Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 9

Փախիր սեռական անբարոյությունից

Փախիր սեռական անբարոյությունից

«Ուրեմն սպանեք ձեր մարմնի անդամները, որ երկրի վրա են՝ կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի, վնասակար ցանկությունների և ագահության հետ, որը կռապաշտություն է» (ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐ 3։5)

1, 2. Բաղաամը ի՞նչ միջոցի դիմեց Եհովայի ժողովրդին վնասելու համար։

 ՁԿՆՈՐՍԸ գնում է այնպիսի վայր, որտեղ կարող է բռնել իր ուզած ձուկը։ Նա ընտրում է խայծը, ամրացնում կարթին և այն ջուրն է նետում։ Հետո համբերությամբ սպասում է, և երբ ձուկը կուլ է տալիս խայծը, նա կտրուկ շարժումով կարթը մխրճում է ձկան բերանը և ապա թելը փաթաթելով՝ դուրս բերում իր որսը։

2 Նույն կերպով կարող են ծուղակն ընկնել նաև մարդիկ։ Այդպես եղավ, օրինակ, իսրայելացիների հետ։ Նրանք արդեն հասել էին Ավետյաց երկրի շեմին ու ճամբար էին դրել Մովաբի հարթավայրերում։ Մովաբի թագավորը Բաղաամ անունով մի մարդու խոստացավ շատ փող տալ, եթե նա անիծի Իսրայելին։ Բաղաամը այդ հարցում հաջողության չհասավ, ուստի այլ միջոց գտավ. նա այնպես արեց, որ իսրայելացիները իրենք իրենց վրա անեծք բերեն։ Նա լավ մտածված մի խայծ ընտրեց. երիտասարդ մովաբացի կանանց ուղարկեց իսրայելացիների ճամբար՝ տղամարդկանց գայթակղելու (Թվեր 22։1–7; 31։15, 16; Հայտնություն 2։14

3. Իսրայելացիներն ինչպե՞ս կուլ տվեցին Բաղաամի խայծը։

3 Բաղաամի խայծը ծառայե՞ց իր նպատակին։ Այո՛։ Հազարավոր իսրայելացիներ «անբարո հարաբերություններ ունեցան Մովաբի աղջիկների հետ»։ Նրանք նաև սկսեցին կեղծ աստվածների պաշտել, այդ թվում՝ սեռական կրքի գարշելի աստված Փեգորի Բահաղին։ Արդյունքում 24 000 իսրայելացիներ մահացան հենց Ավետյաց երկրի շեմին (Թվեր 25։1–9

4. Ինչո՞ւ հազարավոր իսրայելացիներ անբարոյություն գործեցին։

4 Ինչո՞ւ այդ իսրայելացիները ընկան Բաղաամի լարած թակարդը։ Նրանք եսասիրաբար մտածում էին միայն իրենց հաճույքի մասին և մոռացել էին այն ամենը, ինչ Եհովան արել էր իրենց համար։ Նրանք Եհովային նվիրված մնալու շատ պատճառներ ունեին։ Նա ազատել էր իրենց Եգիպտոսի ստրկությունից, կերակրել անապատում ու ապահով հասցրել Ավետյաց երկրի սահմանին (Եբրայեցիներ 3։12)։ Այնինչ նրանք տրվեցին սեռական անբարոյություն գործելու գայթակղությանը։ Ուստի Պողոս առաքյալը քրիստոնյաներին այսպիսի հորդոր է տալիս. «Թող որ պոռնկությամբ չզբաղվենք, ինչպես որ նրանցից ոմանք պոռնկություն գործեցին» (1 Կորնթացիներ 10։8

5, 6. Մովաբի հարթավայրերում տեղի ունեցածից ի՞նչ կարող ենք սովորել։

5 Նոր աշխարհը շատ մոտ է։ Ինչ-որ առումով մեր իրավիճակը նման է Ավետյաց երկրի շեմին կանգնած իսրայելացիների իրավիճակին (1 Կորնթացիներ 10։11)։ Ներկայիս աշխարհն ավելի ուժգին է տարված սեքսի մոլուցքով, քան մովաբացիները այն ժամանակ։ Այդ մոլուցքը կարող է ազդել նաև Եհովայի ծառաների վրա։ Իրականում, Սատանայի ամենաարդյունավետ խայծը սեռական անբարոյությունն է (Թվեր 25։6, 14; 2 Կորնթացիներ 2։11; Հուդա 4

6 Կարող ենք հարցնել ինքներս մեզ. «Ո՞րը կնախընտրեմ՝ ինչ-որ կարճատև եսասիրական հաճո՞ւյք, թե՞ հավիտենական երջանկություն նոր աշխարհում»։ Մի՞թե չարժե ամեն ջանք թափել Եհովայի հետևյալ պատվերին հնազանդվելու համար. «Փախե՛ք պոռնկությունից» (1 Կորնթացիներ 6։18

ԻՆՉ Է ՍԵՌԱԿԱՆ ԱՆԲԱՐՈՅՈՒԹՅՈՒՆԸ

7, 8. Ի՞նչ է սեռական անբարոյությունը։ Ինչո՞ւ է դա շատ լուրջ արարք։

7 Այսօր շատերը անամոթ պահվածք ունեն և բացահայտորեն արհամարհում են սեռական հարաբերությունների վերաբերյալ Աստծու օրենքները։ Աստվածաշունչը սեռական անբարոյություն է համարում իրար հետ օրինականորեն չամուսնացած տղամարդու ու կնոջ միջև սեռական բնույթի ցանկացած գործողություն։ Սեռական անբարոյություն է նաև միևնույն սեռի մարդկանց միջև, ինչպես նաև մարդկանց ու կենդանիների միջև սեռական բնույթի գործողությունները։ Սեռական բնույթի գործողություն է համարվում ոչ միայն սեռական հարաբերությունը, այլև օրալային (բերանային) ու անալային (հետանցքային) սեքսը և սեռական հաճույք ստանալու կամ պատճառելու նպատակով այլ անհատի սեռական (վերարտադրողական) օրգաններին դիպչելը (տես Ծանոթագրություն 23

8 Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ եթե ինչ-որ մեկը սեռական անբարոյություն է գործում ու չի զղջում, չի կարող մնալ ժողովում (1 Կորնթացիներ 6։9; Հայտնություն 22։15)։ Բացի դրանից, անբարո մարդը կորցնում է ինքնահարգանքը և ուրիշների վստահությունը։ Անբարոյությունը միշտ էլ վատ հետևանքներ է բերում. խղճի խայթ, անցանկալի հղիություն, ամուսնական խնդիրներ, հիվանդություններ և անգամ մահ (կարդա Գաղատացիներ 6։7, 8)։ Եթե անհատը մի պահ կանգ առնի ու մտածի անբարոյության բերած հետևանքների մասին, ապա ամենայն հավանականությամբ չի ցանկանա նման բան անել։ Սակայն շատ հաճախ մարդը մտածում է միայն սեփական ցանկությունները բավարարելու մասին, ինչն էլ պատճառ է լինում, որ անի անբարոյության տանող առաջին քայլը։ Եվ այդ առաջին քայլը հաճախ լինում է պոռնկագրություն դիտելը։

ՊՈՌՆԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼ

9. Ինչո՞ւ է պոռնկագրությունը վտանգավոր։

9 Պոռնկագրության նպատակը սեռական ցանկություններ բորբոքելն է։ Այսօր այն ամենուր է. ամսագրերում, գրքերում, երաժշտության ու հեռուստաշոուների մեջ, ինչպես նաև ինտերնետում։ Շատերը կարծում են, որ պոռնկագրությունն անվնաս է, բայց իրականում այն շատ վտանգավոր է։ Դրա հետևանքով մարդու մեջ կարող են առաջանալ այլասերված ցանկություններ և սեքսի մոլուցք։ Պոռնկագրություն դիտող մարդը գուցե ձեռք բերի ձեռնաշարժության սովորություն, ամուսնական կյանքում խնդիրներ ունենա և նույնիսկ ամուսնալուծվի (Հռոմեացիներ 1։24–27; Եփեսացիներ 4։19; տես Ծանոթագրություն 24

Իմաստուն կլինի ինտերնետից օգտվելիս զգույշ լինել

10. Ինչպե՞ս է Հակոբոս 1։14, 15-ում գրված սկզբունքը օգնում խուսափել անբարոյությունից։

10 Կարևոր է հասկանալ, թե ինչը կարող է գցել մեզ սեռական անբարոյության ծուղակը։ Հակոբոս 1։14, 15-ում հետևյալ նախազգուշացումն է տրվում. «Բայց ամեն մեկը փորձվում է, քանի որ տարվում և հրապուրվում է իր ցանկություններով։ Երբ ցանկությունը հղիանում է, մեղք է ծնում, և մեղքն էլ վերջում մահ է ծնում»։ Ուստի երբ սխալ մտքեր են առաջանում, շտապ ձերբազատվիր դրանցից։ Եթե պատահաբար էրոտիկ նկարներ տեսնես, հայացքդ թեքիր դրանցից, անջատիր համակարգիչը կամ փոխիր հեռուստացույցի ալիքը։ Թույլ մի տուր, որ սխալ ցանկությունները բույն դնեն քո սրտում։ Հակառակ դեպքում՝ դրանք կարող են այնքան ուժգնանալ, որ շատ դժվար լինի կառավարել (կարդա Մատթեոս 5։29, 30

11. Եհովան ինչպե՞ս կարող է օգնել, երբ սխալ մտքեր ենք ունենում։

11 Եհովան մեզ ավելի լավ է ճանաչում, քան մենք ինքներս։ Նա գիտի, թե որքան անկատար ենք։ Բայց նաև գիտի, որ կարող ենք սխալ ցանկությունների դեմ պայքարում հաջողության հասնել։ Եհովան մեզ պատվիրում է. «Ուրեմն սպանեք ձեր մարմնի անդամները, որ երկրի վրա են՝ կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի, վնասակար ցանկությունների և ագահության հետ, որը կռապաշտություն է» (Կողոսացիներ 3։5)։ Թեև դա հեշտ չէ անել, սակայն Եհովան համբերատար է մեր նկատմամբ և կօգնի մեզ (Սաղմոս 68։19)։ Մի երիտասարդ եղբայր պոռնկագրություն դիտելու և ձեռնաշարժությամբ զբաղվելու սովորություն էր ձեռք բերել։ Դպրոցի նրա ընկերները համարում էին, որ դա բնական է և հասունացման նորմալ ընթացքն է։ Բայց նա ասում է. «Իմ խիղճը ապականվեց, և ես սկսեցի անբարո կյանք վարել»։ Ի վերջո նա գիտակցեց, որ պետք է կառավարի իր ցանկությունները, և Եհովայի օգնությամբ կարողացավ վերջ դնել այդ սովորությանը ու փոխել իր ապրելակերպը։ Եթե անբարո մտքեր ես ունենում, Եհովայից «սովորականին գերազանցող ուժ» խնդրիր, որ միտքդ մաքուր պահես (2 Կորնթացիներ 4։7; 1 Կորնթացիներ 9։27

12. Ինչո՞ւ պետք է «պահպանենք» մեր սիրտը։

12 Սողոմոնը գրել է. «Այն ամենից առավել, ինչը պետք է պահպանվի, քո սիրտը պահպանիր, որովհետև դրանից են կյանքի աղբյուրները» (Առակներ 4։23)։ «Սիրտը» մեր ներքին անձնավորությունն է, որը Եհովան է տեսնում։ Այն, ինչ դիտում ենք, կարող է զորեղ ազդեցություն ունենալ մեզ վրա։ Հավատարիմ Հոբն ասել է. «Աչքերիս հետ ուխտ եմ կապել, ուստի ինչպե՞ս կարող էի անպատշաճ ուշադրություն դարձնել կույսին» (Հոբ 31։1)։ Հոբի նման մենք պետք է զգույշ լինենք, թե ինչ ենք դիտում և ինչի մասին ենք մտածում։ Եվ սաղմոսերգուի պես պետք է աղոթենք. «Աչքերս հեռացրո՛ւ անարժան բաներ տեսնելուց, կենդանի՛ պահիր ինձ քո ճանապարհին» (Սաղմոս 119։37

ԴԻՆԱՅԻ ԱՆԽՈՀԵՄ ՈՐՈՇՈՒՄԸ

13. Ինչպիսի՞ ընկերներ ընտրեց Դինան։

13 Մեր ընկերները շատ մեծ ազդեցություն են ունենում մեզ վրա՝ լավ կամ վատ։ Եթե այնպիսի ընկերներ ընտրես, ովքեր հետևում են Աստծու չափանիշներին, նրանք կօգնեն քեզ նույնն անել (Առակներ 13։20; կարդա 1 Կորնթացիներ 15։33)։ Ընկերներին ճիշտ ընտրելու կարևորությունը հստակ երևում է Դինայի հետ պատահածից։ Նա Հակոբի դուստրերից մեկն էր, ուստի մեծացել էր Եհովային երկրպագող ընտանիքում։ Նա անբարո անձնավորություն չէր, բայց Եհովային չերկրպագող քանանացի աղջիկների մտերիմ ընկերը դարձավ։ Սեքսի վերաբերյալ քանանացիների տեսակետը բոլորովին տարբերվում էր Աստծու ծառաների տեսակետից. նրանք հայտնի էին որպես անբարո մարդիկ (Ղևտական 18։6–25)։ Իր ընկերների հետ ժամանակ անցկացնելիս Դինան հանդիպեց Սյուքեմ անունով քանանացի մի երիտասարդի, ով հրապուրվեց նրանով։ Սյուքեմը «ամենահարգված» երիտասարդն էր իր ընտանիքում։ Բայց նա չէր սիրում Եհովային (Ծննդոց 34։18, 19

14. Ի՞նչ պատահեց Դինային։

14 Սյուքեմը արեց մի բան, ինչը իր համար բնական էր և ընդունելի։ Քանի որ հրապուրված էր Դինայով, նա «վերցրեց նրան» ու «բռնաբարեց» (կարդա Ծննդոց 34։1–4)։ Այս հանցանքը սկիզբ դրեց իրադարձությունների մի շղթայի, որը ողբերգական ավարտ ունեցավ Դինայի ու նրա ողջ ընտանիքի համար (Ծննդոց 34։7, 25–31; Գաղատացիներ 6։7, 8

15, 16. Ինչպե՞ս կարող ենք իմաստուն դառնալ։

15 Կարիք չկա կրկնելու Դինայի սխալները, որպեսզի համոզվենք, որ Եհովայի սահմանած բարոյական չափանիշները մեր օգտի համար են։ Առակներ 13։20-ում ասվում է. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա, բայց հիմարների հետ գործ ունեցողը կտուժի»։ Նպատակ դիր հասկանալ, «թե ինչ է արդարությունը» Եհովայի տեսանկյունից, և կխուսափես անտեղի ցավից ու տառապանքից (Առակներ 2։6–9; Սաղմոս 1։1–3

16 Մենք իմաստուն կդառնանք, եթե ուսումնասիրենք Աստծու Խոսքը, աղոթենք որոշումներ կայացնելուց առաջ և հետևենք հավատարիմ և իմաստուն ծառայի տված օգտակար խորհուրդներին (Մատթեոս 24։45; Հակոբոս 1։5)։ Թերևս ընդունում ես, որ բոլորս էլ անկատար ենք (Երեմիա 17։9)։ Բայց ինչպե՞ս կարձագանքես, եթե ինչ որ մեկը նախազգուշացնի քեզ, որ անբարոյություն անելու վտանգի առաջ ես կանգնած։ Արդյոք կվիրավորվե՞ս, թե՞ խոնարհաբար կընդունես օգնությունը (2 Թագավորներ 22։18, 19

17. Բեր օրինակ, թե հավատակցի տված խորհուրդը ինչպես կարող է օգնել։

17 Խորհիր հետևյալ օրինակի շուրջ։ Մի քույր իր աշխատակցի կողմից հատուկ ուշադրության է արժանանում, և վերջինս նրան հրավիրում է ժամադրության։ Այդ տղամարդը չի ծառայում Եհովային, բայց շատ սիրալիր ու բարի մարդ է երևում։ Մեկ այլ քույր տեսնում է նրանց միասին և հետո զգուշացնում է այդ քրոջը վտանգի մասին։ Ինչպե՞ս քույրը կարձագանքի։ Կարդարացնի՞ ինքն իրեն, թե՞ կփորձի հասկանալ՝ որքան իմաստուն է այդ նախազգուշացումը։ Քույրը թերևս սիրում է Եհովային և ցանկանում է անել այն, ինչ ճիշտ է։ Բայց եթե շարունակում է մտերմություն անել այդ տղամարդու հետ, իրականում «փախչո՞ւմ է» սեռական անբարոյությունից, թե՞ «իր սրտին է ապավինում» (Առակներ 22։3; 28։26; Մատթեոս 6։13; 26։41

ՍՈՎՈՐԻՐ ՀՈՎՍԵՓԻ ՕՐԻՆԱԿԻՑ

18, 19. Հովսեփն ինչպե՞ս փախավ անբարոյությունից, և ի՞նչն օգնեց նրան այդպես վարվել։

18 Երիտասարդ Հովսեփը ստրուկ էր Եգիպտոսում։ Նրա տիրոջ կինն ամեն օր ասում էր նրան, որ սեռական հարաբերություն ունենա իր հետ։ Բայց Հովսեփը գիտեր, որ դա սխալ է։ Նա սիրում էր Եհովային և ուզում էր հաճեցնել նրան։ Ուստի ամեն անգամ, երբ կինը փորձում էր գայթակղել Հովսեփին, վերջինս մերժում էր։ Բայց քանի որ Հովսեփը ստրուկ էր, չէր կարող պարզապես հեռանալ իր տիրոջ տնից։ Մի օր էլ, երբ այդ կինը փորձեց ստիպել Հովսեփին, որ անբարո հարաբերություն ունենա իր հետ, նա «տնից դուրս նետվեց» (կարդա Ծննդոց 39։7–12

19 Ամեն ինչ կարող էր այլ կերպ ավարտվել, եթե Հովսեփը անբարո բաներ մտածեր կամ երազեր այդ կնոջ մասին։ Սակայն Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները Հովսեփի համար ամեն ինչից կարևոր էին։ Նա ասաց կնոջը. «Իմ տերը.... ոչինչ չի արգելել ինձ, բացի քեզնից, քանի որ դու նրա կինն ես։ Ուստի ինչպե՞ս կարող եմ անել այս մեծ չարիքը և մեղք գործել Աստծու դեմ» (Ծննդոց 39։8, 9

20. Ինչի՞ց գիտենք, որ Հովսեփն ուներ Եհովայի հավանությունը։

20 Թեև Հովսեփը հեռու էր իր տնից ու ընտանիքից, նա միշտ նվիրված էր Եհովային, ու Եհովան օրհնում էր նրան (Ծննդոց 41։39–49)։ Այո՛, Եհովային անչափ ուրախացնում էր Հովսեփի նվիրվածությունը (Առակներ 27։11)։ Գուցե դժվար լինի դիմադրել անբարոյություն գործելու գայթակղությանը։ Բայց հիշիր այս խոսքերը. «Ո՛վ դուք, Եհովայի՛ն սիրողներ, ատեցե՛ք չարությունը։ Նա պահպանում է իրեն նվիրվածների հոգիները, ամբարիշտների ձեռքից ազատում է նրանց» (Սաղմոս 97։10

21. Մի երիտասարդ եղբայր ինչպե՞ս ընդօրինակեց Հովսեփին։

21 Եհովայի ծառաները ամեն օր ցույց են տալիս, որ «ատում են չարը» և «սիրում են բարին» (Ամոս 5։15)։ Անկախ քո տարիքից՝ դու կարող ես հավատարիմ լինել Եհովային։ Մի եղբայր դպրոցում փորձության առաջ կանգնեց։ Աղջիկներից մեկն ասաց, որ նրա հետ սեքսով կզբաղվի, եթե մաթեմատիկայի քննության ժամանակ օգնի իրեն։ Ի՞նչ արեց եղբայրը։ Նա Հովսեփի նման վարվեց։ Եղբայրն ասում է. «Ես անմիջապես մերժեցի նրա առաջարկը։ Անարատ մնալով՝ ես պահեցի իմ արժանապատվությունն ու ինքնահարգանքը»։ Թեև անբարոյությունը կարող է «ժամանակավոր հաճույք» պատճառել, բայց շատ հաճախ այն ցավ ու տառապանք է բերում (Եբրայեցիներ 11։25)։ Իսկ Եհովայի հանդեպ հնազանդությունը միշտ մնայուն երջանկություն է բերում (Առակներ 10։22

ԹՈՒՅԼ ՏՈՒՐ՝ ԵՀՈՎԱՆ ՕԳՆԻ ՔԵԶ

22, 23. Ինչպե՞ս կարող է Եհովան օգնել նույնիսկ լուրջ մեղք գործած մարդուն։

22 Սատանան ջանում է սեռական անբարոյության միջոցով մեզ ծուղակը գցել, և դա լուրջ փորձություն է։ Թերևս բոլորս էլ ժամանակ առ ժամանակ սխալ մտքեր ենք ունենում (Հռոմեացիներ 7։21–25)։ Եհովան դա հասկանում է և հիշում է, որ մենք «հող ենք» (Սաղմոս 103։14)։ Իսկ եթե քրիստոնյան անբարոյություն է գործել, որը լուրջ մեղք է, մի՞թե այլևս հետդարձի ճանապարհ չկա։ Եթե անհատը իսկապես զղջում է, Եհովան կօգնի նրան։ Աստված «բարի է ու ներելու պատրաստ» (Սաղմոս 86։5; Հակոբոս 5։16; կարդա Առակներ 28։13

23 Եհովան նաև մեզ տվել է «մարդկանց տեսքով պարգևներ»՝ սիրառատ երեցներ, ովքեր հոգ են տանում մեր մասին (Եփեսացիներ 4։8, 12; Հակոբոս 5։14, 15)։ Նա երեցներին նշանակել է, որ օգնեն մեզ վերականգնել իր հետ ունեցած մեր փոխհարաբերությունները (Առակներ 15։32

«ԽՈՀԵՄ ՍԻՐՏ» ՈՒՆԵՑԻՐ

24, 25. «Խոհեմ սիրտը» ինչպե՞ս կարող է օգնել մեզ խուսափել անբարոյությունից։

24 Ճիշտ որոշումներ կայացնելու համար պետք է հասկանանք, թե Եհովայի օրենքներն ինչով են օգտակար։ Մենք չենք ուզում լինել Առակներ 7։6–23-ում նկարագրված երիտասարդի նման։ Նա «խոհեմ սիրտ» չուներ և ընկավ անբարոյության ծուղակը։ Խոհեմությունը գիտելիքներ ունենալուց ավելին է։ Խոհեմ սիրտ ունեցող մարդը ջանում է հասկանալ Աստծու մտածելակերպը և կյանքում առաջնորդվել դրանով։ Առակներ 19։8-ում ասվում է. «Նա, ով իմաստուն սիրտ է ձեռք բերում, սիրում է իր հոգին։ Նա, ով խորաթափանցություն է պահպանում, բարիք կգտնի»։

25 Լիովին համոզվա՞ծ ես, որ Աստծու չափանիշները ճիշտ են։ Իսկապես հավատո՞ւմ ես, որ դրանց հետևելով՝ երջանիկ կլինես (Սաղմոս 19։7–10; Եսայիա 48։17, 18)։ Եթե դեռ վստահ չես, հիշիր այն բոլոր լավ բաները, որ Եհովան արել է քեզ համար։ Ինչպես ասվում է Սաղմոս 34։8-ում, «ճաշակիր և տես, որ Եհովան բարի է»։ Դու կտեսնես, որ ինչքան շատ վարվես այս խոսքերի համաձայն, այնքան ավելի շատ կսիրես Աստծուն։ Սիրիր այն, ինչ նա է սիրում, և ատիր այն, ինչ նա է ատում։ Միտքդ լցրու լավ բաներով՝ այն ամենով, ինչը ճշմարիտ է, արդար, մաքուր, սեր է առաջ բերում և առաքինի է (Փիլիպպեցիներ 4։8, 9)։ Մենք էլ կարող ենք Հովսեփի նման առաջնորդվել Եհովայի իմաստությամբ և վայելել դրա բերած պտուղները (Եսայիա 64։8

26. Ի՞նչ կքննարկենք հաջորդ գլուխներում։

26 Եհովան ուզում է, որ վայելես կյանքը ու երջանիկ լինես, անկախ նրանից՝ ամուրի ես, թե ամուսնացած։ Հաջորդ երկու գլուխներում կքննարկենք սկզբունքներ, որոնք օգնում են երջանիկ ամուսնություն ունենալ։