Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 10

Ամուսնություն. պարգև Աստծուց

Ամուսնություն. պարգև Աստծուց

«Երեքտակ պարանը շուտ չի կտրվում» (ԺՈՂՈՎՈՂ 4։12)

1, 2. ա) Ի՞նչ հույս ունեն նոր ամուսնացած մարդիկ։ բ) Ի՞նչ հարցեր կքննարկվեն այս գլխում։

 ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ հարսին ու փեսային իրենց ամուսնության օրը։ Նրանք երջանիկ են, լի են հույսերով ու երազանքներով և լավատեսորեն են նայում իրենց ապագային։ Նրանք հույս ունեն, որ իրենց միությունը կլինի հարատև ու երջանիկ։

2 Այնուամենայնիվ, շատ ամուսնությունների միայն սկիզբն է լավ լինում, բայց հետո ամեն ինչ փոխվում է։ Որպեսզի ամուսնությունը հարատև ու երջանիկ լինի, զույգը պետք է հետևի Աստծու առաջնորդությանը։ Ուստի եկեք քննենք, թե Աստվածաշունչը ինչպես է պատասխանում հետևյալ հարցերին։ Որո՞նք են ամուսնության դրական կողմերը։ Եթե որոշել ես ամուսնանալ, ինչպե՞ս ճիշտ ընտրություն անել։ Ինչպե՞ս կարող ես լավ ամուսին կամ լավ կին լինել։ Ի՞նչը կօգնի, որ ամուսնությունը լինի հարատև (կարդա Առակներ 3։5, 6

ԱՐԺԵ՞ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

3. Ըստ քեզ՝ երջանիկ լինելու համար պարտադի՞ր է ամուսնացած լինել։ Բացատրիր։

3 Ոմանք այն կարծիքին են, որ չամուսնացած մարդիկ չեն կարող երջանիկ լինել։ Բայց դա ճիշտ չէ։ Հիսուսն ասել է, որ ամուրիությունը կարող է պարգև լինել (Մատթեոս 19։11, 12)։ Իսկ Պողոս առաքյալը խոսել է ամուրի լինելու առավելությունների մասին (1 Կորնթացիներ 7։32–38)։ Դու ինքդ պետք է որոշես՝ ամուսնանալ, թե ոչ։ Չպետք է թույլ տաս, որ այդ հարցում քո մշակույթը, ընտանիքը կամ ընկերները ճնշում բանեցնեն քեզ վրա։

4. Որո՞նք են հաջող ամուսնության մի քանի դրական կողմերը։

4 Աստվածաշնչում ասվում է, որ ամուսնությունն էլ է պարգև Աստծուց և ունի մի շարք դրական կողմեր։ Եհովան առաջին տղամարդու՝ Ադամի մասին ասաց. «Լավ չէ, որ մարդը մենակ մնա։ Մի օգնական ստեղծեմ նրա համար որպես նրան լրացում» (Ծննդոց 2։18)։ Եհովան Եվային ստեղծեց, որ նա Ադամի կինը դառնա, և նրանք կազմեցին առաջին մարդկային ընտանիքը։ Եթե զույգը երեխաներ ունի, ապա ամուսնական կառույցը պետք է ապահով ու առողջ միջավայր լինի նրանց մեծացնելու համար։ Բայց երեխաներ ունենալը ամուսնության միակ նպատակը չէ (Սաղմոս 127։3; Եփեսացիներ 6։1–4

5, 6. Ինչպե՞ս կարող է ամուսնությունը նման լինել «երեքտակ պարանի»։

5 Սողոմոն թագավորը գրել է. «Երկուսով ավելի լավ է, քան մենակ, որովհետև նրանք վարձատրություն ունեն իրենց տքնաջան աշխատանքից։ Եթե մեկն ընկնի, մյուսն իր ընկերոջը կբարձրացնի։ Բայց ի՞նչ կպատահի, եթե մեկն ընկնի և նրան բարձրացնող չլինի.... Երեքտակ պարանը շուտ չի կտրվում» (Ժողովող 4։9–12

6 Լավ ամուսնությունը կարող է լինել ամենամտերիմ ընկերությունը երկու անձանց միջև, ովքեր աջակցում, մխիթարում և պաշտպանում են միմյանց։ Սերը կարող է ամրացնել ամուսնությունը, բայց այն է՛լ ավելի ամուր կլինի, եթե ամուսինն ու կինը երկրպագեն Եհովային։ Այդպիսով նրանց ամուսնությունը կլինի «երեքտակ պարանի»՝ երեք թելերով ամուր հյուսված պարանի պես։ Երեքտակ պարանը շատ ավելի ամուր է, քան երկտակը։ Ամուսնությունը ամուր կլինի, երբ Եհովան դրա մի մասը կազմի։

7, 8. Ի՞նչ ասաց Պողոսը ամուսնության վերաբերյալ։

7 Ամուսնանալուց հետո կողակիցները կարող են բավարարել միմյանց բնական սեռական ցանկությունները (Առակներ 5։18)։ Սակայն եթե անհատը ամուսնանում է միայն այդ ցանկությունները բավարարելու համար, ապա թերևս չկարողանա կողակից ընտրելիս ճիշտ որոշում կայացնել։ Դա է պատճառը, որ Աստվածաշնչում ասվում է, որ անհատը պետք է ամուսնանա, միայն եթե անցել է նրա «երիտասարդության ծաղկուն շրջանը»՝ կյանքի մի փուլ, երբ սեռական ցանկությունները հատկապես ուժեղ են (1 Կորնթացիներ 7։36)։ Ավելի լավ կլինի սպասել, մինչև որ այդ ուժգին ցանկությունները հանդարտվեն, և անհատը կարողանա ավելի սթափ դատել և ավելի ճիշտ ընտրություն անել (1 Կորնթացիներ 7։9; Հակոբոս 1։15

8 Եթե մտածում ես ամուսնանալու մասին, ապա լավ կլինի իրատես լինել և գիտակցել, որ յուրաքանչյուր ամուսնության մեջ խնդիրներ լինում են։ Պողոսն ասել է, որ ամուսնացողները «դժվարություններ կունենան իրենց կյանքում» (1 Կորնթացիներ 7։28)։ Դժվարություններ լինում են նույնիսկ լավագույն ամուսնությունների մեջ։ Այնպես որ, եթե որոշես ամուսնանալ, իմաստությամբ ընտրիր կողակցիդ։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԿՈՂԱԿԻՑ

9, 10. Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե քրիստոնյան ամուսնանա Եհովային չերկրպագող անհատի հետ։

9 Աստվածաշնչում կողակցի ընտրության վերաբերյալ մի կարևոր սկզբունք կա. «Անհավատների հետ անհավասար լծակից մի՛ եղեք» (2 Կորնթացիներ 6։14)։ Այս պատկերավոր արտահայտությունը հիմնված է գյուղատնտեսության մեջ օգտագործվող մի մեթոդի վրա։ Հողագործը միևնույն լծի տակ չի դնի երկու կենդանիների, որոնք տարբերվում են չափերով կամ ուժով։ Դա անխղճություն կլինի այդ կենդանիների հանդեպ, քանի որ երկուսն էլ կտանջվեն։ Նմանապես, եթե Եհովային երկրպագող անհատը ամուսնանա մեկի հետ, ով չի երկրպագում Նրան, ապա այդպիսի ամուսնության մեջ բազմաթիվ խնդիրներ կլինեն։ Ուստի Աստվածաշունչը մեզ իմաստուն խորհուրդ է տալիս՝ ամուսնանալ «միայն Տիրոջ հետևորդի հետ» (1 Կորնթացիներ 7։39

10 Երբեմն որոշ քրիստոնյաներ կարծում են, որ ավելի լավ է ամուսնանալ Եհովային չծառայող մարդու հետ, քան մենակ մնալ։ Բայց Աստվածաշնչի խորհրդին չհետևելը հաճախ ցավ ու տառապանք է բերում։ Որպես Եհովային երկրպագողներ՝ մեր կյանքում ամենակարևոր բանը նրան ծառայելն է։ Ի՞նչ կզգաս, եթե կյանքիդ այդ ամենակարևոր պահերը չկարողանաս կիսել կողակցիդ հետ։ Շատերը գերադասել են ամուրի մնալ, քան ամուսնանալ մեկի հետ, ով չի սիրում Եհովային և չի ծառայում նրան (կարդա Սաղմոս 32։8

11. Ինչպե՞ս կարող ես ճիշտ ընտրություն անել։

11 Սա չի նշանակում, որ Եհովային ծառայող ցանկացած անհատ կարող է լավ կողակից լինել քեզ համար։ Եթե մտածում ես ամուսնության մասին, գտիր մեկին, ով իրոք քեզ դուր է գալիս և ում հետ հեշտ ես լեզու գտնում։ Սպասիր այնքան, մինչև հանդիպես այնպիսի մարդու, ով նույն նպատակներն ունի, ինչ դու, և ով Եհովային ծառայելը առաջին տեղում է դնում իր կյանքում։ Ժամանակ հատկացրու, որ կարդաս ամուսնության հետ կապված օգտակար խորհուրդները, որ տրվում են հավատարիմ և իմաստուն ծառայի թողարկած հրատարակություններում, ու խորհրդածես դրանց շուրջ (կարդա Սաղմոս 119։105

12. Ի՞նչ կարող ենք սովորել աստվածաշնչյան այն պատմությունից, թե ինչպես Աբրահամը կին ընտրեց իր որդու համար։

12 Որոշ մշակույթներում ընդունված է, որ ծնողները իրենց երեխաների համար կողակից ընտրեն։ Այդպիսի մշակույթներում համարում են, որ ծնողները կարող են լավագույն ընտրությունը անել իրենց երեխայի համար։ Այս սովորույթը կար նաև աստվածաշնչյան ժամանակներում։ Եթե քո ընտանիքը նախընտրում է հետևել այս սովորույթին, ապա Աստվածաշունչը կարող է օգնել ծնողներիդ կողմնորոշվելու, թե ինչ հատկություններ փնտրեն քո ապագա կողակցի մեջ։ Օրինակ, երբ Աբրահամը իր որդի Իսահակի համար կին էր ընտրում, նա առաջին հերթին ուշադրություն դարձրեց այն բանին, որ Իսահակի ապագա կինը լինի Եհովային սիրող անհատ, ոչ թե նյութապես ապահովված կամ սոցիալական բարձր դիրք ունեցող մեկը (Ծննդոց 24։3, 67; տես Ծանոթագրություն 25

ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆԸ

13–15. ա) Ինչպե՞ս կարող է տղամարդը պատրաստվել ամուսնությանը։ բ) Ինչպե՞ս կարող է կինը պատրաստվել ամուսնությանը։

13 Եթե մտածում ես ամուսնանալու մասին, նախ մտածիր՝ պատրա՞ստ ես։ Գուցե կարծում ես՝ այո՛, բայց եկ քննենք՝ ինչ է նշանակում իսկապես պատրաստ լինել ամուսնությանը։ Պատասխանը գուցե զարմացնի քեզ։

Ժամանակ հատկացրու, որ կարդաս ու խորհրդածես, թե ամուսնության մասին ինչ խորհուրդներ են տրվում Աստծու Խոսքում

14 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ տղամարդու և կնոջ համար ընտանիքում տարբեր դերեր են սահմանված։ Ուստի ամուսնությանը պատրաստ լինել տղամարդու համար մի բան է նշանակում, իսկ կնոջ համար այլ բան։ Ամուսնանալու մասին մտածող տղամարդը պետք է ինքն իրեն հարցնի, թե պատրաստ է արդյոք կատարելու ընտանիքի գլխի դերը։ Եհովան ամուսնուց ակնկալում է հոգ տանել իր կնոջ ու երեխաների նյութական և էմոցիոնալ կարիքների մասին։ Ամուսնու ամենակարևոր պարտականությունն է առաջնորդել իր ընտանիքին հոգևոր հարցերում։ Աստվածաշունչն ասում է, որ իր ընտանիքի մասին հոգ չտանող տղամարդը «անհավատից էլ վատն» է (1 Տիմոթեոս 5։8)։ Ուստի եթե մտածում ես ամուսնանալու մասին, խորհիր, թե ինչպես կարող ես կիրառել հետևյալ աստվածաշնչյան սկզբունքը. «Դրսի գործերդ արա և դաշտում դրանք ավարտին հասցրու։ Դրանից հետո նաև տունդ շինիր»։ Այլ կերպ ասած՝ հավաստիացիր, որ կարող ես լինել այնպիսի ամուսին, ինչպիսին Եհովան է ակնկալում (Առակներ 24։27

15 Եթե կինն է մտածում ամուսնանալու մասին, ապա պետք է ինքն իրեն հարցնի, թե պատրաստ է արդյոք կատարելու ամուսնացած կնոջ և գուցե նաև մոր պարտականությունները։ Աստվածաշնչում թվարկված են այն բազմաթիվ կերպերից մի քանիսը, որոնցով լավ կինը հոգ է տանում իր ամուսնու և երեխաների մասին (Առակներ 31։10–31)։ Այսօր շատ տղամարդիկ ու կանայք մտածում են միայն այն մասին, թե ամուսնությունը ինչ կտա իրենց, բայց Եհովան ուզում է, որ մտածենք, թե ինքներս ինչ կարող ենք տալ մեր ապագա կողակցին։

16, 17. Եթե ուզում ես ամուսնանալ, ինչի՞ մասին պետք է մտածես։

16 Նախքան ամուսնանալը խորհիր, թե ինչ է Եհովան ակնկալում ամուսնուց և կնոջից։ Լինել ընտանիքի գլուխ չի նշանակում լինել բռնակալ կամ ֆիզիկապես ու զգացապես ճնշել կողակցին։ Որպես լավ գլուխ՝ ամուսինը ընդօրինակում է Հիսուսին, ով միշտ սիրալիր ու բարի էր նրանց նկատմամբ, ովքեր իր հոգածության տակ էին (Եփեսացիներ 5։23)։ Կինն իր հերթին պետք է մտածի, թե ինչ է նշանակում համագործակցել ամուսնու հետ և թիկունք կանգնել նրա կայացրած որոշումներին (Հռոմեացիներ 7։2)։ Նա ինքն իրեն պետք է հարցնի, թե արդյոք պատրաստ է ուրախությամբ հնազանդվել անկատար տղամարդուն։ Եթե կարծում է՝ պատրաստ չէ, ապա գուցե որոշի, որ ավելի լավ է՝ առայժմ ամուրի մնա։

17 Թե՛ ամուսինը, թե՛ կինը ավելի շատ պետք է մտածեն կողակցի բարօրության մասին, քան թե իրենց (կարդա Փիլիպպեցիներ 2։4)։ Պողոսը գրել է. «Ձեզանից ամեն մեկը թող այնպես սիրի իր կնոջը, ինչպես իր անձը։ Իսկ կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (Եփեսացիներ 5։21–33)։ Հարգանքի ու սիրո կարիք ունի թե՛ ամուսինը և թե՛ կինը։ Բայց ամուսինը հատկապես զգում է կնոջ կողմից հարգված լինելու կարիքը, իսկ կնոջ համար ավելի կարևոր է զգալ, որ ամուսինը սիրում է իրեն։ Սա կարևոր պայման է ընտանիքի երջանկության համար։

18. Ինչո՞ւ պետք է զույգը զգուշություն ցուցաբերի մտերմության շրջանում։

18 Մտերմության շրջանը պետք է հաճելի ժամանակ լինի զույգի համար և նրանց հնարավորություն ընձեռի միմյանց ավելի լավ ճանաչելու։ Այդ շրջանում նրանք պետք է իրատես ու անկեղծ լինեն, որ կարողանան որոշել, թե իսկապես ուզում են ամբողջ կյանքում միասին լինել։ Մտերմության շրջանում տղամարդն ու կինը սովորում են լավ հաղորդակցվել միմյանց հետ և փորձում են հասկանալ, թե ինչ կա դիմացինի սրտում։ Մինչ նրանց փոխհարաբերությունները խորանում են, բնական է, որ նրանց մեջ ֆիզիկական մտերմություն և քնքշանք դրսևորելու ձգտում կառաջանա։ Բայց քանի դեռ ամուսնացած չեն, պետք է զգուշորեն վերահսկեն, թե ինչպես են արտահայտում իրենց զգացմունքները, որպեսզի որևէ անբարո բան չանեն։ Իսկական սերը կմղի, որ նրանք ինքնատիրապետում դրսևորեն և չանեն այնպիսի բան, ինչը վնաս կհասցնի թե՛ իրենց փոխհարաբերություններին, թե՛ Եհովայի հետ ունեցած մտերմությանը (1 Թեսաղոնիկեցիներ 4։6

Մտերմության շրջանում տղամարդն ու կինը կարող են սովորել լավ հաղորդակցվել միմյանց հետ

ԻՆՉՊԵՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՏԵՎ ԴԱՐՁՆԵԼ

19, 20. Քրիստոնյաներն ի՞նչ տեսակետ ունեն ամուսնության վերաբերյալ։

19 Շատ գրքերում ու ֆիլմերում պատմությունն ավարտվում է մեծ և ուրախ հարսանիքով։ Սակայն իրական կյանքում հարսանիքը միայն սկիզբն է։ Եհովան նախատեսել է, որ ամուսնությունը հարատև միություն լինի (Ծննդոց 2։24

20 Այսօր շատերի համար ամուսնությունը ժամանակավոր կառույց է։ Մարդիկ հեշտ ամուսնանում են և հեշտ էլ ամուսնալուծվում։ Ոմանք կարծում են, որ երբ խնդիրներ են ծագում, պետք է թողնել կողակցին և վերջ դնել ամուսնությանը։ Բայց հիշիր, որ Աստվածաշնչում ամուսնությունը համեմատվում է երեք թելերով հյուսված ամուր պարանի հետ։ Այդպիսի պարանը չի կտրվի նույնիսկ մեծ ճնշման տակ։ Ամուսնությունը կարող է հարատև լինել, եթե կողակիցները հետևեն Եհովայի առաջնորդությանը։ Հիսուսն ասել է. «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթեոս 19։6

21. Ի՞նչը կօգնի, որ ամուսինն ու կինը իրենց սերը վառ պահեն։

21 Բոլորս էլ ուժեղ և թույլ կողմեր ունենք։ Շատ հեշտ է կենտրոնանալ դիմացինի, հատկապես կողակցի թերությունների վրա։ Սակայն այդպես վարվելով՝ երջանիկ չես լինի։ Իսկ եթե կենտրոնանաս կողակցիդ դրական հատկությունների վրա, ապա կարող ես երջանիկ ամուսնություն ունենալ։ Բայց մի՞թե դա հնարավոր է, եթե կողակիցդ անկատար է։ Իհարկե հնարավոր է, չէ՞ որ Եհովան կենտրոնանում է մեր լավ հատկությունների վրա, թեև գիտի, որ անկատար ենք։ Միայն պատկերացրու՝ ինչ կլիներ, եթե Եհովան այդպես չվարվեր։ Սաղմոսերգուն գրել է. «Եթե դու, ո՛վ Յահ, անօրենությունները զննես, Եհո՛վա, ո՞վ կարող է կանգնել» (Սաղմոս 130։3)։ Ամուսիններն ու կանայք կարող են ընդօրինակել Եհովային՝ կենտրոնանալով իրենց կողակցի դրական կողմերի վրա և պատրաստակամորեն ներելով միմյանց (կարդա Կողոսացիներ 3։13

22, 23. Ի՞նչ առումով են Աբրահամն ու Սառան լավ օրինակ ամուսնական զույգերի համար։

22 Տարիների ընթացքում ամուսնական միությունը կարող է ավելի ամրանալ։ Աբրահամն ու Սառան երկար ու երջանիկ ամուսնություն ունեցան։ Երբ Եհովան պատվիրեց Աբրահամին թողնել Ուր քաղաքում գտնվող իրենց տունը, Սառան հավանաբար 60-ն անց էր։ Պատկերացրու, թե որքան դժվար էր նրա համար թողնել իրենց հարմարավետ տունը և ապրել վրաններում։ Բայց Սառան լավ ընկեր ու համագործակից էր իր ամուսնու համար և իսկապես հարգում էր նրան։ Ուստի թիկունք էր կանգնում Աբրահամի կայացրած որոշումներին և աջակցում էր դրանց իրագործման հարցում (Ծննդոց 18։12; 1 Պետրոս 3։6

23 Իհարկե, լավ ամուսնություն ունենալ չի նշանակում բոլոր հարցերում համակարծիք լինել։ Աբրահամն ու Սառան էլ են երբեմն տարակարծիք եղել։ Մի անգամ, երբ Աբրահամը համաձայն չէր Սառայի հետ, Եհովան նրան ասաց. «Լսիր նրա ձայնին»։ Աբրահամը այդպես վարվեց, և արդյունքը լավ եղավ (Ծննդոց 21։9–13)։ Ուստի մի վհատվիր, երբ ժամանակ առ ժամանակ դու և կողակիցդ անհամաձայնություններ եք ունենում։ Կարևորն այն է, որ նույնիսկ այդ դեպքերում շարունակեք միմյանց հանդեպ սեր ու հարգանք դրսևորել։

Հենց սկզբից ձեր ամուսնական միության մեջ առաջնորդվեք Աստծու Խոսքով

24. Ո՞ր դեպքում ամուսնությունը փառք կբերի Եհովային։

24 Քրիստոնեական ժողովում հազարավոր երջանիկ զույգեր կան։ Եթե ուզում ես ամուսնանալ, հիշիր, որ կողակցի ընտրությունը ամենակարևոր որոշումներից է, որ երբևէ կայացնելու ես կյանքում։ Այդ որոշումը անդրադառնալու է քո ողջ կյանքի վրա, ուստի հետևիր Եհովայի առաջնորդությանը։ Եթե այդպես վարվես, կկարողանաս իմաստությամբ ընտրել կողակից, լավ պատրաստվել ամուսնությանը և ստեղծել ջերմ ու ամուր միություն, որը փառք կբերի Եհովային։