Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

«Գնացեք և.... մարդկանց օգնեք աշակերտներ դառնալ»

«Գնացեք և.... մարդկանց օգնեք աշակերտներ դառնալ»

Ի՞նչ կարող է անել հողագործը, եթե բերքն այնքան առատ է, որ չի կարող մենակ հավաքել

1-3. ա) Ի՞նչ է անում հողագործը, երբ տեսնում է, որ բերքը այնքան առատ է, որ չի կարող մենակ հավաքել։ բ) 33 թ. գարնանը ի՞նչ խնդրի բախվեց Հիսուսը և ինչպե՞ս լուծեց այն։

 ՀՈՂԱԳՈՐԾԸ խնդրի առաջ է կանգնած։ Մի քանի ամիս առաջ նա վարել է դաշտը և սերմ ցանել։ Հետո սրտի թրթիռով նայել է, թե ինչպես են առաջին ծիլերը հայտնվում, և ուրախացել է, որ բույսերը հասունանում են։ Հիմա այն պահն է, երբ նրա տքնաջան աշխատանքը պետք է վարձատրվի, քանի որ հասել է հնձի ժամանակը։ Բայց մի խնդիր կա՝ բերքն այնքան առատ է, որ մենակ չի կարող հավաքել այն։ Դրա համար իմաստուն որոշում է կայացնում և աշխատողներ է վարձում ու դաշտ ուղարկում։ Չէ՞ որ հողագործը քիչ ժամանակ ունի առատ բերքը հավաքելու համար։

2 Հարություն առած Հիսուսը 33 թ. գարնանը նույն խնդրին բախվեց։ Իր երկրային ծառայության ընթացքում նա ցանում էր ճշմարտության սերմերը։ Արդեն եկել էր հնձի ժամանակը, և բերքն առատ էր։ Դրական արձագանքած բազմաթիվ մարդիկ պետք է հավաքվեին, որ աշակերտներ դառնան (Հովհաննես 4։35-38)։ Ինչպե՞ս Հիսուսը լուծեց խնդիրը։ Երկինք համբարձվելուց կարճ ժամանակ առաջ Գալիլեայում գտնվող լեռան վրա նա հանձնարարեց իր աշակերտներին ավելի շատ աշխատողներ գտնել. «Ուստի գնացեք և բոլոր ազգերի մարդկանց օգնեք աշակերտներ դառնալ՝ նրանց մկրտելով.... և սովորեցնելով պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի» (Մատթեոս 28։19, 20

3 Միայն այս հանձնարարությունը կատարելով՝ անհատը կարող է ցույց տալ, որ Քրիստոսի իսկական հետևորդն է։ Ուստի երեք հարց կքննենք։ Ինչո՞ւ Հիսուսը հանձնարարեց ավելի շատ աշխատողներ գտնել։ Ինչպե՞ս կրթեց իր աշակերտներին, որ գտնեն նրանց։ Ինչպե՞ս է այս հանձնարարությունը առնչվում մեզ։

Ինչու ավելի շատ աշխատողների կարիք կար

4, 5. Հիսուսն ինչո՞ւ չէր կարող ավարտել այն գործը, որը սկսել էր, և նրա համբարձվելուց հետո ովքե՞ր էին շարունակելու այն։

4 Երբ 29 թ.-ին Հիսուսը սկսեց իր ծառայությունը, գիտեր, որ սկիզբ է դնում մի գործի, որն ինքնուրույն չէր կարող ավարտին հասցնել։ Երկրի վրա նրան կարճ ժամանակ էր մնացել, ուստի այդ ընթացքում նա համեմատաբար փոքր տարածք կարող էր անցնել և սահմանափակ թվով մարդկանց կարող էր հասցնել Թագավորության մասին լուրը։ Հիմնականում նա քարոզում էր հրեաներին և պրոզելիտներին՝ «Իսրայելի տան կորած ոչխարներին» (Մատթեոս 15։24)։ Սակայն այս «կորած ոչխարները» ցրված էին ողջ Իսրայելով, որի տարածքը ընդգրկում էր հազարավոր կիլոմետրեր։ Ավելին՝ ժամանակի ընթացքում բարի լուրը պետք է քարոզվեր ամբողջ աշխարհում (Մատթեոս 13։38; 24։14

5 Հիսուսը գիտակցում էր, որ իր մահից հետո անելու շատ գործ է մնալու։ Իր 11 հավատարիմ առաքյալներին նա ասաց. «Հաստատ ասում եմ ձեզ. ով հավատում է ինձ, այնպիսի գործեր կանի, ինչպիսիք ես եմ անում, և ավելի մեծ գործեր կանի, որովհետև ես Հոր մոտ եմ գնում» (Հովհաննես 14։12)։ Քանի որ Որդին վերադառնում էր երկինք, նրա հետևորդները՝ ոչ միայն առաքյալները, այլև բոլոր ապագա աշակերտները, պետք է կատարեին քարոզելու և ուսուցանելու գործը (Հովհաննես 17։20)։ Հիսուսը խոնարհաբար ընդունեց, որ նրանք իրենից «ավելի մեծ գործեր» էին անելու։ Ինչպե՞ս։ Երեք կերպերով։

6, 7. ա) Ի՞նչ առումներով էին Հիսուսի հետևորդները «ավելի մեծ գործեր» անելու։ բ) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Հիսուսի վստահությունը իր հետևորդների հանդեպ զուր չէր։

6 Առաջին՝ Հիսուսի հետևորդները ավելի շատ տարածքներում էին քարոզելու։ Այսօր քարոզչությունը հասել է երկրագնդի ամենահեռավոր վայրերը՝ Հիսուսի քարոզած երկրի սահմաններից էլ այն կողմ։ Երկրորդ՝ նրանք քարոզելու էին ավելի շատ մարդկանց։ Հիսուսի մահից հետո աշակերտների փոքր խումբը արագորեն աճեց ու հազարների հասավ (Գործեր 2։41; 4։4)։ Իսկ այսօր նրանց թիվը միլիոնների է հասնում, և դեռ ավելին, ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ են մկրտվում։ Երրորդ՝ Հիսուսի հետևորդները քարոզելու էին ավելի երկար ժամանակահատվածում՝ ընդհուպ մինչև մեր օրերը։ Քարոզչությունը գրեթե 2 000 տարի է, ինչ շարունակվում է, մինչդեռ Հիսուսը քարոզել է ընդամենը երեք ու կես տարի։

7 Ասելով, որ իր հետևորդները «ավելի մեծ գործեր» են անելու՝ Հիսուսը իր վստահությունն արտահայտեց նրանց նկատմամբ։ Նա նրանց մի գործ էր հանձնարարում, որը շատ կարևոր էր իր համար՝ քարոզել և ուսուցանել «Աստծու թագավորության մասին բարի լուրը» (Ղուկաս 4։43)։ Հիսուսը վստահ էր, որ իր հետևորդները հավատարմորեն կկատարեն իրենց հանձնարարությունը։ Ի՞նչ է դա նշանակում այսօր մեզ համար։ Երբ նախանձախնդրորեն ու ամբողջ սրտով կատարում ենք մեր ծառայությունը, ցույց ենք տալիս, որ Հիսուսի վստահությունը իր հետևորդների հանդեպ զուր չէր։ Մի՞թե դա առանձնահատուկ պատիվ չէ (Ղուկաս 13։24

Կրթեց քարոզելու համար

Սերը մղում է մեզ քարոզելու ամենուրեք

8, 9. Ի՞նչ օրինակ Հիսուսը թողեց ծառայության մեջ, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան այդ հարցում։

8 Հիսուսը լավագույն կերպով կրթեց իր աշակերտներին՝ քարոզչական գործը կատարելու համար։ Ավելին՝ նա կատարյալ օրինակ թողեց (Ղուկաս 6։40)։ Նախորդ գլխից իմացանք, թե ինչ վերաբերմունք նա ուներ ծառայության հանդեպ։ Մի պահ պատկերացրու, թե ինչեր կարող էին աշակերտները սովորել Հիսուսից, երբ ուղեկցում էին նրան քարոզչական շրջագայությունների ժամանակ։ Նրանք տեսնում էին, որ Հիսուսը քարոզում է ամենուրեք՝ լճերի ափին, լեռան վրա, քաղաքներում, հրապարակներում, տներում (Մատթեոս 5։1, 2; Ղուկաս 5։1-3; 8։1; 19։5, 6)։ Տեսնում էին, որ իրենց ուսուցիչը վաղ առավոտից մինչև ուշ երեկո տքնաջան աշխատում է։ Ծառայությունը Հիսուսի համար պարզապես ժամանցի ձև չէր (Ղուկաս 21։37, 38; Հովհաննես 5։17)։ Նա խոր սեր ուներ մարդկանց հանդեպ, ու դա աշակերտները զգում էին։ Ակներևաբար նրանք Հիսուսի դեմքին տեսնում էին նրա սրտում եղած կարեկցանքը (Մարկոս 6։34)։ Քո կարծիքով՝ ի՞նչ ազդեցություն ունեցավ Հիսուսի օրինակը իր աշակերտների վրա։ Իսկ ի՞նչ ազդեցություն այն կթողներ քեզ վրա։

9 Որպես Քրիստոսի հետևորդ՝ մենք հետևում ենք նրա օրինակին ու այդ պատճառով էլ հնարավոր բոլոր միջոցները գործի ենք դնում «հիմնովին վկայություն» տալու համար (Գործեր 10։42)։ Հիսուսի նման՝ մենք քարոզում ենք տնետուն (Գործեր 5։42)։ Անհրաժեշտության դեպքում երբեմն փոխում ենք մեր գրաֆիկը, որպեսզի հնարավորինս շատ մարդկանց գտնենք տանը։ Տարբեր մոտեցումներ ենք փորձում և քարոզում ենք մարդաշատ վայրերում՝ փողոցներում, այգիներում, խանութներում և աշխատավայրերում։ Մենք շարունակում ենք «եռանդագին ջանքեր թափել և մեր ձեռքից եկածն անել» ծառայության մեջ, քանի որ լրջորեն ենք վերաբերվում դրան (1 Տիմոթեոս 4։10)։ Քանի որ անկեղծորեն սիրում ենք մարդկանց, շարունակ առիթներ ենք փնտրում, որ քարոզենք ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում, որտեղ կարող ենք հանդիպել նրանց (1 Թեսաղոնիկեցիներ 2։8

«70 աշակերտները ուրախացած վերադարձան»

10-12. Նախքան քարոզելու ուղարկելը ի՞նչ կարևոր դասեր Հիսուսը սովորեցրեց իր աշակերտներին։

10 Հիսուսը իր աշակերտներին կրթում էր նաև մանրամասն հրահանգներ տալով։ Նախքան 12 առաքյալներին և ավելի ուշ 70 աշակերտներին քարոզելու ուղարկելը նա նախապատրաստեց նրանց (Մատթեոս 10։1-15; Ղուկաս 10։1-12)։ Դա լավ արդյունքներ բերեց, քանի որ Ղուկաս 10։17-ում կարդում ենք. «70 աշակերտները ուրախացած վերադարձան»։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ երկու կարևոր դաս Հիսուսը սովորեցրեց նրանց, և չմոռանանք, որ նրա խոսքերը պետք է դիտենք այն ժամանակվա հրեական ավանդույթների լույսի ներքո։

11 Հիսուսը սովորեցնում էր իր աշակերտներին ապավինել Եհովային։ Նա ասաց. «Ձեր գոտիների մեջ չդնեք ոսկե, արծաթե կամ պղնձե դրամներ և ձեզ հետ չվերցնեք փոխնորդ հագուստ, հավելյալ սանդալներ ու ցուպ, ոչ էլ ուտելիք՝ ճանապարհի համար, որովհետև աշխատողը արժանի է, որ ստանա իր կերակուրը» (Մատթեոս 10։9, 10)։ Սովորաբար ճանապարհորդները իրենց հետ այնպիսի գոտի էին վերցնում, որում պահում էին փողը, ինչպես նաև վերցնում էին ուտելիքի պարկ և մի զույգ հավելյալ սանդալ։ a Պատվիրելով աշակերտներին չանհանգստանալ այդպիսի բաների համար՝ Հիսուսը կարծես ասում էր. «Լիովին ապավինեք Եհովային, քանի որ նա հոգ կտանի ձեր կարիքների մասին»։ Եհովան կհոգար նրանց մասին՝ մղելով բարի լուրն ընդունողներին հյուրասիրելու աշակերտներին, ինչը ընդունված էր Իսրայելում (Ղուկաս 22։35

12 Հիսուսը նաև սովորեցրեց իր աշակերտներին խուսափել անտեղի շեղումներից։ Նա ասաց. «Ճանապարհին մարդկանց ողջունելիս ոտքներդ կախ չգցեք» (Ղուկաս 10։4)։ Արդյոք Հիսուսն ուզում էր ասել, որ պետք է սառը կամ անտարբե՞ր լինել։ Իհա՛րկե ոչ։ Աստվածաշնչյան ժամանակներում «ողջունելը» բարև ասելուց ավելին էր նշանակում։ Ավանդական ողջույնները ներառում էին տարբեր գործողություններ ու երկար զրույցներ։ Մի աստվածաշնչագետ նշում է. «Արևելքի մարդկանց մեջ ընդունված ողջույնը միայն թեթևակիորեն գլուխ խոնարհելը կամ ձեռք սեղմելը չէր, ինչպես որ ընդունված է մեզ մոտ։ Ողջունելիս հարկավոր էր բազում անգամներ գրկախառնվել, խոնարհվել անգամ մինչև գետին։ Այս ամենի համար բավականին ժամանակ էր պետք»։ Աշակերտներին պատվիրելով խուսափել ավանդական ողջույնից՝ Հիսուսը կարծես ասում էր. «Դուք պետք է լավագույնս օգտագործեք ժամանակը, քանի որ ձեր հայտնած լուրը հրատապ է»։ b

13. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ լրջորեն ենք վերաբերվում այն հրահանգներին, որ Հիսուսը տվեց առաջին դարի աշակերտներին։

13 Մենք լրջորեն ենք վերաբերվում այն հրահանգներին, որ Հիսուսը տվեց առաջին դարի աշակերտներին։ Մեր ծառայությունը կատարելիս լիովին ապավինում ենք Եհովային (Առակներ 3։5, 6)։ Գիտենք, որ միշտ կունենանք անհրաժեշտ բաները, եթե «կյանքում միշտ առաջին տեղում դնենք Աստծու թագավորությունը» (Մատթեոս 6։33)։ Ամբողջ աշխարհում լիաժամ ծառայողները կարող են հաստատել, որ նույնիսկ դժվար ժամանակներում Եհովայի ձեռքը երբեք կարճ չէ (Սաղմոս 37։25)։ Նաև հասկանում ենք, որ կարևոր է խուսափել շեղումներից։ Եթե զգույշ չլինենք, այս աշխարհը հեշտությամբ կմոլորեցնի մեզ (Ղուկաս 21։34-36)։ Մեր պատգամը հրատապ է, քանի որ մարդկանց կյանքերը վտանգի տակ են, և քիչ ժամանակ ունենք (Հռոմեացիներ 10։13-15)։ Եթե մեր սրտերում վառ պահենք հրատապության զգացումը, թույլ չենք տա, որ այս աշխարհը խլի մեր ժամանակն ու ուժերը, որոնք կարող էինք տրամադրել ծառայությանը։ Հիշիր, մնացած ժամանակը կարճ է, իսկ բերքը՝ առատ (Մատթեոս 9։37, 38

Գործ, որը հանձնարարված է մեզ

14. Ի՞նչն է ցույց տալիս, որ Մատթեոս 28։18-20-ում արձանագրված հանձնարարությունը վերաբերում է Քրիստոսի բոլոր հետևորդներին (տես ծանոթագրությունը)։

14 Ասելով «գնացեք և.... մարդկանց օգնեք աշակերտներ դառնալ»՝ հարություն առած Հիսուսը մեծ պատասխանատվություն դրեց իր հետևորդների ուսերին։ Նրա խոսքերը չէին վերաբերում միայն այն աշակերտներին, ովքեր այդ օրը ներկա էին Գալիլեայի լեռան վրա։ c Բարի լուրը պետք է քարոզվեր «բոլոր ազգերի» մարդկանց և շարունակվեր «մինչև այս աշխարհի վախճանի ժամանակները»։ Պարզ է ուրեմն, որ այդ հանձնարարությունը ներառում է Քրիստոսի բոլոր հետևորդներին, այդ թվում նաև մեզ։ Այժմ մանրամասնորեն քննենք Հիսուսի խոսքերը՝ արձանագրված Մատթեոս 28։18-20-ում։

15. Ինչո՞ւ իմաստուն կլինի հնազանդվել Հիսուսի՝ աշակերտներ պատրաստելու պատվերին։

15 Նախքան այդ հանձնարարությունը տալը Հիսուսն ասաց. «Երկնքում և երկրի վրա ողջ իշխանությունը ինձ է տրվել» (18-րդ համար)։ Իսկապե՞ս Հիսուսն այդքան մեծ իշխանություն ունի։ Այո՛։ Նա հրեշտակապետ է և իշխանություն ունի անթիվ-անհամար հրեշտակների վրա (1 Թեսաղոնիկեցիներ 4։16; Հայտնություն 12։7)։ Իսկ որպես «ժողովի գլուխ»՝ իշխանություն ունի երկրի վրա գտնվող իր բոլոր հետևորդների վրա (Եփեսացիներ 5։23)։ 1914 թ.-ից նա երկնքում իշխում է որպես Մեսիական Թագավոր (Հայտնություն 11։15)։ Հիսուսը իշխանություն ունի անգամ նրանց վրա, ովքեր գերեզմանում են, քանի որ կարող է հարություն տալ մահացածներին (Հովհաննես 5։26-28)։ Սկզբում աշակերտների ուշադրությունը հրավիրելով իր դիրքի վրա՝ նա ցույց տվեց, որ իր խոսքերը ոչ թե որպես խորհուրդ, այլ որպես պատվեր պետք է ընդունենք։ Իմաստուն կլինի հնազանդվել Հիսուսին, քանի որ Աստված է նրան իշխանություն տվել (1 Կորնթացիներ 15։27

16. Ասելով «գնացեք»՝ ի՞նչ է Հիսուսը պատվիրում մեզ անել, և ինչպե՞ս ենք կատարում նրա հրահանգի այս մասը։

16 Հիսուսը իր պատվերը տալիս մի պարզ բառ է ասում՝ «գնացեք» (19-րդ համար)։ Այսպիսով նա պատվիրում է մեզ նախաձեռնություն վերցնել, որպեսզի Թագավորության մասին լուրը հասցնենք ուրիշներին։ Հրահանգի այդ մասը կատարելու համար կարող ենք տարբեր մեթոդներ օգտագործել։ Տնից տուն ծառայությունը ամենաարդյունավետ միջոցն է մարդկանց հետ անհատապես խոսելու համար (Գործեր 20։20)։ Ինչ խոսք, նաև առիթներ ենք փնտրում քարոզելու ոչ պաշտոնական իրավիճակներում, որովհետև բարի լուրի մասին ուզում ենք խոսել ամենուրեք։ Քարոզելու մեր մեթոդները հնարավոր է տարբեր լինեն, քանի որ հարմարվում ենք տեղի կարիքներին ու հանգամանքներին։ Սակայն մի բան նույնն է մնում. մենք «գնում» ենք և փնտրում արժանիներին (Մատթեոս 10։11

17. Ինչպե՞ս ենք մարդկանց օգնում, որ Հիսուսի «աշակերտները դառնան»։

17 Հետո Հիսուսը բացատրում է մեզ հանձնարարված գործի նպատակը՝ «Բոլոր ազգերի մարդկանց օգնեք աշակերտներ դառնալ» (19-րդ համար)։ Իսկ ինչպե՞ս ենք օգնում մարդկանց, որ «[Հիսուսի] աշակերտները դառնան»։ Աշակերտը նա է, ով ինչ-որ մեկից ուսուցանվում է։ Աշակերտներ պատրաստել, սակայն, չի նշանակում պարզապես գիտելիքներ հաղորդել։ Երբ Աստվածաշունչ ենք ուսումնասիրում անհատի հետ, մեր նպատակն է՝ օգնել նրան դառնալու Քրիստոսի հետևորդ։ Ամեն հարմար առիթի դեպքում մենք ուսումնասիրողի ուշադրությունը հրավիրում ենք Հիսուսի վրա, որպեսզի նրան համարի իր Ուսուցիչը և Օրինակը ու ապրի այնպես, ինչպես նա ապրեց (Հովհաննես 13։15

18. Ինչո՞ւ է մկրտությունը աշակերտի կյանքում ամենակարևոր իրադարձությունը։

18 Մեզ հանձնարարված գործի կարևոր մասը հետևյալն է. «Նրանց մկրտել Հոր, Որդու, սուրբ ոգու անունով» (19-րդ համար)։ Մկրտությունը աշակերտի կյանքում ամենակարևոր իրադարձությունն է, քանի որ այն խորհրդանշում է վերջինիս սրտանց նվիրումը Աստծուն և կարևոր է փրկություն ստանալու համար (1 Պետրոս 3։21)։ Այո՛, շարունակելով իր լավագույնը անել ծառայության մեջ՝ մկրտված աշակերտը կարող է ակնկալել, որ անվերջ օրհնություններ կստանա գալիք նոր աշխարհում։ Իսկ դու օգնե՞լ ես որևէ մեկին դառնալու Քրիստոսի մկրտված աշակերտ։ Մեր ծառայության մեջ սա մեզ ամենամեծ ուրախությունն է պատճառում (3 Հովհաննես 4

19. Ի՞նչ ենք սովորեցնում նորեկներին և ինչո՞ւ թերևս շարունակենք ուսուցանել նրանց մկրտությունից հետո։

19 Հիսուսը նշում է իր հանձնարարության հաջորդ մասը. «Սովորեցրեք պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի» (20-րդ համար)։ Մենք սովորեցնում ենք նորեկներին պահել Հիսուսի պատվիրանները՝ սիրել Աստծուն և մերձավորին, ինչպես նաև աշակերտներ պատրաստել (Մատթեոս 22։37-39)։ Սովորեցնում ենք նրանց, թե ինչպես բացատրել աստվածաշնչյան ճշմարտությունները և պաշտպանել շարունակ աճող իրենց հավատը։ Երբ նրանք ունենում են քարոզչական գործունեությանը մասնակցելու համապատասխան որակներ, համագործակցում ենք նրանց հետ՝ խոսքերով ու մեր օրինակով սովորեցնելով, թե ինչպես կարող են արդյունավետորեն կատարել այդ գործը։ Գուցե անհրաժեշտ լինի նոր աշակերտներին ուսուցանել նաև մկրտությունից հետո։ Նոր մկրտվածները թերևս լրացուցիչ օգնության կարիք ունենան, որ Քրիստոսին հետևելիս հաղթահարեն դժվարությունները (Ղուկաս 9։23, 24

«Ես ձեզ հետ եմ ամեն օր»

20, 21. ա) Ինչո՞ւ կարող ենք անվախորեն կատարել Հիսուսի տված հանձնարարությունը։ բ) Ինչո՞ւ հիմա դանդաղելու ժամանակը չէ, և ի՞նչ պետք է վճռենք։

20 Հիսուսի հանձնարարության վերջին մասը քաջալերության մեծ աղբյուր է մեզ համար. «Ես ձեզ հետ եմ ամեն օր՝ մինչև այս աշխարհի վախճանի ժամանակները» (Մատթեոս 28։20)։ Հիսուսը հասկանում է, որ այս հանձնարարությունը շատ կարևոր է։ Նաև գիտի, որ այդ հրահանգը կատարողները կարող են հակառակորդների թշնամանքին արժանանալ (Ղուկաս 21։12)։ Սակայն վախենալու պատճառ չկա։ Մեր Առաջնորդը չի ակնկալում, որ մենակ կատարենք այս գործը։ Մի՞թե մխիթարական չէ իմանալ, որ նա, ով «երկնքում և երկրի վրա ողջ իշխանությունը» ունի, մեզ հետ է և օգնում է կատարելու այս հանձնարարությունը։

21 Հիսուսը իր աշակերտներին վստահեցրեց, որ դարեր շարունակ՝ «մինչև այս աշխարհի վախճանի ժամանակները», ծառայության ժամանակ նրանց հետ կլինի։ Փաստորեն մենք պետք է շարունակենք կատարել Հիսուսի հանձնարարությունը, մինչև որ գա վերջը։ Հիմա դանդաղելու ժամանակը չէ։ Առատ հոգևոր բերքը շարունակում է հնձվել։ Մեծ է նրանց թիվը, ովքեր արձագանքում են բարի լուրին։ Որպես Քրիստոսի հետևորդներ՝ եկեք վճռենք կատարել մեզ վստահված կարևոր հանձնարարությունը։ Եկեք մեր ժամանակը, ուժն ու միջոցները օգտագործենք, որ կատարենք Քրիստոսի պատվերը. «Գնացեք և.... մարդկանց օգնեք աշակերտներ դառնալ»։

a Գոտու մեջ մետաղադրամներ էին պահում։ Ուտելիքի պարկը ավելի մեծ էր։ Սովորաբար այն կաշվից էր լինում, որը տանում էին ուսին գցած։ Դրա մեջ ուտելիք և այլ անհրաժեշտ իրեր էին դնում։

b Մի անգամ Եղիսե մարգարեն նմանատիպ հրահանգ տվեց։ Երբ իր ծառա Գեեզիին ուղարկեց այն կնոջ տուն, որի որդին մահացել էր, ասաց. «Եթե որևէ մեկին հանդիպես, բարև չտաս» (2 Թագավորներ 4։29)։ Նրա հանձնարարությունը հրատապ էր, և դանդաղելու ժամանակ չկար։

c Քանի որ Հիսուսի հետևորդներից շատերը Գալիլեայում էին, Մատթեոս 28։16-20-ում արձանագրված իրադարձությունը գուցե հենց այն դեպքն էր, երբ հարություն առած Հիսուսը երևաց «ավելի քան 500» աշակերտների (1 Կորնթացիներ 15։6)։ Այդ պատճառով աշակերտներ պատրաստելու պատվերը թերևս լսել են հարյուրավոր մարդիկ։