Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 13

Կյանքի վերաբերյալ Աստծու տեսակետը

Կյանքի վերաբերյալ Աստծու տեսակետը
  • Ո՞րն է Աստծու տեսակետը կյանքի վերաբերյալ

  • Ինչպե՞ս է Աստված վերաբերվում արհեստական վիժմանը

  • Ինչպե՞ս կարող ենք հարգանք ցուցաբերել կյանքի նկատմամբ

1. Ո՞վ է ստեղծել բոլոր կենդանի արարածներին։

«ԵՀՈՎԱՆ, իսկապես, Աստված է,— գրեց Երեմիա մարգարեն,— նա կենդանի Աստված է» (Երեմիա 10։10)։ Եհովան նաև բոլոր կենդանի արարածների Ստեղծիչն է։ Այդ իսկ պատճառով երկնային արարածները ասացին նրան. «Դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները, և քո կամքով նրանք գոյություն ունեն ու ստեղծվեցին» (Հայտնություն 4։11)։ Իսկ Աստծուն փառաբանող իր երգի մեջ Դավիթ թագավորն ասաց. «Կյանքի աղբյուրը քեզ մոտ է» (Սաղմոս 36։9)։ Այո՛, կյանքը պարգև է՝ տրված Աստծու կողմից։

2. Ինչպե՞ս է Աստված պահպանում մեր կյանքը։

2 Եհովան նաև պահպանում է մեր կյանքը (Գործեր 17։28)։ Նա է մեզ տալիս այն ուտելիքը, որ ուտում ենք, այն ջուրը, որ խմում ենք, այն օդը, որ շնչում ենք, և այն հողը, որի վրա ապրում ենք (կարդա՛  Գործեր 14։15–17)։ Եվ այդ ամենն այնպես է ստեղծել, որ կյանքը հաճելի լինի։ Բայց որպեսզի լիարժեքորեն վայելենք կյանքը, մենք պետք է սովորենք Աստծու օրենքները և հնազանդվենք դրանց (Եսայիա 48։17, 18

ՀԱՐԳԱՆՔ ՑՈՒՑԱԲԵՐԻՐ ԿՅԱՆՔԻ ՀԱՆԴԵՊ

3. Ինչպե՞ս Եհովան վերաբերվեց Աբելի սպանությանը։

3 Աստված ցանկանում է, որ մենք հարգանք ցուցաբերենք թե՛ մեր, թե՛ ուրիշների կյանքի հանդեպ։ Օրինակ՝ Ադամի ու Եվայի օրերում, երբ նրանց որդին՝ Կայենը, շատ բարկացավ իր փոքր եղբոր՝ Աբելի վրա, Եհովան զգուշացրեց Կայենին, որ այդ բարկությունը կարող է լուրջ մեղքի առաջնորդել նրան։ Սակայն Կայենը անտեսեց այդ զգուշացումը։ Նա «հարձակվեց իր եղբայր Աբելի վրա ու սպանեց նրան» (Ծննդոց 4։3–8)։ Եհովան պատժեց Կայենին իր եղբորը սպանելու համար (Ծննդոց 4։9–11

4. Մովսիսական օրենքում Աստված ինչպե՞ս ընդգծեց կյանքի վերաբերյալ ճիշտ տեսակետը։

4 Աբելի հետ պատահած դեպքից մոտ 2400 տարի անց Եհովան օրենքներ տվեց իսրայելացիներին, որպեսզի նրանք իրեն ընդունելի կերպով ծառայեն։ Քանի որ այդ օրենքները տրվեցին Մովսես մարգարեի միջոցով, կոչվում են նաև Մովսիսական օրենք։ Այնտեղ ասվում էր. «Մի՛ սպանիր» (2 Օրենք 5։17)։ Դա ցույց էր տալիս իսրայելացիներին, որ Աստված թանկ է գնահատում մարդու կյանքը, և որ մարդիկ էլ պետք է թանկ գնահատեն ուրիշների կյանքը։

5. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք արհեստական վիժմանը։

5 Իսկ ի՞նչ կարելի է ասել դեռ չծնված երեխայի կյանքի մասին։ Ըստ Մովսիսական օրենքի՝ մոր արգանդում գտնվող երեխայի մահվան պատճառ լինելը մեղք էր համարվում։ Այո՛, Եհովայի համար նույնիսկ չծնված երեխայի կյանքն է թանկ (կարդա՛  Ելք 21։22, 23; Սաղմոս 127։3)։ Սա նշանակում է, որ արհեստական վիժումը սխալ է։

6. Ինչո՞ւ չպետք է ատենք մեր մերձավորին։

6 Կյանքի հանդեպ հարգանք ցուցաբերել նշանակում է ճիշտ վերաբերմունք ունենալ մարդկանց հանդեպ։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն ոք, ով ատում է իր եղբորը, մարդասպան է, և դուք գիտեք, որ ոչ մի մարդասպան հավիտենական կյանք չունի իր մեջ» (1 Հովհաննես 3։15)։ Եթե ուզում ենք հավիտենական կյանք ստանալ, պետք է մեր սրտից արմատախիլ անենք մեր մերձավորի հանդեպ ունեցած նույնիսկ ամենափոքր ատելությունը, քանի որ մեծ մասամբ ատելությունն է բռնությունների պատճառը (1 Հովհաննես 3։11, 12)։ Ուստի շատ կարևոր է սովորել սիրել միմյանց։

7. Ո՞ր սովորություններն են ցույց տալիս, որ անհատը չի գնահատում կյանքը։

7 Ի՞նչ վերաբերմունք պետք է ունենանք մեր կյանքի հանդեպ։ Սովորաբար մարդիկ չեն ուզում մահանալ, բայց ոմանք զվարճանալու համար իրենց կյանքը վտանգի են ենթարկում։ Օրինակ՝ շատերը ծխախոտ են գործածում, թմբուլի ընկույզ են ծամում կամ թմրադեղեր ընդունում։ Նման բաները վնաս են հասցնում մարմնին և հաճախ նույնիսկ մահվան պատճառ են դառնում։ Այն անհատը, որը սովորություն է դարձրել նման բաներ գործածելը, սուրբ չի համարում կյանքը։ Աստծու տեսանկյունից այս սովորությունները պիղծ են (կարդա՛  Հռոմեացիներ 6։19; 12։1; 2 Կորնթացիներ 7։1)։ Ուստի, որպեսզի մեր ծառայությունը ընդունելի լինի Աստծուն, մենք պետք է հրաժարվենք նման սովորություններից, չնայած որ դա կարող է դժվար լինել։ Եհովան կարող է մեզ հարկ եղած զորությունը տալ։ Նա գնահատում է մեր ջանքերը, որ գործադրում ենք մեր կյանքը՝ նրա տված պարգևը, թանկ համարելու համար։

8. Ինչո՞ւ պետք է մտածենք անվտանգության մասին։

8 Եթե հարգանք ենք ցուցաբերում կյանքի հանդեպ, ապա կմտածենք նաև անվտանգության մասին։ Մենք անզգույշ չենք լինի և մեր կյանքը վտանգի չենք ենթարկի զուտ հաճույքի կամ զվարճության համար։ Օրինակ՝ կխուսափենք մեքենան անզգույշ ու արագ վարելուց, ինչպես նաև բռնի կամ վտանգավոր սպորտաձևերով զբաղվելուց (Սաղմոս 11։5)։ Իսրայելացիներին տրված Աստծու օրենքում ասվում էր. «Նոր տուն կառուցելիս տանիքիդ վրա եզրապատ շինիր, որպեսզի այնտեղից ոչ ոք չընկնի, ու քո պատճառով տունդ արյունապարտ չլինի» (2 Օրենք 22։8)։ Այս օրենքում նշված սկզբունքի համաձայն՝ մենք պետք է հետևենք, որ մեր տան աստիճանները անվտանգ լինեն, որպեսզի որևէ մեկը վայր չընկնի և լուրջ վնասվածքներ չստանա։ Եթե մեքենա ունես, համոզվիր, որ այն սարքին է և անվտանգ։ Հետևիր, որ քո տունը և մեքենան ապահով լինեն թե՛ քեզ համար, թե՛ ուրիշների։

9. Եթե հարգանք ենք ցուցաբերում կյանքի հանդեպ, ինչպե՞ս կվերաբերվենք կենդանիներին։

9 Իսկ ինչպե՞ս պետք է վերաբերվենք կենդանիների կյանքին։ Կենդանիների կյանքը նույնպես սուրբ է Արարչի համար։ Աստված թույլ է տալիս սպանել կենդանիներին ուտելիք և հագուստ ձեռք բերելու կամ նրանցից պաշտպանվելու համար (Ծննդոց 3։21; 9։3; Ելք 21։28)։ Այդուհանդերձ, կենդանիներին դաժանորեն վերաբերվելը կամ զվարճության համար նրանց սպանելը սխալ է և արհամարհանք կյանքի սրբության նկատմամբ (Առակներ 12։10

ՀԱՐԳԱՆՔ ՑՈՒՑԱԲԵՐԻՐ ԱՐՅԱՆ ՀԱՆԴԵՊ

10. Ինչպե՞ս է Աստված ցույց տվել, որ կյանքի և արյան միջև սերտ կապ գոյություն ունի։

10 Երբ Կայենը սպանեց Աբելին, Եհովան ասաց նրան. «Եղբորդ արյունը երկրից բարձրաձայն կանչում է ինձ» (Ծննդոց 4։10)։ Խոսելով Աբելի արյան մասին՝ Աստված նկատի ուներ նրա կյանքը։ Կայենը խլել էր Աբելի կյանքը և պետք է պատժվեր։ Աբելի արյունը, կամ՝ կյանքը, արդարության համար կարծես կանչում էր Եհովային։ Այն, որ կյանքի և արյան միջև սերտ կապ գոյություն ունի, երևաց նաև Նոյի օրերի Ջրհեղեղից հետո։ Նախքան Ջրհեղեղը մարդիկ սնվում էին միայն մրգերով, ընկույզներով, բանջարեղենով ու հացահատիկով։ Իսկ Ջրհեղեղից հետո Եհովան Նոյին և նրա որդիներին ասաց. «Ամեն կենդանի, որ ապրում է, կերակուր լինի ձեզ համար»։ Սակայն Աստված հետևյալ սահմանափակումն էր դրել. «Միայն թե միսը իր հոգով [կամ՝ կյանքով], այսինքն՝ իր արյունով, մի՛ կերեք» (Ծննդոց 1։29; 9։3, 4)։ Հստակ է, ուրեմն, որ Եհովա Աստծու համար սերտ կապ գոյություն ունի կյանքի և արյան միջև։

11. Նոյի օրերից ի վեր արյան ո՞ր գործածությունն է արգելվել Աստծու կողմից։

11 Մենք հարգանք ցույց կտանք արյան նկատմամբ, եթե խուսափենք այն ուտելուց։ Իսրայելացիներին տրված Մովսիսական օրենքի մեջ Եհովան պատվիրեց նրանց. «Եթե.... որևէ մեկը որս անելիս գազան կամ թռչուն բռնի, որը կարելի է ուտել, ապա դրա արյունը պետք է թափի և հողով ծածկի.... ես ասացի Իսրայելի որդիներին. «Ոչ մի տեսակ մարմնի արյուն չուտեք»» (Ղևտական 17։13, 14)։ Կենդանու արյուն չուտելու մասին Աստծու պատվերը, որ այս խոսքերը գրի առնվելուց 800 տարի առաջ էր տրվել Նոյին, դեռ ուժի մեջ էր։ Եհովայի տեսակետը պարզ էր. նրա ծառաները կարող էին կենդանու միս ուտել, սակայն արյունը՝ ոչ։ Նրանք պետք է արյունը թափեին գետին՝ այդպիսով կենդանու կյանքը վերադարձնելով Աստծուն։

12. Առաջին դարում ի՞նչ պատվեր տրվեց արյան վերաբերյալ, որը ուժի մեջ է մինչ օրս։

12 Նույնանման պատվեր տրվեց նաև քրիստոնյաներին։ Մ.թ. առաջին դարում առաքյալները և առաջնորդություն ստանձնած այլ տղամարդիկ հավաքվեցին, որպեսզի որոշեն, թե որ պատվիրաններին պետք է հնազանդվի քրիստոնեական ժողովը։ Նրանք հետևյալ եզրակացությանը եկան. «Սուրբ ոգուն և մեզ հաճելի եղավ, որ ոչ մի ավել բեռ չդնենք ձեզ վրա, բացի այս անհրաժեշտ բաներից. հեռու մնալ կուռքերին զոհաբերված բաներից, արյունից, խեղդված կենդանիներից [որոնց արյունը իրենց մեջ է մնացել] և պոռնկությունից» (Գործեր 15։28, 29; 21։25)։ Ուրեմն մենք պետք է հեռու մնանք արյունից։ Աստծու տեսանկյունից՝ այդպես վարվելը նույնքան կարևոր է, որքան կռապաշտությունից և սեռական անբարոյությունից հեռու մնալը։

Եթե բժիշկդ խորհուրդ տա քեզ ալկոհոլ չօգտագործել, կներարկե՞ս այն քո երակների մեջ

13. Բացատրի՛ր, թե ինչպես է արյունից հեռու մնալը վերաբերում նաև արյան փոխներարկմանը։

13 Արյունից հեռու մնալու պատվերը վերաբերո՞ւմ է նաև արյան փոխներարկմանը։ Այո՛։ Ենթադրենք՝ բժիշկը խորհուրդ է տալիս քեզ ալկոհոլ չօգտագործել։ Արդյո՞ք դա նշանակում է, որ քեզ չի կարելի խմել ալկոհոլային խմիչք, սակայն կարող ես այն ներարկել քո երակների մեջ։ Ո՛չ։ Նույն կերպով էլ հեռու մնալ արյունից նշանակում է ընդհանրապես արյուն չընդունել մեր մարմնի մեջ, ինչպես նաև ոչ ոքի թույլ չտալ այն մեզ ներարկել։

14, 15. Եթե բժիշկները քրիստոնյային ասեն, որ անհրաժեշտ է նրան արյուն ներարկել, ինչպե՞ս պետք է նա վարվի և ինչո՞ւ։

14 Սակայն ինչպե՞ս պետք է վարվի այն քրիստոնյան, որը լուրջ վնասվածք է ստացել կամ բարդ վիրահատության կարիք ունի։ Ենթադրենք՝ բժիշկներն ասում են, որ նրան պետք է արյուն ներարկել, այլապես նա կմահանա։ Անշուշտ, քրիստոնյան չի ցանկանում մահանալ։ Այդ պատճառով Աստծու տված թանկագին պարգևը՝ կյանքը, պահպանելու համար նա կօգտվի անարյուն բուժմեթոդներից։ Նա կփնտրի արյան փոխներարկման այլընտրանքային տարբերակներ և որակյալ բուժօգնություն։

15 Կխախտի՞ արդյոք քրիստոնյան Աստծու օրենքը, միայն թե մի քանի տարով երկարացնի իր կյանքը։ Հիսուսն ասաց. «Ով ուզում է փրկել իր հոգին [կամ՝ կյանքը], կկորցնի այն, բայց ով կորցնի իր հոգին ինձ համար, կգտնի այն» (Մատթեոս 16։25)։ Մենք չենք ուզում մահանալ։ Սակայն եթե փորձենք Աստծու օրենքը խախտելով փրկել մեր կյանքը, ապա կկանգնենք հավիտենական կյանքը կորցնելու վտանգի առաջ։ Ուստի իմաստուն կլինենք, եթե վստահենք Աստծու օրենքին։ Նաև պետք է համոզված լինենք, որ եթե ինչ-որ պատճառով նույնիսկ մահանանք, կյանքի Աղբյուրը՝ Եհովան, կհիշի մեզ հարության ժամանակ և կվերադարձնի մեր այդ թանկագին պարգևը՝ կյանքը (Հովհաննես 5։28, 29; Եբրայեցիներ 11։6

16. Ի՞նչ են վճռել Աստծու ծառաները։

16 Այսօր Աստծու հավատարիմ ծառաները հաստատակամորեն վճռել են հետևել արյան վերաբերյալ նրա տված առաջնորդությանը։ Ինչ ձևով էլ լինի, նրանք արյուն չեն «ուտում» և ոչ էլ բժշկական նպատակներով են ընդունում։ * Նրանք համոզված են, որ արյուն Ստեղծողը ավելի լավ գիտի, թե ինչն է օգտակար իրենց համար։ Իսկ դու վստա՞հ ես դրանում։

ԱՐՅԱՆ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՃԻՇՏ ՁԵՎԸ

17. Հին Իսրայելում ո՞րն էր արյան գործածության միակ ձևը, որն ընդունելի էր Աստծուն։

17 Մովսիսական օրենքում ասվում էր, թե որն է արյան գործածության միակ ճիշտ ձևը։ Իսրայելացիներին Եհովան պատվիրել էր. «Մարմնի հոգին [կամ՝ կյանքը] արյան մեջ է, ու ես այն նախատեսել եմ զոհասեղանի համար, որպեսզի քավություն անեք ձեր հոգիների համար, քանի որ արյունն է քավություն անում» (Ղևտական 17։11)։ Երբ իսրայելացիները մեղք էին գործում, կենդանի զոհաբերելով՝ կարող էին ներում ստանալ։ Կենդանու արյան մի մասը պետք է շաղ տային խորանի (իսկ ավելի ուշ՝ Աստծու տաճարի) զոհասեղանի վրա։ Փաստորեն, արյունը գործածում էին միայն զոհասեղանի համար։

18. Ի՞նչ օգուտներ և օրհնություններ կարող ենք ստանալ Հիսուսի թափած արյան շնորհիվ։

18 Ճշմարիտ քրիստոնյաները Մովսիսական օրենքի տակ չեն, ուստիև կենդանիներ չեն զոհաբերում ու նրանց արյունը շաղ չեն տալիս զոհասեղանի վրա (Եբրայեցիներ 10։1)։ Սակայն արյան նման գործածությունը նախատիպն էր ամենաթանկ զոհաբերության՝ Աստծու Որդու՝ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի։ Ինչպես սովորեցինք 5-րդ գլխում, Հիսուսն իր մարդկային կյանքը տվեց մեզ համար՝ թույլ տալով, որ իր արյունը թափվի որպես զոհաբերություն։ Այնուհետև նա համբարձվեց երկինք և Աստծուն ներկայացրեց իր թափած արյան արժեքը (Եբրայեցիներ 9։11, 12)։ Այդ զոհը հիմք պատրաստեց մեր մեղքերի թողության համար և հավիտենական կյանքի դուռ բացեց (Մատթեոս 20։28; Հովհաննես 3։16)։ Որքա՜ն արժեքավոր էր այս արյունը (1 Պետրոս 1։18, 19)։ Միայն Հիսուսի թափած արյանը հավատ ընծայելով մենք կարող ենք փրկություն ստանալ։

Ինչպե՞ս կարող ես հարգանք ցուցաբերել կյանքի և արյան հանդեպ

19. Ի՞նչ պետք է անենք, որպեսզի բոլոր մարդկանց արյունից մաքուր լինենք։

19 Որքա՜ն երախտապարտ պետք է լինենք Եհովա Աստծուն նրա տված պարգևի՝ կյանքի համար։ Չպե՞տք է արդյոք դա մղի մեզ պատմելու մարդկանց Հիսուսի զոհաբերության շնորհիվ հավիտենական կյանք ստանալու հնարավորության մասին։ Խորհելով, թե որքան թանկ է մարդկանց կյանքը Աստծու համար՝ կմղվենք խանդավառությամբ ու նախանձախնդրությամբ պատմելու նրանց այդ մասին (կարդա՛  Եզեկիել 3։17–21)։ Եթե այս գործը ջանասիրությամբ անենք, Պողոս առաքյալի պես մենք էլ կասենք. «Ես մաքուր եմ բոլոր մարդկանց արյունից, որովհետև ես ինձ ետ չպահեցի Աստծու ամբողջ խորհուրդը ձեզ պատմելուց» (Գործեր 20։26, 27)։ Աստծու և նրա նպատակների մասին մարդկանց պատմելը հիանալի միջոց է ցույց տալու, որ մենք մեծ հարգանք ենք ցուցաբերում կյանքի և արյան նկատմամբ։

^ պարբ. 16 Արյան փոխներարկման այլընտրանքային բուժմեթոդների վերաբերյալ տե՛ս «Ինչպե՞ս կարող է արյունը փրկել ձեր կյանքը» գրքույկի «Ներարկմանը փոխարինող արդյունավետ մեթոդներ» գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։