Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 15

«Խղճահարվեց»

«Խղճահարվեց»

«Տե՛ր, թող մեր աչքերը բացվեն»

1-3. ա) Ինչպե՞ս է Հիսուսը արձագանքում, երբ երկու կույր մուրացկաններ աղաչում են նրան, որ օգնի իրենց։ բ) Ի՞նչ նշանակություն ունի «խղճահարվել» բառը (տե՛ս ծանոթագրությունը)։

 ԵՐԻՔՈՎԻՑ ոչ հեռու՝ ճանապարհի եզրին, երկու կույրեր են նստած։ Ամեն օր նրանք գալիս են այստեղ և ողորմություն են խնդրում անցորդներից։ Սակայն շուտով տեղի է ունենալու մի բան, որը արմատապես փոխելու է նրանց կյանքը։

2 Հանկարծ մուրացկանները զգում են, որ մոտակայքում իրարանցում է։ Նրանցից մեկը հարցնում է, թե ինչ է կատարվում։ Նրանց պատասխանում են. «Հիսուս նազովրեցին է անցնում»։ Նա իր վերջին ուղևորությունն է կատարում դեպի Երուսաղեմ։ Բայց Հիսուսը մենակ չէ. մարդկանց բազմությունը հետևում է նրան։ Լսելով, թե ով է անցնում՝ մուրացկանները սկսում են աղաղակել. «Տե՛ր, ողորմի՛ր մեզ, Դավթի՛ Որդի»։ Զայրացած՝ մարդիկ սկսում են պատվիրել, որ լուռ մնան, բայց նրանք չեն լռում և ավելի ու ավելի բարձր են բղավում։

3 Հիսուսը, սակայն, բազմության միջից լսում է նրանց գոռգոռոցը։ Ի՞նչ կանի նա։ Այդ պահին նա շատ բաներով է մտահոգված։ Ընդամենը մի քանի օր է մնում նրան։ Հիսուսը գիտի, որ Երուսաղեմում իրեն չարչարանքներ ու տանջալից մահ է սպասում։ Բայց նա չի կարող հենց այնպես անցնել ու անտեսել մուրացկանների աղաղակը։ Հիսուսը կանգ է առնում և պատվիրում, որ այդ մարդկանց իր մոտ բերեն։ «Տե՛ր, թող մեր աչքերը բացվեն»,— աղաչում են նրանք։ «Խղճահարվելով»՝ Հիսուսը դիպչում է նրանց աչքերին և վերականգնում նրանց տեսողությունը *։ Առանց հապաղելու՝ մուրացկանները գնում են Հիսուսի հետևից (Ղուկաս 18։35–43; Մատթեոս 20։29–34

4. Ինչպե՞ս Հիսուսը կատարեց այն մարգարեությունը, որի համաձայն՝ նա պետք է «խղճար.... խեղճին»։

4 Բայց սա միակ դեպքը չէ։ Բազմիցս տարբեր հանգամանքներում Հիսուսը խորապես խղճահարվել ու կարեկցանք է դրսևորել։ Աստվածաշնչում մարգարեացվել էր, որ նա «կխղճա.... խեղճին» (Սաղմոս 72։13)։ Իսկապես, Հիսուսը զգայունակ էր ուրիշների զգացմունքների հանդեպ։ Նա միշտ առիթներ էր փնտրում մարդկանց օգնելու։ Կարեկցանքը մղում էր նրան քարոզելու։ Այժմ տեսնենք, թե ինչպես է Հիսուսի խոսքերում և գործերում արտացոլվել կարեկցանքը, և մտորենք, թե ինչպես մենք կարող ենք արտահայտել նույն զգացմունքները։

Ուշադիր՝ մարդկանց զգացմունքների հանդեպ

5, 6. Ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ Հիսուսը կարեկից էր։

5 Հիսուսը խորապես կարեկցում էր մարդկանց։ Նա հասկանում էր մարդկանց և կարողանում էր մտնել նրանց դրության մեջ։ Թեև լիովին չէր կրում այն, ինչ մարդիկ էին կրում, բայց սրտացավ էր նրանց հանդեպ (Եբրայեցիներ 4։15)։ Բուժելով 12 տարի արյունահոսությամբ տառապող կնոջը՝ նա նկարագրեց նրա հիվանդությունը որպես «տանջող հիվանդություն»՝ այդպիսով ցույց տալով, թե ինչ մեծ ցավ ու տառապանք էր այն պատճառում (Մարկոս 5։25–34)։ Իսկ երբ տեսավ Մարիամին ու նրանց, ովքեր ողբում են Ղազարոսի մահվան պատճառով, այնքան ազդվեց, որ ներքուստ հուզվեց։ Ու թեև գիտեր, որ քիչ անց հարություն է տալու նրան, այնքան խղճահարվեց, որ աչքերից արցունքներ հոսեցին (Հովհաննես 11։33, 35

6 Մեկ ուրիշ դեպքում մի բորոտ մոտեցավ Հիսուսին ու աղաչեց. «Եթե միայն ուզենաս, կարող ես մաքրել ինձ»։ Իսկ ինչպե՞ս Հիսուսը, լինելով կատարյալ մարդ, որը երբեք չէր հիվանդացել, արձագանքեց։ Նրա սիրտը կարեկցանքով լցվեց։ Աստվածաշնչում նշվում է, որ նա «խղճահարվեց» (Մարկոս 1։40–42)։ Այնուհետև Հիսուսը մի բացառիկ բան արեց։ Նա լավ գիտեր, որ Օրենքի համաձայն՝ բորոտները անմաքուր են համարվում ու չեն կարող լինել հասարակության մեջ (Ղևտական 13։45, 46)։ Ինչ խոսք, Հիսուսը կարող էր առանց դիպչելու բուժել նրան (Մատթեոս 8։5–13)։ Բայց, միևնույնն է, ձեռքը մեկնելով՝ դիպավ նրան ու ասաց. «Ուզո՛ւմ եմ։ Մաքրվի՛ր»։ Եվ հենց այդ պահին բորոտությունն անհետացավ։ Ի՜նչ ջերմ կարեկցանք ցույց տվեց Հիսուսը։

«Ցավակից» եղիր

7. Ի՞նչը կօգնի մեզ կարեկցանք զարգացնելու, և ինչպե՞ս կարող է այս հատկությունը դրսևորվել։

7 Որպես քրիստոնյաների՝ մեզ քաջալերվում է ընդօրինակել Հիսուսին և կարեկից լինել։ Աստվածաշունչը հորդորում է «ցավակից» * լինել (1 Պետրոս 3։8)։ Գուցե հեշտ չլինի հասկանալ նրանց զգացումները, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններից կամ դեպրեսիայից, հատկապես եթե մենք նման հիվանդություն չենք ունեցել։ Սակայն հիշիր, որ կարեկցանք դրսևորելու համար պարտադիր չէ, որ դու էլ նույն ապրումներն ու ցավերը ունեցած լինես։ Հիսուսը կարեկցում էր հիվանդներին, թեպետ ինքը երբեք հիվանդ չէր եղել։ Իսկ ինչպե՞ս կարող ենք կարեկցանք զարգացնել մեր մեջ։ Համբերատարությամբ լսելով նրանց, ովքեր իրենց սիրտն են բացում մեր առաջ ու արտահայտում իրենց զգացումները։ Տեղին կլինի հարցնել ինքներս մեզ. «Եթե ես լինեի նրա իրավիճակում, ի՞նչ կզգայի» (1 Կորնթացիներ 12։26)։ Եթե ձգտենք ավելի զգայունակ և ուշադիր լինել ուրիշների զգացմունքների հանդեպ, ապա կկարողանանք «սփոփել վհատված հոգիներին» (1 Թեսաղոնիկեցիներ 5։14)։ Երբեմն կարեկցանքը դրսևորվում է ոչ միայն խոսքերով, այլև արցունքներով։ «Լաց լինողների հետ լաց եղեք»,— գրված է Հռոմեացիներ 12։15 համարում։

8, 9. Ինչպե՞ս էր Հիսուսը ուշադրություն դրսևորում մարդկանց զգացմունքների հանդեպ։

8 Հիսուսը ուշադիր էր մարդկանց հանդեպ և հաշվի էր առնում նրանց զգացմունքները։ Հիշիր այն դեպքը, երբ նրա մոտ բերեցին մի խուլ մարդու, որը լեզվի արատ ուներ։ Ակներևաբար, տեսնելով, որ վերջինս շփոթված է՝ Հիսուսը մի արտասովոր բան արեց, ինչը սովորաբար չէր անում մարդկանց բուժելիս. «Ամբոխից [այդ տղամարդուն] մի կողմ տարավ»։ Մարդկանց աչքից հեռու՝ առանձին մի վայրում, նա բուժեց նրան (Մարկոս 7։31–35

9 Հիսուսը նույն ձևով վարվեց այն կույր մարդու հետ, որին բերել էին իր մոտ և խնդրում էին բուժել։ Նա «կույրի ձեռքից բռնեց, գյուղից դուրս տարավ»։ Հիսուսը նրա տեսողությունը վերականգնեց աստիճանաբար, ինչը հնարավորություն տվեց աչքերին և ուղեղին հարմարվելու արևի պայծառ լույսին ու շրջակա միջավայրի զանազանությանը (Մարկոս 8։22–26)։ Ի՜նչ ուշադրություն և նրբանկատություն դրսևորեց Հիսուսը։

10. Ինչպե՞ս կարող ենք հաշվի առնել ուրիշների զգացմունքները։

10 Լինելով Հիսուսի հետևորդներ՝ մենք նույնպես պետք է ուշադիր լինենք մարդկանց զգացմունքների հանդեպ։ Կարևոր է հետևել մեր խոսելաձևին և հիշել, որ անմտածված խոսքերը կարող են ցավ պատճառել ուրիշներին (Առակներ 12։18; 18։21)։ Կոպիտ խոսքերը, արհամարհական ակնարկներն ու կծու հեգնանքը հարիր չեն քրիստոնյաներին, քանի որ նրանք հաշվի են առնում մարդկանց զգացմունքները (Եփեսացիներ 4։31)։ Երեցնե՛ր, ինչպե՞ս կարող եք ուշադիր լինել ուրիշների զգացմունքների հանդեպ։ Խորհուրդներ տալիս ձեր խոսքը համեմեք բարությամբ և հարգեք դիմացինի արժանապատվությունը (Գաղատացիներ 6։1)։ Ծնողնե՛ր, ինչպե՞ս կարող եք հաշվի առնել երեխաների զգացմունքները։ Խրատելիս ջանք թափեք, որ երեխաներին անտեղի չվհատեցնեք (Կողոսացիներ 3։21

Պատրաստ՝ ուրիշներին օգնելու

11, 12. Աստվածաշնչյան ո՞ր արձանագրություններն են ցույց տալիս, որ հարկավոր չէր խնդրել Հիսուսին կարեկցանք դրսևորել մարդկանց հանդեպ։

11 Հարկավոր չէր միշտ խնդրել Հիսուսին, որ օգնության հասնի ու կարեկցանք դրսևորի մարդկանց հանդեպ։ Կարեկցանքը ոչ թե պասիվ, այլ ակտիվ հատկություն է, որը մղում է անհատին որևէ բան անելու ուրիշին օգնելու համար։ Դա է պատճառը, որ Հիսուսը պատրաստ էր օգնելու մարդկանց։ Օրինակ՝ երբ մեծ բազմությունը առանց սննդի Հիսուսի հետ մնաց երեք օր, հարկավոր չէր, որ ինչ-որ մեկն ասեր նրան, որ մարդիկ քաղցած են, կամ առաջարկեր, որ ինչ-որ բան անի։ Կարդում ենք. «Հիսուսը աշակերտներին իր մոտ կանչեց ու ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետև արդեն երեք օր է՝ ինձ հետ են ու ոչինչ չունեն ուտելու։ Չեմ ուզում նրանց քաղցած արձակել, միգուցե ճանապարհին ուժասպառ լինեն»»։ Հետո Հիսուսը իր նախաձեռնությամբ հրաշքով կերակրեց մարդկանց (Մատթեոս 15։32–38

12 Մեկ այլ դեպք նկատի առնենք։ 31 թվականին, երբ Հիսուսը մոտենում էր Նային քաղաքին, նրա առջև մի տխուր տեսարան բացվեց. թաղման թափորն ուղևորվում էր դեպի մոտակա քարայրները, որոնք փորված էին սարալանջերի մեջ՝ թաղելու «մի այրի կնոջ մինուճար որդուն»։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ վշտի մեջ էր մայրը։ Նա չուներ ամուսին և հիմա էլ թաղում էր իր միակ որդուն։ Թեև շատ մարդիկ կային, սակայն Հիսուսի աչքից չվրիպեց անզավակ այրին։ Նա խոր ցավ զգաց ու «խղճաց նրան»։ Հիսուսին պետք չէր որևէ բան հուշել. կարեկցանքով լի սիրտը մղեց նրան օգնելու խեղճ կնոջը։ Նա «մոտեցավ ու դիպավ պատգարակին» և կյանքի վերադարձրեց տղային։ Իսկ ի՞նչ եղավ հետո։ Հիսուսը չասաց երիտասարդին, որ միանա մեծ բազմությանը, որն իր հետ էր ճամփորդում։ Հակառակը՝ «նրան իր մորը տվեց»՝ այդպիսով միավորելով ընտանիքը և համոզվելով, որ նրա մասին հոգ տանող կլինի (Ղուկաս 7։11–15

Պատրաստակամորեն օգնիր կարիքի մեջ եղողներին

13. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին՝ պատրաստակամորեն օգնության ձեռք մեկնելով։

13 Ինչպե՞ս կարող ենք հետևել Հիսուսի օրինակին։ Ինչ խոսք, մենք հրաշքով չենք կարող կերակրել մարդկանց կամ հարություն տալ մահացածներին։ Սակայն կարող ենք ուշադիր լինել ուրիշների հանդեպ և պատրաստ՝ օգնելու։ Հնարավոր է՝ հավատակիցդ ֆինանսական լուրջ խնդիրներ ունի կամ էլ կորցրել է աշխատանքը (1 Հովհաննես 3։17)։ Գուցե որևէ այրու տունը վերանորոգելու կարիք կա (Հակոբոս 1։27)։ Միգուցե ինչ-որ մեկը կորցրել է իր հարազատին և մխիթարության ու օգնության կարիք ունի (1 Թեսաղոնիկեցիներ 5։11)։ Նման դեպքերում պետք չէ սպասել, որ մեզնից օգնություն խնդրեն (Առակներ 3։27)։ Կարեկցանքը կմղի մեզ հնարավորության դեպքում առաջինը առաջարկելու մեր օգնությունը և անելու ամեն բան, որ աջակցենք օգնության կարիք ունեցողներին։ Երբեք մի՛ մոռացիր, որ մի բարի գործը կամ սրտանց ասված մխիթարական խոսքերը կարող են կարեկցանքի զորեղ դրսևորում լինել (Կողոսացիներ 3։12

Քարոզեց՝ կարեկցանքից մղված

14. Ինչո՞ւ էր Հիսուսը առաջնահերթությունը տալիս բարի լուրը քարոզելուն։

14 Այս գրքի 2-րդ բաժնից տեսանք, որ Հիսուսը բարի լուրը քարոզելու հրաշալի օրինակ թողեց։ Նա ասաց. «Աստծու թագավորության բարի լուրը ուրիշ քաղաքներում էլ պետք է քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել» (Ղուկաս 4։43)։ Ինչո՞ւ էր նա առաջնահերթությունն այս գործին տալիս։ Գլխավորապես այն պատճառով, որ սիրում էր Աստծուն։ Բայց Հիսուսին մի ուրիշ բան էլ էր մղում. սրտից բխող կարեկցանքն էր մղում նրան արձագանքելու մարդկանց հոգևոր կարիքներին։ Բոլոր այն ձևերից, որոնցով նա կարեկցանք դրսևորեց, ոչ մեկն այդքան կարևոր չէր, որքան հոգևորապես քաղցած մարդկանց կարիքները բավարարելը։ Եկեք քննենք երկու միջադեպ, որոնք բացահայտում են, թե ինչպես էր Հիսուսը վերաբերվում նրանց, ում քարոզում էր։ Դա կօգնի մեզ վերլուծելու, թե ինչ մղումներով ենք մասնակցում քարոզչական գործին։

15, 16. Նկարագրի՛ր երկու դեպք, որոնք ցույց են տալիս, թե ինչպես էր Հիսուսը վերաբերվում այն մարդկանց, որոնց քարոզում էր։

15 31 թվականին՝ այն բանից հետո, երբ մոտ երկու տարի Հիսուսը ջանադրաբար ու եռանդորեն ծառայել էր, իր ողջ ուժերը կենտրոնացրեց Գալիլեայի «բոլոր քաղաքներում ու գյուղերում» շրջելու վրա։ Նրա տեսածը խորապես ազդեց իր վրա։ Մատթեոս առաքյալը գրեց. «Տեսնելով մարդկանց բազմությունը՝ նա խղճաց նրանց, որովհետև կեղեքված էին և ցիրուցան եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն» (Մատթեոս 9։35, 36)։ Հիսուսը կարեկցում էր հասարակ ժողովրդին։ Նա քաջատեղյակ էր նրանց խղճուկ հոգևոր վիճակին։ Գիտեր, որ կեղեքված ու շատ արհամարհված էին նրանց կողմից, ովքեր պետք է հովվեին իրենց՝ կրոնական առաջնորդների։ Խոր կարեկցանքից մղված՝ Հիսուսը ամեն բան անում էր, որ մարդկանց հույս ներշնչող լուր հաղորդի։ Նրանք ամենաշատը Աստծու Թագավորության բարի լուրի կարիքն ունեին։

16 Նման մի բան տեղի ունեցավ մի քանի ամիս հետո՝ մոտավորապես 32թ. Պասեքին։ Այս անգամ Հիսուսն ու իր առաքյալները նավարկեցին Գալիլեայի ծովով, որ մի մեկուսի վայր գտնեն հանգիստ առնելու համար։ Բայց մարդկանց բազմությունը, իմանալով այդ մասին, վազեց ափի երկայնքով ու նրանցից շուտ հասավ լճի հակառակ կողմը։ Ինչպե՞ս վարվեց Հիսուսը։ «Դուրս ելնելով՝ նա մի մեծ բազմություն տեսավ և խղճաց նրանց, որովհետև հովիվ չունեցող ոչխարների էին նման։ Ուստի սկսեց շատ բաներ սովորեցնել նրանց» (Մարկոս 6։31–34)։ Դարձյալ Հիսուսը «խղճահարվեց»՝ տեսնելով, որ մարդիկ հոգևոր առումով թշվառ վիճակում են։ Ինչպես «հովիվ չունեցող ոչխարներ»՝ նրանք հոգևորապես քաղցած էին և բարձիթողի։ Հիսուսը ոչ թե պարտքի զգացումից, այլ կարեկցանքից մղված սկսեց քարոզել։

Կարեկցանքով քարոզիր

17, 18. ա) Ի՞նչն է մղում մեզ մասնակցելու քարոզչությանը։ բ) Ինչպե՞ս կարող ենք կարեկցանք զարգացնել ուրիշների հանդեպ։

17 Ի՞նչն է մղում մեզ՝ Հիսուսի հետևորդներիս, մասնակցելու քարոզչությանը։ Ինչպես տեսանք այս գրքի 9-րդ գլխում, մենք հանձնարարություն, պատասխանատվություն ունենք՝ քարոզել ու աշակերտներ պատրաստել (Մատթեոս 28։19, 20; 1 Կորնթացիներ 9։16)։ Սակայն միայն պարտքի կամ պարտականության զգացումից չէ, որ անում ենք այս գործը։ Առաջին հերթին Եհովայի հանդեպ սերն է մղում մեզ հռչակելու Թագավորության բարի լուրը։ Մենք քարոզում ենք նաև, քանի որ կարեկցում ենք նրանց, ում հայտնում ենք մեր համոզմունքների մասին (Մարկոս 12։28–31)։ Ուրեմն ինչպե՞ս կարող ենք կարեկցանք զարգացնել ուրիշների հանդեպ։

18 Մենք մարդկանց պետք է վերաբերվենք այնպես, ինչպես Հիսուսն էր վերաբերվում։ Նա համարում էր նրանց «կեղեքված և ցիրուցան եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն»։ Պատկերացրու, որ գտել ես մի գառնուկի, որը կորել է։ Նա չունի հովիվ, որ առաջնորդի դեպի կանաչ արոտավայրեր ու վճիտ ջրեր, ուստի սոված ու ծարավ է։ Մի՞թե չես խղճա այդ գառնուկին։ Մի՞թե չես կերակրի ու ջուր չես տա նրան։ Այս գառնուկը նման է շատ մարդկանց, ովքեր դեռ չեն լսել բարի լուրը։ Քանի որ նրանք արհամարհված են կրոնական հովիվների կողմից, հոգևորապես քաղցած ու ծարավ են և չունեն ապագայի ոչ մի հույս։ Մենք ունենք այն, ինչի կարիքը նրանք զգում են. սննդարար հոգևոր կերակուր և Աստծու Խոսքի ճշմարտության թարմացնող ջրեր (Եսայիա 55։1, 2)։ Երբ մտածում ենք մեզ շրջապատող մարդկանց հոգևոր կարիքների մասին, մեր սիրտը կարեկցանքով է լցվում։ Եթե Հիսուսի նման խորապես կարեկցենք մարդկանց, կանենք մեր ձեռքից եկած ամեն բան, որ հայտնենք Թագավորության բարի լուրը։

19. Ի՞նչ կարող ենք անել, որ օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողին, որը պատրաստ է մասնակցելու քարոզչական գործին։

19 Ինչպե՞ս կարող ենք մարդկանց օգնել հետևելու Հիսուսի օրինակին։ Պատկերացրու՝ ուզում ենք քաջալերել Աստվածաշունչ ուսումնասիրողին, որը պատրաստ է մասնակցելու քարոզչական գործին։ Կամ գուցե ուզում ենք օգնել ոչ ակտիվ քարոզչին, որ կրկին լիարժեք կերպով մասնակցի ծառայությանը։ Ինչպե՞ս կարող ենք աջակցել այսպիսի անհատներին։ Մենք պետք է հասնենք նրանց սրտին։ Հիշիր, որ սկզբում Հիսուսը «խղճաց» մարդկանց և հետո սովորեցրեց նրանց (Մարկոս 6։34)։ Ուստի եթե կարողանանք օգնել այդ անհատներին, որ կարեկցանք զարգացնեն, նրանց սրտերը կմղվեն նմանվելու Հիսուսին և քարոզելու բարի լուրը։ Կարող ենք հարցնել. «Ինչպե՞ս է Թագավորության բարի լուրը փոխել քո կյանքը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն մարդկանց մասին, ովքեր դեռ չեն լսել այդ լուրը, մի՞թե նրանք նույնպես բարի լուրի կարիքը չունեն։ Ի՞նչ կարող ես անել, որ օգնես նրանց»։ Անշուշտ, քարոզչությանը մասնակցելու ամենամղիչ ուժը Աստծու հանդեպ սերն է և նրան ծառայելու ցանկությունը։

20. ա) Ի՞նչ է նշանակում Հիսուսի հետևորդ լինել։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ գլխում։

20 Հիսուսի հետևորդ լինելը նրա խոսքերը կրկնելուց և գործերն անելուց ավելին է նշանակում։ Մենք պետք է ունենանք նույն «մտածելակերպը», որ նա ուներ (Փիլիպպեցիներ 2։5)։ Ուստի որքա՜ն երախտապարտ պետք է լինենք, որ Աստվածաշունչը հայտնում է, թե ինչ էր թաքնված Հիսուսի խոսքերի ու գործերի հետևում։ Ճանաչելով «Քրիստոսի միտքը»՝ ավելի զգայունակ կլինենք, սրտից բխող կարեկցանք կզարգացնենք ու մարդկանց կվերաբերվենք այնպես, ինչպես սովորաբար Հիսուսն էր վերաբերվում (1 Կորնթացիներ 2։16)։ Հաջորդ գլխում կքննենք տարբեր ձևեր, որոնցով Հիսուսը սեր դրսևորեց հատկապես իր հետևորդների նկատմամբ։

^ Հունարենից թարգմանված «խղճահարվել» բառը ամենաուժեղ բառն է այդ լեզվում, որ կարեկցանք է արտահայտում։ Մի աշխատության մեջ նշվում է, որ այս բառը արտահայտում է «ոչ միայն կարեկցանք, որն առաջանում է ուրիշի ցավը տեսնելիս, այլև ուժգին ցանկություն՝ թեթևացում բերելու և անհատին ցավից ազատելու համար»։

^ Հունարենից թարգմանված «ցավակից» ածականը բառացի նշանակում է «տառապել միասին»։