Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 9

«Գնացեք և.... աշակերտներ պատրաստեք»

«Գնացեք և.... աշակերտներ պատրաստեք»

Ի՞նչ կարող է անել հողագործը, եթե բերքն այնքան առատ է, որ չի կարող մենակ հավաքել

1-3. ա) Ի՞նչ է անում հողագործը, երբ տեսնում է, որ բերքը այնքան առատ է, որ չի կարող մենակ հավաքել։ բ) 33 թվականի գարնանը ի՞նչ խնդրի բախվեց Հիսուսը և ինչպե՞ս լուծեց այն։

 ՀՈՂԱԳՈՐԾԸ խնդրի առաջ է կանգնած։ Մի քանի ամիս առաջ նա վարել է դաշտը և սերմ ցանել։ Հետո սրտի թրթիռով նայել է, թե ինչպես են առաջին ծիլերը հայտնվում, և ուրախացել է, որ բույսերը հասունանում են։ Հիմա այն պահն է, երբ նրա ծանր աշխատանքը պետք է վարձատրվի, քանի որ հասել է հնձի ժամանակը։ Բայց բերքն այնքան առատ է, որ մենակ չի կարող հավաքել այն։ Դրա համար իմաստուն որոշում է կայացնում և աշխատողներ է վարձում ու դաշտ ուղարկում։ Չէ՞ որ հողագործը քիչ ժամանակ ունի առատ բերքը հավաքելու համար։

2 33 թվականի գարնանը հարություն առած Հիսուսը նույն խնդրին բախվեց։ Իր երկրային ծառայության ընթացքում նա ցանում էր ճշմարտության սերմերը։ Հիմա հնձի ժամանակն է, և բերքն առատ է։ Դրական արձագանք տված բազմաթիվ մարդիկ պետք է հավաքվեն, որ աշակերտներ դառնան (Հովհաննես 4։35–38)։ Ինչպե՞ս Հիսուսը լուծեց խնդիրը։ Գալիլեայում գտնվող լեռան վրա երկինք համբարձվելուց կարճ ժամանակ առաջ նա հանձնարարեց իր աշակերտներին ավելի շատ աշխատողներ գտնել. «Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով.... սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթեոս 28։19, 20

3 Միայն այս հանձնարարությունը կատարելով՝ անհատը կարող է ցույց տալ, որ Քրիստոսի իսկական հետևորդն է։ Ուստի եկեք քննենք երեք հարց։ Ինչո՞ւ Հիսուսը հանձնարարեց ավելի շատ աշխատողներ գտնել։ Ինչպե՞ս կրթեց իր աշակերտներին, որ գտնեն նրանց։ Ինչպե՞ս է այս հանձնարարությունը առնչվում մեզ։

Ինչու ավելի շատ աշխատողների կարիք կար

4, 5. Ինչո՞ւ Հիսուսը չէր կարող ավարտել այն գործը, որը սկսել էր, և ովքե՞ր էին շարունակելու այն իր համբարձվելուց հետո։

4 Երբ 29թ.-ին Հիսուսը սկսեց իր ծառայությունը, գիտեր, որ սկիզբ է դնում մի գործի, որը ինքնուրույն չի կարող ավարտին հասցնել։ Կարճ ժամանակում, որը մնացել էր նրան երկրի վրա, համեմատաբար փոքր տարածք կարող էր անցնել և սահմանափակ թվով մարդկանց հասցնել Թագավորության լուրը։ Հիմնականում նա քարոզում էր հրեաներին և պրոզելիտներին՝ «Իսրայելի տան կորած ոչխարներին» (Մատթեոս 15։24)։ Սակայն այս «կորած ոչխարները» ցրված էին ողջ Իսրայելով, որի տարածքը ընդգրկում էր հազարավոր կիլոմետրեր։ Ավելին, ժամանակի ընթացքում բարի լուրը պետք է քարոզվեր ամբողջ աշխարհում (Մատթեոս 13։38; 24։14

5 Հիսուսը գիտակցում էր, որ իր մահից հետո շատ աշխատանք է դեռ մնալու։ Իր 11 հավատարիմ առաքյալներին նա ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ով հավատում է ինձ, կանի նաև այն գործերը, որ ես եմ անում, և սրանցից ավելի մեծ գործեր կանի, որովհետև ես Հոր մոտ եմ գնում» (Հովհաննես 14։12)։ Քանի որ Որդին վերադառնում էր երկինք, նրա հետևորդները՝ ոչ միայն առաքյալները, այլև բոլոր ապագա աշակերտները, պետք է կատարեին քարոզելու և ուսուցանելու գործը (Հովհաննես 17։20)։ Հիսուսը խոնարհաբար ընդունեց, որ նրանք իրենից «ավելի մեծ գործեր» էին անելու։ Ինչպե՞ս։

6, 7. ա) Ի՞նչ առումներով էին Հիսուսի հետևորդները «ավելի մեծ գործեր» անելու։ բ) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Հիսուսի վստահությունը իր հետևորդների հանդեպ զուր չէր։

6 Առաջին՝ Հիսուսի հետևորդները ավելի շատ տարածքներում էին քարոզելու։ Այսօր քարոզչությունը հասել է երկրագնդի ամենահեռավոր վայրերը՝ Հիսուսի քարոզած երկրի սահմաններից էլ այն կողմ։ Երկրորդ՝ նրանք քարոզելու էին ավելի շատ մարդկանց։ Հիսուսի մահից հետո աշակերտների փոքր խումբը արագորեն աճեց ու հազարների հասավ (Գործեր 2։41; 4։4)։ Իսկ այսօր նրանց թիվը միլիոնների է հասնում, և դեռ ավելին, ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ են մկրտվում։ Երրորդ՝ Հիսուսի հետևորդները քարոզելու էին ավելի երկար ժամանակահատվածում՝ ընդհուպ մեր օրերը։ Քարոզչությունը գրեթե 2000 տարի է, ինչ շարունակվում է, մինչդեռ Հիսուսը քարոզել է ընդամենը երեք ու կես տարի։

7 Ասելով, որ իր հետևորդները «սրանցից ավելի մեծ գործեր» են անելու՝ Հիսուսը իր վստահությունն արտահայտեց նրանց նկատմամբ։ Նա մի գործ էր հանձնարարում, որը շատ կարևոր էր իր համար՝ քարոզել և ուսուցանել «Աստծու թագավորության բարի լուրը» (Ղուկաս 4։43)։ Հիսուսը վստահ էր, որ իր հետևորդները հավատարմորեն կկատարեն իրենց հանձնարարությունը։ Ի՞նչ է դա նշանակում այսօր մեզ համար։ Երբ նախանձախնդրորեն ու ամբողջ սրտով կատարում ենք մեր ծառայությունը, ցույց ենք տալիս, որ Հիսուսի վստահությունը իր հետևորդների հանդեպ զուր չէր։ Մի՞թե դա պատվավոր առանձնաշնորհում չէ (Ղուկաս 13։24

Կրթված՝ վկայություն տալու համար

Սերը մղում է մեզ քարոզելու ամենուրեք

8, 9. Ի՞նչ օրինակ Հիսուսը թողեց ծառայության մեջ, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան այդ հարցում։

8 Հիսուսը լավագույնս մարզեց ու կրթեց իր աշակերտներին քարոզչական գործը կատարելու համար։ Սակայն ամենակարևորն այն էր, որ նա կատարյալ օրինակ թողեց (Ղուկաս 6։40)։ Նախորդ գլխից իմացանք, թե ինչ վերաբերմունք նա ուներ ծառայության հանդեպ։ Մի պահ պատկերացրու, թե ինչեր կարող էին աշակերտները սովորել Հիսուսից, երբ ուղեկցում էին նրան քարոզարշավների ժամանակ։ Նրանք տեսնում էին, որ Հիսուսը քարոզում է ամենուրեք՝ լճերի ափին, լեռան վրա, քաղաքներում, հրապարակներում, տներում (Մատթեոս 5։1, 2; Ղուկաս 5։1–3; 8։1; 19։5, 6)։ Տեսնում էին, որ իրենց ուսուցիչը վաղ առավոտից մինչև ուշ երեկո տքնաջան աշխատում է։ Ծառայությունը Հիսուսի համար պարզապես ժամանցի ձև չէր (Ղուկաս 21։37, 38; Հովհաննես 5։17)։ Նա խոր սեր ուներ մարդկանց հանդեպ, ու դա աշակերտները զգում էին։ Ակներևաբար, նրանք տեսնում էին, որ նրա սրտում եղած կարեկցանքը արտացոլվում էր դեմքի վրա (Մարկոս 6։34)։ Քո կարծիքով՝ ի՞նչ ազդեցություն ունեցավ Հիսուսի օրինակը իր աշակերտների վրա։ Իսկ ի՞նչ ազդեցություն այն կթողներ քեզ վրա։

9 Որպես Քրիստոսի հետևորդ՝ մենք հետևում ենք նրա օրինակին ու այդ պատճառով էլ հնարավոր բոլոր միջոցները գործի ենք դնում «հիմնովին վկայություն» տալու համար (Գործեր 10։42)։ Հիսուսի նման՝ մենք քարոզում ենք տնետուն (Գործեր 5։42)։ Անհրաժեշտության դեպքում երբեմն փոխում ենք մեր գրաֆիկը, որպեսզի հնարավորինս շատ մարդկանց գտնենք տանը։ Տարբեր մոտեցումներ ենք փորձում և քարոզում ենք մարդաշատ վայրերում՝ փողոցներում, այգիներում, խանութներում և աշխատավայրերում։ Մենք շարունակում ենք «տքնաջան աշխատել և ճիգ թափել» ծառայության մեջ, քանի որ լրջորեն ենք վերաբերվում դրան (1 Տիմոթեոս 4։10)։ Մարդկանց հանդեպ ունեցած խոր և անկեղծ սերը մղում է մեզ շարունակ առիթներ փնտրելու, որ քարոզենք ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում, որտեղ կարող ենք հանդիպել մարդկանց (1 Թեսաղոնիկեցիներ 2։8

«Յոթանասուն աշակերտները ուրախությամբ վերադարձան»

10-12. Նախքան քարոզելու ուղարկելը ի՞նչ կարևոր դասեր Հիսուսը սովորեցրեց իր աշակերտներին։

10 Հիսուսը իր աշակերտներին կրթում էր նաև մանրամասն հրահանգներ տալով։ Նախքան 12 առաքյալներին և ավելի ուշ 70 աշակերտներին քարոզելու ուղարկելը նա, կարելի է ասել, նախապատրաստական աշխատանքներ կատարեց (Մատթեոս 10։1–15; Ղուկաս 10։ 1–12)։ Այդ մարզումը լավ արդյունքներ բերեց, քանի որ Ղուկաս 10։17-ում կարդում ենք. «Յոթանասուն աշակերտները ուրախությամբ վերադարձան»։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ երկու կարևոր դաս Հիսուսը սովորեցրեց նրանց, և չմոռանանք, որ նրա խոսքերը պետք է դիտենք այն ժամանակվա հրեական ավանդույթների լույսի ներքո։

11 Հիսուսը սովորեցնում էր իր աշակերտներին ապավինել Եհովային։ Նա ասաց. «Ձեզ հետ մի՛ ունեցեք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ էլ պղինձ ձեր գոտիների քսակներում, ո՛չ ուտելիքի պարկ ճանապարհի համար, ո՛չ երկու ներքնազգեստ, ո՛չ սանդալներ և ո՛չ էլ ցուպ, որովհետև աշխատողը արժանի է իր կերակուրին» (Մատթեոս 10։9, 10)։ Սովորաբար ճանապարհորդները իրենց հետ քսակ էին վերցնում, ուտելիքի պարկ և մի զույգ լրացուցիչ սանդալ *։ Պատվիրելով աշակերտներին չանհանգստանալ այդպիսի բաների համար՝ Հիսուսը կարծես ասում էր. «Լիովին ապավինեք Եհովային, քանի որ նա հոգ կտանի ձեր կարիքների մասին»։ Եհովան կհոգար նրանց մասին՝ մղելով բարի լուրն ընդունողներին հյուրասիրություն ցույց տալու աշակերտներին, ինչը սովորություն էր Իսրայելում (Ղուկաս 22։35

12 Հիսուսը նաև սովորեցրեց իր աշակերտներին խուսափել անտեղի շեղումներից։ Նա ասաց. «Ճանապարհին ոչ ոքի չբարևեք» (Ղուկաս 10։4)։ Արդյոք Հիսուսն ուզում էր ասել, որ պետք է սառը կամ անտարբե՞ր լինել։ Իհա՛րկե ոչ։ Աստվածաշնչյան ժամանակներում ողջունելը «բարև» ասելուց ավելին էր նշանակում։ Ավանդական ողջույնները ներառում էին տարբեր գործողություններ ու երկար զրույցներ։ Մի աստվածաշնչագետ նշում է. «Արևելքի մարդկանց մեջ ընդունված ողջույնը միայն թեթևակիորեն գլուխը խոնարհելը կամ ձեռք սեղմելը չէր, ինչպես որ ընդունված է մեզ մոտ։ Ողջունելիս հարկավոր էր բազում անգամներ գրկախառնվել, խոնարհվել և անգամ մինչև գետին։ Այս ամենի համար բավականին ժամանակ էր պետք»։ Աշակերտներին պատվիրելով խուսափել ավանդական ողջույններից՝ Հիսուսը կարծես ասում էր. «Դուք պետք է առավելագույնս ճիշտ օգտագործեք ժամանակը, քանի որ ձեր հայտնած լուրը հրատապ է» *։

13. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ լրջորեն ենք վերաբերվում այն հրահանգներին, որ Հիսուսը տվեց առաջին դարի աշակերտներին։

13 Մենք լրջորեն ենք վերաբերվում այն հրահանգներին, որ Հիսուսը տվեց առաջին դարի աշակերտներին։ Մեր ծառայությունը կատարելիս լիովին ապավինում ենք Եհովային (Առակներ 3։5, 6)։ Գիտենք, որ միշտ կունենանք կյանքի անհրաժեշտ բաները, եթե «շարունակենք նախ թագավորությունը.... փնտրել» (Մատթեոս 6։33)։ Ամբողջ աշխարհում լիաժամ ծառայողները կարող են վկայել, որ նույնիսկ դժվար ժամանակներում Եհովայի ձեռքը երբեք կարճ չի եղել (Սաղմոս 37։25)։ Նաև հասկանում ենք, որ կարևոր է խուսափել շեղումներից։ Եթե զգույշ չլինենք, այս աշխարհը հեշտությամբ կմոլորեցնի մեզ (Ղուկաս 21։34–36)։ Մեր պատգամը հրատապ է, քանի որ մարդկանց կյանքերը վտանգի տակ են և քիչ ժամանակ ունենք (Հռոմեացիներ 10։13–15)։ Եթե մեր սրտերում վառ պահենք հրատապության զգացումը, թույլ չենք տա, որ այս աշխարհը խլի մեր ժամանակն ու ուժերը, որոնք կարող էինք տրամադրել ծառայությանը։ Հիշիր, մնացած ժամանակը կարճ է, իսկ բերքը՝ առատ (Մատթեոս 9։37, 38

Գործ, որը հանձնարարված է մեզ

14. Ի՞նչն է ցույց տալիս, որ Մատթեոս 28։18–20-ում արձանագրված հանձնարարությունը վերաբերում է Քրիստոսի բոլոր հետևորդներին (տե՛ս ծանոթագրությունը)։

14 Ասելով «գնացեք և.... աշակերտներ պատրաստեք»՝ հարություն առած Հիսուսը մեծ պատասխանատվություն դրեց իր հետևորդների ուսերին։ Նրա խոսքերը չէին վերաբերում միայն այն աշակերտներին, ովքեր այդ օրը ներկա էին Գալիլեայի լեռան վրա *։ Բարի լուրը պետք է քարոզվեր «բոլոր ազգերի» մարդկանց և շարունակվեր «մինչև աշխարհի վախճանը»։ Պարզ է, ուրեմն, որ այդ հանձնարարությունը ներառում է Քրիստոսի բոլոր հետևորդներին, այդ թվում նաև մեզ։ Այժմ մանրամասնորեն քննենք Հիսուսի խոսքերը՝ արձանագրված Մատթեոս 28։18–20-ում։

15. Ինչո՞ւ իմաստուն կլինի հնազանդվել Հիսուսի՝ աշակերտներ պատրաստելու պատվերին։

15 Նախքան այդ հանձնարարությունը տալը Հիսուսն ասաց. «Երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը ինձ է տրվել» (18-րդ համար)։ Իսկապե՞ս Հիսուսն այդպիսի մեծ իշխանություն ունի։ Այո՛։ Նա հրեշտակապետ է և իշխանություն ունի անթիվ-անհամար հրեշտակների վրա (1 Թեսաղոնիկեցիներ 4։16; Հայտնություն 12։7)։ Իսկ որպես «ժողովի գլուխ»՝ իշխանություն ունի երկրի վրա գտնվող իր բոլոր հետևորդների վրա (Եփեսացիներ 5։23)։ 1914թ.-ից նա երկնքում իշխում է որպես Մեսիական Թագավոր (Հայտնություն 11։15)։ Հիսուսը իշխանություն ունի անգամ նրանց վրա, ովքեր գերեզմանում են, քանի որ կարող է հարություն տալ մահացածներին (Հովհաննես 5։26–28)։ Սկզբում աշակերտների ուշադրությունը հրավիրելով իր դիրքի վրա՝ նա ցույց տվեց, որ իր խոսքերը ոչ թե որպես խորհուրդ, այլ որպես պատվեր պետք է ընդունենք։ Իմաստուն կլինի հնազանդվել Հիսուսին, քանի որ Աստված է նրան իշխանություն տվել (1 Կորնթացիներ 15։27

16. Ասելով «գնացեք»՝ ի՞նչ է Հիսուսը պատվիրում մեզ անել, և ինչպե՞ս ենք կատարում նրա հրահանգի այս մասը։

16 Հիսուսը իր պատվերը տալիս մի պարզ բառ է ասում՝ «գնացեք» (19-րդ համար)։ Այսպիսով նա պատվիրում է մեզ նախաձեռնություն վերցնել, որպեսզի Թագավորության պատգամը հասցնենք ուրիշներին։ Հրահանգի այդ մասը կատարելու համար կարող ենք տարբեր մեթոդներ օգտագործել։ Տնից տուն ծառայությունը ամենաարդյունավետ միջոցն է մարդկանց հետ անհատապես խոսելու համար (Գործեր 20։20)։ Ինչ խոսք, նաև առիթներ ենք փնտրում ոչ պաշտոնական վկայություն տալու, որովհետև բարի լուրի մասին ուզում ենք խոսել ամենուրեք։ Քարոզելու մեր մեթոդները հնարավոր է տարբեր լինեն, քանի որ հարմարվում ենք տեղի կարիքներին ու հանգամանքներին։ Սակայն մի բան նույնն է մնում. մենք «գնում» ենք և փնտրում արժանիներին (Մատթեոս 10։11

17. Ինչպե՞ս ենք «աշակերտներ պատրաստում»։

17 Հետո Հիսուսը բացատրում է մեզ հանձնարարված գործի նպատակը՝ «բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք» (19-րդ համար)։ Իսկ ինչպե՞ս ենք «աշակերտներ պատրաստում»։ Աշակերտը նա է, ով ինչ-որ մեկից ուսուցանվում է։ Աշակերտներ պատրաստել, սակայն, չի նշանակում պարզապես գիտելիքներ հաղորդել։ Երբ Աստվածաշունչ ենք ուսումնասիրում անհատի հետ, մեր նպատակն է օգնել նրան դառնալու Քրիստոսի հետևորդ։ Ամեն հարմար առիթի դեպքում մենք ուսումնասիրողի ուշադրությունը հրավիրում ենք Հիսուսի վրա, որ նրան համարի իր Ուսուցիչը և Օրինակը ու ապրի այնպես, ինչպես նա ապրեց (Հովհաննես 13։15

18. Ինչո՞ւ է մկրտությունը աշակերտի կյանքում ամենակարևոր իրադարձությունը։

18 Մեզ հանձնարարված գործի կարևոր մասը հետևյալն է. «Նրանց մկրտելով Հոր, Որդու և սուրբ ոգու անունով» (19-րդ համար)։ Մկրտությունը ամենակարևոր իրադարձությունն է աշակերտի կյանքում, քանի որ այն խորհրդանշում է վերջինիս սրտանց նվիրումը Աստծուն։ Հետևաբար մկրտությունը կարևոր է փրկություն ստանալու համար (1 Պետրոս 3։21)։ Այո՛, շարունակելով իր լավագույնը անել ծառայության մեջ՝ մկրտված աշակերտը կարող է ակնկալել, որ անվերջ օրհնություններ կստանա գալիք նոր աշխարհում։ Իսկ դու օգնե՞լ ես որևէ մեկին դառնալու Քրիստոսի մկրտված աշակերտ։ Մեր ծառայության մեջ ուրախության ավելի մեծ պատճառ չկա (3 Հովհաննես 4

19. Ի՞նչ ենք սովորեցնում նորեկներին և ինչո՞ւ թերևս շարունակենք ուսուցանել նրանց մկրտությունից հետո։

19 Հիսուսը նշում է իր հանձնարարության հաջորդ մասը. «Սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» ((20-րդ համար)։ Մենք սովորեցնում ենք նորեկներին պահել Հիսուսի պատվիրանները՝ սիրել Աստծուն և մերձավորին, ինչպես նաև աշակերտներ պատրաստել (Մատթեոս 22։37–39)։ Սովորեցնում ենք նրանց բացատրել աստվածաշնչյան ճշմարտությունները և պաշտպանել իրենց հավատը, որն անընդհատ աճում է։ Երբ նրանք ունենում են քարոզչական գործունեությանը մասնակցելու համապատասխան որակներ, մենք համագործակցում ենք նրանց հետ՝ խոսքերով ու մեր օրինակով սովորեցնելով, թե ինչպես կարող են արդյունավետորեն կատարել այդ գործը։ Գուցե անհրաժեշտություն լինի նոր աշակերտներին ուսուցանել նաև մկրտությունից հետո։ Նոր մկրտվածները թերևս լրացուցիչ օգնության կարիք ունենան, որ Քրիստոսին հետևելիս հաղթահարեն դժվարությունները (Ղուկաս 9։23, 24

«Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում»

20, 21. ա) Ինչո՞ւ առանց վախենալու կարող ենք կատարել Հիսուսի տված հանձնարարությունը։ բ) Ինչո՞ւ հիմա դանդաղելու ժամանակը չէ, և ի՞նչ պետք է վճռենք։

20 Հիսուսի հանձնարարության վերջին մասը քաջալերության մեծ աղբյուր է մեզ համար. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28։20)։ Հիսուսը հասկանում է, որ այս հանձնարարությունը շատ կարևոր է։ Նաև գիտի, որ այդ հրահանգը կատարողները կարող են հակառակորդների թշնամանքին արժանանալ (Ղուկաս 21։12)։ Սակայն վախենալու պատճառ չկա։ Մեր Առաջնորդը չի ակնկալում, որ մենակ կատարենք այս գործը։ Մի՞թե մխիթարական չէ իմանալ, որ նա, ով «երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը» ունի, մեզ հետ է և օգնում է կատարելու այս հանձնարարությունը։

21 Հիսուսը իր աշակերտներին վստահեցրեց, որ դարերի ընթացքում «մինչև աշխարհի վախճանը» նրանց հետ կլինի ծառայության ժամանակ։ Փաստորեն, մենք պետք է շարունակենք կատարել Հիսուսի հանձնարարությունը, մինչև որ գա վերջը։ Հիմա դանդաղելու ժամանակը չէ։ Առատ հոգևոր բերքը շարունակում է հնձվել։ Մեծ է նրանց թիվը, ովքեր արձագանքում են բարի լուրին։ Որպես Քրիստոսի հետևորդներ՝ եկեք վճռենք կատարել մեզ վստահված կարևոր հանձնարարությունը։ Եկեք մեր ժամանակը, ուժն ու միջոցները օգտագործենք, որ կատարենք Քրիստոսի պատվերը. «Գնացեք և.... աշակերտներ պատրաստեք»։

^ Գոտիների քսակը հավանաբար գրպան ունեցող գոտի էր, որի մեջ մետաղադրամներ էին պահում։ Ուտելիքի պարկը ավելի մեծ էր։ Սովորաբար այն կաշվից էր լինում, որը տանում էին ուսին գցած։ Դրա մեջ ուտելիք և այլ անհրաժեշտ իրեր էին դնում։

^ Մի անգամ Եղիսե մարգարեն նմանատիպ հրահանգ տվեց։ Երբ իր ծառա Գեեզիին ուղարկեց այն կնոջ տուն, որի որդին մահացել էր, ասաց. «Եթե որևէ մեկին հանդիպես, բարև չտաս» (2 Թագավորներ 4։29)։ Նրա հանձնարարությունը հրատապ էր, և դանդաղելու ժամանակ չկար։

^ Քանի որ Հիսուսի հետևորդներից շատերը Գալիլեայում էին, Մատթեոս 28։16–20-ում արձանագրված իրադարձությունը գուցե հենց այն դեպքն էր, երբ հարություն առած Հիսուսը երևաց «ավելի քան հինգ հարյուր» աշակերտների (1 Կորնթացիներ 15։6)։ Այդ պատճառով աշակերտներ պատրաստելու պատվերը թերևս լսել են հարյուրավոր մարդիկ։