Նախաբան
Սիրելի՛ ընթերցող
«Եկ ու իմ հետևորդը դարձիր» (Մարկոս 10։21)։ Այս խոսքերով իրականում Հիսուս Քրիստոսը մեզանից յուրաքանչյուրին հրավիրում է հետևել իրեն։ Կընդունե՞ս նրա հրավերը։ Եթե այո, ապա դա մեծ ազդեցություն կթողնի քո կյանքի վրա։ Ինչո՞ւ։
Եհովան իր միածին Որդուն երկիր ուղարկեց, որ նա իր կյանքը տա որպես փրկագին (Հովհաննես 3։16)։ Բացի նրանից, որ Հիսուսը մահացավ մեզ համար, նաև ցույց տվեց, թե ինչպես պետք է ապրենք։ Ամեն մի քայլով նա փաստեց իր անարատությունը և ուրախացրեց Հոր սիրտը։ Հիսուսը նաև ցույց տվեց, թե ինչպես կարող ենք նմանվել իր Հորը։ Աստծու Որդին իր խոսքերով ու գործերով կատարելապես արտացոլեց Հոր գործելակերպն ու կամքը (Հովհաննես 14։9)։
Աստվածաշնչում գրված է, որ Հիսուսը «օրինակ» է մեզ համար, որպեսզի «անշեղորեն նրա հետքերով գնանք» (1 Պետրոս 2։21)։ Եթե ցանկանում ենք ավելի մոտենալ Եհովային, եթե ցանկանում ենք այսօր իսկ ապրել իմաստալից կյանքով և եթե ցանկանում ենք մնալ հավիտենական կյանք տանող ճանապարհին, պետք է անշեղորեն հետևենք Քրիստոսի հետքերին։
Ուստի հարկավոր է ծանոթանալ Հիսուսի երկրային կյանքին։ Հիսուսի կյանքի մասին Աստվածաշնչի արձանագրությունն ուսումնասիրելով՝ կիմանանք, թե ով է նա իրականում։ Եթե խորհրդածենք Հիսուսի խոսքերի ու գործերի շուրջ և տեսնենք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել նրան, ավելի լավ կհասկանանք, թե ինչ է նշանակում հետևել նրա հետքերին։
Թող որ այս հրատարակությունը օգնի քեզ ավելի մեծ սեր տածելու Հիսուսի ու Եհովայի հանդեպ։ Եվ թող այդ սերը մղի քեզ սերտորեն հետևելու Հիսուսի հետքերին, որ ուրախացնես Եհովայի սիրտը հիմա և հավիտյան։
Հրատարակիչներ