Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

«Դիմացկունությամբ վազենք.... մեր աչքերը հառած Հիսուսին»

«Դիմացկունությամբ վազենք.... մեր աչքերը հառած Հիսուսին»

1-3. ա) Որքա՞ն ուժգին էր Հիսուսի տագնապը Գեթսեմանիի պարտեզում, և ո՞րն էր պատճառը։ բ) Հիսուսը դիմացկունության ի՞նչ օրինակ է թողել, և ի՞նչ հարցեր են առաջանում։

 ՃՆՇՈՒՄԸ գնալով ուժգնանում է։ Հիսուսը նախկինում երբեք մտային և էմոցիոնալ այսպիսի ճնշման չի ենթարկվել։ Նրա երկրային կյանքի վերջին ժամերն են։ Առաքյալների հետ նա գալիս է ծանոթ մի վայր՝ Գեթսեմանիի պարտեզ։ Հիսուսը հաճախ էր նրանց այստեղ հանդիպել։ Այս գիշեր, սակայն, նա ուզում է մի որոշ ժամանակ մենակ մնալ։ Թողնելով առաքյալներին՝ Հիսուսը մտնում է պարտեզի խորքը ու սկսում է ծնկաչոք աղոթել։ Նա այնքա՜ն ջերմեռանդորեն է աղոթում և այնքա՜ն տագնապած է, որ «կաթիլ-կաթիլ գետնին թափվող նրա քրտինքը նմանվում է արյան կաթիլների» (Ղուկաս 22։39-44

2 Ինչո՞ւ է Հիսուսն այսքան մտահոգ։ Ճիշտ է, թեև նա գիտի, որ շուտով սարսափելի տանջանքների է ենթարկվելու, բայց իր տագնապի պատճառը դա չէ։ Նրան շատ ավելի կարևոր հարցեր են անհանգստացնում։ Աստծու Որդուն խորապես մտահոգում է Հոր անունը, և նա գիտակցում է, որ մարդկության ապագան կախված է իր հավատարմությունից։ Հիսուսը հասկանում է, թե որքան կարևոր է դիմանալ։ Եթե չկարողանա մինչև վերջ դիմանալ, մեծ անարգանք կբերի Եհովայի անվանը։ Սակայն Հիսուսին հաջողվում է դիմանալ։ Այդ օրը՝ ավելի ուշ՝ նախքան վերջին շունչն առնելը, այն մարդը, որը դիմացկունության հրաշալի օրինակ թողեց, հաղթական ձայնով բացականչեց. «Կատարվեց» (Հովհաննես 19։30

3 Աստվածաշունչը հորդորում է. «Դիմացկունությամբ վազենք.... մեր աչքերը հառած Հիսուսին» (Եբրայեցիներ 12։1-3)։ Ուստի մի շարք կարևոր հարցեր են առաջանում՝ որո՞նք են այն մի քանի փորձությունները, որոնց Հիսուսը դիմացավ։ Ինչի՞ շնորհիվ նա դիմացավ։ Ինչպե՞ս կարող ենք հետևել նրա օրինակին։ Նախքան այս հարցերին պատասխանելը, սակայն, եկեք տեսնենք, թե ինչ է դիմացկունությունը։

Ի՞նչ է դիմացկունությունը

4, 5. ա) Ի՞նչ է դիմացկունությունը։ բ) Ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ դիմացկուն լինել չի նշանակում միայն կրել անխուսափելի դժվարություններ։

4 Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ «տառապում ենք զանազան փորձությունների պատճառով» (1 Պետրոս 1։6)։ Իսկ կարո՞ղ ենք ասել, որ բոլոր նրանք, ովքեր անցնում են փորձությունների միջով, դիմացկունություն են դրսևորում։ Ո՛չ։ Հունարենից թարգմանված «դիմացկունություն» բառը նշանակում է «դժվարությունների ժամանակ մինչև վերջ դիմանալ և զիջումների չգնալ»։ Մի աստվածաշնչագետ բացատրում է, թե ինչ իմաստով են Աստվածաշունչ գրողները օգտագործել այս բառը. «Դա ներքին տրամադրվածություն է, որն օգնում է ոչ միայն դիմանալու դժվարություններին, այլ նաև վառ հույս պահպանելու.... Այս հատկությունը մարդուն պահում է ոտքի վրա, երբ նա քամուն հակառակ է գնում։ Այս առաքինությունը մեր ամենածանր փորձությունն անգամ կարող է վերածել փառքի, քանի որ մեր ցավի հետևում նպատակ ենք տեսնում»։

5 Փաստորեն, դիմանալ չի նշանակում միայն կրել դժվարություններ, որոնք անխուսափելի են։ Աստվածաշնչում օգտագործվող «դիմացկունություն» բառը ենթադրում է նաև հաստատակամություն, ճիշտ մտավիճակ պահպանելու և դժվարությունների ներքո հույսը չկորցնելու կարողություն։ Քննենք մի օրինակ։ Երկու մարդ բանտում են՝ նույն պայմաններում, սակայն տարբեր պատճառներով։ Մեկը սովորական հանցագործ է և դժկամորեն է դիմանում իր ազատազրկմանը, քանի որ այլ ելք չունի։ Մյուսը ճշմարիտ քրիստոնյա է և բանտարկվել է իր հավատարմությունը պահելու համար։ Նա մնում է հաստատակամ ու դրական տրամադրվածություն է պահպանում՝ տվյալ իրավիճակը համարելով հավատ դրսևորելու առիթ։ Դժվար թե հանցագործին համարենք դիմացկունության օրինակ, մինչդեռ նվիրված քրիստոնյան հենց այդպիսի օրինակ է (Հակոբոս 1։2-4

6. Ինչպե՞ս ենք դիմացկունություն զարգացնում։

6 Դիմացկունությունը շատ կարևոր է, եթե ուզում ենք փրկություն ստանալ (Մատթեոս 24։13)։ Սակայն այս հատկությամբ մենք չենք ծնվել։ Այն հարկավոր է զարգացնել։ Ինչպե՞ս։ «Նեղություն կրելը մեր մեջ դիմացկունություն է ձևավորում»,– գրված է Հռոմեացիներ 5։3-րդ համարում։ Այո՛, եթե իսկապես ուզում ենք դիմացկունություն զարգացնել, չենք կարող վախկոտությամբ շրջանցել հավատի բոլոր փորձությունները։ Հակառակը՝ պետք է դիմագրավենք դրանք։ Դիմացկունությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ հաղթահարում ենք մեր կյանքում շարունակ հանդիպող մեծ թե փոքր դժվարությունները։ Յուրաքանչյուր փորձություն կոփում է մեզ՝ պատրաստելով հաջորդին։ Սակայն ինքնուրույն չենք դիմացկունություն զարգացնում։ Մենք «ապավինում ենք Աստծու տված զորությանը» (1 Պետրոս 4։11)։ Եհովան իր Որդուն՝ լավագույն օրինակին երկիր ուղարկեց, որպեսզի օգնի մեզ հաստատակամ մնալ։ Այժմ տեսնենք, թե ինչպես Հիսուսը կատարյալ դիմացկունություն դրսևորեց։

Ինչերի դիմացավ Հիսուսը

7, 8. Ինչերի՞ դիմացավ Հիսուսը իր երկրային կյանքի վերջին ժամերին։

7 Իր երկրային կյանքի վերջում Հիսուսը դաժան և ծանր փորձությունների ենթարկվեց։ Բացի նրանից, որ իր մահվանը նախորդող գիշերը հոգեկան մեծ լարվածություն էր ապրում, նաև մեծ հիասթափություն զգաց և ստորացուցիչ վերաբերմունքի արժանացավ։ Հիսուսին դավաճանեց իր վստահելի ընկերը, ամենամոտ ընկերները լքեցին նրան, իսկ հրեական բարձրագույն դատարանի անդամները ոչ օրինական դատ կազմակերպեցին նրա դեմ, ծաղրուծանակի ենթարկեցին, թքեցին նրա վրա և բռունցքներով հարվածեցին։ Այնուամենայնիվ, Հիսուսը դիմացավ այդ բոլոր փորձությունների ժամանակ՝ պահելով իր արժանապատվությունն ու քաջությունը (Մատթեոս 26։46-49, 56, 59-68

8 Իր կյանքի վերջին ժամերին Հիսուսը սոսկալի տանջանքներ կրեց։ Նրան խարազանեցին, դաժանորեն ծեծեցին, որից հետո, ինչպես նշվում է մի բժշկական ամսագրում, «մարդու մարմնի վրա խոր պոկած վերքեր են մնում, ինչի պատճառով մեծ քանակությամբ արյուն է կորչում»։ Նրան սյանը գամեցին, որը տանում էր «դանդաղ, տանջալից ու տառապալից մահվան»։ Մի պահ պատկերացրու, թե ինչպես է Հիսուսը տանջվել, երբ նրա ձեռքերի ու ոտքերի մեջ մեծ մեխեր են խփել՝ գամելով սյանը (Հովհաննես 19։1, 16-18)։ Պատկերացրու, թե ի՜նչ աննկարագրելի ցավ է զգացել, երբ սյունը բարձրացրել են ու մարմնի ծանրության տակ մեխերի հարվածներից առաջացած վերքերը ճղվել են, իսկ վերքերով պատված մեջքը քսվել է գերանին։ Սակայն Հիսուսը դիմացավ բոլոր այս տանջանքներին, չնայած որ մեծ ճնշման տակ էր, ինչի մասին խոսվեց այս գլխի սկզբում։

9. Ի՞նչ է նշանակում վերցնել «տանջանքի սյունը» և հետևել Հիսուսին։

9 Որպես Քրիստոսի հետևորդներ՝ ի՞նչ փորձություններ ու դժվարություններ հնարավոր է ունենանք։ Հիսուսն ասաց. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևորդը լինել, թող ուրանա իր անձը, վերցնի իր տանջանքի սյունը և շարունակ ինձ հետևի» (Մատթեոս 16։24)։ «Տանջանքի սյուն» արտահայտությունը խորհրդանշում է տառապանք, ամոթ և նույնիսկ մահ։ Քրիստոսին հետևելը հեշտ չէ։ Քրիստոնեական չափանիշներով ապրելը մեզ առանձնացնում է մյուսներից։ Աշխարհը ատում է մեզ, քանի որ մենք դրա մի մասը չենք (Հովհաննես 15։18-20; 1 Պետրոս 4։4)։ Այդուհանդերձ, պատրաստ ենք վերցնելու մեր տանջանքի սյուն, այո՛, պատրաստ ենք տանջանքներ կրելու, անգամ մահանալու, բայց ոչ ուրանալու մեր Օրինակին (2 Տիմոթեոս 3։12

10-12. ա) Ինչո՞ւ էր ուրիշների անկատարությունը դիմացկունության փորձություն Հիսուսի համար։ բ) Ի՞նչ իրավիճակներում Հիսուսը դիմացկունություն դրսևորեց։

10 Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը ուրիշների անկատարության պատճառով բազմիցս փորձությունների է ենթարկվել։ Թերևս հիշում ես, որ նա «հմուտ վարպետ» է եղել, ում միջոցով Եհովան ստեղծել է երկիրը և մնացած բոլոր բաները (Առակներ 8։22-31)։ Ուրեմն Հիսուսը իմացել է, թե ինչ նպատակով է Եհովան ստեղծել մարդկանց. նրանք պետք է արտացոլեին նրա հատկությունները և կատարյալ առողջություն ունենային (Ծննդոց 1։26-28)։ Սակայն երբ երկիր եկավ, Հիսուսը ուրիշ կողմից տեսավ, թե ինչ աղետալի հետևանքներ է բերել մեղքը։ Որպես մարդ՝ այժմ կարող էր զգալ, թե ինչ ապրումներ ու զգացմունքներ ունեն մարդիկ։ Ակներևաբար, ինչքա՜ն ցավալի էր նրա համար տեսնել, թե մարդիկ որքան են հեռացել կատարելությունից, մի բան, որ ունեին Ադամն ու Եվան։ Հիսուսի համար դա դիմացկունության փորձություն էր։ Արդյոք նա կվհատվե՞ր ու կթողնե՞ր իր ծառայությունը՝ մտածելով, որ մեղավոր մարդիկ անհույս վիճակում են։ Տեսնենք։

11 Հիսուսին այնքան էր անհանգստացնում հրեաների անտարբերությունը, որ մի անգամ նույնիսկ բոլորի առաջ արտասվեց։ Սակայն մի՞թե թույլ տվեց, որ նրանց մտավիճակը թուլացնի իր եռանդը կամ պատճառ դառնա, որ դադարի քարոզելուց։ Ո՛չ, նա «ամեն օր ուսուցանում էր տաճարում» (Ղուկաս 19։41-44, 47)։ Հիսուսը «խորապես վշտացավ» փարիսեցիների սրտերի անզգայության պատճառով, ովքեր ուշադիր հետևում էին, թե արդյոք նա Շաբաթ օրը կբուժի հիվանդ մարդուն։ Արդյոք Հիսուսը թույլ տվե՞ց, որ այդ ինքնահավան մարդիկ վախեցնեն իրեն։ Իհա՛րկե ոչ։ Նա հաստատակամորեն բոլորի աչքի առաջ՝ հենց ժողովարանի կենտրոնում, բուժեց այդ մարդուն (Մարկոս 3։1-5

12 Իր մտերիմ աշակերտների թուլությունները նույնպես փորձություն էին Հիսուսի համար։ Ինչպես նշվեց 3-րդ գլխում, նրանք համառորեն ցանկանում էին դիրքի հասնել (Մատթեոս 20։20-24; Ղուկաս 9։46)։ Հիսուսը մի քանի անգամ բացատրեց, որ կարևոր է խոնարհ լինել (Մատթեոս 18։1-6; 20։25-28)։ Բայց վերջիններս անմիջապես չարձագանքեցին խորհրդին։ Անգամ Հիսուսի վերջին գիշերը նրանց միջև «թեժ վիճաբանություն սկսվեց, թե իրենցից ով է մեծ» (Ղուկաս 22։24)։ Արդյոք Հիսուսը հույսը կտրե՞ց նրանցից՝ մտածելով, որ անուղղելի են։ Ո՛չ։ Նա չկորցրեց իր համբերությունն ու հույսը և դրական տրամադրվածություն պահեց՝ շարունակելով աշակերտների մեջ լավը տեսնել։ Նա գիտեր, որ նրանք սրտանց սիրում են Եհովային և իսկապես ուզում են կատարել նրա կամքը (Ղուկաս 22։25-27

Թույլ կտա՞նք, որ հակառակությունը կոտրի մեր ոգին, թե՞ կշարունակենք եռանդորեն քարոզել

13. Հիսուսի նման՝ ի՞նչ փորձությունների գուցե բախվենք։

13 Հնարավոր է՝ մենք էլ բախվենք այսպիսի փորձությունների, օրինակ՝ գուցե հանդիպենք մարդկանց, ովքեր անտարբեր են կամ հակառակվում են Թագավորության լուրին։ Թույլ կտա՞նք, որ նրանց բացասական արձագանքը կոտրի մեր ոգին, թե՞ կշարունակենք եռանդորեն քարոզել (Տիտոս 2։14)։ Նաև կարող ենք բախվել մեր քրիստոնյա եղբայրների անկատարությանը։ Անմտածված խոսքը կամ արարքը գուցե ցավեցնի մեզ (Առակներ 12։18)։ Կմտածե՞նք, թե մեր հավատակիցները անուղղելի են ու անհույս վիճակում, թե՞ կշարունակենք համբերել նրանց՝ չկենտրոնանալով թերությունների վրա ու լավը փնտրելով նրանց մեջ (Կողոսացիներ 3։13

Ինչու Հիսուսը դիմացավ

14. Ի՞նչ երկու գործոն օգնեց Հիսուսին հաստատակամ լինելու։

14 Ի՞նչը օգնեց Հիսուսին հաստատակամ լինել և պահել իր անարատությունը՝ չնայած վիրավորանքներին, հիասթափություններին և տանջանքներին։ Առաջին՝ նա նայում էր դեպի վեր՝ Աստծուն «ով դիմանալու ուժ.... է տալիս» (Հռոմեացիներ 15։5)։ Երկրորդ՝ Հիսուսը առաջ էր նայում՝ կենտրոնանալով այն բանի վրա, թե իր դիմացկունությունը ինչ արդյունքներ էր բերելու։ Եկեք մեկ առ մեկ քննենք այս երկու գործոնները։

15, 16. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ Հիսուսը իր ուժերին չէր վստահում։ բ) Ի՞նչ վստահություն ուներ Հիսուսը Հոր հանդեպ և ինչո՞ւ։

15 Թեև Հիսուսը Աստծու կատարյալ Որդին էր, սակայն իր ուժերին չէր վստահում։ Նա միշտ աղոթում էր իր երկնային Հորը՝ օգնություն խնդրելով վերևից։ Պողոս առաքյալը գրում է. «Քրիստոսը ուժգին աղաղակներով ու արցունքներով աղաչանքներ և խնդրանքներ ուղղեց Աստծուն, ով կարող էր փրկել իրեն մահից» (Եբրայեցիներ 5։7)։ Ուշադրություն դարձրու, որ նա ոչ միայն խնդրանքներ, այլև աղաչանքներ «ուղղեց»։ «Աղաչանք» բառը վերաբերում է շատ ուժգին և ջերմագին խնդրանքին, ինչը, այլ կերպ ասած, օգնության կանչ է։ Այս բառի հոգնակի թիվը ցույց է տալիս, որ Հիսուսը միայն մեկ անգամ չէ, որ աղաչել է Եհովային։ Իրականում, Գեթսեմանի պարտեզում նա շատ անգամներ է ջերմագին աղոթել Աստծուն (Մատթեոս 26։36-44

16 Հիսուսը լիովին վստահ էր, որ Հայրը կպատասխանի իր աղաչանքներին, քանի որ նա «աղոթքներ Լսող» է (Սաղմոս 65։2)։ Իր մինչմարդկային կյանքի ընթացքում առաջնեկ Որդին տեսել էր, թե ինչպես է Հայրը պատասխանում իր նվիրված ծառաների աղոթքներին։ Օրինակ՝ նա ականատես էր եղել, թե ինչպես է Եհովան, լսելով Դանիելի ջերմագին աղոթքը, անմիջապես մի հրեշտակ ուղարկել՝ նույնիսկ նախքան մարգարեն կավարտեր իր աղոթքը (Դանիել 9։20, 21)։ Ուրեմն մի՞թե Հայրը չէր պատասխանի իր միածին Որդուն, որը «ուժգին աղաղակներով ու արցունքներով» իր սիրտն էր բացում Հոր առաջ։ Եհովան լսեց իր Որդու աղաչանքները և մի հրեշտակ ուղարկեց, որ զորացնի նրան՝ դիմանալու ամենածանր փորձությանը (Ղուկաս 22։43

17. Դիմացկուն լինելու համար ինչո՞ւ պետք է դեպի վեր նայենք և ինչպե՞ս կարող ենք դա անել։

17 Որպեսզի մենք էլ դիմացկուն լինենք, պետք է դեպի վեր նայենք՝ դեպի Աստված, ով զորացնում է մեզ (Փիլիպպեցիներ 4։13)։ Եթե Աստծու կատարյալ Որդին աղաղակեց Եհովային օգնության համար, ապա որքան ավելի մենք պետք է այդպես վարվենք։ Հիսուսի նման՝ գուցե մի քանի անգամ աղաչենք Եհովային (Մատթեոս 7։7)։ Թեպետ չենք ակնկալում, որ հրեշտակ կայցելի մեզ, բայց մի բանում կարող ենք համոզված լինել. մեր սիրառատ Աստվածը կպատասխանի իր նվիրված ծառայի խնդրանքներին, ով «օր ու գիշեր աղաչանքներ ու աղոթքներ է անում» (1 Տիմոթեոս 5։5)։ Ինչ փորձությունների էլ բախվենք՝ հիվանդության, հարազատի մահվան կամ հալածանքի, Եհովան անպայման կպատասխանի իմաստություն, քաջություն և զորություն ստանալու մեր ջերմագին աղոթքներին, որպեսզի կարողանանք դիմանալ (2 Կորնթացիներ 4։7-11; Հակոբոս 1։5

Եհովան կպատասխանի մեր ջերմագին աղոթքներին և կօգնի մեզ դիմանալ

18. Ինչպե՞ս էր Հիսուսը առաջ նայում՝ չկենտրոնանալով իր տանջանքների վրա։

18 Երկրորդ՝ Հիսուսը առաջ էր նայում՝ կենտրոնանալով ոչ թե իր տանջանքների վրա, այլ այն բանի, թե դիմացկունության շնորհիվ ինչի կհասնի։ Հիսուսի մասին Աստվածաշնչում գրված է. «Իր առաջ դրված ուրախության համար նա ամոթն արհամարհեց ու մինչև վերջ դիմանալով՝ մահացավ տանջանքի սյան վրա» (Եբրայեցիներ 12։2)։ Նրա օրինակից երևում է, թե ինչպես են հույսը, ուրախությունը և դիմացկունությունը կապված իրար հետ։ Կարելի է այսպիսի բանաձև գրել. հույսը ուրախություն է բերում, իսկ ուրախությունը՝ դիմացկունություն (Հռոմեացիներ 15։13; Կողոսացիներ 1։11)։ Հիսուսը հրաշալի հեռանկար ուներ։ Նա գիտեր, որ իր հավատարմությամբ կսրբացնի Հոր անունը և կփրկագնի մարդկությանը մեղքի ու մահվան գերությունից։ Նա նաև Թագավոր և Քահանայապետ դառնալու հույս ուներ, որպեսզի առատ օրհնություններ բերեր հնազանդ մարդկությանը (Մատթեոս 20։28; Եբրայեցիներ 7։23-26)։ Կենտրոնանալով իր ապագայի և հույսի վրա՝ Հիսուսը անսահման ուրախությամբ էր լցվում, իսկ այդ ուրախությունն իր հերթին օգնում էր նրան դիմանալ։

19. Հավատի փորձությունների բախվելիս ինչպե՞ս կարող են հույսը, ուրախությունը և դիմացկունությունը օգնել մեզ։

19 Հիսուսի նման՝ մենք էլ պետք է պահպանենք մեր հույսը, ուրախությունը և շարունակենք դիմանալ։ «Հույսով ուրախացեք»,– ասաց Պողոս առաքյալը։ Այնուհետև ավելացրեց. «Դիմակայեք դժվարություններին» (Հռոմեացիներ 12։12)։ Հավատի ուժգին փորձության միջո՞վ ես անցնում հիմա։ Այդ դեպքում անպայման առաջ նայիր։ Միշտ հիշիր, որ քո դիմացկունությունը փառք կբերի Եհովայի անվանը։ Կենտրոնացիր Թագավորության վառ հույսի վրա։ Մտովի պատկերացրու քեզ Աստծու գալիք նոր աշխարհում և մտածիր, թե ինչ օրհնություններ ես վայելելու Դրախտում։ Անհամբերությամբ սպասելով այն հրաշալի բաներին, որ Եհովան խոստացել է, այդ թվում նաև նրա անվան սրբացմանը, երկրի վրայից չարության վերացմանը և հիվանդությունների ու մահվան անհետացմանը՝ քո սիրտը ուրախությամբ կլցվի, ուրախությունն էլ իր հերթին կօգնի քեզ դիմանալու, ինչ փորձությունների էլ, որ բախվես։ Ցանկացած նեղություն այս աշխարհում «վաղանցիկ և աննշան» է թվում, երբ մտածում ենք, թե ինչ պետք է իրականացնի Թագավորությունը (2 Կորնթացիներ 4։17

«Նրա հետքերով գնանք»

20, 21. Ի՞նչ է Եհովան ակնկալում մեզնից դիմացկունություն դրսևորելու առնչությամբ, և ի՞նչ պետք է վճռենք անել։

20 Հիսուսը գիտեր, որ հեշտ չէ լինել իր հետևորդը, որովհետև այդ ուղով ընթանալու համար դիմացկունություն է հարկավոր (Հովհաննես 15։20)։ Բայց քանի որ հասկանում էր, որ իր օրինակը շատերին կզորացնի, նա պատրաստ էր առաջինը գնալու այդ ճանապարհով (Հովհաննես 16։33)։ Հիսուսը դիմացկունության կատարյալ օրինակ թողեց, սակայն մենք բավականին հեռացել ենք կատարելությունից։ Ի՞նչ է Եհովան ակնկալում մեզնից։ Պետրոսը բացատրում է. «Քրիստոսն էլ տառապեց հանուն ձեզ՝ օրինակ թողնելով, որ ձգտեք անշեղորեն նրա հետքերով գնալ» (1 Պետրոս 2։21)։ Հիսուսը մեզ «օրինակ» թողեց, թե ինչպես հաղթահարենք փորձությունները։ a Նրա թողած դիմացկունության օրինակը կարելի է համեմատել «քայլերի», կամ՝ ոտնահետքերի հետ։ Մենք չենք կարող կատարելապես քայլել այդ հետքերով, բայց կարող ենք հետևել դրանց։

21 Եկեք ամեն ջանք ներդնենք, որ հետևենք Հիսուսի օրինակին։ Թող երբեք չմոռանանք, որ ինչքան լավ հետևենք Հիսուսի հետքերին, այնքան ավելի լավ կկարողանանք դիմանալ «մինչև վերջ»՝ կա՛մ մինչև այս աշխարհի վերջը, կա՛մ մինչև մեր կյանքի վերջը։ Մենք չգիտենք, թե որը կլինի առաջինը, բայց կարող ենք կասկած չունենալ, որ մեր դիմացկունության համար Եհովան կվարձատրի մեզ ողջ հավիտենության ընթացքում (Մատթեոս 24։13

a Հունարեն բառը, որը թարգմանվել է «օրինակ», բառացի նշանակում է «արտագրության նմուշ»։ Պետրոս առաքյալը Քրիստոնեական Հունարեն Գրվածքները գրողներից միակն է, որն օգտագործում է այս բառը։ Այն կարող է նաև նշանակել «երեխայի տետրում ճիշտ ու գեղեցիկ գրելաձևի նմուշ, որը նա պետք է հնարավորինս ճշգրտորեն արտագրի»։