Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 13

Բոլո՞ր տոնակատարություններն են հաճելի Աստծուն

Բոլո՞ր տոնակատարություններն են հաճելի Աստծուն

«Շարունակեք հավաստիանալ, թե ինչն է ընդունելի Տիրոջը» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐ 5։10)

1. Ի՞նչ պետք է անենք, որ Եհովան ընդունի մեր երկրպագությունը, և ինչո՞ւ։

 ՀԻՍՈՒՍՆ ասել է. «Ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հորը ոգով և ճշմարտությամբ, որովհետև Հայրը հենց այդպիսի երկրպագուներ է փնտրում իր համար» (Հովհաննես 4։23; 6։44)։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է «շարունակի հավաստիանալ, թե ինչն է ընդունելի Տիրոջը» (Եփեսացիներ 5։10)։ Այդպես վարվելը միշտ չէ, որ հեշտ է։ Սատանան ջանում է մոլորեցնել մեզ, որ Եհովային տհաճ բաներ անենք (Հայտնություն 12։9

2. Ի՞նչ տեղի ունեցավ Սինա լեռան մոտ։

2 Ինչպե՞ս է Սատանան փորձում մոլորեցնել մեզ։ Օրինակ՝ նա փորձում է աղավաղել ճշտի ու սխալի վերաբերյալ մեր պատկերացումը։ Նկատի առ, թե ինչ տեղի ունեցավ իսրայելացիների հետ, երբ նրանք ճամբար էին դրել Սինա լեռան մոտ։ Մովսեսը բարձրացել էր լեռը, իսկ ժողովուրդը սպասում էր նրա վերադարձին։ Ի վերջո նրանք հոգնեցին սպասելուց և Ահարոնին ասացին, որ իրենց համար աստված շինի։ Ահարոնը հորթի կերպարանքով ոսկե կուռք պատրաստեց։ Այդ ժամանակ ժողովուրդը մեծ տոնակատարություն արեց։ Նրանք պարում էին հորթի արձանի շուրջ և խոնարհվում էին դրա առաջ։ Նրանք հավատացած էին, որ խոնարհվելով հորթի առաջ՝ իրականում երկրպագում են Եհովային։ Բայց այն, որ ժողովուրդը այդ միջոցառումը համարում էր «տոն Եհովայի պատվին», դեռ չէր նշանակում, որ դա այդպես էր։ Եհովան այդ միջոցառումը կռապաշտություն էր համարում, և այն նշող մարդկանցից շատերը մահացան (Ելք 32։1–6, 10, 28)։ Ի՞նչ ենք սովորում այս դեպքից։ Չպետք է խաբվենք։ Եհովան ուզում է, որ «չդիպչենք ոչ մի անմաքուր բանի»։ Պետք է թույլ տանք, որ Նա սովորեցնի մեզ՝ ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ (Եսայիա 52։11; Եզեկիել 44։23; Գաղատացիներ 5։9

3, 4. Ինչո՞ւ լավ կլինի իմանալ, թե ինչ արմատներ ունեն որոշ հայտնի տոներ։

3 Երբ Հիսուսը երկրի վրա էր, նա սովորեցնում էր իր առաքյալներին, որ Եհովային մաքուր երկրպագություն մատուցելու հարցում լավ օրինակ լինեն։ Հիսուսի մահից հետո առաքյալները շարունակում էին նոր աշակերտներին սովորեցնել Եհովայի սկզբունքները։ Սակայն առաքյալների մահից հետո կեղծ ուսուցիչներ եկան և սկսեցին սխալ գաղափարներ, հեթանոսական տոներ ու սովորույթներ տարածել քրիստոնեական ժողովում։ Նրանք նույնիսկ որոշ հեթանոսական տոների անվանումները փոխեցին, որ դրանք ներկայացնեն որպես քրիստոնեական տոներ (Գործեր 20։29, 30; 2 Թեսաղոնիկեցիներ 2։7, 10; 2 Հովհաննես 6, 7)։ Այդ տոներից շատերը ընդունված են մինչ օրս։ Այնուամենայնիվ, դրանց էությունը չի փոխվել. դրանք այսօր էլ թիկունք են կանգնում կեղծ գաղափարների և անգամ դիվապաշտության (Հայտնություն 18։2–4, 23 *

4 Ամբողջ աշխարհում տոներն ու տոնակատարությունները կարևոր տեղ ունեն մարդկանց կյանքում։ Սակայն Եհովայի տեսակետն իմանալով՝ գուցե տեսնես, որ կարիք ունես փոխելու քո տեսակետը որոշ տոների վերաբերյալ։ Այդպես վարվելը գուցե հեշտ չլինի, բայց կարող ես վստահ լինել, որ Եհովան կօգնի քեզ։ Քննենք, թե ինչ արմատներ ունեն որոշ հայտնի տոներ, որ հասկանանք, թե Եհովան ինչ տեսակետ ունի դրանց վերաբերյալ։

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՍԿԻԶԲ ԱՌԵԼ ԱՄԱՆՈՐՆ ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ

5. Ի՞նչ ապացույց կա, որ Հիսուսը չի ծնվել դեկտեմբերի 25-ին կամ հունվարի 6-ին։

5 Աշխարհի տարբեր մասերում մարդիկ Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին կամ հունվարի 6-ին, քանի որ կարծում են, որ Հիսուսը այդ օրն է ծնվել։ Աստվածաշունչը չի հայտնում Հիսուսի ծննդյան ո՛չ օրը, ո՛չ էլ ամիսը։ Բայց այնտեղ գրված որոշ տեղեկություններից կարող ենք իմանալ, թե տարվա որ ժամանակահատվածն էր դա։ Ղուկասը գրել է, որ երբ Հիսուսը ծնվեց Բեթլեհեմում, հովիվները «դաշտում էին ապրում և գիշերը իրենց հոտերին պահակություն էին անում» (Ղուկաս 2։8–11)։ Դեկտեմբերին Բեթլեհեմի տարածքում եղանակն անձրևային է ու ցուրտ, և երբեմն նույնիսկ ձյուն է գալիս։ Ուստի հովիվները չէին կարող իրենց հոտերի հետ դրսում գիշերել։ Ի՞նչ է սա նշանակում։ Հիսուսը ծնվել է ոչ թե դեկտեմբերին, այլ ավելի տաք ժամանակ։ Ե՛վ Աստվածաշունչը, և՛ պատմական արձանագրությունները վկայում են, որ նա ծնվել է այն ժամանակահատվածում, որը համընկնում է ներկայիս սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։

6, 7. ա) Ինչպե՞ս են սկիզբ առել Սուրբ Ծննդյան և Ամանորի սովորույթները։ բ) Ի՞նչը պետք է մղի մեզ նվերներ տալու։

6 Ուրեմն ինչպե՞ս են սկիզբ առել Սուրբ Ծնունդն ու Ամանորը։ Այդ տոները մեզ են հասել հեթանոսությունից։ Օրինակ՝ Ամանորը հնում հայերը կոչել են Նավասարդ։ «Հայկական սովետական հանրագիտարանում» այս տոնի մասին ասվում է. «Մինչև Ամանորի տոն դառնալը Նավասարդը ժողովրդի կենցաղում կար որպես աշնանային բերքահավաքի տոն։ Քրիստոնեության մուտքից հետո Ա[մանորը] հարմարեցվել է Քրիստոսի ծննդյան տոնին։ ....XVIII դ.-ում.... հայերը.... հունվարի 1-ն ընդունեցին որպես տարվա սկիզբ և Ա[մանորի] տոն, որը հիմնականում կրկնում էր ազգային ամանորյա տոների ծեսերը» (հատոր 1, էջ 273, Ամանոր)։ «Տոնահանդեսներն ուղեկցվել են.... փոխադարձ նվիրատվություններով, խրախճանքներով, երաժշտությամբ.... և այլն» (հատոր 8, էջ 189–190, Նավասարդ)։ Դեկտեմբերի 25-ին նշվում էր նաև հեթանոսական արևի աստված Միհրի ծննդյան օրը։

7 Սակայն շատ մարդիկ, ովքեր այսօր տոնում են Սուրբ Ծնունդն ու Ամանորը չեն մտածում դրանց հեթանոսական ծագման մասին։ Նրանք այդ տոներն ուղղակի համարում են իրենց ընտանիքի անդամների և ընկերների հետ ժամանակ անցկացնելու, կերակուրներ վայելելու և միմյանց նվերներ տալու առիթ։ Ինչ խոսք, մենք էլ ենք սիրում մեր ընտանիքի անդամներին և ընկերներին, ու Եհովան ուզում է, որ մենք բարի ու առատաձեռն լինենք նրանց հանդեպ։ Ինչպես 2 Կորնթացիներ 9։7-ում է գրված, «Աստված ուրախությամբ տվողին է սիրում»։ Եհովան չի ցանկանում, որ նվերներ տանք միայն հատուկ առիթներով։ Եհովայի ծառաները տարվա ցանկացած օր հավաքվում են իրենց ընտանիքի անդամների ու ընկերների հետ և նվերներ տալիս միմյանց առանց որևէ բան ակնկալելու։ Նրանք այդպես են վարվում, քանի որ սիրում են մարդկանց (Ղուկաս 14։12–14

Պարզելով, թե ինչ արմատներ ունեն տարբեր տոներ, կիմանանք՝ ինչից է հարկավոր հեռու մնալ

8. Հիսուսը նորածի՞ն էր, երբ աստղագուշակները նրան նվերներ բերեցին։ Բացատրիր։

8 Սուրբ Ծննդի ժամանակ նվերներ տալու սովորությունը հիմնավորելու համար շատերն ասում են, որ երեք իմաստուններ նվերներ են բերել մսուրում պառկած նորածին Հիսուսին։ Որոշ մարդիկ իսկապես եկել են Հիսուսին տեսնելու ու նվերներ են բերել։ Աստվածաշնչյան ժամանակներում ընդունված էր նվերներ բերել նշանավոր մարդկանց (1 Թագավորներ 10։1, 2, 10, 13)։ Բայց գիտեի՞ր, որ Աստվածաշունչն ասում է, որ այդ մարդիկ աստղագուշակներ էին, ովքեր մոգությամբ էին զբաղվում և չէին երկրպագում Եհովային։ Եվ այդ մարդիկ Հիսուսին այցի եկան ոչ թե այն ժամանակ, երբ նա մսուրում գտնվող նորածին մանուկ էր, այլ ավելի ուշ, երբ նա իր ծնողների հետ տան մեջ էր ապրում։ Բացի այդ, աստղագուշակները արևելքից այդտեղ գալու համար, ըստ ամենայնի, մի քանի ամսվա ճանապարհ պետք է անցնեին, ուստի մինչև տեղ հասնեին, Հիսուսն արդեն մեծացած կլիներ (Մատթեոս 2։1, 2, 11

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁՆԵՐԻ ՄԱՍԻՆ

9. Ծննդյան տարեդարձի ի՞նչ դեպքեր են հիշատակվում Աստվածաշնչում։

9 Երբ երեխա է ծնվում, այդ օրը մեծ ուրախություն է լինում (Սաղմոս 127։3)։ Բայց դա չի նշանակում, որ հարկավոր է ծննդյան տարեդարձ նշել։ Հետաքրքիր է, որ Աստվածաշնչում միայն երկու ծննդյան տարեդարձի մասին է հիշատակվում։ Մեկը Եգիպտոսի փարավոնի ծննդյան օրն էր, մյուսը՝ Հերովդես Անտիպաս թագավորի (կարդա Ծննդոց 40։20–22; Մարկոս 6։21–29)։ Նրանցից ոչ մեկը Եհովային չէր ծառայում։ Եվ առհասարակ, Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, որ Եհովային երկրպագող որևէ մեկը ծննդյան տարեդարձ է նշել։

10. Ինչպե՞ս էին վաղ քրիստոնյաները վերաբերվում ծնունդ նշելուն։

10 «Ուորլդ բուք» հանրագիտարանում ասվում է, որ վաղ քրիստոնյաները «ցանկացած անհատի ծնունդ նշելը համարում էին հեթանոսական սովորույթ» (The World Book Encyclopedia)։ Այդպիսի սովորույթները հիմնված էին կեղծ հավատալիքների վրա։ Օրինակ՝ հին հույները հավատում էին, որ ամեն մարդու ծննդյան օր համընկնում է որևիցե աստծու ծննդյան օրվա հետ։ Նրանք կարծում էին, որ այդ աստծու հետ կապ ունեցող մի ոգի ներկա է լինում մարդու ծնվելու ժամանակ, և որպեսզի այդ ոգին պաշտպանի նրան ողջ կյանքի ընթացքում, նա պետք է նշի իր ծննդյան օրը։ Ծննդյան տարեդարձները կապ ունեն ոչ միայն հեթանոսական հավատալիքների հետ, այլև աստղագուշակության և հորոսկոպների։

11. Բարի ու առատաձեռն լինելու հետ կապված ի՞նչ է ակնկալում մեզանից Եհովան։

11 Շատերի կարծիքով ծննդյան օրը հատուկ օր է, երբ մարդու հանդեպ պետք է սեր և գնահատանք ցուցաբերվի։ Բայց մեր ընտանիքի և ընկերների հանդեպ կարող ենք սեր դրսևորել ամբողջ տարվա ընթացքում, ոչ թե միայն հատուկ օրերի։ Եհովան ցանկանում է, որ բարի ու առատաձեռն լինենք ամեն ժամանակ (կարդա Գործեր 20։35)։ Մենք ցանկանում ենք նրա տված թանկ պարգևի՝ կյանքի համար մեր երախտագիտությունը հայտնել ամեն օր, ոչ թե միայն մեր ծննդյան օրը (Սաղմոս 8։3, 4; 36։9

Ճշմարիտ քրիստոնյաները բարի ու առատաձեռն են մարդկանց հանդեպ, քանի որ սիրում են նրանց

12. Ինչպե՞ս կարող է մահվան օրը ծննդյան օրից լավ լինել։

12 Ժողովող 7։1-ում ասվում է. «Լավ անունը ավելի լավ է, քան թանկարժեք յուղը, և մահվան օրը ավելի լավ է, քան ծննդյան օրը»։ Ինչպե՞ս կարող է մահվան օրն ավելի լավ լինել, քան ծննդյան օրը։ Երբ ծնվում ենք, դեռ ոչինչ արած չենք լինում՝ ո՛չ լավ, ո՛չ վատ։ Բայց տարիների ընթացքում Եհովային ծառայելով և ուրիշներին բարիք անելով՝ մենք «լավ անուն», այսինքն՝ լավ համբավ ենք ձեռք բերում, և անգամ մեր մահից հետո էլ Եհովան մեզ պահում է իր հիշողության մեջ (Հոբ 14։14, 15)։ Եհովայի ծառաները չեն նշում ո՛չ իրենց ծննդյան օրը, ո՛չ էլ Հիսուսի։ Միակ օրը, որ Հիսուսը պատվիրել է նշել, իր մահվան օրն է (Ղուկաս 22։17–20; Եբրայեցիներ 1։3, 4

ԶԱՏԿԻ ԾԱԳՈՒՄԸ

13, 14. Զատկի տոնը ի՞նչ ծագում ունի։

13 Շատերը կարծում են, որ Զատիկը նշելով՝ Հիսուսի հարությունն են նշում։ Այնինչ, իրականում, այդ տոնը հեթանոսական ծագում ունի։ Տոների վերաբերյալ հայկական ծիսական մի բառարանում Զատկի մասին ասվում է, որ, ըստ ամենայնի, այդ տոնի անվանման ծագումը կապ ունի եղանակների զատվելու կամ էլ գիշերահավասարով տարվա երկու մասերը միմյանցից զատելու հետ, և դա «հեթանոսական ժամանակներից մնացած տոն է» (Ծիսական Բառարան–Տերունի տոներ, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան)։ Զատկի որոշ սովորույթներ վերցված են պտղաբերության աստվածներին նվիրված տոնակատարություններից։ Օրինակ՝ «ձուն եղել է նոր կյանքի և հարության խորհրդանիշ», ինչպես նշվում է «Բրիտանական հանրագիտարանում» (Encyclopædia Britannica)։ Իսկ ճագարը հեթանոսական պաշտամունքի մեջ դեռ հնուց եղել է պտղաբերության խորհրդանիշ։ Հստակ է, որ Զատիկը ամենևին կապ չունի Հիսուսի հարության հետ։

14 Մի՞թե Եհովային հաճելի է, որ մարդիկ կեղծ կրոնական սովորույթները կապում են իր Որդու հարության հետ։ Իհարկե ո՛չ (2 Կորնթացիներ 6։17, 18)։ Ավելին, Եհովան երբեք չի պատվիրել նշել Հիսուսի հարությունը։

ԻՆՉ Է ՀԵԼՈՈՒԻՆԸ

15. Ի՞նչ արմատներ ունի Հելոուինը։

15 Հելոուինը, որը նաև կոչվում է «Բոլոր սրբերի նախօրե», կապ ունի վհուկների, հրեշների և ուրվականների հետ։ Այդ տոնակատարությունը հնուց է գալիս։ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի տարածքում բնակվող հին կելտերը նոյեմբերի 1-ին ամենամոտ լիալուսնի ժամանակ նշում էին Սամայն տոնը։ Նրանք հավատում էին, որ այդ տոնի ժամանակ մահացածների հոգիները վերադառնում են երկիր։ Մարդիկ ուտելիք ու ըմպելիքներ էին դնում նրանց համար, որպեսզի չվնասեն իրենց։ Ներկայումս, երբ երեխաները դիմակավորված գնում են տնից տուն՝ հյուրասիրություն խնդրելու՝ ասելով, որ եթե չհյուրասիրեն, ապա նրանց գլխին չար խաղ կխաղան, նրանք չեն էլ գիտակցում, որ իրականում ընդօրինակում են հին կելտերի այդ դիվապաշտական սովորույթը։

ԱՍՏԾՈՒՆ ՀԱՃԵԼԻ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐ

16, 17. Հարսանիք ծրագրելիս ինչե՞ր պետք է հաշվի առնի քրիստոնյա զույգը։

16 Հարսանիքը ուրախալի իրադարձություն է։ Հարսանեկան արարողությունները երկրից երկիր տարբեր են։ Եվ հաճախ մարդկանց չի էլ հուզում, թե հարսանեկան որոշ սովորույթներ որտեղից են ծագել, ու թերևս չգիտեն, որ որոշ սովորույթների հիմքում ընկած են հեթանոսական հավատալիքներ։ Բայց քրիստոնյա զույգը, ինչ խոսք, կցանկանա հավաստիանալ, թե արդյոք իրենց հարսանիքը իսկապես հաճելի կլինի Եհովային։ Պարզելով, թե ինչ ծագում ունեն հարսանեկան տարբեր սովորույթներ՝ նրանք կկարողանան ճիշտ որոշում կայացնել այդ հարցում (Մարկոս 10։6–9

17 Հարսանեկան որոշ սովորույթներ մարդկանց կարծիքով նորապսակներին բարի «բախտ» են բերում (Եսայիա 65։11)։ Օրինակ՝ որոշ վայրերում հարսի ու փեսայի վրա բրինձ կամ որևէ այլ բան են շաղ տալիս կամ նրանց ոտքերի տակ ափսեներ են դնում, որ կոտրեն դրանք։ Մարդիկ հավատացած են, որ այդպիսի բաները զույգին շատ երեխաներ, երջանկություն և երկար կյանք կպարգևեն ու կպաշտպանեն չարից։ Բայց քրիստոնյաները հեռու են մնում ցանկացած սովորույթից, որը կապ ունի կեղծ կրոնի ու սնահավատության հետ (կարդա 2 Կորնթացիներ 6։14–18

18. Որպեսզի հարսանիքը պատշաճ լինի, ուրիշ ի՞նչ աստվածաշնչյան սկզբունքներ է հարկավոր հաշվի առնել։

18 Քրիստոնյա զույգերը ցանկանում են, որ իրենց հարսանեկան տոնակատարությունը լինի ուրախ ու արժանավայել և բավականություն պատճառի բոլոր ներկաներին։ Հյուրերն էլ, իրենց հերթին, պետք է զգույշ լինեն, որ մաղթանքներ ասելիս աննրբանկատ, սեռական ակնարկներ պարունակող կամ անհարգալից բաներ չասեն հարսի ու փեսայի կամ մեկ ուրիշի մասին (Առակներ 26։18, 19; Ղուկաս 6։31; 10։27)։ Քրիստոնեական հարսանիքի ժամանակ երբեք չպետք է «ապրուստի միջոցները ցուցադրաբար» ներկայացվեն (1 Հովհաննես 2։16)։ Ուստի ձեր հարսանիքը կազմակերպելիս ամեն բան այնպես արեք, որ այդ օրվան հետ նայեք ոչ թե ափսոսանքով, այլ ջերմ հիշողություններով (տես Ծանոթագրություն 28

ԿԵՆԱՑՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ

19, 20. Որտեղի՞ց է ծագել կենացներ ասելու սովորույթը։

19 Հարսանեկան արարողությունների և այլ միջոցառումների ժամանակ ընդունված է բաժակաճառեր ասել։ Սովորաբար ներկաներից մեկը, բաժակը ձեռքին, բարեմաղթանքներ է ասում, իսկ մյուսները բարձրացնում են իրենց բաժակները։ Քրիստոնյաներն ինչպե՞ս պետք է վերաբերվեն կենացներին։

20 Տարբեր մշակույթների վերաբերյալ մի գրքում ասվում է, որ կենաց ասելը, ըստ ամենայնի, ծագում է հին հեթանոսական մի սովորույթից, որի ժամանակ «որպես զոհ սուրբ ըմպելիք էին մատուցում աստվածներին՝ խնդրելով, որ նրանք կատարեն իրենց ցանկությունները։ Նման աղոթքները եզրափակվում էին «երկար կյանք» կամ «ողջ լինես» մաղթանքներով» (International Handbook on Alcohol and Culture)։ Հնում մարդիկ սովորաբար բարձրացնում էին իրենց բաժակները՝ օրհնություն խնդրելով իրենց աստվածներից։ Բայց Եհովա Աստծուց այդ կերպով հնարավոր չէ օրհնություն ստանալ (Հովհաննես 14։6; 16։23

«ԵՀՈՎԱՅԻ՛Ն ՍԻՐՈՂՆԵՐ, ԱՏԵՑԵ՛Ք ՉԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

21. Քրիստոնյաները ուրիշ ինչպիսի՞ տոնակատարություններից պետք է հեռու մնան։

21 Երբ պետք է որոշես մասնակցել որևէ տոնակատարության, թե ոչ, խորհիր, թե ինչ մտածելակերպ ու վարվելակերպ է այն խրախուսում։ Օրինակ՝ որոշ տոների և կառնավալների ժամանակ լինում են էրոտիկ պարեր, գինարբուքներ և նույնիսկ անբարոյություն։ Այդպիսի տոնակատարությունները հնարավոր է անգամ խրախուսեն համասեռամոլություն կամ ազգայնամոլություն։ Եթե մասնակցենք այդպիսի միջոցառումների, մի՞թե կարող ենք ասել, որ իսկապես ատում ենք այն, ինչ Եհովան է ատում (Սաղմոս 1։1, 2; 97։10; 119։37

22. Ի՞նչը կօգնի քրիստոնյային որոշել՝ մասնակցել որևէ տոնակատարության, թե ոչ։

22 Քրիստոնյաները պետք է շատ զգույշ լինեն և հեռու մնան ցանկացած տոնակատարությունից, որը անպատվություն է բերում Աստծուն։ Պողոս առաքյալը գրել է. «Ուրեմն ուտեք թե խմեք և ուրիշ ինչ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համար արեք» (1 Կորնթացիներ 10։31; տես Ծանոթագրություն 29)։ Ինչ խոսք, ոչ բոլոր տոներն են կապված անբարոյության, կեղծ կրոնի կամ ազգայնամոլության հետ։ Եթե որևէ տոնակատարություն չի հակասում Աստվածաշնչի սկզբունքներին, մենք պետք է անձնական որոշում կայացնենք՝ մասնակցել դրան, թե ոչ։ Նաև պետք է հաշվի առնենք, թե մեր որոշումը ինչպես կազդի ուրիշների վրա։

ՊԱՏՎԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ ՔՈ ԽՈՍՔԵՐՈՎ ԵՎ ԳՈՐԾԵՐՈՎ

23, 24. Ինչպե՞ս կարող ենք մեր ընտանիքի ոչ Վկա անդամներին բացատրել որոշակի տոնի հետ կապված մեր դիրքորոշումը։

23 Ըստ ամենայնի, այլևս չես մասնակցում այն տոնակատարություններին, որոնք անարգում են Եհովայի անունը։ Բայց քո ընտանիքի ոչ Վկա անդամները գուցե դրանից եզրակացնեն, թե դու չես սիրում իրենց կամ այլևս չես ուզում իրենց հետ շփվել։ Նրանք գուցե մտածում են, որ տոները ընտանիքով միասին հավաքվելու միակ առիթն են։ Ի՞նչ կարող ես անել։ Տարբեր կերպերով կարող ես ցույց տալ, որ սիրում ես նրանց, ու նրանք կարևոր են քեզ համար (Առակներ 11։25; Ժողովող 3։12, 13)։ Դու կարող ես նրանց հրավիրել շփվելու այլ առիթներով։

24 Եթե հարազատներդ ուզում են իմանալ, թե ինչու այլևս չես նշում այս կամ այն տոնը, պատճառները բացատրելու համար կարող ես մեր հրատարակություններում և jw.org կայքում տեղեկություններ փնտրել։ Զգույշ եղիր, որ այնպիսի տպավորություն չստեղծվի, թե փորձում ես հաղթել բանավեճում կամ ստիպել նրանց, որ քեզ պես մտածեն։ Հստակ բացատրիր նրանց, որ բազմաթիվ փաստեր ես հաշվի առել և հետո կայացրել քո սեփական որոշումը։ Հանդարտ մնա, և թող քո «խոսքը միշտ վայելուչ լինի, աղով համեմված» (Կողոսացիներ 4։6

25, 26. Ինչպե՞ս կարող են ծնողները օգնել իրենց երեխաներին սիրել Եհովայի չափանիշները։

25 Անչափ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը հստակ հասկանա, թե ինքն անձամբ ինչ պատճառներով չի մասնակցում տվյալ տոնակատարությանը (Եբրայեցիներ 5։14)։ Մեր նպատակն է հաճեցնել Եհովային։ Եթե ծնող ենք, ապա պետք է ժամանակ հատկացնենք, որ օգնենք մեր երեխաներին հասկանալ ու սիրել աստվածաշնչյան սկզբունքները։ Երբ Եհովան նրանց համար իրական դառնա, նրանք էլ կցանկանան հաճեցնել Նրան (Եսայիա 48։17, 18; 1 Պետրոս 3։15

26 Եհովան ուրախանում է, երբ տեսնում է, որ ամեն ինչ անում ենք, որ երկրպագենք իրեն մաքուր ձևով և ազնիվ սրտով (Հովհաննես 4։23)։ Բայց շատերը մտածում են, որ այս անազնիվ աշխարհում հնարավոր չէ լինել ազնիվ։ Արդյոք դա ճի՞շտ է։ Այդ մասին կխոսենք հաջորդ գլխում։

^ Կոնկրետ որևէ տոնակատարության հետ կապված տեղեկություններ կարող ես գտնել «Դիտարանի օնլայն գրադարանում», «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկում և jw.org կայքում։