտելիքին ու նոր կլիմային հարմարվելու, նոր լեզու սովորելու, նոր տարածքում քարոզելու և նոր ընկերներ ձեռք բերելու համար»։ c Օրհնվե՞լ են արդյոք նրանց ջանքերը։ «Փոփոխությունները,— ասում է Լինան,— մեծ օրհնությունների դուռ են բացել։ Վայելել ենք քրիստոնեական ջերմ սերն ու հյուրասիրությունը և զգացել ենք Եհովայի հոգատարությունը մեր նկատմամբ։ Նաև տեսել ենք Մարկոս 10։29, 30-ում գրված Հիսուսի խոստման կատարումը։ Մենք հարյուրապատիկ հոգևոր եղբայրներ, քույրեր ու մայրեր ենք ձեռք բերել»։ Թիմոն ասում է. «Մենք մեծ բավարարվածություն ենք զգում՝ օգտագործելով մեր հմտությունները վեհ նպատակի՝ Թագավորի ունեցվածքը ընդլայնելու համար»։
17 Դերընն ու Սառան, ովքեր ծառայել են Աֆրիկայում, Ասիայում, Կենտրոնական Ամերիկայում, Եվրոպայում, Հարավային Ամերիկայում և Խաղաղ օվկիանոսի հարավային շրջաններում, ասում են, որ իրենք ավելի շատ ստացել են, քան տվել։ Չնայած իրենց ունեցած դժվարություններին՝ Դերընն ասում է. «Մեծ պատիվ էր ծառայել աշխարհի տարբեր ծայրերից եկած եղբայրների հետ։ Այն սերը, որ տածում ենք Եհովայի հանդեպ, միավորում է բոլորիս»։ Սառան ասում է. «Տարբեր մշակույթի քույրերից ու եղբայրներից շատ բան եմ սովորել։ Տեսնելով, թե ինչ զոհողություններ են անում նրանք Եհովային ծառայելու համար՝ ես մղվում եմ շարունակ լավագույնս տալ Աստծուն»։
18. Ինչպե՞ս է իրականանում Սաղմոս 110։1–3 համարների մարգարեությունը։
18 Դավիթ թագավորը մարգարեացել էր, որ Աստծու ծառաները, նույնիսկ երբ դժվարությունների մեջ լինեն, «հոժար կամքով կտրամադրեն իրենց» Թագավորության շահերը առաջ տանելու համար (կարդա՛ Սաղմոս 110։1–3)։ Բոլոր նրանք, ովքեր իրենց ներդրումն ունեն Թագավորության գործում, մասնակցում են այս մարգարեական խոսքերի կատարմանը (1 Կորնթ. 3։9)։ Աշխարհով մեկ սփռված մասնաճյուղերի բազմաթիվ շենքերը, հարյուրավոր համաժողովների սրահները և տասնյակ հազարավոր Թագավորության սրահները ակնհայտ ապացույց են, որ Աստծու Թագավորությունն իրական է և այժմ իշխում է։ Ինչպիսի՜ պատիվ է ծառայել Թագավոր Հիսուս Քրիստոսին և անել մի գործ, որը փառավորում է Եհովա Աստծուն։
a 2013թ.-ին ավելի քան 230000 կամավորներ հավանություն են ստացել ծառայելու ԱՄՆ-ի 132 տարածաշրջանային շինարարական կոմիտեներում։ Այս կոմիտեները տարեկան կառուցել են մոտ 75 նոր Թագավորության սրահներ և վերանորոգել կամ վերաշինել են մոտ 900 Սրահ։
b Այս թվում ընդգրկված չեն այն բազմաթիվ Թագավորության սրահները, որոնք չեն կառուցվել այս ծրագրով։
c Միջազգային ծառայողներն ու կամավորները իրենց ժամանակի մեծ մասը անցկացնում են շինարարության վրա աշխատելով։ Սակայն նրանք նաև համագործակցում են տեղի ժողովների հետ՝ աշխատանքից հետո կամ շաբաթ-կիրակի օրերին մասնակցելով քարոզչական ծառայությանը։