Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 14

Ազնիվ եղիր ամեն ինչում

Ազնիվ եղիր ամեն ինչում

«Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 13։18)

1, 2. Ի՞նչ է Եհովան զգում, երբ տեսնում է, որ ամեն ջանք թափում ենք ազնիվ լինելու համար։

 ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ տղան դպրոցից տուն գալիս գետնին դրամապանակ է գտնում՝ մեջը լիքը փող։ Ի՞նչ կանի նա։ Նա կարող է այն իրեն պահել։ Սակայն տղան դրամապանակը վերադարձնում է կորցնողին։ Երբ տղայի մայրը իմանում է այդ մասին, հպարտանում է իր որդու արածով։

2 Ծնողները սովորաբար ուրախանում են, երբ իրենց երեխաներն ազնվորեն են վարվում։ Մեր երկնային Հայրը՝ Եհովան, «ճշմարտությա՛ն Աստված» է և շատ է ուրախանում, երբ մենք ազնիվ ենք լինում (Սաղմոս 31։5)։ Մենք ուզում ենք հաճեցնել նրան և «ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18)։ Այժմ կքննարկենք կյանքի չորս ոլորտ, որտեղ ազնվորեն վարվելը կարող է դժվար լինել։ Իսկ հետո կտեսնենք, թե ինչ օգուտ կստանանք, եթե չնայած դժվարություններին՝ ազնիվ լինենք։

ԱԶՆԻՎ ԼԻՆԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵՐ ՀԱՆԴԵՊ

3–5. ա) Ինչպե՞ս է հնարավոր, որ խաբենք ինքներս մեզ։ բ) Ի՞նչը կօգնի, որ ազնիվ լինենք ինքներս մեր հանդեպ։

3 Ուրիշների հանդեպ ազնիվ լինելու համար նախ պետք է ինքներս մեր հանդեպ ազնիվ լինենք։ Միշտ չէ, որ դա հեշտ է։ Առաջին դարում Լաոդիկեայի ժողովի եղբայրները իրենք իրենց խաբում էին՝ մտածելով, թե հաճեցնում են Աստծուն, մինչդեռ իրականությունն այլ էր (Հայտնություն 3։17)։ Մենք էլ, հնարավոր է, ինքներս մեզ խաբենք այն հարցում, թե ինչպիսի անձնավորություն ենք իրականում։

4 Հակոբոս աշակերտը գրել է. «Եթե որևէ մեկը կարծում է, թե ճիշտ է երկրպագում Աստծուն, բայց չի սանձում իր լեզուն.... [նա] խաբում է իր սիրտը, այդ մարդու երկրպագությունը ունայն է» (Հակոբոս 1։26)։ Մենք կխաբենք ինքներս մեզ, եթե մտածենք, որ քանի դեռ բարի գործեր ենք անում, Աստված աչք կփակի այն բանի վրա, որ կոպիտ ու ծաղրական խոսելաձև ունենք կամ ստեր ենք ասում։ Ի՞նչը կօգնի, որ չխաբենք ինքներս մեզ։

5 Երբ նայում ենք հայելու մեջ, տեսնում ենք մեր արտաքինը։ Իսկ երբ կարդում ենք Աստվածաշունչը, կարող ենք տեսնել՝ ինչպիսին ենք ներքուստ։ Աստվածաշնչի օգնությամբ կարող ենք իմանալ մեր ուժեղ և թույլ կողմերը։ Այդպիսով կհասկանանք, թե ինչ փոփոխություններ պետք է անենք մեր մտածելակերպի, վարվելակերպի և խոսելաձևի մեջ (կարդա Հակոբոս 1։23–25)։ Բայց եթե ինքներս մեզ համոզենք, որ չունենք թերություններ, ապա երբեք չենք կարող բարելավվել։ Ուստի պետք է Աստվածաշնչի միջոցով ազնվորեն ինքնաքննություն անենք (Ողբ 3։40; Անգե 1։5)։ Աղոթքը նույնպես կարող է օգնել, որ ճանաչենք ինքներս մեզ։ Կարող ենք խնդրել Եհովային, որ օգնի՝ տեսնենք մեր թերությունները և շտկենք դրանք (Սաղմոս 139։23, 24)։ Մենք հիշում ենք, որ «խարդախ մարդը գարշելի է Եհովայի համար, բայց Նրա մտերմությունը ուղղամիտների հետ է» (Առակներ 3։32

ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

6. Ինչո՞ւ պետք է կողակիցները ազնիվ լինեն միմյանց հանդեպ։

6 Ազնվությունը անչափ կարևոր է ընտանիքում։ Երբ ամուսինն ու կինը անկեղծ են իրար հանդեպ, ապահովության զգացում են ունենում և վստահում են իրար։ Ամուսնական կյանքում անազնվությունը կարող է տարբեր կերպերով դրսևորվել։ Օրինակ՝ ամուսնացած անհատը գուցե ֆլիրտ անի, պոռնկագրություն դիտի կամ գաղտնի ռոմանտիկ փոխհարաբերություններ զարգացնի ուրիշի հետ։ Սաղմոսերգուն ասում է. «Ստախոս մարդկանց հետ չեմ նստել և չեմ ընկերակցել իրենց էությունը թաքցնողների հետ» (Սաղմոս 26։4)։ Եթե անազնիվ լինես կողակցիդ հանդեպ նույնիսկ քո մտքում, դա կվնասի ձեր փոխհարաբերությունները։

Իսկույն մերժիր ցանկացած բան, որ կարող է վնասել ձեր ամուսնական փոխհարաբերությունները

7, 8. Ինչպե՞ս կարող ես Աստվածաշնչի օգնությամբ սովորեցնել երեխաներիդ ազնվության կարևորությունը։

7 Երեխաները նույնպես պետք է հասկանան ազնվության կարևորությունը։ Ծնողները կարող են նրանց սովորեցնել դա Աստվածաշնչի միջոցով։ Այնտեղ կան անազնիվ մարդկանց օրինակներ, ինչպիսիք էին Աքանը, ով գողություն արեց, Գեեզին, ով սուտ խոսեց շահ ստանալու նպատակով, նաև Հուդան, ով փող էր գողանում, իսկ հետագայում մատնեց Հիսուսին 30 արծաթե մետաղադրամի դիմաց (Հեսու 6։17–19; 7։11–25; 2 Թագավորներ 5։14–16, 20–27; Մատթեոս 26։14, 15; Հովհաննես 12։6

8 Աստվածաշնչում կան նաև ազնիվ մարդկանց օրինակներ։ Նրանցից էին Հակոբը, ով հորդորեց իր որդիներին հետ վերադարձնել իրենց գտած գումարը, Հեփթայեն ու նրա աղջիկը, ովքեր պահեցին Աստծուն տված իրենց խոստումը, Հիսուսը, ով ազնվություն էր դրսևորում նույնիսկ դժվարին իրավիճակներում (Ծննդոց 43։12; Դատավորներ 11։30–40; Հովհաննես 18։3–11)։ Այս օրինակները կարող են օգնել երեխաներին հասկանալ ազնիվ լինելու կարևորությունը։

9. Ծնողների ազնվությունը ինչպե՞ս կանդրադառնա երեխաների վրա։

9 Ծնողների համար շատ կարևոր հիշեցում է աստվածաշնչյան հետևյալ սկզբունքը. «Ուրեմն դու, որ, սովորեցնում ես ուրիշին, ինքդ քեզ չե՞ս սովորեցնում։ Դու, որ քարոզում ես՝ «մի՛ գողացիր», ի՞նքդ ես գողանում» (Հռոմեացիներ 2։21)։ Երեխաների աչքից չի վրիպում, երբ իրենց ծնողները ասում են մի բան, բայց անում ուրիշ բան։ Եթե մեր երեխաներին հորդորենք ազնիվ լինել, բայց ինքներս ազնիվ չլինենք, նրանք տարակուսանքի մեջ կընկնեն։ Եթե երեխաները նկատեն, որ իրենց ծնողները ստում են, նույնիսկ փոքր հարցերում, նրանք հավանաբար կընդօրինակեն նրանց (կարդա Ղուկաս 16։10)։ Իսկ եթե տեսնեն, որ իրենց ծնողները հուսալի են ու ազնիվ, ապա թերևս իրենք էլ այդպիսին կլինեն, երբ մեծանան ու ծնող դառնան (Առակներ 22։6; Եփեսացիներ 6։4

ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՈՒՄ

10. Ինչպե՞ս կարող ենք ազնիվ լինել մեր հավատակիցների հետ զրույցներում։

10 Մենք պետք է ազնիվ լինենք նաև մեր հավատակիցների հանդեպ։ Առօրյա զրույցները աննկատ կարող են վերածվել բամբասանքի և նույնիսկ զրպարտության։ Եթե չճշտված տեղեկություններ փոխանցենք ուրիշներին, ապա գուցե ստեր տարածենք։ Ավելի լավ է հսկենք մեր շուրթերը (Առակներ 10։19)։ Ազնիվ լինել չի նշանակում, որ պետք է ասենք այն ամենը, ինչ մտածում ենք, գիտենք կամ լսել ենք։ Նույնիսկ եթե այն, ինչ ուզում ենք ասել, ճիշտ է, պետք է հաշվի առնենք, որ դա գուցե մեզ չի վերաբերում, կամ այդ մասին ուրիշին հաղորդելու կարիք չկա, ու դա բարության դրսևորում չէ (1 Թեսաղոնիկեցիներ 4։11)։ Ոմանք աննրբանկատ խոսելն արդարացնում են՝ ասելով. «Ես անկեղծ մարդ եմ, ինչ մտածում եմ՝ ասում եմ»։ Բայց որպես Եհովայի ծառաներ՝ մենք ուզում ենք, որ մեր խոսքը միշտ վայելուչ ու բարի լինի (կարդա Կողոսացիներ 4։6

11, 12. ա) Մեղք գործած անհատը ինչո՞ւ պետք է անկեղծ լինի երեցների հետ խոսելիս։ բ) Եթե մեր ընկերը լուրջ սխալ է գործում, ի՞նչ մտածելակերպից պետք է խուսափենք և ինչո՞ւ։ գ) Ինչպե՞ս կարող ենք ազնիվ լինել Եհովայի կազմակերպության հանդեպ։

11 Եհովան երեցներին նշանակել է, որ հոգ տանեն ժողովին։ Երեցների համար հեշտ կլինի մեզ օգնել, եթե ազնիվ լինենք նրանց հետ խոսելիս։ Ինչո՞ւ։ Երբ հիվանդ լինես և բժշկի դիմես, մի՞թե քո գանգատների միայն մի մասը կպատմես, իսկ մյուս մասը կթաքցնես։ Եթե այդպես վարվես, ինչպե՞ս նա կկարողանա օգնել քեզ։ Նմանապես, եթե լուրջ սխալ անենք, չպետք է թաքցնենք այն։ Փոխարենը՝ պետք է մոտենանք երեցներին և ազնվորեն խոսենք մեր արարքի մասին (Սաղմոս 12։2; Գործեր 5։1–11)։ Մեկ այլ իրավիճակ քննենք։ Ինչպե՞ս ճիշտ կլինի վարվել, երբ իմանում ես, որ ընկերդ է լուրջ սխալ արել (Ղևտական 5։1)։ Արդյոք կմտածե՞ս. «Եթե իսկական ընկեր եմ, պետք է նրա արածը գաղտնի պահեմ»։ Թե՞ կհիշես, որ երեցները նշանակված են, որ օգնեն նրան վերականգնել և ամրացնել Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները (Եբրայեցիներ 13։17; Հակոբոս 5։14, 15

12 Մենք պետք է ազնիվ լինենք նաև Եհովայի կազմակերպության հանդեպ, օրինակ, երբ լրացնում ենք մեր քարոզչական ծառայության հաշվետվությունը, ինչպես նաև երբ դիմում ենք լրացնում ռահվիրայության կամ ծառայության այլ ձևի համար (կարդա Առակներ 6։16–19

13. Ինչպե՞ս կարող ենք ազնիվ լինել հավատակիցների հետ գործարար հարաբերություններում։

13 Ժողովի եղբայրներն ու քույրերը չպետք է գործարար և առևտրային հարցերը խառնեն հոգևորին։ Օրինակ՝ այդպիսի հարցերով չենք զբաղվի Թագավորության սրահում կամ ծառայության ժամանակ։ Նաև չենք շահագործի մեր եղբայրներին ու քույրերին։ Եթե աշխատանքի ես ընդունում քո հավատակիցներին, ապա պետք է ժամանակին վարձատրես նրանց, տաս այնքան աշխատավարձ, որքան խոստացել ես, և իրականացնես օրենքով սահմանված նրանց բոլոր իրավունքները։ Դա կարող է լինել նրանց որպես աշխատող գրանցելը, վճարովի արձակուրդ տրամադրելը և այլն (1 Տիմոթեոս 5։18; Հակոբոս 5։1–4)։ Իսկ եթե դու ես աշխատանքի ընդունվում հավատակցիդ մոտ, ապա չպետք է յուրահատուկ վերաբերմունք ակնկալես նրանից (Եփեսացիներ 6։5–8)։ Դու պետք է աշխատանքին հատկացնես այնքան ժամանակ, որքան պայմանավորվել եք, և անես այն ամենը, ինչի համար վարձատրվում ես (2 Թեսաղոնիկեցիներ 3։10

14. Ի՞նչ պետք է անեն քրիստոնյաները նախքան հավատակցի հետ գործարքի մեջ մտնելը։

14 Իսկ ի՞նչ կարելի է ասել այն դեպքերի մասին, երբ քրիստոնյան գործարքի մեջ է մտնում իր հավատակցի հետ։ Դա կարող է վերաբերել ֆինանսական ներդրման, վարկ կամ պարտք վերցնելուն և նման այլ հարցերի։ Այդպիսի իրավիճակների համար Աստվածաշնչում կա շատ օգտակար սկզբունք՝ գրավոր համաձայնագիր կազմել։ Երբ Երեմիա մարգարեն մի հողատարածք գնեց, նա համաձայնագիր կազմեց երկու օրինակից, որոնցից մեկը ստորագրված էր վկաների կողմից։ Այդ երկու փաստաթղթերն էլ պահվեցին՝ հարկ եղած դեպքում անդրադառնալու համար (Երեմիա 32։9–12; տես նաև Ծննդոց 23։16–20)։ Ոմանք կարծում են, որ գրավոր համաձայնագիր կազմելով՝ այնպիսի տպավորություն կստեղծեն, որ չեն վստահում իրենց հավատակցին։ Բայց իրականում դա կարող է կանխել հետագա թյուրիմացությունները, հիասթափությունները և տարաձայնությունները։ Ամեն դեպքում, պետք է հիշենք, որ ժողովի խաղաղությունը ավելի կարևոր է, քան ցանկացած գործարքային հարց (1 Կորնթացիներ 6։1–8; տես Ծանոթագրություն 30

ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀԻԿ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ԱՌՆՉՎԵԼԻՍ

15. Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում անազնվությանը գործարքային հարցերում։

15 Մենք պետք է ազնիվ լինենք բոլորի հանդեպ, նույնիսկ նրանց, ովքեր Եհովայի վկաներ չեն։ Եհովայի համար շատ կարևոր է, որ ազնիվ լինենք։ Նրա Խոսքում ասվում է. «Խարդախ կշեռքը գարշելի է Եհովայի համար, բայց լիակշիռ կշռաքարը հաճելի է նրան» (Առակներ 11։1; 20։10, 23)։ Աստվածաշնչյան ժամանակներում առևտրի մեջ կշեռք էին օգտագործում։ Բայց որոշ առևտրականներ խաբում էին իրենց հաճախորդներին և պայմանավորվածից ավելի քիչ էին տալիս նրանց կամ այնպես էին անում, որ նրանք պահանջվածից ավելի շատ վճարեն։ Այսօր էլ, ինչպես աստվածաշնչյան ժամանակներում, գործարար հարաբերություններում անազնիվ լինելը սովորական բան է։ Եվ ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր Եհովան ատում է անազնվությունը։

16, 17. Անազնվության ո՞ր տարածված ձևերից պետք է խուսափենք։

16 Մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, որում շատերը անազնիվ են լինում, օրինակ՝ աշխատանքի ընդունման դիմում կամ պետական բլանկներ լրացնելիս, դպրոցում քննություններ տալիս։ Շատերը կարծում են, որ ոչ մի սխալ բան չկա սուտ, չափազանցված կամ ապակողմնորոշող պատասխաններ տալու մեջ։ Սա չպետք է զարմացնի մեզ։ Աստվածաշնչում կանխագուշակված է, որ այս համակարգի վերջին օրերում մարդիկ լինելու էին «անձնասեր, փողասեր.... առաքինություն չսիրող» (2 Տիմոթեոս 3։1–5

17 Երբեմն գուցե թվա, որ անազնիվ մարդիկ հաջողության են հասնում այս աշխարհում (Սաղմոս 73։1–8)։ Քրիստոնյան հանուն ազնվության նույնիսկ գուցե կորցնի իր աշխատանքը, ֆինանսական կորուստներ կրի կամ վատ վերաբերմունքի արժանանա աշխատավայրում։ Բայց ազնվության համար արժե ցանկացած զոհողություն անել։ Ինչո՞ւ։

ԱԶՆԻՎ ԼԻՆԵԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ

18. Ինչո՞ւ է բարի համբավը այդքան արժեքավոր։

18 Ազնիվ և հուսալի մարդու համբավ ունենալը շատ արժեքավոր ու հազվագյուտ բան է այս աշխարհում։ Բայց յուրաքանչյուրս էլ կարող է այդպիսի համբավ ձեռք բերել (Միքիա 7։2)։ Թեև քո ազնվության համար ոմանք գուցե ծաղրեն քեզ և անմիտ համարեն, բայց ուրիշները կգնահատեն և կվստահեն քեզ։ Եհովայի վկաները ողջ աշխարհում հայտնի են որպես ազնիվ մարդիկ։ Որոշ գործատուներ նախընտրում են Վկաների ընդունել աշխատանքի, քանի որ գիտեն, որ վերջիններս ազնիվ են։ Շատ աշխատողներ անազնվության պատճառով կորցնում են իրենց աշխատանքը, մինչդեռ Վկաները մեծ մասամբ պահպանում են այն։

Մեր ջանասիրությամբ կարող ենք փառք բերել Եհովային

19. Ինչպե՞ս կարող է ազնիվ լինելը ազդել Եհովայի հետ մեր փոխհարաբերությունների վրա։

19 Ամեն ինչում ազնվորեն վարվելով՝ կունենանք մաքուր խիղճ և մտքի խաղաղություն։ Այդ դեպքում Պողոսի պես կարող ենք ասել. «Վստահ ենք, որ մաքուր խիղճ ունենք» (Եբրայեցիներ 13։18)։ Իսկ որ ամենակարևորն է, Եհովան՝ մեր սիրող Հայրը, կնկատի և կգնահատի ամեն ինչում ազնիվ լինելու մեր ջանքերը (կարդա Սաղմոս 15։1, 2; Առակներ 22։1