Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 7

Աստծու պես՝ կյանքը թանկ համարո՞ւմ ես

Աստծու պես՝ կյանքը թանկ համարո՞ւմ ես

«Կյանքի աղբյուրը քեզ մոտ է» (ՍԱՂՄՈՍ 36։9)

1, 2. ա) Ի՞նչ թանկ նվեր է տվել Եհովան։ բ) Ի՞նչ է նա տվել, որ կարողանանք ապրել լավագույն կյանքով։

 ԵՀՈՎԱՆ յուրաքանչյուրիս տվել է հրաշալի նվեր՝ կյանք (Ծննդոց 1։27)։ Նա ուզում է, որ ապրենք լավագույն կյանքով, դրա համար էլ տվել է սկզբունքներ, որ կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել։ Այդ սկզբունքները օգնում են մեզ «ճիշտն ու սխալը զանազանել» (Եբրայեցիներ 5։14)։ Դրանցով առաջնորդվելով՝ թույլ ենք տալիս, որ Եհովան սովորեցնի մեզ ճիշտ դատել։ Երբ Աստծու սկզբունքները կիրառում ենք մեր կյանքում ու տեսնում ենք՝ ինչպես է մեր կյանքը բարելավվում, հասկանում ենք, թե որքան արժեքավոր են դրանք։

2 Կյանքում կարող են շատ բարդ իրավիճակներ ստեղծվել։ Եվ հաճախ գուցե Աստվածաշնչում դրանց առնչվող կոնկրետ օրենք չլինի։ Օրինակ՝ հնարավոր է՝ անհրաժեշտություն առաջանա որոշում կայացնել որևէ բժշկական պրոցեդուրայի առնչությամբ, որի ժամանակ արյուն է օգտագործվում։ Ինչպե՞ս կարող ենք Եհովային հաճելի որոշում կայացնել։ Աստվածաշնչում կան սկզբունքներ, որոնցից երևում է, թե Եհովան ինչ տեսակետ ունի կյանքի ու արյան վերաբերյալ։ Եթե հասկանանք այդ սկզբունքները, կկարողանանք իմաստուն որոշումներ կայացնել և մաքուր խիղճ պահպանել (Առակներ 2։6–11)։ Այժմ քննենք այդ սկզբունքներից մի քանիսը։

ԱՍՏԾՈՒ ՏԵՍԱԿԵՏԸ ԿՅԱՆՔԻ ՈՒ ԱՐՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

3, 4. ա) Ինչպե՞ս է Աստված հայտնի դարձրել արյան վերաբերյալ իր տեսակետը։ բ) Ի՞նչ է ներկայացնում արյունը։

3 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ արյունը սուրբ է, քանի որ այն ներկայացնում է կյանքը, իսկ կյանքը թանկ է Եհովայի համար։ Երբ Կայենը սպանեց իր եղբորը, Եհովան ասաց նրան. «Եղբորդ արյունը երկրից բարձրաձայն կանչում է ինձ» (Ծննդոց 4։10)։ Խոսելով Աբելի արյան մասին՝ Եհովան նկատի ուներ նրա կյանքը։

4 Նոյի օրերի ջրհեղեղից հետո Աստված մարդկանց ասաց, որ կարող են միս ուտել։ Բայց նա հստակ ընդգծեց. «Միսը իր հոգով [կյանքով], այսինքն՝ իր արյունով, մի՛ կերեք» (Ծննդոց 9։4)։ Այս պատվերը վերաբերում էր Նոյի բոլոր հետնորդներին, այդ թվում՝ մեզ։ Ակնհայտ է, որ Եհովայի տեսանկյունից արյունը ներկայացնում է կյանքը։ Մենք էլ պետք է նույն տեսակետն ունենանք արյան վերաբերյալ (Սաղմոս 36։9

5, 6. Մովսիսական օրենքից ինչպե՞ս է երևում, թե ինչ տեսակետ ունի Եհովան կյանքի ու արյան վերաբերյալ։

5 Մովսեսին տված օրենքում Եհովան ասել էր. «Եթե.... որևէ մեկը որևիցե արյուն ուտի, ապա իմ երեսը կուղղեմ արյուն ուտող այդ հոգու դեմ և անպատճառ նրան կվերացնեմ իր ժողովրդի միջից, քանի որ մարմնի հոգին [կյանքը] արյան մեջ է» (Ղևտական 17։10, 11

6 Մովսիսական օրենքում նաև ասվում էր, որ ուտելու համար կենդանի մորթելիս արյունը պետք է գետին թափեին։ Դա ցույց էր տալիս, որ կենդանու արյունը սուրբ է և պատկանում է Եհովային (2 Օրենք 12։16; Եզեկիել 18։4)։ Բայց Եհովան չէր ակնկալում իսրայելացիներից, որ կենդանու արյունը քամեին մինչև վերջին կաթիլը։ Եթե նրանք ողջամտության սահմաններում ամեն ինչ արել էին արյունը թափելու համար, ապա կարող էին մաքուր խղճով ուտել միսը։ Կենդանու արյան, այսինքն՝ կյանքի հանդեպ հարգանք դրսևորելով՝ նրանք ցույց էին տալիս, որ հարգում են կյանքը Տվողին՝ Եհովային։ Օրենքով իսրայելացիներից պահանջվում էր նաև կենդանիներ զոհաբերել իրենց մեղքերը քավելու համար (տես Ծանոթագրություն 19 և 20

7. Դավիթն ինչպե՞ս ցույց տվեց, որ շատ թանկ է գնահատում արյունը։

7 Արյան արժեքը երևում է նաև մի դեպքից, որ տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Դավիթը պատերազմում էր փղշտացիների դեմ։ Դավթի մարդիկ տեսան, որ նա շատ ծարավ է, ուստի մտան հակառակորդի տարածք և վտանգելով իրենց կյանքը՝ նրա համար ջուր բերեցին։ Բայց Դավիթը չցանկացավ խմել այդ ջուրը և «Եհովայի առաջ թափեց» այն։ Նա ասաց. «Ո՜վ Եհովա, անհնա՛ր է, որ ես այս բանն անեմ։ Մի՞թե կխմեմ իրենց հոգիները [կյանքը] վտանգի ենթարկած մարդկանց արյունը»։ Դավիթը հասկանում էր, թե կյանքը և այն ներկայացնող արյունը որքան թանկ են Եհովայի աչքին (2 Սամուել 23։15–17

8, 9. Ինչպե՞ս պետք է քրիստոնյաները վերաբերվեն արյանը։

8 Հիսուսի մահից հետո Աստծու ծառաներից այլևս չէր պահանջվում անասնական զոհեր մատուցել։ Բայց նրանք պետք է շարունակեին ճիշտ տեսակետ ունենալ արյան վերաբերյալ։ «Հեռու մնալ.... արյունից» հրահանգը Օրենքի այն եզակի պատվիրաններից էր, որ Եհովան քրիստոնյաներից էլ էր պահանջում պահել։ Այդ պատվիրանը պահելը նույնքան կարևոր էր, որքան կռապաշտությունից կամ անբարոյությունից հեռու մնալը (Գործեր 15։28, 29

Ինչպե՞ս կբացատրեմ արյան մանր բաղադրամասերի վերաբերյալ իմ դիրքորոշումը

9 Այն ուժի մեջ է նաև այսօր։ Որպես քրիստոնյաներ՝ գիտենք, որ Եհովան է կյանքի Աղբյուրը ու յուրաքանչյուր կյանք նրան է պատկանում։ Իսկ քանի որ արյունը ներկայացնում է կյանքը, ուրեմն այն սուրբ է։ Հետևաբար, երբ որոշում ենք կայացնում արյան գործածություն պահանջող որևէ բուժման վերաբերյալ, պետք է հաշվի առնենք Աստվածաշնչի սկզբունքները։

ԱՐՅՈՒՆԸ՝ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ

10, 11. ա) Ինչպե՞ս են Եհովայի վկաները վերաբերվում ամբողջական արյան և նրա չորս հիմնական բաղադրիչների փոխներարկմանը։ բ) Յուրաքանչյուր քրիստոնյա ի՞նչ անձնական որոշում պետք է կայացնի։

10 Եհովայի վկաները հասկանում են, որ «հեռու մնալ.... արյունից» պատվերը ավելին է ներառում, քան միայն այն չուտելը կամ չխմելը։ Այն նշանակում է չընդունել արյան փոխներարկում, արյուն չտալ ուրիշներին և ոչ էլ պահեստավորել սեփական արյունը հետագա ներարկման համար։ Նաև նշանակում է չընդունել արյան չորս հիմնական բաղադրիչների՝ կարմիր գնդիկների (էրիթրոցիտներ), սպիտակ գնդիկների (լեյկոցիտներ), թրոմբոցիտների և պլազմայի փոխներարկում։

11 Արյան այս չորս հիմնական տարրերից ստանում են ավելի փոքր բաղադրիչներ, որոնք կոչվում են արյան ֆրակցիաներ՝ մանր բաղադրամասեր։ Ամեն քրիստոնյա պետք է իր համար որոշի՝ ընդունե՞լ այդ մանր բաղադրամասերը, թե՞ ոչ։ Սա վերաբերում է նաև բուժման այն մեթոդներին, որոնց ընթացքում օգտագործվում է բուժվողի սեփական արյունը։ Յուրաքանչյուրը պետք է անձամբ որոշի, թե ինչպես իր արյունը օգտագործվի վիրահատության, բժշկական հետազոտության կամ այլ ախտորոշիչ և բուժական պրոցեդուրաների ընթացքում (տես Ծանոթագրություն 21

12. ա) Եհովայի համար ինչո՞ւ է կարևոր, թե ինչ որոշում կկայացնենք խղճի վրա թողնված հարցերում։ բ) Ինչպե՞ս կարող ենք իմաստուն որոշումներ կայացնել բուժման մեթոդների առնչությամբ։

12 Եհովայի համար էական նշանակություն ունի՞, թե ինչ որոշում կկայացնենք խղճի վրա թողնված հարցերում։ Իհարկե։ Ինչո՞ւ։ Քանի որ այդպիսի որոշումները բացահայտում են, թե ինչ կա մեր սրտում, իսկ Եհովայի համար կարևոր է, թե ինչ ենք մտածում և զգում մեր սրտի խորքում (կարդա Առակներ 17։3; 24։12)։ Հետևաբար բուժման հետ կապված որոշում կայացնելիս պետք է աղոթքով Եհովայից խնդրենք նրա առաջնորդությունը և հետո ուսումնասիրություն անենք բուժման մեթոդի վերաբերյալ։ Այնուհետև պետք է անձնական որոշում կայացնենք Աստվածաշնչի սկզբունքներով մարզված մեր խղճի հիման վրա։ Չպետք է ուրիշներին հարցնենք, թե ինչ կանեին, եթե մեր իրավիճակում լինեին, ոչ էլ նրանք պետք է փորձեն ինչ-որ ձևով ազդել մեր որոշման վրա։ Ամեն քրիստոնյա «իր բեռն է կրելու» (Գաղատացիներ 6։5; Հռոմեացիներ 14։12

ԵՀՈՎԱՅԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՆՐԱ ՍԻՐՈ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆ ԵՆ

13. Արյան վերաբերյալ Եհովայի տված օրենքներից ի՞նչ ենք իմանում նրա մասին։

13 Եհովայի պատվիրած ամեն բան մեր իսկ բարօրության համար է և ցույց է տալիս նրա սերը մեր հանդեպ (Սաղմոս 19։7–11)։ Բայց մենք հնազանդվում ենք նրան ոչ թե պարզապես այն պատճառով, որ նրա պատվերները մեր օգտին են ծառայում, այլ քանի որ սիրում ենք նրան։ Եհովայի հանդեպ սերն է մղում մեզ հեռու մնալու արյան փոխներարկումից (Գործեր 15։20)։ Բայց դա նաև նպաստում է մեր առողջությանը։ Այսօր մարդկանց մեծ մասը տեղյակ է արյան փոխներարկման հետ կապված վտանգներին, և շատ բժիշկներ այն կարծիքին են, որ առանց արյան փոխներարկման արված վիրահատությունները ավելի լավ են անդրադառնում բուժվողների առողջական վիճակի վրա։ Ակնհայտ է, որ Եհովայի սկզբունքները իմաստուն են ու սիրառատ (կարդա Եսայիա 55։9; Հովհաննես 14։21, 23

14, 15. ա) Եհովան իր ժողովրդին ի՞նչ օրենքներ էր տվել նրանց պաշտպանելու համար։ բ) Ինչպե՞ս կարող ես կիրառել այդ օրենքների հիմքում ընկած սկզբունքները։

14 Աստծու օրենքները միշտ էլ օգուտ են բերել նրա ժողովրդին։ Եհովան հին Իսրայել ազգին օրենքներ էր տվել լուրջ պատահարներից նրանց պաշտպանելու համար։ Օրինակ՝ օրենքներից մեկն ասում էր, որ տանտերը պետք է իր հարթ տանիքի շուրջը ցածր եզրապատ շիներ, որ ոչ ոք չընկներ այնտեղից (2 Օրենք 22։8)։ Կար նաև օրենք կենդանիների հետ կապված։ Եթե մեկը ուներ կատաղի ցուլ, պարտավոր էր նրան հսկողության տակ պահել, որ կենդանին չհարձակվեր ինչ-որ մեկի վրա կամ մարդ չսպաներ (Ելք 21։28, 29)։ Եթե իսրայելացին չհնազանդվեր այդ օրենքներին, ու դրա հետևանքով մարդ մահանար, ապա նա մեղավոր կլիներ։

15 Այս օրենքներից տեսնում ենք, թե Եհովան որքան թանկ է համարում կյանքը։ Սա իմանալը ինչպե՞ս պետք է ազդի մեզ վրա։ Մենք էլ մեր հերթին պետք է ցույց տանք, որ թանկ ենք համարում կյանքը։ Իսկ դա կերևա այն բանից, թե ինչ վիճակում ենք պահում մեր տունը, մեքենան, ինչպես ենք վարում որևէ փոխադրամիջոց և թե հանգստի ինչպիսի ձև ենք ընտրում։ Որոշ մարդիկ, հատկապես երիտասարդները, ռիսկի են դիմում և անտեսում են հավանական վտանգները՝ մտածելով, որ իրենց ոչ մի վատ բան էլ չի լինի։ Բայց Եհովան չի ուզում, որ մենք այդպիսի վերաբերմունք ունենանք։ Նա ուզում է, որ կարևոր համարենք բոլորի կյանքը՝ թե՛ մեր, թե՛ ուրիշների (Ժողովող 11։9, 10

16. Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում աբորտին։

16 Եհովայի համար կարևոր է յուրաքանչյուր մարդու կյանք, նույնիսկ չծնված երեխայինը։ Ինչպես երևում է Մովսիսական օրենքից, եթե անհատը պատահաբար վնասեր հղի կնոջը, և այդ կինը կամ նրա երեխան մահանար, Եհովան այդ անհատին մեղավոր էր համարում մարդասպանության մեջ։ Դա նշանակում է, որ նա պետք է իր կյանքով վճարեր կորցված կյանքի դիմաց (կարդա Ելք 21։22, 23)։ Աստծու համար չծնված երեխան կենդանի անձնավորություն է։ Ուրեմն ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս է նա վերաբերվում աբորտին (արհեստական վիժմանը)։ Ի՞նչ է նա զգում, երբ տեսնում է, թե ինչպես են ամեն տարի միլիոնավոր չծնված երեխաներ սպանվում։

17. Եթե կինը նախքան Եհովային ճանաչելը աբորտ է արել, ի՞նչը կարող է մխիթարել նրան։

17 Իսկ եթե կինը աբորտ է արել նախքան Եհովայի տեսակետը իմանա՞լը։ Եթե նա անկեղծորեն զղջում է, կարող է վստահ լինել, որ Եհովան Հիսուսի զոհի հիման վրա կների իրեն (Ղուկաս 5։32; Եփեսացիներ 1։7)։ Եվ դրանից հետո նա չպետք է շարունակի տանջվել մեղավորության զգացումից։ «Եհովան բարեգութ է և ողորմած.... Որքան արևելքը հեռու է արևմուտքից, այնքան նա հեռացրել է մեզանից մեր հանցանքները» (Սաղմոս 103։8–14

ԽՈՒՍԱՓԻՐ ՉԱՐԱԿԱՄ ՄՏՔԵՐԻՑ

18. Ինչո՞ւ պետք է հնարավոր ամեն բան անենք, որ ազատվենք չարակամ մտքերից։

18 Աստծու տված նվերի՝ կյանքի հանդեպ հարգանքը պետք է նախ սրտում լինի։ Այդ հարգանքը երևում է, օրինակ, նրանից, թե ինչ ես զգում ուրիշների հանդեպ քո սրտի խորքում։ Հովհաննես առաքյալը գրել է. «Ամեն ոք, ով ատում է իր եղբորը, մարդասպան է» (1 Հովհաննես 3։15)։ Դիմացինի հանդեպ հակակրանքը աննկատ կերպով կարող է ատելության վերածվել։ Ատելությունը կարող է պատճառ լինել, որ մարդը չհարգի դիմացինին, կեղծ մեղադրանքներ ներկայացնի նրա դեմ և նույնիսկ նրա մահը ցանկանա։ Եհովան գիտի, թե ինչ ենք զգում ուրիշների նկատմամբ (Ղևտական 19։16; 2 Օրենք 19։18–21; Մատթեոս 5։22)։ Եթե մեր մեջ որևէ մեկի հանդեպ ատելության նշույլ ենք նկատում, պետք է ամեն ջանք թափենք, որ ազատվենք այդպիսի չարակամ մտքերից (Հակոբոս 1։14, 15; 4։1–3

19. Բռնության վերաբերյալ Եհովայի տեսակետը ինչպե՞ս պետք է անդրադառնա մեզ վրա։

19 Մեկ ուրիշ կերպով էլ կարող ենք ցույց տալ, որ կյանքը մեծ արժեք ունի մեզ համար։ Սաղմոս 11։5-ից իմանում ենք, որ Եհովան «բռնություն սիրողին ատում է»։ Եթե բռնությամբ լի զվարճություն ենք ընտրում, ապա թերևս դա նշան է, որ սիրում ենք բռնությունը։ Ինչո՞ւ մեր միտքը լցնենք դաժանությամբ լի խոսքերով, գաղափարներով ու տեսարաններով։ Ավելի լավ է մեր միտքը սնենք այն ամենով, ինչը մաքուր է և խաղաղարար (կարդա Փիլիպպեցիներ 4։8, 9

ՄԻ՛ ԱՋԱԿՑԻՐ ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԿՅԱՆՔԸ

20. Եհովան ի՞նչ տեսակետ ունի Սատանայի աշխարհի վերաբերյալ։

20 Սատանայի աշխարհը հարգանք չունի կյանքի հանդեպ, և Եհովան այն արյունապարտ է համարում, այսինքն՝ մարդասպանության մեջ մեղավոր։ Դարերի ընթացքում քաղաքական ուժերը միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ Եհովայի բազմաթիվ ծառաների մահվան պատճառ են դարձել։ Ուստիև Աստվածաշնչում այդ ուժերը, կամ՝ կառավարությունները ներկայացված են որպես կատաղի գազաններ (Դանիել 8։3, 4, 20–22; Հայտնություն 13։1, 2, 7, 8)։ Այսօրվա աշխարհում զենքի վաճառքը խոշոր բիզնես է։ Մարդիկ, այդ մահաբեր զենքերը վաճառելով, հսկայական շահույթ են ստանում։ Իրոք որ, «ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19

21, 22. Աստծու ծառաներն ինչպե՞ս կարող են ցույց տալ, որ «աշխարհի մի մասը չեն»։

21 Սակայն ճշմարիտ քրիստոնյաները «այս աշխարհի մի մասը չեն»։ Եհովայի ծառաները չեզոք են քաղաքական հարցերում ու չեն մասնակցում պատերազմների։ Նրանք ոչ միայն չեն սպանում ուրիշներին, այլ նաև չեն աջակցում որևէ կազմակերպության, որը մեղավոր է մարդասպանության մեջ (Հովհաննես 15։19; 17։16)։ Հալածանքների ենթարկվելիս նրանք ի պատասխան բռնության չեն դիմում։ Հիսուսն ասաց, որ մենք պետք է սիրենք նույնիսկ մեր թշնամիներին (Մատթեոս 5։44; Հռոմեացիներ 12։17–21

22 Կրոնը նույնպես միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել։ Խոսելով Մեծ Բաբելոնի՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության մասին՝ Աստվածաշունչն ասում է. «Նրա մեջ էր մարգարեների, սրբերի և երկրի վրա սպանված բոլոր մարդկանց արյունը»։ Ահա թե ինչու է Եհովան պատվիրում. «Դո՛ւրս եկ նրա միջից, ի՛մ ժողովուրդ»։ Նրանք, ովքեր Եհովային են երկրպագում, կեղծ կրոնի մաս չեն կազմում (Հայտնություն 17։6; 18։2, 4, 24

23. «Մեծ Բաբելոնից դուրս գալ» ի՞նչ է նշանակում։

23 «Մեծ Բաբելոնից դուրս գալ» նշանակում է հստակ ցույց տալ, որ որևէ կեղծ կրոնի մաս չենք կազմում։ Օրինակ՝ գուցե հարկ լինի հավաստիանալ, որ մեր անունը հանվել է անդամակցության ցուցակից։ Բայց «դուրս գալը» ավելին է ներառում։ Մենք նաև պետք է ատենք և մերժենք այն սխալ բաները, որ անում է կեղծ կրոնը։ Կեղծ կրոնը հանդուրժում և խրախուսում է անբարոյությունը, քաղաքականությանը խառնվելը և շահամոլությունը (կարդա Սաղմոս 97։10; Հայտնություն 18։7, 9, 11–17)։ Տարիների ընթացքում միլիոնավոր մարդիկ են մահացել այդ ամենի հետևանքով։

24, 25. Եհովային ճանաչելը ինչպե՞ս է մեզ խաղաղություն ու մաքուր խիղճ պարգևում։

24 Նախքան Եհովային ճանաչելը մեզանից յուրաքանչյուրը այս կամ այն կերպով աջակցել է այն վատ բաներին, որ Սատանայի աշխարհն է անում։ Բայց այժմ փոխվել ենք։ Մենք հավատ ենք ընծայել Հիսուսի քավիչ զոհաբերությանը և մեր կյանքը Աստծուն ենք նվիրել։ Մենք զգում ենք, որ «Եհովան թարմություն է բերում» մեզ։ Այլ խոսքով՝ խաղաղություն և մաքուր խիղճ ունենք, քանի որ գիտենք, որ ուրախացնում ենք Աստծուն (Գործեր 3։19; Եսայիա 1։18

25 Նույնիսկ եթե անցյալում եղել ենք մի կազմակերպության մեջ, որը հարգանք չի դրսևորում կյանքի նկատմամբ, Եհովան փրկանքի հիման վրա կարող է ներել մեզ։ Մենք գնահատում ենք Եհովայի տված պարգևը՝ կյանքը։ Մեր գնահատանքը ցույց ենք տալիս, երբ մեր ձեռքից եկածն անում ենք, որպեսզի օգնենք ուրիշներին՝ ճանաչեն Եհովային, դուրս գան Սատանայի աշխարհից և Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ վայելեն (2 Կորնթացիներ 6։1, 2

ՊԱՏՄԻՐ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

26–28. ա) Եհովան Եզեկիելին ի՞նչ հատուկ գործ էր հանձնարարել։ բ) Ի՞նչ է Եհովան պահանջում մեզանից այսօր։

26 Հին Իսրայելում Եհովան Եզեկիել մարգարեին հանձնարարել էր Երուսաղեմի բնակիչներին նախազգուշացնել քաղաքի կործանման մասին և ասել, թե ինչ է հարկավոր անել փրկվելու համար։ Եթե Եզեկիելը չնախազգուշացներ մարդկանց, Եհովան նրան պատասխանատու կհամարեր այդ մարդկանց մահվան համար (Եզեկիել 33։7–9)։ Եզեկիելը ցույց տվեց, որ կյանքը թանկ է համարում՝ հնարավոր ամեն բան անելով այդ կարևոր լուրը մարդկանց պատմելու համար։

27 Եհովան մեզ հանձնարարել է մարդկանց նախազգուշացնել, որ Սատանայի աշխարհը շուտով կործանվելու է, և օգնել նրանց ճանաչել իրեն ու փրկվել այս աշխարհի կործանումից (Եսայիա 61։2; Մատթեոս 24։14)։ Մենք ուզում ենք լավագույնն անել այդ կարևոր լուրը մարդկանց պատմելու համար։ Մենք էլ ենք ուզում Պողոսի նման ասել. «Ես մաքուր եմ բոլոր մարդկանց արյունից, որովհետև ես ինձ ետ չպահեցի Աստծու ամբողջ խորհուրդը ձեզ պատմելուց» (Գործեր 20։26, 27

28 Աստծու սիրո մեջ մնալու համար կյանքի և արյան վերաբերյալ նրա տեսակետը ունենալուց ավելին է պահանջվում։ Մենք պետք է նաև մաքուր լինենք Եհովայի առաջ։ Այդ մասին կխոսվի հաջորդ գլխում։