Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 11

«Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել»

«Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել»

1, 2. ա) Ինչո՞ւ պահապանները, որոնք եկել էին Հիսուսին ձերբակալելու, ձեռնունայն վերադարձան։ բ) Ինչո՞ւ է Հիսուսը առանձնահատուկ ուսուցիչ։

 ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԸ բարկությամբ են լցված։ Հիսուսը տաճարում սովորեցնում է իր Հոր մասին։ Ունկնդիրների կարծիքները տարբերվում են. շատերը հավատում են Հիսուսին, մինչդեռ ուրիշները ուզում են ձերբակալել նրան։ Կրոնական առաջնորդները, չկարողանալով զսպել իրենց զայրույթը, պահապաններ են ուղարկում Հիսուսին բռնելու։ Սակայն նրանք ձեռնունայն վերադառնում են։ Ավագ քահանաները և փարիսեցիները բացատրություն են պահանջում. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»։ Պահապանները պատասխանում են. «Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այս մարդը»։ Նրանք այնքան էին տպավորվել Հիսուսի ուսուցանելու հմտությամբ, որ չէին համարձակվել ձերբակալել նրան * (Հովհաննես 7։45, 46

2 Հիսուսի ուսուցանելու հմտությունը, սակայն, միայն այդ պահապաններին չէ, որ տպավորեց։ Մարդիկ հոծ բազմություններով էին գնում նրա մոտ, միայն թե լսեին նրան (Մարկոս 3։7, 9; 4։1; Ղուկաս 5։1–3)։ Ինչո՞ւ էր Հիսուսն առանձնահատուկ ուսուցիչ։ Ինչպես տեսանք 8-րդ գլխում, նա սիրում էր ճշմարտությունը և այն մարդկանց, ում սովորեցնում էր։ Նա նաև ուսուցանելու հրաշալի մեթոդներ ուներ։ Եկեք քննենք Հիսուսի արդյունավետ մեթոդներից երեքը և տեսնենք, թե ինչպես կարող ենք ուսուցանելիս ընդօրինակել նրան։

Պարզ և հասկանալի

3, 4. ա) Ինչո՞ւ էր ուսուցանելիս Հիսուսը հասարակ բառեր օգտագործում։ բ) Ինչո՞ւ է Լեռան քարոզը պարզ ուսուցանելու օրինակ։

3 Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ հարուստ բառապաշար ուներ Հիսուսը։ Այդուհանդերձ, սովորեցնելիս երբեք ամպագոռգոռ ու անհասկանալի բառեր չէր օգտագործում, քանի որ իր ունկնդիրներից շատերը «անուսում և հասարակ» մարդիկ էին (Գործեր 4։13)։ Նա հաշվի էր առնում մարդկանց սահմանափակ կարողությունները ու երբեք չափազանց շատ տեղեկություններով չէր ծանրաբեռնում նրանց (Հովհաննես 16։12)։ Ու թեև նրա բառերը հասարակ էին, սակայն ճշմարտությունները, որ հայտնում էր այդ բառերով, խորիմաստ էին։

4 Նկատի առնենք Լեռան քարոզը, որն արձանագրված է Մատթեոս 5։3–7։27 համարներում։ Հիսուսն այս քարոզում այնպիսի խորհուրդներ տվեց, որոնք բացահայտում էին քննարկվող հարցերի բուն էությունը։ Նա բարդ մտքեր ու արտահայտություններ չէր օգտագործում։ Այդ քարոզում դժվար թե լիներ մի բառ, որ անհասկանալի լիներ անգամ երեխաների համար։ Ուստի զարմանալի չէ, որ երբ Հիսուսն ավարտեց քարոզը, բազմությունը, որի մեջ հողագործներ, հովիվներ ու ձկնորսներ կային, ապշած էր «նրա սովորեցնելու կերպի վրա» (Մատթեոս 7։28

5. Բե՛ր օրինակներ Հիսուսի խոսքերից, որոնք պարզ են, սակայն խորիմաստ։

5 Հիսուսը պարզ և կարճ արտահայտությունների միջոցով շատ խորիմաստ բաներ էր ասում։ Չնայած իր ժամանակներում տպագիր գրքեր չկային, նա այնպես հաղորդեց իր լուրը, որ այն անջնջելիորեն դաջվեց իր ունկնդիրների մտքում ու սրտում։ Ահա մի քանի օրինակ։ «Մի՛ դատեք, որ չդատվեք»։ «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները»։ «Ոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։ «Կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» * (Մատթեոս 7։1; 9։12; 26։41; Մարկոս 12։17; Գործեր 20։35)։ Ու թեև այս տպավորիչ խոսքերն ասվել են մոտ 2000 տարի առաջ, մինչ օրս դրանք հեշտությամբ են հիշվում։

6, 7. ա) Պարզ ու հասկանալի սովորեցնելու համար ինչո՞ւ է կարևոր օգտագործել հասարակ բառեր։ բ) Ի՞նչ պետք է անենք, որ ուսումնասիրողին չծանրաբեռնենք ավելորդ ինֆորմացիայով։

6 Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք պարզ ու հասկանալի սովորեցնել։ Կարևոր պահանջներից մեկն այն է, որ պարզ բառեր օգտագործենք, որոնք մարդկանց մեծամասնությունը հեշտությամբ կհասկանա։ Աստծու Խոսքի հիմնական ճշմարտությունները բարդ չեն։ Եհովան իր նպատակները հայտնել է նրանց, ովքեր անկեղծ են ու սրտով խոնարհ (1 Կորնթացիներ 1։26–28)։ Պարզ, ճիշտ ընտրված բառերը արդյունավետորեն են հաղորդում Աստծու Խոսքի ճշմարտությունները։

Սովորեցրու պարզ ու հասկանալի

7 Մենք չպետք է ծանրաբեռնենք ուսումնասիրողին՝ ավելորդ ինֆորմացիա տալով։ Հետևաբար Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս կարիք չկա ամեն մի մանրամասնություն բացատրելու, մյուս կողմից, սակայն, չպետք է հապճեպորեն անցնենք թեման, ասես ամենակարևորը քանակն է։ Այն, թե ինչ ծավալի նյութ է հարկավոր ուսումնասիրել, կախված է անհատի կարիքներից և ունակություններից։ Մեր նպատակն է օգնել ուսումնասիրողին դառնալու Քրիստոսի հետևորդ և Եհովայի ծառա։ Իսկ դրա համար հարկավոր է այնքան ժամանակ տրամադրել ուսումնասիրությանը, որքան անհրաժեշտ է, որ նա հստակ հասկանա թեման։ Միայն այդ դեպքում ճշմարտությունը կհասնի նրա սրտին ու կմղի կիրառելու սովորածը (Հռոմեացիներ 12։2

Խորաթափանց հարցեր

8, 9. ա) Ինչո՞ւ էր Հիսուսը հարցեր տալիս։ բ) Ինչպե՞ս Հիսուսը հարցերի միջոցով օգնեց Պետրոսին տաճարի հարկը վճարելու հետ կապված ճիշտ եզրակացություն անելու։

8 Հիսուսը հմտորեն ուսուցանում էր հարցերի միջոցով, թեև շատ ավելի քիչ ժամանակ կկորցներ, եթե իր ունկնդիրներին միանգամից ասեր պատասխանները։ Ինչո՞ւ էր նա այդպես վարվում։ Երբեմն խորաթափանց հարցերի միջոցով երևան էր հանում իր հակառակորդների մղումները և այդպիսով լռեցնում նրանց (Մատթեոս 21։23–27; 22։41–46)։ Շատ դեպքերում, սակայն, Հիսուսը հարցեր էր տալիս, որպեսզի մղեր իր ունկնդիրներին արտահայտելու իրենց մտքերը, ինչպես նաև խթաներ ու մարզեր աշակերտների մտածելակերպը։ Նա հարցնում էր. «Ի՞նչ եք կարծում», «Հավատո՞ւմ ես դրան» (Մատթեոս 18։12; Հովհաննես 11։26)։ Այս հարցերի միջոցով Հիսուսը հասնում էր աշակերտների սրտին ու մեծ ազդեցություն թողնում նրանց վրա։ Քննենք մեկ օրինակ։

9 Մի անգամ հարկահավաքները հարցրին Պետրոսին, թե արդյոք Հիսուսը վճարում է տաճարի հարկը *։ Պետրոսը առանց մտածելու պատասխանեց. «Վճարում է»։ Հետո Հիսուսը սկսեց տրամաբանել նրա հետ. «Սիմո՛ն, ի՞նչ ես կարծում, երկրի թագավորները ումի՞ց են տուրք և գլխահարկ վերցնում։ Իրենց որդիների՞ց, թե՞ օտարներից»։ Պետրոսը պատասխանեց. «Օտարներից»։ Հիսուսն ասաց. «Ուրեմն որդիներն ազատված են հարկերից» (Մատթեոս 17։24–27)։ Ինչ խոսք, հարցերի նպատակը պիտի որ հասկանալի լիներ Պետրոսին. Հիսուսի օրերում թագավորական ընտանիքի անդամները ազատված էին հարկերից։ Ուստի Հիսուսը պարտավոր չէր հարկ վճարել, քանի որ այդ տաճարում պաշտվող երկնային Թագավորի միածին Որդին էր։ Ուշադրություն դարձրու, որ Պետրոսին միանգամից ճիշտ պատասխանն ասելու փոխարեն՝ Հիսուսը վարպետորեն և նրբանկատորեն հարցեր տվեց՝ օգնելով, որ վերջինս անձամբ գա ճիշտ եզրակացության ու գուցե նաև տեսնի, որ մի բան ասելուց առաջ հարկավոր է լավ մտածել։

Այնպիսի հարցեր տուր, որ տանտիրոջ մեջ հետաքրքրություն առաջացնես

10. Տնետուն ծառայության ժամանակ ինչպե՞ս կարող ենք արդյունավետ հարցեր օգտագործել։

10 Ինչպե՞ս կարող ենք ծառայության ժամանակ արդյունավետ հարցեր օգտագործել։ Տնետուն ծառայության ժամանակ կարող ենք այնպիսի հարցեր տալ, որ հետաքրքրություն առաջ բերենք, ինչը թերևս հնարավորություն կստեղծի խոսելու բարի լուրի մասին։ Օրինակ՝ եթե տարիքով անհատ է դուռը բացում, հարգանքով հարցրու. «Ձեր կյանքի ընթացքում ինչպե՞ս է այս աշխարհը փոխվել»։ Պատասխանը լսելուց հետո հարցրու. «Ձեր կարծիքով՝ ի՞նչը այս աշխարհը կփոխի ու լավ բնակավայր կդարձնի» (Մատթեոս 6։9, 10)։ Իսկ եթե դուռը բացում է մի կին, որը փոքր երեխաներ ունի, կարող ես հարցնել. «Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսին կլինի աշխարհը, երբ ձեր երեխաները մեծանան» (Սաղմոս 37։10, 11)։ Դիտունակ լինելով՝ կկարողանանք այնպիսի հարցեր տալ, որ տանտիրոջ մեջ հետաքրքրություն առաջացնենք։

11. Ինչպե՞ս կարող ենք խորաթափանց հարցեր օգտագործել Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս։

11 Իսկ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս ինչպե՞ս կարող ենք խորաթափանց հարցեր օգտագործել։ Լավ ընտրված հարցերի օգնությամբ կկարողանանք դուրս հանել ուսումնասիրողի մտքերը (Առակներ 20։5)։ Պատկերացրու՝ ուսումնասիրում եք «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի *՝ «Ապրել այնպիսի կյանքով, որն Աստծուն է հաճելի» գլուխը։ Այս գլխում քննարկվում է, թե ինչ տեսակետ ունի Աստված սեռական անբարոյության, հարբեցողության և ստախոսության վերաբերյալ։ Ուսումնասիրողի պատասխանները գուցե ցույց տան, որ նա հասկանում է, թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում, սակայն համաձա՞յն է այն ամենին, ինչ սովորում է։ Կարող ենք հարցնել. «Աստծու տեսակետը այսպիսի հարցերի վերաբերյալ խելամի՞տ է թվում քեզ»։ Նաև կարելի է հարցնել. «Ինչպե՞ս կկիրառես այս տեղեկությունը քո կյանքում»։ Բայց հիշիր, որ հարկավոր է նրբանկատ լինել և հարգել ուսումնասիրողի արժանապատվությունը։ Մենք երբեք չպետք է անտեղի հարցեր տանք ու շփոթության մեջ գցենք անհատին (Առակներ 12։18

Տրամաբանական զորեղ փաստարկներ

12-14. ա) Ինչպե՞ս էր Հիսուսը օգտագործում տրամաբանելու իր ունակությունը։ բ) Ի՞նչ զորեղ փաստարկներ Հիսուսը բերեց, երբ փարիսեցիները նրա զորությունը վերագրեցին Սատանային։

12 Ունենալով կատարյալ ուղեղ՝ Հիսուսը վարպետորեն տրամաբանում էր մարդկանց հետ։ Երբեմն նա տրամաբանական զորեղ փաստարկների միջոցով հերքում էր իր հակառակորդների կեղծ մեղադրանքները։ Սակայն մեծ մասամբ Հիսուսը համոզիչ փաստարկներ էր բերում աշակերտներին կարևոր դասեր սովորեցնելու նպատակով։ Քննենք մի քանի օրինակ։

13 Այն բանից հետո, երբ Հիսուսը բուժեց մի դիվահար մարդու, որը կույր էր և չէր կարողանում խոսել, փարիսեցիներն ասացին. «Այս մարդը դևերին այլ կերպ չի հանում, եթե ոչ դևերի իշխան Բեհեղզեբուղի [Սատանայի] օգնությամբ»։ Ուշադրություն դարձրու, որ փարիսեցիներն ընդունեցին, որ դև հանելու համար գերմարդկային զորություն է հարկավոր։ Սակայն վերագրեցին նրա զորությունը Սատանային։ Նրանց պնդումը ոչ միայն կեղծ էր, այլև անտրամաբանական։ Ցույց տալով, թե որքան սխալ է նրանց մտածելակերպը՝ Հիսուսը պատասխանեց. «Ամեն թագավորություն, որ բաժանված է իր մեջ, ամայի կդառնա, և ամեն քաղաք կամ տուն, որ բաժանված է իր մեջ, կանգուն չի մնա։ Նույն ձևով էլ եթե Սատանան Սատանային է հանում, ապա նա արդեն բաժանված է իր մեջ, ուրեմն էլ ինչպե՞ս նրա թագավորությունը կանգուն կմնա» (Մատթեոս 12։22–26)։ Փաստորեն, Հիսուսն ասում էր. «Եթե Սատանայի գործակալը քանդում է նրա գործերը, ուրեմն Սատանան գործում է իր իսկ շահերի դեմ և շուտով կընկնի»։ Մի՞թե նրանք կարող էին հերքել այսպիսի հզոր տրամաբանությունը։

14 Այնուհետև Հիսուսը շարունակեց փաստարկներ բերել։ Տեղյակ լինելով, որ հենց փարիսեցիների աշակերտներից ոմանք դևեր են հանում, նա պարզ, բայց ջախջախիչ մի հարց տվեց. «Եթե ես Բեհեղզեբուղի միջոցով եմ դևերին հանում, ապա ձեր որդինե՞րը [կամ՝ աշակերտնե՞րը] ում միջոցով են հանում նրանց» (Մատթէոս 12։27)։ Հիսուսի բերած փաստարկն, ըստ էության, հետևյալն էր. «Եթե ես Սատանայի ուժով եմ դևեր հանում, ուրեմն ձեր աշակերտներն էլ են նույն զորությամբ հանում»։ Ի՞նչ պիտի պատասխանեին փարիսեցիները. իհարկե, նրանք երբեք չէին ընդունի, որ իրենց աշակերտները գործում են Սատանայի ուժով։ Այսպիսով՝ անժխտելի տրամաբանական փաստարկների միջոցով Հիսուսը ցույց տվեց, որ իր դեմ հարուցված մեղադրանքները անհեթեթ էին։ Մի՞թե ոգևորիչ չէ, երբ կարդում ենք, թե ինչպես է Հիսուսը տրամաբանել նրանց հետ։ Իսկ հիմա պատկերացրու, թե ինչ էին զգում նրանք, ովքեր անձամբ լսում էին այդ խոսակցությունը, քանի որ արդեն իսկ Հիսուսի ներկայությունն ու ձայնի տոնը մեծ ուժ էին հաղորդում իր խոսքերին։

15-17. Բե՛ր օրինակ, թե ինչպես Հիսուսը օգտագործեց «որքան ավելի» տրամաբանական հակադրությունը իր Հոր մասին սիրտ ջերմացնող ճշմարտություններ սովորեցնելու համար։

15 Հիսուսը համոզիչ տրամաբանական փաստարկների օգնությամբ սիրտ ջերմացնող և ոգևորիչ ճշմարտություններ էր սովորեցնում իր Հոր մասին։ Շատ անգամ նա իր տրամաբանական փաստարկները կառուցում էր «որքան ավելի» հակադրությամբ։ Դրա շնորհիվ նա կարողանում էր օգնել իր ունկնդիրներին ավելի խորությամբ հասկանալու իրենց ծանոթ ճշմարտությունները *։ Տրամաբանելու այս ձևը, որը հիմնված է հակադրության վրա, շատ տպավորիչ է։ Քննենք երկու օրինակ։

16 Երբ աշակերտները Հիսուսին խնդրեցին, որ իրենց սովորեցնի աղոթել, նա օրինակով նկարագրեց, թե անկատար ծնողները ինչ պատրաստակամությամբ են «բարիքներ» տալիս իրենց երեխաներին։ Ապա արեց հետևյալ եզրակացությունը. «Եթե դուք, չար լինելով հանդերձ, գիտեք բարիքներ տալ ձեր երեխաներին, ուրեմն որքա՜ն ավելի Հայրը, որ երկնքում է, սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկաս 11։1–13)։ Հիսուսի ասածը հիմնված է հակադրության վրա։ Եթե անկատար ծնողները հոգ են տանում իրենց երեխաների մասին, առավել ևս մեր երկնային Հայրը, որը կատարյալ է ու արդար իր բոլոր ճանապարհներում, պատրաստ է սուրբ ոգի պարգևելու իր հավատարիմ ծառաներին, որոնք խոնարհաբար աղոթքով մոտենում են իրեն։

17 Ցույց տալու համար, որ կարիք չկա չափից շատ մտահոգվելու առօրյա հոգսերով, Հիսուսը նույն ձևով տրամաբանեց. «Նայեք ագռավներին, որ ո՛չ ցանում են, ո՛չ հնձում, ո՛չ շտեմարան ունեն, ո՛չ էլ ամբար, բայց Աստված կերակրում է նրանց։ Որքա՜ն ավելի թանկ եք դուք թռչուններից։ Նայեք, թե ինչպես են շուշաններն աճում. ո՛չ աշխատում են, ո՛չ մանում.... Եթե Աստված այդպես է հագցնում դաշտի բույսերին, որոնք այսօր կան և վաղը փուռն են գցվում, մի՞թե ձեզ ավելի լավ չի հագցնի, ո՛վ թերահավատներ» (Ղուկաս 12։24, 27, 28)։ Այո՛, եթե Եհովան հոգ է տանում թռչունների ու ծաղիկների մասին, առավել ևս հոգ կտանի իր ծառաների մասին, ովքեր սիրում ու երկրպագում են իրեն։ Այս ազդեցիկ տրամաբանությունը, անկասկած, հասավ Հիսուսի ունկնդիրների սրտերին։

18, 19. Ինչպե՞ս կարող ենք տրամաբանել նրա հետ, ով ասում է, թե չի հավատում Աստծուն, քանի որ չի տեսնում նրան։

18 Ծառայության ժամանակ մենք նույնպես առողջ տրամաբանության միջոցով հերքում ենք կեղծ ուսմունքները։ Նաև համոզիչ փաստարկներ ենք բերում Եհովայի մասին ճշմարտություններ սովորեցնելիս (Գործեր 19։8; 28։23, 24)։ Պե՞տք է արդյոք բարդ տրամաբանական մտքեր ասենք։ Բոլորովի՛ն։ Հիսուսից սովորում ենք, որ ամենաարդյունավետ միջոցը տրամաբանական փաստարկները պարզ ձևով ներկայացնելն է։

19 Օրինակ՝ ինչպե՞ս կարող ենք տրամաբանել նրա հետ, ով ասում է, որ չի հավատում Աստծուն, քանի որ չի տեսնում նրան։ Կարող ենք օգտագործել «պատճառահետևանքային» սկզբունքը։ Եթե տեսնում ենք հետևանքը, ապա հասկանում ենք, որ կա նաև պատճառ։ Կարելի է այսպես ասել. «Եթե ամայի տարածքում մի լավ տուն տեսնեիք, որի մեջ կա սննդի պաշար (հետևանք), կկասկածեի՞ք արդյոք, որ ինչ-որ մեկն է (պատճառ) կառուցել այդ տունը և հոգ տանում դրա մասին։ Իսկ երբ բնության մեջ ենք տեսնում խելամիտ նախագիծ և թե որքան առատ է սնունդը երկրի վրա (հետևանք), մի՞թե այդ ամենը չի վկայում, որ ինչ-որ մեկն է (պատճառ) ստեղծել մեր մոլորակը ու հոգ տանում նրա մասին։ Աստվածաշունչը այս կերպ է տրամաբանում. «Ամեն տուն ինչ-որ մեկի կողմից է կառուցվում, բայց ով բոլոր բաները կառուցեց, Աստված է»» (Եբրայեցիներ 3։4)։ Սակայն չպետք է մոռանալ, որ ինչքան էլ համոզիչ լինեն մեր փաստարկները, բոլորին չէ, որ կկարողանանք համոզել (2 Թեսաղոնիկեցիներ 3։2

Տրամաբանության միջոցով փորձիր հասնել մարդու սրտին

20, 21. ա) Ինչպե՞ս կարող ենք տրամաբանել «որքան ավելի» հակադրությամբ՝ Եհովայի հատկությունները և վարվելակերպը ընդգծելու համար։ բ) Ի՞նչ կքննենք հաջորդ գլխում։

20 Ուսուցանելիս՝ լինի դա ծառայության ժամանակ, թե ժողովում, մենք նույնպես կարող ենք տրամաբանել «որքան ավելի» հակադրությամբ, որ ընդգծենք Եհովայի հատկություններն ու վարվելակերպը։ Օրինակ՝ որպեսզի ցույց տանք, որ դժոխքում հավիտյան տանջվելու մասին ուսմունքը անարգանք է բերում Եհովային, կարող ենք հարցնել. «Ո՞ր սիրող հայրը կպատժեր իր երեխային՝ նրա ձեռքը կրակի վրա պահելով։ Ուրեմն որքա՜ն ավելի զզվելի է դժոխքի գաղափարը մեր սիրառատ երկնային Հոր համար» (Երեմիա 7։31)։ Իսկ վհատված հավատակցին Եհովայի սիրո մեջ հավաստիացնելու համար կարող ենք ասել. «Եթե Եհովան անգամ չնչին ճնճղուկին է այդքան թանկ համարում, ապա որքա՜ն ավելի շատ է նա հոգ տանում քո մասին ու սիրում իր յուրաքանչյուր ծառային, այդ թվում նաև քեզ» (Մատթեոս 10։29–31)։ Նման տրամաբանությունը կօգնի մեզ հասնելու մարդկանց սրտին։

21 Ընդամենը այս երեք մեթոդները ուսումնասիրելուց հետո հասկանում ենք, որ պահապանները, որոնք չհամարձակվեցին ձերբակալել Հիսուսին, չչափազանցրին, երբ ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել»։ Հաջորդ գլխում կքննենք Հիսուսի ուսուցանելու այն մեթոդը, որով նա հատկապես աչքի էր ընկնում՝ ուսուցանել առակներով կամ օրինակներով։

^ Պահապանները, ըստ երևույթին, ծառայում էին Սինեդրիոնում ու ենթակա էին ավագ քահանաներին։

^ Այս վերջին արտահայտությունը, որը գտնվում է Գործեր 20։35-ում, հիշատակել է միայն Պողոս առաքյալը։ Հավանաբար Պողոսին դրանք հայտնել է ինչ-որ մեկը (կա՛մ նա, ով լսել է այդ խոսքերը Հիսուսից, կա՛մ հենց հարություն առած Հիսուսը), կամ էլ գուցե նա իմացել է դրանք աստվածային հայտնությամբ։

^ Հրեաները ամեն տարի որպես հարկ երկու դրախմա էին (երկու օրվա աշխատավարձ) վճարում տաճարին։ Մի աշխատության մեջ ասվում է. «Այդ հարկերը նախատեսված էին ամենօրյա ողջակեզների և առհասարակ բոլոր զոհաբերությունների ծախսերը հոգալու համար, որոնք արվում էին հանուն ժողովրդի»։

^ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ Տրամաբանելու այս ձևը երբեմն կոչում են «աֆորտիորի», որը լատիներեն բառ է և նշանակում է «ավելի մեծ հիմնավորմամբ, ավելի համոզիչ կերպով, առավել ևս»։