Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 15

Հաճույք ստացիր աշխատանքից

Հաճույք ստացիր աշխատանքից

«Ամեն մարդ պետք է.... բարիք տեսնի իր ողջ աշխատանքից» (ԺՈՂՈՎՈՂ 3։13)

1, 2. ա) Ի՞նչ զգացումներ ունեն շատերը իրենց աշխատանքի հանդեպ։ բ) Աշխատանքի հանդեպ ի՞նչ տեսակետ է խրախուսվում Աստվածաշնչում։

ԱՅՍՕՐ շատերը բավականություն կամ հաճույք չեն ստանում իրենց աշխատանքից։ Նրանք ստիպված են ժամեր շարունակ կատարել իրենց չսիրած գործը, որը երբեմն կարող է շատ ծանր լինել։ Ոմանք տհաճությամբ են ամեն օր աշխատանքի գնում։ Իսկ ինչպե՞ս կարելի է փոխել դա, ինչպե՞ս է հնարավոր բավականություն ստանալ աշխատանքից։

2 Աստվածաշնչում խրախուսվում է դրական տեսակետ ունենալ աշխատանքի հանդեպ։ Այնտեղ ասվում է, որ աշխատանքն ու դրա արդյունքը օրհնություն են։ Սողոմոնը գրեց. «Ամեն մարդ պետք է ուտի, խմի և բարիք տեսնի իր ողջ աշխատանքից։ Դա Աստծու պարգևն է» (Ժողովող 3։13)։ Եհովան, ով սիրում է մեզ և միշտ մեզ բարիք է կամենում, ուզում է, որ հաճույք ստանանք մեր աշխատանքից և վայելենք դրա պտուղները։ Նրա սիրո մեջ մնալու համար մենք պետք է որդեգրենք այն վերաբերմունքը և սկզբունքները, որ նա ունի աշխատանքի վերաբերյալ (կարդա՛  Ժողովող 2։24; 5։18

3. Ի՞նչ հարցեր կքննենք այս գլխում։

3 Այս գլխում կքննենք չորս հարցեր. ինչպե՞ս կարող ենք բավականություն ստանալ մեր աշխատանքից, ի՞նչ տիպի աշխատանքն է անընդունելի ճշմարիտ քրիստոնյաների համար, ինչպե՞ս հավասարակշռել աշխատանքը և հոգևոր գործերը, ո՞րն է կարևորագույն գործը քրիստոնյայի կյանքում։ Սակայն նախ տեսնենք, թե աշխատասեր անձնավորության ինչ գերազանց օրինակ են մեզ համար Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը։

ԳԵՐԱԶԱՆՑ ՕՐԻՆԱԿՆԵՐ ՄԵԶ ՀԱՄԱՐ

4, 5. Ինչպե՞ս է Աստվածաշունչը ցույց տալիս, որ Եհովան արդյունավետ աշխատող է։

4 Եհովան աշխատասիրության գերազանց օրինակն է։ Ծննդոց 1։1-ում կարդում ենք. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»։ Երբ նա ավարտեց երկրի վրա արարչագործությունը, իր աշխատանքի արդյունքի վերաբերյալ ասաց, որ «այդ ամենը շատ լավ է» (Ծննդոց 1։31)։ Նա մեծ բավականություն ստացավ իր ամբողջ ստեղծագործական աշխատանքից։ Այլ խոսքով՝ լինելով արդյունավետ աշխատող՝ մեր «երջանիկ Աստված» Եհովան հաճույք ստացավ իր ձեռքի գործից (1 Տիմոթեոս 1։11

5 Եհովան երբեք չի դադարում գործել։ Երկրի արարումից հազարամյակներ անց Հիսուսը, երբ երկրի վրա էր, ասաց. «Իմ Հայրը մինչև հիմա գործում է» (Հովհաննես 5։17)։ Իսկ ի՞նչ է անում նա։ Նա երկնքից շարունակում է ակտիվորեն առաջնորդություն տրամադրել և հոգ տանել մարդկանց։ Նա առաջ է բերել «նոր ստեղծագործություն»՝ ոգով օծված քրիստոնյաներին, ովքեր ի վերջո Հիսուսի հետ իշխելու են երկնքում (2 Կորնթացիներ 5։17)։ Նա նաև գործում է ի նպաստ մարդկության առնչությամբ իր նպատակի իրականացման, որպեսզի ովքեր սիրում են իրեն, հավիտյան ապրեն նոր աշխարհում (Հռոմեացիներ 6։23)։ Նա, անկասկած, մեծ բավականություն է ստանում իր աշխատանքից, քանի որ միլիոնավոր մարդիկ դրականորեն են արձագանքում Թագավորության լուրին, մտերմանում են Աստծու հետ և փոխում են իրենց կյանքը՝ նրա սիրո մեջ մնալու համար (Հովհաննես 6։44

6, 7. Ի՞նչ գործեր է կատարել Հիսուսը՝ լինելով ջանասեր աշխատող։

6 Հիսուսը նույնպես ջանասեր աշխատողի համբավ ունի։ Երբ ստեղծվում էին «բոլոր բաները երկնքում և երկրի վրա», նա Աստծու կողքին «հմուտ վարպետ» էր (Առակներ 8։22–31; Կողոսացիներ 1։15–17)։ Իսկ երբ նա երկիր եկավ, շարունակեց ջանադրաբար աշխատել։ Դեռ վաղ հասակից նա արհեստ սովորեց ու դարձավ ատաղձագործ (Մարկոս 6։3)։ Այս արհեստն ունեցողները անխոնջ աշխատողներ պետք է լինեին և տարբեր հմտություններ ունենային, որովհետև այն ժամանակ չկային տարատեսակ էլեկտրական գործիքներ և փայտանյութի խանութներ։ Ատաղձագործն ինքն էր գնում, ծառ կտրում, դրանից գերաններ կամ տախտակներ սարքում, որպեսզի, օրինակ, հենասյուներ, դռներ կամ կահույք պատրաստեր։ Ակնհայտ է, որ Հիսուսը գիտեր, թե ինչ է ծանր աշխատանքը, և բավականություն էր ստանում հմտորեն արած իր գործից։

7 Հիսուսը ակնառու ջանասիրությամբ էր կատարում նաև իր ծառայությունը։ Երեքուկես տարի նա լիովին նվիրված էր իրեն հանձնարարված կարևորագույն գործին։ Ցանկանալով հնարավորինս շատերին հասցնել Թագավորության լուրը՝ նա վեր էր կենում վաղ առավոտյան և կատարում էր իր ծառայությունը մինչև ուշ գիշեր՝ առանց ժամանակ կորցնելու (Ղուկաս 21։37, 38; Հովհաննես 3։2)։ Նա գնում էր «քաղաքից քաղաք և գյուղից գյուղ՝ քարոզելով ու հռչակելով Աստծու թագավորության բարի լուրը» (Ղուկաս 8։1)։ Հիսուսը բառացի հարյուրավոր կիլոմետրեր է ոտքով կտրել-անցել փոշոտ ճանապարհներով։

8, 9. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսը բավականություն էր ստանում իր գործից։

8 Հիսուսը բավականություն ստանո՞ւմ էր ծառայության մեջ կատարած իր աշխատանքից։ Իհարկե։ Նա Թագավորության ճշմարտության սերմերն էր ցանում և տեսնում էր այն առատ հունձը, որ պետք է հավաքվեր։ Աստծու նշանակած գործն անելն այնքան ուժ ու կորով էր տալիս նրան, որ նա երբեմն հաց ուտելու կարիք էլ չէր զգում (Հովհաննես 4։31–38)։ Պատկերացրու՝ ի՜նչ գոհունակությամբ իր երկրային կյանքի վերջում նա իր Հորն ասաց. «Ես փառավորեցի քեզ երկրի վրա՝ ավարտելով այն գործը, որ տվել էիր ինձ անելու» (Հովհաննես 17։4

9 Այո՛, Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը աշխատասեր անձնավորության գերազանց օրինակներ են, ովքեր հաճույք են ստանում իրենց կատարած գործից։ Եհովայի հանդեպ մեր սերը մղում է, որ ընդօրինակենք նրան (Եփեսացիներ 5։1)։ Իսկ Հիսուսի հանդեպ սերը մղում է, որ «սերտորեն նրա հետքերին հետևենք» (1 Պետրոս 2։21)։ Եկ հիմա տեսնենք, թե ինչպես կարող ենք նրանց պես բավականություն ստանալ մեր աշխատանքից։

ԻՆՉՊԵՍ ԲԱՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Աստվածաշնչյան սկզբունքները կիրառելը կօգնի հաճույք ստանալ աշխատանքից

10, 11. Ի՞նչը կօգնի, որ դրական վերաբերմունք զարգացնենք մեր աշխատանքի հանդեպ։

10 Աշխատանքը ճշմարիտ քրիստոնյայի կյանքում իր տեղն ունի։ Մենք ուզում ենք, որ այն բավարարվածություն կամ առնվազն ինչ-որ չափով գոհունակություն պատճառի մեզ։ Սա կարող է հատկապես դժվար լինել, եթե տվյալ աշխատանքը մեր սրտով չէ։ Նման հանգամանքում ի՞նչը կօգնի, որ հաճույք ստանանք մեր գործից։

11 Դրական վերաբերմունք զարգացրու։ Հաճախ մենք չենք կարող փոխել մեր հանգամանքները, սակայն կարող ենք փոխել մեր վերաբերմունքը։ Աշխատանքի հանդեպ Աստծու տեսակետի մասին խորհրդածելը կօգնի, որ դրական վերաբերմունք զարգացնենք։ Օրինակ՝ եթե ընտանիքի գլուխ ես, մտածիր, որ քո աշխատանքը, որքան էլ ձանձրալի կամ ցածրակարգ լինի, օգնում է, որ հոգաս ընտանիքիդ նյութական կարիքները։ Իսկ սիրելիների մասին հոգ տանելը աննշան բան չէ Աստծու աչքում։ Նրա Խոսքում կարդում ենք, որ ով չի հոգում իր ընտանիքի մասին, նա «անհավատից էլ վատն է» (1 Տիմոթեոս 5։8)։ Եթե գիտակցես, որ աշխատանքը այն միջոցն է, որով կարողանում ես կատարել Աստծու կողմից տրված պարտականությունդ, կկարողանաս քո աշխատանքի նպատակը տեսնել և ինչ-որ չափով բավարարվածության զգացում ունենալ, ինչը գուցե քո աշխատակիցները չունենան։

12. Ի՞նչ օրհնությունների դուռ են բացում աշխատասիրությունն ու ազնվությունը։

12 Եղիր աշխատասեր ու ազնիվ։ Ջանադրաբար աշխատելով և սովորելով գործի հետ կապված հմտությունները՝ մենք օրհնություններ կունենանք։ Սովորաբար գործատերերը բարձր են գնահատում իրենց հմուտ ու ջանասեր աշխատողներին (Առակներ 12։24; 22։29)։ Քանի որ ճշմարիտ քրիստոնյաներ ենք, մենք առավել ևս պետք է ազնիվ լինենք աշխատանքում. չգողանանք գործատիրոջը պատկանող փողը, իրերը և ժամանակը (Եփեսացիներ 4։28)։ Ինչպես իմացանք նախորդ գլխից, ազնվությունը միշտ էլ վարձատրվում է։ Ազնիվ մարդու համբավ ունեցող աշխատողը վստահության է արժանանում։ Կտեսնի գործատերը, որ ջանադրաբար ենք աշխատում, թե ոչ, միևնույնն է, մենք բավարարվածության զգացում կունենանք, որը բխում է «մաքուր խիղճ» ունենալուց և գիտակցելուց, որ հաճեցնում ենք Աստծուն, որին սիրում ենք (Եբրայեցիներ 13։18; Կողոսացիներ 3։22–24

13. Աշխատավայրում դրսևորած մեր լավ վարքը ի՞նչ արդյունքներ գուցե բերի։

13 Գիտակցիր, որ քո լավ վարքը փառք է բերում Աստծուն։ Երբ քրիստոնյային վայել վարք ենք դրսևորում մեր աշխատավայրում, դա աննկատ չի մնում։ Իսկ ի՞նչ արդյունքներ է այն բերում։ Մենք «զարդարում ենք մեր Փրկչի՝ Աստծու ուսմունքը» (Տիտոս 2։9, 10)։ Այո՛, մեր լավ վարքը կարող է պատճառ լինել, որ մեր աշխատակիցները տեսնեն մեր երկրպագության գեղեցկությունը, և այն ավելի գրավիչ դառնա նրանց համար։ Ի՞նչ կզգաս, եթե աշխատակիցդ սկսի հետաքրքրվել ճշմարտությամբ, քանի որ տեսնում է քո լավ օրինակը։ Իսկ ամենակարևորը՝ մի՞թե կա ավելի մեծ վարձատրություն, քան այն, որ քո վարքով փառք ես բերում Եհովայի անվանը և ուրախացնում ես նրա սիրտը (կարդա՛  Առակներ 27։11; 1 Պետրոս 2։12

ԽՈՐԱԹԱՓԱՆՑ ԵՂԻՐ ԱՇԽԱՏԱՆՔ ԸՆՏՐԵԼԻՍ

14. Ի՞նչը կօգնի մեզ Աստծուն հաճելի աշխատանք ընտրել։

14 Աստվածաշունչը մանրամասն հրահանգներ չի տալիս, թե որ աշխատանքն է ընդունելի քրիստոնյայի համար, իսկ որը՝ ոչ։ Սակայն դա չի նշանակում, որ կարող ենք ցանկացած աշխատանք անել, անկախ այն բանից, թե ինչի հետ է այն կապված։ Աստծու Խոսքն օգնում է, որ գտնենք այնպիսի ազնիվ և արդյունավետ աշխատանք, որը հաճելի կլինի Աստծուն, և խուսափենք այն աշխատանքից, որն անելով կտհաճեցնենք նրան (Առակներ 2։6)։ Քննենք երկու կարևոր հարց, որ պետք է հաշվի առնենք, երբ աշխատանք ենք ընտրում։

15, 16. Աշխատանք ընտրելուց առաջ ո՞ր հարցերը պետք է հաշվի առնենք։

15 Այս աշխատանքն ընդունելով, ես պարտավորված կլինե՞մ անել բաներ, որ դատապարտվում են Աստվածաշնչում։ Աստծու Խոսքը հստակորեն դատապարտում է այնպիսի արարքները, ինչպիսիք են՝ ստելը, գողանալը և կուռք պատրաստելը (Ելք 20։4; Գործեր 15։29; Եփեսացիներ 4։28; Հայտնություն 21։8)։ Եհովայի հանդեպ սիրուց մղված՝ մենք կհրաժարվենք անել մի գործ, որը, ըստ էության, կնշանակի անել Աստծու պատվերները ոտնահարող արարք (կարդա՛  1 Հովհաննես 5։3

16 Այս աշխատանքը անելով՝ ես մասնակից կլինե՞մ վատ գործերի կամ կնպաստե՞մ, որ ուրիշները դրանք անեն։ Նկատի առնենք մի օրինակ։ Քարտուղար աշխատելու մեջ ոչ մի սխալ բան չկա։ Բայց կարո՞ղ է քրիստոնյան նույն գործն անել վիճակախաղի տոմսերի վաճառքով զբաղվող գրասենյակում։ Ճիշտ է, նա գուցե ուղղակիորեն ներգրավված չլինի տոմսերի վաճառքում, բայց արդյոք նա իր աշխատանքով չի՞ նպաստի խաղամոլությանը, ինչը ագահություն է խրախուսում և դատապարտվում է Աստծու Խոսքում (Եփեսացիներ 5։3–5)։ Քանի որ սիրում ենք Եհովային, մենք չենք ուզում որևէ կերպ սերտ առնչություն ունենալ դատապարտելի գործերի հետ։

17. ա) Ի՞նչ գործոններ պետք է ծանրութեթև անենք աշխատանքի վերաբերյալ որոշում կայացնելիս (տես «Այս աշխատանքը ինձ համար ընդունելի՞ է» շրջանակը)։ բ) Ո՞ր դեպքում մեր խիղճը կօգնի, որ Աստծուն հաճելի որոշում կայացնենք։

17 Աշխատանքի հետ կապված շատ հարցերի պատասխաններ հստակ կլինեն, եթե խորությամբ քննենք 15-րդ և 16-րդ պարբերություններում նշված երկու կարևոր հարցերը։ Բացի դրանից, կան որոշ գործոններ էլ, որ պետք է ծանրութեթև անել աշխատանք ընտրելուց առաջ։ * Չենք կարող ակնկալել, որ առաջնորդություն տրամադրելու համար հավատարիմ ծառան կանոններ սահմանի ցանկացած հնարավոր իրավիճակի վերաբերյալ։ Նման դեպքերում պետք է խորաթափանցություն դրսևորենք։ Ինչպես իմացանք 2-րդ գլխից, պետք է կրթենք ու մարզենք մեր խիղճը՝ ուսումնասիրելով Աստծու Խոսքը և մտածելով, թե ինչպես այն կիրառենք մեր կյանքում։ Եթե «գործադրելով» մարզենք մեր խորաթափանցությունը, կամ՝ «ըմբռնողականությունը», մեր խիղճը կօգնի, որ Աստծուն հաճելի որոշում կայացնենք և մնանք նրա սիրո մեջ (Եբրայեցիներ 5։14

ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՆԴԵՊ

18. Ինչո՞ւ է դժվար հավասարակշռություն պահպանել աշխատանքի և հոգևոր գործերի միջև։

18 Այս «վերջին օրերում», երբ «չափազանց դժվար ժամանակներ են», հեշտ չէ հոգևոր գործերի և աշխատանքի միջև հավասարակշռություն պահպանել (2 Տիմոթեոս 3։1)։ Աշխատանք գտնելը կամ այն չկորցնելը իրոք մեծ խնդիր կարող է լինել։ Լինելով ճշմարիտ քրիստոնյաներ՝ մենք գիտակցում ենք աշխատելու և մեր ընտանիքի կարիքները հոգալու կարևորությունը։ Բայց եթե ուշադիր չլինենք, աշխատավայրում ճնշումը կամ այս աշխարհի նյութապաշտական վարակիչ մտածելակերպը կարող են խոչընդոտել մեր հոգևոր գործերին (1 Տիմոթեոս 6։9, 10)։ Եկ տեսնենք, թե ինչպես կարող ենք հավասարակշռված մնալ՝ «հավաստիանալով, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10

19. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ արժե լիովին ապավինել Եհովային, և այդ վստահությունը ինչի՞ց կօգնի խուսափել։

19 Լիովին ապավինիր Եհովային (կարդա՛  Առակներ 3։5, 6)։ Չէ՞ որ նա իսկապես արժանի է մեր վստահությանը։ Չէ՞ որ նա հոգ է տանում մեր մասին (1 Պետրոս 5։7)։ Նա մեզնից լավ գիտի մեր կարիքները և ի զորու է մեզ օգնել (Սաղմոս 37։25)։ Թող որ երբեք չմոռանանք Աստծու Խոսքի հետևյալ հորդորը. «Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա։ Բավարարվեք եղածով, քանի որ նա ասաց. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի»» (Եբրայեցիներ 13։5)։ Շատ լիաժամ ծառայողներ կվկայեն, որ Աստված կարող է բավարարել մեր կարիքները։ Եթե լիովին վստահ լինենք, որ Եհովան հոգ կտանի մեր մասին, մենք կխուսափենք անհարկի մտահոգություններից, թե ինչպես հոգալ մեր ընտանիքի մասին (Մատթեոս 6։25–32)։ Դա նաև կօգնի, որ թույլ չտանք աշխատանքին պատճառ լինել, որ անտեսենք մեր հոգևոր գործերը, ինչպիսիք են, օրինակ, բարի լուրը քարոզելը և ժողովի հանդիպումներին մասնակցելը (Մատթեոս 24։14; Եբրայեցիներ 10։24, 25

20. Ի՞նչ է նշանակում պարզ աչք ունենալ, և ինչպե՞ս կարող ենք այն պարզ պահել։

20 Աչքդ պարզ պահիր (կարդա՛  Մատթեոս 6։22, 23)։ Պարզ աչք ունենալ նշանակում է պարզ կյանք վարել։ Քրիստոնյան իր աչքը կենտրոնացած է պահում մի նպատակի՝ Աստծու կամքը կատարելու վրա։ Եթե մենք մեր աչքը կենտրոնացնենք այդ նպատակի վրա, ապա չենք վազի բարձր աշխատավարձով աշխատանք գտնելու և ճոխ կյանքի հետևից։ Մենք նաև չենք տարվի ամենավերջին և ամենալավ իրերը ձեռք բերելու անհագ մոլուցքով, որոնք գովազդներում ներկայացվում են որպես երջանիկ կյանքի գրավական։ Իսկ ինչպե՞ս մեր աչքը պահենք պարզ ու կենտրոնացած։ Մի՛ ծանրաբեռնիր քեզ՝ անտեղի պարտքեր անելով։ Մի՛ լցրու կյանքդ այնպիսի իրերով, որոնք շատ ժամանակ և ուշադրություն կպահանջեն։ Հետևիր Աստվածաշնչի խորհրդին. «Եթե ուտելիք, հագուստ և ծածկ ունենք, դրանցով բավարարվենք» (1 Տիմոթեոս 6։8)։ Փորձիր հնարավորինս պարզեցնել կյանքդ։

21. Ինչո՞ւ է հարկավոր առաջնահերթություններ դնել, և ի՞նչը պետք է լինի մեր կյանքում գլխավորը։

21 Հոգևոր առաջնահերթություններ դիր և փոխզիջման մի՛ գնա։ Քանի որ օրերը շատ արագ են անցնում, մենք պետք է առաջնահերթություններ դնենք։ Այլապես պակաս կարևոր գործերը կխլեն մեր թանկ ժամանակը, և չենք կարողանա կյանքի կարևոր բաներին ժամանակ տրամադրել։ Իսկ որո՞նք են այդ կարևոր բաները։ Աշխարհում շատերը կարևոր են համարում, օրինակ, բարձրագույն կրթությունը, որպեսզի ավելի խոստումնալից կարիերա ունենան այս համակարգում։ Սակայն Հիսուսը իր հետևորդներին հորդորեց. «Շարունակեք նախ թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրել» (Մատթեոս 6։33)։ Քանի որ ճշմարիտ քրիստոնյաներ ենք, Աստծու Թագավորությունը մեր կյանքում առաջին տեղում ենք դնում։ Այն, թե ինչ ընտրություն ենք անում, ինչ նպատակներ դնում և ինչով ենք զբաղվում, պետք է ցույց տա, որ Թագավորության շահերը և Աստծու կամքը մեզ համար ամենակարևոր բանն է ու ավելի շատ է հետաքրքրում մեզ, քան նյութական և ոչ հոգևոր բաները։

 

ՋԱՆԱՍԵՐ ԵՂԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Եհովայի հանդեպ մեր սերը ցույց կտանք՝ քարոզչական գործը մեր կյանքում առաջնահերթ դարձնելով

22, 23. ա) Ո՞րն է ճշմարիտ քրիստոնյայի համար կարևորագույն գործը, և ինչպե՞ս ցույց կտանք, որ այն կարևոր է մեզ համար (տես « Գոհունակությամբ լի կյանք եմ վարում» շրջանակը)։ բ) Ի՞նչ վերաբերմունք ես վճռել ունենալ քո աշխատանքի հանդեպ։

22 Գիտակցելով, որ ապրում ենք վերջին օրերում՝ մենք շարունակում ենք կենտրոնացած մնալ ճշմարիտ քրիստոնյաների ամենակարևոր գործի՝ քարոզելու և աշակերտներ պատրաստելու վրա (Մատթեոս 24։14; 28։19, 20)։ Մեր Առաջնորդի՝ Հիսուսի պես, մենք ուզում ենք լիովին զբաղված լինել այս գործում, որը կարող է փրկություն բերել շատերին։ Ինչպե՞ս կարող ենք ակնհայտ դարձնել, որ այն կարևոր է մեզ համար։ Շատ-շատերը իրենց կյանքը նվիրել են ծառայության գործին՝ դառնալով բարի լուրի քարոզիչ և համագործակցելով ժողովի հետ։ Ոմանք այնպես են դասավորել իրենց գործերը, որ կարողանում են ծառայել որպես ռահվիրաներ և միսիոներներ։ Շատ ծնողներ էլ, հասկանալով, թե որքան կարևոր են հոգևոր նպատակները, իրենց երեխաներին խրախուսել են լիաժամ ծառայության ձգտել։ Արդյոք Թագավորության նախանձախնդիր քարոզիչները բավարարվածություն ու գոհունակություն ստանո՞ւմ են իրենց ջանասեր ծառայությունից։ Անկասկած, այո՛։ Քանի որ ամբողջ սրտով Եհովային ծառայելը օրհնություններով հարուստ և գոհունակությամբ լի կյանքի միակ հաստատուն ճանապարհն է (կարդա՛  Առակներ 10։22

23 Մեզնից շատերը երկար ժամեր են աշխատում իրենց ընտանիքի նյութական կարիքները հոգալու համար։ Սակայն մենք չենք մոռանում, որ Եհովան ուզում է՝ հաճույք ստանանք մեր աշխատանքից։ Եթե մեր վերաբերմունքն ու գործելակերպը ներդաշնակեցնենք նրա տեսակետին և սկզբունքներին, մենք կկարողանանք հաճույք ստանալ մեր աշխատանքից։ Այդուհանդերձ, եկ վճռական լինենք և երբեք թույլ չտանք, որ աշխատանքը շեղի մեզ մեր կարևորագույն գործից՝ Աստծու Թագավորության բարի լուրը հռչակելուց։ Այս գործին առաջնահերթություն տալով՝ մենք դրսևորում ենք մեր սերը Եհովայի հանդեպ, ուստիև մնում ենք նրա սիրո մեջ։

^ պարբ. 17 Աշխատանքին առնչվող գործոնները ավելի մանրամասնորեն քննարկվում են «Դիտարանի» 2006թ. մարտի 15-ի համարում (էջ 23, 24), 1999թ. ապրիլի 15-ի համարում (էջ 28–30, անգլ., ռուս.) և 1982թ. հուլիսի 15-ի համարում (էջ 26, անգլ.)։