Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 12

Խոսելու պարգևն օգտագործիր «կերտելու համար»

Խոսելու պարգևն օգտագործիր «կերտելու համար»

«Թող ոչ մի նեխած խոսք դուրս չգա ձեր բերանից, այլ միայն բարի խոսք՝ հարկ եղած դեպքում կերտելու համար» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐ 4։29)

1–3. ա) Ո՞րն է Եհովայի տված թանկագին պարգևներից մեկը։ Ո՞ր դեպքում սխալ օգտագործած կլինենք այն։ բ) Ինչպե՞ս պետք է օգտագործենք խոսելու պարգևը։

 ՀԱՅՐԸ իր պատանի որդու համար հեծանիվ է գնում։ Նա շատ ուրախ է, որ որդուն այդպիսի հատուկ նվեր է տվել։ Բայց ի՞նչ կզգա հայրը, եթե տղան հեծանիվը անզգուշորեն քշի և վնասի ինչ-որ մեկին։

2 Եհովան «ամեն բարի պարգև և ամեն կատարյալ նվեր» տվողն է (Հակոբոս 1։17)։ Նրա տված թանկագին նվերներից մեկը խոսելու կարողությունն է։ Խոսելու պարգևը հնարավորություն է տալիս արտահայտելու մեր մտքերն ու զգացմունքները։ Մեր խոսքերով կարող ենք օգնել մարդկանց և նպաստել, որ իրենց լավ զգան։ Բայց մեր ասածները կարող են նաև վնասել և ցավ պատճառել ուրիշներին։

3 Խոսքը մեծ ուժ ունի։ Եհովան սովորեցնում է, թե ինչպես օգտագործենք խոսելու պարգևը։ Նա ասում է. «Թող ոչ մի նեխած խոսք դուրս չգա ձեր բերանից, այլ միայն բարի խոսք՝ հարկ եղած դեպքում կերտելու համար, որպեսզի օգուտ բերի լսողներին» (Եփեսացիներ 4։29)։ Եկեք քննենք, թե ինչպես կարող ենք օգտագործել Աստծու տված այս պարգևը, որ ուրախացնենք Նրան և քաջալերենք մարդկանց։

ԶԳՈՒՅՇ ԵՂԻՐ, ԹԵ ԻՆՉ ԵՍ ԱՍՈՒՄ

4, 5. Ինչպե՞ս է Աստվածաշնչի «Առակներ» գիրքը ցույց տալիս, որ խոսքերը մեծ ուժ ունեն։

4 Խոսքերը մեծ ուժ ունեն, ուստի պետք է զգույշ լինենք, թե ինչ ենք ասում և ինչպես ենք ասում։ Առակներ 15։4-ում գրված է. «Հանդարտ լեզուն կյանքի ծառ է, բայց խեղաթյուրված լեզուն կոտրում է ոգին»։ Ծառերը կենսական նշանակություն ունեն, և շոգ եղանակին նրանց ստվերի տակ լինելը թարմացնող է։ Բարի խոսքերը նմանատիպ ազդեցություն են ունենում մարդկանց վրա։ Իսկ կոպիտ խոսքերը կարող են վիրավորել ու ցավ պատճառել մարդկանց (Առակներ 18։21

Մեղմ խոսքը թարմացնում է

5 Առակներ 12։18-ում անմտածված խոսելը նմանեցվում է սրի պես խոցելուն։ Աննրբանկատ բառերը կարող են էմոցիոնալ ցավ պատճառել և վնասել փոխհարաբերությունները։ Գուցե դու էլ հիշես դեպքեր, երբ ինչ-որ մեկը անբարյացակամորեն է խոսել և խորապես վիրավորել քեզ։ Մինչդեռ, ինչպես Առակներ 12։18-ի երկրորդ մասում է գրված, «իմաստունների լեզուն բուժում է»։ Մտածված խոսքերը կարող են բուժել սրտի ցավը և վերականգնել թյուրիմացությունների պատճառով վնասված ընկերական փոխհարաբերությունները (կարդա Առակներ 16։24)։ Եթե հիշենք, որ մեր խոսքերն ազդում են ուրիշների վրա, զգուշորեն կխոսենք։

6. Ինչո՞ւ է շատ դժվար վերահսկել մեր խոսքերը։

6 Խոսելիս պետք է զգույշ լինենք նաև այն պատճառով, որ բոլորս էլ անկատար ենք։ Խոսքերը հաճախ արտացոլում են այն, ինչ կա մարդու սրտում, իսկ մարդու սիրտը, ինչպես ասում է Աստվածաշունչը, «հակված է դեպի չարը» (Ծննդոց 8։21; Ղուկաս 6։45)։ Այնպես որ մեր խոսքերը վերահսկելը հաճախ գուցե շատ դժվար լինի (կարդա Հակոբոս 3։2–4)։ Բայց մենք պետք է շարունակ ջանքեր թափենք, որ բարելավենք մեր խոսելաձևը։

7, 8. Ինչպե՞ս կարող են մեր խոսքերը ազդել Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունների վրա։

7 Կա ևս մեկ պատճառ, թե ինչու պետք է զգուշորեն խոսենք. մենք հաշիվ ենք տալու Եհովային այն բանի համար, թե ինչ ենք ասում և ինչպես ենք ասում։ Հակոբոս 1։26-ում գրված է. «Եթե որևէ մեկը կարծում է, թե ճիշտ է երկրպագում Աստծուն, բայց չի սանձում իր լեզուն, այլ խաբում է իր սիրտը, այդ մարդու երկրպագությունը ունայն է»։ Բնագրային բառը, որ թարգմանվել է «ունայն», կարող է նշանակել նաև «անօգուտ» (1 Կորնթացիներ 15։17)։ Ուստի, եթե խոսելիս անզգույշ լինենք, մենք գուցե վնասենք կամ նույնիսկ քանդենք Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները (Հակոբոս 3։8–10

8 Ակնհայտ է, որ հիմնավոր պատճառներ ունենք զգույշ լինելու, թե ինչ ենք ասում և ինչպես ենք ասում։ Որպեսզի խոսելու մեր պարգևը օգտագործենք Եհովային հաճելի ձևով, պետք է իմանանք, թե ինչպիսի խոսքերից է հարկավոր խուսափել։

ԽՈՍՔԵՐ, ՈՐՈՆՔ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ

9, 10. ա) Ինչպիսի՞ խոսքերն են սովորական բան այսօրվա աշխարհում։ բ) Ինչո՞ւ չպետք է անպարկեշտ խոսք օգտագործենք։

9 Այսօր սովորական բան է անպարկեշտ կամ անմաքուր խոսքեր օգտագործելը։ Շատերը կարծում են, որ իրենց ասելիքը ավելի պարզ ու համոզիչ դարձնելու համար պետք է հայհոյեն կամ գռեհիկ բառեր օգտագործեն։ Երգիծաբանները մարդկանց ծիծաղեցնելու համար հաճախ անպարկեշտ կատակներ են անում և անվայել խոսք օգտագործում։ Սակայն այս առնչությամբ Պողոս առաքյալը գրել է. «Հեռացրեք ձեզանից այս ամենը՝ զայրույթը, բարկությունը, չարությունը, վիրավորական խոսքերը, և թող անպարկեշտ խոսքեր դուրս չգան ձեր բերանից» (Կողոսացիներ 3։8)։ Նա նաև ասել է, որ «անպարկեշտ կատակները» պետք է «նույնիսկ չհիշատակվեն» ճշմարիտ քրիստոնյաների մեջ (Եփեսացիներ 5։3, 4

10 Անպարկեշտ խոսքը տհաճ է Եհովային և նրան սիրող մարդկանց։ Դա անմաքուր բան է։ Աստվածաշնչում «անմաքրությունը» դասվում է «մարմնի գործերի» շարքին (Գաղատացիներ 5։19–21)։ «Անմաքրությունը» կարող է ներառել տարատեսակ մեղքեր։ Մի անմաքուր սովորությունը կարող է առաջնորդել մյուսին։ Եթե անհատը ծայրաստիճան անմաքուր, անպատշաճ խոսք օգտագործելը սովորություն դարձնի և չընդունի իրեն տրված խորհուրդը, ապա դա գուցե նշանակի, որ նա այլևս չի կարող լինել ժողովի մի մասը (2 Կորնթացիներ 12։21; Եփեսացիներ 4։19; տես Ծանոթագրություն 23

11, 12. ա) Ի՞նչ է բամբասանքը։ բ) Ինչո՞ւ չպետք է զրպարտենք որևէ մեկին։

11 Պետք է խուսափենք նաև բամբասանքից։ Նորմալ է, որ հետաքրքրվում ենք ուրիշներով և մեր ընկերների ու ընտանիքի մասին նորություններ ենք հայտնում իրար։ Առաջին դարում էլ վաղ քրիստոնյաները հետաքրքրվում էին իրենց եղբայրների ու քույրերի որպիսությամբ, որ իմանային՝ ինչով օգնեն նրանց (Եփեսացիներ 6։21, 22; Կողոսացիներ 4։8, 9)։ Սակայն ուրիշների մասին զրույցները հեշտությամբ կարող են վերածվել բամբասանքի, այսինքն՝ բացասական զրույցի, երբ ասում ենք բաներ, որոնք ճշմարտությանը չեն համապատասխանում կամ պետք է գաղտնի մնային։ Մենք անկասկած չենք ուզում մեկ ուրիշի մոտ կրկնել բամբասանքը և տարածել վնասակար տեղեկություններ։ Եթե զգույշ չլինենք, այս բացասական զրույցները կարող են վերածվել կեղծ մեղադրանքների, այսինքն՝ զրպարտության։ Փարիսեցիները զրպարտեցին Հիսուսին, երբ մեղադրեցին այնպիսի բաներում, որ նա չէր արել (Մատթեոս 9։32–34; 12։22–24)։ Զրպարտությունը արատավորում է մարդու համբավը, վիճաբանություններ է առաջացնում, ցավ պատճառում և վնասում ընկերական փոխհարաբերությունները (Առակներ 26։20

12 Եհովան ուզում է, որ մեր խոսքով օգնենք ու քաջալերենք ուրիշներին, ոչ թե թշնամություն գցենք ընկերների մեջ։ Եհովան ատում է «եղբայրների մեջ վեճ սերմանողներին» (Առակներ 6։16–19)։ Առաջին զրպարտիչը Սատանան էր, ով զրպարտեց Աստծուն (Հայտնություն 12։9, 10)։ Այսօր մարդկանց համար սովորական բան է միմյանց մասին ստեր ասելը։ Բայց այդպիսի բաները չպետք է տեղ գտնեն քրիստոնեական ժողովում (Գաղատացիներ 5։19–21)։ Ուստի պետք է զգույշ լինենք, թե ինչ ենք ասում, և միշտ խոսելուց առաջ մտածենք։ Նախքան որևէ մեկի մասին տեղեկություն փոխանցելը ինքդ քեզ հարցրու. «Այն, ինչ ուզում եմ ասել, ճի՞շտ է, բարության դրսևորո՞ւմ է, օգտակա՞ր է։ Կցանկանայի՞, որ այդ անհատը լսեր, թե ինչ եմ ասում իր մասին։ Ի՞նչ կզգայի, եթե որևէ մեկը իմ մասին այդպիսի բան ասեր» (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 4։11

13, 14. ա) Վիրավորական խոսքը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ անհատի վրա։ բ) Ի՞նչ է նշանակում «չարախոսություն» թարգմանված բնագրային բառը։ Ինչո՞ւ քրիստոնյաները չպետք է միմյանց «չարախոսեն»։

13 Բոլորս էլ երբեմն ասում ենք բաներ, որոնց համար հետո ափսոսում ենք։ Բայց չենք ուզում ուրիշներին քննադատելը կամ նրանց կոպիտ ու դաժան խոսքեր ասելը սովորություն դարձնել։ Վիրավորական խոսքը տեղ չունի մեր կյանքում։ Պողոսը գրել է. «Ամեն չարասիրտ դառնություն, բարկություն և զայրույթ, գոռգոռոց և վիրավորական խոսք թող հեռացվի ձեզանից» (Եփեսացիներ 4։31)։ Վիրավորական խոսքը նսեմացնում է դիմացինի արժանապատվությունը և անարժեքության զգացում առաջացնում նրա մեջ։ Այս հարցում խոցելի են հատկապես երեխաները, ուստի պետք է շատ զգույշ լինենք, որ մեր խոսքերով խոր վերքեր չհասցնենք նրանց (Կողոսացիներ 3։21

14 Աստվածաշունչը խոսում է վիրավորական խոսքի ավելի սուր դրսևորման՝ չարախոսության վտանգի մասին։ «Չարախոսություն» թարգմանված բնագրային բառը նշանակում է դիմացինին ցավեցնելու միտումով անընդհատ վիրավորական բաներ ասել։ Որքան ցավալի կլինի, եթե որևէ մեկը իր կողակցի կամ երեխաների հետ նման կերպ վարվի։ Եթե քրիստոնյան չընդունի այս առնչությամբ իրեն տրված խորհուրդները, ապա այլևս չի համապատասխանի ժողովի մի մասը լինելու չափանիշներին (1 Կորնթացիներ 5։11–13; 6։9, 10)։ Ինչպես սովորեցինք, եթե ասենք բաներ, որոնք անպարկեշտ են, ոչ ճիշտ կամ չարակամ, կվնասենք մեր փոխհարաբերությունները Եհովայի և ուրիշների հետ։

ԽՈՍՔԵՐ, ՈՐՈՆՔ «ԿԵՐՏՈՒՄ ԵՆ»

15. Ինչպիսի՞ խոսքերն են ամրացնում փոխհարաբերությունները։

15 Ինչպե՞ս կարող ենք խոսելու պարգևը Եհովային հաճելի ձևով օգտագործել։ Թեև Աստվածաշնչում չի ասվում, թե կոնկրետ ինչ պետք է ասենք կամ չասենք, սակայն այնտեղ գրված է, որ մեր բերանից պետք է դուրս գա «միայն բարի խոսք՝ հարկ եղած դեպքում կերտելու համար» (Եփեսացիներ 4։29)։ Որպեսզի խոսքը «կերտի», այն պետք է լինի մաքուր, բարի և ճշմարիտ։ Եհովան ուզում է, որ մեր խոսքերով քաջալերենք և օգնենք ուրիշներին։ Դա կարող է դժվար լինել։ Դրական բաներ ասելու համար ավելի շատ ջանքեր են պահանջվում, քան անմտածված ու խոցող բաներ ասելու համար (Տիտոս 2։8)։ Եկեք քննենք մի քանի կերպեր, թե ինչպես կարող ենք մեր խոսքով «կերտել» ուրիշներին։

16, 17. ա) Ինչո՞ւ պետք է գովենք ուրիշներին։ բ) Ո՞ւմ կարող ենք գովել։

16 Թե՛ Եհովան, թե՛ Հիսուսը գովում են ուրիշներին և առատաձեռն են այդ հարցում։ Մենք ցանկանում ենք ընդօրինակել նրանց (Մատթեոս 3։17; 25։19–23; Հովհաննես 1։47)։ Որպեսզի մեր գովեստի խոսքերը իսկապես քաջալերեն դիմացինին, դրանք պետք է ասվեն հոգատարությունից և անհատական հետաքրքրությունից մղված։ Առակներ 15։23-ում ասվում է. «Ճիշտ ժամանակին ասված խոսքը որքա՜ն լավ է»։ Մենք քաջալերվում ենք, երբ որևէ մեկը մեր թափած ջանքերի համար անկեղծորեն գովում է մեզ կամ երախտագիտություն է արտահայտում մեր արածի համար (կարդա Մատթեոս 7։12; տես Ծանոթագրություն 27

17 Եթե ուրիշների մեջ դրական բաներ տեսնելը սովորություն դարձնենք, ապա դիմացինին անկեղծորեն գովելը ավելի հեշտ կլինի։ Օրինակ՝ գուցե նկատես, որ ժողովում որևէ մեկը լավ է պատրաստում իր ելույթները կամ ջանում է մեկնաբանություն տալ հանդիպումներին, պատանին դպրոցում կարողանում է պաշտպանել ճշմարտությունը կամ տարեց անձնավորությունը կանոնավոր մասնակցում է ծառայությանը։ Երախտագիտության խոսքեր ասա նրանց, և դա գուցե լինի հենց այն, ինչի կարիքը նրանք ունեն։ Շատ կարևոր է նաև, որ ամուսինները իրենց կանանց հավաստիացնեն, որ սիրում ու գնահատում են նրանց (Առակներ 31։10, 28)։ Ինչպես բույսերն ունեն լույսի և ջրի կարիք, այնպես էլ մարդիկ ունեն իրենց գնահատված զգալու կարիք։ Դա վերաբերում է հատկապես երեխաներին։ Առիթներ փնտրիր, որ գովես նրանց իրենց լավ հատկությունների և թափած ջանքերի համար։ Գովեստը կարող է համարձակությամբ ու վստահությամբ լցնել նրանց և մղել, որ ճիշտն անելու համար ավելի շատ ջանք թափեն։

Մենք կարող ենք քաջալերել ու մխիթարել մեր ասած խոսքերով ու խոսելաձևով

18, 19. Ինչո՞ւ պետք է ամեն ջանք թափենք ուրիշներին քաջալերելու և մխիթարելու համար։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։

18 Երբ քաջալերում ու մխիթարում ենք ուրիշներին, այդպիսով ընդօրինակում ենք Եհովային։ Նա հոգ է տանում «փշրվածների» և «կոտրվածների» մասին (Եսայիա 57։15)։ Եհովան ուզում է, որ «շարունակենք մխիթարել.... միմյանց» և «սփոփենք վհատված հոգիներին» (1 Թեսաղոնիկեցիներ 5։11, 14)։ Երբ այդպես ենք վարվում, Եհովան տեսնում ու գնահատում է մեր ջանքերը։

19 Գուցե նկատես, որ ժողովում որևէ մեկը հիասթափված է կամ վհատված։ Ի՞նչ կարող ես ասել նրան օգնելու համար։ Հնարավոր է՝ չկարողանաս լուծել նրա խնդիրը, բայց կարող ես հավաստիացնել, որ մտահոգված ես նրանով։ Օրինակ՝ կարող ես նրա հետ ժամանակ անցկացնել, Աստվածաշնչից քաջալերական համար կարդալ կամ առաջարկել միասին աղոթել (Սաղմոս 34։18; Մատթեոս 10։29–31)։ Այդպիսի մարդկանց հավաստիացրու, որ ժողովի եղբայրներն ու քույրերը սիրում են նրանց (1 Կորնթացիներ 12։12–26; Հակոբոս 5։14, 15)։ Եվ այնպես խոսիր, որ հստակ երևա, որ ձևականորեն չես ասում, այլ համոզված ես դրանում (կարդա Առակներ 12։25

20, 21. Մարդիկ ո՞ր դեպքում են ավելի հեշտությամբ ընդունում խորհուրդը։

20 Մենք նաև «կերտում» ենք ուրիշներին, երբ լավ խորհուրդ ենք տալիս նրանց։ Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ խորհրդի կարիք ենք ունենում, քանի որ անկատար ենք։ Առակներ 19։20-ում ասվում է. «Խորհուրդ լսիր և խրատ ընդունիր, որպեսզի ապագայում իմաստուն լինես»։ Միայն երեցները չէ, որ կարող են խորհուրդներ տալ։ Ծնողները պետք է կրթեն իրենց երեխաներին (Եփեսացիներ 6։4)։ Իսկ ժողովի քույրերը կարող են խորհուրդ տալ միմյանց (Տիտոս 2։3–5)։ Քանի որ սիրում ենք մեր եղբայրներին ու քույրերին, ուզում ենք այնպես խորհուրդ տալ, որ նրանք վատ չզգան դրանից։ Ի՞նչը կարող է օգնել այդ հարցում։

21 Թերևս հիշում ես որևէ դեպք, երբ մեկը քեզ այնպես է խորհուրդ տվել, որ հեշտ է եղել ընդունել։ Ինչի՞ շնորհիվ այդ խորհուրդը հասավ քո սրտին։ Գուցե զգացիր, որ այդ անհատը իրոք մտահոգված է քեզանով։ Կամ գուցե նա հոգատարությամբ ու ջերմությամբ խոսեց քեզ հետ (Կողոսացիներ 4։6)։ Նաև, ըստ ամենայնի, խորհուրդը հիմնված էր Աստվածաշնչի վրա (2 Տիմոթեոս 3։16)։ Անկախ նրանից՝ կոնկրետ աստվածաշնչյան համար ենք մեջբերում, թե ոչ, միևնույնն է, մեր տված խորհուրդը միշտ պետք է հիմնված լինի Աստվածաշնչի վրա։ Երբեք չպետք է մեր անձնական կարծիքը պարտադրենք ուրիշներին կամ մեր անձնական տեսակետները առաջ տանելու համար սխալ օգտագործենք աստվածաշնչյան համարները։ Դու կկարողանաս ուրիշներին ճիշտ ձևով խորհուրդ տալ, եթե հիշես, թե ժամանակին քե՛զ ինչպես են խորհուրդ տվել։

22. Ինչպե՞ս ես օգտագործելու խոսելու պարգևը։

22 Խոսելու կարողությունը պարգև է Եհովայից։ Նրա հանդեպ սերը պետք է մղի մեզ ճիշտ օգտագործելու այն։ Հիշիր, որ խոսքերը մեծ ուժ ունեն և կարող են կա՛մ քանդել, կա՛մ կերտել։ Ուստի եկ հնարավոր ամեն բան անենք, որ խոսքերով զորացնենք ու քաջալերենք ուրիշներին։