Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 13

Թագավորության քարոզիչները դիմում են դատարան

Թագավորության քարոզիչները դիմում են դատարան

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ

Ինչպես որ Հիսուսը զգուշացրել էր, իր հետևորդները քարոզելու համար դատարանների առաջ են կանգնում

1, 2. ա) Կրոնական առաջնորդներին ի՞նչ հաջողվեց անել, բայց ինչպե՞ս վարվեցին առաքյալները։ բ) Ինչո՞ւ առաքյալները չենթարկվեցին քարոզչությունն արգելող օրենքին։

 Մ.Թ. 33թ. Պենտեկոստեից շատ քիչ ժամանակ էր անցել։ Երուսաղեմում գտնվող քրիստոնեական ժողովը ընդամենը մի քանի շաբաթական էր։ Սատանայի համար գործի անցնելու ամենահարմար ժամանակն էր. նա ուզում էր վերացնել ժողովը, քանի դեռ այն չէր մեծացել ու զորացել։ Նա իսկույն այնպես արեց, որ կրոնական առաջնորդները արգելք դնեն Թագավորության քարոզչության գործի վրա։ Սակայն առաքյալները խիզախորեն շարունակեցին քարոզել։ Արդյունքում՝ «Տիրոջը հավատացող» տղամարդկանց ու կանանց թիվը ավելանում էր (Գործ. 4։18, 33; 5։14

Առաքյալները ուրախացան, որ «արժանի եղան նրա անվան համար անարգանքի ենթարկվելու»

2 Հակառակորդները, դրանից կատաղած, կրկին հարձակում գործեցին։ Այս անգամ բոլոր առաքյալներին բանտարկեցին։ Սակայն գիշերը Եհովայի հրեշտակը բացեց բանտի դռները, և լուսաբացից առաքյալները դարձյալ սկսեցին քարոզել։ Նրանց նորից ձերբակալեցին և իշխանավորների առաջ կանգնեցրին, ովքեր մեղադրեցին առաքյալներին քարոզչությունն արգելող օրենքը խախտելու մեջ։ Իսկ առաքյալները համարձակությամբ ասացին. «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց»։ Իշխանավորները այնքան զայրացան, որ ուզում էին սպանել նրանց։ Բայց այդ վճռորոշ պահին խոսեց Օրենքի ուսուցիչ Գամաղիելը, որը բոլորի կողմից հարգված էր։ Նա ասաց. «Զգո՛ւյշ եղեք.... ձեռք մի՛ տվեք այս մարդկանց և հանգի՛ստ թողեք նրանց»։ Զարմանալի է, բայց նրա խորհուրդը լսեցին և առաքյալներին բաց թողեցին։ Իսկ ի՞նչ արեցին Հիսուսի այս հավատարիմ հետևորդները։ Գնացին և անվախորեն «առանց դադարի շարունակում էին սովորեցնել ու Քրիստոսի՝ Հիսուսի մասին բարի լուրը հռչակել» (Գործ. 5։17–21, 27–42; Առակ. 21։1, 30

3, 4. ա) Սատանան Աստծու ժողովրդին լռեցնելու ի՞նչ կերպ է օգտագործում հնուց ի վեր։ բ) Ի՞նչ ենք ուսումնասիրելու այս և հաջորդ երկու գլուխներում։

3 Մ.թ. 33-ի այս դատավարությունը իշխանությունների կողմից առաջին հակառակությունն էր քրիստոնեական ժողովի դեմ, բայց բոլորովին էլ վերջինը չէր (Գործ. 4։5–8; 16։20; 17։6, 7)։ Մեր ժամանակներում Սատանան շարունակում է ճշմարիտ երկրպագության հակառակորդների միջոցով այնպես անել, որ իշխանության կողմից արգելվի քարոզելը։ Հակառակորդները Աստծու ժողովրդի դեմ մի շարք մեղադրանքներ են ներկայացրել։ Մեզ մեղադրել են որպես հասարակական կարգը խախտողներ, խռովություն հրահրողներ և ապօրինի առևտրականներ։ Ճիշտ ժամանակին մեր եղբայրները դիմել են դատարան՝ ապացուցելու, որ այդ մեղադրանքները կեղծ են։ Ի՞նչ է եղել արդյունքը։ Ինչպե՞ս են տասնամյակներ առաջ կայացված դատական վճիռները անդրադառնում անձամբ քեզ վրա այսօր։ Քննենք մի քանի գործեր՝ տեսնելու համար, թե ինչպես են դրանք օգնել «բարի լուրը պաշտպանելու և օրինականապես հաստատելու» հարցում (Փիլիպ. 1։7

4 Այս գլխում մենք կկենտրոնանանք այն բանի վրա, թե ինչպես ենք պաշտպանել ազատ քարոզելու մեր իրավունքը։ Հաջորդ երկու գլուխներում կխոսենք որոշ իրավական պայքարների մասին, որ մղել ենք աշխարհի մասը չլինելու և Թագավորության չափանիշներին համապատասխան ապրելու համար։

Հասարակական կարգը խախտողնե՞ր, թե՞ Աստծու Թագավորության ջատագովներ

5. 1930-ականների վերջերին ինչո՞ւ Թագավորության քարոզիչները ձերբակալվեցին, և առաջնորդություն վերցնող եղբայրները ի՞նչ որոշեցին անել։

5 1930-ականների վերջերին ԱՄՆ-ի տարբեր նահանգներում և քաղաքներում սկսեցին պարտադրել Եհովայի վկաներին, որ իրենց ծառայությունը կատարելու համար արտոնագրեր ձեռք բերեն։ Սակայն մեր եղբայրները չդիմեցին արտոնագրեր ստանալու համար, քանի որ դրանք կարող էին ցանկացած պահի չեղյալ համարվել։ Նրանք այն կարծիքին էին, որ ոչ մի իշխանություն իրավունք չունի խանգարել քրիստոնյաներին կատարելու Հիսուսի պատվերը՝ քարոզել Թագավորության լուրը (Մարկ. 13։10)։ Արտոնագրեր չվերցնելու պատճառով հարյուրավոր քարոզիչներ ձերբակալվեցին։ Կազմակերպության մեջ առաջնորդություն վերցնող եղբայրները որոշեցին գործը հանձնել դատարան, որպեսզի ակնհայտ դարձնեն, որ կառավարությունը անօրինական կերպով արգելքներ է դնում ազատորեն իրենց դավանանքն արտահայտելու իրավունքի վրա։ 1938թ.-ին մի դեպք տեղի ունեցավ, որի պատճառով հարուցված դատական գործը նախադեպային դարձավ։

6, 7. Ի՞նչ դեպք տեղի ունեցավ Կանտուելների ընտանիքի հետ։

6 Կանտուելների ընտանիքը ծառայում էր որպես հատուկ ռահվիրա։ 1938-ի ապրիլի 26-ին՝ երեքշաբթի առավոտյան, 60 տարեկան Նյուտոն Կանտուելը, նրա կին Էսթերը ու նրանց որդիներ Հենրին, Ռասելը և Ջեսին, որոշեցին ամբողջ օրը քարոզել Նյու Հեյվըն քաղաքում (Քոնեկտիկուտ)։ Նրանք տրամադրվել էին, որ այդ օրը գուցե տուն չվերադառնան։ Ինչո՞ւ։ Նրանք արդեն մի քանի անգամ ձերբակալվել էին, ուստի հասկանում էին, որ հնարավոր է՝ նորից ձերբակալվեն։ Սակայն դա ընտանիքին հետ չպահեց Թագավորության լուրը քարոզելուց։ Կանտուելները Նյու Հեյվըն եկան երկու մեքենաներով։ Նյուտոնը վարում էր իրենց մեքենան, մեջը՝ աստվածաշնչյան գրականություն և ճամպրուկաձև ֆոնոգրաֆ, իսկ 22-ամյա Հենրին վարում էր ձայնափողով մեքենան։ Ինչպես որ ակնկալվում էր, մի քանի ժամ անց ոստիկանությունը նրանց կանգնեցրեց։

7 Սկզբում ձերբակալվեց 18-ամյա Ռասելը, հետո Նյուտոնն ու Էսթերը։ 16-ամյա Ջեսին հեռվից տեսավ, թե ինչպես են ոստիկանները տանում ծնողներին ու եղբորը։ Հենրին քաղաքի մյուս հատվածում էր քարոզում, ուստի Ջեսին մենակ մնաց, բայց վերցրեց ֆոնոգրաֆը և շարունակեց ծառայել։ Երկու կաթոլիկ տղամարդ համաձայնեցին լսել եղբայր Ռադերֆորդի «Թշնամիներ» վերնագրով ելույթը։ Բայց լսելու ընթացում նրանք սաստիկ զայրացան և նույնիսկ ուզում էին հարվածել Ջեսիին։ Տղան հանգիստ թողեց-հեռացավ։ Բայց շատ չանցած՝ մի ոստիկան կանգնեցրեց նրան. Ջեսիին էլ ձերբակալեցին։ Ոստիկանությունը, բացի քույր Կանտուելից, բոլորի դեմ մեղադրանք ներկայացրեց։ Սակայն գրավի դիմաց նույն օրը նրանց ազատ արձակեցին։

8. Ինչի՞ հիման վրա դատարանը Ջեսի Կանտուելին մեղավոր ճանաչեց որպես հասարակական կարգը խախտող։

8 Մի քանի ամիս անց՝ 1938-ի սեպտեմբերին, Կանտուելների ընտանիքը ներկայացավ Նյու Հեյվընի առաջին ատյանի դատարան։ Նյուտոնը, Ռասելը և Ջեսին մեղադրվեցին առանց արտոնագրի նվիրաբերություն հավաքելու մեջ։ Չնայած Քոնեկտիկուտի Գերագույն դատարանին ուղղված դիմումներին՝ Ջեսիին մեղավոր ճանաչեցին հասարակական կարգը խախտելու համար։ Ինչի՞ հիման վրա։ Կաթոլիկ երկու տղամարդիկ, ովքեր լսել էին ձայնագրությունը, վկայություն տվեցին դատարանում, թե դասախոսությունը վիրավորել է իրենց կրոնական զգացմունքները և զայրացրել։ Կազմակերպության պատասխանատու եղբայրները վճիռը բողոքարկեցին ԱՄՆ-ի Գերագույն դատարան։

9, 10. ա) Ի՞նչ վճիռ կայացրեց ԱՄՆ-ի Գերագույն դատարանը Կանտուելների ընտանիքի գործով։ բ) Մենք ի՞նչ օգուտ ենք քաղում այդ վճռից։

9 1940-ի մարտի 29-ից սկսած՝ գլխավոր դատավոր Չարլզ Հյուզը և ութ այլ դատավորներ լսեցին եղբայր Հեյդեն Կուպեր Քովինգտոնի՝ Եհովայի վկաների դատապաշտպանի ներկայացրած փաստարկները։ a Երբ Քոնեկտիկուտ նահանգի դատախազը ներկայացրեց իր փաստարկները՝ ջանալով ապացուցել, որ Վկաները հասարակական կարգը խախտողներ են, դատավորներից մեկը հարցրեց. «Ճի՞շտ է, որ այն, ինչ Հիսուս Քրիստոսը քարոզում էր, իր ժամանակներում հասարակության կողմից ընդունելի չէր»։ Դատախազը պատասխանեց. «Այո՛, և եթե ճիշտ եմ հիշում, իմ Աստվածաշնչում ասվում է նաև, թե ինչ արեցին Հիսուսին դրա համար»։ Ինչպիսի՜ ցնցող հայտարարություն։ Դատախազը առանց գիտակցելու Վկաներին համեմատեց Հիսուսի հետ, իսկ իրենց՝ Հիսուսին դատապարտողների։ 1940-ի մայիսի 20-ին դատարանը միաձայն վճիռ կայացրեց հօգուտ Վկաների։

Հեյդեն Քովինգտոնը (առջևում, կենտրոն), Գլեն Հաուն (ձախ կողմում) և մյուսները դուրս են գալիս դատարանի շենքից իրավական հաղթանակից հետո

10 Ինչո՞ւ էր այս վճիռը նշանակալից։ Դրանով պաշտպանվում էր կրոնի ազատությունը, այնպես որ ոչ մի ֆեդերալ, նահանգային կամ տեղական իշխանություն չէր կարող օրենքով սահմանափակել մեր ազատությունը։ Բացի այդ, դատարանը հայտարարեց, որ Ջեսիի վարքում «հասարակական կարգը և մարդկանց անդորրը խախտելու ոչ մի սպառնալիք չի եղել»։ Հետևաբար, վճիռը հստակ հաստատում էր, որ Եհովայի վկաները հասարակական կարգը խախտողներ չեն։ Իսկապես որ սա իրավական մեծ հաղթանակ էր Աստծու ծառաների համար։ Ի՞նչ օգուտ ենք քաղում մենք դրանից։ Մի Վկա փաստաբան ասում է. «Կրոնը ազատորեն դավանելու իրավունքը այսօր մեզ՝ Վկաներիս, հնարավորություն է տալիս քարոզել բարի լուրը՝ առանց վախենալու, որ մեզ վրա ապօրինի սահմանափակումներ կդրվեն»։

Խռովություն հրահրողնե՞ր, թե՞ ճշմարտություն քարոզողներ

«Քվեբեկի բուռն ատելությունն Աստծու, Քրիստոսի և ազատության հանդեպ խայտառակություն է ամբողջ Կանադայի համար» թերթիկը

11. Ի՞նչ քարոզարշավ կազմակերպեցին մեր եղբայրները Կանադայում և ինչո՞ւ։

11 1940-ականների ընթացքում Կանադայի Եհովայի վկաները դաժան հալածանքների ենթարկվեցին։ Դավանանքի ազատության իրավունքի հանդեպ կառավարության բացահայտ արհամարհանքի մասին ազդարարելու համար 1946-ին մեր եղբայրները 16-օրյա քարոզարշավ կազմակերպեցին։ Այդ ընթացքում նրանք տարածեցին մի թերթիկ, որի վերնագիրն էր «Քվեբեկի բուռն ատելությունն Աստծու, Քրիստոսի և ազատության հանդեպ խայտառակություն է ամբողջ Կանադայի համար»։ Այս չորս էջանոց թերթիկը մանրամասնորեն ներկայացնում էր մեր եղբայրների հանդեպ հոգևորականների հրահրած հալածանքը, ոստիկանության դաժանությունները և ամբոխների գործադրած բռնությունները։ «Եհովայի վկաներին շարունակում են ապօրինաբար ձերբակալել,— ասվում էր թերթիկում։— Ամբողջ Մոնրեալում մոտ 800 դատական գործ է հարուցված Վկաների դեմ»։

12. ա) Հակառակորդներն ինչպե՞ս արձագանքեցին քարոզարշավին։ բ) Ինչի՞ մեջ էին մեղադրվում մեր եղբայրները (տես նաև ծանոթագրությունը)։

12 Քվեբեկի գլխավոր նախարար Մորիս Դուպլեսին, որը սերտորեն համագործակցում էր կաթոլիկ կարդինալ Վիլինյովի հետ, ի պատասխան քարոզարշավին՝ «անողորմ պատերազմ» հայտարարեց Վկաների դեմ։ Հարուցված գործերի թիվը անմիջապես կրկնապատկվեց՝ 800-ից հասնելով 1600-ի։ Մի ռահվիրա քույր հիշում էր. «Ոստիկանությունը այնքան հաճախ էր մեզ ձերբակալում, որ հաշիվը կորցրել էինք»։ Վկաներից ում բռնում էին թերթիկը տարածելիս, մեղադրում էին խռովություն հրահրելու մեջ։ b

13. Ովքե՞ր առաջին անգամ մեղադրվեցին խռովություն հրահրելու մեջ, և ի՞նչ վճիռ կայացրեց դատարանը։

13 1947-ին եղբայր Էմե Բուշեն ու նրա աղջիկները՝ 18 տարեկան Ժիզելը և 11 տարեկան Լյուսիլը, առաջինն էին, որ դատարանի առաջ կանգնեցին խռովություն հրահրելու մեղադրանքով։ Նրանք «Քվեբեկի բուռն ատելությունը» թերթիկը տարածում էին իրենց ֆերմայի մոտակայքում, որը գտնվում էր Քվեբեկ քաղաքի հարավային լեռներում։ Դժվար էր պատկերացնել նրանց որպես օրինազանցների և խռովություն հրահրողների։ Եղբայր Բուշեն հեզ ու խոնարհ մարդ էր, ով, գլուխը կախ, իր փոքր ֆերմայի գործերով էր զբաղվում ու երբեմն իր ձիու սայլով գնում էր քաղաք։ Բայց նրա ընտանիքը ենթարկվել էր թերթիկում նկարագրված բռնություններին։ Դատավորը, ով ատում էր Վկաներին, մերժեց այն հստակ ապացույցը, որը թիկունք էր կանգնում Բուշեի անմեղությանը, և փոխարենը՝ ընդունեց դատախազի մեղադրանքը, որ թերթիկը ատելություն է սերմանում։ Ուստի Բուշեն պետք է մեղավոր ճանաչվեր։ Դատավորի տեսակետը, կարելի է ասել, հետևյալն էր. ճշմարտությունն ասելը հանցագործություն է։ Էմեն և Ժիզելը դատապարտվեցին որպես խռովարարներ, նույնիսկ փոքրիկ Լյուսիլը երկու օր անցկացրեց ճաղերի հետևում։ Եղբայրները բողոքարկեցին բարձրագույն ատյան՝ Կանադայի Գերագույն դատարան։ Բողոքն ընդունվեց։

14. Ի՞նչ էին անում Քվեբեկի եղբայրները հալածանքի տարիներին։

14 Այդ ընթացքում, չնայած կատաղի ու դաժան հարձակումներին, Քվեբեկի մեր եղբայրներն ու քույրերը համարձակորեն շարունակում էին Թագավորության բարի լուրը քարոզել։ 1946-ին կազմակերպված քարոզարշավից հետո՝ չորս տարիների ընթացքում, Քվեբեկում Վկաների թիվը 300-ից հասավ 1000-ի։ c

15, 16. ա) Ի՞նչ վճիռ կայացրեց Կանադայի Գերագույն դատարանը։ բ) Ի՞նչ ազդեցություն ունեցավ այդ վճիռը մեր եղբայրների և ընդհանրապես հասարակության վրա։

15 1950-ի հունիսին Կանադայի Գերագույն դատարանի ողջ կազմը՝ ինը դատավորները, լսեցին Էմե Բուշեի գործը։ 6 ամիս անց՝ դեկտեմբերի 18-ին, դատարանը հրապարակեց վճիռը հօգուտ մեզ։ Ինչո՞ւ։ Եղբայր Գլեն Հաուն՝ Վկաների փաստաբանը, բացատրեց, որ Դատարանը ընդունեց պաշտպանի բերած փաստարկը, ըստ որի՝ խռովություն հրահրել նշանակում է դրդել կառավարության դեմ ապստամբության կամ ըմբոստության։ Սակայն թերթիկը «նման բանի չի հրահրում, ուստի խոսքի ազատ արտահայտման օրինական միջոց է»։ Եղբայր Հաուն ավելացրեց. «Ես իմ աչքով տեսա, թե ինչպես Եհովան մեզ հաղթանակ շնորհեց»։ d

16 Գերագույն դատարանի վճիռը իսկապես որ ցնցող հաղթանակ էր։ Այս վճռի հիման վրա կարճվեցին Վկաների դեմ խռովարարության մեղադրանքով հարուցված 122 գործերը։ Այդ վճիռը նաև նշանակում էր, որ Կանադայի և Բրիտանական համագործակցության երկրների քաղաքացիները իրավունք ունեն ազատորեն արտահայտելու կառավարության գործելակերպի վերաբերյալ իրենց մտահոգությունները։ Բացի դրանից, այս հաղթանակը «զինաթափեց» Քվեբեկի եկեղեցուն, որը փորձում էր կառավարության միջոցով զրկել Եհովայի վկաներին ազատությունից։ e

Ապօրինի առևտրականնե՞ր, թե՞ Աստծու Թագավորության նախանձախնդիր հռչակողներ

17. Ինչպե՞ս են որոշ երկրների կառավարություններ փորձում վերահսկել մեր քարոզչական գործունեությունը։

17 Ինչպես առաջին դարի քրիստոնյաները, այնպես էլ այսօր Եհովայի վկաները «Աստծու խոսքի առևտուր անողներ չեն» (կարդա՛  2 Կորնթացիներ 2։17)։ Սակայն որոշ երկրներում կառավարությունը փորձում է վերահսկել մեր գործունեությունը այնպիսի օրենքների միջոցով, որոնք կանոնակարգում են առևտուրը։ Նկատի առնենք երկու դատական գործեր, որոնց վճիռներով հստակեցվեց՝ արդյոք Եհովայի վկաները առևտրականներ են, թե ոչ։

18, 19. Դանիայի իշխանություններն ինչպե՞ս փորձեցին սահմանափակել քարոզչական գործը։

18 Դանիա։ 1932թ. հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտավ մի օրենք, ըստ որի՝ անօրինական էր համարվում առանց առևտրականի արտոնագիր ունենալու տպագիր ցանկացած նյութ վաճառելը։ Մեր եղբայրները չդիմեցին որևէ արտոնագիր ստանալու համար։ Հաջորդ օրը հինգ քարոզիչներ ծառայում էին մայրաքաղաք Կոպենհագենից 30 կիլոմետր արևմուտք գտնվող Ռոսկիլե քաղաքում։ Օրվա վերջում, երբ արդեն պետք է վերադառնային, նրանցից մեկը՝ Օգյուստ Լեյմանը, ուշանում էր։ Նրան ձերբակալել էին։ Եղբորը մեղադրում էին առանց արտոնագրի ապրանքներ վաճառելու մեջ։

19 Դեկտեմբերի 19-ին նա կանգնեց դատարանի առաջ։ Նա ընդունեց, որ մարդկանց այցելել ու աստվածաշնչյան գրականություն է առաջարկել, բայց մերժեց, որ առևտրով է զբաղվել։ Գործը քննող դատարանը համաձայնեց նրա հետ՝ նշելով. «Ամբաստանյալը.... ի վիճակի է ինքն իրեն ֆինանսապես ապահովելու և իր գործունեության արդյունքում ոչ մի տնտեսական շահույթ չի ստացել, ոչ էլ նման նպատակ է ունեցել, ընդհակառակը՝ նա որոշ ֆինանսական կորուստներ է կրել»։ Վկաների կողմը դիրք բռնելով՝ դատարանը վճռեց, որ Լեյմանի գործողությունները չեն կարող «որակվել որպես առևտուր»։ Աստծու ժողովրդի թշնամիները, սակայն, վճռական էին կանխել քարոզչական գործի առաջընթացը ամբողջ երկրում (Սաղ. 94։20)։ Դատախազը գործը հասցրեց մինչև Գերագույն դատարան։ Ինչպե՞ս վարվեցին մեր եղբայրները։

20. Ի՞նչ վճիռ կայացրեց Դանիայի Գերագույն դատարանը, և ինչպե՞ս եղբայրները արտահայտեցին Եհովայի հանդեպ իրենց երախտագիտությունը։

20 Գերագույն դատարանում գործի քննությանը նախորդող շաբաթվա ընթացքում ողջ Դանիայում Եհովայի վկաները ավելի մեծ ակտիվությամբ մասնակցեցին քարոզչությանը։ 1933-ի հոկտեմբերի 3-ին Գերագույն դատարանը հրապարակեց վճիռը։ Նա անփոփոխ թողեց ստորին ատյանի որոշումը, համաձայն որի՝ Օգյուստ Լեյմանը օրենքը չէր խախտել։ Այս վճիռը նշանակում էր, որ Վկաները կարող են ազատորեն շարունակել իրենց գործը։ Եհովայի շնորհած այս իրավական հաղթանակի համար որպես երախտագիտություն՝ եղբայրներն ու քույրերը է՛լ ավելի մեծ եռանդով սկսեցին քարոզել։ Այդ դեպքից հետո այլևս երբեք մեր եղբայրները Դանիայում կառավարության կողմից խոչընդոտի չեն հանդիպել։

Քաջարի Վկաները Դանիայում 1930-ականներին

21, 22. Եղբայր Մարդոկի գործի կապակցությամբ ի՞նչ վճիռ կայացրեց ԱՄՆ-ի Գերագույն դատարանը։

21 Միացյալ Նահանգներ։ 1940թ. փետրվարի 25-ին ռահվիրա Ռոբերտ Մարդոկ Կրտսերը և յոթ ուրիշ Վկաներ ձերբակալվեցին, երբ քարոզում էին Պիտսբուրգի մոտ գտնվող Ջանետ քաղաքում (Փենսիլվանիա)։ Նրանց դատապարտեցին առանց արտոնագրի գրականություն առաջարկելու համար։ Երբ մեր եղբայրները բողոքարկեցին, ԱՄՆ-ի Գերագույն դատարանը ընդունեց գործը։

22 1943-ի մայիսի 3-ին Գերագույն դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Եհովայի վկաների։ Դատարանը առարկեց արտոնագիր ձեռք բերելու պահանջին, քանի որ դա նշանակում էր «վճարել սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից օգտվելու համար», և անվավեր ճանաչեց որոշումը, որը «սահմանափակում էր մամուլի և դավանանքի ազատությունը»։ Դատավորների մեծ մասի կարծիքը արտահայտելով՝ դատավոր Ուիլյամ Դուգլասը նշեց, որ Եհովայի վկաների գործունեությունը «միայն քարոզելը կամ միայն կրոնական գրականություն տարածելը չէ։ Այն ներառում է երկուսն էլ»։ Նա ավելացրեց. «Կրոնական գործունեության այս կերպը իրավական տեսանկյունից պետք է նույն հարթության վրա դիտել.... ինչ որ եկեղեցիներում իրականացվող պաշտամունքը և ամբիոններից քարոզելը»։

23. 1943թ. իրավական հաղթանակները ի՞նչ նշանակություն ունեն այսօր մեզ համար։

23 Գերագույն դատարանի այս վճիռը մեծ հաղթանակ էր Աստծու ժողովրդի համար։ Այն հաստատեց, որ մենք իրականում քրիստոնյա ծառայողներ ենք, ոչ թե առևտրականներ։ Այդ նույն հիշարժան օրը Գերագույն դատարանում Եհովայի վկաները հաղթեցին իրենց առնչվող 13 գործերից 12-ը, որոնց թվում էր Մարդոկի գործը։ Այդ վճիռները ծառայեցին որպես նախադեպ վերջերս հարուցված դատական գործերի համար, երբ մեր հակառակորդները կրկին փորձում էին հարցականի տակ դնել Թագավորության լուրը հրապարակորեն կամ տնից տուն քարոզելու մեր իրավունքը։

«Առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց»

24. Ինչպե՞ս ենք վարվում, երբ որևէ կառավարություն արգելք է դնում քարոզչական գործի վրա։

24 Որպես Եհովայի ծառաներ՝ մենք մեծապես գնահատում ենք, երբ կառավարությունը մեզ իրավական հիմք է տալիս ազատորեն քարոզելու Թագավորության լուրը։ Սակայն երբ որևէ կառավարություն արգելք է դնում քարոզչական գործի վրա, մենք պարզապես փոխում ենք մեր մեթոդները՝ շարունակելով կատարել մեր գործը ցանկացած հնարավոր եղանակով։ Առաքյալների պես՝ մենք էլ գիտակցում ենք, որ «առաջին հերթին պետք է Աստծուն հնազանդվենք և ոչ թե մարդկանց» (Գործ. 5։29; Մատթ. 28։19, 20)։ Սակայն միևնույն ժամանակ մենք դիմում ենք դատական ատյաններին նման արգելքները հանելու համար։ Տեսնենք երկու օրինակ։

25, 26. Ի՞նչը պատճառ եղավ, որ եղբայրները դիմեն Նիկարագուայի Գերագույն դատարան, և ի՞նչ վճիռ կայացվեց։

25 Նիկարագուա։ 1952-ի նոյեմբերի 19-ին միսիոներ և մասնաճյուղի ծառայող Դոնովան Մանսթերմանը մտավ մայրաքաղաք Մանագուայում գտնվող միգրացիայի վարչություն։ Նրան ասացին, որ վարչության պետը՝ կապիտան Արնոլդո Գարսիան, ուզում է տեսնել իրեն։ Կապիտանն ասաց, որ Նիկարագուայում Եհովայի վկաներին «այսուհետ արգելված է քարոզել իրենց ուսմունքները և կրոնական գործունեությամբ զբաղվել»։ Երբ եղբայրը հարցրեց, թե որն է պատճառը, նրան պատասխանեցին, որ Վկաները կառավարության կողմից թույլտվություն չունեն իրենց գործունեությունն իրականացնելու, և որ նրանք մեղադրվում են կոմունիստ լինելու մեջ։ Իսկ ո՞վ էր մեղադրում մեզ։ Կաթոլիկ եկեղեցին։

Եղբայրները Նիկարագուայում արգելքի տարիներին

26 Եղբայր Մանսթերմանն իսկույն դիմեց կառավարությանը և կրոնի նախարարություն, ինչպես նաև նախագահ Անաստասիո Սոմոսա Գարսիային, բայց դա ոչ մի արդյունք չտվեց։ Ուստի եղբայրները փոխեցին գործելու իրենց մեթոդները։ Փակեցին Թագավորության սրահները և հավաքույթները սկսեցին անցկացնել փոքր խմբերով։ Փողոցում բացահայտորեն այլևս վկայություն չէին տալիս, սակայն շարունակում էին Թագավորության լուրը քարոզել։ Միևնույն ժամանակ խնդրագիր կազմեցին և դիմեցին Նիկարագուայի Գերագույն դատարան, որպեսզի հանվի արգելքը։ Թերթերում տպագրվեց թե՛ արգելքը, թե՛ Վկաների խնդրագիրը, և Գերագույն դատարանը համաձայնեց քննել գործը։ Ի՞նչ եղավ արդյունքը։ 1953-ի հունիսի 19-ին Գերագույն դատարանը հրապարակեց Եհովայի վկաների օգտին միաձայն կայացված վճիռը։ Դատարանը գտավ, որ արգելքը խախտում է դավանանքի, խղճի և խոսքի ազատության իրավունքը, որ երաշխավորվում է սահմանադրությամբ։ Դատարանը նաև պարտավորեցրեց, որ Նիկարագուայի իշխանության և Վկաների միջև փոխհարաբերությունները բերվեն նախկին վիճակի։

27. Ինչո՞ւ էր Գերագույն դատարանի վճիռը արտասովոր Նիկարագուայի քաղաքացիների համար, և ինչո՞ւմ էին վստահ մեր եղբայրները։

27 Նիկարագուայի քաղաքացիները ապշել էին, որ Գերագույն դատարանը Եհովայի վկաների օգտին վճիռ կայացրեց։ Մինչ այդ հոգևորականության ազդեցությունը բավական մեծ էր, և դատարանը խուսափում էր նրանց հետ խնդիրներ ունենալուց։ Մեծ էր նաև պաշտոնատար անձանց ազդեցությունը, և դատարանը հազվադեպ էր նրանց կամքին հակառակ վճիռ կայացնում։ Մեր եղբայրները վստահ էին, որ հաղթանակ տարան շնորհիվ այն բանի, որ իրենց Թագավորը պաշտպանել է իր հպատակներին, և իրենք էլ չեն դադարել քարոզել (Գործ. 1։8

28, 29. 1980-ականների կեսերին ի՞նչ փոփոխություն եղավ Զաիրում։

28 Զաիր։ 1980-ականների կեսերին Զաիրում (այժմ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) 35000 Վկա կար։ Քանի որ Թագավորության գործը մեծ թափով առաջ էր գնում, մասնաճյուղի նոր շենքեր կառուցելու կարիք առաջացավ։ 1985թ. դեկտեմբերին մայրաքաղաք Կինշասայում միջազգային համաժողով անցկացվեց, որին ներկա եղան 32000 պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից։ Սակայն Եհովայի ծառաների իրավիճակը սկսեց փոխվել։ Ի՞նչ պատահեց։

29 Եղբայր Մարսել Ֆիլտոն՝ Քվեբեկից եկած մի միսիոներ, որը Կանադայում ենթարկվել էր Դուպլեսիի ռեժիմի հալածանքներին, այդ ժամանակ ծառայում էր Զաիրում։ Նա պատմում է. «1986-ի մարտի 12-ին պատասխանատու եղբայրները նամակ ստացան, որտեղ ասվում էր, որ Զաիրում Եհովայի վկաների գործունեությունն անօրինական է»։ Նամակը ստորագրված էր երկրի նախագահ Մոբուտու Սեսե Սեկոյի կողմից։

30. Մասնաճյուղի կոմիտեն ի՞նչ լուրջ որոշման առաջ կանգնեց և ինչպե՞ս վարվեց։

30 Հաջորդ օրը ազգային ռադիոյով հայտարարվեց. «Մենք այլևս [Զաիրում] չենք լսի Եհովայի վկաների մասին»։ Անմիջապես հալածանքի ալիք բարձրացավ։ Սկսեցին ավերել Թագավորության սրահները, մեր եղբայրներին թալանել, ծեծի ենթարկել և բանտարկել։ Նույնիսկ Վկա երեխաներին էին փակում ճաղերի հետևում։ 1988-ի հոկտեմբերի 12-ին կառավարությունը առգրավեց կազմակերպության գույքը, և մասնաճյուղի տարածքը լցվեց ոստիկաններով։ Պատասխանատու եղբայրները նամակ ուղարկեցին երկրի նախագահին, բայց պատասխան չստացան։ Մասնաճյուղի կոմիտեն կանգնեց ծանրակշիռ որոշման առաջ. դիմե՞լ Գերագույն դատարան, թե՞ ոչ։ Թիմըթի Հոլմսը, ով Զաիրում միսիոներ էր և այդ ժամանակ մասնաճյուղի կոմիտեի կոորդինատորը, հիշում է. «Մենք Եհովայից իմաստություն և առաջնորդություն էինք խնդրում»։ Աղոթքով խորհրդածելուց հետո կոմիտեի անդամները հասկացան, որ դատարան դիմելու հարմար պահ չէ, և իրենց ուշադրությունը ավելի կենտրոնացրին այն բանի վրա, թե ինչպես եղբայրության մասին հոգ տանեն և նոր մեթոդներ գտնեն քարոզչական գործը շարունակելու համար։

«Այդ դատի ընթացքում մենք տեսնում էինք, թե ինչպես է Եհովան ամեն ինչ փոխում»

31, 32. Զաիրի Գերագույն դատարանը ի՞նչ որոշում կայացրեց, և ի՞նչ ազդեցություն դա թողեց մեր եղբայրների վրա։

31 Մի քանի տարի անց Վկաների դեմ ուղղված ճնշումը թուլացավ, և երկրում մարդու իրավունքները սկսեցին ավելի շատ հարգվել։ Մասնաճյուղի կոմիտեն հասկացավ, որ ժամանակն է գործելու, և դիմեց Զաիրի Արդարադատության գերագույն դատարան։ Դատարանը համաձայնեց քննել գործը։ 1993-ի հունվարի 8-ին՝ արգելքը դրվելուց գրեթե յոթ տարի անց, դատարանը վճռեց, որ Եհովայի վկաների դեմ ուղղված կառավարության գործողությունները անօրինական են եղել, և արգելքը հանվեց։ Դա չլսված բան էր, քանի որ նախագահի ստորագրած արգելքի հրամանը չեղյալ համարելով՝ դատավորներն իրենց կյանքը վտանգի տակ էին դնում։ Եղբայր Հոլմսը ասում է. «Այդ դատի ընթացքում մենք տեսնում էինք, թե ինչպես է Եհովան ամեն ինչ փոխում» (Դան. 2։21)։ Այս հաղթանակը զորացրեց մեր եղբայրների հավատը։ Նրանք հասկացան, որ Թագավորը՝ Հիսուսը, առաջնորդում է եղբայրներին, որպեսզի ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով գործեն։

Վկաները ուրախ են, որ կարող են ազատորեն ծառայել Եհովային Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում

32 Մասնաճյուղին թույլ տրվեց միսիոներներ հրավիրել, կառուցել նոր մասնաշենքեր և աստվածաշնչյան գրականություն ներմուծել։ f Մեր սիրտը ուրախությամբ է լցվում, երբ տեսնում ենք, թե ինչպես է Եհովան պաշտպանում մեզ և հոգում մեր հոգևոր կարիքները (Ես. 52։10

«Եհովան է իմ օգնականը»

33. Ի՞նչ ենք հասկանում՝ աչքի անցկացնելով այս մի քանի իրավական հաղթանակները։

33 Ընդամենը այս մի քանի իրավական հաղթանակները աչքի անցկացնելով՝ հասկանում ենք, որ Հիսուսը պահել է իր խոստումը. «Ես ձեր բերանում իմաստություն կդնեմ, որին ձեր բոլոր հակառակորդները միասին չեն կարողանա ընդդիմանալ կամ հակառակ խոսել» (կարդա՛  Ղուկաս 21։12–15)։ Ժամանակ առ ժամանակ Եհովան Գամաղիելներ է վեր կացնում, որպեսզի պաշտպանի իր ժողովրդին, կամ էլ մղում է համարձակ դատավորներին ու փաստաբաններին, որ արդարության կողմը կանգնեն։ Եհովան փշրում է մեր հակառակորդների զենքերը (կարդա՛  Եսայիա 54։17)։ Հակառակությունը չի կարող կանգնեցնել Աստծու գործը։

34. Ինչո՞վ են մեր իրավական հաղթանակները ուշագրավ, և ի՞նչ են դրանք վկայում (տես նաև « Նշանակալից իրավական հաղթանակներ հօգուտ Թագավորության քարոզչության առաջխաղացմանը» շրջանակը)։

34 Ինչո՞վ են մեր իրավական հաղթանակները ուշագրավ։ Եհովայի վկաները ականավոր կամ ազդեցիկ մարդիկ չեն։ Մեր եղբայրները, ովքեր կանգնել են դատարանների առաջ, հիմնականում եղել են «անուսում և հասարակ» մարդիկ (Գործ. 4։13)։ Բացի այդ, մենք ընտրությունների չենք մասնակցում, քաղաքական քարոզարշավներին չենք աջակցում և չենք փորձում ինչ-որ կերպ ազդեցություն բանեցնել պաշտոնատար անձանց վրա։ Ուստի մարդկային տեսանկյունից՝ դատարանները պատճառ չունեն աջակցելու մեզ և դեմ գնալու կրոնական ու քաղաքական մեր զորեղ հակառակորդներին։ Սակայն իրողությունն այն է, որ նրանք շատ հաճախ մեր օգտին են վճիռ կայացրել։ Մեր իրավական հաղթանակները խոսում են այն մասին, որ Եհովայի աչքը մեզ վրա է, և Քրիստոսը առաջնորդում է մեզ (2 Կորնթ. 2։17)։ Պողոս առաքյալի պես՝ մենք էլ ենք ասում. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա» (Եբր. 13։6

a «Կանտուելն ընդդեմ Քոնեկտիկուտ նահանգի» գործը այն 43 դատական գործերից առաջինն էր, որ եղբայր Հեյդեն Կուպեր Քովինգտոնը ներկայացրեց ԱՄՆ-ի Գերագույն դատարան։ Նա մահացավ 1978թ.-ին։ Նրա այրին՝ Դորոթին, հավատարմորեն ծառայեց մինչև իր մահը։ Նա մահացավ 2015թ.-ին 92 տարեկանում։

b Այս մեղադրանքը ներկայացվեց 1606թ.-ին ընդունված մի օրենքի հիման վրա։ Այն թույլ էր տալիս դատավորին մեղավոր ճանաչել անհատին, եթե դատավորի կարծիքով՝ ամբաստանյալի խոսքերը ատելություն են հրահրում, նույնիսկ եթե նրա ասածը ճշմարտություն է։

c 1950-ին 164 լիաժամ ծառայողներ կային Քվեբեկում, որոնցից 63-ը «Գաղաադ» դպրոցի շրջանավարտներ էին։ Նրանք պատրաստակամորեն ընդունեցին իրենց նշանակումները, թեև հասկանում էին, որ կատաղի հալածանքի էին ենթարկվելու։

d Եղբայր Գլեն Հաուն համարձակ և հմուտ փաստաբան էր, ով 1943-ից մինչև 2003 թվականը Կանադայում և այլ երկրներում հարյուրավոր դատական գործերում ներկայացրել է Եհովայի վկաներին։

e Այս գործի մանրամասներին ծանոթանալու համար տես «Պատերազմը ձերը չէ, այլ Աստծունը» հոդվածը 2000թ. ապրիլի 22-ի «Արթնացե՛ք»-ում, էջ 18–24 (անգլ., ռուս.)։

f Ոստիկանությունը ի վերջո ազատեց մասնաճյուղի տարածքը, սակայն նոր մասնաճյուղը կառուցվեց մեկ այլ վայրում։