Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 4

Ինչու պետք է հարգել իշխանությունը

Ինչու պետք է հարգել իշխանությունը

«Պատվեք ամեն տեսակ մարդկանց, սիրեք ողջ եղբայրությունը, վախեցեք Աստծուց, պատվեք թագավորին» (1 ՊԵՏՐՈՍ 2։17)

1, 2. ա) Ո՞ւմ առաջնորդությանը պետք է հետևենք։ բ) Ի՞նչ հարցեր կքննարկենք այս գլխում։

 ԵՐԲ փոքր էիր, հավանաբար երբեմն ծնողներդ ասել են, որ անես մի բան, ինչը քո սրտով չի եղել։ Դու իհարկե միշտ էլ սիրել ես ծնողներիդ ու հասկացել ես, որ պետք է լսես նրանց, բայց միևնույնն է, միշտ չէ, որ ուզել ես հնազանդվել։

2 Մենք գիտենք, որ Եհովան՝ մեր Հայրը, սիրում է մեզ։ Նա հոգ է տանում մեր մասին և տվել է ամեն անհրաժեշտ բան, որ վայելենք կյանքը։ Նա նաև հարկ եղած առաջնորդությունն է տալիս մեզ, որ հաջողության հասնենք կյանքում։ Եվ երբեմն նա այլ մարդկանց միջոցով է մեզ առաջնորդություն տալիս։ Եհովան ակնկալում է, որ հարգենք իր իշխանությունը (Առակներ 24։21)։ Բայց ինչո՞ւ է երբեմն դժվար ընդունել մեզ տրված առաջնորդությունը։ Ինչո՞ւ է Եհովան ուզում, որ հետևենք առաջնորդությանը։ Եվ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր հարգանքը նրա իշխանության հանդեպ (տես Ծանոթագրություն 9

ԻՆՉՈՒ Է ԴԺՎԱՐ

3, 4. Մարդիկ ինչպե՞ս դարձան անկատար։ Ինչո՞ւ է մեզ համար դժվար ընդունել առաջնորդությունը։

3 Մարդիկ ըմբոստանալու հակում ունեն։ Դա սկսվել է այն ժամանակվանից, երբ առաջին տղամարդն ու կինը՝ Ադամն ու Եվան, մեղք գործեցին։ Թեև նրանք կատարյալ էին ստեղծվել, բայց Աստծու իշխանության դեմ ըմբոստանալով՝ դարձան անկատար։ Դրանից հետո բոլոր մարդիկ էլ ծնվել են այդպիսին։ Անկատարությունը պատճառներից մեկն է, թե ինչու է մեզ համար դժվար ընդունել առաջնորդությունը, լինի դա Եհովայից, թե մարդկանցից։ Մյուս պատճառն էլ այն է, որ նրանք, ում միջոցով Եհովան առաջնորդություն է տալիս, նույնպես անկատար մարդիկ են (Ծննդոց 2։15–17; 3։1–7; Սաղմոս 51։5; Հռոմեացիներ 5։12

4 Անկատարության պատճառով մենք նաև հպարտանալու հակում ունենք։ Հպարտությունը դժվարացնում է առաջնորդությանը հնազանդվելը։ Օրինակ՝ հին Իսրայելում Եհովան իր ժողովրդին առաջնորդելու համար ընտրել էր Մովսեսին։ Բայց Կորխը, որն արդեն երկար տարիներ ծառայում էր Եհովային, հպարտացավ և սկսեց շատ անհարգալից վերաբերվել Մովսեսին։ Թեև Մովսեսը Աստծու ժողովրդի առաջնորդն էր, բայց հպարտ մարդ չէր։ Ընդհակառակը՝ նրա մասին ասվում է, որ նա այդ ժամանակվա բոլոր մարդկանց մեջ ամենախոնարհն էր։ Բայց Կորխը չէր ցանկանում ընդունել Մովսեսի միջոցով տրվող առաջնորդությունը։ Նա նույնիսկ մի խումբ մարդկանց դրդեց, որ նրանք էլ ըմբոստանան Մովսեսի դեմ։ Ի՞նչ եղավ Կորխին ու մյուս ապստամբներին։ Նրանք մահվան արժանացան (Թվեր 12։3; 16։1–3, 31–35)։ Աստվածաշնչում գտնում ենք բազմաթիվ այլ օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե որքան վտանգավոր հատկություն է հպարտությունը (2 Տարեգրություն 26։16–21; տես Ծանոթագրություն 10

5. Ինչպե՞ս են որոշ մարդիկ չարաշահել իրենց իշխանությունը։

5 Թերևս լսել ես հետևյալ արտահայտությունը՝ «իշխանությունը ապականում է»։ Ողջ պատմության ընթացքում շատ մարդիկ չարաշահել են իրենց իշխանությունը, և, ինչ խոսք, սա էլ է նպաստել, որ իշխանության հանդեպ հարգանքը պակասի (կարդա Ժողովող 8։9 Օրինակ՝ Սավուղը խոնարհ ու բարի մարդ էր, երբ Եհովան ընտրեց նրան, որ դառնա Իսրայելի թագավոր։ Բայց նա թույլ տվեց, որ իր սրտում արմատներ գցեն հպարտությունն ու նախանձը, և արդյունքում սկսեց հալածել անմեղ մի մարդու՝ Դավթին (1 Սամուել 9։20, 21; 10։20–22; 18։7 – 11)։ Հետագայում Դավիթը թագավոր դարձավ։ Նա Իսրայելի լավագույն թագավորներից էր։ Բայց ժամանակի ընթացքում անգամ Դավիթը չարաշահեց իր իշխանությունը։ Նա սեռական հարաբերություն ունեցավ Ուրիայի կնոջ՝ Բերսաբեի հետ, իսկ հետո, փորձելով թաքցնել իր մեղքը, Ուրիային ուղարկեց ռազմաճակատ, որ նա սպանվի այնտեղ (2 Սամուել 11։1–17

ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԵՆՔ ԵՀՈՎԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

6, 7. ա) Եհովայի հանդեպ սերը մղում է, որ ի՞նչ անենք։ բ) Սիրուց բացի՝ ուրիշ ի՞նչը կօգնի, որ հնազանդ լինենք, անգամ երբ դա հեշտ չէ։

6 Մենք հարգանքով ենք վերաբերվում Եհովայից եկող առաջնորդությանը, քանի որ սիրում ենք նրան։ Այդ սերը մեր մեջ ցանկություն է առաջացնում ուրախացնելու նրա սիրտը (կարդա Առակներ 27։11; Մարկոս 12։29, 30 Դեռևս այն ժամանակվանից, երբ առաջին մարդկային զույգը ապրում էր Եդեմի պարտեզում, Սատանան անընդհատ փորձել է այնպես անել, որ մարդիկ հարցականի տակ դնեն Եհովայի իշխանությունը։ Նա ցանկանում է, որ մտածենք, թե Եհովան իրավունք չունի մեզ ասելու, թե ինչ անենք։ Բայց գիտենք, որ դա ճիշտ չէ։ Մենք լիովին համաձայն ենք հետևյալ խոսքերին. «Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները» (Հայտնություն 4։11

7 Երբ փոքր էիր, թերևս քեզ սովորեցրել են, որ պետք է լսես ծնողներիդ, անգամ եթե չես ուզում։ Որպես մեր երկնային Հոր՝ Եհովայի զավակներ՝ մեզ համար էլ գուցե երբեմն հեշտ չլինի հնազանդվել։ Բայց քանի որ ոչ միայն սիրում, այլև խորապես հարգում ենք մեր Հորը, ամեն ջանք թափում ենք, որ նույնիսկ այդ դեպքում հնազանդվենք նրան։ Այդ հարցում հիանալի օրինակ է թողել Հիսուսը։ Նա հնազանդվեց Եհովային, անգամ երբ նրա համար հեշտ չէր։ Ուստի իսկապես կարող էր ասել իր Հորը. «Ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի» (Ղուկաս 22։42; տես Ծանոթագրություն 11

8. Ի՞նչ կերպերով է Եհովան առաջնորդում մեզ (տես « Խորհուրդ լսիր» շրջանակը)։

8 Եհովան մեզ տարբեր կերպերով է առաջնորդում։ Օրինակ՝ նա մեզ տվել է Աստվածաշունչը։ Նա նաև տվել է ժողովի երեցներին։ Մենք ցույց ենք տալիս, որ հարգում ենք Եհովայի իշխանությունը, երբ հարգում ենք նրանց, ում միջոցով նա մեզ առաջնորդություն է տալիս։ Երբ մերժում ենք նրանց առաջարկած օգնությունը, կարելի է ասել՝ մերժում ենք Եհովային։ Երբ իսրայելացիները մերժեցին Մովսեսին, Եհովայի աչքին դա շատ լուրջ սխալ էր։ Նա համարեց, որ նրանք իրեն էին մերժում (Թվեր 14։26, 27; տես Ծանոթագրություն 12

9. Ինչպե՞ս է եղբայրների ու քույրերի հանդեպ սերը մղում, որ հետևենք առաջնորդությանը։

9 Հարգելով նրանց, ում Եհովան իշխանություն է տվել՝ մենք ցույց ենք տալիս, որ սիրում ենք նաև մեր եղբայրներին ու քույրերին։ Նկատի առնենք մի օրինակ։ Երբ բնական աղետ է լինում, տուժածներին օգնող խումբը միահամուռ ջանքերով ձգտում է հնարավորինս շատերի կյանքը փրկել։ Որպեսզի խմբի աշխատանքը արդյունավետ լինի, որևէ մեկը պետք է կազմակերպի այն, իսկ մյուսները պետք է հետևեն առաջնորդությանը։ Իսկ ինչ կլինի, եթե խմբի անդամներից մեկը այդպես չվարվի, այլ անի, ինչ ուզում է։ Նույնիսկ եթե նրա մղումները լավն են, միևնույնն է, նրա անհնազանդության պատճառով մյուսները գուցե խնդիրներ ունենան և նույնիսկ լուրջ վնասներ կրեն։ Նմանապես, երբ մենք չենք հետևում Եհովայից եկող առաջնորդությանը և չենք հնազանդվում նրանց, ում նա որոշ հարցերում իշխանություն է տվել, ապա հնարավոր է՝ վնասենք ուրիշներին։ Իսկ երբ հնազանդվում ենք Եհովայի սահմանած կարգին, ցույց ենք տալիս, որ սիրում ենք մեր եղբայրներին ու քույրերին և հարգում ենք Եհովայի իշխանությունը (1 Կորնթացիներ 12։14, 25, 26

10, 11. Ի՞նչ ենք քննելու։

10 Եհովայի բոլոր պատվիրանները մեր օգտի համար են։ Երբ հարգում ենք իշխանությունը ընտանիքում, ժողովում և պետական պաշտոնյաների հետ առնչվելիս, դա օգուտ է բերում բոլորին (2 Օրենք 5։16; Հռոմեացիներ 13։2–4; Եփեսացիներ 6։2, 3; Եբրայեցիներ 13։17

11 Երբ հասկանում ենք, թե Եհովան ինչու է ուզում, որ հարգենք ուրիշներին, մեզ համար ավելի հեշտ է լինում անել դա։ Եկեք ավելի հանգամանորեն քննենք, թե ինչպես կարող ենք հարգանք ցուցաբերել կյանքի երեք ոլորտներում։

ՀԱՐԳԱՆՔ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

12. Ինչպե՞ս կարող է ամուսինը ցույց տալ, որ հարգում է Եհովայի իշխանությունը։

12 Եհովան է ստեղծել ընտանիքը և սահմանել է յուրաքանչյուր անդամի դերը։ Երբ յուրաքանչյուր անդամ հասկանում է, թե ինչ է Եհովան ակնկալում իրենից, ընտանեկան կառույցը ճիշտ է գործում, և դա օգուտ է բերում ողջ ընտանիքին (1 Կորնթացիներ 14։33)։ Եհովան ամուսնուն է նշանակել ընտանիքի գլուխ։ Ուստի ամուսնուց ակնկալվում է, որ հոգ տանի և սիրառատ կերպով առաջնորդի իր կնոջն ու երեխաներին։ Նա պետք է պատասխան տա Եհովայի առաջ այն բանի համար, թե ինչպես է հոգ տանում նրանց մասին։ Քրիստոնյա ամուսինը բարի է ու սիրող և իր ընտանիքի հետ վարվում է այնպես, ինչպես Հիսուսը՝ ժողովի հետ։ Այդպես ամուսինը ցույց է տալիս, որ հարգում է Եհովային (Եփեսացիներ 5։23; տես Ծանոթագրություն 13

Քրիստոնյա հայրը, ընդօրինակելով Հիսուսին, հոգ է տանում իր ընտանիքին

13. Ինչպե՞ս կարող է կինը ցույց տալ, որ հարգում է իր ամուսնու իշխանությունը։

13 Քրիստոնյա կինը նույնպես արժանապատիվ ու կարևոր դեր ունի ընտանիքում։ Նա աջակցում է իր ամուսնուն, մինչ վերջինս ջանքեր է թափում ընտանիքի գլխի իր պարտականությունները լավ կատարելու համար։ Կինը նույնպես պատասխանատու է երեխաների դաստիարակության համար։ Նա երեխաներին սովորեցնում է հարգալից լինել ու դա անում է նախևառաջ սեփական օրինակով (Առակներ 1։8)։ Նա հարգում է իր ամուսնուն ու թիկունք է կանգնում նրա կայացրած որոշումներին՝ համագործակցելով նրա հետ։ Նույնիսկ եթե կինը ինչ-որ հարցում համաձայն չէ ամուսնու հետ, նա սիրալիր ու հարգալից կերպով է բացատրում իր տեսակետը։ Կնոջ համար հատկապես դժվար է լինում, երբ իր կողակիցը Վկա չէ։ Բայց եթե նա շարունակաբար սեր ու հարգանք դրսևորի իր ամուսնու հանդեպ, գուցե մի օր ամուսինն էլ ցանկանա ճանաչել Եհովային ու երկրպագել նրան (կարդա 1 Պետրոս 3։1

14. Երեխաներն ինչպե՞ս կարող են ցույց տալ, որ հարգում են իրենց ծնողների իշխանությունը։

14 Երեխաները թանկ են Եհովայի համար։ Նրանք առավել շատ ունեն պաշտպանության ու առաջնորդության կարիք։ Երբ երեխաները հնազանդվում են իրենց ծնողներին, ուրախացնում են նրանց։ Իսկ որ ավելի կարևոր է, իրենց հնազանդությամբ նրանք ցույց են տալիս, որ հարգում են Եհովային, և ուրախացնում են նրա սիրտը (Առակներ 10։1)։ Այսօր շատ են հանդիպում միայն մեկ ծնող ունեցող ընտանիքներ։ Այսպիսի ընտանիքներում առանձնահատուկ դժվարությունների են բախվում և՛ ծնողները, և՛ երեխաները։ Բայց երբ երեխաները հնազանդվում են ու թիկունք են կանգնում իրենց ծնողին, լինի դա հայրը, թե մայրը, նրանց փոխհարաբերությունները շատ ավելի ջերմ են լինում։ Բոլորի հանգամանքները տարբեր են, և, ինչ խոսք, ոչ մի ընտանիք էլ կատարյալ չէ։ Բայց ցանկացած ընտանիք ավելի երջանիկ կլինի, եթե յուրաքանչյուր անդամ հետևի Եհովայի տված առաջնորդությանը։ Այդպիսով նրանք նաև պատիվ կբերեն Եհովային՝ ընտանիքը Ստեղծողին (Եփեսացիներ 3։14, 15

ՀԱՐԳԱՆՔ ԺՈՂՈՎՈՒՄ

15. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ հարգում ենք իշխանությունը ժողովում։

15 Եհովան մեզ առաջնորդում է քրիստոնեական ժողովի միջոցով, որտեղ նա ողջ իշխանությունը հանձնել է Հիսուսին (Կողոսացիներ 1։18)։ Իր հերթին Հիսուսը «հավատարիմ և իմաստուն ծառային» է վստահել Աստծու ժողովրդի մասին հոգ տանելու պատասխանատվությունը (Մատթեոս 24։45–47)։ Մեր օրերում այդ «հավատարիմ և իմաստուն ծառան» Կառավարիչ մարմինն է։ Այդ խումբը ճիշտ ժամանակին տալիս է ամեն անհրաժեշտ բան, որ մեր հավատը ամուր մնա։ Երեցները, ծառայող օգնականները և շրջանային վերակացուները առաջնորդություն են ստանում Կառավարիչ մարմնից ու աջակցում են աշխարհով մեկ սփռված ժողովներին։ Այդ բոլոր եղբայրները մեր մասին հոգ տանելու պատասխանատվություն ունեն։ Նրանք Եհովայի առաջ հաշիվ են տալիս այն բանի համար, թե ինչպես են կատարում իրենց պարտականությունը։ Ուստի նրանց հարգելով՝ իրականում Եհովային ենք հարգում (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 5։12; Եբրայեցիներ 13։17; տես Ծանոթագրություն 14

16. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ երեցներն ու ծառայող օգնականները սուրբ ոգով են նշանակվում։

16 Ծառայող օգնականներն ու երեցները օգնում են, որ ժողովը հավատարիմ մնա Եհովային ու միասնական լինի։ Ինչ խոսք, նրանք մեզ պես անկատար մարդիկ են։ Ինչպե՞ս են նրանք նշանակում ստանում։ Նրանք պետք է համապատասխանեն Աստվածաշնչում գրված պահանջներին (1 Տիմոթեոս 3։1–7, 12; Տիտոս 1։5–9)։ Եհովան իր սուրբ ոգով Աստվածաշունչը գրողներին ներշնչել է, որ գրի առնեն այդ պահանջները։ Երբ երեցները քննարկում են, թե ով կարող է նշանակվել երեց կամ ծառայող օգնական, նրանք աղոթում են Եհովային ու խնդրում նրա սուրբ ոգին։ Ուրեմն հստակ է, որ Եհովան ու Հիսուսն են սուրբ ոգու միջոցով առաջնորդում ժողովները (Գործեր 20։28)։ Ժողովում նշանակված այդ տղամարդիկ պարգևներ են Աստծուց (Եփեսացիներ 4։8

17. Որպես հարգանքի նշան՝ ի՞նչ պետք է անի քույրը որոշ դեպքերում։

17 Երբեմն գուցե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ չլինեն երեցներ կամ ծառայող օգնականներ ժողովում որոշակի պարտականություն կատարելու համար։ Սովորաբար նման դեպքերում այլ մկրտված եղբայրներ են կատարում այդ պարտականությունները։ Բայց եթե չկան մկրտված եղբայրներ, գուցե հարկ լինի, որ քույրը կատարի որոշակի գործ, որը սովորաբար պետք է նրանք անեն։ Այդ դեպքում քույրը պետք է ծածկի իր գլուխը, թերևս գլխաշորով կամ գլխարկով (1 Կորնթացիներ 11։3–10)։ Այդպես նա ցույց է տալիս, որ հարգում է գլխավորության սկզբունքը, որը Եհովան սահմանել է թե՛ ընտանիքում, թե՛ ժողովում (տես Ծանոթագրություն 15

ՀԱՐԳԱՆՔ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

18, 19. ա) Ի՞նչ ենք սովորում Հռոմեացիներ 13։1–7-ից։ բ) Ինչպե՞ս ենք հարգանք դրսևորում պետական իշխանությունների հանդեպ։

18 Եհովան ժամանակավորապես թույլ է տվել, որ ողջ աշխարհում պետական մարմինները որոշակի իշխանություն ունենան, ուստի մենք պետք է հարգենք նրանց։ Նրանք հոգ են տանում, որ յուրաքանչյուր երկրում կամ համայնքում պահպանվի կարգուկանոն, և մատուցում են անհրաժեշտ ծառայություններ։ Որպես քրիստոնյաներ՝ մենք հետևում ենք Հռոմեացիներ 13։1–7-ում գրված հորդորին (կարդա). մենք հարգում ենք «վերին իշխանություններին» և հնազանդվում ենք այն երկրի կամ համայնքի օրենքներին, որտեղ ապրում ենք։ Այդ օրենքները գուցե անդրադառնան մեր կյանքի տարբեր ոլորտների վրա՝ ընտանիք, բիզնես, ունեցվածք և այլն։ Օրինակ՝ մենք վճարում ենք հարկերը և ճիշտ տեղեկություններ ենք լրացնում պետական բլանկներում կամ օրենքով պահանջվող այլ փաստաթղթերում։ Բայց ինչպե՞ս կվարվենք, եթե պետությունը պահանջի անել մի բան, ինչը դեմ է Աստծու օրենքներին։ Պետրոս առաքյալն ասել է. «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց» (Գործեր 5։28, 29

19 Պետական որևէ պաշտոնյայի, օրինակ՝ դատավորի կամ ոստիկանի հետ գործ ունենալիս պետք է միշտ հարգալից խոսենք։ Դպրոցահասակ քրիստոնյաները հարգանքով են վերաբերվում իրենց ուսուցիչներին ու դպրոցի մյուս աշխատողներին։ Իսկ աշխատավայրում հարգանք ենք դրսևորում գործատիրոջ հանդեպ, անգամ եթե մյուս աշխատողները այդպես չեն վարվում։ Հարգանք դրսևորելով՝ ընդօրինակում ենք Պողոսին, որը հարգալից էր պետական պաշտոնյաների նկատմամբ, թեև երբեմն դա հեշտ չէր (Գործեր 26։2, 25)։ Նույնիսկ երբ մեզ լավ չեն վերաբերվում, մենք շարունակում ենք լինել հարգալից (կարդա Հռոմեացիներ 12։17, 18; 1 Պետրոս 3։15

20, 21. Ի՞նչ լավ արդյունքներ կարող են լինել, եթե հարգանք ցուցաբերենք։

20 Ամբողջ աշխարհում հարգանքը գնալով ավելի ու ավելի է պակասում։ Բայց Եհովայի ժողովուրդը տարբերվում է մյուսներից։ Մենք նպատակային ջանքեր ենք թափում, որ միշտ հարգանք դրսևորենք բոլոր մարդկանց հանդեպ։ Մենք վարվում ենք Պետրոս առաքյալի հետևյալ հորդորի համաձայն. «Պատվեք ամեն տեսակ մարդկանց» (1 Պետրոս 2։17)։ Երբ հարգում ենք ուրիշներին, դա նրանց աչքից չի վրիպում։ Հիսուսն ասել է. «Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառք տան ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5։16

21 Եթե հարգանք ցուցաբերենք ընտանիքում, ժողովում և կյանքի այլ ոլորտներում, մեր լավ օրինակը կարող է մղել ուրիշներին, որ ցանկանան ավելին իմանալ մեր Աստծու՝ Եհովայի մասին։ Եվ հարգանք դրսևորելով ուրիշների հանդեպ՝ հարգանք ենք դրսևորում նաև անձամբ Եհովայի հանդեպ։ Այդպիսով ուրախացնում ենք նրա սիրտը ու ցույց ենք տալիս, որ սիրում ենք նրան։