Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 17

«Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի»

«Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի»

1-4. ա) Ի՞նչ է պատահում, երբ Պիղատոսը Հիսուսին ներկայացնում է զայրացած ամբոխին, որը հավաքվել է կուսակալի պալատի մոտ։ բ) Ինչպե՞ս է Հիսուսը տանում նվաստացումն ու տառապանքները, և ի՞նչ կարևոր հարցեր են առաջանում այս առնչությամբ։

 «ԱՀԱ՛ Մարդը»։ Այս խոսքերով հռոմեացի կառավարիչ Պոնտացի Պիղատոսը ներկայացնում է Հիսուս Քրիստոսին զայրացած ամբոխին, որը 33թ. Պասեքի առավոտյան հավաքվել է կուսակալի պալատի մոտ (Հովհաննես 19։5)։ Ընդամենը մի քանի օր առաջ էր բազմությունը դիմավորել Հիսուսին, երբ որպես Աստծու կողմից նշանակված Թագավոր՝ հաղթական կերպով մտել էր Երուսաղեմ։ Այդ գիշեր, սակայն, թշնամաբար տրամադրված ամբոխը նրա նկատմամբ այլ կերպ է տրամադրված։

2 Հիսուսը ծիրանի զգեստ է հագել, ինչպիսին հագնում են արքաները, իսկ գլխին պսակ կա։ Բայց հագուստը, որը ծածկում է խարազանված մեջքի արյունոտ վերքերը, և փշերից հյուսված պսակը, որը պատռում է գլխամաշկը, նրա թագավորական դիրքի ծաղրանքն են։ Մարդիկ, ավագ քահանաների դրդմամբ, մերժում են իրենց առաջ կանգնած տանջահար մարդուն։ Քահանաները գոչում են. «Ցցի՛ն գամիր։ Ցցի՛ն գամիր»։ Իրենց սրտերում մահ ցանկանալով՝ մարդիկ բղավում են. «Նա պետք է մեռնի» (Հովհաննես 19։1–7

3 Հիսուսը արժանապատվորեն և քաջաբար տոկում է ու լռելյայն տանում նվաստացումն ու տառապանքը *։ Նա ամբողջովին պատրաստ է մեռնելու։ Ավելի ուշ՝ այդ Պասեքի օրը, նա պատրաստակամորեն ենթարկվում է տառապալից մահվան՝ տանջանքի ցցին գամված (Հովհաննես 19։17, 18, 30

4 Իր կյանքը զոհաբերելով՝ Հիսուսն ապացուցեց, որ իր հետևորդների իսկական ընկերն է։ «Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի,— ասաց նա,— քան այն մեկը, որն իր հոգին տալիս է իր ընկերների համար» (Հովհաննես 15։13)։ Այս առնչությամբ որոշ կարևոր հարցեր են առաջանում։ Անհրաժե՞շտ էր, որ Հիսուսն անցներ այդ բոլոր ցավերի միջով և հետո մահանար։ Ինչո՞ւ էր նա պատրաստ դրան։ Որպես նրա «ընկերներ» ու հետևորդներ՝ ինչպե՞ս կարող ենք հետևել նրա օրինակին։

Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Հիսուսը տառապեր ու մահանար

5. Որտեղի՞ց Հիսուսը գիտեր, թե ինչ փորձություններ էին սպասում իրեն։

5 Որպես խոստացված Մեսիա՝ Հիսուսը գիտեր, թե ինչ է սպասում իրեն։ Նա քաջածանոթ էր Եբրայերեն Գրությունների այն բազում մարգարեություններին, որոնք մանրամասնորեն կանխագուշակել էին Մեսիայի տառապանքներն ու մահը (Եսայիա 53։3–7, 12; Դանիել 9։26)։ Մեկ անգամ չէ, որ նա նախապատրաստել էր աշակերտներին իրեն սպասվող փորձություններին (Մարկոս 8։31; 9։31)։ Իսկ երբ Երուսաղեմ գնալու ճանապարհին էր, որ նշի իր վերջին Պասեքը, հստակ ասաց առաքյալներին. «Մարդու Որդին պիտի մատնվի ավագ քահանաների ու դպիրների ձեռքը, որոնք մահվան կդատապարտեն նրան, ապա կմատնեն ուրիշ ազգերի մարդկանց, որոնք կծաղրեն նրան ու կթքեն նրա վրա, կխարազանեն ու կսպանեն նրան» (Մարկոս 10։33, 34)։ Սրանք դատարկ խոսքեր չէին։ Ինչպես տեսանք, Հիսուսին իսկապես ծաղրեցին, նրա վրա թքեցին, խարազանեցին ու սպանեցին։

6. Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Հիսուսը տառապեր ու մահանար։

6 Սակայն ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Հիսուսը տառապեր ու մահանար։ Մի քանի կարևոր պատճառներով։ Առաջին՝ մնալով նվիրված՝ Հիսուսը կապացուցեր, որ անարատ է և թիկունք է կանգնում Եհովայի գերիշխանությանը։ Հիշիր, որ ստելով՝ Սատանան պնդեց, թե մարդիկ Աստծուն ծառայում են միայն եսասիրական շահերից դրդված (Հոբ 2։1–5)։ Հնազանդ մնալով «մինչև մահ.... տանջանքի ցցի վրա»՝ Հիսուսը սպառիչ պատասխան տվեց Սատանայի անհիմն մեղադրանքին (Փիլիպպեցիներ 2։8; Առակներ 27։11)։ Երկրորդ՝ Մեսիայի տառապանքների ու մահվան շնորհիվ հնարավոր կլիներ քավել մարդկանց մեղքերը (Եսայիա 53։5, 10; Դանիել 9։24)։ Հիսուսը «իր կյանքը փրկանք տվեց շատերի փոխարեն»՝ մեզ համար ճանապարհ բացելով, որ մտերիմ փոխհարաբերություններ ունենանք Աստծու հետ (Մատթեոս 20։28)։ Երրորդ՝ տոկալով տարբեր դժվարությունների ու տառապանքների ժամանակ՝ Հիսուսը «մեզ նման փորձվեց բոլոր առումներով»։ Ուստի մենք ունենք կարեկից Քահանայապետ, որը կարող է «ցավակից լինել մեր թուլություններին» (Եբրայեցիներ 2։17, 18; 4։15

Ինչո՞ւ էր Հիսուսը պատրաստ զոհելու իր կյանքը

7. Որքա՞ն բան զոհաբերեց Հիսուսը՝ գալով երկիր։

7 Հասկանալու համար, թե ինչի էր պատրաստ Հիսուսը, մտածենք հետևյալի շուրջ։ Ո՞ր մի մարդը կթողներ իր տունն ու ընտանիքը և կմեկներ ուրիշ երկիր, եթե իմանար, որ այնտեղի բնակիչներից շատերը կմերժեն իրեն, կնվաստացնեն, կչարչարեն ու վերջում կսպանեն։ Իսկ հիմա մտածիր, թե Հիսուսն ինչ արեց։ Երկիր գալուց առաջ նա երկնքում առանձնահատուկ դիրք ուներ իր Հոր կողքին։ Այդուհանդերձ, Հիսուսը պատրաստակամորեն թողեց իր երկնային տունը, եկավ երկիր ու ապրեց որպես մարդ։ Նա գնաց այդ քայլին՝ իմանալով, որ մեծամասնությունը կմերժի իրեն, որ սարսափելի նվաստացումների, դաժան տառապանքների ու տանջալից մահվան կենթարկվի (Փիլիպպեցիներ 2։5–7)։ Ի՞նչը մղեց նրան այդպիսի զոհողություն անելու։

8, 9. Ինչի՞ց մղված Հիսուսը զոհաբերեց իր կյանքը։

8 Առաջին հերթին Հիսուսին մղում էր իր Հոր հանդեպ խոր սերը։ Նրա տոկունությունը Եհովայի հանդեպ սիրո ապացույցն էր։ Այդ սերը մղում էր Հիսուսին մտահոգվելու իր Հոր անվան ու համբավի մասին (Մատթեոս 6։9; Հովհաննես 17։1–6, 26)։ Ամենից շատ նա ցանկանում էր տեսնել, որ Հոր անունը մաքրված է բոլոր նախատինքներից։ Հիսուսի համար մեծ պատիվ էր տառապել հանուն արդարության, քանի որ գիտեր՝ իր անարատությունը կնպաստի Հոր մեծ ու սքանչելի անվան սրբացմանը (1 Տարեգրություն 29։13

9 Հիսուսին նաև մղում էր իր կյանքը զոհաբերելու սերը մարդկանց հանդեպ։ Այս սերը սկիզբ է առել մարդկային պատմության հենց սկզբից։ Երկիր գալուց երկար ժամանակ առաջ Աստվածաշնչում գրված էր, թե ինչ էր նա զգում. «Այն, ինչ ուրախացնում էր ինձ, մարդկանց որդիներին էր առնչվում» (Առակներ 8։30, 31)։ Հիսուսի սերը ակնհայտ էր, երբ եկավ երկիր։ Ինչպես տեսանք նախորդ երեք գլուխներում, նա սեր էր դրսևորում բոլորի հանդեպ, հատկապես աշակերտների։ Իսկ 33թ. նիսանի 14-ին պատրաստակամորեն իր կյանքը տվեց նրանց համար (Հովհաննես 10։11)։ Իսկապես, դա սիրո մեծագույն դրսևորում էր։ Պե՞տք է ընդօրինակենք նրան այս առնչությամբ։ Այո՛։ Իրականում, մեզ այդպես վարվելու պատվեր է տրված։

«Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար»

10, 11. Ի՞նչ նոր պատվիրան տվեց Հիսուսը իր հետևորդներին, ի՞նչ է այն նշանակում և ինչո՞ւ է կարևոր, որ հնազանդվենք դրան։

10 Իր մահվան նախորդ գիշերը Հիսուսն իր ամենամտերիմ աշակերտներին ասաց. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար։ Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար։ Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհաննես 13։34, 35)։ «Սիրեք իրար»։ Ինչո՞ւ է սա «նոր պատվիրան», չէ՞ որ Մովսիսական օրենքում հետևյալ պատվերն էր տրված. «Մերձավորիդ սիրիր քո անձի պես» (Ղևտական 19։18)։ Սակայն նոր պատվիրանը կոչ է անում ավելի մեծ սեր դրսևորելու, սեր, որը կմղի մեզ մեր կյանքը տալու ուրիշների համար։ Հիսուսն ինքը հստակ ցույց տվեց դա՝ ասելով. «Սա է իմ պատվիրանը. սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի, քան այն մեկը, որն իր հոգին տալիս է իր ընկերների համար» (Հովհաննես 15։12, 13)։ Փաստորեն, նոր պատվիրանը կարծես այսպես է հնչում. «Սիրիր ուրիշներին ոչ թե ինչպես քեզ, այլ քեզնից ավելի»։ Իր կյանքով ու մահով Հիսուսն, անշուշտ, այսպիսի սիրո օրինակ թողեց։

11 Ինչո՞ւ է կարևոր հնազանդվել նոր պատվիրանին։ Հիշիր, որ Հիսուսն ասաց. «Սրանով [անձնազոհ սիրով] բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք»։ Այո՛, անձնազոհ սերը ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշ նշանն է։ Այն կարող ենք համեմատել պլակետկայի հետ։ Եհովայի վկաների տարեկան համաժողովներին այցելող պատվիրակները կրում են պլակետկաներ, որոնց վրա նշված են տվյալ անհատի անունն ու ժողովը։ Անձնազոհ սերը այն «պլակետկան» է, որը բնորոշում է ճշմարիտ քրիստոնյաներին։ Այլ խոսքերով՝ այն սերը, որ դրսևորում ենք իրար հանդեպ, պետք է այնքան ակնհայտ լինի, որ ծառայի որպես նշան, կամ՝ պլակետկա և մեզ դիտողները տեսնեն, որ Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն ենք։ Լավ կլինի, որ յուրաքանչյուրս հարցնի ինքն իրեն. «Անձնազոհ սիրո «պլակետկան» տեսանելի՞ է իմ կյանքում»։

Ի՞նչ է անձնազոհ սերը

12, 13. ա) Ի՞նչ աստիճանի զոհողությունների պետք է պատրաստ լինենք գնալու ուրիշների համար։ բ) Ի՞նչ է նշանակում լինել անձնազոհ։

12 Որպես Հիսուսի հետևորդներ՝ մենք պետք է այնպես սիրենք իրար, ինչպես նա սիրեց մեզ։ Դա նշանակում է, որ պետք է պատրաստ լինենք զոհողություններ անելու հանուն մեր հավատակիցների։ Իսկ ի՞նչ աստիճանի։ Աստվածաշունչն ասում է. «Սրանով ճանաչեցինք սերը, որ նա իր հոգին տվեց մեզ համար։ Ուստի մենք էլ պարտավոր ենք մեր հոգիները տալ մեր եղբայրների համար» (1 Հովհաննես 3։16)։ Հիսուսի նման՝ պետք է պատրաստ լինենք մահանալու իրար համար, եթե անհրաժեշտ է։ Հալածանքների ժամանակ մենք մեր կյանքը կտանք և ոչ թե կմատնենք մեր հոգևոր եղբայրներին ու կվտանգենք նրանց կյանքը։ Այն երկրներում, որտեղ ռասայական ու էթնիկական հողի վրա բախումներ կան, ճշմարիտ քրիստոնյաները, անկախ ռասայական ու էթնիկական ծագումից, պատրաստ են վտանգի ենթարկելու սեփական կյանքը, որ պաշտպանեն իրենց եղբայրներին։ Պատերազմների ժամանակ պատրաստ ենք բանտարկվելու և նույնիսկ մահանալու, քան զենք վերցնելու մեր հավատակիցների կամ ուրիշների դեմ (Հովհաննես 17։14, 16; 1 Հովհաննես 3։10–12

13 Հանուն եղբայրների մեր կյանքը զոհելու պատրաստ լինելը անձնազոհ սեր դրսևորելու միակ միջոցը չէ։ Իրականում, մեզնից քչերից է պահանջվում այդպիսի մեծ զոհողության գնալ։ Սակայն եթե մենք այնքան ենք սիրում մեր եղբայրներին, որ պատրաստ ենք մահանալու նրանց համար, ապա չպե՞տք է արդյոք պատրաստ լինենք ավելի փոքր զոհողությունների գնալու՝ ամեն ջանք թափելով, որ հիմա իսկ օգնենք նրանց։ Անձնազոհ լինել նշանակում է զոհել մեր շահերն ու հարմարավետությունը հանուն ուրիշների։ Մենք նրանց կարիքներն ու բարօրությունը ավելի կարևոր ենք համարում, քան մերը, նույնիսկ եթե այդպես վարվելը հարմար չէ մեզ (1 Կորնթացիներ 10։24)։ Ո՞ր գործնական ձևերով կարող ենք անձնազոհ սեր դրսևորել։

Ժողովում և ընտանիքում

14. ա) Ի՞նչ զոհողություններ են անում երեցները։ բ) Ի՞նչ զգացմունքներով ես լցվում ձեր ժողովի տքնաջան աշխատող երեցների հանդեպ։

14 Ժողովի երեցները շատ զոհողություններ են անում, որ «հովվեն.... հոտը» (1 Պետրոս 5։2, 3)։ Բացի իրենց ընտանիքի մասին հոգ տանելուց, երեկոյան կամ շաբաթ-կիրակի օրերին նրանք ժամանակ են տրամադրում ժողովի գործերին, հանդիպումներին պատրաստվելուն, հովվական այցելություններին և իրավական հարցեր լուծելուն։ Շատ երեցներ ավելի մեծ զոհողությունների են գնում՝ կազմակերպելով համաժողովներ, ծառայելով Հիվանդանոցների հետ կապի կոմիտեներում, Հիվանդներին այցելող խմբերում և Տարածաշրջանային շինարարական կոմիտեներում։ Երեցնե՛ր, երբեք մի՛ մոռացեք, որ եթե ծառայում եք պատրաստակամ ոգով՝ ձեր ժամանակը, ուժն ու միջոցները տրամադրելով հոտը հովվելուն, ապա անձնազոհ սեր եք դրսևորում (2 Կորնթացիներ 12։15)։ Ձեր անկեղծ ջանքերը կգնահատի ոչ միայն Եհովան, այլև ձեր հոգածության տակ գտնվող ժողովը (Փիլիպպեցիներ 2։29; Եբրայեցիներ 6։10

15. ա) Որո՞նք են այն զոհողություններից մի քանիսը, որ անում են երեցների կանայք։ բ) Ի՞նչ զգացումներով ես լցվում այն քույրերի հանդեպ, ովքեր աջակցում են իրենց ամուսիններին։

15 Իսկ ի՞նչ կարելի է ասել երեցների կանանց մասին։ Մի՞թե այս աջակցող քույրերը նույնպես զոհողություններ չեն անում, որ իրենց ամուսինները կարողանան հոգ տանել հոտին։ Անշո՛ւշտ, չէ՞ որ ամուսինները ժողովին տրամադրում են այն ժամանակը, որ կարող էին անցկացնել իրենց ընտանիքի հետ։ Մտածիր նաև շրջագայող վերակացուների կանանց և նրանց զոհողությունների մասին, որ անում են՝ իրենց ամուսինների հետ տեղափոխվելով ժողովից ժողով, շրջանից շրջան։ Նրանք հրաժարվում են իրենց սեփական տունն ունենալուց ու թերևս ամեն շաբաթ քնում են տարբեր անկողիններում։ Այն կանայք, ովքեր պատրաստակամորեն ժողովի շահերն իրենց սեփական շահերից վեր են դասում, արժանի են գովասանքի իրենց առատաձեռնության ու անձնազոհ սիրո համար (Փիլիպպեցիներ 2։3, 4

16. Ի՞նչ զոհողությունների են գնում քրիստոնյա ծնողներն իրենց երեխաների համար։

16 Ինչպե՞ս կարող ենք անձնազոհ սեր դրսևորել ընտանիքում։ Ծնողնե՛ր, դուք շատ զոհողությունների եք գնում, որ հոգ տանեք ձեր երեխաներին ու դաստիարակեք նրանց «Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփեսացիներ 6։4)։ Թերևս ստիպված եք երկար ու տքնաջան աշխատել, որ նրանք կերակուր, հագուստ ու ծածկ ունենան։ Դուք պատրաստ եք ձեզ զրկելու ինչ-որ բանից, միայն թե ձեր երեխաները զրկված չլինեն ոչնչից։ Նաև շատ ջանք եք թափում, որ ուսումնասիրեք նրանց հետ, տանեք քրիստոնեական հանդիպումներին ու միասին ծառայեք (2 Օրենք 6։6, 7)։ Ձեր անձնազոհ սերը հաճեցնում է ընտանիք Հիմնադրողին և օգնում ձեր երեխաներին հավիտենական կյանք ստանալու (Առակներ 22։6; Եփեսացիներ 3։14, 15

17. Ինչպե՞ս քրիստոնյա ամուսինները կարող են ընդօրինակել Հիսուսի անշահախնդիր վերաբերմունքը։

17 Ամուսիննե՛ր, ինչպե՞ս կարող եք ընդօրինակել Հիսուսին անձնազոհ սեր դրսևորելու հարցում։ Աստծու Խոսքն ասում է. «Ամուսիննե՛ր, շարունակեք սիրել ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը և իր անձը տվեց նրա համար» (Եփեսացիներ 5։25)։ Ինչպես տեսանք, Հիսուսն այնքան սիրեց իր հետևորդներին, որ մահացավ նրանց համար։ Քրիստոնյա ամուսինը ընդօրինակում է Հիսուսի անշահախնդիր վերաբերմունքը, քանի որ վերջինս «ինքն իրեն չհաճեցրեց» (Հռոմեացիներ 15։3)։ Այդպիսի ամուսինը պատրաստակամորեն իր կնոջ կարիքներն ու շահերը վեր է դասում իրենից։ Նա համառորեն չի պնդում իրենը, այլ պատրաստակամորեն զիջում է, երբ աստվածաշնչյան որևէ սկզբունք չի ոտնահարվում։ Անձնազոհ սեր դրսևորող ամուսինը ստանում է Եհովայի հավանությունը, ինչպես նաև սիրո ու հարգանքի է արժանանում իր կնոջ ու երեխաների կողմից։

Ի՞նչ կանես դու

18. Ի՞նչն է մղում մեզ հնազանդվելու սիրելու վերաբերյալ նոր պատվիրանին։

18 Սիրելու վերաբերյալ նոր պատվիրանին հնազանդվելը հեշտ չէ, բայց մենք զորեղ դրդապատճառ ունենք այդպես վարվելու։ Պողոսը գրել է. «Քրիստոսի ունեցած սերն է մղում մեզ, քանի որ այսպես ենք եզրակացնում, որ մեկը մահացավ բոլորի համար.... Նա մահացավ բոլորի համար, որպեսզի նրանք, ովքեր ապրում են, այլևս ոչ թե իրենց համար ապրեն, այլ նրա համար, ով մահացավ իրենց համար ու հարություն առավ» (2 Կորնթացիներ 5։14, 15)։ Եթե Հիսուսը մահացավ մեզ համար, մի՞թե չպետք է մղվենք ապրելու նրա համար։ Մենք կարող ենք այդպես վարվել՝ ընդօրինակելով նրա անձնազոհ սերը։

19, 20. Ի՞նչ թանկ նվեր է Եհովան տվել մեզ, և ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ընդունում ենք այն։

19 Հիսուսը չչափազանցրեց, երբ ասաց. «Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի, քան այն մեկը, որն իր հոգին տալիս է իր ընկերների համար» (Հովհաննես 15։13)։ Հանուն մեզ իր կյանքը տալու Հիսուսի պատրաստակամությունը մեր հանդեպ իր սիրո մեծագույն դրսևորումն էր։ Բայց կա մեկը, ով ավելի մեծ սեր է դրսևորել։ Հիսուսը բացատրեց. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։ Աստված այնքան շատ է սիրում մեզ, որ իր Որդուն որպես փրկանք է տվել՝ մեզ հնարավորություն ընձեռելով ազատագրվելու մեղքից ու մահից (Եփեսացիներ 1։7)։ Փրկանքը թանկ նվեր է Եհովայի կողմից, բայց նա չի ստիպում, որ ընդունենք այն։

20 Մեզնից է կախված՝ կընդունենք Եհովայի նվերը, թե ոչ։ Ինչպե՞ս ցույց կտանք, որ ընդունում ենք այն։ «Հավատ դրսևորելով» իր Որդու հանդեպ։ Բավական չէ, սակայն, ասել, որ հավատում ենք։ Հավատը պետք է փաստենք գործերով, մեր ապրելակերպով (Հակոբոս 2։26)։ Մենք ապացուցում ենք մեր հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ օրեցօր հետևելով նրան։ Այդպես վարվելու դեպքում առատ օրհնություններ կունենանք հիմա և ապագայում, ինչպես կտեսնենք այս գրքի վերջին գլխում։

^ Այդ օրը երկու անգամ թքեցին Հիսուսի վրա. մի անգամ՝ կրոնական առաջնորդները, իսկ հետո հռոմեացի զինվորները (Մատթեոս 26։59–68; 27։27–30)։ Նույնիսկ այսպիսի արհամարհական վերաբերմունքի ենթարկվելով՝ նա չտրտնջաց՝ այդպիսով իրագործելով մարգարեական խոսքերը. «Երեսս չծածկեցի վիրավորանքներից ու թքից» (Եսայիա 50։6