Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՉՈՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ

«Առյուծը, որ Հուդայի ցեղից է»

«Առյուծը, որ Հուդայի ցեղից է»

«Ես եմ»

1-3. Ի՞նչ վտանգ է սպառնում Հիսուսին, և ինչպե՞ս է նա արձագանքում։

 ԽԱՌՆԱՄԲՈԽԸ գալիս է բռնելու Հիսուսին։ Զինված թրերով ու մահակներով՝ զինվորները և ուրիշ մարդիկ մի մեծ բազմություն են կազմում։ Ասես հետապնդելով մեկ չար նպատակ՝ նրանք անցնում են Երուսաղեմի մութ փողոցներով և հատելով Կեդրոն հեղեղատը՝ ուղևորվում դեպի Ձիթենյաց լեռ։ Լիալուսին է, բայց նրանց ձեռքերին ջահեր ու լապտերներ կան։ Ինչո՞ւ են նրանք լուսավորում իրենց ճանապարհը։ Ամպե՞րն են փակում լուսնի լույսը, թե՞ նրանք վախենում են, որ իրենց զոհը կթաքնվի գիշերվա խավարում։ Հաստատ չգիտենք, բայց մի բան պարզ է. նրանք, ովքեր ակնկալում են, թե Հիսուսը վախից կուչ կգա, բոլորովին չեն ճանաչում նրան։

2 Հիսուսը գիտի, որ վտանգը մոտենում է։ Սակայն չի փախչում, այլ հանգիստ սպասում է։ Ամբոխը մոտենում է. այն առաջնորդում է Հուդան՝ երբեմնի վստահելի ընկերը։ Հուդան անամոթաբար մատնում է Հիսուսին՝ ողջունելով նախկին տիրոջը կեղծ համբույրով։ Սակայն Հիսուսը հանգստություն է պահպանում։ Հետո առաջ է գալիս և հարցնում ամբոխին. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք պատասխանում են. «Նազարեթցի Հիսուսին»։

3 Մարդկանցից շատերը կսարսափեին այդ զինված ամբոխից։ Հավանաբար հենց դա էլ ակնկալում է այդ խառնամբոխը։ Բայց Հիսուսը չի վախենում, փախուստի չի դիմում, չի ստում։ Պարզապես ասում է. «Ես եմ»։ Նա այնքան հանգիստ է, այնքան համարձակ, որ մարդիկ ապշում են։ Նրանք հետ-հետ են գնում ու գետին ընկնում (Հովհաննես 18։1-6; Մատթեոս 26։45-50; Մարկոս 14։41-46

4-6. ա) Ինչի՞ է նմանեցվում Աստծու Որդին և ինչո՞ւ։ բ) Ո՞ր երեք կերպերով Հիսուսը քաջություն դրսևորեց։

4 Ինչի՞ շնորհիվ Հիսուսին հաջողվեց հանգստություն ու ինքնատիրապետում պահպանել այդ ծայրաստիճան վտանգավոր իրավիճակում։ Քաջության շնորհիվ։ Դա անգնահատելի հատկություններից մեկն է, որ ղեկավարը պետք է ունենա, և ոչ մի մարդ այս առումով երբևէ ո՛չ հավասարվել է, ո՛չ էլ գերազանցել է Հիսուսին։ Նախորդ գլխից իմացանք, թե որքան խոնարհ ու հեզ էր Հիսուսը։ Նրան նույնիսկ կոչեցին «Գառ» (Հովհաննես 1։29)։ Սակայն Հիսուսի քաջությունը բոլորովին այլ կերպար է ստեղծում։ Աստվածաշունչը Աստծու Որդու մասին ասում է. «Առյուծը, որ Հուդայի ցեղից է» (Հայտնություն 5։5

5 Առյուծը քաջության խորհրդանիշ է։ Երբևէ առյուծին դեմ հանդիման կանգնե՞լ ես։ Եթե այո, ապա դա հավանաբար եղել է կենդանաբանական այգում՝ ճաղավանդակից այս կողմ։ Սակայն, միևնույն է, սիրտդ բաբախել է վախից։ Այս զորեղ, հսկա կենդանու աչքերի մեջ նայելով և նրա հայացքը զգալով՝ դժվար թե կարողանաս պատկերացնել, որ նա ինչ-որ բանից վախենա ու փախչի։ Աստվածաշունչը նշում է, որ առյուծը «գազանների մեջ ամենազորավորն է և ոչ ոքի առաջ չի նահանջում» (Առակներ 30։30)։ Հենց այդպիսի քաջություն դրսևորեց Քրիստոսը։

6 Այժմ քննենք, թե ինչպես Հիսուսը առյուծանման քաջություն դրսևորեց հետևյալ երեք կերպերով՝ պաշտպանելով ճշմարտությունը, թիկունք կանգնելով արդարությանը և դիմադրելով հակառակությանը։ Մենք նաև կտեսնենք, որ բոլորս, անկախ նրանից՝ համարձակ ենք, թե ոչ, կարող ենք ընդօրինակել Հիսուսին՝ դրսևորելով քաջություն։

Քաջաբար պաշտպանեց ճշմարտությունը

7-9. ա) Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Հիսուսը 12 տարեկան էր, իսկ դու ի՞նչ կզգայիր այդպիսի իրավիճակում։ բ) Հիսուսն ինչպե՞ս քաջություն դրսևորեց տաճարում ուսուցիչների հետ զրուցելիս։

7 Սատանայի՝ «ստության հոր» կողմից ղեկավարվող այս աշխարհում հաճախ քաջություն է անհրաժեշտ ճշմարտությունը պաշտպանելու համար (Հովհաննես 8։44; 14։30)։ Այս հարցում Հիսուսը հաստատակամ էր դեռ փոքր հասակից։ Մի անգամ Երուսաղեմում նշվող Պասեքից հետո Մարիամն ու Հովսեփը անհանգստացած իրենց 12-ամյա որդուն էին փնտրում։ Երեք օր անց նրանք Հիսուսին գտան տաճարում։ Իսկ ի՞նչ էր նա անում այնտեղ։ «Ուսուցիչների մեջ նստած՝ լսում ու հարցեր էր տալիս» (Ղուկաս 2։41-50)։ Տեսնենք, թե ինչ մթնոլորտում էր անցնում այդ քննարկումը։

8 Պատմաբանները ասում են, որ տոներից հետո որոշ առաջադեմ կրոնական առաջնորդներ սովորաբար մնում էին տաճարում և ընդարձակ նախասրահներից մեկում սովորեցնում էին։ Մարդիկ նստում էին նրանց ոտքերի մոտ, լսում էին ու հարցեր տալիս։ Այդ ուսուցիչները բավականին կրթված մարդիկ էին։ Նրանք շատ լավ գիտեին Մովսիսական օրենքը և անթիվ-անհամար բարդ կանոններ ու ավանդույթներ, որոնք տարիների ընթացքում հորինվել էին մարդկանց կողմից։ Ի՞նչ կզգայիր, եթե լինեիր այդ մարդկանց մեջ։ Կվախենայի՞ր։ Բնական է։ Իսկ եթե ընդամենը 12 տարեկան լինեի՞ր։ Սովորաբար երեխաները ամաչկոտ են (Երեմիա 1։6)։ Նրանք խուսափում են ավելորդ անգամ ուսուցչի ուշադրությունը գրավելուց, վախենում են, երբ իրենց հարցեր են տալիս կամ գրատախտակի մոտ են կանչում, վախենում են սխալվելուց՝ մտածելով, որ իրենց վրա կծիծաղեն։

9 Սակայն պատանի Հիսուսը նստած է այդ փորձառու և կրթված ուսուցիչների մեջ ու անվախորեն լուրջ և խոր հարցեր է տալիս։ Դեռ ավելին՝ «բոլոր նրան լսողները հիանում էին նրա հասկացողությամբ և իրենց հարցերին տված պատասխաններով» (Ղուկաս 2։47)։ Աստվածաշունչը չի նշում, թե ինչ էր նա խոսում այդ ժամանակ, բայց կարող ենք վստահ լինել, որ չէր կրկնում այն կեղծ ուսմունքները, որոնք մեծ տարածում ունեին այդ օրերի կրոնական ուսուցիչների շրջանում (1 Պետրոս 2։22)։ Նա պաշտպանում էր Աստծու Խոսքի ճշմարտությունը։ Կասկած չկա, որ նրա ունկնդիրները ապշել էին՝ տեսնելով, թե որքան խելամիտ է 12-ամյա տղան և ինչպես է քաջաբար արտահայտում իր համոզմունքները։

Շատ պատանիներ քաջաբար խոսում են իրենց հավատի մասին

10. Այսօր պատանի քրիստոնյաներն ինչպե՞ս են Հիսուսի պես քաջություն դրսևորում։

10 Այսօր միլիոնավոր պատանի քրիստոնյաներ հետևում են Հիսուսի հետքերին։ Ճիշտ է, նրանք Հիսուսի պես կատարյալ չեն, սակայն նրա նման՝ չեն սպասում, որ չափահաս դառնան և հետո պաշտպանեն ճշմարտությունը։ Դպրոցում կամ իրենց բնակավայրում նրանք նրբանկատորեն մարդկանց հարցեր են տալիս, լսում են և հարգանքով պատմում ճշմարտության մասին (1 Պետրոս 3։15)։ Այս երիտասարդները օգնում են իրենց դասընկերներին, ուսուցիչներին և հարևաններին դառնալու Քրիստոսի հետևորդ։ Որքա՜ն են նրանք ուրախացնում Եհովային իրենց քաջությամբ։ Աստվածաշնչում նրանք նմանեցվում են անթիվ ցողակաթիլների, որոնք թարմացնող են ու հաճելի (Սաղմոս 110։3

11, 12. Որպես չափահաս մարդ՝ ինչպե՞ս Հիսուսը քաջություն դրսևորեց ճշմարտությունը պաշտպանելու հարցում։

11 Չափահաս տարիքում Հիսուսը մեկ անգամ չէ, որ քաջաբար պաշտպանել է ճշմարտությունը։ Իր ծառայության սկզբում նա այնպիսի հակառակության բախվեց, որը շատերին ահ ու սարսափի մեջ կգցեր։ Այս անգամ ոչ թե որպես հզոր հրեշտակապետ, այլ որպես մսից ու արյունից ստեղծված մարդ պետք է դեմ առ դեմ կանգներ Սատանայի՝ Եհովայի ամենազորեղ և վտանգավոր թշնամու առաջ։ Նա դիմադրեց Սատանային և մերժեց նրան, երբ վերջինս աղավաղեց ու սխալ կերպով կիրառեց Սուրբ Գրքերի խոսքերը։ Հիսուսն ավարտեց նրա հետ զրույցը՝ համարձակորեն հրամայելով. «Հեռացի՛ր, Սատանա՛» (Մատթեոս 4։2-11

12 Համարձակորեն պաշտպանելով իր Հոր Խոսքը և քողազերծելով այն աղավաղելու փորձերը՝ Հիսուսը հիմք դրեց իր ծառայության համար։ Այն ժամանակ, ինչպես և այսօր կրոնական կեղծավորությունը մեծ տարածում ուներ։ Իր օրերում ապրող կրոնական առաջնորդներին Հիսուսն ասաց. «Այդպես՝ ձեր հաստատած ավանդույթով Աստծու խոսքը անվավեր եք դարձնում» (Մարկոս 7։13)։ Թեև այդ մարդիկ մեծ ճանաչում ու հարգանք ունեին, բայց Հիսուսը անվախորեն նրանց կույր առաջնորդներ և կեղծավորներ անվանեց (Մատթեոս 23։13, 16 a Ինչպե՞ս կարող ենք այս առումով ընդօրինակել Հիսուսի քաջությունը։

13. Ի՞նչ պետք է հիշենք Հիսուսին ընդօրինակելիս և ի՞նչ եզակի հնարավորություն ունենք։

13 Ինչ խոսք, մենք պետք է հիշենք, որ ո՛չ կարող ենք Հիսուսի պես կարդալ մարդկանց սրտերը, ո՛չ էլ իրավունք ունենք դատելու ուրիշներին։ Սակայն կարող ենք ընդօրինակել Հիսուսի քաջությունը՝ պաշտպանելով ճշմարտությունը։ Օրինակ, երբ քողազերծում ենք կրոնական կեղծ ուսմունքները՝ մերժելով Աստծու, նրա նպատակների և նրա Խոսքի մասին ստերը, լույս ենք սփռում այս աշխարհում, որը թաղված է Սատանայի պրոպագանդայի խավարում (Մատթեոս 5։14; Հայտնություն 12։9, 10)։ Մենք օգնում ենք մարդկանց ազատվել կեղծ ուսմունքների գերությունից, որոնց պատճառով նրանց սրտերը հիվանդագին վախով են լցված, և որոնք վնասում են Աստծու հետ ունեցած իրենց հարաբերությունները։ Իրոք, մենք եզակի հնարավորություն ունենք տեսնելու Հիսուսի խոսքերի կատարումը. «Ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։32

Քաջաբար թիկունք կանգնեց արդարությանը

14, 15. ա) Ինչպե՞ս Հիսուսը բացահայտեց ազգերին, թե «ինչ է իսկական արդարությունը»։ բ) Սամարացի կնոջ հետ զրուցելիս Հիսուսը ո՞ր նախապաշարումներն անտեսեց։

14 Աստվածաշնչում մարգարեացված էր, որ Մեսիան բացահայտելու էր ազգերին, թե «ինչ է իսկական արդարությունը» (Մատթեոս 12։18; Եսայիա 42։1)։ Անկասկած, Հիսուսը այդպես վարվեց երկրի վրա եղած ժամանակ։ Նա միշտ արդար էր և անաչառ մարդկանց հանդեպ, թեև այդպիսին լինելու համար մեծ քաջություն էր հարկավոր։ Օրինակ՝ նա մերժում էր Սուրբ Գրքերին հակասող նախապաշարումները և կրոնական ֆանատիզմը, որ տարածված էին այն օրերում։

15 Աշակերտները շատ զարմացան, երբ մի անգամ տեսան, որ Հիսուսը ջրհորի մոտ խոսում է մի սամարացի կնոջ հետ, որը Սյուքար քաղաքից էր։ Ինչո՞ւ։ Այդ ժամանակներում հրեաները ատում էին սամարացիներին։ Այդ արհամարհանքը սկիզբ էր առել երկար տարիներ առաջ (Եզրաս 4։4)։ Բացի այդ՝ որոշ ռաբբիներ կանխակալ կարծիք ունեին կանանց մասին։ Ռաբունական բանավոր օրենքները, որոնք հետագայում գրի առնվեցին, տղամարդկանց արգելում էին խոսել կանանց հետ։ Այդ օրենքներում գրված էր նաև, որ կանայք արժանի չեն սովորելու Աստծու օրենքը։ Իսկ սամարուհիները առավել ևս անմաքուր էին համարվում։ Սակայն Հիսուսը անտեսեց այդ անարդար նախապաշարումները և անվախորեն սովորեցրեց սամարացի կնոջը (որը անբարո կյանքով էր ապրում), անգամ հայտնեց նրան, որ ինքը Մեսիան է (Հովհաննես 4։5-27

16. Քրիստոնյաներն ինչո՞ւ պետք է քաջ լինեն՝ նախապաշարումներով չառաջնորդվելու համար։

16 Երբևէ շփվե՞լ ես այնպիսի մարդկանց հետ, ովքեր ուրիշների մասին կանխակալ կարծիք ունեն։ Հավանաբար նրանք ուրիշ ռասայի կամ ազգության մարդկանց մասին արհամարհանքով են խոսում և անտեղի կատակներ անում, թերևս հակառակ սեռի հանդեպ քամահրանք են զգում կամ էլ վերևից են նայում նրանց, ովքեր նյութապես ապահովված չեն և սոցիալապես ցածր դիրք ունեն։ Սակայն Հիսուսի հետևորդները այդպիսի ատելությամբ լցված չեն մարդկանց հանդեպ, նրանք ձգտում են իրենց սրտից ամբողջությամբ արմատախիլ անել ատելությունն ու նախապաշարումները (Գործեր 10։34)։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է քաջություն զարգացնի, որ այս հարցում արդար լինի։

17. Ի՞նչ արեց Հիսուսը տաճարում և ինչո՞ւ։

17 Քաջությունը մղում էր Հիսուսին նաև պայքարելու Աստծու ժողովրդի մաքրության և ճշմարիտ երկրպագության համար։ Երբ իր ծառայության սկզբում նա մտավ Երուսաղեմի տաճար, խիստ զայրացավ՝ տեսնելով վաճառականներին և դրամափոխներին առևտուր անելիս։ Լցված արդար զայրույթով՝ Հիսուսը դուրս վռնդեց այդ ագահ մարդկանց և նրանց եզներին ու ոչխարներին (Հովհաննես 2։13-17)։ Հիսուսը նման ձևով վարվեց նաև իր ծառայության վերջում (Մարկոս 11։15-18)։ Ինչ խոսք, այդպես նա բազում վտանգավոր թշնամիներ ձեռք բերեց, սակայն դա իրեն հետ չպահեց այդ քայլն անելուց։ Ինչո՞ւ։ Դեռևս վաղ տարիքից Հիսուսը տաճարը իր Հոր տունն էր համարում, և իրականում այդպես էլ կար (Ղուկաս 2։49)։ Այդ պատճառով նա չէր կարող համակերպվել, որ տաճարում ճշմարիտ երկրպագությունը ապականվում է։ Նրա եռանդը քաջությամբ լցրեց նրան՝ պայքարելու անարդարության դեմ։

18. Ինչպե՞ս կարող են քրիստոնյաները այսօր քաջություն դրսևորել, երբ հարցը վերաբերում է ժողովի մաքրությանը։

18 Այսօր Քրիստոսի հետևորդները նույնպես խորապես մտահոգված են Աստծու ժողովրդի և ճշմարիտ երկրպագության մաքրությամբ։ Երբ նրանք տեսնում են, որ իրենց հավատակիցը լուրջ սխալ է գործում, աչք չեն փակում դրա վրա։ Նրանք համարձակորեն խոսում են կա՛մ նրա, կա՛մ երեցների հետ (1 Կորնթացիներ 1։11)։ Հետո համոզվում են, որ ժողովի երեցներն էլ են տեղյակ։ Երեցները կարող են օգնել հոգևորապես հիվանդ մարդուն, ինչպես նաև կարող են քայլեր ձեռնարկել Եհովայի ժողովրդի մաքրությունը պահպանելու համար (Հակոբոս 5։14, 15

19, 20. ա) Հիսուսի օրերում ի՞նչ անարդարություններ կային, և ի՞նչ ճնշման ենթարկվեց նա։ բ) Ինչո՞ւ Քրիստոսի հետևորդները չեն խառնվում քաղաքականությանը և բռնարարքներ չեն գործում ու ի՞նչ վարձատրություն են ստանում դրա դիմաց։

19 Պե՞տք է արդյոք մտածենք, որ Հիսուսը պայքարում էր սոցիալական անարդարության դեմ։ Աշխարհը այդ ժամանակ լի էր անարդարությամբ։ Նրա հայրենի երկիրը գտնվում էր ուրիշ կայսրության տիրապետության տակ։ Հռոմեացիները ճնշում էին հրեաներին ռազմական ուժով, ժողովրդի ուսերին ծանր հարկեր էին դնում և նույնիսկ փոխում էին նրանց կրոնական սովորույթները։ Զարմանալի չէ, որ շատերը ուզում էին Հիսուսին ներքաշել քաղաքականության մեջ (Հովհաննես 6։14, 15)։ Հիսուսն այս դեպքում էլ պետք է քաջություն դրսևորեր։

20 Հիսուսը բացատրեց, որ իր թագավորությունը աշխարհի մի մասը չէ։ Իր օրինակով նա սովորեցրեց իր հետևորդներին չխառնվել քաղաքական պայքարներին, այլ կենտրոնանալ Աստծու Թագավորության բարի լուրը քարոզելու վրա (Հովհաննես 17։16; 18։36)։ Նա մի ազդեցիկ դաս սովորեցրեց չեզոքություն պահելու վերաբերյալ, երբ ամբոխը եկավ իրեն ձերբակալելու։ Այդ պահին Պետրոսը անմիջապես գործի անցավ, հանեց իր սուրը և վնասեց մարդկանցից մեկին։ Կարելի է հասկանալ Պետրոսին։ Մի՞թե հենց այդ գիշեր չէ, որ պետք էր արդարացնել բռնությունը, քանի որ Աստծու անմեղ Որդուն մահ էր սպառնում։ Այդուհանդերձ, Հիսուսը հենց այդ պահին իր բոլոր հետևորդների համար մի կարևոր սկզբունք սահմանեց։ Նա ասաց Պետրոսին. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով էլ կընկնեն» (Մատթեոս 26։51-54)։ Ինչ խոսք, այն ժամանակ Քրիստոսի հետևորդներից քաջություն էր պահանջվում խաղաղասեր լինելու համար։ Պարագան նույնն է նաև այսօր։ Աստծու ներկայիս ծառաները չեզոքություն են պահում, ու դրա շնորհիվ նրանք մաքուր են այն մարդկանց արյունից, ովքեր զոհվել են պատերազմների, ցեղասպանությունների, խռովությունների և այլ բռնարարքների ժամանակ։ Սա արդեն իսկ մեծ վարձատրություն է իրենց քաջության դիմաց։

Քաջաբար դիմադրեց հակառակությանը

21, 22. ա) Նախքան ամենածանր փորձության առաջ կանգնելը ի՞նչ օգնություն ստացավ Հիսուսը։ բ) Ինչպե՞ս Հիսուսը մինչև վերջ քաջ մնաց։

21 Եհովայի Որդին գիտեր, որ երկրի վրա ուժգին հակառակության է բախվելու (Եսայիա 50։4-7)։ Նա բազմիցս կանգնել էր մահվան սպառնալիքի առաջ։ Իսկ վերջին սպառնալիքի մասին խոսվեց այս գլխի սկզբում։ Նման վտանգավոր իրավիճակներում Հիսուսին ինչպե՞ս էր հաջողվում չկորցնել քաջությունը։ Տեսնենք, թե նա ինչ էր անում, նախքան ամբոխը կձերբակալեր իրեն։ Նա ջերմագին աղոթում էր Եհովային։ Իսկ ի՞նչ արեց Եհովան։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված «լսեց» նրան (Եբրայեցիներ 5։7)։ Եհովան մի հրեշտակ ուղարկեց երկնքից, որ զորացնի իր քաջ Որդուն (Ղուկաս 22։42, 43

22 Զորանալուց հետո Հիսուսը իր առաքյալներին ասաց. «Վեր կացեք՝ գնանք» (Մատթեոս 26։46)։ Քաջության ի՜նչ մեծ դրսևորում։ Նա ասաց՝ «գնանք»՝ թեև գիտեր, որ ամբոխին խնդրելու է ազատ արձակել իր ընկերներին, գիտեր որ նրանք թողնելու են իրեն ու փախչելու են, գիտեր որ մենակ է անցնելու այդ ծանր փորձության միջով։ Այո՛, նա մենակ կանգնեց անօրեն, անարդար դատի առաջ, ենթարկվեց ծաղրուծանակի, չարչարանքների և տանջալից մահվան։ Չնայած այս ամենին՝ Հիսուսը մինչև վերջ քաջ մնաց։

23. Բացատրիր, թե մահվան սպառնալիքի ներքո Հիսուսի արածը ինչու անխոհեմություն չէր։

23 Անխոհեմությո՞ւն էր արդյոք Հիսուսի արածը։ Ո՛չ, անխոհեմությունը ոչ մի կապ չունի իսկական քաջության հետ։ Իրականում Հիսուսը սովորեցրել էր իր աշակերտներին լինել զգուշավոր ու խոհեմ՝ անտեղի վտանգի չենթարկելով իրենց, որ կարողանան կատարել Աստծու կամքը (Մատթեոս 4։12; 10։16)։ Սակայն այս դեպքում Հիսուսը գիտեր, որ իրավիճակն անխուսափելի է, այլ ընտրություն չկար։ Անհրաժեշտ էր կատարել Աստծու կամքը։ Նա վճռել էր մինչև վերջ անարատություն պահել, իսկ դրա համար անհրաժեշտ էր անցնել վերջին փորձության միջով։

Եհովայի վկաները հալածվելիս քաջ են մնում

24. Ինչո՞ւ ենք վստահ, որ կկարողանանք չկորցնել մեր քաջությունը ցանկացած փորձության ենթարկվելիս։

24 Հիսուսի հետևորդները հաճախ են քաջաբար հետևել իրենց Տիրոջ հետքերին։ Շատերը հաստատակամորեն դիմացել են ծաղրանքին, հալածանքին, ձերբակալվել են, բանտարկվել, չարչարանքների ենթարկվել, անգամ մահացել։ Անկատար մարդկանց որտեղի՞ց այդպիսի քաջություն։ Դա պարզապես բնածին հատկություն չէ։ Հիսուսի նման՝ նրանք էլ են օգնություն ստանում վերևից (Փիլիպպեցիներ 4։13)։ Ուստի երբեք մի՛ վախեցիր՝ մտածելով, թե ինչ կլինի ապագայում։ Վճռիր պահել անարատությունդ, ու Եհովան քեզ քաջություն կտա։ Թող որ մեր Առաջնորդի՝ Հիսուսի օրինակը զորացնի քեզ։ Նա ասաց. «Քա՛ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին» (Հովհաննես 16։33

a Պատմաբանները նշում են, որ մարդիկ ռաբբիների գերեզմանները նույն պատվին էին արժանացնում, ինչ մարգարեների ու նահապետների գերեզմանները։