Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 11

Ինչո՞ւ աշխարհում այսքան շատ տառապանք կա

Ինչո՞ւ աշխարհում այսքան շատ տառապանք կա

1, 2. Ի՞նչ են ուզում իմանալ շատ մարդիկ։

 ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ցունամին ավերեց ողջ գյուղը՝ խլելով բազմաթիվ մարդկանց կյանքեր։ Ատրճանակով զինված մի մարդ մտավ եկեղեցի ու կրակեց ներկաների վրա, ինչի արդյունքում շատերը վիրավորվեցին կամ մահացան։ Մի կին, որը հինգ երեխաների մայր էր, մահացավ քաղցկեղից։

2 Երբ նման բաներ են տեղի ունենում, մարդիկ հաճախ հարցնում են՝ «ինչո՞ւ»։ Շատերն են ուզում իմանալ, թե ինչու է աշխարհը լցված ատելությամբ ու տառապանքով։ Իսկ դու երբևէ մտածե՞լ ես այս մասին։

3, 4. ա) Ի՞նչ հարցեր տվեց Ամբակումը։ բ) Ի՞նչ պատասխանեց Եհովան։

3 Աստվածաշնչից իմանում ենք, որ այս հարցը հետաքրքրել է նույնիսկ Աստծու հանդեպ մեծ հավատ ունեցող մարդկանց։ Օրինակ՝ Ամբակում մարգարեն Եհովային հարցրեց. «Ինչո՞ւ ես ինձ չարիք տեսնել տալիս ու նայում ամբարշտությանը։ Ինչո՞ւ իմ առաջ կողոպուտ ու բռնություն կա, ինչո՞ւ են գժտություններ լինում, և վեճեր ծագում» (Ամբակում 1։3

4 Ամբակում 2։2, 3 համարներից տեսնում ենք, որ Եհովան պատասխանում է մարգարեի հարցերին և խոստանում, որ կփոխի իրավիճակը։ Եհովան շատ է սիրում մարդկանց։ Աստվածաշունչը վստահեցնում է. «Նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7)։ Իրականում, Աստված մեծ ցավ է ապրում՝ տեսնելով մարդկանց տառապանքը, և նա մեզանից շատ է ուզում վերջ դնել տառապանքին (Եսայիա 55։8, 9)։ Այդ դեպքում ինչո՞ւ աշխարհում այսքան շատ տառապանք կա։

ԻՆՉՈ՞Ւ ԱՅՍՔԱՆ ՇԱՏ ՏԱՌԱՊԱՆՔ ԿԱ

 5. Ի՞նչ են ասում շատ կրոնականներ տառապանքի վերաբերյալ։ Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը։

5 Քահանաներն ու այլ կրոնականներ հաճախ ասում են, թե Աստծու կամքն է, որ մարդիկ տառապում են։ Շատերը կարծում են, թե մարդու կյանքում տեղի ունեցող ցանկացած բան, այդ թվում դժբախտությունները, նախապես որոշված են Աստծու կողմից։ Ոմանք էլ ասում են, որ Աստված մահ է բերում մարդկանց, նույնիսկ փոքր երեխաներին, որպեսզի նրանց տանի իր մոտ՝ երկինք։ Բայց այդ ամենը սուտ է։ Եհովան երբեք չարիք չի պատճառում։ Աստվածաշնչում գրված է. «Անհնա՛ր է, որ ճշմարիտ Աստված ամբարշտությամբ վարվի, և Ամենակարողը անարդարացիորեն վարվի» (Հոբ 34։10

 6. Ինչո՞ւ են շատ մարդիկ Աստծուն մեղադրում տառապանքի համար։

6 Շատերը Աստծուն են մեղադրում աշխարհում եղած տառապանքի համար, քանի որ կարծում են, թե նա է ղեկավարում աշխարհը։ Բայց ինչպես իմացանք 3-րդ գլխից, այս աշխարհի իշխանը Սատանան է։

7, 8. Ինչո՞ւ այսքան շատ տառապանք կա աշխարհում։

7 Աստվածաշունչն ասում է, որ «ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19)։ Այս աշխարհի իշխանը՝ Սատանան, շատ չար է ու դաժան։ Նա «մոլորեցնում է ողջ երկիրը» (Հայտնություն 12։9)։ Եվ բազմաթիվ մարդիկ այսօր դարձել են նրա նման։ Սա է պատճառներից մեկը, որ աշխարհը լցված է ատելությամբ, ստությամբ ու դաժանությամբ։

8 Տառապանքի գոյության մյուս պատճառն այն է, որ Ադամն ու Եվան իրենց սերունդներին մեղք են փոխանցել, այսինքն՝ սխալ անելու հակում։ Այդ հակումի պատճառով մարդիկ վնասում են միմյանց, ցանկանում են մյուսներից ավելի բարձր դիրք ունենալ, պատերազմում են և ճնշում իրար (Ժողովող 4։1; 8։9)։ Երբեմն էլ մարդիկ տառապում են «ժամանակի և պատահարի» պատճառով (Ժողովող 9։11)։ Այսինքն՝ երբ մարդ հայտնվում է ոչ ճիշտ տեղում ոչ ճիշտ պահի, հնարավոր է՝ նրան դժբախտ դեպք պատահի։

 9. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան հիմնավոր պատճառ ունի տառապանքի գոյությունը թույլ տալու համար։

9 Եհովան երբեք տառապանք չի պատճառում։ Նա չէ մեղավոր պատերազմների, հանցագործության, անարդարությունների, ինչպես նաև տարբեր բնական աղետների, օրինակ՝ երկրաշարժերի, փոթորիկների և ջրհեղեղների համար։ Բայց գուցե հարցնես. «Եթե Եհովան է տիեզերքի ամենազորեղ անձնավորությունը, ինչո՞ւ վերջ չի դնում այդ ամենին»։ Մենք գիտենք, որ Աստված շատ է սիրում մարդկանց, և եթե նա թույլ է տալիս տառապանքի գոյությունը, ուրեմն պետք է որ հիմնավոր պատճառ ունենա դրա համար (1 Հովհաննես 4։8

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՍՏՎԱԾ ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄ ՏԱՌԱՊԱՆՔԸ

10. Ի՞նչ ասաց Սատանան Եհովայի մասին։

10 Եդեմի պարտեզում Սատանան խաբեց Ադամին ու Եվային։ Նա ասաց, թե Աստված վատ ղեկավար է և լավ բաներ է թաքցնում նրանցից։ Սատանան ուզում էր, որ Ադամն ու Եվան մտածեն, թե ինքը ավելի լավ ղեկավար կլինի, և որ մարդիկ Աստծու կարիքը չունեն (Ծննդոց 3։2–5; տես Ծանոթագրություն 27

11. Ի՞նչ պետք է ապացուցվեր։

11 Ադամն ու Եվան չհնազանդվեցին Աստծուն և ըմբոստացան նրա դեմ։ Նրանք մտածեցին, թե կարող են ինքնուրույն որոշել՝ ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ։ Ի՞նչ կաներ Եհովան։ Նա պետք է ապացուցեր, որ նրանք սխալվում են, և որ միայն ինքը գիտի, թե ինչն է իսկապես լավ մարդկանց համար։

12, 13. ա) Ինչո՞ւ Եհովան անմիջապես չվերացրեց Ադամին ու Եվային։ բ) Ինչո՞ւ Եհովան թույլ տվեց, որ Սատանան դառնա այս աշխարհի ղեկավարը, և որ մարդիկ կառավարություններ ստեղծեն։

12 Եհովան անմիջապես չվերացրեց Ադամին ու Եվային, քանի որ նրա նպատակն էր, որ երկիրը լցվեր նրանց սերունդներով։ Նա թույլ տվեց, որ Ադամն ու Եվան երեխաներ ունենան։ Իսկ հետո հնարավորություն տվեց, որ նրանց երեխաները անձամբ որոշեն, թե ում են ընտրում որպես իրենց ղեկավար։ Սատանան ինչ էլ աներ, չէր կարող խանգարել, որ Եհովայի նպատակը կատարվեր (Ծննդոց 1։28; Եսայիա 55։10, 11

13 Սատանան Եհովային մեղադրեց վատ ղեկավար լինելու մեջ միլիոնավոր հրեշտակների առջև (Հոբ 38։7; Դանիել 7։10)։ Ուստի Եհովան որոշեց ժամանակ տալ Սատանային, որ նա ապացուցի իր ասածները։ Աստված նաև թույլ տվեց, որ Սատանայի իշխանության ներքո մարդիկ իրենց համար կառավարություններ ստեղծեն և տեսնեն, թե արդյոք կարողանում են առանց Աստծու հաջողությամբ ղեկավարել իրենք իրենց։

14. Ժամանակի ընթացքում ի՞նչ է փաստվել։

14 Մարդիկ հազարավոր տարիներ փորձել են իրենք իրենց ղեկավարել և հաջողության չեն հասել։ Այդպիսով ժամանակի ընթացքում փաստվել է, որ Սատանան ստախոս է, և որ մարդիկ ունեն Աստծու կարիքը։ Երեմիա մարգարեն գրել է. «Գիտեմ, ո՛վ Եհովա, որ մարդու ճանապարհը իր ձեռքում չէ։ Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10։23

ԻՆՉՈ՞Ւ Է ԵՀՈՎԱՆ ԱՅՍՔԱՆ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՈՒՄ

15, 16. ա) Ինչո՞ւ է Եհովան թույլ տվել, որ տառապանքը այսքան երկար գոյություն ունենա։ բ) Ինչո՞ւ Եհովան չի վերացնում այն բոլոր խնդիրները, որ առաջացել են Սատանայի պատճառով։

15 Ինչո՞ւ է Եհովան թույլ տվել, որ տառապանքն այսքան երկար գոյություն ունենա։ Բավարար ժամանակ էր հարկավոր, որպեսզի փաստվեր, որ Սատանան վատ ղեկավար է։ Բացի դրանից՝ այդ ընթացքում մարդիկ փորձել են կառավարման տարբեր ձևեր, և բոլորն էլ անհաջող են եղել։ Թեև մարդիկ շատ հաջողությունների են հասել գիտության և տեխնիկայի զարգացման հարցում, բայց այսօր ավելի են շատացել անարդարությունը, աղքատությունը, հանցագործությունները և պատերազմները։ Այդպես փաստվել է, որ մարդիկ չեն կարող հաջողությամբ ղեկավարել իրենք իրենց։ Նրանք ունեն Աստծու կարիքը։

16 Իսկ ինչո՞ւ Եհովան չի վերացնում այն բոլոր խնդիրները, որ առաջացել են Սատանայի պատճառով։ Եթե նա այդպես վարվի, դրանով թիկունք կկանգնի Սատանայի իշխանությանը։ Բացի այդ՝ մարդիկ կմտածեին, թե կարողանում են հաջողությամբ ղեկավարել իրենք իրենց, ինչպես որ Սատանան էր ասել։ Բայց դա սուտ է, և Եհովան երբեք թիկունք չի կանգնի այդ ստերին։ Նա երբեք չի ստում (Եբրայեցիներ 6։18

17, 18. ա) Եհովան ինչպե՞ս կվերացնի Սատանայի հասցրած բոլոր վնասները։ բ) Ինչո՞ւ պետք է ուրախ լինենք, որ Եհովան համբերատարությամբ սպասում է։

17 Եհովան կարո՞ղ է վերացնել այն բոլոր վատ հետևանքները, որ բերել է Սատանայի և մարդկանց ըմբոստությունը։ Իհա՛րկե, կարող է։ Աստծու համար անհնարին բան չկա։ Եհովան գործի կանցնի ճիշտ ժամանակին, երբ լիովին ապացուցված կլինի, որ Սատանայի բոլոր ասածները սուտ են։ Եհովան երկիրը կդարձնի դրախտ, ինչպես որ նպատակադրել էր։ «Բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են», հարություն կառնեն (Հովհաննես 5։28, 29)։ Մարդիկ այլևս չեն հիվանդանա ու չեն մահանա։ Եհովան Հիսուսի միջոցով «Բանսարկուի գործերը կքանդի» և կվերացնի նրա հասցրած բոլոր վնասները (1 Հովհաննես 3։8

18 Պետք է ուրախ լինենք, որ Եհովան համբերատարությամբ սպասում է, քանի որ դրա շնորհիվ մարդիկ հնարավորություն ունեն ճանաչելու նրան և ընտրելու որպես իրենց Ղեկավար (կարդա 2 Պետրոս 3։9, 10)։ Ու թեև մենք այսօր տառապանքներ ենք կրում, Եհովան մեզ օգնում և ուժ է տալիս, որ դիմանանք (Հովհաննես 4։23; կարդա 1 Կորնթացիներ 10։13

ԻՆՉՊԵ՞Ս ԿՕԳՏԱԳՈՐԾԵՍ ԱՍՏԾՈՒ ՏՎԱԾ ՆՎԵՐԸ

19. Ի՞նչ հիանալի նվեր է Եհովան մեզ տվել։ Ինչո՞ւ պետք է շնորհակալ լինենք դրա համար։

19 Եհովան չի ստիպում, որ հնազանդվենք իրեն։ Նա մարդկանց տվել է մի հիանալի նվեր՝ ազատ կամք։ Դրանով մենք տարբերվում ենք կենդանիներից։ Կենդանիները գործում են բնազդով, իսկ մենք կարող ենք ընտրել, թե ինչ կյանքով ենք ապրելու, և որոշել, թե արդյոք ուզո՞ւմ ենք Եհովային հաճելի բաներ անել (Առակներ 30։24–28)։ Մենք ռոբոտներ չենք, որոնք անում են միայն այն, ինչ գրված է իրենց ծրագրում։ Մենք ունենք ընտրության ազատություն և կարող ենք որոշել, թե ինչպիսի մարդ ենք ուզում լինել, ինչպիսի ընկերներ ենք ցանկանում ունենալ և կյանքի ինչ ուղի ենք ուզում ընտրել։ Այն, որ Եհովան մեզ ազատ կամք է տվել, ցույց է տալիս, որ նա ուզում է՝ երջանիկ լինենք և հաճույք ստանանք մեր կյանքից։

20, 21. Ո՞րն է լավագույն ընտրությունը, որ կարող ես անել։

20 Եհովան ցանկանում է, որ սրտանց սիրենք իրեն (Մատթեոս 22։37, 38)։ Մի՞թե հայրը ավելի ուրախ չի լինի, երբ իր երեխան ոչ թե ստիպողաբար ասի, որ սիրում է իրեն, այլ սրտանց։ Մեր երկնային Հայրը՝ Եհովան, տվել է մեզ ընտրելու ազատություն, և մենք կարող ենք որոշել՝ ուզում ենք ծառայել նրան, թե ոչ։ Սատանան, Ադամն ու Եվան որոշեցին չծառայել Եհովային։ Իսկ դո՞ւ ինչպես կօգտագործես քո ազատ կամքը։

21 Ճիշտ ձևով օգտագործիր այն և ընտրիր Եհովային ծառայելը։ Միլիոնավոր մարդիկ որոշել են ծառայել Եհովային և մերժել են Սատանային (Առակներ 27։11)։ Իսկ ի՞նչ կարող ես անել, որպեսզի լինես Աստծու խոստացած նոր աշխարհում, որտեղ տառապանք չի լինի։ Հաջորդ գլխում խոսվում է այդ մասին։