Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

«Ոչ ոք ավելի մեծ սեր չունի»

«Ոչ ոք ավելի մեծ սեր չունի»

1-4. ա) Ի՞նչ է լինում, երբ Պիղատոսը Հիսուսին ներկայացնում է զայրացած ամբոխին, որը հավաքվել է կուսակալի պալատի մոտ։ բ) Ինչպե՞ս է Հիսուսը տանում նվաստացումն ու տառապանքները, և ի՞նչ կարևոր հարցեր են առաջանում։

 «ԱՀԱ՛ ՆԱ»։ Այս խոսքերով հռոմեացի կառավարիչ Պոնտացի Պիղատոսը ներկայացնում է Հիսուս Քրիստոսին զայրացած ամբոխին, որը 33 թ. Պասեքի առավոտյան հավաքվել է կուսակալի պալատի մոտ (Հովհաննես 19։5)։ Ընդամենը մի քանի օր առաջ էր բազմությունը դիմավորել Հիսուսին, երբ որպես Աստծու կողմից նշանակված Թագավոր՝ հաղթական կերպով մտել էր Երուսաղեմ։ Այսօր, սակայն, թշնամանքով լցված ամբոխը նրա նկատմամբ այլ կերպ է տրամադրված։

2 Հիսուսը մանուշակագույն վերնազգեստ է հագել, ինչպիսին հագնում են արքաները, իսկ գլխին պսակ կա։ Բայց հագուստը, որը ծածկում է խարազանված մեջքի արյունոտ վերքերը, և փշերից հյուսված պսակը, որը պատռում է գլխամաշկը, նրա թագավորական դիրքի ծաղրանքն են։ Մարդիկ, ավագ քահանաների դրդմամբ, մերժում են իրենց առաջ կանգնած տանջահար մարդուն։ Քահանաները գոչում են. «Սյա՛նը գամիր։ Սյա՛նը գամիր»։ Իրենց սրտերում մահ ցանկանալով՝ մարդիկ բղավում են. «Նա պետք է մեռնի» (Հովհաննես 19։1-7

3 Հիսուսը արժանապատվորեն և քաջաբար դիմանում է ու լռելյայն տանում նվաստացումն ու տառապանքը։ a Նա ամբողջովին պատրաստ է մեռնելու։ Ավելի ուշ՝ այդ Պասեքի օրը, նա պատրաստակամորեն ենթարկվում է տառապալից մահվան՝ տանջանքի սյանը գամված (Հովհաննես 19։17, 18, 30

4 Իր կյանքը զոհաբերելով՝ Հիսուսն ապացուցեց, որ իր հետևորդների իսկական ընկերն է։ «Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքը տալիս է իր ընկերների համար» (Հովհաննես 15։13)։ Այս առնչությամբ որոշ կարևոր հարցեր են առաջանում։ Անհրաժե՞շտ էր, որ Հիսուսն անցներ այդ բոլոր ցավերի միջով և հետո մահանար։ Ինչո՞ւ էր նա պատրաստ դրան։ Որպես նրա «ընկերներ» ու հետևորդներ՝ ինչպե՞ս կարող ենք հետևել նրա օրինակին։

Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Հիսուսը տառապեր ու մահանար

5. Որտեղի՞ց Հիսուսը գիտեր, թե ինչ փորձություններ էին սպասում իրեն։

5 Որպես խոստացված Մեսիա՝ Հիսուսը գիտեր, թե ինչ է սպասում իրեն։ Նա քաջածանոթ էր Եբրայերեն Գրվածքների այն բազում մարգարեություններին, որոնք մանրամասնորեն կանխագուշակել էին Մեսիայի տառապանքներն ու մահը (Եսայիա 53։3-7, 12; Դանիել 9։26)։ Մեկ անգամ չէ, որ նա նախապատրաստել էր աշակերտներին իրեն սպասվող փորձություններին (Մարկոս 8։31; 9։31)։ Իսկ երբ Երուսաղեմ էր գնում՝ նշելու իր վերջին Պասեքը, առաքյալներին հստակ ասաց. «Մարդու Որդին կհանձնվի ավագ քահանաների և Օրենքի ուսուցիչների ձեռքը։ Նրանք մահվան կդատապարտեն նրան ու կհանձնեն այլազգիներին, որոնք ծաղրուծանակի կենթարկեն նրան, կթքեն նրա վրա, կխարազանեն ու կսպանեն նրան» (Մարկոս 10։33, 34)։ Սրանք դատարկ խոսքեր չէին։ Ինչպես տեսանք, Հիսուսին իսկապես ծաղրեցին, նրա վրա թքեցին, խարազանեցին ու սպանեցին։

6. Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Հիսուսը տառապեր ու մահանար։

6 Սակայն ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Հիսուսը տառապեր ու մահանար։ Մի քանի կարևոր պատճառներով։ Առաջին՝ մնալով նվիրված՝ Հիսուսը կապացուցեր, որ անարատ է և սրբացնում է Եհովայի անունը։ Հիշիր, որ ստելով՝ Սատանան պնդեց, թե մարդիկ Աստծուն ծառայում են միայն եսասիրական շահերից դրդված (Հոբ 2։1-5)։ Հնազանդ մնալով «մինչև մահ.... տանջանքի սյան վրա»՝ Հիսուսը սպառիչ պատասխան տվեց Սատանայի անհիմն մեղադրանքին (Փիլիպպեցիներ 2։8; Առակներ 27։11)։ Երկրորդ՝ Մեսիայի տառապանքների ու մահվան շնորհիվ հնարավոր կլիներ քավել մարդկանց մեղքերը (Եսայիա 53։5, 10; Դանիել 9։24)։ Հիսուսը «իր կյանքը որպես փրկագին տվեց շատերի համար»՝ ճանապարհ բացելով, որ մտերիմ հարաբերություններ ունենանք Աստծու հետ (Մատթեոս 20։28)։ Երրորդ՝ տարբեր դժվարությունների ու տառապանքների դիմանալով՝ Հիսուսը «մեզ նման փորձվեց բոլոր առումներով»։ Ուստի մենք ունենք կարեկից Քահանայապետ, որը կարող է «ցավակից լինել մեր թուլություններին» (Եբրայեցիներ 2։17, 18; 4։15

Ինչո՞ւ էր Հիսուսը պատրաստ զոհել իր կյանքը

7. Ի՞նչ զոհողությունների գնաց Հիսուսը՝ գալով երկիր։

7 Հասկանալու համար, թե ինչի էր պատրաստ Հիսուսը, մտածենք հետևյալի շուրջ։ Ո՞ր մի մարդը կթողներ իր տունն ու ընտանիքը և կմեկներ ուրիշ երկիր, եթե իմանար, որ այնտեղի բնակիչներից շատերը կմերժեն իրեն, կնվաստացնեն, կչարչարեն ու վերջում կսպանեն։ Իսկ հիմա մտածիր, թե Հիսուսն ինչ արեց։ Երկիր գալուց առաջ նա երկնքում առանձնահատուկ դիրք ուներ իր Հոր կողքին։ Այդուհանդերձ, Հիսուսը պատրաստակամորեն թողեց իր երկնային տունը, եկավ երկիր ու ապրեց որպես մարդ։ Նա գնաց այդ քայլին՝ իմանալով, որ մեծամասնությունը կմերժի իրեն, որ սարսափելի նվաստացումների, դաժան տառապանքների ու տանջալից մահվան կենթարկվի (Փիլիպպեցիներ 2։5-7)։ Ի՞նչը մղեց նրան այդպիսի զոհողություն անելու։

8, 9. Հիսուսն ինչո՞ւ զոհաբերեց իր կյանքը։

8 Առաջին հերթին Հիսուսին մղում էր իր Հոր հանդեպ խոր սերը։ Նրա դիմացկունությունը Եհովայի հանդեպ սիրո ապացույցն էր։ Այդ սերն էր պատճառը, որ Հիսուսը մտահոգվում էր իր Հոր անվան ու համբավի մասին (Մատթեոս 6։9; Հովհաննես 17։1-6, 26)։ Ամենից շատ նա ցանկանում էր Հոր անունը բոլոր նախատինքներից մաքրված տեսնել։ Հիսուսի համար մեծ պատիվ էր տառապել հանուն արդարության, քանի որ գիտեր՝ իր անարատությունը կնպաստի Հոր մեծ ու սքանչելի անվան սրբացմանը (1 Տարեգրություն 29։13

9 Մարդկանց հանդեպ սերը նույնպես մղում էր Հիսուսին զոհաբերելու իր կյանքը։ Այս սերը սկիզբ է առել մարդկային պատմության հենց սկզբից։ Երկիր գալուց երկար ժամանակ առաջ Աստվածաշնչում գրված էր, թե ինչ էր նա զգում. «Հատկապես ուրախանում էի մարդկանցով» (Առակներ 8։30, 31)։ Հիսուսի սերը ակնհայտ էր, երբ եկավ երկիր։ Ինչպես տեսանք նախորդ երեք գլուխներում, նա սիրում էր բոլորին, հատկապես իր աշակերտներին։ Իսկ 33 թ. նիսանի 14-ին նա պատրաստակամորեն իր կյանքը տվեց նրանց համար (Հովհաննես 10։11)։ Իսկապես, դա Հիսուսի սիրո մեծագույն դրսևորումն էր մեր հանդեպ։ Պե՞տք է ընդօրինակենք նրան այս հարցում։ Այո՛։ Իրականում մեզ այդպես վարվելու պատվեր է տրվել։

«Սիրե՛ք իրար.... այնպես, ինչպես ես ձեզ սիրեցի»

10, 11. Ի՞նչ նոր պատվիրան տվեց Հիսուսը իր հետևորդներին, ի՞նչ է այն նշանակում, և ինչո՞ւ է կարևոր, որ հնազանդվենք դրան։

10 Իր մահվան նախորդ գիշերը Հիսուսն իր ամենամտերիմ աշակերտներին ասաց. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար՝ սիրեք այնպես, ինչպես ես ձեզ սիրեցի։ Եթե սիրեք իրար, բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհաննես 13։34, 35)։ «Սիրեք իրար»։ Ինչո՞ւ է սա «նոր պատվիրան», չէ՞ որ Մովսիսական օրենքում հետևյալ պատվերն էր տրված. «Սիրեք ձեր դրացուն ձեր անձի պես» (Ղևտական 19։18)։ Սակայն նոր պատվիրանը կոչ է անում ավելի մեծ սեր դրսևորելու, սեր, որը կմղի մեզ մեր կյանքը տալու ուրիշների համար։ Հիսուսն ինքը հստակ ցույց տվեց դա՝ ասելով. «Սա է իմ պատվիրանը. սիրեք իրար այնպես, ինչպես ես ձեզ սիրեցի։ Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքը տալիս է իր ընկերների համար» (Հովհաննես 15։12, 13)։ Փաստորեն, նոր պատվիրանը կարծես այսպես է հնչում. «Սիրիր ուրիշներին ոչ թե ինչպես քեզ, այլ քեզնից ավելի շատ»։ Իր կյանքով ու մահով Հիսուսն, անշուշտ, այսպիսի սիրո օրինակ թողեց։

11 Ինչո՞ւ է կարևոր հնազանդվել նոր պատվիրանին։ Հիշիր, որ Հիսուսն ասաց. «Եթե սիրեք իրար [անձնազոհ կերպով], բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք»։ Անձնազոհ սերը ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշ նշանն է։ Դա կարելի է համեմատել անվանաքարտի հետ։ Եհովայի վկաների տարեկան համաժողովներին այցելող պատվիրակները կրում են անվանաքարտեր, որոնց վրա նշված են տվյալ մարդու անունն ու ժողովը։ Անձնազոհ սերը այն «անվանաքարտն» է, որը բնորոշում է ճշմարիտ քրիստոնյաներին։ Այլ խոսքով՝ իրար հանդեպ դրսևորած մեր սերը պետք է նշանի կամ՝ անվանաքարտի պես ակնհայտ լինի, որպեսզի մեզ տեսնողները հասկանան, որ Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն ենք։ Լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Անձնազոհ սիրո «անվանաքարտը» տեսանելի՞ է իմ կյանքում»։

Ի՞նչ է անձնազոհ սերը

12, 13. ա) Ի՞նչ աստիճանի զոհողություններ պետք է պատրաստ լինենք անել ուրիշների համար։ բ) Ի՞նչ է նշանակում լինել անձնազոհ։

12 Որպես Հիսուսի հետևորդներ՝ մենք պետք է այնպես սիրենք իրար, ինչպես նա սիրեց մեզ։ Դա նշանակում է, որ պետք է պատրաստ լինենք զոհողություններ անելու հանուն մեր հավատակիցների։ Իսկ ի՞նչ աստիճանի։ Աստվածաշունչն ասում է. «Հիսուսն իր կյանքը տվեց մեզ համար, և այդպիսով մենք իմացանք, թե ինչ է սերը։ Ուստի պարտավոր ենք մեր կյանքը տալ մեր եղբայրների համար» (1 Հովհաննես 3։16)։ Հիսուսի նման պետք է պատրաստ լինենք մահանալու իրար համար, եթե անհրաժեշտ լինի։ Հալածանքների ժամանակ մենք մեր կյանքը կտանք, բայց չենք մատնի մեր հոգևոր եղբայրներին ու չենք վտանգի նրանց կյանքը։ Այն երկրներում, որտեղ ռասայական ու էթնիկական բախումներ կան, ճշմարիտ քրիստոնյաները, անկախ ռասայական ու էթնիկական ծագումից, պատրաստ են վտանգի ենթարկել սեփական կյանքը, որ պաշտպանեն իրենց եղբայրներին։ Պատերազմների ժամանակ պատրաստ ենք բանտարկվել և նույնիսկ մահանալ, քան զենք վերցնել մեր հավատակիցների կամ ուրիշների դեմ (Հովհաննես 17։14, 16; 1 Հովհաննես 3։10-12

13 Հանուն եղբայրների մեր կյանքը զոհելու պատրաստ լինելը անձնազոհ սեր դրսևորելու միակ միջոցը չէ։ Իրականում, մեզնից քչերից է պահանջվում այդպիսի մեծ զոհողության գնալ։ Սակայն եթե մենք այնքան ենք սիրում մեր եղբայրներին, որ պատրաստ ենք մահանալ նրանց համար, ապա չպե՞տք է արդյոք պատրաստ լինենք ավելի փոքր զոհողությունների գնալ՝ ամեն ջանք թափելով, որ հիմա իսկ օգնենք նրանց։ Անձնազոհ լինել նշանակում է զոհել մեր շահերն ու հարմարավետությունը հանուն ուրիշների։ Մենք նրանց կարիքներն ու բարօրությունը ավելի կարևոր ենք համարում, քան մերը, նույնիսկ եթե այդպես վարվելը հարմար չէ մեզ (1 Կորնթացիներ 10։24)։ Ո՞ր գործնական ձևերով կարող ենք անձնազոհ սեր դրսևորել։

Ժողովում և ընտանիքում

14. ա) Ի՞նչ զոհողություններ են անում երեցները։ բ) Ի՞նչ ես զգում ձեր ժողովի տքնաջան աշխատող երեցների հանդեպ։

14 Ժողովի երեցները շատ զոհողություններ են անում, որ «հովվեն հոտը» (1 Պետրոս 5։2, 3)։ Բացի իրենց ընտանիքի մասին հոգ տանելուց՝ երեկոյան կամ շաբաթ-կիրակի օրերին նրանք ժամանակ են տրամադրում ժողովի գործերին, հանդիպումներին պատրաստվելուն, հովվական այցելություններին և իրավական հարցեր լուծելուն։ Շատ երեցներ ավելի մեծ զոհողությունների են գնում՝ համաժողովների ժամանակ տարբեր հանձնարարություններ անելով, ծառայելով հիվանդանոցների հետ կապի կոմիտեներում կամ հիվանդներին այցելող խմբերում։ Մյուսներն էլ ծառայում են նախագծման/շինարարության տեղի բաժնում որպես կամավոր։ Երեցնե՛ր, երբեք մի՛ մոռացեք, որ անձնազոհ սեր եք դրսևորում, երբ պատրաստակամ ոգով ծառայում եք՝ ձեր ժամանակը, ուժն ու միջոցները տրամադրելով հոտը հովվելուն (2 Կորնթացիներ 12։15)։ Ձեր անկեղծ ջանքերը կգնահատի ոչ միայն Եհովան, այլև ձեր հոգածության տակ գտնվող ժողովը (Փիլիպպեցիներ 2։29; Եբրայեցիներ 6։10

15. ա) Որո՞նք են այն զոհողություններից մի քանիսը, որ անում են երեցների կանայք։ բ) Ի՞նչ ես զգում այն քույրերի հանդեպ, ովքեր աջակցում են իրենց ամուսիններին։

15 Իսկ ի՞նչ կարելի է ասել երեցների կանանց մասին։ Մի՞թե այս աջակցող քույրերը նույնպես զոհողություններ չեն անում, որ իրենց ամուսինները կարողանան հոգ տանել հոտին։ Անշո՛ւշտ, չէ՞ որ ամուսինները ժողովին տրամադրում են այն ժամանակը, որ կարող էին անցկացնել իրենց ընտանիքի հետ։ Մտածիր նաև շրջանային վերակացուների կանանց ու այն զոհողությունների մասին, որ նրանք անում են՝ իրենց ամուսինների հետ տեղափոխվելով ժողովից ժողով, շրջանից շրջան։ Նրանք հրաժարվում են իրենց սեփական տունն ունենալուց ու թերևս ժամանակ առ ժամանակ քնում են տարբեր անկողիններում։ Այն կանայք, ովքեր պատրաստակամորեն ժողովի շահերը սեփական շահերից վեր են դասում, գովասանքի են արժանի իրենց առատաձեռնության ու անձնազոհ սիրո համար (Փիլիպպեցիներ 2։3, 4

16. Ի՞նչ զոհողություններ են անում քրիստոնյա ծնողները իրենց երեխաների համար։

16 Ինչպե՞ս կարող ենք անձնազոհ սեր դրսևորել ընտանիքում։ Ծնողնե՛ր, դուք շատ զոհողությունների եք գնում, որ հոգ տանեք ձեր երեխաներին ու «դաստիարակեք նրանց՝ խրատելով ու կրթելով այնպես, ինչպես Եհովան է ուզում» (Եփեսացիներ 6։4)։ Թերևս ստիպված եք երկար ու տքնաջան աշխատել, որ նրանք կերակուր, հագուստ ու ծածկ ունենան։ Դուք պատրաստ եք ձեզ զրկել ինչ-որ բանից, միայն թե ձեր երեխաները զրկված չլինեն ոչնչից։ Նաև շատ ջանք եք թափում, որ ուսումնասիրեք նրանց հետ, տանեք քրիստոնեական հանդիպումներին ու միասին ծառայեք (2 Օրենք 6։6, 7)։ Ձեր անձնազոհ սերը հաճեցնում է ընտանիքի Հիմնադրին և ձեր երեխաներին օգնում է հավիտենական կյանք ստանալ (Առակներ 22։6; Եփեսացիներ 3։14, 15

17. Քրիստոնյա ամուսիններն ինչպե՞ս կարող են ընդօրինակել Հիսուսի անշահախնդիր վերաբերմունքը։

17 Ամուսիննե՛ր, ինչպե՞ս կարող եք ընդօրինակել Հիսուսին անձնազոհ սեր դրսևորելու հարցում։ Աստծու Խոսքն ասում է. «Ամուսիննե՛ր, շարունակեք սիրել ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը և իր անձը տվեց հանուն նրա» (Եփեսացիներ 5։25)։ Ինչպես տեսանք, Հիսուսն այնքան սիրեց իր հետևորդներին, որ մահացավ նրանց համար։ Քրիստոնյա ամուսինը ընդօրինակում է Հիսուսի անշահախնդիր վերաբերմունքը, քանի որ վերջինս «չմտածեց ինքն իրեն գոհացնելու մասին» (Հռոմեացիներ 15։3)։ Այդպիսի ամուսինը իր կնոջ կարիքներն ու շահերը վեր է դասում իրենից։ Նա համառորեն չի պնդում իրենը, այլ պատրաստ է զիջել, երբ աստվածաշնչյան որևէ սկզբունք չի ոտնահարվում։ Անձնազոհ սեր դրսևորող ամուսինը ստանում է Եհովայի հավանությունը, ինչպես նաև սիրո ու հարգանքի է արժանանում իր կնոջ ու երեխաների կողմից։

Ի՞նչ կանես դու

18. Ի՞նչն է մղում մեզ հնազանդվելու սիրելու վերաբերյալ նոր պատվիրանին։

18 Սիրելու վերաբերյալ նոր պատվիրանին հնազանդվելը հեշտ չէ, բայց մենք զորեղ դրդապատճառ ունենք այդպես վարվելու։ Պողոսը գրել է. «Քրիստոսի սերը պարտավորեցնում է մեզ, որովհետև սա ենք հասկացել.... այդ մեկ մարդը մահացավ բոլորի համար։ Նա մահացավ բոլորի համար, որպեսզի ապրողները այլևս ոչ թե իրենց համար ապրեն, այլ նրա համար, ով մահացավ հանուն իրենց ու հարություն առավ» (2 Կորնթացիներ 5։14, 15)։ Եթե Հիսուսը մահացավ մեզ համար, մի՞թե չպետք է մղվենք ապրելու նրա համար։ Մենք կարող ենք այդպես վարվել՝ ընդօրինակելով նրա անձնազոհ սերը։

19, 20. Ի՞նչ թանկ նվեր է Եհովան տվել մեզ, և ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ընդունում ենք այն։

19 Հիսուսը չչափազանցրեց, երբ ասաց. «Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքը տալիս է իր ընկերների համար» (Հովհաննես 15։13)։ Այն, որ Հիսուսը պատրաստ էր իր կյանքը տալու մեզ համար, իր սիրո մեծագույն դրսևորումն էր։ Բայց կա մեկը, ով ավելի մեծ սեր է դրսևորել։ Հիսուսը բացատրեց. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։ Աստված այնքան շատ է սիրում մեզ, որ իր Որդուն որպես փրկագին է տվել՝ հնարավորություն ընձեռելով մեզ ազատագրվելու մեղքից ու մահից (Եփեսացիներ 1։7)։ Փրկագինը թանկ նվեր է Եհովայի կողմից, բայց նա չի ստիպում, որ ընդունենք այն։

20 Մեզնից է կախված՝ կընդունենք Եհովայի նվերը, թե ոչ։ Ինչպե՞ս ցույց կտանք, որ ընդունում ենք այն։ «Հավատ դրսևորելով» իր Որդու հանդեպ։ Սակայն բավական չէ պարզապես ասել, որ հավատում ենք։ Հավատը պետք է փաստենք գործերով, մեր ապրելակերպով (Հակոբոս 2։26)։ Մենք ապացուցում ենք մեր հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ ամեն օր հետևելով նրան։ Այդպես վարվելու դեպքում առատ օրհնություններ կունենանք հիմա և ապագայում, ինչպես կտեսնենք այս գրքի վերջին գլխում։

a Այդ օրը երկու անգամ թքեցին Հիսուսի վրա. մի անգամ՝ կրոնական առաջնորդները, իսկ հետո հռոմեացի զինվորները (Մատթեոս 26։59-68; 27։27-30)։ Նույնիսկ այսպիսի արհամարհական վերաբերմունքի ենթարկվելով՝ նա չտրտնջաց՝ այդպիսով իրագործելով մարգարեական խոսքերը. «Երեսս չեմ ծածկել վիրավորանքներից ու թքից» (Եսայիա 50։6