Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 8

Եհովան ուզում է՝ իր ժողովուրդը մաքուր լինի

Եհովան ուզում է՝ իր ժողովուրդը մաքուր լինի

«Մաքուրի հետ մաքուր ես լինում» (ՍԱՂՄՈՍ 18։26)

1–3. ա) Ինչո՞ւ է մայրը հոգ տանում, որ երեխան մաքուր լինի։ բ) Ինչո՞ւ է Եհովան ուզում, որ իր ժողովուրդը մաքուր լինի։

 ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ հոգատար մայրը իր փոքր տղային նախապատրաստում է դպրոց գնալուն։ Նա հետևում է, որ երեխան լողացած լինի, իսկ նրա հագուստը՝ կոկիկ ու մաքուր։ Այդ ամենը նպաստում է երեխայի առողջությանը, նաև ցույց է տալիս, որ ծնողը հոգ է տանում նրա մասին։

2 Մեր Հայրը՝ Եհովան, ուզում է, որ մենք մաքուր լինենք (Սաղմոս 18։26)։ Նա գիտի, որ մաքուր լինելը մեր իսկ օգտի համար է։ Բացի այդ, մեր մաքրությամբ պատիվ ենք բերում նրան (Եզեկիել 36։22; կարդա 1 Պետրոս 2։12

3 Ի՞նչ է նշանակում մաքուր լինել։ Եվ ինչո՞ւ է մաքուր լինելը օգտակար մեզ համար։ Այս հարցերը քննելիս գուցե նկատենք, որ որոշ փոփոխություններ անելու կարիք ունենք։

ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՄԱՔՈՒՐ ԼԻՆԵՆՔ

4, 5. ա) Ինչո՞ւ պետք է մաքուր լինենք։ բ) Ստեղծագործությունը ինչպե՞ս է ցույց տալիս Եհովայի վերաբերմունքը մաքրության նկատմամբ։

4 Եհովան ինքն է մեզ համար օրինակ մաքուր լինելու հարցում (Ղևտական 11։44, 45)։ Գլխավոր պատճառը, թե ինչու պետք է մաքուր լինենք, այն է, որ ուզում ենք «ընդօրինակել Աստծուն» (Եփեսացիներ 5։1

5 Ստեղծագործությունից շատ բան ենք սովորում այն մասին, թե ինչպես է Եհովան վերաբերվում մաքրությանը։ Եհովան հոգ է տարել, որ մեր մոլորակի վրա գործեն նյութերի բնական շրջապտույտներ, որպեսզի մեր մոլորակը, օդն ու ջուրը մաքուր լինեն (Երեմիա 10։12)։ Մեր մոլորակը տարբեր կերպերով ինքնամաքրվում է, անգամ երբ մարդիկ աղտոտում են այն։ Օրինակ՝ Եհովան ստեղծել է մանրէներ՝ փոքր կենդանի օրգանիզմներ, որոնք հնարավոր է տեսնել միայն մանրադիտակով։ Դրանք կարող են վտանգավոր թափոնները վերածել անվտանգ նյութերի։ Սա մի ապշեցուցիչ պրոցես է։ Գիտնականները այդպիսի մանրէների միջոցով փորձում են վերացնել աղտոտվածության հետևանքները (Հռոմեացիներ 1։20

6, 7. Մովսիսական օրենքից ինչպե՞ս է երևում, որ Եհովային երկրպագող մարդիկ պետք է մաքուր լինեն։

6 Մաքուր լինելու կարևորությունը տեսնում ենք նաև այն Օրենքից, որ Եհովան Մովսեսի միջոցով տվել էր իսրայելացիներին։ Օրինակ՝ նրանք պետք է ֆիզիկապես մաքուր լինեին, որ Եհովան ընդուներ նրանց երկրպագությունը։ Քավության օրը քահանայապետը պետք է երկու անգամ լվանար իր մարմինը (Ղևտական 16։4, 23, 24)։ Իսկ մյուս քահանաները զոհեր մատուցելուց առաջ պետք է լվանային իրենց ձեռքերն ու ոտքերը (Ելք 30։17–21; 2 Տարեգրություն 4։6)։ Կային իրավիճակներ, երբ մաքրության վերաբերյալ օրենքները խախտելու դեպքում մահապատիժ էր սահմանված (Ղևտական 15։31; Թվեր 19։17–20

7 Իսկ ի՞նչ տեսակետ ունի Եհովան այսօր։ Նրա չափանիշները չեն փոխվել։ Դրանց վերաբերյալ շատ բաներ ենք սովորում Մովսիսական օրենքից (Մաղաքիա 3։6)։ Այն պահանջում էր, որ Եհովային երկրպագողները մաքուր լինեին։ Եհովան այսօր էլ ակնկալում է, որ իրեն երկրպագող մարդիկ լինեն մաքուր (Հակոբոս 1։27

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՄԱՔՈՒՐ ԼԻՆԵԼ

8. Ի՞նչ է ներառում մաքուր լինելը։

8 Եհովայի տեսանկյունից մաքուր լինելն ավելին է ներառում, քան պարզապես մեր մարմինը, հագուստը և տունը մաքուր պահելը։ Պետք է մաքուր լինենք մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Դա վերաբերում է նաև մեր երկրպագությանը, վարքին և մտքերին։ Այո՛, Եհովայի հավանությունն ունենալու համար պետք է մեր ողջ ապրելակերպը մաքուր լինի։

9, 10. Ի՞նչ է նշանակում մաքուր երկրպագություն մատուցել։

9 Մաքուր երկրպագություն։ Մենք չպետք է որևէ առնչություն ունենանք կեղծ կրոնի հետ։ Երբ իսրայելացիները գերի էին Բաբելոնում, շրջապատված էին հեթանոս մարդկանցով, որոնց կրոնը լի էր անբարո ծեսերով։ Բայց Եսայիան մարգարեացել էր, որ իսրայելացիները վերադառնալու էին իրենց երկիր՝ Իսրայել, և վերականգնելու էին մաքուր երկրպագությունը։ Եհովան ասել էր նրանց. «Հեռացե՛ք, հեռացե՛ք, դո՛ւրս եկեք այդտեղից, մի՛ դիպեք ոչ մի անմաքուր բանի, դո՛ւրս եկեք նրա միջից, մաքո՛ւր մնացեք»։ Աստծուն մատուցվող նրանց երկրպագության մեջ չպետք է տեղ գտնեին Բաբելոնի կեղծ ուսմունքները, սովորույթներն ու ավանդույթները (Եսայիա 52։11

10 Այսօր ճշմարիտ քրիստոնյաներն էլ են հեռու մնում կեղծ կրոնից (կարդա 1 Կորնթացիներ 10։21)։ Ամբողջ աշխարհում լայնորեն տարածված են սովորույթներ, ավանդույթներ ու հավատալիքներ, որոնք հիմնված են կեղծ կրոնական ուսմունքների վրա։ Օրինակ՝ շատ մշակույթներում մարդիկ հավատում են, որ մարդու մեջ եղող ինչ-որ բան շարունակում է ապրել նրա մահից հետո, և այդ հավատալիքի վրա հիմնված բազմաթիվ սովորույթներ կան (Ժողովող 9։5, 6, 10)։ Քրիստոնյաները պետք է հեռու մնան այդպիսի սովորույթներից։ Հնարավոր է՝ մեր ընտանիքի անդամները ճնշում բանեցնեն մեզ վրա, որ հետևենք դրանց։ Բայց քանի որ ուզում ենք Եհովայի աչքում մաքուր լինել, տեղի չենք տալիս այդ ճնշումներին (Գործեր 5։29

11. Ի՞նչ է նշանակում մաքուր վարք ունենալ։

11 Մաքուր վարք։ Եհովայի տեսանկյունից մաքուր լինելու համար պետք է հեռու մնանք անբարոյության բոլոր ձևերից (կարդա Եփեսացիներ 5։5)։ Եհովան իր Խոսքում մեզ հորդորում է, որ «փախչենք պոռնկությունից»։ Նա հստակ ասում է, որ անբարո մարդիկ, եթե չզղջան, «Աստծու թագավորությունը չեն ժառանգի» (1 Կորնթացիներ 6։9, 10, 18; տես Ծանոթագրություն 22

12, 13. Ինչո՞ւ պետք է մեր միտքը մաքուր պահենք։

12 Մաքուր մտքեր։ Մտքերը հաճախ մղում են գործերի (Մատթեոս 5։28; 15։18, 19)։ Եթե մեր մտքերը մաքուր լինեն, մեր արարքներն էլ մաքուր կլինեն։ Ինչ խոսք, մենք անկատար ենք, ուստի ժամանակ առ ժամանակ կունենանք սխալ մտքեր։ Բայց նման դեպքերում պետք է անմիջապես վանենք դրանք։ Եթե այդպես չանենք, ժամանակի ընթացքում կտեսնենք, որ մեր սիրտն այլևս մաքուր չէ։ Գուցե մեր մեջ ցանկություն առաջանա անելու այն ամենը, ինչի մասին շարունակ մտածում էինք։ Դրանից խուսափելու համար պետք է մեր միտքը սնենք մաքուր բաներով (կարդա Փիլիպպեցիներ 4։8)։ Ուստի պետք է հեռու մնանք անբարոյություն և բռնություն խրախուսող ժամանցից։ Պետք է ուշադիր լինենք, թե ինչ ենք կարդում, դիտում կամ ինչի մասին ենք խոսում (Սաղմոս 19։8, 9

13 Այսպիսով՝ Աստծու սիրո մեջ մնալու համար պետք է մաքուր պահենք մեր երկրպագությունը, վարքը և մտքերը։ Բայց Եհովայի համար կարևոր է, որ մաքուր լինենք նաև ֆիզիկապես։

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ

14. Ինչո՞ւ է կարևոր հետևել մեր ֆիզիկական մաքրությանը։

14 Մեր մարմինն ու մեր շրջակայքը մաքուր պահելը օգտակար կլինի և՛ մեզ համար, և՛ շրջապատի մարդկանց։ Մենք մեզ լավ կզգանք, իսկ ուրիշների համար հաճելի կլինի մեր կողքին գտնվել։ Բայց կա ավելի կարևոր պատճառ, թե ինչու է անհրաժեշտ ֆիզիկապես մաքուր լինել։ Մեր մաքրությունը պատիվ է բերում Եհովային։ Օրինակ, եթե նկատես, որ մի երեխա միշտ փնթի է ու թափթփված, ապա թերևս վատ կարծիք կազմես նրա ծնողների մասին։ Ճիշտ այդպես էլ, եթե մենք, ինչպես հարկն է, չենք հետևում մեր մաքրությանը, մարդիկ գուցե վատ կարծիք կազմեն մեր Հոր՝ Եհովայի մասին։ Պողոսն ասել է. «Ոչ մի ձևով մենք գայթակղության որևէ առիթ չենք տալիս, որպեսզի մեր ծառայությունը չպախարակվի, այլ բոլոր առումներով մեզ երաշխավորում ենք իբրև Աստծու ծառաների» (2 Կորնթացիներ 6։3, 4

Որպես Եհովայի ժողովուրդ՝ մենք պետք է ինքներս մեզ ու մեր շրջակայքը մաքուր պահենք

15, 16. Ի՞նչ պետք է անենք մեր մարմնի ու հագուստի մաքրությանը հետևելու համար։

15 Մեր մարմինն ու հագուստը։ Մեր մարմնի մաքրությանը հետևելը պետք է շատ կարևոր լինի առօրյա կյանքում։ Օրինակ՝ անհրաժեշտ է կանոնավորաբար լողանալ, հնարավորության դեպքում՝ ամեն օր։ Նաև պետք է օճառով լվանալ ձեռքերը, հատկապես ճաշ եփելուց կամ ուտելուց առաջ և, ինչ-խոսք, զուգարանից օգտվելուց կամ ինչ-որ կեղտոտ բանի դիպչելուց հետո։ Ձեռքերը լվանալը գուցե հասարակ ու անկարևոր բան թվա, բայց դա շատ անհրաժեշտ է բակտերիաների ու հիվանդությունների տարածումը կանխելու համար։ Այնպես որ դա կարող է անգամ կյանքեր փրկել։ Եթե չունեք զուգարան կամ կոյուղի, միևնույնն է, հնարավոր է արտաթորանքները հեռացնելու ապահով տարբերակ գտնել։ Հին ժամանակներում իսրայելացիները չունեին կոյուղի, այդ պատճառով իրենց արտաթորանքը թաղում էին հողում՝ մարդկանց տներից ու ջրի պաշարներից հեռու (2 Օրենք 23։12, 13

16 Պարտադիր չէ, որ մեր հագուստը լինի նորաձևության վերջին ճիչը կամ լինի ճոխ ու թանկանոց։ Բայց այն պետք է լինի կոկիկ ու մաքուր (կարդա 1 Տիմոթեոս 2։9, 10)։ Մենք ուզում ենք, որ մեր արտաքինը միշտ պատիվ բերի Եհովային (Տիտոս 2։10

17. Ինչո՞ւ պետք է մաքուր պահենք մեր տունն ու շրջակայքը։

17 Մեր տունն ու շրջակայքը։ Անկախ նրանից՝ որտեղ ենք ապրում, մենք պետք է մաքուր պահենք մեր տունը։ Նաև պետք է հոգ տանենք, որ մեր ավտոմեքենան, մոտոցիկլետը, հեծանիվը կամ մեր ունեցած ցանկացած այլ փոխադրամիջոց նույնպես մաքուր լինի, հատկապես եթե դրանով գնում ենք ծառայության կամ ժողովի հանդիպումներին։ Չէ՞ որ մարդկանց քարոզելիս մենք խոսում ենք այն մասին, որ ապրելու ենք մաքուր դրախտային երկրում (Ղուկաս 23։43; Հայտնություն 11։18)։ Մեր տան վիճակից և շրջակայքից կարող է երևալ, որ հիմա իսկ նախապատրաստվում ենք այդ մաքուր նոր աշխարհում ապրելուն։

18. Ինչո՞ւ ենք ցանկանում մաքուր պահել մեր երկրպագության վայրերը։

18 Մեր երկրպագության վայրերը։ Մենք նաև ցույց ենք տալիս, որ գիտակցում ենք մաքրության կարևորությունը՝ մաքուր պահելով այն տեղը, որտեղ հավաքույթներ ենք անում, լինի դա Թագավորության սրահը, թե համաժողովների անցկացման վայրը։ Երբ մարդիկ առաջին անգամ գալիս են Թագավորության սրահ, հաճախ նրանց աչքից չի վրիպում այնտեղ տիրող մաքրությունը։ Սա պատիվ է բերում Եհովային։ Լինելով ժողովի մի մաս՝ բոլորս էլ հնարավորություն ունենք մասնակցություն բերելու մեր Սրահը մաքուր ու բարվոք վիճակում պահելու գործում (2 Տարեգրություն 34։10

ՁԵՐԲԱԶԱՏՎԻՐ ԱՆՄԱՔՈՒՐ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

19. Ինչի՞ց պետք է հեռու մնանք։

19 Թեև Աստվածաշունչը մեկ առ մեկ չի թվում բոլոր այն վատ սովորությունները, որոնցից հարկավոր է հեռու մնալ, բայց այն պարունակում է սկզբունքներ, որոնք օգնում են հասկանալ, թե Եհովան ինչ տեսակետ ունի նման բաների վերաբերյալ։ Օրինակ՝ իմանում ենք, որ Եհովան չի ուզում, որ ծխենք, թմրանյութեր օգտագործենք կամ չարաշահենք ալկոհոլը։ Եթե ուզում ենք Աստծու ընկերը լինել, հեռու կմնանք այդպիսի բաներից։ Ինչո՞ւ։ Քանի որ խորապես գնահատում ենք նրա տված նվերը՝ կյանքը։ Իսկ այդպիսի սովորությունները կրճատում են կյանքը ու վնասում են մեր և շրջապատի մարդկանց առողջությունը։ Ճիշտ է, շատերը փորձում են այդ վատ սովորություններից ձերբազատվել հանուն իրենց առողջության, բայց, որպես Եհովայի ընկերներ՝ մենք դրա համար շատ ավելի հիմնավոր պատճառ ունենք՝ նրա հանդեպ սերը։ Մի երիտասարդ կին ասաց. «Եհովայի օգնությամբ ես կարողացա ձերբազատվել իմ վատ սովորություններից և սկսեցի մաքուր կյանքով ապրել.... Կարծում եմ՝ իմ ուժերով երբեք չէի կարողանա անել այս փոփոխությունները»։ Քննենք աստվածաշնչյան հինգ սկզբունք, որ կօգնեն ձերբազատվել վնասակար սովորություններից։

20, 21. Եհովան ուզում է, որ ինչպիսի՞ սովորություններից հեռու մնանք։

20 «Ուրեմն, սիրելինե՛ր, քանի որ այս խոստումներն ունենք, եկեք մաքրենք մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից և սրբությունը կատարելագործենք Աստծու հանդեպ վախով» (2 Կորնթացիներ 7։1)։ Եհովան ուզում է, որ հեռու մնանք այն սովորություններից, որոնք կարող են բթացնել մեր միտքն ու վնասել մեր օրգանիզմը։

21 Ինքներս մեզ «ամեն պղծությունից» մաքրելու հիմնավոր մի պատճառ նշվում է 2 Կորնթացիներ 6։17, 18-ում։ Եհովան ասում է մեզ. «Այլևս անմաքուր բանի մի՛ դիպեք»։ Ապա խոստանում է. «Եվ ես կընդունեմ ձեզ։ Ես ձեզ հայր կլինեմ, իսկ դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք»։ Այո՛, Եհովան կսիրի մեզ, ինչպես հայրն իր զավակներին, եթե հեռու մնանք այն ամենից, ինչը կարող է մեզ նրա աչքին անմաքուր կամ պիղծ դարձնել։

22–25. Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կօգնեն, որ հեռու մնանք անմաքուր սովորություններից։

22 «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» (Մատթեոս 22։37)։ Սա բոլոր պատվիրանների մեջ ամենակարևորն է (Մատթեոս 22։38)։ Եհովան արժանի է մեր բոլորանվեր սիրուն։ Բայց ինչպե՞ս կարող ենք ասել, թե սիրում ենք նրան մեր ողջ էությամբ, մեր մտքով, եթե անենք այնպիսի բան, որ կբթացնի մեր միտքը կամ կկարճացնի մեր կյանքը։ Ուստի պետք է ձգտենք հնարավոր ամեն կերպով ցույց տալ, որ իսկապես գնահատում ենք կյանքը։

23 «[Եհովան] է բոլոր մարդկանց տալիս կյանք, շունչ և ամեն բան» (Գործեր 17։24, 25)։ Եթե ընկերդ քեզ առանձնահատուկ մի նվեր տար, արդյոք այն դե՞ն կնետեիր կամ դիտավորյալ կփչացնեի՞ր։ Կյանքը հիասքանչ նվեր է Եհովայից։ Մենք շատ ենք գնահատում այն։ Ուստի ցանկանում ենք մեր կյանքն այնպես ապրել, որ փառք բերենք նրան (Սաղմոս 36։9

24 «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» (Մատթեոս 22։39)։ Անմաքուր սովորությունները ոչ միայն մեզ են վնասում, այլև մեր շրջապատի մարդկանց։ Ու շատ հաճախ դրանք այն մարդիկ են, ում ամենաշատն ենք սիրում։ Օրինակ՝ ծխողի հետ նույն հարկի տակ ապրող մարդը կարող է շատ լուրջ առողջական խնդիրներ ձեռք բերել հենց միայն ծխախոտի ծուխը շնչելու պատճառով։ Ուստի վատ սովորություններից ձերբազատվելով՝ նաև ցույց կտանք, որ սիրում ենք մեզ շրջապատող մարդկանց (1 Հովհաննես 4։20, 21

25 «Շարունակիր հիշեցնել նրանց, որ հպատակվեն և հնազանդվեն կառավարություններին ու իշխանություններին» (Տիտոս 3։1)։ Շատ երկրներում օրենքով արգելված է ունենալ կամ օգտագործել որոշ տեսակի թմրանյութեր։ Ու քանի որ Եհովան պատվիրել է հարգել իշխանություններին, մենք հնազանդվում ենք նրանց սահմանած օրենքներին (Հռոմեացիներ 13։1

Երբ մաքուր ենք մնում, պատիվ ենք բերում Եհովային

26. ա) Ի՞նչ պետք է անենք, որ Եհովան ընդունի մեր երկրպագությունը։ բ) Ինչո՞ւ ենք ուզում ամեն ջանք թափել, որ մաքուր լինենք։

26 Գուցե նկատենք, որ անհրաժեշտ է որոշ փոփոխություններ անել Եհովայի ընկերը լինելու համար։ Այդ դեպքում պետք է անմիջապես գործի անցնենք։ Անմաքուր սովորություններից ձերբազատվելը, ինչ խոսք, այդքան էլ հեշտ չէ, բայց Եհովան խոստանում է օգնել մեզ։ Նա ասում է. «Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ, տանում է այն ճանապարհով, որով դու պիտի գնաս» (Եսայիա 48։17)։ Եթե ամեն բան անում ենք, որ մաքուր մնանք, պատիվ ենք բերում մեր Աստծուն։