Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 12

«Առանց առակի չէր խոսում նրանց հետ»

«Առանց առակի չէր խոսում նրանց հետ»

1-3. ա) Հիսուսի հետ ճանապարհորդող աշակերտները ի՞նչ առանձնահատուկ հնարավորություն ունեն, և ի՞նչ է նա անում, որ հեշտությամբ հիշեն իր սովորեցրածը։ բ) Ինչո՞ւ է հեշտ հիշել լավ օրինակը և առակը։

 ՀԻՍՈՒՍԻ հետ ճանապարհորդող աշակերտները առանձնահատուկ հնարավորություն ունեն։ Նրանք սովորում են անձամբ Մեծ Ուսուցչից։ Աշակերտները կարող են լսել, թե ինչպես է նա բացատրում Աստծու Խոսքը և սովորեցնում հրաշալի ճշմարտությունները։ Հիմա նրանք պետք է իրենց մտքում ու սրտում պահեն նրա թանկ խոսքերը, քանի որ դեռ չի եկել դրանք թղթին հանձնելու ժամանակը *։ Ուստի Հիսուսը այնպես է սովորեցնում, որ նրանց համար հեշտ լինի հիշել։ Նա հմտորեն ուսուցանում է հատկապես առակներով և օրինակներով։

2 Սովորաբար տպավորիչ օրինակը կամ առակը չի մոռացվում։ Մի հեղինակ նշում է, որ օրինակները «ականջը դարձնում են աչք» և ունկնդրի մտքում «ստեղծում են պատկերներ»։ Իսկ պատկերները հեշտացնում են նյութի ընկալումը։ Քանի որ հաճախ մտածում ենք պատկերների օգնությամբ, օրինակների միջոցով անգամ վերացական գաղափարները հեշտությամբ ենք հասկանում։ Դրանք խոսքը դարձնում են կենդանի և մեր հիշողության մեջ խորապես տպավորում են այն դասը, որը պիտի քաղենք։

3 Երկրի վրա ապրած ոչ մի ուսուցիչ օրինակներ բերելու մեջ այդքան վարպետ չի եղել, որքան Հիսուս Քրիստոսը։ Հիսուսի առակներից շատերը հեշտությամբ են հիշվում նույնիսկ այսօր։ Ինչո՞ւ էր նա հիմնականում օգտագործում ուսուցանելու հենց այս մեթոդը։ Ինչո՞ւ էին նրա օրինակներն ու առակները այդքան տպավորիչ։ Ինչպե՞ս կարող ենք օգտագործել ուսուցանելու այս մեթոդը։

Ինչու էր ուսուցանում առակներով և օրինակներով

4, 5. Ինչո՞ւ էր Հիսուսը առակներով ուսուցանում։

4 Աստվածաշունչը երկու կարևոր պատճառ է նշում։ Առաջին՝ այդպիսով Հիսուսը կատարում էր մարգարեությունը։ Մատթեոս 13։34, 35-ում կարդում ենք. «Հիսուսը առակներով խոսեց ժողովրդի հետ։ Առանց առակի չէր խոսում նրանց հետ, որպեսզի կատարվի մարգարեի միջոցով ասված խոսքը. «Առակներով կբացեմ բերանս և աշխարհը հիմնվելուց ի վեր պահված բաները կծանուցանեմ»»։ Մատթեոսի կողմից հիշատակված մարգարեն Սաղմոս 78։2-ում գրված խոսքերը գրի առնողն էր։ Աստծու ներշնչմամբ գրված այդ խոսքերը սաղմոսերգուն ասել էր Հիսուսի ծնվելուց դարեր առաջ։ Մի՞թե ուշագրավ չէ, որ իր Որդու երկիր գալուց դեռ հարյուրավոր տարիներ առաջ Աստված որոշել էր, որ նա ուսուցանելու է առակների միջոցով։ Ուրեմն կարելի է ենթադրել, որ Եհովան գնահատում է ուսուցանելու այս մեթոդը։

5 Երկրորդ՝ ինչպես Հիսուսն ինքն ասաց, առակները օգնում էին զատորոշելու նրանց, ում «սիրտը կարծրացել էր» ճշմարտության հանդեպ (Մատթեոս 13։10–15; Եսայիա 6։9, 10)։ Իսկ ինչպե՞ս էին նրա առակները բացահայտում մարդկանց մղումները։ Որոշ դեպքերում նա միտումնավոր կերպով էր առակներով խոսում, որ մղի իր ունկնդիրներին հարցեր տալու դրանց լիարժեք նշանակությունը հասկանալու համար։ Խոնարհ մարդիկ այդպես էլ անում էին, իսկ հպարտ կամ անտարբեր մարդիկ՝ ոչ (Մատթեոս 13։36; Մարկոս 4։34)։ Փաստորեն, առակների միջոցով ճշմարտությունը հայտնի էր դառնում նրանց, ում սիրտը ծարավ էր ճշմարտության, սակայն թաքնված էր մնում նրանցից, ում սիրտը հպարտ էր։

6. Ինչո՞վ էին օգտակար Հիսուսի առակներն ու օրինակները։

6 Հիսուսի առակներն ու օրինակները շատ առումներով էին օգտակար։ Դրանք հետաքրքրություն էին առաջացնում մարդկանց մեջ՝ մղելով նրանց լսելու։ Նաև պատկերներ էին ստեղծում մտքում, ինչի շնորհիվ հեշտ էր լինում հասկանալ։ Ինչպես նշվեց սկզբում, Հիսուսի առակներն ու օրինակները օգնում էին մարդկանց հիշելու իր բառերը։ Մատթեոս 5։3–7։27-ում արձանագրված Լեռան քարոզում Հիսուսը հաճախ է պատկերավոր խոսք օգտագործում։ Մի հաշվարկի համաձայն՝ այս քարոզում կա ավելի քան 50 պատկերավոր խոսք։ Նշենք նաև, որ այն կարելի է ընթերցել մոտ 20 րոպեում։ Դա նշանակում է, որ միջին հաշվով յուրաքանչյուր 20 վայրկյանը մեկ Հիսուսը պատկերավոր խոսք է ասել։ Պարզ է, որ նա կարևորում էր պատկերավոր խոսքի գործածությունը։

7. Ինչո՞ւ է հարկավոր ընդօրինակել Հիսուսին և ուսուցանելիս օրինակներ օգտագործել։

7 Որպես Քրիստոսի հետևորդներ՝ մենք ուզում ենք ընդօրինակել ուսուցանելու նրա մեթոդը և օրինակներ օգտագործել։ Ինչպես որ համեմունքներն են ավելի ախորժալի դարձնում կերակուրը, այնպես էլ արդյունավետ օրինակները գրավիչ են դարձնում մեր ասելիքը։ Լավ մտածված պատկերավոր խոսքը նաև կարևոր ճշմարտությունները դյուրըմբռնելի է դարձնում։ Այժմ տեսնենք, թե ինչն էր Հիսուսի օրինակները այդքան արդյունավետ դարձնում։ Իսկ հետո կտեսնենք, թե մենք ինչպես կարող ենք հմտորեն օգտագործել ուսուցանելու այս մեթոդը։

Հասարակ համեմատություններ

Թռչունների ու ծաղիկների օրինակով Հիսուսը ինչպե՞ս բացատրեց, որ Աստված հոգ է տանում մեր մասին

8, 9. Ինչպե՞ս էր Հիսուսը պարզ համեմատություններ օգտագործում, և ինչո՞ւ էին այդ համեմատությունները արդյունավետ։

8 Ուսուցանելիս Հիսուսը հաճախ էր համեմատություններ բերում, որոնք բարդ չէին և ընդամենը մի քանի բառով էին արտահայտված։ Թեև հասարակ բառեր էր օգտագործում, սակայն դրանք վառ պատկերներ էին ստեղծում և ընդգծում էին հոգևոր կարևոր ճշմարտությունների բուն էությունը։ Օրինակ՝ հորդորելով աշակերտներին չմտահոգվել առօրյա բաներով՝ Հիսուսը «երկնքի թռչուններին» և «դաշտի շուշաններին» օրինակ բերեց։ Թռչունները ո՛չ ցանում են, ո՛չ հնձում, շուշաններն էլ ո՛չ մանում են, ո՛չ հյուսում։ Սակայն Աստված հոգ է տանում նրանց մասին։ Հեշտ է հասկանալ Հիսուսի խոսքերի իմաստը. եթե Աստված հոգ է տանում թռչունների և ծաղիկների մասին, ապա անպայման հոգ կտանի մարդկանց մասին, ովքեր «շարունակում են նախ թագավորությունը.... փնտրել» (Մատթեոս 6։26, 28–33

9 Հիսուսը հաճախ օգտագործում էր նաև փոխաբերություններ, որոնք ավելի զորեղ համեմատություններ են։ Փոխաբերության մեջ մի առարկայի կամ երևույթի անունը նմանության հիման վրա փոխարինվում է մեկ այլ առարկայի կամ երևույթի անունով։ Այս դեպքում էլ Հիսուսի համեմատությունները պարզ էին։ Մի անգամ իր աշակերտներին ասաց. «Դուք աշխարհի լույսն եք»։ Աշակերտներին հասկանալի էր այս փոխաբերության իմաստը. խոսքով ու գործով նրանք պետք է հոգևոր ճշմարտությունների լույսը տանեին մարդկանց և քաջալերեին փառաբանել Աստծուն (Մատթեոս 5։14–16)։ Կան նաև ուրիշ փոխաբերություններ, որ ասել է Հիսուսը. «Դուք երկրի աղն եք», «Ես եմ որթատունկը, իսկ դուք ճյուղերն եք» (Մատթեոս 5։13; Հովհաննես 15։5)։ Պատկերավոր խոսքը թեև պարզ է, սակայն ազդեցիկ է։

10. Որո՞նք են այն օրինակները, որ ցույց են տալիս, թե ինչպես կարող ես ուսուցանելիս օրինակներ բերել։

10 Ինչպե՞ս կարող ես ուսուցանելիս օրինակներ օգտագործել։ Կարիք չկա երկար-բարակ ու անհասկանալի պատմություններ պատմելու։ Մտածիր պարզ համեմատությունների մասին։ Ենթադրենք՝ քննարկում ես հարության թեման և ուզում ես բացատրել, որ մահացածներին հարություն տալը խնդիր չէ Եհովայի համար։ Ի՞նչ համեմատություն է անմիջապես միտքդ գալիս։ Աստվածաշունչը քունը որպես փոխաբերություն է օգտագործում՝ նմանեցնելով մահվան։ Կարող ես ասել. «Աստծու համար մահացածներին հարություն տալը այնքան հեշտ է, որքան մեզ համար քնած մարդուն արթնացնելը» (Հովհաննես 11։11–14)։ Կամ էլ պակերացրու, թե ուզում ես բացատրել, որ երեխաները սիրո և ուշադրության կարիք ունեն, որպեսզի լիարժեք մեծանան։ Ո՞ր օրինակը տեղին կլինի։ Աստվածաշունչը հետևյալ համեմատությունն է անում. երեխաները նման են «ձիթենու շիվերի [նոր ոստերի]» (Սաղմոս 128։3)։ Կարելի է ասել. «Սերը և ուշադրությունը երեխայի հանդեպ նույնն են, ինչ արևի շողերը և ջուրը ծառի համար»։ Որքան պարզ լինի համեմատությունը, այնքան հեշտ կլինի հասկանալ ասածիդ իմաստը։

Առօրյա կյանքից վերցված

11. Բե՛ր օրինակներ, թե ինչպես էին Հիսուսի առակները արտացոլում Գալիլեայի առօրյա կյանքը։

11 Հիսուսը վարպետորեն օրինակներ էր բերում առօրյա կյանքից։ Շատ առակներում նկարագրված են այնպիսի իրավիճակներ, որոնք նա տեսել էր Գալիլեայում անցկացրած մանկության տարիներին։ Մի պահ խորհիր նրա կյանքի այդ շրջանի մասին։ Քանի՜ անգամ է նա տեսել, թե ինչպես է իր մայրը երկանքով հացահատիկ աղացել, թթխմոր ավելացրել խմորի մեջ, ճրագ վառել կամ տուն ավլել (Մատթեոս 13։33; 24։41; Ղուկաս 15։8)։ Քանի՜ անգամ է դիտել ձկնորսներին, որոնք գցում էին իրենց ցանցը Գալիլեայի ծովի մեջ (Մատթեոս 13։47)։ Քանի՜ անգամ է տեսել հրապարակներում խաղացող երեխաների (Մատթեոս 11։16)։ Հիսուսը իրենց կողմերում ընդունված շատ ուրիշ բաների վրա էլ է ուշադրություն դարձրել, և դրանք հետագայում տեղ են գտել իր առակներում. օրինակ՝ ցանքը, ուրախ հարսանեկան խնջույքները, արևի տակ հասունացող հացահատիկի դաշտերը (Մատթեոս 13։3–8; 25։1–12; Մարկոս 4։26–29

12, 13. Ինչո՞վ է ուշագրավ այն, որ բարի սամարացու առակը պատմելիս Հիսուսը նշեց, որ ճանապարհը «Երուսաղեմից իջնում էր Երիքով»։

12 Հիսուսը իր առակներում նշում էր մանրամասներ, որոնք ծանոթ էին իր ունկնդիրներին։ Օրինակ՝ բարի սամարացու առակը։ Հիսուսն այն սկսեց հետևյալ կերպ. «Մի մարդ Երուսաղեմից իջնում էր Երիքով և ավազակների ձեռքն ընկավ, որոնք մերկացրին նրան, ծեծեցին ու կիսամեռ թողեցին» (Ղուկաս 10։30)։ Ուշադրություն դարձրու, որ իր նպատակին հասնելու համար Հիսուսը հիշատակեց Երուսաղեմից Երիքով իջնող ճանապարհը։ Նա այս առակը պատմեց Հրեաստանում՝ Երուսաղեմից ոչ հեռու։ Ուստի Հիսուսին լսողները պետք է որ իմանային այդ ճանապարհի մասին։ Հայտնի էր, որ այն վտանգավոր էր, հատկապես նրանց համար, ովքեր մենակ էին ճանապարհ ընկնում։ Այդ ոլորապտույտ ճանապարհն անցնում էր ամայի տեղանքով և լավ թաքստոց էր ավազակների համար։

13 Հիսուսը այլ ծանոթ մանրամասնություններ նշեց ճանապարհի մասին, որը «Երուսաղեմից իջնում էր Երիքով»։ Համաձայն առակի՝ նախ այդ ճանապարհով անցավ մի քահանա, հետո մի ղևտացի, սակայն նրանք կանգ չառան վնասված մարդուն օգնություն ցույց տալու համար (Ղուկաս 10։31, 32)։ Քահանաները ծառայում էին Երուսաղեմի տաճարում, իսկ ղևտացիները օգնում էին նրանց։ Շատ քահանաներ ու ղևտացիներ ապրում էին Երիքովում, երբ չէին ծառայում տաճարում. Երիքովը ընդամենը 23 կիլոմետր էր հեռու Երուսաղեմից։ Նրանք երբեմն անցնում էին այդ ճանապարհով։ Պետք է նշել նաև, որ Հիսուսը ասաց, որ ճամփորդողը «իջնում էր», ոչ թե բարձրանում Երուսաղեմից։ Այս մանրամասնությունը հասկանալի էր իր ունկնդիրներին։ Երուսաղեմը Երիքովից բարձր էր։ Հետևաբար «Երուսաղեմից» գալիս ճանապարհորդը պետք է «իջներ» *։ Իսկապես, Հիսուսը իր օրինակներում նկարագրում էր մարդկանց ծանոթ իրավիճակներ։

14. Օրինակներ օգտագործելիս ինչպե՞ս կարող ենք ի մտի ունենալ մեր ունկնդիրներին։

14 Երբ օրինակներ ենք բերում, մենք նույնպես պետք է ի մտի ունենանք մեր ունկնդիրներին։ Ի՞նչ պետք է հաշվի առնենք, երբ ուզում ենք հարմար օրինակ բերել։ Լավ կլինի հաշվի առնել անհատի տարիքը, մշակույթը, ընտանեկան վիճակը, զբաղմունքը։ Օրինակ՝ հողագործության վերաբերյալ առանձնահատկությունները ավելի շատ հասկանալի կլինեն գյուղում, քան քաղաքում ապրողներին։ Հարմար օրինակներ կարող են լինել մեր ունկնդիրների առօրյա կյանքից վերցված բաները՝ տունը, հոբբին, կերակուրը, երեխաները։

Եհովայի ստեղծագործությունից վերցված

15. Ինչո՞ւ զարմանալի չէ, որ Հիսուսը քաջածանոթ էր Եհովայի ստեղծագործություններին։

15 Հիսուսի շատ օրինակներից և առակներից երևում է, որ նա գիտելիքներ ուներ բնության մասին՝ բույսերի, կենդանիների և տեղի կլիմայական պայմանների (Մատթեոս 16։2, 3; Ղուկաս 12։24, 27)։ Որտեղի՞ց էր նա ձեռք բերել այդ գիտելիքները։ Գալիլեայում անցկացրած մանկության տարիներին նա, անկասկած, հնարավորություն էր ունեցել դիտելու Եհովայի ստեղծագործությունները։ Ավելին, Հիսուսը «բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկն» էր, և երբ Եհովան ստեղծում էր բոլոր բաները, նա «հմուտ վարպետ» էր նրա մոտ (Կողոսացիներ 1։15, 16; Առակներ 8։30, 31)։ Մի՞թե զարմանալի է, որ Հիսուսը քաջածանոթ էր Եհովայի ստեղծագործություններին։ Տեսնենք, թե ուսուցանելիս ինչպես էր վարպետորեն օգտագործում այդ գիտելիքները։

16, 17. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ Հիսուսին ծանոթ էր ոչխարների վարքագիծը։ բ) Ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ ոչխարները իսկապես ճանաչում են իրենց հովվի ձայնը։

16 Հիշենք, որ Հիսուսը իրեն նմանեցնում է «բարի հովվի», իսկ իր հետևորդներին՝ «ոչխարների»։ Հիսուսի խոսքերից երևում է, որ լավ ծանոթ էր ոչխարների վարքագծին։ Նա գիտեր, որ հովվի ու ոչխարների միջև յուրահատուկ կապվածություն կա։ Հիսուսը նշեց, որ ոչխարները պատրաստակամորեն հնազանդվում են առաջնորդությանը և հավատարմորեն հետևում իրենց հովվին։ Ինչո՞ւ։ «Որովհետև ճանաչում են նրա ձայնը»,— ասաց Հիսուսը (Հովհաննես 10։2–4, 11)։ Ի՞նչ փաստեր ունենք։

17 Ահա թե ինչ է գրում Ջորջ Սմիթը իր գրքում. «Երբեմն մեր հետճաշյա հանգիստը անցկացնում էինք հրեական ջրհորներից մեկի կողքին. սովորաբար նման ջրհորների մոտ հավաքվում են երեքից չորս հովիվներ՝ իրենց հոտերով։ Հոտերը խառնվում էին իրար, ու մենք մտածում էինք, թե ինչպես հովիվները պիտի կարողանան տարբերել իրենց ոչխարներին և հավաքել իրենց հոտը։ Երբ ոչխարները ջուր էին խմում ու խաղում էին, հովիվները մեկը մյուսի հետևից տարբեր կողմեր էին գնում, և յուրաքանչյուրը իրեն հատուկ ձևով ձայն էր տալիս։ Ոչխարները սկսում էին առանձնանալ ընդհանուր խմբից, և ամեն մեկը գնում էր դեպի իր հովիվը։ Հոտերը կազմակերպված հեռանում էին, ինչպես որ եկել էին» (The Historical Geography of the Holy Land)։ Դժվար թե Հիսուսը ավելի լավ օրինակ գտներ իր ունկնդիրներին հետևյալը բացատրելու համար. եթե ընդունում ենք նրա ուսմունքները ու հետևում դրանց, նաև հնազանդվում ենք նրա առաջնորդությանը, ապա անպայման կզգանք, թե ինչպես է «բարի հովիվը» քնքշորեն և սիրով հոգ տանում մեր մասին։

18. Որտեղի՞ց կարող ենք տեղեկություններ գտնել Եհովայի ստեղծագործությունների մասին։

18 Ինչպե՞ս կարող ենք ստեղծագործությունից վերցված օրինակներ օգտագործել։ Պարզ, բայց արդյունավետ համեմատությունների համար լավ միջոց են կենդանիներին բնորոշ առանձնահատկությունները։ Իսկ որտեղի՞ց գտնել այդպիսի տեղեկություններ։ Աստվածաշնչում հաճախ է ուշադրություն դարձվում կենդանիների առանձնահատկություններին։ Օրինակ՝ այսպիսի համեմատություններ են բերվում. արագավազ ինչպես վիթերն ու ընձառյուծները, զգուշավոր ինչպես օձը, աննենգ ինչպես աղավնին * (1 Տարեգրություն 12։8; Ամբակում 1։8; Մատթեոս 10։16)։ Այլ տեղեկություններ կարելի է գտնել «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերում կամ Եհովայի վկաների կողմից տպագրված այլ հրատարակություններում։ Շատ բան կսովորես, եթե ուշադիր լինես, թե ինչպես են այդ հրատարակություններում Եհովայի ստեղծագործությունները օգտագործվում որպես պարզ համեմատություններ։

Մարդկանց ծանոթ օրինակներ

19, 20. ա) Կեղծ ուսմունքները հերքելու համար ինչպե՞ս Հիսուսը արդյունավետորեն օգտագործեց իր օրերում տեղի ունեցած մի դեպք։ բ) Ուսուցանելիս ինչպե՞ս կարող ենք օգտագործել այն դեպքերը, որ տեղի են ունենում մարդկանց կյանքում։

19 Որպես ուսանելի օրինակ՝ կարելի է դեպքեր պատմել։ Մի անգամ Հիսուսն օգտագործեց այդ օրերին տեղի ունեցած մի միջադեպ՝ հերքելու համար այն սխալ պատկերացումը, թե դժբախտություն պատահում է նրանց, ովքեր արժանի են դրան։ Նա ասաց. «Այն տասնութ հոգին, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, մի՞թե կարծում եք, թե նրանք ավելի մեղավոր էին, քան Երուսաղեմում բնակվող մյուս բոլոր մարդիկ» (Ղուկաս 13։4)։ Այդ 18 անհատները չէին զոհվել այն պատճառով, որ ինչ-որ մեղք էին գործել և դրանով զայրացրել Աստծուն։ Նրանց ողբերգական մահը «ժամանակի ու պատահարի» հետևանք էր (Ժողովող 9։11)։ Փաստորեն, հայտնի միջադեպ հիշատակելով՝ Հիսուսը հերքեց մի կեղծ ուսմունք։

20 Ուսուցանելիս ինչպե՞ս կարող ենք օգտագործել այն իրադարձությունները, որ տեղի են ունենում մարդկանց կյանքում։ Ենթադրենք՝ քննարկում ես Հիսուսի ներկայության նշանի վերաբերյալ մարգարեության կատարումը (Մատթեոս 24։3–14)։ Կարող ես նշել վերջին նորությունները պատերազմների, սովերի կամ երկրաշարժերի մասին ու ցույց տալ, որ նշանի կոնկրետ առանձնահատկություններ արդեն կատարվում են։ Կամ էլ գուցե ուզում ես բացատրել, թե ինչ փոփոխություններ է հարկավոր անել նոր անձնավորություն հագնելու համար (Եփեսացիներ 4։20–24)։ Որտեղի՞ց հարմար օրինակներ գտնել։ Կարող ես պատմել, թե ինչպես է մեր հավատակիցներից ոմանց կյանքը փոխվել կամ օրինակներ բերել Եհովայի վկաների հրատարակություններից։

21. Աստծու Խոսքի լավ ուսուցիչը ի՞նչ օրհնություններ է ստանում։

21 Իրոք, Հիսուսը Վարպետ Ուսուցիչ էր։ Այս բաժնում տեսանք, որ նրա կյանքի նպատակն էր «սովորեցնել.... քարոզել թագավորության բարի լուրը» (Մատթեոս 4։23)։ Այս գործը առաջին տեղում է նաև մեր կյանքում։ Լավ ուսուցիչը բազում օրհնություններ է ստանում։ Ուսուցանելիս տալիս ենք ուրիշներին, իսկ տալը երջանկություն է պարգևում (Գործեր 20։35)։ Երջանկությունը գալիս է այն բանի գիտակցումից, որ ուրիշներին հաղորդում ենք իրական ու հարատև արժեք ունեցող բաներ՝ Եհովայի մասին ճշմարտությունները։ Ի՜նչ մեծ բավականություն ենք ստանում նաև՝ հետևելով Հիսուսին՝ երկրի վրա ապրած մեծագույն Ուսուցչին։

^ Հիսուսի երկրային կյանքի մասին առաջին արձանագրությունը, ակներևաբար, Մատթեոսի Ավետարանն է, որը գրվել է նրա մահից մոտ ութ տարի անց։

^ Հիսուսը նաև նշեց, որ քահանան ու ղևտացին գալիս էին «Երուսաղեմից», այսինքն՝ վերադառնում էին տաճարից։ Ուստի ոչ ոք չէր կարող իրավամբ արդարացնել այդ մարդկանց անտարբերությունը՝ ասելով, թե նրանք չմոտեցան վիրավոր անհատին, քանի որ մահացածի տպավորություն էր թողնում, իսկ նրանք չէին ուզում ժամանակավորապես անպիտան դառնալ ու չծառայել տաճարում (Ղևտական 21։1; Թվեր 19։16

^ Այն մասին, թե ինչ են խորհրդանշում որոշ կենդանիների առանձնահատկությունները, կարող ես կարդալ «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանի 1-ին հատորում, էջ 268, 270, 271 (անգլ.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։