Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 16

«Նա մինչև վերջ սիրեց նրանց»

«Նա մինչև վերջ սիրեց նրանց»

1, 2. Ինչպե՞ս է Հիսուսն անցկացնում իր վերջին երեկոն առաքյալների հետ, և ինչո՞ւ են այդ վերջին ժամերը թանկ իր համար։

 ՀԻՍՈՒՍՆ իր առաքյալների հետ Երուսաղեմի տներից մեկի վերնասենյակում է։ Նա գիտի, որ սա իր վերջին երեկոն է, որն անցկացնում է նրանց հետ։ Ժամանակն է, որ վերադառնա Հոր մոտ։ Մի քանի ժամ հետո Հիսուսին ձերբակալելու են, ու նրա հավատը սաստիկ փորձվելու է։ Սակայն ոչինչ, անգամ մոտալուտ մահը չի խանգարում, որ նա մտածի իր առաքյալների մասին։

2 Հիսուսը նախապատրաստել է նրանց՝ ասելով, որ հեռանալու է իրենցից, բայց դեռ այնքան բան կա ասելու, որ զորացնի, նախքան ապագա փորձությունները վրա կհասնեն։ Ուստի նա այս վերջին թանկ ժամերը տրամադրում է կարևոր դասեր սովորեցնելուն, որ նրանք հավատարիմ մնան։ Հիսուսը այնպիսի ջերմ ու մտերմիկ խոսքեր է ասում, որ նախկինում չէր ասել։ Ինչո՞ւ է նա ավելի շատ իր առաքյալների մասին մտահոգված, քան իր։ Ինչո՞ւ են այդ վերջին ժամերն այդքան թանկ իր համար։ Պատասխանը սերն է։ Իսկ նրա սերը շատ խորն է։

3. Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսը չէր սպասել մինչև այդ վերջին երեկո, որ սեր դրսևորեր իր հետևորդների հանդեպ։

3 Տասնամյակներ անց, երբ Հովհաննես առաքյալը շարադրում էր այդ երեկոյի դեպքերը, Աստծու ներշնչմամբ գրեց. «Նախքան Պասեքի տոնը Հիսուսը գիտեր, որ այս աշխարհից Հոր մոտ գնալու իր ժամն արդեն եկել է։ Նա սիրում էր իր հետևորդներին, որոնք աշխարհում էին. նա մինչև վերջ սիրեց նրանց» (Հովհաննես 13։1)։ Հիսուսը չէր սպասել մինչև այդ երեկո, որ սեր դրսևորեր «իր հետևորդների» հանդեպ։ Ծառայության ընթացքում փոքր ու մեծ գործերով նա ապացուցել էր, որ սիրում է աշակերտներին։ Լավ կլինի, որ քննենք, թե ինչ ձևերով է Հիսուսը դրսևորել իր սերը, քանի որ այս հարցում նրան ընդօրինակելով՝ ցույց կտանք, որ նրա ճշմարիտ աշակերտներն ենք։

Համբերություն դրսևորելով

4, 5. ա) Ինչո՞ւ Հիսուսը պետք է համբերատար լիներ իր աշակերտների հանդեպ։ բ) Ինչպե՞ս Հիսուսն արձագանքեց, երբ իր առաքյալներից երեքը արթուն չմնացին Գեթսեմանի պարտեզում։

4 Սերն ու համբերությունը սերտորեն կապված են իրար։ «Սերը համբերատար է»,— ասվում է 1 Կորնթացիներ 13։4-ում, իսկ համբերատարությունը ուրիշների հանդեպ մեծահոգի լինելն է։ Կարիք կա՞ր, որ Հիսուսը համբերատար լիներ իր աշակերտների հանդեպ։ Անշո՛ւշտ։ Ինչպես տեսանք 3-րդ գլխում, աշակերտները դանդաղ էին խոնարհություն զարգացնում։ Մի քանի անգամ նրանք վիճել էին, թե իրենցից ով է մեծ։ Ինչպե՞ս էր արձագանքել Հիսուսը։ Արդյոք բարկացե՞լ էր, նյարդայնացել կամ վրդովվե՞լ էր։ Ո՛չ, նա համբերատարությամբ տրամաբանել էր նրանց հետ, անգամ երբ դրա հետ կապված «բուռն վիճաբանություն» ծագեց վերջին երեկոյի ժամանակ (Ղուկաս 22։24–30; Մատթեոս 20։20–28; Մարկոս 9։33–37

5 Այդ վերջին գիշերը՝ ավելի ուշ, Հիսուսի համբերությունը կրկին փորձվեց, երբ 11 հավատարիմ առաքյալների հետ գնաց Գեթսեմանի պարտեզ։ Թողնելով առաքյալներից ութին՝ Հիսուսը իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին ու մտավ պարտեզի խորքը։ Հետո ասաց. «Հոգիս խորապես տրտմած է, մինչև իսկ մեռնելու աստիճան։ Այստե՛ղ մնացեք և ինձ հետ արթո՛ւն եղեք»։ Նա մի քիչ հեռացավ ու սկսեց ջերմագին աղոթել։ Երկար ժամանակ աղոթելուց հետո վերադարձավ երեք առաքյալների մոտ։ Եվ ի՞նչ տեսավ. իր ամենամեծ փորձության ժամին նրանք քնել էին։ Արդյոք հանդիմանե՞ց նրանց արթուն չմնալու համար։ Ո՛չ, համբերատարությամբ հորդորեց արթուն մնալ։ Նրա ջերմ խոսքերը ցույց էին տալիս, որ հասկանում էր՝ աշակերտները սթրեսի մեջ են ու տկար են *։ «Ոգին հոժար է,— ասաց նա,— բայց մարմինը՝ տկար»։ Հիսուսը շարունակեց համբերատար լինել նույնիսկ այն ժամանակ, երբ ոչ թե մեկ, այլ երկու անգամ ևս նրանց քնած գտավ (Մատթեոս 26։36–46

6. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին ուրիշների հետ առնչվելիս։

6 Մխիթարական է իմանալ, որ Հիսուսը հույսը չկտրեց իր առաքյալներից։ Նրա համբերությունը վարձատրվեց, քանի որ այդ հավատարիմ տղամարդիկ երկու կարևոր դաս սովորեցին՝ լինել խոնարհ ու զգոն (1 Պետրոս 1։13; 3։8)։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին ուրիշների հետ առնչվելիս։ Հատկապես երեցները պետք է համբերություն դրսևորեն։ Հավատակիցները կարող են իրենց խնդիրների մասին զրուցելու համար մոտենալ երեցին, երբ վերջինս հոգնած է կամ իր մտահոգություններով է տարված։ Երբեմն էլ պատահում է, որ նրանք, ովքեր օգնության կարիք ունեն, դանդաղ են կիրառում խորհուրդը։ Այնուհանդերձ, համբերատար երեցները «մեղմությամբ» կսովորեցնեն և «հոտի հետ քնքշությամբ» կվարվեն (2 Տիմոթեոս 2։24, 25; Գործեր 20։28, 29)։ Լավ կլինի, որ ծնողները նույնպես ընդօրինակեն Հիսուսին համբերություն դրսևորելու հարցում, քանի որ երեխաները երբեմն գուցե դանդաղեն ընդունել խորհուրդը կամ չուզենան շտկվել։ Սերն ու համբերությունը կօգնեն ծնողներին շարունակելու ջանադրաբար կրթել իրենց երեխաներին։ Նման համբերության դիմաց վարձատրությունը մեծ կլինի (Սաղմոս 127։3

Նրանց կարիքները հոգալով

7. Ինչպե՞ս էր Հիսուսը հոգում իր աշակերտների կարիքները։

7 Սերը դրսևորվում է անշահախնդիր գործերով (1 Հովհաննես 3։17, 18)։ Այն «իր շահը չի փնտրում» (1 Կորնթացիներ 13։5)։ Սերը մղեց Հիսուսին հոգ տանելու իր աշակերտների կարիքների մասին։ Նա հաճախ էր բավարարում նրանց կարիքները, նախքան նրանք կասեին, որ ինչ-որ բան են ուզում։ Օրինակ՝ երբ տեսավ, որ հոգնած են, առաջարկեց «առանձին մի մեկուսի վայր գնալ և մի փոքր հանգիստ առնել» (Մարկոս 6։31)։ Իսկ երբ զգաց, որ քաղցած են, նախաձեռնություն վերցրեց և կերակրեց նրանց, այդ թվում նաև հազարավոր մարդկանց, որոնք եկել էին իրեն լսելու (Մատթեոս 14։19, 20; 15։35–37

8, 9. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ Հիսուսը գիտակցում էր իր աշակերտների հոգևոր կարիքները և բավարարում դրանք։ բ) Ցցին գամված՝ ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ խորապես մտածում էր մոր մասին։

8 Հիսուսը հասկանում էր իր աշակերտների հոգևոր կարիքները և բավարարում դրանք (Մատթեոս 4։4; 5։3)։ Սովորեցնելիս նա հաճախ հատուկ ուշադրություն էր դարձնում նրանց։ Լեռան քարոզը հատկապես իր աշակերտների համար էր (Մատթեոս 5։1, 2, 13–16)։ Երբ նա առակներով էր սովորեցնում, «իր աշակերտներին առանձին ամեն ինչ բացատրում էր» (Մարկոս 4։34)։ Հիսուսը կանխագուշակեց, որ կնշանակի «հավատարիմ և իմաստուն ծառային»՝ վստահեցնելով, որ իր հետևորդները հոգևոր կերակուր կստանան վերջին օրերի ընթացքում։ Այս հավատարիմ ծառան, որը կազմված է երկրի վրա գտնվող Հիսուսի օծյալ եղբայրների փոքր խմբից, սկսած 1919 թ.-ից՝ հոգևոր «կերակուր է տալիս ճիշտ ժամանակին» (Մատթեոս 24։45

9 Իր մահվան օրը Հիսուսը սիրտ ջերմացնող կերպով ցույց տվեց, որ մտածում է իր սիրելիների հոգևոր բարօրության մասին։ Փորձիր պատկերացնել. Հիսուսը ցցի վրա է ու սարսափելի ցավերի մեջ է։ Շունչ քաշելու համար նա, ակներևաբար, պետք է վեր բարձրանա՝ հենվելով ոտքերի վրա։ Դա, անկասկած, մեծ ցավ է պատճառում, քանի որ մարմնի ծանրության տակ մեխերի հասցրած վերքերը պատռվում են, իսկ վերքոտ մեջքը քսվում է ցցին։ Անգամ մի բառ ասելը ցավ է պատճառում նրան, քանի որ այդ վիճակում դժվար է շնչել։ Բայց նախքան մահանալը Հիսուսը խոսքերով իր սերը ցույց տվեց մոր՝ Մարիամի հանդեպ։ Տեսնելով, որ Մարիամն ու Հովհաննես առաքյալը մոտ են կանգնած՝ Հիսուսը բարձր ձայնով, որ անգամ մոտակայքում գտնվողները կլսեին, ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»։ Ապա Հովհաննեսին ասաց. «Ահա՛ քո մայրը» (Հովհաննես 19։26, 27)։ Հիսուսը գիտեր, որ հավատարիմ առաքյալը հոգ կտանի ոչ միայն նրա ֆիզիկական ու նյութական, այլև հոգևոր կարիքների մասին *։

Հոգատար ծնողները համբերատար են և հոգում են երեխաների կարիքները

10. Ինչպե՞ս կարող են ծնողները ընդօրինակել Հիսուսին, երբ հոգ են տանում երեխաների մասին։

10 Հոգատար ծնողները օգտակար են համարում Հիսուսի օրինակի շուրջ խորհրդածելը։ Հայրը, որն իսկապես սիրում է իր ընտանիքին, հոգում է նյութական կարիքները (1 Տիմոթեոս 5։8)։ Հավասարակշռված ու սիրող ընտանիքի գլուխը ժամանակ է տրամադրում նաև հանգստին։ Եվ, որ ամենակարևորն է, քրիստոնյա ծնողները բավարարում են իրենց երեխաների հոգևոր կարիքները։ Ինչպե՞ս։ Նրանք կանոնավորաբար ընտանեկան ուսումնասիրություն են անցկացնում և ամեն բան անում են, որ այն քաջալերիչ ու հաճելի լինի երեխաների համար (2 Օրենք 6։6, 7)։ Իրենց խոսքով և անձնական օրինակով ծնողները երեխաներին սովորեցնում են, որ ծառայությունը կարևոր գործ է և քրիստոնեական հանդիպումներին պատրաստվելն ու մասնակցելը իրենց երկրպագության մասն է (Եբրայեցիներ 10։24, 25

Ներելու պատրաստ լինելով

11. Ի՞նչ սովորեցրեց Հիսուսը իր հետևորդներին ներելու մասին։

11 Ներելը սիրո երեսակներից է (Կողոսացիներ 3։13, 14)։ Սերը «վիրավորանքները չի հաշվում»,— գրված է 1 Կորնթացիներ 13։5-ում։ Բազմիցս Հիսուսը սովորեցնում էր իր հետևորդներին, թե որքան կարևոր է ներել։ Նա հորդորում էր նրանց ներել ուրիշներին «ոչ թե մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասունյոթ անգամ», այսինքն՝ ներել անվերջ (Մատթեոս 18։21, 22)։ Հիսուսը սովորեցնում էր, որ մեղավորին պետք է ներել, երբ նա հանդիմանվելուց հետո զղջում է (Ղուկաս 17։3, 4)։ Սակայն Հիսուսը իր օրինակով էր սովորեցնում և նման չէր կեղծավոր փարիսեցիներին, ովքեր սովորեցնում էին միայն խոսքով (Մատթեոս 23։2–4)։ Տեսնենք, թե ինչպես նա պատրաստակամորեն ներեց, երբ վստահելի ընկերը հիասթափեցրեց իրեն։

12, 13. ա) Ինչպե՞ս Պետրոսը հիասթափեցրեց Հիսուսին վերջինիս ձերբակալելու գիշերը։ բ) Հարությունից հետո ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ ներել քարոզելուց ավելին արեց։

12 Հիսուսը մտերիմ էր Պետրոս առաքյալի հետ, որը ջերմ մարդ էր, բայց երբեմն իմպուլսիվ։ Հիսուսը նկատել էր Պետրոսի լավ հատկությունները և նրան հատուկ առանձնաշնորհումներ տվել։ Պետրոսը Հակոբոսի ու Հովհաննեսի հետ ականատես էր եղել որոշ հրաշքների, որոնք մնացած առաքյալները չէին տեսել (Մատթեոս 17։1, 2; Ղուկաս 8։49–55)։ Ինչպես արդեն նշեցինք, Պետրոսը այն առաքյալների թվում էր, որոնք Հիսուսի հետ գնացել էին Գեթսեմանի պարտեզի խորքը։ Այդ նույն գիշերը, երբ վերջինիս մատնեցին ու ձերբակալեցին, Պետրոսը և մյուս առաքյալները լքեցին նրան ու փախան։ Հետո Պետրոսը քաջություն ունեցավ կանգնելու դրսում, երբ Հիսուսին անօրինական կերպով դատում էին։ Այդուհանդերձ, շուտով առաքյալը կրկին վախով լցվեց ու լուրջ սխալ թույլ տվեց. երեք անգամ ստեց՝ ժխտելով, որ ճանաչում է Հիսուսին (Մատթեոս 26։69–75)։ Ինչպե՞ս արձագանքեց Հիսուսը։ Իսկ ինչպես դո՞ւ կարձագանքեիր, եթե մտերիմ ընկերդ քեզ հետ այդպես վարվեր։

13 Հիսուսը պատրաստ էր ներելու Պետրոսին։ Նա գիտեր, որ առաքյալը կոտրված է իր ուսերին ծանրացած մեղքի պատճառով։ Չէ՞ որ երբ զղջաց, «չդիմացավ ու սկսեց լաց լինել» (Մարկոս 14։72)։ Հարություն առած օրը Հիսուսը երևաց Պետրոսին՝ ակներևաբար մխիթարելու և հանգստացնելու համար (Ղուկաս 24։34; 1 Կորնթացիներ 15։5)։ Երկու ամիս էլ չէր անցել, երբ Հիսուսը պատվի արժանացրեց Պետրոսին՝ թույլ տալով, որ առաջնորդություն վերցնի Պենտեկոստեին Երուսաղեմում հավաքված բազմությանը վկայություն տալու գործում (Գործեր 2։14–40)։ Հիշենք նաև, որ Հիսուսը առաքյալների հանդեպ բացասական զգացմունքներով չլցվեց, որ լքել էին իրեն։ Հակառակը՝ հարությունից հետո նրանց «իմ եղբայրներ» կոչեց (Մատթեոս 28։10)։ Մի՞թե պարզ չէ, որ Հիսուսը ներել քարոզելուց ավելին արեց։

14. Ինչո՞ւ պետք է սովորենք ներել ուրիշներին և ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ պատրաստ ենք ներելու։

14 Որպես Քրիստոսի հետևորդներ՝ մենք պետք է սովորենք ներել ուրիշներին։ Ինչո՞ւ։ Ի տարբերություն Հիսուսի՝ մենք անկատար ենք, ինչպես նաև նրանք, ովքեր կարող են մեր դեմ մեղք գործել։ Ժամանակ առ ժամանակ բոլորս խոսքի և գործի մեջ սայթաքում ենք (Հռոմեացիներ 3։23; Հակոբոս 3։2)։ Ներելով ուրիշներին, երբ ողորմություն ցուցաբերելու հիմք ունենք՝ ճանապարհ ենք հարթում, որ Աստված էլ ների մեր մեղքերը (Մարկոս 11։25)։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ պատրաստ ենք ներելու նրանց, ովքեր մեղք են գործել մեր դեմ։ Շատ դեպքերում սերը մղում է մեզ անտեսելու փոքր սխալներն ու թերացումները (1 Պետրոս 4։8)։ Երբ նրանք, ովքեր վիրավորել են մեզ, անկեղծորեն զղջում են, ինչպես Պետրոսն արեց, մենք, անկասկած, ցանկանում ենք ընդօրինակել Հիսուսին ու պատրաստակամորեն ներել։ Ոխ պահելու փոխարեն՝ իմաստնորեն կվարվենք, եթե բարկացած չմնանք (Եփեսացիներ 4։32)։ Այդպես անելով՝ կնպաստենք ժողովի խաղաղությանը, ինչպես նաև խաղաղ կլինենք մտքով ու սրտով (1 Պետրոս 3։11

Վստահություն դրսևորելով

15. Ինչո՞ւ Հիսուսը վստահեց իր աշակերտներին՝ չնայած նրանց թերացումներին։

15 Սերն ու վստահությունը կապված են իրար հետ։ Սերն «ամեն ինչի հավատում է» * (1 Կորնթացիներ 13։7)։ Սիրուց մղված էր, որ Հիսուսը պատրաստակամորեն վստահեց իր աշակերտներին՝ չնայած նրանց անկատարությանը։ Նա վստահում էր նրանց և հավատում, որ իրենց սրտում իսկապես սիրում են Եհովային և ուզում են կատարել նրա կամքը։ Անգամ երբ սխալներ էին անում, Հիսուսը նրանց մղումները կասկածի չէր ենթարկում։ Օրինակ՝ երբ Հակոբոս և Հովհաննես առաքյալները, ակներևաբար, ասացին իրենց մորը, որ Հիսուսին խնդրանքով դիմի, որ Թագավորության մեջ իր կողքը նստեն, Հիսուսը հարցականի տակ չդրեց նրանց նվիրվածությունը կամ չզրկեց առաքյալ լինելուց (Մատթեոս 20։20–28

16, 17. Ի՞նչ պատասխանատվություններ Հիսուսը վստահեց իր աշակերտներին։

16 Վստահություն ցուցաբերելով՝ Հիսուսը տարբեր պատասխանատվություններ տվեց իր աշակերտներին։ Երկու դեպքում էլ, երբ հրաշքով շատացրեց ուտելիքը և կերակրեց բազմությանը, նա հենց իր աշակերտներին վստահեց կերակուրի բաշխումը (Մատթեոս 14։19; 15։36)։ Իր վերջին Պասեքը տոնելուց առաջ նա Պետրոսին ու Հովհաննեսին հանձնարարեց գնալ Երուսաղեմ և ամեն բան պատրաստել։ Նրանք պետք է հայթայթեին գառը, գինին, անթթխմոր հացը, դառը կանաչեղենը և ուրիշ բաներ։ Չի կարելի ասել, որ դա չնչին հանձնարարություն էր, քանի որ Պասեքի տոնը պատշաճորեն նշելը Մովսիսական օրենքի պահանջներից էր, իսկ Հիսուսը այդ Օրենքի համաձայն էր ապրում։ Բացի դրանից, այդ օրը՝ ավելի ուշ, Հիսուսը գինին ու անթթխմոր հացը օգտագործեց որպես կարևոր խորհրդանիշներ, երբ հաստատեց իր մահվան Հիշատակի երեկոն (Մատթեոս 26։17–19; Ղուկաս 22։8, 13

17 Հիսուսը տեղին համարեց իր աշակերտներին շատ ավելի լուրջ պատասխանատվություններ վստահել։ Ինչպես արդեն տեսանք, նա երկրի վրա ապրող օծյալ հետևորդների փոքր խմբին տվեց հոգևոր սնունդ մատակարարելու կարևոր պատասխանատվությունը (Ղուկաս 12։42–44)։ Հիշիր նաև, որ նա իր աշակերտներին մի կարևոր հանձնարարություն տվեց՝ քարոզել ու աշակերտներ պատրաստել (Մատթեոս 28։18–20)։ Նույնիսկ հիմա, երբ Հիսուսը անտեսանելիորեն կառավարում է երկնքից, երկրի վրա գտնվող իր ժողովը վստահել է հոգևոր անհատներին՝ «մարդկանց տեսքով պարգևներին» (Եփեսացիներ 4։8, 11, 12

18-20. ա) Ինչպե՞ս կարող ենք վստահություն դրսևորել մեր հավատակիցների հանդեպ։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին պատասխանատվություններ վստահելու հարցում։ գ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ գլխում։

18 Ինչպե՞ս կարող ենք հետևել Հիսուսի օրինակին ուրիշների հետ առնչվելիս։ Մեր հավատակիցներին վստահելը սիրո դրսևորում է։ Եկեք հիշենք, որ սերը դրական, ոչ թե բացասական հատկություն է։ Երբ ուրիշները հիասթափեցնեն մեզ, ինչը ժամանակ առ ժամանակ կպատահի, սերը թույլ չի տա, որ անմիջապես ենթադրենք, որ նրանց մղումները վատն են (Մատթեոս 7։1, 2)։ Եթե դրական տեսակետ ունենանք մեր հավատակիցների հանդեպ, կկերտենք նրանց և ոչ թե կքանդենք (1 Թեսաղոնիկեցիներ 5։11

19 Կարո՞ղ ենք ընդօրինակել Հիսուսին պատասխանատվություններ վստահելու հարցում։ Կարևոր է, որ ժողովում պատասխանատվություններ ունեցողները կարողանան ներգրավել ուրիշներին՝ տալով նրանց հարմար ու նպատակային հանձնարարություններ, և վստահ լինեն, որ իրենց լավագույնը կանեն։ Փորձառու երեցները այդպիսով անհրաժեշտ և արժեքավոր բաներ կսովորեցնեն համապատասխան որակներ ունեցող երիտասարդներին, ովքեր «ձգտում են» օգնել ժողովին (1 Տիմոթեոս 3։1; 2 Տիմոթեոս 2։2)։ Այս կրթությունը կարևոր է։ Քանի դեռ Եհովան շարունակում է արագացնել Թագավորության գործը, անհրաժեշտ է, որ հմուտ տղամարդիկ կրթվեն, որ հոգ տանեն աճող ժողովներին (Եսայիա 60։22

20 Հիսուսը ուրիշների հանդեպ սեր դրսևորելու հարցում հրաշալի օրինակ է թողել։ Նրա սերն ընդօրինակելը ամենակարևոր բանն է մեզ համար։ Հաջորդ գլխում կքննենք, թե ինչ մեծ սեր դրսևորեց Հիսուսը մեր հանդեպ՝ նա պատրաստակամորեն իր կյանքը տվեց մեզ համար։

^ Առաքյալները չէին քնել միայն այն պատճառով, որ հոգնած էին։ Զուգահեռ արձանագրության մեջ՝ Ղուկաս 22։45-ում, կարդում ենք, որ Հիսուսը նրանց քնած գտավ, քանի որ «տրտմությունից հոգնել էին»։

^ Մարիամը, ակներևաբար, այդ ժամանակ այրի էր, իսկ մյուս երեխաները դեռ չէին դարձել Հիսուսի աշակերտ (Հովհաննես 7։5

^ Սա, իհարկե, չի նշանակում, որ սերը դյուրահավատ է։ Դա նշանակում է, որ սերը անտեղի քննադատող կամ չափազանց կասկածամիտ չէ։ Սերը հապճեպորեն չի դատում ուրիշների մղումները ու նրանց սխալ մղումներ չի վերագրում։