Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 10

«Գրված է»

«Գրված է»

«Գրքի այս հատվածը.... այսօր կատարվեց»

1-3. Հիսուսն ուզում էր, որ ի՞նչ կարևոր եզրահանգման գան Նազարեթի բնակիչները, և ի՞նչ ապացույց ներկայացրեց։

 ՀԻՍՈՒՍԻ ծառայության սկիզբն է։ Նա վերադարձել է Նազարեթ՝ իր հայրենիք։ Հիսուսի նպատակն է օգնել մարդկանց գալու կարևոր եզրահանգման. խոստացված Մեսիան ինքն է։ Իսկ ի՞նչ ապացույց է նա ներկայացնելու։

2 Շատերն, անկասկած, հրաշքի են սպասում։ Նրանք լսել են, թե ինչ զարմանալի գործեր է արել Հիսուսը։ Սակայն վերջինս ոչ մի նշան չի տալիս։ Հակառակը՝ սովորության համաձայն՝ գնում է ժողովարան։ Նա կանգնում է, որ կարդա, ու Եսայիա մարգարեի գլանաձև ձեռագիրը մեկնում են նրան։ Դա մի երկար փաթույթ է, որն, ակներևաբար, փաթաթված է մի զույգ փայտե ձողի վրա։ Հիսուսը զգուշորեն բացում է այն, որ գտնի իր ուզած հատվածը։ Այնուհետև բարձրաձայն կարդում է այն մասը, որն այսօր գրված է Եսայիա 61։1–3-ում (Ղուկաս 4։16–19

3 Ունկնդիրներն, անխոս, ծանոթ են այդ հատվածին։ Դա Մեսիայի մասին մարգարեությունն է։ Ժողովարանում բոլորի հայացքները սևեռված են Հիսուսին։ Քար լռություն է տիրում։ Հիսուսը ասում է. «Գրքի այս հատվածը, որ դուք լսեցիք, այսօր կատարվեց»։ Այնուհետև հավանաբար սկսում է մանրամասնորեն բացատրել։ Ունկնդիրները հիացած են նրա շնորհալի խոսքերով, այնուհանդերձ, շատերը, ակներևաբար, դեռ առանձնահատուկ նշանի են սպասում։ Սակայն Հիսուսը աստվածաշնչյան օրինակների միջոցով համարձակորեն ցույց է տալիս, որ նրանց հավատը թերի է։ Այդ խոսքերը լսելուց հետո Նազարեթի բնակիչները փորձում են սպանել նրան (Ղուկաս 4։20–30

4. Հիսուսն իր ծառայության ողջ ընթացքում ի՞նչ օրինակ թողեց, և ի՞նչ ենք քննելու այս գլխում։

4 Իր ծառայության ողջ ընթացքում Հիսուսը հետևեց այն օրինակին, որը թողեց ժողովարանում։ Նա գլխավորապես հիմնվում էր Աստծու ներշնչված Խոսքի վրա։ Ճիշտ է, Հիսուսի հրաշքները ապացուցում էին, որ Աստծու ոգին իր վրա է, սակայն նրա համար ոչինչ Սուրբ Գրքից կարևոր չէր։ Քննենք, թե այս առնչությամբ ինչ օրինակ է թողել նա։ Մենք կիմանանք, թե ինչպես է մեր Տերը մեջբերումներ արել Աստծու Խոսքից, պաշտպանել ու բացատրել այն։

Մեջբերում էր Աստծու Խոսքից

5. Ի՞նչ էր ուզում Հիսուսը բացատրել իր ունկնդիրներին և ինչպե՞ս ցույց տվեց իր խոսքերի ճշմարտացիությունը։

5 Հիսուսը ուզում էր, որ մարդիկ իմանան, թե որն է իր պատգամի աղբյուրը։ Նա ասաց. «Ինչ որ սովորեցնում եմ, իմը չէ, այլ ինձ ուղարկողինը» (Հովհաննես 7։16)։ Մեկ այլ դեպքում նշեց. «Ինքս ինձանից ոչինչ չեմ անում, այլ ինչ որ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում» (Հովհաննես 8։28)։ Ավելի ուշ Հիսուսն ասաց. «Այն խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինձանից չեմ ասում, այլ Հայրը, որ միության մեջ է մնում ինձ հետ, նա է անում իր գործերը» (Հովհաննես 14։10)։ Միջոցներից մեկը, որով Հիսուսը ապացուցեց այս խոսքերի ճշմարտացիությունը, Աստծու գրավոր Խոսքից կրկին ու կրկին մեջբերելն էր։

6, 7. ա) Որքա՞ն հաճախ էր Հիսուսը մեջբերումներ անում Եբրայերեն Գրություններից, և ինչո՞ւ էր դա տպավորիչ։ բ) Ինչպե՞ս էին Հիսուսի սովորեցրած բաները տարբերվում դպիրների սովորեցրածից։

6 Երբ ուշադիր քննում ենք Հիսուսի խոսքերը, որոնք արձանագրված են Աստվածաշնչում, հասկանում ենք, որ նրա մեջբերումների կեսից ավելին ուղղակի թե անուղղակի եղել են Եբրայերեն Գրություններից։ Սկզբում գուցե թվա, թե դրանում ոչ մի արտասովոր բան չկա։ Թերևս մտածես. «Դե, դա հնարավոր է, երեք ու կես տարում Հիսուսը կարող էր մեջբերումներ անել ներշնչված բոլոր գրքերից, որ առկա էին այն ժամանակ»։ Հավանաբար, նա հենց այդպես էլ արել է, չէ՞ որ Աստվածաշնչում արձանագրված են Հիսուսի խոսքերի ու գործերի միայն մի փոքր մասը (Հովհաննես 21։25)։ Իրականում, դու կարող ես կարդալ Հիսուսի բոլոր խոսքերը ընդամենը մի քանի ժամում։ Բայց պատկերացրու, որ մի քանի ժամ պետք է խոսես Աստծու և նրա Թագավորության մասին ու միևնույն ժամանակ մեջբերումներ անես Եբրայերեն Գրությունների ավելի քան կեսից։ Բացի այդ, շատ դեպքերում Հիսուսը ձեռքի տակ գլանաձև ձեռագիր չի ունեցել։ Երբ ասաց իր հայտնի Լեռան քարոզը, ուղղակիորեն և անուղղակիորեն տասնյակ մեջբերումներ արեց Եբրայերեն Գրություններից ու դրանք անգիր ասաց։

7 Այս ամենից երևում է, որ Հիսուսը մեծապես հարգում էր Աստծու Խոսքը։ Ունկնդիրները «զարմանում էին նրա սովորեցնելու կերպի վրա, որովհետև նրանց սովորեցնում էր ինչպես իշխանություն ունեցող մեկը և ոչ թե ինչպես դպիրները» (Մարկոս 1։22)։ Սովորեցնելիս դպիրները հղումներ էին անում բանավոր օրենքին և մեջբերում էին հնում ապրած ռաբբիների խոսքերը։ Սակայն Հիսուսը երբեք մեջբերումներ չարեց բանավոր օրենքից կամ որևէ ռաբբիի խոսքերից՝ հիմնավորելու համար իր ասածները։ Նա Աստծու Խոսքն էր համարում ամենահեղինակավոր աղբյուրը։ Երբ սովորեցնում էր հետևորդներին և ուղղում սխալ հայացքները, հաճախ ասում էր. «Գրված է»։

8, 9. ա) Տաճարը մաքրելիս ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ Աստծու Խոսքն է իրեն լիազորել այդպես վարվելու։ բ) Ինչպե՞ս էին կրոնական առաջնորդները տաճարում ծայրաստիճան անհարգալից վերաբերմունք դրսևորում Աստծու Խոսքի հանդեպ։

8 Երբ Հիսուսը մաքրեց Երուսաղեմի տաճարը, ասաց. «Գրված է՝ «իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի», բայց դուք այն ավազակների որջ եք դարձնում» (Մատթեոս 21։12, 13; Եսայիա 56։7; Երեմիա 7։11)։ Մեկ օր առաջ նա բազմաթիվ հրաշալի գործեր էր արել այդտեղ։ Փոքր տղաները խորապես տպավորվել ու սկսել էին գովաբանել նրան։ Սակայն կրոնական առաջնորդները զայրացած հարցրել էին Հիսուսին, թե արդյոք չի լսում՝ ինչ են ասում այդ երեխաները։ Նա պատասխանել էր. «Այո՛։ Մի՞թե երբեք չեք կարդացել, թե՝ «երեխաների և կաթնակեր մանուկների բերանով գովաբանություն պատրաստեցիր»» (Մատթեոս 21։16; Սաղմոս 8։2)։ Հիսուսն ուզում էր, որ այդ մարդիկ հասկանային՝ երեխաները վարվում էին Աստծու Խոսքի համաձայն։

9 Երկու օր անց այս կրոնական առաջնորդները հավաքվեցին ու Հիսուսից բացատրություն պահանջեցին՝ ասելով. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այս բաները» (Մատթեոս 21։23)։ Հիսուսը միշտ հստակ մատնացույց էր անում Նրան, ով իրեն իշխանությամբ էր օժտել։ Նա երբեք նոր գաղափարներ չէր հայտնում և նոր ուսմունքներ չէր հորինում։ Պարզապես անում էր այն, ինչ գրված էր իր Հոր Խոսքում։ Իսկ դպիրներն ու քահանաները ծայրաստիճան անհարգալից վերաբերմունք էին դրսևորում Եհովայի և նրա Խոսքի հանդեպ։ Այդ պատճառով Հիսուսը տեղին դատապարտեց նրանց՝ մերկացնելով վերջիններիս չար մտադրությունները (Մատթեոս 21։23–46

10. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին Աստծու Խոսքն օգտագործելիս և ի՞նչ միջոցներ ունենք, որոնք չուներ Հիսուսը։

10 Հիսուսի նման՝ ճշմարիտ քրիստոնյաներն այսօր ծառայության ժամանակ ապավինում են Աստծու Խոսքին։ Բոլորը գիտեն, որ Եհովայի վկաները մեծ ցանկություն ունեն մարդկանց հայտնելու աստվածաշնչյան պատգամը։ Մեր հրատարակություններում հաճախ է մեջբերումներ արվում Աստվածաշնչից, ինչպեսև նշվում են աստվածաշնչյան համարներ։ Նույն բանը արվում է նաև ծառայության ժամանակ։ Մարդկանց հետ զրուցելիս նրանց ուշադրությունը հրավիրում ենք գլխավորապես Աստծու Խոսքի վրա (2 Տիմոթեոս 3։16)։ Որքա՜ն ենք ուրախանում, երբ առիթ ենք ունենում Աստվածաշնչից որևէ համար կարդալու և մեկնաբանելու կամ ցույց տալու այդ համարի արժեքը։ Թեև Հիսուսի պես կատարյալ հիշողություն չունենք, սակայն մեր ձեռքի տակ ունենք բազում ձեռնարկներ, որոնք առկա չէին Հիսուսի օրերում։ Բացի ամբողջական Աստվածաշունչ ունենալուց, որը անընդհատ թարգմանվում է նորանոր լեզուներով, ունենք նաև տարբեր միջոցներ, որոնց օգնությամբ հեշտությամբ կարողանում ենք գտնել անհրաժեշտ համարը։ Ուստի եկեք շարունակենք օգտագործել Սուրբ Գիրքը և ամեն հարմար առիթի դեպքում մարդկանց հետ զրուցելիս աստվածաշնչյան համարներ կարդալ։

Պաշտպանում էր Աստծու Խոսքը

11. Ինչո՞ւ էր Հիսուսը ստիպված լինում հաճախ պաշտպանել Աստծու Խոսքը։

11 Հիսուսը տեսնում էր, որ Աստծու Խոսքը հաճախ է աղավաղվում, բայց դա նրան չէր զարմացնում։ «Քո խոսքը ճշմարտություն է»,— ասաց նա իր երկնային Հորն աղոթելիս (Հովհաննես 17։17)։ Հիսուսը նաև լավ գիտեր, որ «այս աշխարհի իշխանը»՝ Սատանան, «ստախոս է և ստության հայր» (Հովհաննես 8։44; 14։30)։ Մերժելով Սատանայի գայթակղիչ առաջարկները՝ նա երեք անգամ մեջբերեց Սուրբ Գրքից։ Սատանան սաղմոսներից մի համար մեջբերեց՝ միտումնավոր կերպով խեղաթյուրելով այն, իսկ Հիսուսը պաշտպանեց Աստծու Խոսքը՝ թույլ չտալով, որ աղավաղվի (Մատթեոս 4։6, 7

12-14. ա) Ինչպե՞ս էին կրոնական առաջնորդները անհարգալից վերաբերմունք դրսևորում Մովսիսական օրենքի հանդեպ։ բ) Ինչպե՞ս էր Հիսուսը պաշտպանում Աստծու Խոսքը։

12 Հիսուսը հաճախ էր պաշտպանում Սուրբ Գիրքը, քանի որ այն աղավաղում էին, սխալ էին ներկայացնում և խեղաթյուրում։ Իր օրերի կրոնական ուսուցիչները ծայրահեղության մեջ էին ընկնում և ոչ ճիշտ լույսի ներքո ներկայացնում Աստծու Խոսքը։ Նրանք մեծ շեշտ էին դնում Մովսիսական օրենքի փոքրագույն մասնիկները պահելու վրա՝ չկարևորելով այն սկզբունքները, որոնց վրա հիմնված էին այդ օրենքները։ Նրանք հաստատում էին երկրպագության մի ձև, որը աչքի էր ընկնում արտաքին ու ձևական բաներով, և այդպիսով անտեսում էին ավելի կարևոր բաները՝ արդարադատությունը, ողորմածությունն ու հավատարմությունը (Մատթեոս 23։23)։ Իսկ ինչպե՞ս էր Հիսուսը պաշտպանում Աստծու Օրենքը։

13 Լեռան քարոզում Հիսուսը անընդհատ ասում էր. «Լսել եք, որ ասվեց»։ Այդպիսով նա իր ունկնդիրներին հիշեցնում էր Մովսիսական օրենքի պահանջները։ Հետո ասում էր՝ «բայց ես ասում եմ ձեզ», այնուհետև բացատրում այն սկզբունքը, որն ընկած էր Օրենքի հիմքում։ Բայց մի՞թե Հիսուսը կասկածի տակ էր դնում Օրենքը։ Ո՛չ, նա պաշտպանում էր այն։ Օրինակ՝ մարդիկ լավ գիտեին «մի՛ սպանիր» օրենքը։ Բայց Հիսուսը ցույց տվեց, որ անգամ ուրիշի հանդեպ ատելությունը խախտում է այդ օրենքի ոգին։ Նմանապես, եթե անհատը կրքերով է լցվում մեկի հանդեպ, ով իր կողակիցը չէ, ոտնահարում է այն սկզբունքը, որն ընկած է շնություն գործելու վերաբերյալ Աստծու Օրենքի հիմքում (Մատթեոս 5։17, 18, 21, 22, 27–39

14 Լեռան քարոզում Հիսուսը նաև ասաց. «Լսել եք, որ ասվեց. «Սիրի՛ր մերձավորիդ և ատի՛ր թշնամուդ»։ Բայց ես ասում եմ ձեզ. շարունակեք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար» (Մատթեոս 5։43, 44)։ Իսկ «ատի՛ր թշնամուդ» պատվերը գրվա՞ծ է Աստծու Խոսքում։ Ո՛չ, դա կրոնական առաջնորդներն էին սովորեցնում իրենց նախաձեռնությամբ։ Նրանք Աստծու կատարյալ Օրենքի ուժը թուլացնում էին՝ դրան ավելացնելով մարդկային մտքի արգասիքները։ Իսկ Հիսուսն անվախորեն պաշտպանում էր Աստծու Խոսքը մարդկային ավանդույթների վնասակար հետևանքներից (Մարկոս 7։9–13

15. Ինչպե՞ս Հիսուսը պաշտպանեց Աստծու Օրենքը, որը խստացրել և նույնիսկ անտանելի էին դարձրել։

15 Կրոնական առաջնորդները աղավաղում էին Աստծու Օրենքը նաև նրանով, որ անտեղի խստացնում էին այն և նույնիսկ անտանելի դարձնում։ Երբ Հիսուսի աշակերտները ցորենի արտերի կողքով անցնելիս մի քանի հասկ պոկեցին, փարիսեցիները մեղադրեցին նրանց շաբաթի օրենքը խախտելու մեջ։ Աստծու Խոսքը նման ծայրահեղ տեսակետներից պաշտպանելու համար Հիսուսը օրինակ բերեց հենց այդտեղից։ Նա նշեց այն միակ դեպքը, երբ ընծայված հացերը օգտագործվեցին տաճարից դուրս. դա այն դեպքն էր, երբ Դավիթը և նրա քաղցած մարդիկ կերան այդ հացերը։ Հիսուսը ցույց տվեց փարիսեցիներին, որ նրանք աչքաթող են անում Եհովայի ողորմածությունն ու կարեկցանքը (Մարկոս 2։23–27

16. Ի՞նչ էին կրոնական առաջնորդներն արել բաժանության մասին Մովսեսի տված պատվերի հետ, և ինչպե՞ս արձագանքեց Հիսուսը։

16 Սակայն Աստծու Օրենքի ուժը թուլացնելու համար կրոնական առաջնորդները ստեղծել էին նաև սողանցքներ։ Օրինակ՝ Օրենքը տղամարդուն թույլ էր տալիս բաժանվել իր կնոջից, եթե «անվայել բան նկատեր», ակներևաբար, մի լուրջ խնդիր, որը անարգանք կբերեր ընտանիքի վրա (2 Օրենք 24։1)։ Սակայն Հիսուսի օրերում կրոնական առաջնորդները, հիմնվելով դրա վրա, արդարացնում էին տղամարդկանց և թույլ տալիս, որ ցանկացած պատրվակով, անգամ ճաշը վառելու պատճառով բաժանվեն *։ Հիսուսը ցույց տվեց, որ նրանք աղավաղել են Մովսեսի խոսքերը, որոնք ներշնչված են եղել Աստծուց։ Այնուհետև նշեց ամուսնության համար նախատեսված Եհովայի սկզբնական չափանիշը, այն է՝ միակնություն, նաև շեշտեց, որ ամուսնալուծության միակ հիմնավոր պատճառը սեռական անբարոյությունն է (Մատթեոս 19։3–12

17. Ինչպե՞ս կարող են այսօր քրիստոնյաները պաշտպանել Աստծու Խոսքը՝ ընդօրինակելով Հիսուսին։

17 Այսօր Քրիստոսի հետևորդները նույն կերպ պաշտպանում են Սուրբ Գիրքը աղավաղումներից։ Երբ կրոնական առաջնորդներն ասում են, թե Աստծու Խոսքի բարոյական չափանիշները ժամանակավրեպ են, իրականում աղավաղում են Աստվածաշունչը։ Գիրքը նաև խեղաթյուրվում է, երբ կրոնները ստեր են սովորեցնում և ներկայացնում են դրանք իբրև աստվածաշնչյան ուսմունքներ։ Մենք առանձնաշնորհում ենք համարում Աստծու մաքուր Խոսքի ճշմարտությունները պաշտպանելը՝ ցույց տալով, օրինակ, որ Աստված Երրորդության մի մասը չէ (2 Օրենք 4։39)։ Միևնույն ժամանակ, դա անում ենք նրբանկատորեն, մեղմությամբ ու խոր հարգանքով (1 Պետրոս 3։15

Բացատրում էր Աստծու Խոսքը

18, 19. Ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ Հիսուսը Աստծու Խոսքը բացատրելու զարմանալի ունակություն ուներ։

18 Երբ գրի էին առնվում Եբրայերեն Գրությունները, Հիսուսը երկնքում էր։ Կարող ենք պատկերացնել, թե ի՜նչ ուրախություն էր զգում նա, որ պետք է գար երկիր ու Աստծու Խոսքը բացատրեր մարդկանց։ Նշենք, օրինակ, այն անմոռանալի օրը, երբ նա հարություն առնելուց հետո Էմմաուսի ճանապարհին հանդիպեց իր երկու աշակերտներին։ Չճանաչելով Հիսուսին՝ նրանք սկսեցին պատմել, թե որքան են տխրել ու վշտացել իրենց սիրելի Տիրոջ մահվան պատճառով։ Ինչպե՞ս արձագանքեց Հիսուսը։ «Սկսելով Մովսեսից ու Մարգարեների գրվածքներից՝ նա բացատրեց նրանց այն ամենը, ինչ որ իր մասին գրված էր բոլոր Գրքերում»։ Ի՞նչ ազդեցություն դա ունեցավ աշակերտների վրա։ Ավելի ուշ իրար ասացին. «Մի՞թե չէին վառվում մեր սրտերը, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ և բացատրում Սուրբ Գրքերը» (Ղուկաս 24։15–32

19 Այդ օրը՝ ավելի ուշ, Հիսուսը հանդիպեց իր առաքյալներին և ուրիշների։ Ուշադրություն դարձրու, թե ինչ արեց նա. «Բաց արեց նրանց միտքը, որ ըմբռնեն Գրքերի իմաստը» (Ղուկաս 24։45)։ Անկասկած, այդ ուրախալի միջադեպը հիշեցրեց նրանց այն բազմաթիվ դեպքերը, երբ Հիսուսը նման կերպով էր վարվել իրենց և ուրիշ ունկնդիրների հետ։ Նա նաև մեջբերեց հայտնի համարներ և բացատրեց դրանք այնպես, որ իրեն լսողների միտքը լցվեց մի հրաշալի բանով՝ Աստծու Խոսքի նոր ու խոր հասկացողությամբ։

20, 21. Ինչպե՞ս Հիսուսը բացատրեց Եհովայի խոսքերը, որոնք նա ասաց Մովսեսին այրվող թփի մոտ։

20 Մի անգամ Հիսուսը խոսում էր սադուկեցիների մի խմբի հետ։ Հուդայականության մեջ այս աղանդը սերտորեն կապված էր հրեական քահանայական դասի հետ, և նրա անդամները չէին հավատում հարությանը։ Հիսուսն ասաց նրանց. «Մահացածների հարության մասին չե՞ք կարդացել, թե Աստված ինչ ասաց ձեզ. «Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի» (Մատթեոս 22։31, 32)։ Սա մի հատված էր, որը նրանք լավ գիտեին, և այն գրված էր նրա կողմից, ում սադուկեցիները հարգում էին՝ Մովսեսի։ Տեսնո՞ւմ ես, թե ինչ զորեղ փաստարկ բերեց Հիսուսը։

21 Մոտ մ.թ.ա 1514-ին այրվող թփի մոտ Մովսեսի ու Եհովայի միջև զրույց տեղի ունեցավ (Ելք 3։2, 6)։ Այդ ժամանակ Աբրահամի մահից արդեն 329 տարի էր անցել, Իսահակի մահից՝ 224 տարի, Հակոբի մահից՝ 197։ Սակայն Եհովան ասաց՝ «ես եմ» նրանց Աստվածը։ Սադուկեցիները գիտեին, որ Եհովան ինչ-որ հեթանոսական աստված չէ, որը ղեկավարում է մահացածների անդրշիրիմյան կյանքը։ Ո՛չ, նա «ողջերի» Աստված է, ինչպես ասաց Հիսուսը։ Ի՞նչ էր դա նշանակում։ Հիսուսը ազդեցիկ կերպով ավարտեց իր խոսքը. «Նրանք բոլորն էլ ողջ են նրա համար» (Ղուկաս 20։38)։ Այդ մահացած սիրելի ծառաները մնում են Եհովայի անսահմանափակ հիշողության մեջ։ Հարություն տալու Եհովայի խոստումը այնքան վստահելի է, որ նրանց մասին կարելի է խոսել որպես կենդանի եղողների (Հռոմեացիներ 4։16, 17)։ Մի՞թե սա Աստծու Խոսքի հրաշալի բացատրություն չէ։ Ուստի պատահական չէ, որ «ժողովուրդը զարմանում էր նրա սովորեցնելու կերպի վրա» (Մատթեոս 22։33

22, 23. ա) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին Աստծու Խոսքը բացատրելու հարցում։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ գլխում։

22 Քրիստոնյաներն այսօր առանձնաշնորհում ունեն ընդօրինակելու Հիսուսին Աստծու Խոսքը բացատրելու հարցում։ Ճիշտ է, մենք կատարյալ միտք չունենք։ Այնուհանդերձ, մարդկանց հետ զրուցելիս հաճախ ենք սուրբգրային համարներ մեջբերում, որոնք ծանոթ են նրանց, և բացատրում ենք այն երեսակները, որոնք նրանց մտքով անգամ չեն անցնում։ Օրինակ՝ մարդիկ կարող են իրենց ողջ կյանքի ընթացքում կրկնել «սուրբ լինի քո անունը» կամ «գայ քո արքայութիւնը» խոսքերը՝ առանց իմանալու Աստծու անունը կամ ինչ է Թագավորությունը (Մատթեոս 6։9, 10, Արարատ)։ Ի՜նչ հրաշալի հնարավորություն ունենք պարզ, հստակ բացատրելու Աստվածաշնչի ճշմարտությունները, երբ այդպիսի առիթ է ստեղծվում։

23 Մեջբերելով Աստծու Խոսքից, պաշտպանելով ու բացատրելով այն՝ կընդօրինակենք Հիսուսին ճշմարտությունը քարոզելիս։ Հաջորդիվ կքննենք մի քանի արդյունավետ մեթոդներ, որոնք օգտագործեց Հիսուսը՝ աստվածաշնչյան ճշմարտություններն իր ունկնդիրների սրտերին հասցնելու համար։

^ Առաջին դարի պատմաբան Հովսեպոսը, որը ամուսնալուծված փարիսեցի էր, հետագայում առաջարկեց, որ ամուսնալուծությունը թույլատրելի լինի «ցանկացած դեպքում (իսկ այսպիսի դեպքեր հաճախ են լինում տղամարդկանց կյանքում)»։