Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՀԱՎԵԼՎԱԾ

Բնորոշել «Մեծ Բաբելոնը»

Բնորոշել «Մեծ Բաբելոնը»

«ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ» գրքում կան արտահայտություններ, որոնք չպետք է բառացի հասկանալ (Հայտնություն 1։1)։ Օրինակ՝ այնտեղ խոսվում է մի կնոջ մասին, որի ճակատին գրված է «Մեծ Բաբելոն»։ Նշվում է նաև, որ այդ կինը նստած է «բազմությունների, ազգերի» վրա (Հայտնություն 17։1, 5, 15)։ Քանի որ բառացի կինը չի կարող դա անել, ուրեմն Մեծ Բաբելոնը պետք է որ խորհրդանշական լինի։ Այդ դեպքում ո՞ւմ է խորհրդանշում այս պոռնիկ կինը։

Հայտնություն 17։18-ում այս նույն խորհրդանշական կինը ներկայացվում է որպես մի «մեծ քաղաք, որը թագավորում է երկրի թագավորների վրա»։ Այստեղ նշված «քաղաք» բառը նշանակում է կազմակերպված մարդկանց խումբ։ Եվ քանի որ այս «մեծ քաղաքը» իշխանություն ունի «երկրի թագավորների վրա», Մեծ Բաբելոն անունը կրող կինը պետք է որ համաշխարհային մասշտաբներ ունեցող մի ազդեցիկ կազմակերպություն լինի։ Ուստի տեղին կլինի այն կոչել համաշխարհային կայսրություն։ Ինչպիսի՞ կայսրություն. կրոնական։ Ուշադրություն դարձրու, թե «Հայտնություն» գրքում այս անվան հետ կապված արձանագրությունները ինչպես են օգնում մեզ գալու նման եզրակացության։

Կայսրությունը կարող է լինել քաղաքական, կոմերցիոն կամ կրոնական։ Մեծ Բաբելոն անունը կրող կինը չի կարող լինել քաղաքական կայսրություն, քանի որ Աստծու Խոսքը նշում է, որ «երկրի թագավորները», կամ՝ քաղաքական աշխարհը, «պոռնկություն գործեցին» նրա հետ։ Կինը պոռնկություն է գործում այն իմաստով, որ կապ է հաստատել երկրի ղեկավարների հետ և ամեն ինչ արել է իշխանություն ձեռք բերելու և նրանց վրա ազդեցություն ունենալու համար։ Դա է պատճառը, որ նա կոչվում է «մեծ պոռնիկ» (Հայտնություն 17։1, 2; Հակոբոս 4։4

Մեծ Բաբելոնը չի կարող լինել նաև կոմերցիոն, որովհետև «երկրի ճամփորդող վաճառականները», որոնք ներկայացնում են կոմերցիոն աշխարհը, ողբալու են նրա կործանման համար։ Բացի այդ, թե՛ թագավորների, թե՛ վաճառականների մասին ասվում է, որ նրանք «հեռվում կանգնած» նայում են Մեծ Բաբելոնին (Հայտնություն 18։3, 9, 10, 15–17)։ Ուստի տրամաբանական է եզրակացնել, որ Մեծ Բաբելոնը ոչ թե քաղաքական կամ կոմերցիոն կայսրություն է, այլ կրոնական։

Այն, որ Մեծ Բաբելոնը կրոնական կայսրություն է, փաստվում է նաև նրանով, որ նա բոլոր ազգերին մոլորեցնում է «ոգեհարցությամբ» (Հայտնություն 18։23)։ Եվ քանի որ ոգեհարցության բոլոր ձևերն էլ կապված են կրոնի հետ և դևերից են, զարմանալի չէ, որ Աստվածաշունչը Մեծ Բաբելոնին կոչում է «դևերի բնակության վայր» (Հայտնություն 18։2; 2 Օրենք 18։10–12)։ Աստվածաշնչում նկարագրվում է, որ այս կայսրությունը թշնամաբար է վերաբերվում ճշմարիտ կրոնին և հալածում է «մարգարեներին» ու «սրբերին» (Հայտնություն 18։24)։ Մեծ Բաբելոնը այնպիսի խոր ատելությամբ է լցված ճշմարիտ կրոնի հանդեպ, որ դաժանորեն հալածում և նույնիսկ սպանում է «Հիսուսի վկաներին» (Հայտնություն 17։6)։ Հստակ է, ուրեմն, որ Մեծ Բաբելոն անունը կրող այս կինը ներկայացնում է կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը, որն ընդգրկում է բոլոր կրոնները, որոնք հակառակ են Եհովա Աստծուն։