Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 10

Թագավորը մաքրում է Աստծու ժողովրդին հոգևորապես

Թագավորը մաքրում է Աստծու ժողովրդին հոգևորապես

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ

Ինչու և ինչպես է Հիսուսը հոգևորապես մաքրում ու զտում իր հետևորդներին

1–3. Ի՞նչ արեց Հիսուսը, երբ տաճարը պղծված տեսավ։

 ՀԻՍՈՒՍԸ խոր հարգանք ուներ Երուսաղեմում գտնվող տաճարի հանդեպ, քանի որ հասկանում էր, թե ինչ կարևոր դեր էր այն կատարում։ Տաճարը երկար տարիներ ծառայել էր որպես մաքուր երկրպագության կենտրոն։ Այդ երկրպագությունը, որ մատուցվում էր սուրբ Աստված Եհովային, նույնպես պետք է մաքուր ու սուրբ լիներ։ Պատկերացրու, թե ինչ զգաց Հիսուսը, երբ մ.թ. 33-ի նիսանի 10-ին եկավ տաճար և այն պղծված տեսավ։ Ի՞նչ էր կատարվում այնտեղ (կարդա՛  Մատթեոս 21։12, 13

2 Հեթանոսների գավիթում ագահ վաճառականներն ու դրամափոխները անազնվորեն փող էին կորզում նրանցից, ովքեր գալիս էին տաճար Եհովային զոհեր մատուցելու։ a Հիսուսը «դուրս վռնդեց բոլոր նրանց, ովքեր առուծախ էին անում տաճարում, և շուռ տվեց դրամափոխների սեղանները» (համեմատիր Նեեմիա 13։7–9)։ Նա մեղադրեց այդ շահամոլ մարդկանց իր Հոր տունը «ավազակների որջ» դարձնելու մեջ։ Այդպես Հիսուսը դրսևորեց իր հարգանքը տաճարի և այնտեղ մատուցվող երկրպագության հանդեպ. իր Հոր երկրպագությունը պետք է մաքուր պահվեր։

3 Դարեր անց՝ Մեսիական Թագավոր նշանակվելուց հետո, Հիսուսը մեկ ուրիշ տաճար մտավ ու մաքրեց այն։ Այս տաճարը ներկայացնում է բոլոր նրանց, ովքեր ուզում են Եհովային ընդունելի ձևով երկրպագություն մատուցել։ Տեսնենք, թե ինչ արեց նա։

Մաքրում է «Ղևիի որդիներին»

4, 5. ա) 1914-ից մինչև 1919-ի սկիզբը ինչպե՞ս Հիսուսի օծյալ հետևորդները մաքրվեցին և զտվեցին։ բ) Արդյոք դրանով ավարտվե՞ց Աստծու ժողովրդի մաքրումը։ Բացատրիր։

4 Ինչպես տեսանք այս գրքի 2-րդ գլխում, 1914-ին գահակալվելուց հետո Հիսուսն իր Հոր հետ եկավ ստուգելու հոգևոր տաճարը՝ մաքուր երկրպագության կառույցը։ b Ստուգման արդյունքում Թագավորը տեսավ, որ կարիք կա մաքրելու և զտելու «Ղևիի որդիներին»՝ օծյալ քրիստոնյաներին (Մաղ. 3։1–3)։ Ուստի 1914-ից մինչև 1919-ի սկիզբը Եհովան մաքրեց իր ժողովրդին՝ թույլ տալով, որ նրանք անցնեն տարբեր դժվարությունների և փորձությունների միջով։ Օծյալները կրակոտ փորձությունների միջից դուրս եկան մաքրված ու պատրաստ՝ աջակցելու Մեսիական Թագավորին։

5 Արդյոք դրանով ավարտվե՞ց Աստծու ժողովրդի մաքրումը։ Ո՛չ։ Վերջին օրերի ընթացքում Մեսիական Թագավորը շարունակում է օգնել իր հետևորդներին, որ մաքուր լինեն, որպեսզի կարողանան մնալ հոգևոր տաճարում։ Հաջորդ երկու գլուխներում կիմանանք, թե ինչպես է նա մաքրել ու զտել նրանց բարոյական առումով և ինչ կազմակերպչական բարեփոխումներ է մտցրել։ Իսկ այս գլխում կխոսենք հոգևորապես մաքրելու մասին։ Մեր հավատը կամրանա, երբ հասկանանք՝ ինչպես է Հիսուսը տեսանելի և անտեսանելի կերպերով առաջնորդել ու մաքրել իր հետևորդներին։

«Մաքո՛ւր մնացեք»

6. Հրեաներին ուղղված Եհովայի պատվերները ինչպե՞ս են օգնում մեզ հասկանալ, թե ինչ է հոգևոր մաքրությունը։

6 Ի՞նչ է հոգևոր մաքրությունը։ Այս հարցին պատասխանելու համար քննենք Եհովայի խոսքերը՝ ուղղված հրեա գերիներին, ովքեր մ.թ.ա. 6-րդ դարում պատրաստվում էին դուրս գալ Բաբելոնից (կարդա՛  Եսայիա 52։11)։ Այդ գերիները վերադառնում էին Երուսաղեմ գլխավորապես տաճարը վերակառուցելու և ճշմարիտ երկրպագությունը վերականգնելու համար (Եզր. 1։2–4)։ Եհովան ուզում էր, որ իր ժողովուրդը բաբելոնյան կրոնի հետ կապված ամեն ինչ թողնի հետևում։ Ուշադրություն դարձրու, թե ինչ պատվերներ տվեց նրանց՝ «մի՛ դիպեք ոչ մի անմաքուր բանի», «դո՛ւրս եկեք նրա միջից», «մաքո՛ւր մնացեք»։ Կեղծ երկրպագության հետ կապված և ոչ մի բան չպետք է աղտոտեր Եհովայի մաքուր երկրպագությունը։ Ի՞նչ հետևության ենք գալիս։ Հոգևորապես մաքուր լինել նշանակում է զերծ լինել կեղծ կրոնական որևէ ուսմունքից կամ սովորությունից։

7. Ո՞ւմ միջոցով է Հիսուսն օգնում իր հետևորդներին հոգևորապես մաքրվել։

7 Գահակալվելուց կարճ ժամանակ անց Հիսուսը հստակ ցույց տվեց այն միջոցը, որի օգնությամբ շարունակելու էր հոգևորապես մաքրել իր հետևորդներին։ 1919-ին նա նշանակեց հավատարիմ և իմաստուն ծառային (Մատթ. 24։45)։ Մինչ այդ, սակայն, Աստվածաշունչ ուսումնասիրողները արդեն մերժել էին կրոնական շատ կեղծ ուսմունքներ։ Այդուհանդերձ, դեռ կարիք կար, որ նրանք մաքրվեին։ Հավատարիմ ծառայի միջոցով Քրիստոսը աստիճանաբար ցույց տվեց իր հետևորդներին, թե որ տոներն ու սովորությունները պետք է թողնեն (Առակ. 4։18)։ Մի քանի օրինակով տեսնենք, թե ինչպես։

Սուրբ Ծնունդ

8. Ի՞նչ գիտեին Սուրբ Ծննդի մասին Աստվածաշունչ ուսումնասիրողները, սակայն ինչի՞ անհրաժեշտությունը չէին գիտակցում։

8 Աստվածաշունչ ուսումնասիրողները վաղուց գիտեին, որ Սուրբ Ծնունդը հեթանոսական արմատներ ունի, և Հիսուսը չի ծնվել դեկտեմբերի 25-ին։ 1881թ. դեկտեմբերի «Դիտարանում» ասվում էր. «Միլիոնավոր հեթանոսներ քրիստոնեական հավատի բերվեցին։ Բայց հիմնականում դա ոչ թե դավանափոխություն էր, այլ անվանափոխություն, քանի որ հեթանոս քրմերը դարձան քրիստոնյա քահանաներ, իսկ հեթանոսական տոները կոչվեցին քրիստոնեական անուններով, որոնցից մեկն էլ Սուրբ Ծնունդն է»։ Իսկ «Երբ է ծնվել Հիսուսը» հոդվածում, որը լույս տեսավ երկու տարի անց՝ 1883-ի դեկտեմբերի «Դիտարանում», տրամաբանական եզրահանգում էր արվում, որ Հիսուսը ծնվել է հոկտեմբերի սկզբին։ c Սակայն այդ ժամանակ Աստվածաշունչ ուսումնասիրողները հստակ չէին տեսնում, որ չպետք է տոնեն Սուրբ Ծնունդը։ Այն տոնում էր նույնիսկ Բրուքլինում գտնվող Բեթելի ընտանիքը։ Սակայն 1926թ.-ից հետո ամեն ինչ փոխվեց։ Ինչո՞ւ։

9. Սուրբ Ծնունդը տոնելու վերաբերյալ ի՞նչ հասկացան Աստվածաշունչ ուսումնասիրողները։

9 Այս թեմայի ուշադիր ուսումնասիրության և հետազոտության արդյունքում Աստվածաշունչ ուսումնասիրողները հասկացան, որ Սուրբ Ծնունդի ակունքները և դրա հետ կապված սովորությունները իրականում անարգանք են բերում Աստծուն։ 1927-ի դեկտեմբերի 14-ի «Ոսկե դարում» տպագրված «Սուրբ Ծնունդի ծագումը» հոդվածում գրվեց, որ այն հեթանոսական տոն է, ընդգրկում է կուռքերի երկրպագություն և կենտրոնանում է հաճույքների վրա։ Հոդվածը հստակ ցույց տվեց, որ Քրիստոսը չի պատվիրել նման տոն նշել, և ընդգծված շեշտեց հետևյալը. «Այն փաստը, որ աշխարհը, մարմինը և Սատանան ուզում են, որ այս տոնը միշտ նշվի, հիմնավոր պատճառ է, որ նրանք, ովքեր ամբողջովին նվիրված են Եհովայի ծառայությանը, չտոնեն այն»։ Բեթելի ընտանիքը այլևս երբեք չնշեց Սուրբ Ծնունդը։

10. ա) Ի՞նչ բացահայտումներ եղան 1928-ի դեկտեմբերին (տես նաև « Սուրբ Ծնունդ. ակունքներն ու նպատակը» շրջանակը)։ բ) Հավատարիմ ծառան ո՞ր տոների մասին զգուշացումներ տվեց (տես « Բացահայտումներ այլ տոների վերաբերյալ» շրջանակը)։

10 Հաջորդ տարի Սուրբ Ծնունդի հետ կապված ավելի շատ բացահայտումներ եղան։ 1928-ի դեկտեմբերի 12-ին եղբայր Ռիչարդ Բարբերը, որ ծառայում էր գլխավոր վարչությունում, մի ռադիոելույթ ներկայացրեց, որով քողազերծեց այս տոնակատարության կեղտոտ ակունքները։ Ինչպե՞ս արձագանքեց Աստծու ժողովուրդը գլխավոր վարչությունից եկող հստակ առաջնորդությանը։ Եղբայր Չարլզ Բրանդլին, հիշելով, թե ինչպես ինքն ու իր ընտանիքը դադարեցին նշել այս տոնը, ասաց. «Դժվա՞ր էր արդյոք մեզ համար հեթանոսական այս բոլոր բաները մի կողմ թողնել։ Բոլորովի՛ն.... Մենք ասես հանեցինք մեր կեղտոտ շորերը ու մի կողմ գցեցինք»։ Նման զգացումներ է ունեցել նաև եղբայր Հենրի Կանտուելը, ով հետագայում ծառայեց որպես շրջագայող վերակացու։ Նա ասաց. «Մենք ուրախ էինք, որ կարող ենք հրաժարվել դրանից և, այդպես վարվելով, ցույց տալ, որ սիրում ենք Եհովային»։ Քրիստոսի հավատարիմ հետևորդները պատրաստ էին անել անհրաժեշտ փոփոխությունները և այլևս չնշել մի տոն, որը կեղծ կրոնական ակունքներ ունի d (Հովհ. 15։19; 17։14

11. Ինչպե՞ս ենք ցույց տալիս մեր աջակցությունը Մեսիական Թագավորին։

11 Ինչպիսի՜ հիանալի օրինակ են անցած դարասկզբի հավատարիմ ծառաները։ Մտածելով նրանց թողած օրինակի մասին՝ հարցրու ինքդ քեզ. «Ինչպե՞ս եմ ես վերաբերվում գլխավոր վարչությունից տրված առաջնորդությանը։ Երախտագիտությամբ ընդունո՞ւմ եմ այն և վարվո՞ւմ եմ համապատասխանաբար»։ Պատրաստակամորեն հնազանդվելով՝ մենք ցույց ենք տալիս, որ աջակցում ենք Մեսիական Թագավորին, ով հավատարիմ ծառայի միջոցով ժամանակին հոգևոր կերակուր է տալիս մեզ (Գործ. 16։4, 5

Խաչ

«Խաչ ու պսակ» խորհրդանշանը (տես պարբերություն 12 և 13)

12. Տարիներ շարունակ Աստվածաշունչ ուսումնասիրողները ի՞նչ տեսակետ ունեին խաչի վերաբերյալ։

12 Երկար տարիներ Աստվածաշունչ ուսումնասիրողները նույնպես խաչը համարում էին քրիստոնեության ընդունելի խորհրդանշան։ Իհարկե, նրանք չէին մտածում, որ խաչին պետք է երկրպագել, քանի որ հասկանում էին, որ կռապաշտությունը սխալ է (1 Կորնթ. 10։14; 1 Հովհ. 5։21)։ Դեռևս 1883-ին «Դիտարանում» հստակ նշվեց, որ «ցանկացած կռապաշտություն գարշելի է Աստծուն»։ Այդուհանդերձ, սկզբում Աստվածաշունչ ուսումնասիրողները ոչ մի սխալ բան չէին տեսնում խաչը իրենց տեսակետից պատշաճորեն օգտագործելու մեջ։ Օրինակ՝ նրանք հպարտությամբ խաչ ու պսակով զարդասեղ էին կրում։ Դա նրանց հիշեցնում էր, որ եթե մինչև մահ հավատարիմ մնան, կյանքի պսակը կստանան։ Իսկ 1891թ.-ին այս խորհրդանշանը հայտնվեց «Դիտարանի» շապիկի վրա։

13. Ի՞նչ ճշմարտություններ բացահայտվեցին խաչի օգտագործման վերաբերյալ (տես նաև « Բացահայտումներ խաչի վերաբերյալ» շրջանակը)։

13 «Խաչ ու պսակ» խորհրդանշանը հարազատ էր Աստվածաշունչ ուսումնասիրողների սրտին։ Սակայն 1920-ականների վերջերից խաչի վերաբերյալ որոշ ճշմարտություններ սկսեցին բացահայտվել։ Հիշելով 1928թ.-ին Դետրոյտում (ԱՄՆ, Միչիգան) անցկացված համաժողովը՝ եղբայր Գրանտ Սյութերը, ով հետագայում դարձավ Կառավարիչ մարմնի անդամ, ասաց. «Համաժողովին հայտարարվեց, որ «խաչ ու պսակ» խորհրդանշանը ոչ թե պարզապես անհարկի է օգտագործել, այլ սխալ է»։ Հաջորդ տարիների ընթացքում նոր բաներ բացահայտվեցին։ Պարզ դարձավ, որ խաչն ընդհանրապես տեղ չունի մաքուր և ճշմարիտ երկրպագության մեջ։

14. Ինչպե՞ս արձագանքեց Աստծու ժողովուրդը խաչի վերաբերյալ բացահայտումներին։

14 Ինչպե՞ս արձագանքեց Աստծու ժողովուրդը խաչի վերաբերյալ բացահայտումներին։ Շարունակեցի՞ն օգտագործել «խաչ ու պսակ» խորհրդանշանը, որն այնքան հարազատ էր նրանց։ «Երբ հասկացանք, թե ինչ է այն ներկայացնում, իսկույն հրաժարվեցինք դրանից»,— ասաց Լիլա Ռոբերտսը, ով երկար տարիներ հավատարմորեն ծառայել է Եհովային։ Մեկ այլ քրոջ՝ Ուրսուլա Սիրենկոյի խոսքերը արտահայտում են շատերի զգացումները. «Այն, ինչ մի ժամանակ կարծում էինք, թե խորհրդանշում է մեր Տիրոջ մահը և քրիստոնեական մեր հավատարմությունը, հասկացանք, որ իրականում հեթանոսական խորհրդանշան է։ Մենք շնորհակալ էինք, որ Առակներ 4։18-ում նկարագրվածի պես՝ մեր ճանապարհը ավելի լուսավոր դարձավ»։ Քրիստոսի հավատարիմ հետևորդները չցանկացան որևէ առնչություն ունենալ կեղծ կրոնական անմաքուր սովորություններին։

15, 16. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ուզում ենք Եհովայի հոգևոր տաճարի երկրային գավիթները մաքուր պահել։

15 Այսօր էլ մենք նույն տրամադրվածությունն ունենք։ Մենք ընդունում ենք, որ Քրիստոսը տեսանելի կերպով՝ հավատարիմ և իմաստուն ծառայի միջոցով, օգնում է իր հետևորդներին հոգևորապես մաքուր լինել։ Ուստի երբ հոգևոր կերակուր ենք ստանում, որտեղ զգուշացվում է հեռու մնալ որոշ սովորություններից, տոներից և ավանդույթներից, որոնք անմաքուր են և կեղծ կրոնական ծագում ունեն, մենք իսկույն հնազանդվում ենք։ Քրիստոսի ներկայության վաղ շրջանում ապրած մեր քույրերի ու եղբայրների պես՝ մենք նախանձախնդրությամբ ուզում ենք Եհովայի հոգևոր տաճարի երկրային գավիթները մաքուր պահել։

16 Այս վերջին օրերում Քրիստոսը նաև անտեսանելի կերպով է հոգ տանում, որ Աստծու ծառաների ժողովները պաշտպանված լինեն այնպիսի մարդկանցից, ովքեր կարող են հոգևորապես պղծել այն։ Տեսնենք, թե ինչպես է նա անում դա։

Արդարների միջից առանձնացվում են չարերը

17, 18. Ի՞նչ են նշանակում հետևյալ արտահայտությունները՝ ա) ծովը նետված ուռկանը, բ) ամեն տեսակ ձկների հավաքվելը, գ) լավ ձկները ամանների մեջ հավաքելը և դ) անպետքները դեն գցելը։

17 Թագավոր Հիսուս Քրիստոսը ուշադրությամբ հետևում է Աստծու ժողովրդի բոլոր ժողովներին։ Նա հրեշտակների հետ արդարների միջից առանձնացնում է չարերին։ Թե ինչպես է նա անում դա, մենք լիովին չենք կարող ըմբռնել։ Այդ մասին Հիսուսը խոսեց ուռկանի մասին իր առակում (կարդա՛  Մատթեոս 13։47–50)։ Ի՞նչ է նշանակում այս առակը։

Ուռկանը ներկայացնում է Թագավորության քարոզչությունը, որն իրականացվում է մարդկության «ծովում» (տես պարբերություն 18)

18 «Ծովը նետված ուռկանը»։ Ուռկանը ներկայացնում է Թագավորության քարոզչությունը, որն իրականացվում է մարդկության «ծովում»։ «Ամեն տեսակ ձուկ է հավաքվում»։ Բարի լուրը գրավում է ամեն տեսակ մարդկանց, որոնց մեջ կան այնպիսիները, ովքեր քայլեր են անում և դառնում ճշմարիտ քրիստոնյաներ, և այնպիսիները, ովքեր սկզբում հետաքրքրություն են ցույց տալիս, սակայն մաքուր երկրպագության կողմը չեն կանգնում։ e «Լավ ձկները հավաքվում են ամանների մեջ»։ Ազնվասիրտ մարդիկ հավաքվում են ժողովներում, որտեղ կարող են մաքուր երկրպագություն մատուցել Եհովային։ «Անպետքները դեն են գցվում»։ Վերջին օրերում Քրիստոսն ու հրեշտակները «արդարների միջից» առանձնացնում են «չարերին»։ f Արդյունքում, ովքեր սրտի ճիշտ տրամադրվածություն չունեն, այսինքն՝ չեն ուզում թողնել կեղծ ուսմունքներն ու սովորությունները, նրանց թույլ չի տրվում ազդել ժողովի մաքրության վրա։ g

19. Ի՞նչ ես զգում՝ հասկանալով, որ Հիսուսը պահպանում է Աստծու ժողովրդի և ճշմարիտ երկրպագության մաքրությունը։

19 Մի՞թե քաջալերական չէ իմանալ, որ մեր Թագավորը պաշտպանում է իր հոգածության տակ գտնվողներին։ Եվ մի՞թե մխիթարական չէ իմանալ, որ այսօր նա ճշմարիտ երկրպագության, ինչպես նաև Աստծու ճշմարիտ ծառաների հանդեպ նույն նախանձախնդրությունն ունի, ինչ որ ուներ մ.թ. առաջին դարում, երբ մաքրեց տաճարը։ Որքա՜ն երախտապարտ ենք, որ Հիսուսը պահպանում է Աստծու ժողովրդի և ճշմարիտ երկրպագության մաքրությունը։ Մենք կարող ենք աջակցել Թագավորին ու նրա Թագավորությանը՝ ոչ մի առնչություն չունենալով կեղծ կրոնի պիղծ բաների հետ։

a Այլ տեղերից Երուսաղեմ եկած հրեաները պետք է փոխեին իրենց փողը, որպեսզի կարողանային տաճարի տարեկան տուրքը վճարել։ Առիթից օգտվելով՝ դրամափոխները նրանցից շատ գումար էին վերցնում։ Բացի տուրքից հարկ էր լինում նաև կենդանիներ գնել որպես զոհ մատուցելու համար։ Հիսուսը առևտրականներին կոչեց «ավազակներ» հավանաբար այն պատճառով, որ չափից շատ գումար էին վերցնում իրենց ծառայությունների համար։

b Եհովայի ժողովուրդը երկրպագում է նրան հոգևոր մեծ տաճարի երկրային գավիթներում։

c Այս հոդվածում նշվում էր, որ Հիսուսը չէր կարող ձմռանը ծնվել, քանի որ այդ տեսակետը «չի համապատասխանում այն արձանագրությանը, ըստ որի՝ հովիվները հոտերի հետ դաշտում էին» (Ղուկ. 2։8

d 1927թ. նոյեմբերի 14-ով թվագրված իր նամակում եղբայր Ֆրեդերիկ Ֆրանցը գրել է. «Այս տարի մենք Սուրբ Ծնունդ չենք տոնի։ Բեթելի ընտանիքը կողմ է քվեարկել, որ այլևս չնշենք այս տոնը»։ Մի քանի ամիս անց՝ 1928-ի փետրվարի 6-ին գրած նամակում եղբայր Ֆրանցը ասում էր. «Կամաց-կամաց Տերը մաքրում է մեզ Սատանայի բաբելոնյան կազմակերպության աղտերից»։

e Օրինակ՝ 2013-ին քարոզիչների բարձրագույն թիվը 7965954 էր, մինչդեռ Հիշատակի երեկոյին ներկա է եղել 19241252 մարդ։

f Լավ ձուկը անպետք ձկից առանձնացնելը չպետք է շփոթել ոչխարներին այծերից զատելու հետ (Մատթ. 25։31–46)։ Ոչխարներին այծերից զատելը, կամ՝ վերջնական դատաստանը, տեղի է ունենալու գալիք մեծ նեղության ժամանակ։ Իսկ մինչ այդ նրանք, ովքեր անպետք ձուկ են եղել, գուցե հետ դառնան դեպի Եհովան և «հավաքվեն ամանների մեջ»՝ ժողովներում (Մաղ. 3։7

g Վերջում անպետք ձկները գցվելու են կրակե հնոցը, որը խորհրդանշում է վերջնական բնաջնջում։