Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 16

Դիմադրիր Սատանային

Դիմադրիր Սատանային

«Հակառակվեք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից» (ՀԱԿՈԲՈՍ 4։7)

1, 2. Սատանայի ու դևերի հետ կապված ի՞նչ պետք է հասկանանք։

 ԵՀՈՎԱՅԻ հաստատած նոր աշխարհում կյանքը հիանալի կլինի։ Վերջապես մենք կապրենք այնպես, ինչպես Աստված է նպատակադրել։ Բայց այսօր ապրում ենք մի աշխարհում, որը ղեկավարում են Սատանան ու իր դևերը (2 Կորնթացիներ 4։4)։ Չնայած մենք չենք տեսնում նրանց, սակայն նրանք գոյություն ունեն և շատ հզոր են։

2 Այս գլխում կքննարկենք, թե ինչպես կարող ենք մոտ մնալ Եհովային և պաշտպանվել Սատանայից։ Եհովան խոստանում է, որ կօգնի մեզ։ Բայց նախևառաջ պետք է հասկանանք, թե Սատանան ու դևերը ինչ մեթոդներ են օգտագործում մեզ խաբելու համար կամ ինչպես են մեզ վրա հարձակում գործում։

«ՄՌՆՉԱՑՈՂ ԱՌՅՈՒԾԻ ՊԵՍ»

3. Սատանան ի՞նչ է ուզում անել։

3 Սատանան պնդում է, որ մարդիկ Եհովային երկրպագում են եսասիրական մղումներով և դժվարին իրավիճակներում կդադարեն ծառայել Աստծուն (կարդա Հոբ 2։4, 5)։ Երբ ինչ-որ մեկը Եհովայի մասին սովորելու ցանկություն է հայտնում, Սատանան ու դևերը նկատում են դա և փորձում են հետ պահել նրան։ Նրանք զայրանում են, երբ անհատը նվիրվում է Եհովային և մկրտվում։ Աստվածաշնչում Սատանան նմանեցվում է «մռնչացող առյուծի.... [որը] ման է գալիս՝ փնտրելով, թե ում կուլ տա» (1 Պետրոս 5։8)։ Նա ցանկանում է քանդել Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները (Սաղմոս 7։1, 2; 2 Տիմոթեոս 3։12

Սատանան զայրանում է, երբ մեր կյանքը նվիրում ենք Եհովային ծառայելուն

4, 5. ա) Սատանան ի՞նչ չի կարող անել։ բ) Ինչպե՞ս կարող ենք «հակառակվել Բանսարկուին»։

4 Բայց պետք չէ վախենալ Սատանայից ու դևերից։ Եհովան սահմանափակումներ է դրել այն հարցում, թե Սատանան մեզ ինչ կարող է անել։ Նա խոստացել է, որ ճշմարիտ քրիստոնյաների «մեծ բազմությունը» կվերապրի «մեծ նեղությունից» (Հայտնություն 7։9, 14)։ Սատանան ոչ մի կերպ չի կարող խանգարել դրան, քանի որ Եհովան պաշտպանում է իր ժողովրդին։

5 Եթե մոտ մնանք Եհովային, Սատանան չի կարող քանդել Նրա հետ մեր փոխհարաբերությունները։ Աստծու Խոսքը հավաստիացնում է. «Եհովան ձեզ հետ է, քանի դեռ դուք նրա հետ եք» (2 Տարեգրություն 15։2; կարդա 1 Կորնթացիներ 10։13)։ Անցյալում ապրած շատ հավատարիմ տղամարդիկ ու կանայք, ինչպիսիք են Աբելը, Ենոքը, Նոյը, Սառան և Մովսեսը, հակառակվեցին Սատանային՝ մոտ մնալով Եհովային (Եբրայեցիներ 11։4–40)։ Մենք կարող ենք նույն կերպ վարվել։ Աստծու Խոսքում հետևյալ հավաստիացումն է տրվում. «Հակառակվեք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից» (Հակոբոս 4։7

ՊԱՅՔԱՐ, ՈՐ ՊԵՏՔ Է ՄՂԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ

6. Ինչպե՞ս է Սատանան հարձակում գործում մեզ վրա։

6 Թեև Սատանան գիտի, որ Եհովան թույլ չի տա իրեն, որ մեզ վնասելու համար անի այն, ինչ կցանկանա, նա միևնույնն է, կփորձի հնարավոր ամեն բան անել, որ Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները թուլանան։ Այսօր Սատանան շատ տարբեր կերպերով է հարձակում գործում՝ օգտագործելով այն մարտավարությունները, որոնք հազարամյակներ շարունակ հաջողությամբ կիրառել է։ Որո՞նք են դրանցից մի քանիսը։

7. Սատանան ինչո՞ւ է հարձակվում Եհովայի ժողովրդի վրա։

7 Հովհաննես առաքյալը գրել է. «Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19)։ Սատանան կառավարում է այս չար աշխարհը և ուզում է իր իշխանությանը ենթարկել նաև Եհովայի ժողովրդին (Միքիա 4։1; Հովհաննես 15։19; Հայտնություն 12։12, 17)։ Նա գիտի, որ իրեն քիչ ժամանակ է մնացել, ուստի մեծ ճնշում է բանեցնում մեզանից յուրաքանչյուրի վրա, որ հավատարիմ չլինենք Աստծուն։ Երբեմն Սատանան ճակատային հարձակում է գործում, բայց այլ դեպքերում նրա հարձակումները քողարկված են լինում։

8. Յուրաքանչյուր քրիստոնյա ի՞նչ պետք է գիտակցի։

8 Եփեսացիներ 6։12-ում կարդում ենք. «Որովհետև մեր պայքարը [բռց.՝ ըմբշամարտ].... երկնային ոլորտում եղող ոգեղեն չար ուժերի դեմ [է]»։ Յուրաքանչյուր քրիստոնյա անհատապես պայքարում է Սատանայի և դևերի դեմ։ Մենք պետք է գիտակցենք, որ բոլոր նրանք, ովքեր նվիրվել են Եհովային, այս պայքարի մեջ են։ Եփեսացիներին ուղղած իր նամակում Պողոսը երեք անգամ նշում է, որ քրիստոնյաները պետք է «հաստատ կանգնեն» (Եփեսացիներ 6։11, 13, 14

9. Սատանան ու դևերը ի՞նչ են փորձում անել։

9 Սատանան ու դևերը փորձում են մոլորեցնել մեզ տարբեր կերպերով։ Եթե Սատանայի օգտագործած մեթոդներից մեկի դեմ կարողացել ենք հաջողությամբ պայքարել, դա դեռ չի նշանակում, որ Սատանան այլևս չի կարողանա մեզ ծուղակը գցել մեկ այլ հարցում։ Նա փորձում է գտնել մեր թույլ կողմերը, որ համապատասխան խայծով բռնի մեզ։ Բայց մենք կարո՛ղ ենք խուսափել նրա զոհը դառնալուց, քանի որ Աստվածաշունչը զգուշացնում է, թե ինչ ծուղակներ է օգտագործում Սատանան (2 Կորնթացիներ 2։11; տես Ծանոթագրություն 31)։ Դրանցից մեկը ոգեհարցությունն է։

ՀԵՌՈՒ ՄՆԱ ԴԵՎԵՐԻՑ

10. ա) Ի՞նչ է ոգեհարցությունը։ բ) Եհովան ի՞նչ տեսակետ ունի ոգեհարցության վերաբերյալ։

10 Ոգեհարցությունը դևերի հետ որևէ առնչություն ունենալն է, օրինակ՝ բախտագուշակության, կախարդության, թուղթուգիր անելու միջոցով կամ փորձելով հաղորդակցվել մահացածների հետ։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ այդ ամենը «գարշելի է» Եհովայի համար, և որ մենք չենք կարող այդպիսի բաներով զբաղվել ու միևնույն ժամանակ երկրպագել Եհովային (2 Օրենք 18։10–12; Հայտնություն 21։8)։ Քրիստոնյաները պետք է բացարձակապես կապ չունենան ոգեհարցության որևէ ձևի հետ (Հռոմեացիներ 12։9

11. Խորհրդավոր բաներով հետաքրքրվելը ինչի՞ կտանի։

11 Սատանան լավ գիտի, որ եթե հրապուրվում ենք խորհրդավոր, գերբնական բաներով, իր համար ավելի հեշտ կլինի մեզ ներքաշել ոգեհարցության մեջ։ Ոգեհարցության ցանկացած ձևի մեջ ներգրավվելը կքանդի Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։

ՍԱՏԱՆԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԽԱԲԵԼ ՄԵԶ

12. Սատանան ուզում է, որ ի՞նչ մտածենք։

12 Սատանան փորձում է աղավաղել մարդկանց մտածելակերպը։ Նա աստիճանաբար կասկածներ է սերմանում, մինչև որ մարդիկ «բարուն ասեն չար և չարին՝ բարի» (Եսայիա 5։20)։ Սատանան առաջ է տանում այն գաղափարը, թե աստվածաշնչյան խորհուրդները գործնական չեն, և որ մենք ավելի երջանիկ կլինենք, եթե անտեսենք Աստծու չափանիշները։

13. Ինչպե՞ս է Սատանան կասկածներ սերմանում, բեր օրինակներ։

13 Կասկածներ սերմանելը Սատանայի ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է։ Այդ մեթոդը նա վաղուց է օգտագործում։ Եդեմի պարտեզում նա փորձեց կասկածներ սերմանել, երբ Եվային ասաց. «Իսկապե՞ս Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չպետք է ուտեք» (Ծննդոց 3։1)։ Հետագայում՝ Հոբի օրերում, Սատանան հրեշտակների ներկայությամբ Եհովային հարցրեց. «Մի՞թե Հոբը շահից դրդված չէ վախենում Աստծուց» (Հոբ 1։9)։ Նա նաև հարցականի տակ դրեց Հիսուսի ով լինելը, երբ վերջինիս մկրտությունից հետո ասաց. «Եթե Աստծու որդի ես, այս քարերին ասա, որ հաց դառնան» (Մատթեոս 4։3

14. Սատանան ինչպե՞ս կարող է մարդկանց մեջ կասկածներ առաջացնել ոգեհարցության վերաբերյալ։

14 Սատանան նույն մեթոդն է օգտագործում նաև այսօր։ Նա փորձում է այնպես անել, որ մարդիկ կասկածեն՝ արդյոք ոգեհարցությունը իսկապես այդքան վտանգավո՞ր է։ Այդ նպատակին հասնելու համար նա ոգեհարցության որոշ ձևեր այնպես է ներկայացնում, որ դրանք անվնաս թվան։ Այդ քողարկված վտանգը չեն նկատում նույնիսկ որոշ քրիստոնյաներ (2 Կորնթացիներ 11։3)։ Ուստի ի՞նչ կարող ենք անել ինքներս մեզ պաշտպանելու համար։ Ինչպե՞ս հավաստիանանք, որ Սատանան մեզ չի խաբել։ Եկեք քննենք երկու ոլորտ, որտեղ մոլորության մեջ ընկնելու վտանգ կա՝ զվարճությունը և բուժմեթոդները։

ՍԱՏԱՆԱՆ ՄԵՐ ԲՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ՄԵՐ ԴԵՄ

15. Ինչպե՞ս է հնարավոր, որ մեր ընտրած զվարճության միջոցով դևերը ներխուժեն մեր կյանք։

15 Մենք՝ մարդիկս, զվարճանալու բնածին ցանկություն ունենք։ Այսօր շատ ֆիլմեր, տեսանյութեր, հեռուստաշոուներ, համակարգչային խաղեր և ինտերնետային կայքեր դևերի, կախարդության և գերբնական, խորհրդավոր ուժերի մասին են։ Շատերը այս զվարճության ձևերը անվնաս են համարում և չեն գիտակցում, թե որքան վտանգավոր է թույլ տալ, որ դևերը ներխուժեն իրենց կյանք։ Մարդը նաև կարող է ներքաշվել ոգեհարցության մեջ այնպիսի բաների միջոցով, ինչպիսիք են հորոսկոպները, քարտերով գուշակությունը, թուղթուգիր անելը կամ քանդելը, սուրճի բաժակ նայելը, երազահանությունը և այլն։ Սատանան թաքցնում է վտանգը և փորձում է այնպես անել, որ դրանք առեղծվածային, հրապուրիչ և հետաքրքիր թվան։ Անհատը գուցե մտածի, որ քանի դեռ ինքն անձամբ չի զբաղվում ոգեհարցությամբ, նման բաներ նայելու մեջ ոչ մի վնաս չկա։ Ինչո՞ւ է այդպիսի մտածելակերպը վտանգավոր (1 Կորնթացիներ 10։12

16. Ինչո՞ւ պետք է մերժենք ոգեհարցության հետ կապ ունեցող զվարճության ձևերը։

16 Սատանան ու դևերը չեն կարող կարդալ մեր մտքերը։ Բայց նրանք կարող են իմանալ, թե ինչ ցանկություններ և ինչ մտածելակերպ ունենք՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ ընտրություն ենք կատարում ինքներս մեզ կամ մեր ընտանիքի համար տարբեր հարցերում, այդ թվում՝ զվարճությունների հարցում։ Եթե ընտրենք կախարդությանը, գուշակությանը, վամպիրներին, մոգությանն ու դիվային ուժերին առնչվող ֆիլմեր, երաժշտություն կամ գրքեր, ապա Սատանան ու դևերը կհասկանան, որ հետաքրքրված ենք իրենցով։ Այդ դեպքում նրանք թերևս կփորձեն մեզ ավելի խորությամբ ներքաշել ոգեհարցության մեջ (կարդա Գաղատացիներ 6։7

17. Սատանան ինչպե՞ս կարող է մեր դեմ օգտագործել առողջ լինելու մեր ցանկությունը։

17 Սատանան կարող է մեր դեմ օգտագործել նաև առողջ լինելու մեր ցանկությունը։ Այսօր շատերն են տառապում լուրջ հիվանդություններով։ Հնարավոր է՝ մարդը տարբեր բուժմեթոդներ փորձի և հաջողության չհասնի (Մարկոս 5։25, 26)։ Նա գուցե այնքան հուսահատվի, որ պատրաստ լինի դիմելու ցանկացած միջոցի։ Բայց մենք՝ որպես քրիստոնյաներ, պետք է զգույշ լինենք, որ չընտրենք այնպիսի բուժմեթոդ, որում օգտագործվում են «մոգական ուժեր» (Եսայիա 1։13

Ապավինիր Եհովային, երբ հիվանդ ես

18. Ի՞նչ բուժմեթոդներից պետք է քրիստոնյան խուսափի։

18 Հին Իսրայելում ոմանք օգտագործում էին «մոգական ուժեր»։ Եհովան նրանց առնչությամբ ասել է. «Երբ դուք տարածում եք ձեր ձեռքի ափերը, ես փակում եմ իմ աչքերը։ Թեև շատ աղոթքներ եք անում, ես չեմ լսում» (Եսայիա 1։15)։ Պատկերացնո՞ւմ ես. Եհովան նույնիսկ չէր լսում նրանց աղոթքները։ Մենք չենք ուզում անել մի բան, ինչը կվնասի Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները և կզրկի մեզ Նրա օգնությունից, հատկապես այն ժամանակ, երբ հիվանդ ենք (Սաղմոս 41։3)։ Ուստի նախքան որոշակի բուժմեթոդ ընտրելը պետք է պարզենք, թե արդյոք այն որևէ կապ չունի ոգեհարցության կամ խորհրդավոր ուժերի հետ (Մատթեոս 6։13)։ Եթե այդպիսի հավանականություն կա, ուրեմն պետք է խուսափենք դրանից (տես Ծանոթագրություն 32

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԵՎԵՐԻ ՄԱՍԻՆ

19. Ինչպե՞ս է Սատանան վախ ներշնչում մարդկանց։

19 Որոշ մարդիկ կարծում են, թե Սատանան ու դևերը հորինված կերպարներ են, ոմանք էլ անձնական փորձով համոզվել են, որ նրանք իրական են։ Շատ մարդիկ չար ոգիների հանդեպ վախով են ապրում և սնոտիապաշտական շատ սովորույթների գերի են։ Ուրիշներն էլ դևերի հանդեպ վախ են տարածում՝ պատմելով նրանց դաժան արարքների մասին պատմություններ։ Հաճախ մարդիկ տպավորվում են այս պատմություններով և ոգևորված պատմում են ուրիշներին։ Այդպիսի պատմությունների պատճառով մարդիկ հաճախ սկսում են վախենալ Սատանայից։

20. Ինչպե՞ս գուցե տարածենք Սատանայի ստերը։

20 Փաստորեն, Սատանան ուզում է, որ մարդիկ վախենան իրենից (2 Թեսաղոնիկեցիներ 2։9, 10)։ Նա ստախոս է և գիտի ինչպես ազդի ոգեհարցությամբ հետաքրքրվող մարդկանց մտքերի վրա, որ նրանք հավատան բաների, որոնք միշտ չէ, որ ճիշտ են։ Այդ մարդիկ գուցե պատմեն պատմություններ այն մասին, ինչը, իրենց կարծիքով, տեսել են ու լսել։ Որքան շատ են պատմում նման պատմություններ, այնքան ավելի չափազանցված են դրանք դառնում։ Մենք չենք ցանկանում, այդպիսի պատմություններ տարածելով, օգնել Սատանային, որ վախ ներշնչի մարդկանց (Հովհաննես 8։44; 2 Տիմոթեոս 2։16

21. Դևերի մասին պատմություններ պատմելու փոխարեն՝ ինչի՞ մասին կարող ենք խոսել։

21 Եթե Եհովայի ծառաներից մեկը նախկինում կապ է ունեցել դևերի հետ, նա չպետք է զուտ ժամանցի համար դրա մասին պատմի ուրիշներին։ Եհովայի ժողովուրդը չպետք է վախենա Սատանայից ու նրա դևերից։ Ավելի լավ է խոսել Հիսուսի ու նրա մեծ զորության մասին, որ Եհովան է տվել նրան (Եբրայեցիներ 12։2)։ Հիսուսը ժամանցի կամ հետաքրքրության համար դևերի մասին պատմություններ չէր պատմում իր աշակերտներին։ Նա կենտրոնանում էր Թագավորության լուրի վրա և խոսում էր «Աստծու մեծամեծ բաների մասին» (Գործեր 2։11; Ղուկաս 8։1; Հռոմեացիներ 1։11, 12

22. Ի՞նչ ես վճռել անել։

22 Երբեք չպետք է մոռանանք, որ Սատանայի նպատակն է քանդել Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները։ Նա այդ նպատակին հասնելու համար ամեն ինչ կանի։ Բայց մենք տեղյակ ենք Սատանայի մեթոդներին և վճռել ենք մերժել ոգեհարցության ցանկացած ձև։ Մենք չենք ուզում «տեղիք տալ Բանսարկուին»՝ թույլ տալով նրան թուլացնել մեր վճռականությունը (կարդա Եփեսացիներ 4։27)։ Այո՛, եթե հակառակվենք Սատանային, մենք չենք ընկնի նրա լարած ծուղակները և կունենանք Եհովայի պաշտպանությունը (Եփեսացիներ 6։11