ԳԼՈՒԽ 2
Աստվածաշունչ. գիրք՝ Աստծու կողմից
1, 2. Ինչո՞ւ է Աստվածաշունչը հրաշալի նվեր։
Ի՞ՆՉ զգացումներ ես ունենում, երբ նվեր ես ստանում ընկերոջիցդ։ Հավանաբար, չես համբերում և ուզում ես շուտ տեսնել, թե ինչ նվեր է, և ուրախանում ես, որ ընկերդ հաճելի անակնկալ է մատուցել քեզ։ Դու սրտանց ուզում ես շնորհակալություն հայտնել նրան։
2 Աստված մեզ հրաշալի նվեր է տվել՝ Աստվածաշունչը։ Այս գրքում կան այնպիսի տեղեկություններ, որոնք ուրիշ ոչ մի տեղ չէինք կարող գտնել։ Օրինակ՝ այնտեղ ասվում է, որ Աստված է ստեղծել երկինքը, երկիրը և առաջին տղամարդուն ու կնոջը։ Աստվածաշնչում կան սկզբունքներ, որոնց օգնությամբ կարող ենք հաղթահարել մեր խնդիրները։ Այն բացատրում է, թե ինչպես է Աստված իրականացնելու իր նպատակը և ավելի լավ պայմաններ հաստատելու երկրի վրա։ Իրոք որ, Աստվածաշունչը հրաշալի նվեր է։
3. Ի՞նչ կիմանաս՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը։
3 Ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ կիմանաս, որ Աստված ուզում է, որ իր ընկերը լինես։ Որքան շատ բան սովորես Աստծու մասին, այնքան ավելի կմտերմանաս նրա հետ։
4. Աստվածաշնչի վերաբերյալ ո՞ր փաստն է ամենաշատը տպավորում քեզ։
4 Աստվածաշունչը թարգմանվել է ավելի քան 2 800 լեզվով և տպագրվել միլիարդավոր օրինակներով։ Աշխարհի բնակչության ավելի քան 90 տոկոսը կարող է կարդալ այն իր մայրենի լեզվով։ Ամեն շաբաթ Աստվածաշնչի՝ մեկ միլիոնից ավելի օրինակ է տարածվում։ Այո՛, աշխարհում չկա ուրիշ ոչ մի գիրք, որ նման լինի Աստվածաշնչին։
5. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստվածաշունչը «ներշնչված է Աստծուց»։
5 Աստվածաշունչը «ներշնչված է Աստծուց» (կարդա 2 Տիմոթեոս 3։16)։ Բայց ոմանք գուցե հարցնեն. «Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչը Աստծու խոսքը լինել, եթե այն մարդիկ են գրել»։ Աստվածաշունչը պատասխանում է. «Մարդիկ Աստծու կողմից են խոսել՝ սուրբ ոգուց մղված [առաջնորդվելով սուրբ ոգով]» (2 Պետրոս 1։21)։ Պատկերացնենք օրինակով. տնօրենը քարտուղարին հանձնարարում է իր անունից նամակ գրել։ Իրականում ո՞վ է նամակի հեղինակը։ Բնականաբար տնօրենը, ոչ թե քարտուղարը, քանի որ այն պարունակում է տնօրենի մտքերը։ Նմանապես Աստվածաշնչի հեղինակը Աստված է, ոչ թե այն մարդիկ, ովքեր գրել են այն։ Աստված առաջնորդել է նրանց, որ գրեն իր մտքերը։ Իսկապես, Աստվածաշունչը «Աստծու խոսքն» է (1 Թեսաղոնիկեցիներ 2։13; տես Ծանոթագրություն 2)։
ՃՇԳՐԻՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳԻՐՔ Է
6, 7. Չնայած որ Աստվածաշունչը տարբեր մարդիկ են գրել, ինչպիսի՞ն է դրա բովանդակությունը։
6 Աստվածաշունչը գրվել է ավելի քան 1 600 տարիների ընթացքում։ Այն գրի առնողները ապրել են տարբեր ժամանակահատվածներում։ Նրանցից ոմանք կրթված մարդիկ են եղել, իսկ ոմանք՝ ոչ։ Օրինակ՝ նրանցից մեկը բժիշկ է եղել, մյուսները՝ հողագործներ, ձկնորսներ, հովիվներ, մարգարեներ, դատավորներ և թագավորներ։ Չնայած որ Աստվածաշունչը տարբեր մարդիկ են գրել, գրքի ոչ մի հատված չի հակասում մյուսին։ Այն սկզբից մինչև վերջ մեկ ամբողջություն է կազմում։ a
7 Աստվածաշնչի առաջին գլուխները պատմում են այն մասին, թե ինչպես սկսվեցին մարդկության խնդիրները։ Իսկ վերջին գլուխները հայտնում են, թե Աստված ինչպես է լուծելու այդ խնդիրները և երկիրը վերածելու դրախտի։ Աստվածաշունչը պարունակում է հազարավոր տարիների պատմություն և ցույց է տալիս, որ Աստծու նպատակները միշտ կատարվում են։
8. Բեր օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ Աստվածաշնչում գրված գիտական տեղեկությունները ճշգրիտ են։
8 Աստվածաշունչը գիտական գիրք չէ, ոչ էլ դպրոցական դասագիրք, բայց այնտեղ գրված բոլոր գիտական տեղեկությունները ճշգրիտ են։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ Աստված է այն մեզ տվել։ Օրինակ՝ «Ղևտական» գրքում գրված են Աստծու հրահանգներն այն մասին, թե ինչպես կարող էին իսրայելացիները կանխել հիվանդությունների տարածումը։ Եվ այս ամենը գրվել է այն ժամանակ, երբ մարդիկ ոչ մի պատկերացում չունեին հիվանդություններ առաջացնող վիրուսների և բակտերիաների մասին։ Աստվածաշնչում նաև նշվում է, որ երկիրը ոչ մի բանից կախված չէ (Հոբ 26։7)։ Եվ այն ժամանակ, երբ մարդիկ կարծում էին, թե երկիրը տափակ է, Աստվածաշնչում արդեն գրված էր, որ այն շրջանի ձև ունի (Եսայիա 40։22)։
9. Աստվածաշունչը գրողների անկեղծությունը ի՞նչ է ցույց տալիս։
9 Աստվածաշունչը նաև ճշգրիտ պատմական տեղեկություններ է հայտնում։ Բայց պատմության շատ գրքեր այդքան էլ ճշգրիտ չեն, քանի որ դրանք գրի առնողները հաճախ անկեղծ չեն եղել։ Օրինակ՝ միշտ չէ, որ նրանք գրել են պատերազմների ժամանակ իրենց ազգի կրած պարտությունների մասին։ Ի տարբերություն նրանց՝ Աստվածաշունչը գրողները միշտ անկեղծորեն գրի են առել Իսրայել ազգի թե՛ հաղթանակները, թե՛ պարտությունները։ Նրանք գրել են նաև իրենց սխալների մասին։ Օրինակ՝ «Թվեր» գրքում Մովսեսը գրել է իր գործած մի լուրջ սխալի մասին, որի համար Աստված խրատեց նրան (Թվեր 20։2–12)։ Աստվածաշունչը գրի առնողների անկեղծությունը ցույց է տալիս, որ այդ գիրքը Աստծուց է ներշնչված։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք վստահել Աստվածաշնչին։
ԻՄԱՍՏՈՒՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳԻՐՔ Է
10. Ինչո՞ւ են Աստվածաշնչի խորհուրդները օգտակար։
10 Աստվածաշունչը «ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու.... համար» (2 Տիմոթեոս 3։16)։ Այո՛, Աստվածաշնչի խորհուրդները օգտակար են։ Եհովան է մեզ ստեղծել, ուստի լիովին հասկանում է մեր մտածելակերպն ու զգացմունքները։ Նա մեզնից ավելի լավ գիտի, թե մենք ինչպիսին ենք, և ուզում է, որ երջանիկ լինենք։ Նա գիտի՝ ինչն է մեզ համար լավ, և ինչն է վատ։
11, 12. ա) Մատթեոս 5–7-րդ գլուխներում ի՞նչ խորհուրդներ են գրված։ բ) Ուրիշ ի՞նչ խորհուրդներ կան Աստվածաշնչում։
11 Մատթեոս 5–7-րդ գլուխներում կարդում ենք մի շարք խորհուրդներ, որ Հիսուսը տվեց իր հետևորդներին։ Օրինակ՝ նա խոսեց այն մասին, թե ինչպես կարելի է երջանիկ լինել, հարթել տարաձայնությունները, աղոթել և ճիշտ տեսակետ ունենալ փողի վերաբերյալ։ Թեև նա այս խորհուրդները տվել է 2 000 տարի առաջ, բայց դրանք այսօր նույնքան գործնական և օգտակար են, որքան այն ժամանակ։
12 Եհովան Աստվածաշնչում նաև գրել է տվել բազմաթիվ սկզբունքներ, որոնց օգնությամբ կարող ենք երջանիկ ընտանիք ունենալ, ավելի լավ աշխատողներ լինել և խաղաղ փոխհարաբերություններ ունենալ մարդկանց հետ։ Աստվածաշնչյան սկզբունքները միշտ գործնական են և օգտակար բոլորիս համար, անկախ այն բանից, թե ով ենք մենք, որտեղ ենք ապրում և ինչ խնդիրներ ունենք (կարդա Եսայիա 48։17; տես Ծանոթագրություն 3)։
ՎՍՏԱՀԵԼԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՐՔ Է
13. Բաբելոնի մասին ի՞նչ էր մարգարեացել Եսայիան։
13 Աստվածաշնչյան շատ մարգարեություններ արդեն կատարվել են։ Օրինակ՝ Եսայիան մարգարեացել էր, որ Բաբելոն քաղաքը նվաճվելու էր (Եսայիա 13։19)։ Նա նկարագրել էր, թե կոնկրետ ինչպես էին գրավելու Բաբելոնը։ Քաղաքի մուտքը պաշտպանված էր հսկայական դարպասներով և գետի ջրերով։ Բայց Եսայիան մարգարեացել էր, որ թշնամին ցամաքեցնելու էր գետը, իսկ քաղաքի դարպասները բաց էին թողնվելու։ Քաղաքը գրավելու էին առանց կռվի։ Եսայիան նույնիսկ հայտնել էր, որ Բաբելոնը նվաճելու էր Կյուրոս անունով մի մարդ (կարդա Եսայիա 44։27–45։2; տես Ծանոթագրություն 4)։
14, 15. Ինչպե՞ս կատարվեց Եսայիայի մարգարեությունը։
14 Մարգարեության գրվելուց երկու հարյուր տարի հետո մի զորք բանակ դրեց Բաբելոն քաղաքի մոտ։ Իսկ ո՞վ էր գլխավորում այդ զորքը։ Ինչպեսև մարգարեացվել էր, դա Կյուրոսն էր՝ պարսից թագավորը։ Բայց կկարողանա՞ր արդյոք Կյուրոսի զորքը գրավել Բաբելոնը, ինչպես որ նախագուշակվել էր։
15 Այդ գիշեր բաբելոնացիները խնջույքի մեջ էին։ Նրանք իրենց ապահով էին զգում, քանի որ գետն ու հսկայական պարիսպները պաշտպանում էին քաղաքը։ Կյուրոսն ու նրա զորքը ջրանցք փորեցին, որպեսզի փոխեն գետի հունը և այդպիսով նվազեցնեն ջրի մակարդակը։ Արդյունքում՝ գետի ջրերն այնքան նվազեցին, որ զինվորները կարողացան անցնել դրա միջով։ Բայց ինչպե՞ս էին նրանք մտնելու քաղաք։ Ինչպես որ մարգարեացվել էր, քաղաքի դարպասները բաց էին թողնվել, ուստի զինվորները առանց կռվի հեշտությամբ կարողացան գրավել այն։
16. ա) Ի՞նչ մարգարեացավ Եսայիան Բաբելոն քաղաքի ապագայի մասին։ բ) Ինչի՞ց ենք իմանում, որ Եսայիայի մարգարեությունը կատարվել է։
16 Եսայիան նաև մարգարեացել էր, որ հետագայում Բաբելոնում այլևս ոչ ոք չէր ապրելու։ Մարգարեն գրեց. «Նա այլևս երբեք բնակեցված չի լինի և սերնդեսերունդ իր համար բնակության տեղ չի ունենա» (Եսայիա 13։20)։ Իրականացա՞ն այս խոսքերը։ Իրաքի Բաղդադ քաղաքից 80 կիլոմետր դեպի հարավ գտնվող այն վայրում, որտեղ մի ժամանակ հին Բաբելոնն էր, այսօր միայն ավերակներ են մնացել։ Այնտեղ ոչ ոք չի ապրում։ Այո՛, Եհովան Բաբելոն քաղաքը «ավլել է ոչնչացման ավելով» (Եսայիա 14։22, 23)։ b
17. Ինչո՞ւ կարող ենք վստահել Աստծու բոլոր խոստումներին։
17 Բաբելոնի կործանումը ընդամենը մեկն է այն բազմաթիվ աստվածաշնչյան մարգարեություններից, որ կատարվել են։ Սա ցույց է տալիս, որ կարող ենք վստահել այն ամենին, ինչ Աստվածաշունչն ասում է ապագայի վերաբերյալ։ Կարող ենք համոզված լինել, որ Եհովան կկատարի երկիրը դրախտի վերածելու մասին իր խոստումը (կարդա Թվեր 23։19)։ Այո՛, մենք «հավիտենական կյանքի հույս» ունենք, ինչը «Աստված, որը չի կարող ստել, խոստացավ վաղեմի ժամանակներից առաջ» (Տիտոս 1։2)։ c
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ՔՈ ԿՅԱՆՔԸ
18. Ի՞նչ գրեց Պողոսը «Աստծու խոսքի» մասին։
18 Ինչպես տեսանք, Աստվածաշունչը տարբերվում է մյուս բոլոր գրքերից։ Այնտեղ չկան հակասություններ, և դրանում գրված բոլոր գիտական ու պատմական տեղեկությունները ճշգրիտ են։ Այս գրքում կան իմաստուն խորհուրդներ, ինչպես նաև բազում մարգարեություններ, որոնցից շատերը արդեն կատարվել են։ Բայց սա դեռ ամենը չէ։ Պողոս առաքյալը գրեց. «Աստծու խոսքը կենդանի է ու զորեղ»։ Ի՞նչ է սա նշանակում (կարդա Եբրայեցիներ 4։12)։
19, 20. ա) Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչն օգնել քեզ իմանալու, թե ինչպիսի անձնավորություն ես։ բ) Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ շնորհակալ ես Աստծուն նրա տված նվերի՝ Աստվածաշնչի համար։
19 Աստվածաշունչը կարող է փոխել քո կյանքը։ Այս գրքի օգնությամբ կարող ես իմանալ, թե իրականում ինչպիսի անձնավորություն ես։ Այն կարող է բացահայտել քո խորին մտքերն ու զգացմունքները։ Օրինակ՝ գուցե մտածես, թե սիրում ես Աստծուն, բայց իսկական սերը կերևա նրանից, որ կիրառես այն ամենը, ինչ սովորում ես Աստվածաշնչից։
20 Աստվածաշունչը, իրոք որ, Աստծու կողմից տրված գիրք է։ Աստված ուզում է, որ կարդաս, ուսումնասիրես և սիրես իր Խոսքը։ Ցույց տուր, որ շնորհակալ ես այս հրաշալի նվերի համար՝ շարունակելով ուսումնասիրել այն։ Այդպես վարվելով՝ կհասկանաս, թե որն է Աստծու նպատակը մարդկանց վերաբերյալ։ Հաջորդ գլխում կխոսվի այդ մասին։
a Թեև ոմանք ասում են, որ Աստվածաշնչի որոշ հատվածներ հակասում են իրար, բայց դա այդպես չէ։ Տես «Գիրք բոլորի համար» գրքույկը, էջ 14–17։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Աստվածաշնչի մարգարեությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Գիրք բոլորի համար» գրքույկը, էջ 27–29։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
c Ծանոթագրություն 5-ում կարող եք գտնել նաև մարգարեություններ Հիսուս Քրիստոսի մասին։