Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 3

Եհովան հայտնում է իր նպատակը

Եհովան հայտնում է իր նպատակը

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ

Եհովան աստիճանաբար հայտնում է իր նպատակը, սակայն ոչ թե բոլորին, այլ միայն իրենից վախեցողներին

1, 2. Ինչպե՞ս է Եհովան հայտնել մարդկանց իր նպատակը։

 ՀՈԳԱՏԱՐ ծնողները միշտ ընտանեկան հարցեր քննարկելիս ընդգրկում են նաև երեխաներին։ Սակայն նրանք խորագիտությամբ են մոտենում այն հարցին, թե որքան տեղեկություն հայտնեն նրանց, և ասում են միայն այն մանրամասները, որոնք ընկալելու համար երեխաները բավական հասուն են։

2 Եհովան նույնպես աստիճանաբար է հայտնել իր նպատակի հետ կապված մանրամասները մարդկային ընտանիքին։ Այսինքն՝ հայտնել է նրանց տեղեկություններ, երբ հարմար ժամանակը եկել է։ Փորձենք համառոտ տեսնել, թե պատմության ընթացքում ինչպես է Եհովան Թագավորության մասին ճշմարտությունները բացել մարդկանց համար։

Ինչու առաջացավ Թագավորության կարիքը

3, 4. Ինչո՞ւ կարող ենք վստահ ասել, որ Եհովան չի նախասահմանել մարդկության պատմությունը։

3 Սկզբում Մեսիական Թագավորությունը Աստծու նպատակի մեջ չի եղել։ Ինչո՞ւ։ Քանի որ Եհովան չի նախասահմանել մարդկության պատմությունը. նա իր ստեղծած բոլոր բանական էակներին ազատ կամք է պարգևել։ Առաջին մարդկային զույգին նա հայտնել էր իր նպատակն՝ ասելով. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը և տիրեք նրան» (Ծննդ. 1։28)։ Աստված ակնկալում էր, որ նրանք կհարգեն բարու և չարի վերաբերյալ իր սահմանած չափանիշները ու կհետևեն դրանց (Ծննդ. 2։16, 17)։ Ադամն ու Եվան կարո՛ղ էին մնալ հավատարիմ։ Եթե նրանք ճիշտ ընտրություն անեին և նրանց ժառանգներն էլ հետևեին նրանց օրինակին, Աստծու նպատակը իրականացնելու համար Մեսիական Թագավորության կարիքը չէր լինի։ Եվ հիմա երկիրը լի կլիներ կատարյալ մարդկանցով, որոնք բոլորն էլ կերկրպագեին Եհովային։

4 Երբ Սատանան, Ադամն ու Եվան ըմբոստացան, Եհովան երկիրը կատարյալ մարդկանցով լցնելու իր նպատակը չփոխեց։ Նա պարզապես փոխեց այն իրականացնելու միջոցը։ Նրա նպատակը չենք կարող համեմատել, օրինակ, գնացքի հետ, որը իր նպատակակետին հասնելու համար կարող է ընթանալ միայն երկաթգծի վրայով, և եթե գծից դուրս գա ուրիշների ստեղծած խոչընդոտի պատճառով, ապա տեղ չի հասնի։ Ողջ տիեզերքում չկա մի ուժ, որ կարողանա խանգարել Եհովային իրականացնելու իր նպատակը (կարդա՛  Եսայիա 55։11)։ Եթե ինչ-որ բան «փակում է ճանապարհը», Եհովան այն իրագործելու ուրիշ միջոց է գտնում։ a (Ելք 3։14, 15)։ Եվ երբ տեսնում է, որ արդեն ժամանակն է, նա իր հավատարիմ ծառաներին հայտնում է այդ միջոցի մասին։

5. Ի՞նչ արեց Եհովան, երբ Եդեմում ըմբոստություն ծագեց։

5 Եդեմում ծագած ըմբոստությունից հետո Եհովան որոշեց իր նպատակն իրագործելու մեկ այլ միջոց գտնել՝ Թագավորություն հիմնել (Մատթ. 25։34)։ Երբ մարդկության ապագան անհուսալի վիճակում հայտնվեց, Եհովան ցրեց անորոշության խավարը՝ հայտնելով, թե ինչ միջոցով է վերացնելու Սատանայի պատճառած վնասները և վերականգնելու այն, ինչ կորցրին Ադամն ու Եվան (Ծննդ. 3։14–19)։ Այդուհանդերձ, նա միանգամից չբացահայտեց Թագավորության վերաբերյալ բոլոր մանրամասները։

Եհովան սկսեց հայտնել Թագավորության մասին ճշմարտությունը

6. Ի՞նչ խոստացավ Եհովան, բայց ի՞նչ մանրամասներ չհայտնեց։

6 Տալով առաջին մարգարեությունը՝ Եհովան խոստացավ, որ լինելու է մի «սերունդ», որը ջախջախելու է օձի գլուխը (կարդա՛  Ծննդոց 3։15)։ Սակայն այդ ժամանակ անհայտ մնաց, թե ով է այդ սերունդը, և ով է օձի սերունդը։ Հաջորդ 2000 տարիների ընթացքում Եհովան ոչ մի մանրամասնություն չհայտնեց։ b

7. Ինչո՞ւ Եհովան Աբրահամին ընտրեց, և ի՞նչ կարևոր բան ենք իմանում դրանից։

7 Ի վերջո Եհովան ընտրեց Աբրահամին, որպեսզի նրա շառավղից գա խոստացված «սերունդը»։ Ինչո՞ւ հենց Աբրահամին։ Քանի որ նա «լսեց [Եհովայի] ձայնին» (Ծննդ. 22։18)։ Այս փաստից մենք կարևոր բան ենք իմանում, այն է՝ Եհովան իր նպատակը հայտնում է միայն նրանց, ովքեր ակնածալից վախ ունեն իր հանդեպ (կարդա՛  Սաղմոս 25։14

8, 9. Խոստացված սերնդի մասին ի՞նչ մանրամասներ Եհովան հայտնեց Աբրահամին և Հակոբին։

8 Հրեշտակի միջոցով իր ընկերոջ՝ Աբրահամի հետ խոսելիս Եհովան առաջին անգամ հայտնեց խոստացված սերնդի մասին այն կարևոր փաստը, որ նա մարդ է լինելու (Ծննդ. 22։15–17; Հակ. 2։23)։ Բայց ինչպե՞ս էր այդ մարդը ջախջախելու օձի գլուխը։ Իսկ ո՞վ էր օձը։ Հետագայում բացահայտվելու էին նաև այս հարցերի պատասխանները։

9 Եհովան որոշեց, որ խոստացված սերունդը գալու է Աբրահամի թոռ Հակոբից, որը մեծ հավատ ուներ Աստծու հանդեպ (Ծննդ. 28։13–22)։ Հետո նա Հակոբի միջոցով պարզ դարձրեց, որ Մեսիան լինելու է նրա որդի Հուդայի սերնդից։ Հակոբը մարգարեացավ, որ Հուդայից սերող այդ ժառանգին կտրվի «գավազան»՝ որպես թագավորական իշխանության խորհրդանիշ, և «ժողովուրդների հնազանդությունը նրան կպատկանի» (Ծննդ. 49։1, 10)։ Այսպես՝ Եհովան բացահայտեց մարդկանց, որ Մեսիան դառնալու է Թագավոր։

10, 11. Ինչո՞ւ Եհովան իր նպատակը բացահայտեց Դավթին ու Դանիելին։

10 Հուդայի օրերից մոտ 650 տարի անց Եհովան իր նպատակն ավելի պարզ դարձրեց՝ հայտնելով այլ մանրամասներ Դավիթ թագավորին, ով Հուդայի սերնդից էր։ Նրա մասին Եհովան ասաց, որ «իր սրտին հաճելի մարդ է» (1 Սամ. 13։14; 17։12; Գործ. 13։22)։ Քանի որ Դավիթն ակնածում էր Աստծուց, Եհովան նրա հետ ուխտ կապեց՝ խոստանալով, որ նրա ժառանգներից մեկը իշխելու է հավիտյան (2 Սամ. 7։8, 12–16

11 Մոտ 500 տարի հետո Եհովան Դանիել մարգարեի միջոցով հայտնեց, թե կոնկրետ երբ է Օծյալը՝ խոստացված Մեսիան, հայտնվելու (Դան. 9։25)։ Եհովան Դանիելին համարում էր «թանկագին մարդ», քանի որ նա խոր հարգանք էր տածում Աստծու հանդեպ և անդադար ծառայում էր նրան (Դան. 6։16; 9։22, 23

12. Ի՞նչ հրահանգ տրվեց Դանիելին և ինչո՞ւ։

12 Դանիելի պես շատ հավատարիմ մարգարեների միջոցով Աստված տասնյակ մանրամասներ հայտնեց խոստացված սերնդի՝ Մեսիայի մասին։ Սակայն Եհովայի կողմից սահմանված ժամանակը դեռ չէր եկել, որ իր ծառաները լիովին ըմբռնեին այն խոսքերի նշանակությունը, որոնք գրվել էին սուրբ ոգու ներշնչմամբ։ Օրինակ՝ երբ Աստծու Թագավորության հաստատման վերաբերյալ Դանիելը տեսիլք ստացավ, նրան հրահանգ տրվեց կնքել այդ մարգարեությունը։ Ապագայում, երբ Եհովայի սահմանած ժամանակը գար, ճշմարիտ գիտելիքները կշատանային (Դան. 12։4

Եհովան Դանիելի պես հավատարիմ մարդկանց միջոցով հայտնեց մանրամասներ Մեսիական Թագավորության մասին

Հիսուսը լույս սփռեց Աստծու նպատակի վրա

13. ա) Ո՞վ էր խոստացված սերունդը։ բ) Ինչպե՞ս Հիսուսը լույս սփռեց Ծննդոց 3։15-ում արձանագրված մարգարեության վրա։

13 Եհովան ակնհայտ դարձրեց, որ Հիսուսն է խոստացված սերունդը՝ Դավթի ժառանգը, որն իշխելու է որպես Թագավոր (Ղուկ. 1։30–33; 3։21, 22)։ Երբ Հիսուսը սկսեց իր երկրային ծառայությունը, մարդկանց համար «լույս ծագեց» Աստծու նպատակի վրա (Մատթ. 4։13–17)։ Օրինակ՝ նա վերացրեց ցանկացած անորոշություն Ծննդոց 3։14, 15-ում նշված «օձի» ինքնության վերաբերյալ՝ կոչելով Սատանային «մարդասպան» և «ստության հայր» (Հովհ. 8։44)։ Հովհաննեսին տված հայտնության մեջ նա «առաջին օձին» բնորոշեց որպես մեկի, ով «Բանսարկու և Սատանա է կոչվում» c (կարդա՛  Հայտնություն 1։1; 12։9)։ Հենց հայտնության մեջ էլ Հիսուսը ցույց տվեց, թե ինչպես է ինքը, լինելով խոստացված սերունդ, ամբողջացնելու Եդեմում տրված մարգարեության կատարումը՝ ջախջախելու Սատանային և վերջ դնելու նրա գոյությանը (Հայտն. 20։7–10

14–16. Արդյոք առաջին դարում Հիսուսի հետևորդները միշտ հասկանո՞ւմ էին նրա հայտնած ճշմարտությունների ողջ նշանակությունը։ Բեր օրինակ։

14 Ինչպես տեսանք այս գրքի առաջին գլխում, Հիսուսը մեծ մասամբ խոսում էր Թագավորության մասին։ Սակայն միշտ չէ, որ նա բացահայտում էր իր աշակերտներին այն մանրամասները, որ նրանք ուզում էին իմանալ։ Երբեմն էլ ժամանակ էր պետք, նույնիսկ շատ դարեր, որպեսզի իր հետևորդները ըմբռնեին իր հայտնած մանրամասների՝ ճշմարտությունների ողջ նշանակությունը։ Նկատի առնենք մի քանի օրինակ։

15 Մ.թ. 33-ին Հիսուսը պարզ դարձրեց, որ այն մարդիկ, ովքեր լինելու են Աստծու Թագավորության Թագավորի իշխանակիցները, վերցվելու են երկրից երկնային կյանքի համար՝ դառնալով ոգեղեն էակներ։ Աշակերտները, սակայն, այդ պահին չհասկացան նրա հայտնած ճշմարտությունը (Դան. 7։18; Հովհ. 14։2–5)։ Նույն տարի տարբեր առակների միջոցով Հիսուսը ցույց տվեց, որ Թագավորությունը կհաստատվի իր երկինք համբարձվելուց երկար ժամանակ հետո (Մատթ. 25։14, 19; Ղուկ. 19։11, 12)։ Աշակերտները չըմբռնեցին նաև այս կարևոր փաստը և, երբ Հիսուսը հարություն էր առել, հարցրին նրան. «Տե՛ր, Իսրայելի համար թագավորությունը հիմա՞ ես վերականգնելու»։ Այդ ժամանակ Հիսուսը չբացահայտեց այլ մանրամասներ (Գործ. 1։6, 7)։ Աստծու Որդին նաև հայտնել էր, որ իր իշխանակիցներից կազմված «փոքր հոտից» բացի լինելու էին նաև «ուրիշ ոչխարներ» (Հովհ. 10։16; Ղուկ. 12։32)։ Նրա հետևորդները ճշգրիտ պատկերացրին այս երկու խմբերի ինքնությունը միայն մոտ 2 հազարամյակ անց, 1914-ին Թագավորության հաստատվելուց տարիներ հետո։

16 Հիսուսը երկրի վրա եղած ժամանակ կարող էր շատ բաներ հայտնել իր աշակերտներին։ Բայց նա գիտեր, որ նրանք ի վիճակի չեն դրանք հասկանալու (Հովհ. 16։12)։ Ճիշտ է, Թագավորության մասին շատ բան ասվեց առաջին դարում, սակայն դեռ ժամանակը չէր, որ ճշգրիտ գիտելիքները շատանային։

Ճշգրիտ գիտելիքները շատանալու էին «վերջի ժամանակում»

17. Ի՞նչ պետք է անենք Թագավորության մասին ճշմարտությունները հասկանալու համար, և դրանից բացի ինչի՞ կարիք ունենք։

17 Եհովան Դանիելին ասաց, որ «վերջի ժամանակում» «շատերը կքննեն», և Աստծու նպատակի հետ կապված «ճշգրիտ գիտելիքները կշատանան» (Դան. 12։4)։ Ովքեր կցանկանան ստանալ այդ գիտելիքները, պետք է շատ ջանքեր թափեն։ Սակայն որքան էլ խորությամբ փորձենք ուսումնասիրել Աստվածաշունչը, չենք կարող ճշգրտորեն ըմբռնել Թագավորության մասին ճշմարտությունները, եթե Եհովան չօգնի մեզ (կարդա՛  Մատթեոս 13։11

18. Ինչպե՞ս են Աստծու հանդեպ վախ ունեցողները հավատ և խոնարհություն դրսևորել։

18 Եհովան, ինչպես որ մինչև 1914 թվականն էր աստիճանաբար բացահայտում Թագավորության մասին ճշմարտությունները, այնպես էլ շարունակում է դա անել վերջի ժամանակում։ Այս գրքի հաջորդ երկու գլուխներում (4 և 5) կիմանանք, թե անցած հարյուրամյակի ընթացքում որոշ հարցեր Աստծու ժողովուրդը ինչպես է սկզբում հասկացել, և ինչպես են դրանք հստակեցվել։ Իսկ արդյո՞ք դա նշանակում է, որ Եհովան չի օգնել նրանց։ Բոլորովի՛ն։ Նա աջակցել ու աջակցում է նրանց, քանի որ Աստծու հանդեպ վախ ունեցողները հավատ և խոնարհություն են դրսևորում, հատկություններ, որ Եհովան շատ թանկ է համարում (Եբր. 11։6; Հակ. 4։6)։ Աստծու ծառաները հավատում են, որ Աստվածաշնչում գրված բոլոր խոստումները իրականություն են դառնալու։ Նրանք նաև խոնարհ են, քանի որ ընդունում են, որ սխալ են հասկացել, թե ինչպես են որոշ խոստումներ իրականանալու։ Նրանց խոնարհությունը հստակ արտահայտված է 1925թ. մարտի 1-ի «Դիտարանում», որտեղ կարդում ենք. «Մենք գիտենք, որ Տերը ինքն է մեկնում իր խոսքերը, նա կբացատրի դրանք իր ժողովրդին ինչպես հարկ է համարում և երբ հարկ է համարում»։

«Տերը ինքն է մեկնում իր խոսքերը, նա կբացատրի դրանք իր ժողովրդին ինչպես հարկ է համարում և երբ հարկ է համարում»

19. Մարգարեությունների կատարման վերաբերյալ ի՞նչ է Եհովան օգնել, որ հասկանանք, և ինչո՞ւ։

19 Երբ 1914-ին հաստատվեց Թագավորությունը, Աստծու ժողովուրդը լիարժեք գիտելիքներ չուներ, թե ինչպես են դրա հետ կապված մարգարեությունները կատարվելու (1 Կորնթ. 13։9, 10, 12)։ Աստծու բոլոր խոստումները իրականացած տեսնելու մեծ ցանկությունից մղված՝ նրանք երբեմն սխալ եզրահանգումներ են արել։ Տարիների ընթացքում վերոնշյալ «Դիտարանում» գրված հետևյալ խոսքերի ճշմարտացիությունն ավելի ակնհայտ դարձավ. «Մարգարեությունը չենք կարող լիովին ըմբռնել, մինչև այն չկատարվի կամ առնվազն չսկսի կատարվել։ Այս սկզբունքը, թվում է, ամենաապահովն է սխալվելուց խուսափելու համար»։ Հիմա, երբ արդեն «վերջի ժամանակը» վաղուց սկսվել է, շատ մարգարեություններ արդեն կատարվել են կամ կատարվում են։ Եվ քանի որ Աստծու ծառաները խոնարհ են ու պատրաստ են շտկելու իրենց իմացածը, Եհովան իր նպատակի հետ կապված նրանց գիտելիքները ավելի ամբողջական է դարձնում։ Այսպես շատանում են ճշգրիտ գիտելիքները։

Շտկումները բացահայտում են մեր սրտի վիճակը

20, 21. Ինչպե՞ս առաջին դարի քրիստոնյաները արձագանքեցին տրված հստակեցմանը։

20 Երբ Եհովան շտկումներ է մտցնում ճշմարտության մասին մեր գիտելիքների ու պատկերացումների մեջ, այդ ժամանակ բացահայտվում է մեր սրտի վիճակը։ Արդյոք մենք հավատ ու խոնարհություն կդրսևորե՞նք՝ ընդունելով այդ փոփոխությունները։ Առաջին դարի կեսերին քրիստոնյաները նմանատիպ փորձության առաջ կանգնեցին։ Պատկերացրու, որ դու հրեա քրիստոնյա ես և ապրում ես այդ ժամանակներում։ Դու մեծ ակնածանքով հետևում ես Մովսիսական օրենքին և հպարտանում ես քո ազգային ժառանգությամբ։ Սակայն Պողոս առաքյալից նամակներ եք ստանում, որտեղ նա, սուրբ ոգուց ներշնչված, բացատրում է, որ այլևս պետք չէ պահել Օրենքը, և Եհովան մերժել է Իսրայել ազգին ու ընտրում է հոգևոր Իսրայելի անդամներ թե՛ հրեաների, թե՛ այլազգիների միջից (Հռոմ. 10։12; 11։17–24; Գաղ. 6։15, 16; Կող. 2։13, 14)։ Ինչպե՞ս դու կարձագանքեիր այս փոփոխությանը։

21 Խոնարհ քրիստոնյաները ընդունեցին այդ հստակեցումը, և Եհովան օրհնեց նրանց (Գործ. 13։48)։ Սակայն եղան մարդիկ, ովքեր մերժեցին և ցանկացան կառչած մնալ իրենց պատկերացումներին (Գաղ. 5։7–12)։ Եթե նրանք փոխեին իրենց տեսակետը, չէին կորցնի Քրիստոսի հետ իշխանակիցներ լինելու հեռանկարը (2 Պետ. 2։1

22. Ինչպե՞ս ես արձագանքում հստակեցումներին։

22 Վերջին տասնամյակներում Եհովան շտկումներ է մտցրել Թագավորության վերաբերյալ որոշ պատկերացումներում, որ ունեցել ենք մենք։ Օրինակ՝ նա օգնել է, որ ավելի հստակ տեսնենք, թե երբ են Թագավորության հպատակները առանձնացվելու բարի լուրը չընդունող մարդկանցից, ինչպես նկարագրված է այծերի և ոչխարների մասին առակում։ Նա նաև հայտնել է, թե երբ է ամբողջանալու 144000 օծյալների թիվը, ինչ են նշանակում Թագավորության մասին Հիսուսի պատմած առակները, և երբ է վերջին օծյալը երկնային կյանքի վարձատրությունը ստանալու։ d Ինչպե՞ս ես արձագանքում այս հստակեցումներին։ Հավատդ ամրանո՞ւմ է։ Համարո՞ւմ ես դրանք ապացույցներ, որ Եհովան շարունակում է կրթել իր խոնարհ ժողովրդին։ Այս գիրքը կօգնի քեզ, որ ավելի համոզվես, որ Եհովան աստիճանաբար հայտնում է իր նպատակը նրանց, ովքեր վախենում են իրենից։

a Աստծու անունը՝ «Եհովա», եբրայերեն «դառնալ» բայի պատճառական ձևն է։ Այս անունը ընդգծում է այն միտքը, որ նա իրականացնում է իր նպատակները։ Տես «Ինչ է նշանակում Աստծու անունը» շրջանակը, էջ 43։

b Թեև մեզ համար այս ժամանակահատվածը շատ մեծ է թվում, սակայն պետք է հիշենք, որ սկզբում մարդիկ շատ երկար են ապրել. ընդամենը երկու մարդու կյանք է ընկած Ադամի ու Աբրահամի միջև։ Այսինքն՝ Ադամը դեռ կենդանի է եղել, երբ ծնվել է Ղամեքը՝ Նոյի հայրը, Ղամեքը կենդանի է եղել, երբ ծնվել է Նոյի որդի Սեմը, Սեմն էլ կենդանի է եղել, երբ ծնվել է Աբրահամը (Ծննդ. 5։5, 31; 9։29; 11։10, 11; 25։7

c Եբրայերեն Գրություններում «Սատանա» անունը հանդիպում է 18 անգամ, իսկ Հունարեն Գրություններում՝ ավելի քան 30 անգամ։ Ակնհայտ է, որ Եբրայերեն Գրություններում առանձնապես ուշադրություն չի հրավիրվում Սատանայի վրա, այլ Աստծու ծառաների ուշադրությունը կենտրոնացվում է Մեսիայի ինքնության վրա։ Երբ Մեսիան եկավ, նա ամբողջովին բացահայտեց Սատանայի ով լինելը, ինչը երևում է Հունարեն Գրություններից։

d Այս ճշգրտումների վերաբերյալ մանրամասներ կարող ես գտնել «Դիտարանի» հետևյալ համարներում՝ հոկտեմբերի 15, 1995, էջ 23–28 (անգլ., ռուս.); հունվարի 15, 2008, էջ 20–24; հուլիսի 15, 2008, էջ 17–21; հուլիսի 15, 2013, էջ 9–14։