Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 95

Ոչինչ չի կարող կանգնեցնել նրանց

Ոչինչ չի կարող կանգնեցնել նրանց

Մի կաղ մարդ ամեն օր նստում էր տաճարի դռան մոտ և ողորմություն խնդրում։ Մի օր նա տեսավ Պետրոսին ու Հովհաննեսին, որոնք ուզում էին տաճար մտնել, և ասաց. «Խնդրում եմ, ինձ մի բան տվեք»։ Բայց Պետրոսն ասաց. «Ես փողից ավելի լավ բան ունեմ քեզ տալու։ Հիսուսի անունով ասում եմ՝ վե՛ր կաց ու քայլի՛ր»։ Ապա Պետրոսը օգնեց այդ մարդուն կանգնելու, և նա սկսեց քայլել։ Ժողովուրդը շատ ուրախացավ՝ տեսնելով այդ հրաշքը, և ավելի շատ մարդիկ հավատացյալ դարձան։

Սակայն քահանաներն ու սադուկեցիները զայրացան։ Նրանք բռնեցին առաքյալներին, տարան դատարան և հարցրին. «Ո՞ւմ զորությամբ բուժեցիք այս մարդուն»։ Այդ ժամանակ Պետրոսը պատասխանեց. «Մենք զորություն ստացանք Հիսուս Քրիստոսից, որին դուք սպանեցիք»։ Կրոնական առաջնորդները բղավեցին. «Այլևս չխոսե՛ք Հիսուսի մասին»։ Բայց առաքյալները ասացին. «Մենք, միևնույնն է, շարունակելու ենք խոսել նրա մասին»։

Ազատ արձակվելուց հետո Պետրոսն ու Հովհաննեսը գնացին մյուս աշակերտների մոտ և պատմեցին տեղի ունեցածի մասին։ Նրանք միասին աղոթեցին Եհովային՝ ասելով. «Խնդրում ենք, օգնիր մեզ՝ համարձակ լինենք, որպեսզի կարողանանք քո տված գործը կատարել»։ Եհովան նրանց տվեց իր սուրբ ոգին, ու նրանք շարունակեցին քարոզել և բուժել մարդկանց։ Ավելի ու ավելի շատ մարդիկ էին հավատացյալ դառնում։ Բայց սադուկեցիները, նախանձով լցված, ձերբակալեցին առաքյալներին և բանտ գցեցին։ Սակայն գիշերը Եհովան մի հրեշտակ ուղարկեց, որը բացելով բանտի դռները՝ ազատեց նրանց և ասաց. «Վերադարձե՛ք տաճար ու սովորեցրե՛ք այնտեղ»։

Հենց հաջորդ առավոտյան Սինեդրիոնին՝ կրոնական առաջնորդներից բաղկացած դատարանին, տեղեկացրին. «Բանտը ամուր փակված է, բայց այն մարդիկ, որոնց դուք ձերբակալել էիք, այնտեղ չեն։ Նրանք տաճարում են և սովորեցնում են ժողովրդին»։ Առաքյալներին նորից ձերբակալեցին ու կանգնեցրին Սինեդրիոնի առաջ։ Քահանայապետը ասաց. «Մենք ձեզ խստորեն պատվիրեցինք չխոսել Հիսուսի մասին»։ Բայց Պետրոսը պատասխանեց. «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց»։

Կրոնական առաջնորդները այնքան զայրացան, որ ուզում էին սպանել առաքյալներին։ Բայց Գամաղիել անունով մի փարիսեցի վեր կացավ և ասաց. «Զգո՛ւյշ եղեք։ Գուցե Աստված այս մարդկանց հետ է։ Ուզում եք Աստծու դե՞մ կռվել»։ Նրանք ուշադրություն դարձրին նրա խորհրդին։ Առաքյալներին ծեծելուց հետո նորից հրամայեցին, որ այլևս չքարոզեն, ապա բաց թողեցին նրանց։ Սակայն դա չկանգնեցրեց առաքյալներին։ Նրանք շարունակեցին բարի լուրը համարձակորեն քարոզել և՛ տաճարում, և՛ տնից տուն։

«Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց» (Գործեր 5։29)