Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 1

«Իմ հետևորդը դարձիր». ի՞նչ նկատի ուներ Հիսուսը

«Իմ հետևորդը դարձիր». ի՞նչ նկատի ուներ Հիսուսը

«Ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»

1, 2. Ո՞րն է մարդկության ստացած ամենալավ հրավերը, և ի՞նչ հարց պետք է տանք ինքներս մեզ։

 Ո՞ՐՆ է ամենալավ հրավերը, որ երբևէ ստացել ես։ Գուցե քո մտերիմ ընկերների հարսանեկան արարողության հրավերն է։ Կամ այն օրն է, երբ կարևոր աշխատանքի անցնելու հրավեր ես ստացել։ Որ հրավերն էլ քեզ համար հիշարժան եղած լինի, հավանաբար այդ ժամանակ ոգևորվել և ուրախացել ես, անգամ մտածել, որ քեզ մեծ պատվի են արժանացրել։ Սակայն թերևս զարմանաս, երբ իմանաս, որ քեզ ավելի լավ հրավեր է տրվել։ Յուրաքանչյուրս ստացել է այն։ Բայց մեզնից է կախված, թե ինչպես կարձագանքենք այդ հրավերին, ինչն էլ կանդրադառնա մեր ողջ կյանքի վրա։ Դա կլինի մեր կյանքում կատարած ամենակարևոր ընտրությունը։

2 Իսկ ի՞նչ հրավեր է դա։ Այն տալիս է Հիսուս Քրիստոսը՝ Ամենակարող Աստծու միածին Որդին։ Այդ հրավերն արձանագրված է Աստվածաշնչում։ Մարկոս 10։21 համարում կարդում ենք Հիսուսի խոսքերը. «Եկ ու իմ հետևորդը դարձիր»։ Փաստորեն, Հիսուսը հրավեր է տալիս մեզանից յուրաքանչյուրին։ Հետևաբար լավ կլինի, որ հարցնենք ինքներս մեզ. «Ինչպե՞ս կարձագանքեմ»։ Թերևս պատասխանը քեզ ակնհայտ թվա. մի՞թե որևէ մեկը կմերժի այդ հրաշալի հրավերը։ Զարմանալի է, բայց բազմաթիվ մարդիկ մերժում են։ Ինչո՞ւ։

3, 4. ա) Թերևս ի՞նչ ցանկալի, նույնիսկ նախանձելի բաներ ուներ այն երիտասարդը, որը Հիսուսին հարցրեց հավիտենական կյանք ստանալու մասին։ բ) Ի՞նչ լավ հատկություններ Հիսուսը տեսավ երիտասարդ հարուստ իշխանի մեջ։

3 Եկեք քննենք մի մարդու օրինակ, որը մոտ 2000 տարի առաջ անձամբ Հիսուսից ստացավ այդ հրավերը։ Նա շատ հարգված անձնավորություն էր։ Ուներ առնվազն երեք ցանկալի և նույնիսկ նախանձելի բան՝ երիտասարդություն, հարստություն ու իշխանություն։ Աստվածաշունչը հայտնում է, որ նա «երիտասարդ» էր, «շատ հարուստ» էր և «իշխան» էր (Մատթեոս 19։20; Ղուկաս 18։18, 23)։ Սակայն այդ երիտասարդը շատ ավելի արժեքավոր մի բան ուներ։ Նա լսել էր Մեծ Ուսուցչի՝ Հիսուսի մասին, և իրեն դուր էր եկել իր լսածը։

4 Հիսուսի օրերում ապրող իշխաններից շատերը նրան չէին տալիս այն հարգանքը, որին արժանի էր (Հովհաննես 7։48; 12։42)։ Բայց այս իշխանը այլ կերպ վարվեց։ Աստվածաշունչը պատմում է. «Երբ [Հիսուսը] այնտեղից ճանապարհ ընկավ, մի մարդ վազելով եկավ նրա մոտ, նրա առաջ ծնկի իջավ ու հարցրեց. «Բարի՛ Ուսուցիչ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»» (Մարկոս 10։17)։ Ուշադրություն դարձրու, թե որքան շատ էր ուզում այդ մարդը խոսել Հիսուսի հետ. նա բոլորի աչքի առաջ ընդառաջ վազեց նրան, ինչպես մի աղքատ կամ հասարակ մարդը կաներ։ Հետո հարգալից կերպով ծնկի եկավ նրա առաջ։ Այս արարքը ցույց է տալիս, որ նա խոնարհ մարդ էր և գիտակցում էր իր հոգևոր կարիքները։ Քրիստոսը թանկ էր գնահատում այսպիսի հատկությունները (Մատթեոս 5։3; 18։4)։ Ուստի զարմանալի չէ, որ «Հիսուսը նայեց նրան ու նրա հանդեպ սիրով լցվեց» (Մարկոս 10։21)։ Ի՞նչ պատասխան տվեց Աստծու Որդին այդ երիտասարդին։

Առանձնահատուկ հրավեր

5. Ի՞նչ պատասխան տվեց Հիսուսը հարուստ երիտասարդին, և որտեղի՞ց գիտենք, որ չքավորությունը չէր այն «մի բանը», որը խնդիր էր նրա համար (տե՛ս նաև ծանոթագրությունը)։

5 Հիսուսը նշեց, որ իր Հայրը արդեն բավականին տեղեկություններ տվել է այն մասին, թե ինչպես կարելի է հավիտենական կյանք ստանալ։ Նա անդրադարձավ ներշնչված գրքերին, և երիտասարդ իշխանը հավաստիացրեց, որ հավատարմորեն պահում է Մովսիսական օրենքը։ Հիսուսը, սակայն, լինելով արտասովոր խորաթափանց անձնավորություն, ավելի խորն էր տեսնում և գիտեր, թե ինչ կա նրա սրտում (Հովհաննես 2։25)։ Նա նկատեց, որ այդ իշխանը հոգևոր լուրջ խնդիր ունի, ու ասաց. «Դեռ մի բան կա, որ պիտի անես»։ Ի՞նչ էր այդ «մի բանը»։ Հիսուսը շարունակեց. «Գնա, վաճառիր ունեցվածքդ ու աղքատներին տուր» (Մարկոս 10։21)։ Մի՞թե Հիսուսը նկատի ուներ, որ անհատը պետք է չքավոր լինի Աստծուն ծառայելու համար։ Ո՛չ *։ Իրականում, նրա խոսքերը ավելի խոր իմաստ ունեին։

6. Ի՞նչ հրավեր տվեց Հիսուսը, և ի՞նչ բացահայտեց հարուստ երիտասարդ իշխանի պատասխանը իր սրտի մասին։

6 Որպեսզի բացատրի, թե ինչ պետք է անի երիտասարդը, Հիսուսը մի հրաշալի հրավեր տվեց նրան. «Եկ ու իմ հետևորդը դարձիր»։ Միայն պատկերացրու. Բարձրյալի Որդին անձամբ հրավիրեց այդ մարդուն հետևել իրեն։ Հիսուսը նաև այնպիսի վարձատրություն խոստացավ, որ այդ իշխանի մտքով անգամ չէր անցնի։ Նա ասաց. «Գանձ կունենաս երկնքում»։ Արդյոք հարուստ երիտասարդ իշխանը օգտագործե՞ց այս առանձնահատուկ հնարավորությունը, ընդունե՞ց այս փառահեղ հրավերը։ Կարդում ենք. «Նա տխրեց այս խոսքերից ու տրտմած հեռացավ, որովհետև շատ ունեցվածք ուներ» (Մարկոս 10։21, 22)։ Հիսուսի անսպասելի խոսքերը բացահայտեցին, թե որն էր խնդիրը։ Երիտասարդ իշխանը չափազանց կապված էր իր հարստությանը, անկասկած, նրա համար շատ թանկ էին նաև իր ունեցած պատվավոր դիրքն ու հեղինակությունը։ Ցավոք, հարուստ իշխանի սերը նման բաների հանդեպ գերազանցեց Քրիստոսի հանդեպ ունեցած սերը։ Փաստորեն, «մի բանը», որ պետք է աներ, այն էր, որ ամբողջ սրտով, անձնազոհ կերպով պիտի սիրեր Հիսուսին ու Եհովային։ Երիտասարդ իշխանը բավարար սեր չուներ Եհովայի և Հիսուսի հանդեպ, այդ պատճառով էլ չընդունեց առանձնահատուկ հրավերը։ Իսկ ի՞նչ առնչություն ունի այս օրինակը քեզ հետ։

7. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Հիսուսի հրավերը ուղղված է նաև մեզ։

7 Հիսուսը միայն այդ մարդուն չտվեց հրավերը, ոչ էլ այն ուղղված էր սահմանափակ թվով մարդկանց։ Նա ասաց. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող.... շարունակ ինձ հետևի» (Ղուկաս 9։23)։ Ուշադրություն դարձրու, որ Քրիստոսի հետևորդ կարող է դառնալ «որևէ մեկը», ով իսկապես «ուզում է»։ Աստված այսպիսի ազնվասիրտ մարդկանց ձգում է դեպի իր Որդին (Հովհաննես 6։44)։ Ոչ թե հարուստ, ոչ թե աղքատ, ոչ թե որոշակի ռասայի կամ ազգության մարդկանց և ոչ էլ նրանց, ովքեր ապրել են այդ ժամանակահատվածում, այլ բոլորին է տրվել Հիսուսի հրավերն ընդունելու հնարավորությունը։ Ուստի Հիսուսի խոսքերը՝ «եկ ու իմ հետևորդը դարձիր», ուղղված են նաև քեզ։ Ինչո՞ւ պետք է ցանկանաս հետևել Քրիստոսին։ Եվ ի՞նչ է դա նշանակում։

Ինչո՞ւ լինել Քրիստոսի հետևորդ

8. Ինչի՞ կարիք ունի մարդկությունը և ինչո՞ւ։

8 Հարկավոր է ընդունել մի փաստ. մարդիկ լավ առաջնորդության կարիք ունեն։ Ոչ բոլորն են ընդունում այս ճշմարտությունը, բայց փաստը մնում է փաստ։ Երեմիա մարգարեն, Եհովայից ներշնչված լինելով, գրեց. «Գիտեմ, ո՛վ Եհովա, որ մարդու ճանապարհը իր ձեռքում չէ։ Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10։23)։ Իրականում, մարդիկ ո՛չ կարող են, ո՛չ էլ իրավունք ունեն ղեկավարելու մարդկանց։ Եվ մարդկության պատմությունը դրա վառ ապացույցն է (Ժողովող 8։9)։ Հիսուսի օրերում իշխանություն ունեցողները կեղեքում էին, ճնշում և խաբում էին մարդկանց։ Հիսուսը ճիշտ նկատեց, որ հասարակ ժողովուրդը «հովիվ չունեցող ոչխարների էր նման» (Մարկոս 6։34)։ Նույնը կարելի է ասել մեր օրերում ապրող մարդկանց մասին։ Մարդիկ՝ անհատապես թե խմբովին, կարիք ունեն վստահելի ու հմուտ ղեկավարի։ Արդյոք Հիսուսը կարո՞ղ է լինել այդպիսի ղեկավար։ Անշո՛ւշտ։ Տեսնենք, թե ինչ հիմքեր ունենք։

9. Ի՞նչ առումով է Հիսուսը տարբերվում մյուս բոլոր ղեկավարներից։

9 Առաջին՝ Հիսուսին ընտրել է Եհովա Աստված։ Առհասարակ անկատար ղեկավարներն ընտրվում են իրենց նման անկատար մարդկանց կողմից. մարդիկ, որոնք հակված են սխալվելու և որոնց կարելի է հեշտությամբ խաբել։ Բայց Հիսուսը այդպիսի ղեկավար չէ։ Դա երևում է նրա տիտղոսից։ «Քրիստոս» բառը, ինչպեսև «Մեսիա» բառը նշանակում է «Օծյալ»։ Այո՛, անձամբ տիեզերքի Գերիշխանն էր օծել Հիսուսին, այսինքն՝ նշանակել առանձնահատուկ դիրքի։ Եհովա Աստված իր Որդու մասին ասաց. «Ահա իմ ծառան, որին ես ընտրել եմ, և իմ սիրելին, որին իմ հոգին հավանել է։ Ես իմ ոգին կդնեմ նրա վրա» (Մատթեոս 12։18)։ Մեր Արարչից բացի, ուրիշ ոչ ոք չգիտի, թե մենք ինչ ղեկավարի կարիք ունենք։ Եհովայի իմաստությունն անսահման է, այդ պատճառով էլ կարող ենք լիովին վստահել նրա ընտրությանը (Առակներ 3։5, 6

10. Ինչո՞ւ է Հիսուսի օրինակը լավագույնը, որին կարող են հետևել մարդիկ։

10 Երկրորդ՝ Հիսուսը կատարյալ օրինակ է թողել մեզ։ Լավագույն ղեկավարը այնպիսի հատկություններ ունի, որոնցով իր հպատակները կարող են հիանալ, ու կարող են ընդօրինակել դրանք։ Նա առաջնորդում է իր օրինակով՝ մղելով ուրիշներին դառնալու ավելի լավը։ Ո՞ր հատկություններն ես ավելի շատ գնահատում ղեկավարի մեջ։ Համարձակությո՞ւնը, իմաստությո՞ւնը, կարեկցա՞նքը, դժվարությունների բախվելիս նրա հաստատակամությո՞ւնը։ Ուսումնասիրելով Հիսուսի երկրային կյանքը՝ կտեսնես, որ նա օժտված էր այս և շատ ուրիշ հատկություններով։ Քանի որ նա իր երկնային Հոր կատարյալ պատկերն էր, լիովին ընդօրինակում էր նրա հատկությունները։ Հիսուսը կատարյալ էր բոլոր առումներով։ Ուստի նրա ամեն մի արարքի, ամեն մի խոսքի, ամեն մի զգացմունքի մեջ կարող ենք ընդօրինակման արժանի որևէ բան տեսնել։ Աստվածաշունչն ասում է, որ նա «օրինակ է թողել մեզ, որ սերտորեն նրա հետքերին հետևենք» (1 Պետրոս 2։21

11. Ինչպե՞ս Հիսուսն ապացուցեց, որ «բարի հովիվ» է։

11 Երրորդ՝ Հիսուսը ապրեց՝ հավատարիմ մնալով իր խոսքերին. «Ես եմ բարի հովիվը» (Հովհաննես 10։14)։ Աստվածաշնչյան ժամանակների մարդկանց համար հասկանալի էր այս համեմատությունը։ Հովիվները մեծ ջանքեր էին թափում, որ իրենց վստահված ոչխարներին հոգ տանեն։ «Բարի հովվի» համար իր ոչխարների անվտանգությունը ավելի կարևոր է, քան իր իսկ բարօրությունը։ Օրինակ՝ Դավիթը՝ Հիսուսի նախածնողը, պատանեկան տարիքում հովիվ է եղել և իր կյանքը բազմիցս վտանգել է, որպեսզի պաշտպանի ոչխարներին գիշատիչ կենդանիներից (1 Սամուել 17։34–36)։ Բայց Հիսուսը ավելի մեծ բան է արել իր հետևորդների համար։ Նա իր կյանքն է տվել նրանց համար (Հովհաննես 10։15)։ Քանի՞ ղեկավար է այսպիսի անձնազոհություն դրսևորել։

12, 13. ա) Ի՞նչ իմաստով է հովիվը ճանաչում իր ոչխարներին, և ինչպե՞ս են նրանք ճանաչում իրենց հովվին։ բ) Ինչո՞ւ ես ուզում, որ քեզ առաջնորդի Բարի Հովիվը։

12 Հիսուսը «բարի հովիվ» էր մի ուրիշ առումով ևս։ Նա ասաց. «Ես ճանաչում եմ իմ ոչխարներին, և նրանք էլ ինձ են ճանաչում» (Հովհաննես 10։14)։ Մտածիր, թե ինչ էր ուզում այս խոսքերով ասել նա։ Կողմնակի մարդկանց համար ոչխարների հոտը պարզապես բրդոտ կենդանիներ են։ Հովիվը, սակայն, ճանաչում է իր յուրաքանչյուր ոչխարին։ Նա գիտի, թե որ ոչխարն է շուտով ծննդաբերելու և օգնության կարիք ունենալու, որ գառնուկին պետք է ձեռքերի վրա կրի, քանի որ նա փոքր է և թույլ ու չի կարող հոտին հավասար գնալ, նաև գիտի, թե որ ոչխարն է հիվանդ կամ վնասված։ Ոչխարներն էլ իրենց հովվին են ճանաչում։ Նրանք ճանաչում են նրա ձայնը և երբեք չեն շփոթում մեկ ուրիշ հովվի ձայնի հետ։ Իսկ երբ հովիվը տագնապալից ձայնով կանչում է, անմիջապես արձագանքում են։ Նրանք գնում են այնտեղ, ուր առաջնորդում է հովիվը։ Իսկ նա գիտի, թե ուր պետք է առաջնորդի ոչխարներին, գիտի, թե որտեղ են փարթամ կանաչ արոտավայրերը, որտեղ են հոսում մաքուր ու ջինջ քչքչան վտակները, որ վայրն է խաղաղ ու ապահով։ Քանի դեռ հոտը հովվի հսկողության տակ է, ոչխարները իրենց ապահով են զգում (Սաղմոս 23

13 Մի՞թե չես ուզի այդպիսի առաջնորդ ունենալ։ Բարի Հովիվը հենց այդպես էլ հոգ է տանում իր հետևորդների մասին։ Նա խոստանում է, որ այսօր իսկ կարող ես ապրել երջանիկ ու իմաստալից կյանքով և վայելել այն ողջ հավիտենության ընթացքում (Հովհաննես 10։10, 11; Հայտնություն 7։16, 17)։ Ահա թե ինչու պետք է իմանանք, թե ինչ է նշանակում հետևել Քրիստոսին։

Ի՞նչ է նշանակում լինել Քրիստոսի հետևորդ

14, 15. Քրիստոսի հետևորդ լինելու համար ինչո՞ւ բավական չէ պնդել, թե քրիստոնյա ենք, կամ ասել, որ սիրում ենք Հիսուսին։

14 Այսօր հարյուր միլիոնավոր մարդիկ հավանաբար մտածում են, թե արդեն ընդունել են Քրիստոսի հրավերը։ Չէ՞ որ իրենց քրիստոնյա են համարում։ Հնարավոր է՝ ինչ-որ եկեղեցու անդամ են, որտեղ ծնողները կնքել են իրենց։ Կամ էլ պնդում են, որ սիրում են Հիսուսին և ընդունում են նրան որպես իրենց Փրկչի։ Բայց միայն այդ հանգամանքը նրանց դարձնո՞ւմ է Քրիստոսի հետևորդ։ Արդյոք Հիսուսը հենց դա՞ նկատի ուներ, երբ հրավիրեց մեզ դառնալ իր հետևորդը։ Տեսնենք։

15 Նկատի առ քրիստոնեական աշխարհը՝ այն երկրները, որոնց քաղաքացիների մեծամասնությունն իրենց քրիստոնյա է համարում։ Արդյոք քրիստոնյա աշխարհը հետևո՞ւմ է Հիսուս Քրիստոսի ուսմունքներին, թե՞ այդ երկրներում, ինչպեսև աշխարհի մյուս մասերում իշխում են բռնությունը, անհանդուրժողականությունը, հանցագործությունը, անարդարությունը։ Հայտնի հնդիկ առաջնորդ Մոհանդաս Գանդին մի անգամ ասաց. «Ես չեմ ճանաչում որևէ մեկի, ով ավելի շատ բան արած լինի մարդկության համար, քան Հիսուսը։ Իրականում, քրիստոնեության մեջ ոչ մի սխալ բան չկա։ Խնդիրը ձեր՝ քրիստոնյաներիդ մեջ է։ Դուք չեք ապրում ձեր ուսմունքների համաձայն»։

16, 17. Իրենց քրիստոնյա համարող մարդիկ հաճախ ի՞նչ չունեն, և ինչո՞վ են տարբերվում Քրիստոսի ճշմարիտ հետևորդները։

16 Հիսուսն ասաց, որ իր ճշմարիտ հետևորդները կճանաչվեն ոչ թե խոսքերով կամ առանձնահատուկ անվանումով, այլ առաջին հերթին իրենց գործերով։ Նա ասաց. «Ոչ թե ամեն ոք, որ ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, կմտնի երկնքի թագավորությունը, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է» (Մատթեոս 7։21)։ Ինչո՞ւ շատերը, ովքեր Հիսուսին իրենց Տերն են համարում, չեն կատարում նրա Հոր կամքը։ Հիշենք հարուստ երիտասարդ իշխանին։ Շատ հաճախ այն մարդիկ, ովքեր իրենց քրիստոնյա են համարում, չունեն «մի բան»՝ անձնվեր սեր Հիսուսի և նրան Ուղարկողի հանդեպ։

17 Ինչպե՞ս է դա հնարավոր։ Չէ՞ որ իրենց քրիստոնյա համարող միլիոնավոր մարդիկ պնդում են, որ սիրում են Քրիստոսին։ Այո՛, նրանք ասում են այդպես։ Բայց Հիսուսի ու Եհովայի հանդեպ սերը միայն խոսքերով չէ, որ պետք է դրսևորվի։ Հիսուսն ասաց. «Եթե որևէ մեկը սիրում է ինձ, կպահի իմ խոսքը» (Հովհաննես 14։23)։ Որպես հովիվ խոսելով՝ նա նշեց. «Իմ ոչխարները լսում են իմ ձայնը, և ես ճանաչում եմ նրանց, ու նրանք իմ հետևից են գալիս» (Հովհաննես 10։27)։ Իրականում, Քրիստոսի հանդեպ մեր սիրո ամենահամոզիչ փաստը ոչ թե միայն խոսքերն ու զգացմունքներն են, այլ հիմնականում գործերը։

18, 19. ա) Ի՞նչ ազդեցություն պետք է ունենան մեզ վրա Հիսուսի մասին գիտելիքները։ բ) Ո՞րն է այս գրքի նպատակը, և ինչպե՞ս այն կօգնի նրանց, ովքեր արդեն երկար ժամանակ է, ինչ Քրիստոսի հետևորդ են։

18 Մեր գործերը ցույց են տալիս, թե ինչպիսին է մեր սիրտն իրականում։ Հենց այստեղից էլ պիտի սկսենք աշխատել։ Հիսուսն ասաց. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։ Հիսուսի մասին ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելն ու մեր սովորածի շուրջ խորհրդածելը կանդրադառնան մեր սրտի վրա։ Մենք կսկսենք ավելի ու ավելի շատ սիրել Հիսուսին և միևնույն ժամանակ ավելի մեծ ցանկությամբ կլցվենք օրեցօր նրան հետևելու։

19 Այս գրքի նպատակն էլ հենց դա է։ Ձեռնարկի նպատակը ոչ թե պարզապես տեղեկացնելն է մեզ Հիսուսի կյանքի և ծառայության մասին, այլ օգնելն է տեսնելու, թե ինչպես կարող ենք հետևել նրան *։ Այս գրքի օգնությամբ մենք կկարողանանք նայել Աստծու Խոսքի հայելու մեջ և հարցնել ինքներս մեզ. «Իրո՞ք հետևում եմ Հիսուսին» (Հակոբոս 1։23–25)։ Գուցե արդեն երկար ժամանակ է, ինչ Բարի Հովվի առաջնորդության տակ ես։ Բայց ի՞նչ ես կարծում, բարելավումների կարիք չունե՞ս։ Աստվածաշունչը հորդորում է մեզ. «Շարունակ ստուգեք, թե արդյոք հավատի մե՞ջ եք, շարունակ փորձեք ինքներդ ձեզ, որ իմանաք, թե ովքեր եք դուք» (2 Կորնթացիներ 13։5)։ Արժե ջանքեր թափել և համոզվել, որ իրոք հետևում ենք մեր սիրառատ Բարի Հովվին՝ Հիսուսին՝ նրան, ում Եհովան է նշանակել, որ առաջնորդի մեզ։

20. Ի՞նչ ենք քննելու հաջորդ գլխում։

20 Թող որ այս գրքի ուսումնասիրությունը օգնի քեզ ամրացնելու սերդ Հիսուսի ու Եհովայի հանդեպ։ Մինչ այդ սերը կառաջնորդի քեզ քո կյանքում, դու ձեռք կբերես խաղաղություն և գոհունակության զգացում այնքան, որքան հնարավոր է ունենալ այս չար աշխարհում։ Դու կապրես՝ հավիտյան փառաբանելով Եհովային այն բանի համար, որ մեզ Բարի Հովիվ է տվել։ Ինչ խոսք, Քրիստոսի մասին գիտելիքները պետք է ճշգրիտ լինեն։ 2-րդ գլխում կտեսնենք, թե ինչ դեր ունի Հիսուսը Եհովայի նպատակներում։

^ Հիսուսը ամեն մեկին, ով ուզում էր իրեն հետևել, չէր ասում, որ թողնի իր ունեցվածքը։ Թեև նա բացատրեց, թե որքան դժվար է հարուստ մարդու համար մտնել Աստծու Թագավորություն, բայց ավելացրեց. «Աստծու համար ամեն բան հնարավոր է» (Մարկոս 10։23, 27)։ Իրականում, որոշ հարուստ մարդիկ դարձան Հիսուսի հետևորդ։ Չնայած որ նրանք հարստությանը վերաբերող խորհուրդ ստացան քրիստոնեական ժողովում, նրանց չասվեց, որ նվիրաբերեն իրենց ողջ հարստությունը աղքատներին (1 Տիմոթեոս 6։17

^ Հիսուսի կյանքի և ծառայության մասին մանրամասն տեղեկություններ՝ նկարագրված ժամանակագրական հերթականությամբ, կարելի է գտնել «Երբևէ ապրած մեծագույն մարդը» գրքում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։