Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

«Հենց դրա համար եմ ուղարկվել»

«Հենց դրա համար եմ ուղարկվել»

1-4. ա) Ինչպե՞ս է Հիսուսը հմտորեն սովորեցնում սամարացի կնոջը, և ի՞նչ է լինում արդյունքում։ բ) Ինչպե՞ս են աշակերտներն արձագանքում։

 ՀԱՎԱՆԱԲԱՐ նրանք ժամեր շարունակ քայլում են։ Հիսուսն ու իր առաքյալները ճանապարհորդում են դեպի հյուսիս՝ Հրեաստանից Գալիլեա։ Ամենակարճ ճանապարհը, որը տևում է երեք օր, անցնում է Սամարիայի միջով։ Կեսօրին նրանք մոտենում են մի փոքր քաղաքի, որը կոչվում է Սյուքար, որտեղ էլ կանգ են առնում հանգստանալու համար։

2 Երբ առաքյալները գնում են ուտելիք գնելու, Հիսուսը նստում է հանգստանալու քաղաքից դուրս գտնվող ջրհորի մոտ։ Այդ ժամանակ մի կին է գալիս ջուր հանելու։ Հիսուսը կարող էր չտեսնելու տալ նրան, չէ՞ որ «ճամփորդությունից հոգնած էր» (Հովհաննես 4։6)։ Նա կարող էր փակել աչքերը՝ սամարուհուն հնարավորություն տալով աննկատ գալ ու գնալ։ Ինչպես իմացանք 4-րդ գլխից, կինը հավանաբար ակնկալում էր, որ հրեան արհամարհական վերաբերմունք կդրսևորի իր հանդեպ։ Սակայն Հիսուսը նրա հետ զրույցի է բռնվում։

3 Նա իր զրույցը սկսում է առօրյա կյանքից վերցրած մի օրինակով՝ կապված հենց այն բանի հետ, թե ինչ է անում կինը այդ պահին։ Վերջինս եկել է ջուր հանելու, ուստի Հիսուսը խոսում է կյանքի ջրի մասին, որը կհագեցնի հոգևորի հանդեպ նրա ծարավը։ Մի քանի անգամ կինը այնպիսի հարցերի մասին է նշում, որոնք կարող են վեճի առիթ դառնալ։ a Սակայն Հիսուսը նրբանկատորեն շրջանցում է այդ հարցերը և շարունակում այն թեման, որը սկսել է։ Նա կենտրոնանում է հոգևոր հարցերի վրա՝ մաքուր երկրպագության և Եհովա Աստծու։ Նրա խոսքերը մեծ ազդեցություն են ունենում, քանի որ կինը գնում և իր լսածը պատմում է քաղաքի մարդկանց, ու նրանք նույնպես ցանկանում են լսել Հիսուսին (Հովհաննես 4։3-42

4 Իսկ ինչպե՞ս են առաքյալները արձագանքում, երբ տեսնում են, թե Հիսուսը ինչ հրաշալի կերպով է քարոզում։ Նրանք այդքան էլ չեն ոգևորվում։ Հակառակը՝ ապշում են՝ տեսնելով, որ Հիսուսը խոսում է սամարուհու հետ, և հավանաբար ոչինչ չեն ասում այդ կնոջը։ Երբ վերջինս հեռանում է, առաքյալները սկսում են խնդրել Հիսուսին, որ հաց ուտի։ Սակայն նա ասում է. «Ես կերակուր ունեմ, որի մասին դուք չգիտեք»։ Քանի որ աշակերտները շփոթված են, սկզբում բառացի են հասկանում Հիսուսի խոսքերը։ Ուստի նա բացատրում է. «Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ և նրա հանձնարարած գործն ավարտեմ» (Հովհաննես 4։32, 34)։ Հիսուսն այսպիսով սովորեցնում է նրանց, որ իր կյանքի գլխավոր գործը ուտելիքից շատ ավելի կարևոր է։ Նա ուզում է, որ աշակերտներն էլ նույն վերաբերմունքն ունենան։ Իսկ ի՞նչ գործի մասին է խոսքը։

5. Հիսուսի կյանքում ո՞րն էր ամենակարևոր գործը, և ի՞նչ կքննենք այս գլխում։

5 Մի անգամ Հիսուսն ասաց. «Աստծու թագավորության մասին բարի լուրը.... պետք է քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել» (Ղուկաս 4։43)։ Այո՛, Հիսուսը երկիր էր եկել, որ քարոզեր և Աստծու թագավորության մասին բարի լուրը սովորեցներ։ b Այսօր Հիսուսի հետևորդները նույնպես պետք է կատարեն այս գործը։ Հետևաբար տեղին կլինի քննել, թե ինչու էր Հիսուսը քարոզում, ինչ էր քարոզում և ինչ վերաբերմունք ուներ իր նշանակման հանդեպ։

Ինչու էր Հիսուսը քարոզում

6, 7. Հիսուսի խոսքերի համաձայն՝ «մարդկանց ուսուցանող ամեն ոք» ի՞նչ պետք է զգա բարի լուրը սովորեցնելիս։ Բեր օրինակ։

6 Քննենք, թե ինչ վերաբերմունք ուներ Հիսուսը այն ճշմարտությունների հանդեպ, որ սովորեցնում էր, և մարդկանց հանդեպ, որոնց ուսուցանում էր այդ ճշմարտությունները։ Մի պատկերավոր օրինակի միջոցով Հիսուսը ցույց տվեց, թե ինչ է զգում, երբ ուրիշներին պատմում է Եհովայից սովորած ճշմարտությունները։ Նա ասաց. «Մարդկանց ուսուցանող ամեն ոք, ով սովորում է երկնքի թագավորության մասին, նմանվում է մի տանտիրոջ, որը հին ու նոր բաներ է հանում իր գանձարանից» (Մատթեոս 13։52)։ Ինչո՞ւ է տանտերը իր գանձարանից արժեքավոր բաներ հանում։

7 Տանտերը իր ունեցվածքը չի ցուցադրում, ինչպես վարվեց հին Իսրայելի Եզեկիա թագավորը ու աղետալի հետևանքներ կրեց (2 Թագավորներ 20։13-20)։ Այդ դեպքում ինչո՞ւ է տանտերը այդպես վարվում։ Քննենք մի օրինակ։ Ենթադրենք՝ հյուր ես գնում մի շատ հարգված ուսուցչի։ Նա բացում է իր դարակը ու երկու նամակ է հանում՝ մեկը դեղնած թերթեր ունի, իսկ մյուսը նոր է։ Դրանք նա ստացել է իր հորից. մեկը ստացել է երկար տարիներ առաջ, երբ դեռ պատանի էր, իսկ մյուսը վերջերս է ստացել։ Նրա աչքերը ուրախությունից փայլում են, երբ պատմում է, թե ինչ մեծ նշանակություն ունեն իր համար այդ նամակները, և թե ինչպես է հոր խորհուրդների շնորհիվ իր կյանքը փոխվել։ Դրանք կարող են արժեքավոր լինել նաև քեզ համար։ Ուսուցիչը խնամքով պահում է այդ նամակները։ Դրանք շա՜տ թանկ են իր համար (Ղուկաս 6։45)։ Նա այդ նամակները ցույց չի տալիս իր ունեցածով պարծենալու կամ ինչ-որ շահ ստանալու նպատակով, այլ որ տեսնես, թե որքան կարևոր ու արժեքավոր կարող են լինել դրանք քեզ համար։

8. Աստծու Խոսքի ճշմարտությունները գանձ համարելու ի՞նչ հիմնավոր պատճառ ունենք։

8 Հենց այսպիսի մղումներով էր Հիսուսը՝ Մեծ Ուսուցիչը, պատմում մարդկանց Աստծու մասին ճշմարտությունները։ Նրա համար այդ ճշմարտությունները անգին գանձեր էին։ Նա սիրում էր դրանք և մեծ եռանդով հայտնում էր մարդկանց դրանց մասին։ Նա ուզում էր, որ իր հետևորդներից յուրաքանչյուրը՝ «մարդկանց ուսուցանող ամեն ոք», այդպիսի վերաբերմունք ունենա։ Իսկ մենք այդպե՞ս ենք վարվում։ Աստծու Խոսքից սովորած ճշմարտությունները սիրելու հիմնավոր պատճառ ունենք։ Մենք թանկ ենք համարում ճշմարտության ամեն մի խոսքը՝ լինի դա հին՝ երկար տարիներ առաջ լսած ճշմարտություն, թե նոր՝ վերջերս լսած ճշմարտություն։ Ոգևորությամբ քարոզելով և պահպանելով մեր սերը այն ամենի հանդեպ, ինչ Եհովան սովորեցրել է մեզ՝ մենք էլ, Հիսուսի նման, այդ սերը կփոխանցենք մարդկանց։

9. ա) Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում այն մարդկանց, ում սովորեցնում էր։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել մարդկանց հանդեպ Հիսուսի ունեցած վերաբերմունքը։

9 Ինչպես դեռ կտեսնենք 3-րդ բաժնում, Հիսուսը նաև սիրում էր այն մարդկանց, ում սովորեցնում էր։ Վաղուց մարգարեացվել էր, որ Մեսիան «աղքատին ու խեղճին.... կկարեկցի» (Սաղմոս 72։13)։ Նա իսկապես հոգ էր տանում մարդկանց մասին։ Նրան մտահոգում էին նրանց մղումները, մտքերը, նա ձգտում էր թեթևացնել նրանց բեռը և հասկանում էր, թե ինչն է խանգարում ընդունելու ճշմարտությունը (Մատթեոս 11։28; 16։13; 23։13, 15)։ Հիշիր սամարացի կնոջը։ Անկասկած, նա մեծապես տպավորվել էր Հիսուսի ցուցաբերած հետաքրքրությունից։ Երբ վերջինս նրա անձնական կյանքից որոշ բաներ ասաց, կինը հասկացավ, որ Հիսուսը մարգարե է, ու մղվեց այդ մասին պատմելու ուրիշներին (Հովհաննես 4։16-19, 39)։ Ինչ խոսք, Հիսուսի հետևորդները այսօր չեն կարող կարդալ նրանց սրտերը, ում քարոզում են։ Սակայն Հիսուսի նման՝ մենք կարող ենք հետաքրքրություն ցույց տալ մարդկանց հանդեպ։ Մեր խոսքերով կարող ենք ցույց տալ, որ մտահոգվում ենք նրանցով, կարող ենք անհատական մոտեցում ցուցաբերել և հաշվի առնել նրանց դժվարությունները, կարիքները, ինչպես նաև հետաքրքրություններն ու նախընտրությունները։

Ինչ էր Հիսուսը քարոզում

10, 11. ա) Ի՞նչ էր քարոզում Հիսուսը։ բ) Ինչո՞ւ Աստծու թագավորության կարիքն առաջացավ։

10 Ի՞նչ էր Հիսուսը քարոզում։ Եթե փորձենք գտնել պատասխանը՝ ուսումնասիրելով ժամանակակից քրիստոնեական եկեղեցիներից շատերի ուսմունքները, ապա գուցե գանք այն եզրահանգման, որ Հիսուսը ինչ-որ սոցիալական բարեփոխումների մասին էր քարոզում։ Կամ այնպիսի տպավորություն ստեղծվի, թե նա քաղաքական բարեփոխումներ էր խրախուսում և հիմնականում կարևորում էր սեփական անձի փրկությունը։ Սակայն Հիսուսը, ինչպես արդեն նշվեց վերևում, հստակ ասաց. «Աստծու թագավորության մասին բարի լուրը.... պետք է քարոզեմ»։ Ի՞նչ էր դա նշանակում։

11 Հիշիր, որ Հիսուսը երկնքում էր, երբ Սատանան առաջին անգամ զրպարտեց Եհովայի սուրբ անունը և կասկածի տակ դրեց, թե արդյոք Եհովայի իշխելու ձևը արդարացի է։ Ակներևաբար, նա մեծ ցավ ապրեց, երբ իր արդար Հորը զրպարտեցին, մեղադրեցին, որ անարդար Ղեկավար է և զրկում է իր ստեղծագործություններին բարիքից։ Որքա՜ն մեծ ցավ նա զգաց, երբ Ադամն ու Եվան՝ մարդկության նախածնողները, հավատացին Սատանայի զրպարտությանը։ Որդին տեսավ, որ այդ ըմբոստության արդյունքում մարդկային ցեղը ընկավ մեղքի ու մահվան իշխանության տակ (Հռոմեացիներ 5։12)։ Սակայն որքա՜ն ցնծաց, երբ իմացավ, որ Հայրը մի օր շտկելու է ամեն բան։

12, 13. Աստծու թագավորությունը ի՞նչ անարդարություններ է վերացնելու, և ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ Թագավորությունը իր ծառայության գլխավոր թեման էր։

12 Նախևառաջ ի՞նչ պետք է արվեր։ Հարկավոր էր սրբացնել Եհովայի անունը Սատանայի ու նրա կողմնակիցների բերած ողջ նախատինքից։ Քանի որ Եհովայի անունը ներառում է նրա համբավը որպես ղեկավար, ուստի պետք է արդարացվեր նրա գերիշխանությունը, կամ՝ իշխելու կերպը։ Հիսուսը բոլորից լավ էր հասկանում այս կարևոր հարցերի նշանակությունը։ Տիպար աղոթքի միջոցով նա իր հետևորդներին սովորեցրեց աղոթել նախ իր Հոր անվան սրբացման, հետո Թագավորության գալստյան, այնուհետև այն մասին, որ Աստծու կամքը կատարվի երկրի վրա (Մատթեոս 6։9, 10)։ Աստծու թագավորությունը իր Ղեկավարի՝ Հիսուս Քրիստոսի առաջնորդությամբ շուտով կվերացնի Սատանայի այս ապականված աշխարհը և մեկընդմիշտ կհաստատի Եհովայի արդար իշխանությունը (Դանիել 2։44

13 Հիսուսի ծառայության գլխավոր թեման Թագավորությունն էր։ Իր ամեն մի խոսքով ու գործով նա փորձում էր պարզաբանել, թե ինչ է Թագավորությունը, և ինչպես է այն իրագործելու Եհովայի նպատակը։ Հիսուսը երբեք թույլ չէր տալիս, որ որևէ բան շեղի իրեն Աստծու թագավորության բարի լուրը քարոզելու առաքելությունից։ Այն ժամանակ նույնպես անարդարություն ու սոցիալական խնդիրներ կային, բայց Հիսուսի համար ամենակարևորը բարի լուրը քարոզելն էր ու Աստծու տված հանձնարարությունը կատարելը։ Նշանակո՞ւմ է դա, որ Հիսուսը նեղ մտածելակերպ ուներ ու ձանձրալի ուսուցիչ էր։ Բոլորովի՛ն։

14, 15. ա) Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ «Սողոմոնից էլ մեծ է»։ բ) Ինչպե՞ս կարող ենք քարոզելիս ընդօրինակել Հիսուսին։

14 Այս բաժնում կտեսնենք, թե որքան հետաքրքիր, վառ ու գրավիչ էին Հիսուսի սովորեցրածները։ Նա կարողանում էր հասնել մարդկանց սրտերին։ Սովորեցնելու կարողության մասին խոսելիս գուցե հիշենք իմաստուն Սողոմոն թագավորին, որը հաճելի խոսքեր էր գտնում, գրում էր ճշմարտության ստույգ խոսքեր, որ մարդկանց հաղորդի այն մտքերը, որոնք Եհովան ներշնչել էր իրեն (Ժողովող 12։10)։ Աստված այդ անկատար մարդուն «հասկացող սիրտ» էր տվել, որ կարողանա տրամաբանել ու խոսել տարբեր թեմաների շուրջ, օրինակ՝ թռչունների, ձկների, ծառերի, կենդանիների։ Մարդիկ հեռու վայրերից գալիս էին, որ լսեն նրան (1 Թագավորներ 4։29-34)։ Սակայն Հիսուսը «Սողոմոնից էլ մեծ» էր (Մատթեոս 12։42)։ Նա շատ ավելի իմաստուն էր և ավելի «հասկացող սիրտ» ուներ։ Մարդկանց սովորեցնելիս Հիսուսը օգտագործում էր Աստծու Խոսքի, ինչպես նաև թռչունների, կենդանիների, ձկների, հողագործության, տարվա եղանակների, վերջին իրադարձությունների, ինչպես նաև մարդկանց կյանքի ու պատմության վերաբերյալ իր հրաշալի գիտելիքները։ Բայց Հիսուսը երբեք մտադրություն չի ունեցել իր գիտելիքներով տպավորել ուրիշներին։ Նա խոսում էր պարզ և հասկանալի։ Զարմանալի չէ, որ մարդկանց դուր էր գալիս լսել նրան (Մարկոս 12։37; Ղուկաս 19։48

15 Այսօր քրիստոնյաները ջանում են հետևել Հիսուսի առաջնորդությանը։ Թեպետ մենք անսահման իմաստություն և գիտելիքներ չունենք, բայց մեզնից յուրաքանչյուրն էլ կյանքի փորձ ու որոշ չափով գիտելիքներ ունի, որոնք կարող են օգտակար լինել, երբ Աստծու Խոսքի ճշմարտություններն ենք հայտնում։ Օրինակ՝ ծնողները երեխաներին դաստիարակելիս կարող են ցույց տալ Եհովայի սերը Իր երեխաների հանդեպ։ Կարելի է նաև օրինակների պատմել աշխատավայրից, դպրոցից, վերջերս տեղի ունեցած դեպքերից կամ նշել մարդու էության առանձնահատկությունների մասին։ Միևնույն ժամանակ, սակայն, հարկավոր է զգույշ լինել, որ չշեղվենք գլխավոր թեմայից՝ Աստծու թագավորության մասին բարի լուրից (1 Տիմոթեոս 4։16

Հիսուսի վերաբերմունքը ծառայության հանդեպ

16, 17. ա) Ի՞նչ վերաբերմունք ուներ Հիսուսը ծառայության հանդեպ։ բ) Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ ծառայությունը իր կյանքում առաջին տեղում է։

16 Հիսուսի համար ծառայությունը անգին գանձ էր։ Նա ուրախություն էր ստանում, երբ օգնում էր մարդկանց իմանալ ճշմարտությունը իր երկնային Հոր մասին՝ քողազերծելով մարդկային խճճված ուսմունքներն ու ավանդույթները։ Հիսուսին դուր էր գալիս օգնել մարդկանց, որ Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ և հավիտենական կյանքի հույս ունենան։ Նա հաճույք էր ստանում, երբ բարի լուրի միջոցով մխիթարում ու երջանկացնում էր նրանց։ Իսկ ինչպե՞ս էր ցույց տալիս, որ այդպիսի զգացումներ ունի։ Քննենք երեք ոլորտ։

17 Առաջին՝ Հիսուսի կյանքում ծառայությունը առաջին տեղում էր։ Թագավորության մասին խոսելը նրա առաքելությունն էր, կյանքի նպատակը։ Այդ պատճառով էր, որ նա, ինչպես նշվեց 5-րդ գլխում, իմաստություն դրսևորեց և պարզ կյանքով ապրեց։ Հիսուսը սովորեցնում էր ուրիշներին, որ պարզ աչք ունենան և կենտրոնանան կարևոր բաների վրա։ Ինքն էլ էր այդպես էր վարվում։ Նա չէր ծանրաբեռնում իր կյանքը՝ անտեղի իրեր կուտակելով, իրեր, որոնք ժամանակ են խլում, ժամանակ առ ժամանակ վերանորոգման կարիք են զգում, հնանում են, ու նոր իրերի անհրաժեշտություն է առաջանում։ Նա ապրում էր հասարակ կյանքով, և ոչ մի բան չէր շեղում նրան ծառայությունից (Մատթեոս 6։22; 8։20

18. Ինչպե՞ս էր Հիսուսը իրեն ամբողջովին տրամադրում ծառայությանը։

18 Երկրորդ՝ Հիսուսը իրեն ամբողջովին տրամադրում էր ծառայությանը։ Նա իր ամբողջ ուժը նվիրում էր այդ գործին՝ հարյուրավոր կիլոմետրեր քայլելով ողջ Պաղեստինով, փնտրելով մարդկանց, ովքեր կուզեին լսել բարի լուրը։ Նա քարոզում էր տներում, հրապարակներում, շուկաներում և այլ հասարակական վայրերում։ Անգամ այն ժամանակ, երբ հոգնած էր, քաղցած, ծարավ կամ ընդամենը մի քանի րոպե ուներ իր մտերիմ ընկերների հետ անցկացնելու, միևնույն է, չէր դադարում մարդկանց քարոզելուց։ Ավելին՝ իր կյանքի վերջին րոպեներին, անգամ սյանը գամված՝ Հիսուսը նորից խոսում էր Աստծու թագավորության բարի լուրի մասին (Ղուկաս 23։39-43

19, 20. Հիսուսը ինչպե՞ս ցույց տվեց քարոզչական գործի հրատապությունը։

19 Երրորդ՝ Հիսուսը ծառայության հանդեպ հրատապության զգացում էր պահպանում։ Նորից անդրադառնանք Սյուքար քաղաքից դուրս գտնվող ջրհորի մոտ սամարուհու հետ ունեցած զրույցին։ Աշակերտները հավանաբար չէին կարծում, որ հրատապ է այդ պահին բարի լուրի մասին խոսելը։ Բայց Հիսուսն ասաց նրանց. «Չէ՞ որ դուք ասում եք՝ դեռ չորս ամիս կա հնձին։ Բայց ես ասում եմ ձեզ, բարձրացրեք ձեր աչքերը և նայեք արտերին. դրանք սպիտակել են ու պատրաստ են հնձի» (Հովհաննես 4։35

20 Հիսուսը, օգտվելով առիթից, որ տարվա եղանակը համապատասխանում էր հնձի ժամանակին, բերեց այդ օրինակը։ Հավանաբար այդ ժամանակ քասղև ամիսն էր (նոյեմբեր/դեկտեմբեր)։ Գարու հնձին դեռ չորս ամիս կար. այն համընկնում էր նիսանի 14-ին՝ Պասեքի ժամանակին։ Հետևաբար հողագործները դեռ չէին մտածում հնձի մասին՝ իմանալով, որ դեռ շատ ժամանակ կա։ Իսկ ի՞նչ կարելի է ասել փոխաբերական հնձի մասին։ Շատերն էին պատրաստ լսելու և ճանաչելու Քրիստոսին։ Նրանք ուզում էին դառնալ Հիսուսի աշակերտը և ձեռք բերել այն վառ հույսը, որ տվել է Եհովան։ Հիսուսը ասես հայացք նետեց այդ փոխաբերական դաշտերին և տեսավ, որ դրանք սպիտակել են. նա տեսավ, թե ինչպես են հասունացած հասկերը օրորվում մեղմ քամուց, ասես հուշում են, որ պատրաստ են հնձին։ c Եկել էր հնձի ժամը, և հարկավոր էր հրատապությամբ գործի անցնել։ Այդ պատճառով էլ, երբ մի քաղաքում ապրող մարդիկ փորձեցին համոզել Հիսուսին մնալ, նա ասաց. «Աստծու թագավորության մասին բարի լուրը ուրիշ քաղաքներում էլ պետք է քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել» (Ղուկաս 4։43

21. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։

21 Այս երեք ոլորտներում կարող ենք ընդօրինակել Հիսուսին։ Քրիստոնեական ծառայությունը պետք է մեր կյանքում առաջին տեղում լինի։ Անգամ եթե ընտանիք կամ այլ պատասխանատվություններ ունենք, կարող ենք ցույց տալ, որ ծառայությունից ավելի կարևոր գործ չկա մեր կյանքում՝ եռանդորեն ու կանոնավորաբար քարոզելով, ինչպես որ անում էր Հիսուսը (Մատթեոս 6։33; 1 Տիմոթեոս 5։8)։ Մենք կարող ենք նաև առատաձեռնորեն մեր ժամանակը, ուժերը և միջոցները տրամադրել ծառայությանը (Ղուկաս 13։24)։ Բացի այդ՝ կարևոր է միշտ հիշենք, որ քարոզչական գործը հրատապ է (2 Տիմոթեոս 4։2)։ Ուստի երբեք չպետք է բաց թողնենք քարոզելու առիթը։

22. Ինչի՞ մասին կխոսենք հաջորդ գլխում։

22 Հիսուսի համար քարոզչական գործը այնքան կարևոր էր, որ նա ամեն բան արեց, որ այն իր մահից հետո էլ շարունակվի։ Նա իր հետևորդներին պատվիրեց շարունակել քարոզելու և ուսուցանելու գործը։ Այդ մասին կխոսենք հաջորդ գլխում։

a Հարցնելով, թե ինչու նա՝ լինելով հրեա, խոսեց իր՝ սամարուհու հետ, կինը այնպիսի հարց բարձրացրեց, որի պատճառով դարեր շարունակ այդ երկու ժողովուրդների միջև թշնամություն է եղել (Հովհաննես 4։9)։ Նա նաև պնդեց, թե իր ժողովուրդը առաջացել է Հակոբից, սակայն ցանկացած հրեա կտրականապես մերժում էր նման պնդումը (Հովհաննես 4։12)։ Հրեաները սամարացիներին անվանում էին «քութացիներ»՝ շեշտելու համար, որ նրանք առաջ են եկել այլ ազգերից։

b «Քարոզել» նշանակում է հռչակել, կամ՝ ազդարարել մի պատգամ։ «Սովորեցնել» բառը իմաստով մոտ է այս բառին, սակայն նշանակում է հաղորդել պատգամը ավելի խորությամբ և մանրամասնորեն։ Լավ ուսուցիչը կերպեր է փնտրում աշակերտի սրտին հասնելու համար, որպեսզի մղի վերջինիս վարվելու իր լսածի համաձայն։

c Այս համարի առնչությամբ մի աշխատության մեջ գրված է. «Երբ հասկերը հասունանում են, փոխում են իրենց գույնը՝ կանաչից դառնում են ոսկեգույն կամ բաց դեղին, ինչը ցույց է տալիս, որ հնձի ժամանակը եկել է»։