Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 13

«Ես սիրում եմ Հորը»

«Ես սիրում եմ Հորը»

1, 2. Հովհաննես առաքյալը ի՞նչ նշեց այն վերջին երեկոյի մասին, որն առաքյալները անցկացրին Հիսուսի հետ։

 ԱԼԵՀԵՐ ծերունին գրչի ծայրը թաթախում է թանաքամանի մեջ և ընկնում հիշողությունների գիրկը։ Նրա անունը Հովհաննես է։ Հիսուս Քրիստոսի առաքյալներից միայն նա է կենդանի մնացել։ Հովհաննեսը մոտ 100 տարեկան է։ Նա փորձում է մտովի գրեթե յոթանասուն տարի հետ գնալ և վերհիշել իր կյանքի վերջին, ամենահիշարժան երեկոն, որը ինքն ու մյուս առաքյալները անցկացրին Հիսուսի հետ նրա մահից առաջ։ Աստծու սուրբ ոգու առաջնորդությամբ առաքյալը վերհիշում և գրի է առնում դեպքերն ամենայն մանրամասնությամբ։

2 Այդ երեկո Հիսուսը հստակ ասաց, որ շուտով մեռնելու է։ Միայն Հովհաննեսն է նշում, թե ինչու Հիսուսն ասաց, որ տանջալի մահվան է մատնվելու։ «Որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, ինչպես որ Հայրը պատվիրեց ինձ, այնպես եմ անում։ Վեր կացեք, գնանք այստեղից» (Հովհաննես 14։31

3. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ սիրում է Հորը։

3 «Ես սիրում եմ Հորը»։ Հիսուսի կյանքում Հոր հանդեպ սերը ամենակարևոր բանն էր։ Բայց նա հաճախ չէր կրկնում այդ բառերը։ Աստվածաշնչում միայն Հովհաննես 14։31-ում է, որ Հիսուսն ուղղակիորեն արտահայտում է Հոր հանդեպ ունեցած իր սերը։ Սակայն նա ապրում էր այդ խոսքերի համաձայն։ Եհովայի հանդեպ նրա սերը երևում էր ամեն օր։ Հիսուսի քաջությունը, հնազանդությունն ու տոկունությունը Աստծու հանդեպ ունեցած սիրո ապացույցն էին։ Նրա ողջ ծառայության հիմքում հենց այդ սերն էր ընկած։

4, 5. Ինչպիսի՞ սիրո վրա է Աստվածաշունչը ուշադրություն հրավիրում, և ի՞նչ կարելի է ասել Եհովայի հանդեպ Հիսուսի ունեցած սիրո մասին։

4 Այսօր ոմանք գուցե այն կարծիքին են, որ սերը թուլության նշան է։ Այդ բառը լսելով՝ նրանք հավանաբար մտածում են սիրային պոեմների ու երգերի մասին, կամ էլ նրանց միտքն է գալիս ռոմանտիկ սերը, որն ուղեկցվում է թեթևամտությամբ։ Իրականում, Աստվածաշնչում խոսվում է ռոմանտիկ սիրո մասին, բայց ավելի արժանավայել կերպով (Առակներ 5։15–21)։ Աստծու Խոսքը, սակայն, ավելի շատ խոսում է սիրո մեկ այլ տեսակի մասին։ Այդ սերը կիրք կամ անցողիկ հրապուրանք չէ, ոչ էլ սառը դատողության կամ փիլիսոփայության արդյունք է։ Այն կապված է սրտի ու մտքի հետ։ Այսպիսի սերը բխում է հոգուց, առաջնորդվում է բարձր սկզբունքներով և արտացոլվում է բարի գործերում։ Այն կարճատև զգացմունք չէ, որը հիմք չունի։ «Սերը երբեք չի վերջանում»,— գրված է Աստծու Խոսքում (1 Կորնթացիներ 13։8

5 Երբևէ ապրած բոլոր մարդկանցից ամենաշատը Հիսուսն է սիրել Եհովային։ Ոչ ոք չի կարող համեմատվել Հիսուսի հետ այն պատվիրանը կատարելու հարցում, որը ինքն անվանեց Աստծու պատվիրաններից ամենամեծը. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ ուժով» (Մարկոս 12։30)։ Ինչպե՞ս Հիսուսը այդպիսի սեր զարգացրեց։ Ինչպե՞ս պահպանեց այն իր երկրային ծառայության ընթացքում։ Եվ ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։

Սիրո ամենահին ու ամենաուժեղ կապը

6, 7. Որտեղի՞ց գիտենք, որ Առակներ 8։22–31-ը նկարագրում է Աստծու Որդուն, ոչ թե իմաստություն հատկությունը։

6 Երբևէ ընկերոջդ հետ մի նախագծի հետ կապված աշխատանքներ կատարե՞լ ես և ժամանակի ընթացքում զգացել, որ դուք ավելի եք մտերմանում։ Այդ դեպքում կհասկանաս, թե սիրո ինչ ամուր կապերով են կապված Եհովան և իր միածին Որդին։ Մենք մի քանի անգամ անդրադարձել ենք Առակներ 8։30-ին, սակայն այժմ քննենք այն՝ նկատի առնելով համատեքստը։ 22-ից 31 համարներում կարդում ենք անձնավորված իմաստության նկարագիրը։ Որտեղի՞ց գիտենք, որ այս խոսքերը վերաբերում են Աստծու Որդուն։

7 22-րդ համարում իմաստությունն ասում է. «Եհովան ինձ ստեղծեց որպես իր ճանապարհի սկիզբ. նրա վաղեմի գործերի մեջ ես ամենաառաջինն էի»։ Այստեղ խոսքը չի վերաբերում իմաստություն հատկությանը, քանի որ այս հատկության վերաբերյալ չի ասվի Աստծու ճանապարհի «սկիզբ»։ Այն երբեք սկիզբ չի ունեցել, քանի որ Եհովան է միշտ գոյություն ունեցել, և նա է միշտ իմաստուն եղել (Սաղմոս 90։2)։ Սակայն Աստծու Որդին «բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկն» է։ Նա ստեղծվել է, եղել է Եհովայի վաղեմի գործերից ամենաառաջինը (Կողոսացիներ 1։15)։ Որդին գոյություն է ունեցել նախքան երկրի ու երկնքի ստեղծվելը, ինչպես նկարագրված է «Առակներ» գրքում։ Եվ որպես Խոսք, կամ՝ Աստծու Ներկայացուցիչ, նա կատարելապես արտացոլել է Եհովայի իմաստությունը (Հովհաննես 1։1

8. Ի՞նչ էր անում Որդին իր մինչմարդկային կյանքի ընթացքում, և ինչի՞ մասին կարող ենք մտածել, երբ հիանում ենք ստեղծագործությամբ։

8 Իսկ նախքան երկիր գալը ի՞նչ էր անում Որդին այդ անթիվ-անհամար տարիների ընթացքում։ 30-րդ համարում ասվում է, որ նա «հմուտ վարպետ» էր Աստծու մոտ։ Ի՞նչ է դա նշանակում։ Կողոսացիներ 1։16-ը բացատրում է. «Նրա միջոցով ստեղծվեցին մնացած բոլոր բաները երկնքում և երկրի վրա.... Այդ ամենը ստեղծվեցին նրա միջոցով և նրա համար»։ Իր Որդու՝ Հմուտ Վարպետի միջոցով Եհովան՝ Ստեղծիչը, արարեց գոյություն ունեցող ամեն բան՝ երկնային ոլորտում բնակվող անտեսանելի հոգևոր արարածներից մինչև անսահման տիեզերքը, երկիր մոլորակը իր բազմազան կենդանական ու բուսական աշխարհով և իհարկե մարդ արարածին՝ ստեղծագործության գլուխգործոցին։ Հոր և Որդու համատեղ աշխատանքը կարելի է համեմատել այն բանի հետ, թե ինչպես է շինարարը իրագործում ճարտարապետի հանճարեղ նախագծերը։ Երբ հիանում ենք ստեղծագործության ամեն մի հրաշալիքով, ողջ փառքը տալիս ենք Մեծ Ճարտարապետին (Սաղմոս 19։1)։ Սակայն պետք է հիշենք նաև, որ այս ամենը Արարչի ու «հմուտ վարպետի» միջև եղած երկար և ուրախ համագործակցության արդյունք է։

9, 10. ա) Ի՞նչն էր ամրացնում Եհովայի և Որդու սիրո կապը։ բ) Ի՞նչը կարող է ամրացնել քո և երկնային Հոր միջև եղած սերը։

9 Երբ երկու անկատար մարդիկ սերտորեն համագործակցում են, երբեմն դժվարանում են լեզու գտնել։ Սակայն Եհովան և իր Որդին հրաշալի համագործակիցներ են եղել։ Որդին դարեր շարունակ աշխատել է Հոր հետ և «ուրախ էր նրա առաջ ամեն ժամանակ» (Առակներ 8։30)։ Այո՛, նա սիրում էր Հոր ընկերակցությունը, և այս զգացումը փոխադարձ էր։ Օրեցօր Որդին նմանվում էր Հորը և ընդօրինակում նրա հրաշալի հատկությունները։ Ահա թե ինչու Հոր և Որդու միջև կապը ավելի ամուր դարձավ։ Դա ամենահին ու ամենաուժեղ սիրո կապն է ողջ տիեզերքում։

10 Իսկ ի՞նչ ազդեցություն կարող է թողնել մեզ վրա դա։ Գուցե մտածես, որ երբեք չես կարող Աստծու հետ այսպիսի փոխհարաբերություն ունենալ։ Ճիշտ է, մեզնից ոչ ոք այնպիսի բարձր դիրք չունի, ինչպիսին Որդին ունի։ Սակայն մենք առանձնահատուկ հնարավորություն ունենք։ Հիշիր, Հիսուսը ավելի ու ավելի էր մտերմանում Հոր հետ՝ համագործակցելով նրա հետ։ Եհովան սիրով առաջարկում է մեզ լինել իր «համագործակիցը» (1 Կորնթացիներ 3։9)։ Ծառայության ժամանակ հետևելով Հիսուսի օրինակին՝ պետք է միշտ հիշենք, որ Աստծու համագործակիցներն ենք։ Դրա շնորհիվ սիրո կապը, որ միավորում է մեզ Եհովայի հետ, ավելի ամուր է դառնում։ Ի՜նչ առանձնաշնորհյալ ծառայություն է մեզ վստահված։

Ինչպես Հիսուսը ամուր սեր պահպանեց Եհովայի հանդեպ

11-13. ա) Ինչո՞ւ է կարևոր հիշել, որ սերը կենդանի զգացում է, և ինչպե՞ս պատանի Հիսուսը իր սերը Եհովայի հանդեպ ամուր պահեց։ բ) Աստծու Որդին ինչպե՞ս ցույց տվեց, որ ուզում է սովորել իր Հորից թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա եղած ժամանակ։

11 Կարևոր է հիշել, որ Աստծու հանդեպ սերը կենդանի զգացում է։ Որպեսզի այն աճի ու ամրանա, հարկավոր է հոգ տանել դրա մասին, ինչպես գեղեցիկ բույսի մասին են հոգում։ Չսնելու և անուշադրության մատնելու դեպքում սերը կսառչի ու կմարի։ Հիսուսի համար Եհովայի հանդեպ սերը սովորական բան չէր։ Իր երկրային ծառայության ընթացքում նա ամրացնում էր այն և թույլ չէր տալիս, որ թուլանա։ Տեսնենք, թե ինչպես։

12 Նորից անդրադառնանք այն դեպքին, երբ պատանի Հիսուսը Երուսաղեմի տաճարում արտահայտվեց իր ու Եհովայի փոխհարաբերությունների մասին։ Հիշիր, թե ինչ նա ասաց իր անհանգստացած ծնողներին. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում։ Չգիտեի՞ք, որ ես իմ Հոր տանը պետք է լինեմ» (Ղուկաս 2։49)։ Ակներևաբար, այդ ժամանակ պատանի Հիսուսը դեռ ոչ մի բան չէր հիշում իր մինչմարդկային կյանքի մասին։ Սակայն այդ ժամանակ արդեն նա ուժգին սեր ուներ իր Հոր՝ Եհովայի հանդեպ։ Նա գիտեր, որ Աստծու հանդեպ սերը կարելի է արտահայտել երկրպագության միջոցով։ Այդ պատճառով իր Հոր տունը՝ ճշմարիտ երկրպագության կենտրոնը, իր համար ամենաթանկ վայրն էր երկրի վրա։ Նա փափագում էր լինել այնտեղ և չէր սիրում հեռանալ։ Ավելին, Հիսուսը պասիվ դիտորդ չէր։ Նա ցանկանում էր ճանաչել Եհովային և արտահայտել իր իմացածը։ Այսպիսի զգացումները 12 տարեկանում չէ, որ առաջացան, ոչ էլ անցան ժամանակի ընթացքում։

13 Իր մինչմարդկային կյանքի ընթացքում Որդին պատրաստակամորեն սովորել է Հորից։ Եսայիա 50։4–6 համարներում արձանագրված մարգարեությունը ցույց է տալիս, որ Եհովան առանձնահատուկ կերպով կրթել էր Որդուն՝ որպես Մեսիա իր դերը կատարելու համար։ Թեև դրա շնորհիվ վերջինս իմացավ, թե որպես Եհովայի Օծյալ՝ ինչ փորձությունների միջով պետք է անցնի, բայց, միևնույնն է, դա իրեն հետ չպահեց։ Հետագայում իր ողջ երկրային կյանքի ընթացքում Հիսուսը պահպանեց սերը իր Հոր տան հանդեպ, նախանձախնդրությունը երկրպագության հանդեպ ու ցանկությունը այնտեղ սովորեցնելու այն, ինչ Եհովան էր կամենում։ Աստվածաշնչից իմանում ենք, որ Հիսուսը հավատարմորեն միշտ հաճախում էր տաճար և ժողովարան (Ղուկաս 4։16; 19։47)։ Եթե ուզում ենք Եհովայի հանդեպ մեր սերը վառ պահել, պետք է ջանասիրաբար հաճախենք ժողովի հանդիպումներին, որտեղ երկրպագում ենք Եհովային և խորացնում մեր գիտելիքներն ու գնահատանքը նրա հանդեպ։

«Նա մենակ սարը բարձրացավ՝ աղոթելու»

14, 15. ա) Ինչո՞ւ էր Հիսուսը կարևորում առանձնությունը։ բ) Հորն ուղղված Հիսուսի աղոթքները ինչպե՞ս են ցույց տալիս, որ նա մտերիմ էր Հոր հետ ու խոր հարգանք ուներ նրա նկատմամբ։

14 Եհովայի հանդեպ սերը Հիսուսն ամուր պահեց նաև՝ կանոնավորաբար իր Հորը աղոթելով։ Թեև նա ընկերասեր ու ջերմ մարդ էր, սակայն կարևորում էր առանձնությունը։ Ղուկաս 5։16-ում կարդում ենք. «Նա առանձնանում էր ամայի տեղերում և աղոթք էր անում»։ Իսկ Մատթեոս 14։23-ում գրված է. «Վերջապես, ժողովրդին արձակելուց հետո նա մենակ սարը բարձրացավ՝ աղոթելու, ու թեև արդեն ուշ գիշեր էր, նա այնտեղ մենակ էր»։ Այս և այլ դեպքերում Հիսուսն ուզում էր առանձնանալ ոչ թե այն պատճառով, որ ճգնավոր կամ ինքնամփոփ մարդ էր, այլ որ ուզում էր Հոր հետ ժամանակ անցկացնել և անկեղծորեն զրուցել նրա հետ։

15 Աղոթելիս Հիսուսը երբեմն ասում էր. «Ա՛բբա, Հա՛յր» (Մարկոս 14։36)։ Հիսուսի օրերում «աբբա» բառը ջերմություն արտահայտող բառ էր, որն օգտագործվում էր ընտանիքում հոր առնչությամբ։ Հետաքրքիր է, որ այս բառը առաջին բառերից մեկն էր, որ փոքրիկ երեխան ասում էր, երբ սկսում էր խոսել։ Սակայն դա նաև հարգանք արտահայտող բառ էր։ Այն ցույց էր տալիս, որ Որդին շատ մտերիմ հարաբերություններ ունի իր սիրելի Հոր հետ, բայց միևնույն ժամանակ ցույց էր տալիս խոր հարգանք Եհովայի հայրական իշխանության հանդեպ։ Նման մտերմությունը և հարգանքը ակնհայտ է Աստվածաշնչում արձանագրված Հիսուսի բոլոր աղոթքներում։ Օրինակ՝ Հովհաննես 17-րդ գլխում առաքյալը մանրամասնորեն գրի է առել այն սրտանց ու անկեղծ աղոթքը, որ Հիսուսը մատուցեց իր կյանքի վերջին գիշերը։ Տեղին կլինի խորհրդածել այդ աղոթքի շուրջ՝ այն օրինակ համարելով։ Իհարկե, դա չի նշանակում, որ պետք է կրկնել Հիսուսի խոսքերը։ Մենք պետք է հնարավորինս հաճախ աղոթենք, և մեր երկնային Հոր հետ զրուցելիս մեր խոսքերը պետք է սրտից բխեն։ Այդպես վարվելով՝ մեր սերը նրա հանդեպ ամուր կպահենք։

16, 17. ա) Ինչպե՞ս էր Հիսուսը իր սերը Հոր հանդեպ արտահայտում խոսքերով։ բ) Ինչպե՞ս Հիսուսը նկարագրեց Հոր առատաձեռնությունը։

16 Ինչպես արդեն նշվեց, Հիսուսը անընդհատ չէր ասում. «Ես սիրում եմ Հորը»։ Սակայն բազմիցս տարբեր ձևերով իր խոսքերով արտահայտում էր Հոր հանդեպ իր սերը։ Ինչպե՞ս։ Նա ասաց. «Հա՛յր, երկնքի և երկրի Տե՛ր, բոլորի առաջ գովաբանում եմ քեզ» (Մատթեոս 11։25)։ Այս գրքի 2-րդ բաժինն ուսումնասիրելիս իմացանք, որ Հիսուսը սիրում էր փառաբանել իր Հորը՝ օգնելով մարդկանց ճանաչելու Նրան։ Օրինակ՝ նա Եհովային նմանեցրեց մի հոր, որն այնքան էր ուզում ներել իր անառակ որդուն, որ սպասում էր նրա վերադարձին, ու երբ հեռվից նկատեց նրան, վազեց ընդառաջ ու գրկեց (Ղուկաս 15։20)։ Որքա՜ն ջերմ ու հուզիչ կերպով Հիսուսը նկարագրեց Եհովայի սերն ու ներելու պատրաստակամությունը։

17 Հիսուսը հաճախ էր փառաբանում իր Հորը նրա առատաձեռնության համար։ Անկատար ծնողների օրինակով նա ցույց տվեց, որ մեր երկնային Հայրը անպայման կպարգևի մեզ սուրբ ոգին, որքան որ կարիքը ունենանք (Ղուկաս 11։13)։ Հիսուսը խոսեց նաև այն հույսի մասին, որ Հայրը առատաձեռնորեն տալիս է բոլորին։ Որդին հիացմունքով խոսում էր նաև այն մասին, որ հույս ունի երկնքում նստելու Հոր կողքը (Հովհաննես 14։28; 17։5)։ Նա իր հետևորդներին պատմեց այն հույսի մասին, որ Եհովան տալիս է Քրիստոսի «փոքր հոտին», այսինքն՝ բնակություն երկնքում որպես Մեսիական Թագավորի իշխանակիցներ (Ղուկաս 12։32; Հովհաննես 14։2)։ Անգամ մահացող հանցագործին նա մխիթարեց երկրային Դրախտում ապրելու հույսով (Ղուկաս 23։43)։ Նման ձևով Հոր մեծ առատաձեռնության մասին խոսելն, անկասկած, օգնեց Հիսուսին իր սերը Եհովայի հանդեպ ամուր պահելու։ Քրիստոսի հետևորդներից շատերը հասկացել են, որ ոչ մի բան այնքան չի զորացնում իրենց սերն ու հավատը Եհովայի հանդեպ, որքան նրա, ինչպես նաև այն հույսի մասին խոսելը, որ նա տվել է իրեն սիրողներին։

Կընդօրինակե՞ս Հիսուսի սերը Եհովայի հանդեպ

18. Ո՞ր հարցում է կարևոր հետևել Հիսուսին և ինչո՞ւ։

18 Ամենակարևոր բանը, որով պետք է ընդօրինակենք Հիսուսին, այն է, որ սիրենք Եհովային ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով և ամբողջ ուժով (Ղուկաս 10։27)։ Այսպիսի սիրո ուժը պետք է արտահայտվի ոչ միայն մեր խոր զգացմունքներում, այլև մեր գործերում։ Հիսուսը չէր բավարարվում միայն իր Հոր հանդեպ սեր զգալով, ոչ էլ միայն ասելով. «Ես սիրում եմ Հորը»։ Նա ասաց. «Որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, ինչպես որ Հայրը պատվիրեց ինձ, այնպես եմ անում» (Հովհաննես 14։31)։ Սատանան մեղադրանք ներկայացրեց՝ պնդելով, որ ոչ մի մարդ Եհովային չի ծառայի անշահախնդիր սիրուց մղված (Հոբ 2։4, 5)։ Սակայն Հիսուսը ամենահամոզիչ պատասխանը տվեց Սատանայի կեղծ զրպարտությանը. քաջաբար գործի անցավ ու ցույց տվեց աշխարհին, թե որքան շատ է սիրում իր Հորը։ Նա հնազանդ եղավ անգամ մինչև մահ։ Կհետևե՞ս Հիսուսին։ Ցույց կտա՞ս աշխարհին, որ իրոք սիրում ես Եհովա Աստծուն։

19, 20. ա) Ի՞նչ կարևոր պատճառներ կան, որ մենք ուզում ենք կանոնավորաբար հաճախել ժողովի հանդիպումներին։ բ) Ի՞նչ վերաբերմունք պետք է ունենանք անձնական ուսումնասիրության, խորհրդածության և աղոթքի հանդեպ։

19 Հոգևորապես առողջ լինելու համար մենք կարիք ունենք սեր դրսևորելու Եհովայի հանդեպ։ Եհովան մեզ իրեն երկրպագելու մի միջոց է տվել, որ մեր սերը իր հանդեպ սնուցվի ու զորանա։ Երբ հաճախում ես քրիստոնեական հանդիպումներին, ձգտիր հիշել, որ այդտեղ ես Աստծուն երկրպագելու համար։ Երկրպագության մեջ մտնում են նաև աղոթքն ու ծրագիրը ուշադրությամբ լսելը, փառաբանական երգեր երգելը և հնարավորինս շատ մասնակցելը։ Այս հանդիպումները նաև հնարավորություն են տալիս քաջալերելու հավատակիցներին (Եբրայեցիներ 10։24, 25)։ Քրիստոնեական հանդիպումների ժամանակ կանոնավորաբար Եհովային երկրպագելը նրա հանդեպ մեր սերն ավելի է զորացնում։

20 Նույնը կարելի է ասել անձնական ուսումնասիրության, խորհրդածության և աղոթքի մասին։ Դրանք համարիր Եհովայի հետ մենակ մնալու հնարավորություն։ Երբ ուսումնասիրում ես Աստծու գրավոր Խոսքը և խորհրդածում դրա շուրջ, Եհովան իր մտքերը հայտնում է քեզ։ Աղոթելիս սիրտդ ես բացում նրա առաջ։ Հիշիր, որ աղոթքը Աստծուց որևէ բան խնդրելուց ավելին է։ Այն հրաշալի առիթ է Եհովային շնորհակալություն հայտնելու օրհնությունների համար ու փառաբանելու նրան իր հրաշալի գործերի համար (Սաղմոս 146։1)։ Հանրորեն Եհովային ուրախությամբ և խանդավառությամբ փառաբանելը լավագույն ձևն է հայտնելու մեր երախտագիտությունը և ցույց տալու, որ սիրում ենք իրեն։

21. Որքա՞ն կարևոր է Եհովայի հանդեպ սեր ունենալը, և ի՞նչ կքննենք հաջորդող գլուխներում։

21 Աստծու հանդեպ սերը մեր հավիտենական երջանկության բանալին է։ Սա հենց այն էր, ինչ պետք է ունենային Ադամն ու Եվան, որ կարողանային հնազանդվել, բայց միակ բանն էր, որ չունեին։ Սա ամենակարևոր բանն է, որ դու պետք է ունենաս, որ հաղթահարես հավատի ցանկացած փորձություն, մերժես գայթակղությունները և տոկաս։ Իրականում, սերն է Հիսուսի հետևորդ լինելու ամենակարևոր գործոնը։ Իհարկե, Աստծու հանդեպ սերը կապված է մարդկանց հանդեպ սիրո հետ (1 Հովհաննես 4։20)։ Մյուս գլուխներում կքննենք, թե ինչպես Հիսուսը սեր դրսևորեց մարդկանց հանդեպ։ Իսկ հաջորդ գլխում կքննենք, թե ինչու էին մարդիկ Հիսուսին մատչելի համարում։