ՀԱՎԵԼՎԱԾ
Պե՞տք է արդյոք տոներ նշենք
ԱՅՍՕՐ աշխարհի տարբեր վայրերում նշվող կրոնական և այլ բնույթի տոների աղբյուրը Աստվածաշունչը չէ։ Ուստի հարց է առաջանում՝ որտեղի՞ց են ծագել այդ տոները։ Եթե փնտրտուքներ անես, ապա տարբեր աղբյուրներում հետաքրքիր տեղեկություններ կգտնես այն տոների մասին, որոնք հայտնի են քո բնակավայրում։ Քննենք մի քանի օրինակ։
Զատիկ։ «Բրիտանական հանրագիտարանում» ասվում է. «Նոր Կտակարանում չկա ոչ մի արձանագրություն, որտեղ նշված լինի Զատիկը տոնելու մասին»։ Այդ դեպքում որտեղի՞ց է սկիզբ առել Զատիկը։ Այս տոնի արմատները գալիս են հեթանոսությունից։ Չնայած որ մարդիկ ասում են, թե Զատկին Հիսուսի հարությունն են նշում, այնուհանդերձ այդ տոնի հետ կապված սովորությունները քրիստոնեական չեն։ Օրինակ՝ «Կաթոլիկական հանրագիտարանում» հետևյալն է նշվում. «Գարնան վերադարձը նշող հեթանոսական շատ սովորություններ ձուլվեցին Զատկի տոնին։ Ձուն խորհրդանշում է վաղ գարնան զարթոնքը» (The Catholic Encyclopedia)։
Նոր տարի։ Նոր տարվա, կամ՝ Ամանորի կոնկրետ օրը և այդ տոնի հետ կապված սովորությունները աշխարհի տարբեր վայրերում տարբեր են։ Այս տոնի ծագման մասին հանրագիտարաններից մեկում հետևյալն է ասվում. «Հռոմի կառավարիչ Հուլիոս Կեսարը մ.թ.ա. 46թ.-ին հունվարի 1-ը հռչակեց որպես Նոր տարվա տոն։ Հռոմեացիները այդ օրը նվիրեցին Յանուս աստծուն՝ դարպասների, դռների և ամեն սկզբի աստծուն։ Հունվար ամիսը իր անունը ստացել է Յանուսից, որն ուներ երկու դեմք. մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ հետ» (The World Book Encyclopedia)։ Ուստի Նոր տարվա տոնակատարությունները հիմնված են հեթանոսական սովորույթների վրա։
Հելոուին։ Մի հանրագիտարանում նշվում է. «Հելոուինի տոնակատարության հետ կապված սովորությունները փոխառվել են դրուիդների [հին կելտական քրմերի] ծիսակատարություններից դեռևս քրիստոնեական ժամանակներից շատ առաջ։ Կելտերը ունեին երկու գլխավոր աստվածների տոն՝ արևի աստծու և մեռելների աստծու.... այդ տոները նշվում էին նոյեմբերի 1-ին՝ կելտական Նոր տարվա սկզբին։ Մեռելների աստծու այս տոնը աստիճանաբար դարձավ քրիստոնեական» (The Encyclopedia Americana)։
Այլ տոներ։ Ինչ խոսք, հնարավոր չէ խոսել աշխարհում նշվող բոլոր տոների մասին։ Սակայն պարզ է, որ այն տոները, որոնք փառաբանում են մարդկանց կամ որևէ կազմակերպություն, ընդունելի չեն Եհովային (Երեմիա 17։5–7; Գործեր 10։25, 26)։ Հիշենք՝ տոնը Աստծուն հաճելի է, թե ոչ, կախված է նրանից, թե ինչ ծագում ունի այն (Եսայիա 52։11; Հայտնություն 18։4)։ Այս գրքի 16-րդ գլխում նշված աստվածաշնչյան սկզբունքները կօգնեն քեզ իմանալու, թե տոներին մասնակցելու վերաբերյալ որն է Աստծու տեսակետը։