Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 17

Մնա Աստծու սիրո մեջ

Մնա Աստծու սիրո մեջ

«Զորանալով ձեր սրբագույն հավատով.... մնացեք Աստծու սիրո մեջ» (ՀՈՒԴԱ 20, 21)

1, 2. Ի՞նչ պետք է անենք, որ մնանք Աստծու սիրո մեջ։

 ԲՈԼՈՐՍ էլ ուզում ենք լինել ֆիզիկապես ամուր և առողջ։ Ուստի փորձում ենք ճիշտ սնվել, կանոնավոր մարզվել և հոգ տանել մեր օրգանիզմի մասին։ Թեև դրա համար ջանքեր են պահանջվում, բայցև լավ արդյունքներ են լինում, ինչը օգնում է չհանձնվել։ Մենք պետք է առողջ և ուժեղ լինենք նաև այլ առումով։

2 Ճիշտ է, դու արդեն լավ սկիզբ ես դրել Եհովայի հետ ընկերության համար, բայց պետք է շարունակ ամրացնես նրա հետ քո փոխհարաբերությունները։ Երբ Հուդան հորդորեց քրիստոնյաներին, որ մնան «Աստծու սիրո մեջ», նա բացատրեց, թե ինչպես կարող էին անել դա։ Նրանք պետք է «զորանային.... սրբագույն հավատով» (Հուդա 20, 21)։ Իսկ ինչպե՞ս է հնարավոր ամուր հավատ ունենալ։

ԱՄՐԱՑՐՈՒ ՀԱՎԱՏԴ

3–5. ա) Սատանան ուզում է, որ ի՞նչ մտածես Եհովայի չափանիշների մասին։ բ) Ի՞նչ ես դու մտածում Եհովայի օրենքների ու սկզբունքների մասին։

3 Կարևոր է՝ անձամբ համոզվես, որ Եհովայի չափանիշները լավագույնն են։ Սատանան ուզում է՝ մտածես, թե Աստծու չափանիշները չափազանց ծանր են, ու հնարավոր չէ ապրել դրանց համաձայն, և որ ավելի երջանիկ կլինես, եթե ինքդ որոշես՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Դեռ մարդկության պատմության սկզբից Սատանան փորձել է մարդկանց այդ միտքը ներշնչել (Ծննդոց 3։1–6)։ Եվ նա այսօր էլ փորձում է նույնն անել։

4 Արդյոք Սատանան ճի՞շտ է։ Եհովայի չափանիշները շա՞տ են սահմանափակում մեր ազատությունը։ Ո՛չ։ Պատկերացրու՝ քայլում ես մի գեղեցիկ այգում։ Նկատում ես, որ դրա մի հատվածը շրջապատված է բարձր ցանկապատով։ Գուցե մտածես. «Ինչի՞ համար է այս ցանկապատը, չեմ կարող ներս մտնել»։ Բայց այդ պահին ցանկապատից այնկողմ լսում ես առյուծի մռնչոց։ Իսկ հիմա՞ ինչ կմտածես։ Երևի շնորհակալ կլինես, որ ցանկապատը պաշտպանում է քեզ, որպեսզի առյուծի համար կերակուր չդառնաս։ Եհովայի չափանիշները նման են այդ ցանկապատին, իսկ Սատանան՝ առյուծին։ Աստծու Խոսքը նախազգուշացնում է մեզ. «Պահպանեք ձեր զգոնությունը, արթուն եղեք։ Ձեր հակառակորդը՝ Բանսարկուն, մռնչացող առյուծի պես ման է գալիս՝ փնտրելով, թե ում կուլ տա» (1 Պետրոս 5։8

5 Եհովան ուզում է, որ ապրենք ամենալավ կյանքով։ Նա չի ուզում, որ խաբվենք Սատանայի կողմից։ Դրա համար էլ տվել է օրենքներ ու սկզբունքներ, որոնք պաշտպանում և երջանկություն են բերում մեզ (Եփեսացիներ 6։11)։ Հակոբոսը գրել է. «Ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքին և հարատևում է դրանում.... այդպես անելով՝ երջանիկ կլինի» (Հակոբոս 1։25

6. Ինչպե՞ս կարող ենք համոզվել, որ Աստծու չափանիշները լավագույնն են։

6 Երբ հետևում ենք Եհովայի խորհուրդներին, մեր կյանքը բարելավվում է, և նրա հետ մեր փոխհարաբերությունները ամրանում են։ Օրինակ՝ մենք օգուտ ենք ստանում, երբ հետևում ենք հաճախ աղոթելու նրա հորդորին (Մատթեոս 6։5–8; 1 Թեսաղոնիկեցիներ 5։17)։ Մենք բավարարվածության զգացում ենք ունենում, երբ հնազանդվում ենք երկրպագության համար միասին հավաքվելու և իրար քաջալերելու նրա պատվերին ու լիարժեքորեն մասնակցում ենք քարոզելու և սովորեցնելու գործին (Մատթեոս 28։19, 20; Գաղատացիներ 6։2; Եբրայեցիներ 10։24, 25)։ Խորհրդածելով այն մասին, թե այս ամենը անելով՝ ինչ օգուտներ ենք ստացել, և այդ ամենը ինչպես է ամրացրել մեր հավատը, ավելի կհամոզվենք, որ Եհովայի չափանիշները լավագույնն են։

7, 8. Ի՞նչը կօգնի, որ չանհանգստանանք, թե ապագայում ինչ փորձությունների առաջ կկանգնենք։

7 Հնարավոր է՝ անհանգստանանք այն մտքից, որ ապագայում հավատի այնպիսի փորձությունների առաջ կկանգնենք, որոնք մեզ համար չափազանց ծանր կլինեն։ Եթե դու էլ ես այդպես մտածում, հիշիր Եհովայի հետևյալ խոսքերը. «Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ, տանում է այն ճանապարհով, որով դու պիտի գնաս։ Երանի՜ թե ուշադրություն դարձնեիր իմ պատվիրաններին. այդ ժամանակ քո խաղաղությունը գետի պես, ու քո արդարությունը ծովի ալիքների պես կլիներ» (Եսայիա 48։17, 18

8 Եթե հնազանդվենք Եհովային, մեր խաղաղությունը նման կլինի գետի, որը չի ցամաքում, իսկ մեր արդարությունը, այսինքն՝ մեր ճիշտ ընթացքը, կլինի հարատև, ինչպես ափը շարունակ ողողող ծովի ալիքները։ Անկախ նրանից՝ ինչ կլինի մեր կյանքում, մենք կարո՛ղ ենք Եհովային հավատարիմ մնալ։ Աստվածաշունչը վստահեցնում է. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ։ Երբեք թույլ չի տա, որ արդարը սասանվի» (Սաղմոս 55։22

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՀԱՍՈՒՆԱՆԱԼ

9, 10. Ի՞նչ է նշանակում լինել հասուն քրիստոնյա։

9 Եհովայի հետ փոխհարաբերություններդ ամրացնելով՝ դու հոգևորապես ավելի կհասունանաս (Եբրայեցիներ 6։1)։ Իսկ ի՞նչ է նշանակում լինել հասուն։

10 Տարիների հետ մենք ինքնաբերաբար հասուն քրիստոնյա չենք դառնում։ Հասուն լինելու համար պետք է ամեն ջանք թափենք, որ Եհովան դառնա մեր լավագույն Ընկերը, և պետք է ձգտենք նրա նման նայել հարցերին (Հովհաննես 4։23)։ Պողոսը գրեց. «Ովքեր քայլում են ըստ մարմնական ցանկությունների, իրենց միտքը մարմնավոր բաների վրա են կենտրոնացնում, բայց ովքեր ըստ ոգու են քայլում, ոգու համաձայն են մտածում» (Հռոմեացիներ 8։5)։ Հասուն քրիստոնյան իր կյանքում գլխավոր տեղում է դնում ոչ թե հաճույքները կամ նյութական բաները, այլ Եհովային ծառայելը։ Այդպիսի անհատը իմաստուն որոշումներ է կայացնում (Առակներ 27։11; կարդա Հակոբոս 1։2, 3)։ Նա թույլ չի տալիս, որ իր վրա ազդեցություն բանեցնեն ու դրդեն սխալ բան անելու։ Հասուն անձնավորությունը գիտի՝ ինչն է ճիշտ, և վճռականորեն այդպես է վարվում։

11, 12. ա) Պողոսն ի՞նչ ասաց քրիստոնյայի «ըմբռնողականության» մասին։ բ) Հասուն քրիստոնյա դառնալը ինչպե՞ս է նման հմուտ աթլետ դառնալուն։

11 Հասուն լինելու համար ջանքեր են պահանջվում։ Պողոս առաքյալը գրեց. «Պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, նրանց, ովքեր իրենց ըմբռնողականությունը գործադրելով՝ այն մարզել են ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5։14)։ «Մարզել» բառը գուցե մեր միտքը բերի աթլետի մարզումները։

12 Երբ տեսնում ենք, թե ինչպես է հմուտ աթլետը ցուցադրում իր վարպետությունը, հասկանում ենք, որ այդ ամենին հասնելու համար շատ ժամանակ ու մարզումներ են պահանջվել։ Նա աթլետ չի ծնվել։ Նորածին երեխան չի կարողանում կառավարել իր ձեռքերն ու ոտքերը։ Բայց ժամանակի ընթացքում սովորում է քայլել ու ձեռքում տարբեր առարկաներ պահել։ Իսկ հետագայում մարզումների շնորհիվ դառնում է հմուտ աթլետ։ Նմանապես, ժամանակ ու «մարզումներ» են պահանջվում հասուն քրիստոնյա դառնալու համար։

13. Ի՞նչն է օգնում, որ սովորենք Եհովայի նման մտածել։

13 Այս հրատարակության մեջ մենք քննարկեցինք, թե ինչպես կարող ենք սովորել Եհովայի պես մտածել։ Նախ պետք է հասկանանք, թե որքան արժեքավոր են Եհովայի չափանիշները ու սիրենք դրանք։ Իսկ որոշումներ կայացնելիս պետք է հարցնենք ինքներս մեզ. «Այս իրավիճակում աստվածաշնչյան ո՞ր օրենքները կամ սկզբունքները կարող են օգնել։ Ինչպե՞ս կարող եմ կիրառել դրանք։ Եհովան կուզեր, որ ինչպե՞ս վարվեի» (կարդա Առակներ 3։5, 6; Հակոբոս 1։5

14. Ի՞նչ պետք է անենք մեր հավատն ամրացնելու համար։

14 Մենք երբեք չենք դադարի ամրացնել Եհովայի հանդեպ մեր հավատը։ Ինչպես որ սննդարար կերակուրն է ամրացնում մեր օրգանիզմը, այնպես էլ Եհովայի մասին նորանոր բաներ սովորելն է ավելի ամրացնում մեր հավատը։ Երբ սկսեցինք Աստվածաշունչ ուսումնասիրել, սովորեցինք Եհովայի ու նրա մտածելակերպի մասին հիմնական ճշմարտությունները։ Բայց ժամանակի ընթացքում պետք է ձգտենք ավելի խոր մտքեր հասկանալ։ Հենց սա նկատի ուներ Պողոսը, երբ ասաց. «Պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է»։ Մեր սովորածը կիրառելով՝ իմաստություն ձեռք կբերենք։ Աստվածաշունչն ասում է. «Գլխավորը իմաստությունն է» (Առակներ 4։5–7; 1 Պետրոս 2։2

15. Ինչո՞ւ է կարևոր, որ իսկապես սիրենք Եհովային և մեր հավատակիցներին։

15 Որքան էլ մարդ ֆիզիկապես ամուր ու առողջ լինի, գիտակցում է, որ այդպիսին մնալու համար պետք է շարունակի, ինչպես հարկն է, հոգ տանել իր մասին։ Նմանապես հասուն քրիստոնյան գիտի, որ պետք է շարունակի ջանք թափել, որ Եհովայի հետ իր փոխհարաբերությունները ամուր լինեն։ Պողոսը հիշեցնում է մեզ. «Շարունակ ստուգեք, թե արդյոք հավատի մե՞ջ եք, շարունակ փորձեք ինքներդ ձեզ, որ իմանաք, թե ովքեր եք դուք» (2 Կորնթացիներ 13։5)։ Բայց միայն ամուր հավատ ունենալը բավական չէ։ Պետք է նաև շարունակ աճի Եհովայի ու հավատակիցների հանդեպ մեր սերը։ Պողոսը ասում է. «Եթե.... ձեռք բերեմ ողջ գիտելիքները, եթե այնքան մեծ հավատ ունենամ, որ դրանով անգամ լեռներ տեղափոխեմ, բայց սեր չունենամ, ես ոչինչ եմ» (1 Կորնթացիներ 13։1–3

ԿԵՆՏՐՈՆԱՑԻՐ ՔՈ ՀՈՒՅՍԻ ՎՐԱ

16. Սատանան ուզում է, որ ի՞նչ մտածենք։

16 Այս աշխարհի իշխանը՝ Սատանան, ուզում է, որ մենք կարծենք, թե երբեք չենք կարող հաճեցնել Եհովային (Եփեսացիներ 2։2)։ Նա ուզում է, որ հիասթափվենք և մտածենք, որ մեր խնդիրները երբեք չեն լուծվի։ Նա չի ուզում, որ վստահենք մեր հավատակիցներին, ոչ էլ ուզում է, որ երջանիկ լինենք։ Սատանան գիտի, որ բացասական մտածելակերպը կվնասի թե՛ մեզ, թե՛ Աստծու հետ մեր փոխհարաբերությունները։ Բայց Եհովան մեզ տվել է մի բան, ինչի օգնությամբ կարող ենք պայքարել բացասական մտածելակերպի դեմ։ Նա մեզ տվել է հույս։

17. Հույսն ինչո՞ւ է կարևոր։

17 Աստվածաշնչում հույսը համեմատվում է սաղավարտի հետ, որը պաշտպանում է պատերազմող զինվորի գլուխը։ Այդ սաղավարտը անվանվում է «փրկության հույս» (1 Թեսաղոնիկեցիներ 5։8)։ Եհովայի խոստումների հանդեպ հույսը կարող է պաշտպանել մեր միտքը և օգնել, որ պայքարենք բացասական մտքերի դեմ։

18, 19. Հույսն ինչպե՞ս էր ուժ տալիս Հիսուսին։

18 Հիսուսի ունեցած հույսը ուժ էր տալիս նրան։ Իր երկրային կյանքի վերջին գիշերը նա մեկը մյուսի հետևից դժվար իրավիճակների միջով անցավ։ Նրա մտերիմ ընկերներից մեկը մատնեց նրան, իսկ մյուսը նույնիսկ ժխտեց, որ ճանաչում է։ Մյուսները թողեցին նրան ու փախան։ Նրա հայրենակիցները դուրս եկան նրա դեմ՝ պահանջելով ցցին գամել նրան։ Ի՞նչն օգնեց Հիսուսին տոկալ այս դժվարին հանգամանքներում։ «Իր առաջ դրված ուրախության համար նա, ամոթն արհամարհելով, տոկունությամբ տանջանքի ցիցը հանձն առավ և նստեց Աստծու գահի աջ կողմը» (Եբրայեցիներ 12։2

19 Հիսուսը գիտեր, որ եթե հավատարիմ մնար, փառք կբերեր իր Հորը և կապացուցեր, որ Սատանան ստախոս է։ Նաև գիտեր, որ շուտով երկնքում նորից միանալու էր իր Հորը։ Այս ամենի հանդեպ հույսը նրան ուրախություն էր պարգևում և օգնում էր տոկալ։ Հիսուսի նման մենք էլ պետք է կենտրոնանանք մեր հույսի վրա։ Դա կօգնի, որ շարունակենք տոկալ՝ անկախ ամեն ինչից։

20. Ի՞նչը կօգնի դրական մտածելակերպ պահպանել։

20 Եհովան տեսնում է քո հավատն ու տոկունությունը (Եսայիա 30։18; կարդա Մաղաքիա 3։10)։ Նա խոստանում է, որ «կկատարի քո սրտի խնդրանքները» (Սաղմոս 37։4Ուստի միտքդ կենտրոնացրու քո հույսի վրա։ Սատանան ուզում է՝ կորցնես հույսդ և մտածես, թե Եհովայի խոստումները երբեք չեն իրականանա։ Բայց չպետք է տրվես բացասական մտքերին։ Եթե նկատես, որ հույսդ սկսում է մարել, Եհովային խնդրիր, որ օգնի քեզ։ Հիշիր Փիլիպպեցիներ 4։6, 7-ում գրված խոսքերը. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով»։

21, 22. ա) Ի՞նչ նպատակ ունի Եհովան երկրի առնչությամբ։ բ) Ի՞նչ ես վճռել անել։

21 Կանոնավորաբար ժամանակ հատկացրու և խորհրդածիր այն մասին, թե ինչ հիանալի ապագա է մեզ սպասում։ Շուտով բոլորը երկրպագելու են Եհովային (Հայտնություն 7։9, 14)։ Մի պահ մտածիր, թե ինչպիսին է լինելու կյանքը նոր աշխարհում։ Այն կգերազանցի քո բոլոր սպասելիքները։ Չեն լինի Սատանան, նրա դևերը և ամեն չարություն։ Այլևս չեն լինի հիվանդություն ու մահ։ Ամեն օր կարթնանաս եռանդով լի, և կյանքիդ ամեն մի օրը քեզ երջանկություն կբերի։ Բոլորը համատեղ ուժերով կաշխատեն, որ երկիրը դրախտի վերածեն։ Յուրաքանչյուր մարդ կունենա համեղ ու առողջ սնունդ և կապրի ապահովության մեջ։ Մարդիկ չեն լինի դաժան ու անսիրտ, այլ անկեղծորեն բարություն կդրսևորեն միմյանց հանդեպ։ Եվ կգա ժամանակ, երբ երկրի վրա ապրող բոլոր մարդիկ կվայելեն «Աստծու զավակների փառահեղ ազատությունը» (Հռոմեացիներ 8։21

22 Եհովան ուզում է, որ իրեն քո լավագույն Ընկերը դարձնես։ Ուստի ամեն ջանք թափիր, որ հնազանդվես նրան, և ամեն օր ավելի մտերմացիր նրա հետ։ Այո՛, թող որ բոլորս մնանք Աստծու սիրո մեջ հավիտյան (Հուդա 21