Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

Իմաստության ողջ գանձերը

Իմաստության ողջ գանձերը

1-3. Ի՞նչ իրավիճակում Հիսուսը ներկայացրեց Լեռան քարոզը 31 թ. գարնանը, և ինչո՞ւ էին նրա ունկնդիրները քարացել։

 ԵՐԵՍՈՒՆՄԵԿ թվականի գարունն է։ Հիսուս Քրիստոսը Կափառնայում քաղաքի մոտ է, մի աշխույժ քաղաք, որը գտնվում է Գալիլեայի ծովի հյուսիս-արևմտյան ափին։ Նա գնում է քաղաքի մոտ գտնվող լեռը և ամբողջ գիշեր անցկացնում աղոթելով։ Առավոտյան իր մոտ է կանչում աշակերտներին և նրանցից ընտրում 12-ին, որոնց անվանում է առաքյալներ։ Այդ ընթացքում բազմաթիվ մարդիկ, որոնցից շատերը եկել են հեռավոր վայրերից, գալիս են Հիսուսի մոտ ու խմբվում լեռան լանջին։ Նրանք փափագում են լսել Հիսուսին և բուժվել իրենց հիվանդություններից։ Հիսուսը չի հիասթափեցնում նրանց (Ղուկաս 6։12-19

2 Նա մոտենում է բազմությանը և բուժում բոլոր հիվանդներին։ Եվ երբ լուրջ հիվանդություն ունեցող ոչ մի մարդ այլևս չի մնում, նա նստում է ու սկսում սովորեցնել։ a Այդ գարնանային օրը նրա խոսքերը հավանաբար ապշեցրին իր ունկնդիրներին։ Նրանք երբևէ չէին լսել մեկին, որ սովորեցնի այնպես, ինչպես Հիսուսը։ Իր սովորեցրածներին կշիռ հաղորդելու համար Աստծու Որդին չի վկայակոչում բանավոր ավանդույթները և հայտնի հրեա ռաբբիների խոսքերը։ Հակառակը՝ նա անընդհատ մեջբերումներ է անում Աստծու ներշնչմամբ գրված Եբրայերեն Գրություններից։ Նրա ասածները ուղիղ են, խոսքերը՝ պարզ ու հստակ։ Նրա խոսքերը լսելուց հետո բազմությունը քարանում է։ Մարդկանց արձագանքը բնական է, չէ՞ որ նրանք լսումէին երբևէ ապրած ամենաիմաստուն մարդուն (Մատթեոս 7։28, 29

«Նրա ուսուցանելուց ժողովուրդն ապշել էր»

3 Այս քարոզը, ինչպես Հիսուսի խոսքերից ու գործերից շատերը արձանագրված են Աստծու Խոսքում։ Մենք պետք է խորապես քննենք, թե ինչ է ասում Աստծու ներշնչմամբ գրված արձանագրությունը Հիսուսի մասին, քանի որ նրա մեջ թաքնված են «անգին գանձեր՝ ողջ իմաստությունն ու գիտելիքները» (Կողոսացիներ 2։3)։ Որտեղի՞ց նրան այդ իմաստությունը՝ գիտելիքները գործնականում կիրառելու և հասկացողություն դրսևորելու կարողությունը։ Ինչպե՞ս էր նա իմաստություն դրսևորում, և ինչպե՞ս կարող ենք հետևել նրա օրինակին։

«Որտեղի՞ց այս մարդուն այդ իմաստությունը»

4. Նազարեթում Հիսուսին լսողները ի՞նչ հարց տվեցին և ինչո՞ւ։

4 Իր քարոզարշավներից մեկի ժամանակ Հիսուսը այցելեց Նազարեթ, այն քաղաքը, որտեղ մեծացել էր, ու սկսեց ժողովարանում սովորեցնել։ Նրան լսողներից շատերը ապշել էին և հարցնում էին. «Որտեղի՞ց այս մարդուն այդ իմաստությունը»։ Նրանք ճանաչում էին Հիսուսի ընտանիքին՝ ծնողներին, քույրերին, եղբայրներին, և գիտեին, որ նա աղքատ ընտանիքից է (Մատթեոս 13։54-56; Մարկոս 6։1-3)։ Մարդիկ նաև գիտեին, որ այդ ճարտարախոս ատաղձագործը չի սովորել հայտնի ռաբունական դպրոցներում (Հովհաննես 7։15)։ Ուստի նրանց հարցը տրամաբանական էր թվում։

5. Ըստ Հիսուսի՝ ո՞վ էր իր իմաստության Աղբյուրը։

5 Ճիշտ է, Հիսուսը կատարյալ միտք ուներ, բայց նրա իմաստությունը դրանից չէր բխում։ Ավելի ուշ տաճարում բացահայտ սովորեցնելիս նա բացատրեց, որ իր իմաստությունը ավելի բարձր աղբյուրից էր։ «Ես ինձնից չեմ սովորեցնում,– ասաց նա,– այն, ինչ սովորեցնում եմ, ինձ ուղարկողինն է» (Հովհաննես 7։16)։ Իրականում նրա իմաստության աղբյուրը Հայրն էր, նա, ով ուղարկել էր Որդուն (Հովհաննես 12։49)։ Իսկ ինչպե՞ս Հիսուսը իմաստություն ստացավ Եհովայից։

6, 7. Ինչպե՞ս Հիսուսը իմաստություն ստացավ իր Հորից։

6 Եհովայի սուրբ ոգին ազդում էր Հիսուսի սրտի ու մտքի վրա։ Խոստացված Մեսիայի վերաբերյալ Եսայիան մարգարեացել էր. «Նրա վրա կլինի Եհովայի ոգին՝ իմաստության ու հասկացողության ոգին, խորհուրդների ու զորության ոգին, գիտելիքներ տվող ու Եհովայի հանդեպ վախ ներշնչող ոգին» (Եսայիա 11։2)։ Ուստի զարմանալի չէ, որ նրա խոսքերում ու արարքներում գերբնական իմաստություն էր դրսևորվում, քանի որ նա ուներ Եհովայի ոգին, որն ազդում էր նրա մտածելակերպի ու որոշումների վրա։

7 Հիսուսը իր Հորից մեկ այլ ձևով էլ է իմաստություն ստացել։ 2-րդ գլխից իմացանք, որ նա անթիվ-անհամար տարիներ ապրել է Հոր հետ և այդ ողջ ընթացքում տեսել ու որդեգրել է Նրա մտածելակերպը։ Մենք չենք կարող անգամ պատկերացնել այն իմաստության խորությունը, որը Որդին ձեռք էր բերել իր Հորից՝ որպես «հմուտ վարպետ» նրա հետ արարելով կենդանի և անկենդան ամեն բան։ Զարմանալի չէ, որ նախքան երկիր գալը Որդին արդեն իմաստության մարմնացում էր (Առակներ 8։22-31; Կողոսացիներ 1։15, 16)։ Իր ծառայության ընթացքում նա դրսևորում էր այն իմաստությունը, որը ստացել էր Հորից երկնքում եղած ժամանակ (Հովհաննես 8։26, 28, 38 b Այժմ պարզ է, թե Հիսուսը որտեղից այդքան խոր գիտելիքներ և հասկացողություն ուներ, որոնք արտացոլվում էին նրա խոսքերում, ինչպես նաև հասկանում ենք, թե ինչու էր այդքան ողջամիտ, որը դրսևորվում էր նրա բոլոր գործերում։

8. Որպես Հիսուսի հետևորդ՝ ինչպե՞ս կարող ենք իմաստություն ձեռք բերել։

8 Որպես Հիսուսի հետևորդ՝ մենք նույնպես պետք է Եհովային իմաստության Աղբյուր համարենք (Առակներ 2։6)։ Թեև Եհովան մեզ հրաշքով գերբնական իմաստություն չի տալիս, սակայն պատասխանում է մեր անկեղծ աղոթքներին, երբ տարբեր դժվարություններ հաղթահարելու համար իմաստություն ենք խնդրում (Հակոբոս 1։5)։ Որպեսզի իմաստություն ձեռք բերենք, պետք է ջանքեր ներդնենք։ Հարկավոր է շարունակ որոնել այն, «ինչպես թաքցված գանձերը» (Առակներ 2։1-6)։ Մենք պետք է Աստծու Խոսքի խորունկ գաղտնիքները քննենք, քանի որ այն աստվածային իմաստության գանձարան է, և մեր սովորածի համաձայն ապրենք։ Այս առնչությամբ Եհովայի Որդու օրինակը շատ արժեքավոր է։ Հետևաբար քննենք, թե ինչ ոլորտներում է Հիսուսը իմաստություն դրսևորել, և տեսնենք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել նրան։

Իմաստուն խոսքեր

Աստծու իմաստությունը բացահայտվում է Աստվածաշնչում

9. Ինչի՞ շնորհիվ էին Հիսուսի սովորեցրածները այդքան իմաստուն։

9 Մեծ թվով մարդիկ գնում էին Հիսուսի մոտ՝ նրա խոսքերը լսելու (Մարկոս 6։31-34; Ղուկաս 5։1-3)։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ Հիսուսի բերանից գերբնական իմաստության խոսքեր էին հորդում։ Նրա սովորեցրածները վկայում էին Աստծու Խոսքից խոր գիտելիքներ և անզուգական խորաթափանցության ունենալու մասին։ Դրանք երբեք չէին հնանում և հասնում էին տարբեր մարդկանց սրտերին։ Տեսնենք, թե ինչ իմաստուն խոսքեր է ասել Հիսուսը՝ «Հրաշալի Խորհրդատուն» (Եսայիա 9։6

10. Ի՞նչ դրական հատկություններ է Հիսուսը հորդորում մեզ զարգացնել և ինչո՞ւ։

10 Լեռան քարոզը, որի մասին խոսվեց գլխի սկզբում, Հիսուսի սովորեցրածների ամենամեծ հավաքածուն է, որը չի ընդհատվել հեղինակային խոսքով կամ ուրիշների մեկնաբանություններով։ Այս քարոզի ժամանակ Հիսուսը պարզապես խորհուրդ չէր տալիս ճիշտ խոսել ու ճիշտ վարվել։ Նրա խորհուրդները շատ ավելին էին ներառում։ Իմանալով, որ մտքերն ու զգացմունքները ծնում են խոսքեր ու գործեր՝ Հիսուսը հորդորում է մեզ այնպիսի հատկություններ զարգացնել, ինչպիսիք են հեզությունը, արդարության հանդեպ սերը, գթասրտությունը, խաղաղարար լինելը և ուրիշներին սիրելը (Մատթեոս 5։5-9, 43-48)։ Եթե մեր սրտում այսպիսի հատկություններ լինեն, մեր լավ խոսքով ու վարվելակերպով ոչ միայն կհաճեցնենք Եհովային, այլև մեզ շրջապատող մարդկանց հետ լավ հարաբերություններ կունենանք (Մատթեոս 5։16

11. Սխալ վարքի վերաբերյալ խորհուրդներ տալիս ինչպե՞ս էր Հիսուսը բացահայտում պատճառները։

11 Հորդորելով հեռու մնալ մեղքից՝ Հիսուսը մատնանշում է սխալ վարքի բուն պատճառը։ Նա պարզապես չի ասում, որ բռնություն չգործադրենք, այլ զգուշացնում է, որ թույլ չտանք՝ բարկությունը մեր սրտում արմատներ գցի (Մատթեոս 5։21, 22; 1 Հովհաննես 3։15)։ Հիսուսը խորհուրդ է տալիս ոչ միայն շնություն չգործել, այլև թույլ չտալ՝ մեր սրտում կրքեր զարգանան ու տանեն մեղքի։ Նա հորդորում է մեզ ամեն ինչ անել, որ մեր աչքերը անմաքուր ցանկություններ և կրքեր չառաջացնեն մեր մեջ (Մատթեոս 5։27-30)։ Հիսուսը անդրադառնում է ոչ միայն հետևանքներին, այլև պատճառներին։ Նա խրախուսում է պայքարել այն ցանկությունների ու մտքերի դեմ, որոնք սխալ գործերի են տանում (Սաղմոս 7։14

12. Հիսուսի հետևորդները ինչպե՞ս են վերաբերվում նրա խորհուրդներին և ինչո՞ւ։

12 Որքա՜ն մեծ իմաստություն կար Հիսուսի խոսքերում։ Դա է պատճառը, որ «Նրա ուսուցանելուց ժողովուրդն ապշել էր» (Մատթեոս 7։28)։ Մենք՝ Հիսուսի հետևորդներս, կյանքում առաջնորդվում ենք նրա իմաստուն խորհուրդներով։ Ձգտում ենք զարգացնել գթասրտություն, խաղաղություն և սեր՝ հասկանալով, որ դա նպաստում է Աստծուն հաճելի վարք ունենալուն։ Մենք ջանում ենք արմատախիլ անել մեր սրտից անպարկեշտ ցանկություններն ու բացասական զգացմունքները, օրինակ՝ դառը բարկությունը, քանի որ գիտակցում ենք՝ այդպես վարվելով կխուսափենք մեղք գործելուց (Հակոբոս 1։14, 15

Իմաստուն ապրելակերպ

13, 14. Ինչի՞ց է երևում, որ Հիսուսը կյանքի ուղի ընտրելիս ողջամտություն դրսևորեց։

13 Հիսուսի իմաստությունը դրսևորվում էր ոչ միայն խոսքերով, այլ նաև գործերով։ Նրա ողջ կյանքը՝ որոշումները, սեփական անձի մասին կարծիքը, ուրիշների հանդեպ վերաբերմունքը, վկայում էր այն մասին, որ նա իմաստուն է բոլոր առումներով։ Քննենք մի քանի օրինակ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես էր Հիսուսը առաջնորդվում «իմաստությամբ և խոհեմությամբ» (Առակներ 3։21

14 Իմաստությունը ողջամտություն է ներառում։ Հիսուսը ողջամտություն դրսևորեց կյանքի ուղի ընտրելիս։ Նրա կյանքը կարող էր բոլորովին այլ ուղղությամբ ընթանալ։ Մի պահ պատկերացրու, թե նա ինչպիսի տուն կարող էր կառուցել իր համար, ինչ եկամտաբեր գործ կարող էր ունենալ, ինչ փառքի ու դիրքի կարող էր հասնել այս աշխարհում։ Բայց նա գիտեր, որ կյանքը նման բաներին նվիրելը «ունայնություն է և վազք քամու հետևից» (Ժողովող 4։4; 5։10)։ Կյանքի այդպիսի ուղի ընտրելը անմտություն կլիներ և ոչ թե իմաստության դրսևորում։ Հիսուսը որոշեց պարզ կյանքով ապրել։ Նա չէր ձգտում հարստանալ, ինչ-ինչ բաներ կուտակել (Մատթեոս 8։20)։ Նա իր սովորեցրածի համաձայն էր ապրում՝ իր աչքը կենտրոնացած էր պահում մի նպատակի՝ Աստծու կամքը կատարելու վրա (Մատթեոս 6։22)։ Իր ուժերն ու ժամանակը Հիսուսը տրամադրեց Թագավորության շահերին՝ ամենակարևոր ու վարձահատույց գործին (Մատթեոս 6։19-21)։ Իրոք, նա մեզ համար լավ օրինակ է։

15. Ինչպե՞ս կարող են Հիսուսի հետևորդները ցույց տալ, որ իրենց աչքը կենտրոնացած են պահում Թագավորության վրա, և ինչո՞ւ է այդպես վարվելը իմաստուն։

15 Այսօր Հիսուսի հետևորդները գիտակցում են, որ աչքը Թագավորության վրա կենտրոնացած պահելը իմաստուն որոշում է։ Ուստի նրանք ջանում են անտեղի պարտքեր չկուտակել և անիմաստ նպատակների հետամուտ չլինել, որոնք խլում են ժամանակն ու ուժերը (1 Տիմոթեոս 6։9, 10)։ Շատերը պարզեցնում են իրենց կյանքը, որ ավելի շատ ժամանակ տրամադրեն քրիստոնեական ծառայությանը և հնարավորության դեպքում ծառայեն լիաժամ։ Դա ամենաիմաստուն ուղին է, որին կարող ենք հետևել, քանի որ Թագավորության շահերը առաջին տեղում դնելը երջանկություն և բավարարվածության զգացում է պարգևում (Մատթեոս 6։33

16, 17. ա) Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ համեստ է և իրատես։ բ) Ինչպե՞ս մենք կարող ենք ցույց տալ, որ համեստ ենք և իրատես։

16 Աստվածաշնչում նշվում է, որ իմաստությունը սերտորեն կապված է համեստության հետ։ Իսկ համեստ լինել նշանակում է գիտակցել, որ մեր հնարավորությունները սահմանափակ են (Առակներ 11։2Հիսուսը համեստ էր և իրատես՝ գիտեր, թե ինչ կարող էր ակնկալել ինքն իրենից։ Նա հասկանում էր, որ ոչ բոլորը կլսեն իրեն ու կընդունեն բարի լուրը (Մատթեոս 10։32-39)։ Նաև գիտեր, որ սահմանափակ թվով մարդկանց կարող է քարոզել։ Այդ պատճառով էլ աշակերտներ պատրաստելու գործը իր հետևորդներին վստահեց (Մատթեոս 28։18-20)։ Նա համեստորեն գիտակցում էր, որ նրանք «ավելի մեծ գործեր» կանեն, քանի որ ապագայում կկարողանան քարոզել ավելի շատ մարդկանց, ավելի շատ վայրերում և ավելի երկար ժամանակահատվածում (Հովհաննես 14։12)։ Բացի այդ՝ Հիսուսը ընդունում էր, որ ինքն էլ օգնության կարիք ունի։ Նա չմերժեց հրեշտակների օգնությունը, որոնք եկան ծառայելու իրեն անապատում, ինչպես նաև այն հրեշտակի օգնությունը, որը զորացրեց իրեն Գեթսեմանիի պարտեզում։ Ամենածանր փորձության ժամանակ Աստծու Որդին աղաղակեց օգնության համար (Մատթեոս 4։11; Ղուկաս 22։43; Եբրայեցիներ 5։7

17 Մենք նույնպես պետք է համեստ և իրատես լինենք՝ հասկանանք, թե ինչ կարող ենք ակնկալել ինքներս մեզնից։ Անկասկած ուզում ենք ամբողջ հոգով ու ջանադրաբար կատարել քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը (Ղուկաս 13։24; Կողոսացիներ 3։23)։ Սակայն միևնույն ժամանակ պետք է հիշենք, որ Եհովան չի համեմատում մեզ ուրիշների հետ, ու մենք էլ չպետք է այդպես վարվենք (Գաղատացիներ 6։4)։ Իմաստությունը կօգնի, որ հաշվի առնելով մեր հնարավորություններն ու հանգամանքները՝ իրատես լինենք և հասանելի նպատակներ հետապնդենք։ Իսկ պատասխանատվություններ ունեցողներին իմաստությունը կօգնի ընդունել, որ իրենք էլ սահմանափակ կարողություններ ունեն և ժամանակ առ ժամանակ աջակցության կարիք են զգալու։ Համեստության շնորհիվ նրանք երախտագիտությամբ կընդունեն ուրիշների օգնությունը՝ գիտակցելով, որ Եհովան կարող է հավատակցի միջոցով «մխիթարության աղբյուր» լինել իրենց համար (Կողոսացիներ 4։11

18, 19. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ Հիսուսը խոհեմ էր և բարի իր աշակերտների հանդեպ։ բ) Ուրիշների հանդեպ խոհեմություն դրսևորելու և բարի լինելու ի՞նչ հիմնավոր պատճառ ունենք և ինչպե՞ս կարող ենք այդպես վարվել։

18 «Վերին իմաստությունը.... խոհեմ» է,– գրված է Հակոբոս 3։17 համարում։ Հիսուսը խոհեմ էր և բարի իր աշակերտների հանդեպ։ Նա գիտեր նրանց թերությունները, բայց միշտ լավն էր փնտրում նրանց մեջ (Հովհաննես 1։47)։ Գիտեր, որ կլքեն իրեն, երբ ձերբակալվի, բայց, միևնույն է, կասկածի տակ չդրեց նրանց նվիրվածությունը (Մատթեոս 26։31-35; Ղուկաս 22։28-30)։ Պետրոսը երեք անգամ հերքեց, որ ճանաչում է Հիսուսին։ Բայց Հիսուսը ջերմեռանդորեն աղոթեց նրա համար և ցույց տվեց իր վստահությունը, որ առաքյալը նվիրված է մնալու (Ղուկաս 22։31-34)։ Իսկ կյանքի վերջին գիշերը Հորն աղոթելիս չնշեց աշակերտների սխալները։ Հակառակը՝ դրական խոսքեր ասաց՝ նշելով. «Նրանք հնազանդվեցին քո խոսքին» (Հովհաննես 17։6)։ Չնայած աշակերտների անկատարությանը՝ Հիսուսը նրանց վստահեց քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը (Մատթեոս 28։19, 20)։ Աշակերտների հանդեպ այդպիսի վստահությունը, անկասկած, զորացրեց նրանց, որ շարունակեն կատարել իրենց հանձնարարված գործը։

19 Հիսուսի հետևորդները այս հարցում պետք է ընդօրինակեն նրան։ Եթե Աստծու կատարյալ Որդին իր անկատար աշակերտների հանդեպ համբերատար էր, ապա առավել ևս մենք՝ մեղավոր մարդիկս, պետք է ուրիշների հետ խոհեմությամբ վարվենք (Փիլիպպեցիներ 4։5)։ Ոչ թե պետք է կենտրոնանանք մեր հավատակիցների թերությունների վրա, այլ նրանց մեջ լավը տեսնենք։ Պետք է միշտ հիշենք, որ Եհովան է այդ մարդկանց ձգել դեպի իրեն (Հովհաննես 6։44)։ Դա նշանակում է, որ նրանց մեջ արժեքավոր մի բան է տեսնել, ինչը մենք էլ պետք է տեսնենք։ Այդպիսի դրական տրամադրվածությունը կօգնի մեզ «վիրավորանքն անտեսել» և ուրիշներին գովելու առիթներ փնտրել (Առակներ 19։11)։ Երբ եղբայրների և քույրերի հանդեպ արտահայտում ենք մեր վստահությունը, մղում ենք նրանց ամբողջ հոգով ծառայելու Եհովային և ուրախություն ստանալու իրենց ծառայությունից (1 Թեսաղոնիկեցիներ 5։11

20. Ինչպե՞ս պետք է օգտագործենք Ավետարաններում գտնվող իմաստության գանձարանը և ինչո՞ւ։

20 Ավետարանները, որոնցում նկարագրվում են Հիսուսի կյանքն ու ծառայությունը, իսկապես իմաստության գանձարան են։ Ինչպե՞ս պետք է օգտագործենք այս անգին պարգևը։ Լեռան քարոզի վերջում Հիսուսն իր ունկնդիրներին հորդորեց ոչ թե պարզապես լսել իր իմաստուն խոսքերը, այլև կատարել դրանք (Մատթեոս 7։24-27)։ Եթե մեր մտքերը, մղումներն ու գործերը ներդաշնակեցնենք Հիսուսի իմաստուն խոսքերին և գործերին, իրական երջանկություն կգտնենք հիմա ու կմնանք հավիտենական կյանքի ճանապարհին (Մատթեոս 7։13, 14)։ Անկասկած, դա ամենաիմաստուն ապրելակերպն է։

a Հիսուսի այդ ելույթը հայտնի է որպես Լեռան քարոզ։ Այն արձանագրված է Մատթեոս 5։3-7։27-ում և պարունակում է 107 համարներ, որոնք կարելի է կարդալ մոտ 20 րոպեում։

b Ակներևաբար, երբ Հիսուսի մկրտության ժամանակ «երկինքը բացվեց», նա հիշեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել իր հետ նախքան երկիր գալը (Մատթեոս 3։13-17