Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ

«Սրտով խոնարհ եմ»

«Սրտով խոնարհ եմ»

«Ահա քո թագավորը քեզ մոտ է գալիս»

1-3. Ինչպե՞ս Հիսուսը մտավ Երուսաղեմ, և ինչո՞ւ բազմության միջից ոմանք զարմացան։

 ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ անսովոր աշխուժություն է. հայտնի մարդ է գալիս։ Քաղաքից դուրս՝ ճանապարհին, հավաքվում են մարդիկ։ Նրանք անհամբերությամբ սպասում են այդ մարդուն, քանի որ լուրեր են պտտվում, թե նա Դավիթ թագավորի ժառանգն է և Իսրայելի օրինական Ղեկավարը։ Ոմանք արմավենու ճյուղեր են վերցնում, որ ողջունեն նրան, մյուսներն էլ իրենց վերնահագուստներն են փռում ճանապարհին ու ծառերի ճյուղեր տարածում, որ նա հարթ ճամփով անցնի (Մատթեոս 21։7, 8; Հովհաննես 12։12, 13)։ Շատերին հետաքրքիր է, թե ինչպիսի շուքով է նա մտնելու քաղաք։

2 Ոմանք թերևս մի տպավորիչ տեսարան են ակնկալում։ Նրանք, անշուշտ, լսել են հայտնի մարդկանց շքեղ երթերի մասին։ Օրինակ, երբ Դավթի որդի Աբիսողոմը ինքն իրեն թագավոր հռչակեց, կարգադրեց, որ 50 մարդ վազի իր կառքի առջևից (2 Սամուել 15։1, 10)։ Իսկ հռոմեացի ղեկավար Հուլիոս Կեսարը ավելի ճոխ երթեր էր կազմակերպում։ Մի անգամ նա առաջնորդեց հաղթական երթ, որն ուղևորվում էր Կապիտոլիում ճրագներ տանող 40 փղերով։ Այժմ, սակայն, Երուսաղեմի բնակիչները սպասում են շատ ավելի մեծ մարդու։ Հասկանում են նրանք, թե ոչ, բայց նա Մեսիան է՝ երբևէ ապրած մեծագույն մարդը։ Սակայն երբ ապագա Թագավորը մտնում է քաղաք, ոմանք շատ են զարմանում։

3 Նրանք չեն տեսնում ո՛չ կառք, ո՛չ ձիեր, ո՛չ փղեր և ո՛չ էլ Հիսուսի առջևից վազող մարդկանց։ Հիսուսը գալիս է էշի՝ սովորական բեռնակիր կենդանու վրա նստած։ a Նա շքեղ հագուստներ չի հագել, էշն էլ զարդարված չէ։ Թանկարժեք թամբի փոխարեն կենդանու վրա հագուստներ են, որոնք դրել են Հիսուսի մտերիմ աշակերտները։ Ինչո՞ւ Հիսուսը որոշեց Երուսաղեմ մտնել համեստ կերպով, մինչդեռ ավելի քիչ հայտնի մարդիկ ձգտել են ճոխ ու վեհաշուք հանդիսություններ կազմակերպել։

4. Աստվածաշնչում ի՞նչ էր կանխագուշակված այն մասին, թե ինչպես պետք է Մեսիական Թագավորը մտներ Երուսաղեմ։

4 Հիսուսը այդպիսով իրականացնում է մի մարգարեություն. «Ողջ սրտով ուրախացի՛ր.... Ցնծությամբ բացականչի՛ր, ո՛վ Երուսաղեմի դուստր։ Ահա քո թագավորը քեզ մոտ է գալիս։ Նա արդար է և փրկություն է բերում, խոնարհ է և գալիս է՝ ավանակ հեծած» (Զաքարիա 9։9)։ Այս մարգարեությունը ցույց է տալիս, որ Աստծու Օծյալը՝ Մեսիան, մի օր ներկայանալու էր Երուսաղեմի ժողովրդին որպես Աստծու կողմից նշանակված Թագավոր։ Հետագայում այն, թե ինչպես Հիսուսը ներկայացավ և ինչ կենդանու վրա նստած, ցույց տվեց նրա գեղեցիկ հատկություններից մեկը՝ խոնարհությունը։

5. Ինչո՞ւ է Հիսուսի խոնարհությունը տպավորիչ, և ինչո՞ւ է կարևոր, որ ընդօրինակենք նրան այս հարցում։

5 Հիսուսի խոնարհությունը նրա գրավիչ հատկություններից մեկն է, հատկություն, որի մասին խորհրդածելիս անչափ տպավորվում ենք։ Նախորդ գլխից իմացանք, որ Հիսուսն է «ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14։6)։ Ինչ խոսք, ոչ մի մարդ այնքան ազդեցիկ ու կարևոր չի եղել, որքան Աստծու Որդին։ Սակայն ի տարբերություն անկատար մարդկանց՝ նա երբեք հպարտություն, մեծամտություն կամ սնապարծություն չի դրսևորել։ Հիսուսի հետևորդ լինելու համար պետք է պայքարենք հպարտության հակման դեմ (Հակոբոս 4։6)։ Հիշիր՝ Եհովան ատում է մեծամտությունը։ Այդ պատճառով կարևոր է, որ սովորենք ընդօրինակել Հիսուսի խոնարհությունը։

Խոնարհ՝ դեռ հնուց

6. Ի՞նչ է խոնարհությունը, և ինչո՞ւ էր Եհովան համոզված, որ Մեսիան խոնարհ է լինելու։

6 Խոնարհությունը խոնարհ մտավիճակն է, որը բացառում է մեծամտությունն ու հպարտությունը։ Այս հատկությունը բխում է սրտից և արտացոլվում է խոսքի, վարքի և ուրիշների հետ ունեցած հարաբերությունների մեջ։ Ինչո՞ւ էր Եհովան համոզված, որ Մեսիան խոնարհ է լինելու։ Նա գիտեր, որ իր Որդին կատարելապես արտացոլում էր իր խոնարհությունը (Հովհաննես 10։15)։ Բացի այդ՝ տեսել էր, թե ինչպես է Հիսուսը դրսևորում այդ հատկությունը։ Իսկ ինչպե՞ս։

7-9. ա) Սատանայի հետ վեճի ժամանակ Միքայելը ինչպե՞ս խոնարհությամբ վարվեց։ բ) Քրիստոնյաներն ինչպե՞ս կարող են ընդօրինակել Միքայելին այս հարցում։

7 «Հուդա» գրքում մի հրաշալի օրինակ է բերված. «Մինչդեռ Միքայել հրեշտակապետը, երբ Բանսարկուի հետ վիճում էր Մովսեսի մարմնի վերաբերյալ, չհանդգնեց անարգական խոսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Թող Եհո՛վան սաստի քեզ»» (Հուդա 9)։ Միքայելը Հիսուսի անունն է, որը նա կրում էր նախքան երկիր գալը և կրում է երկինք համբարձվելուց հետո։ Այս անունը բնորոշում է նրա դերը որպես հրեշտակապետ՝ Եհովայի երկնային հրեշտակների հզոր բանակի առաջնորդ (1 Թեսաղոնիկեցիներ 4։16 b Ուշադրություն դարձնենք, թե ինչպես Միքայելը վարվեց, երբ Սատանան վեճի բռնվեց իր հետ։

8 «Հուդա» գրքի արձանագրությունը չի տեղեկացնում մեզ, թե ինչ էր ուզում անել Սատանան Մովսեսի մարմինը, բայց կարող ենք վստահ լինել, որ Բանսարկուն ինչ-որ նենգ մտադրություն ուներ։ Թերևս նա ցանկանում էր այդ հավատարիմ մարդու դիակը օգտագործել կեղծ երկրպագություն տարածելու համար։ Դեմ գնալով Սատանայի նենգ ծրագրերին՝ Միքայելը նաև կատարյալ ինքնատիրապետում դրսևորեց։ Իհարկե, Սատանան արժանի էր դատապարտության, սակայն Միքայելը, որին այդ ժամանակ դեռ չէր տրվել «դատելու ողջ իշխանությունը», գիտեր, որ միմիայն Եհովա Աստված կարող է դատել նրան (Հովհաննես 5։22)։ Որպես հրեշտակապետ՝ նա մեծ զորություն ուներ, բայց խոնարհաբար ամեն բան հանձնեց Եհովայի ձեռքը և անգամ չփորձեց չարաշահել իր լիազորությունները։ Նա նաև համեստություն դրսևորեց, այսինքն՝ ընդունեց իր հնարավորությունների սահմանափակ լինելը։

9 Պատահական չէ, որ Հուդա աշակերտը գրի է առել այս մասին։ Բանն այն է, որ Հուդայի օրերում ապրող որոշ քրիստոնյաներ խոնարհ չէին։ Նրանք մեծամտաբար «անարգանքով էին խոսում այն ամենի մասին, ինչը իրականում չէին հասկանում» (Հուդա 10)։ Իրոք, անկատար մարդիկ հեշտությամբ կարող են թույլ տալ, որ իրենց մեջ հպարտությունը գլուխ բարձրացնի։ Ինչպե՞ս ենք արձագանքում, երբ չենք հասկանում, թե ինչու է ժողովում ինչ-որ բան այսպես կամ այնպես արվում, օրինակ՝ թե ինչու է երեցների խորհուրդը այդ որոշումը կայացրել։ Եթե քննադատական խոսքեր ենք ասում կամ դժգոհություն արտահայտում՝ տեղյակ չլինելով բոլոր փաստերին, մի՞թե դա խոնարհության պակասի մասին չի վկայում։ Եկեք ուրեմն ընդօրինակենք Միքայելին և չդատենք, քանի որ այդ իրավունքը Աստված մեզ չի տվել։

10, 11. ա) Աստծու Որդու պատրաստակամորեն երկիր գալը ինչո՞ւ է տպավորիչ։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսի խոնարհությունը։

10 Աստծու Որդին խոնարհություն դրսևորեց նաև այն ժամանակ, երբ համաձայնվեց երկիր գալ։ Միայն պատկերացրու, թե ինչեր թողեց հետևում։ Նա հրեշտակապետ էր։ Նաև «Խոսքը»՝ Եհովայի Խոսնակը (Հովհաննես 1։1-3)։ Ավելին՝ բնակվում էր երկնքում՝ Եհովայի «սուրբ ու փառահեղ բարձր բնակավայրում» (Եսայիա 63։15)։ Այդուհանդերձ, Որդին «զրկեց իրեն ամեն ինչից, դարձավ ծառայի նման մեկը, դարձավ մարդ» (Փիլիպպեցիներ 2։7)։ Իսկ այժմ պատկերացրու, թե ինչ էր սպասում նրան երկրի վրա։ Հիսուսի կյանքը փոխադրվեց հրեա մի կույսի արգանդ, և ինը ամսից ծնվեց անօգնական մի մանկիկ, որը պետք է մեծանար աղքատ ատաղձագործի ընտանիքում։ Ժամանակի ընթացքում նա պետք է սովորեր չոչ անել, քայլել, խոսել, հետո դառնար պատանի։ Ու թեև Հիսուսը կատարյալ էր, բայց միշտ հնազանդվում էր իր անկատար ծնողներին (Ղուկաս 2։40, 51, 52)։ Իսկապես, Հիսուսը արտասովոր խոնարհություն դրսևորեց։

11 Կարո՞ղ ենք ընդօրինակել Հիսուսին՝ պատրաստակամորեն կատարելով այն հանձնարարությունները, որոնք գուցե այնքան էլ պատվավոր չթվան մեզ։ Օրինակ՝ հնարավոր է, որ բարի լուրը քարոզելը անպատվաբեր համարենք, երբ մարդիկ ծաղրեն, անտարբերությամբ ու թշնամանքով վերաբերվեն մեզ (Մատթեոս 28։19, 20)։ Սակայն եթե դիմացկունություն դրսևորենք, կարող ենք կյանքեր փրկել։ Անկախ ամեն ինչից՝ մենք կարող ենք սովորել խոնարհ լինել ու հետևել մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հետքերին։

Խոնարհ՝ որպես մարդ

12-14. ա) Ինչպե՞ս էր Հիսուսը խոնարհություն դրսևորում, երբ մարդիկ գովաբանում էին իրեն։ բ) Հիսուսն ինչպե՞ս էր մարդկանց հետ շփվելիս խոնարհություն դրսևորում։ գ) Ի՞նչն է ցույց տալիս, որ Հիսուսի խոնարհությունը ցուցադրական կամ պարզապես լավ վարվելաձևի դրսևորում չէր։

12 Իր երկրային կյանքի ողջ ընթացքում Հիսուսը խոնարհություն էր դրսևորում։ Նա միշտ փառքն ու պատիվը իր Հորն էր տալիս։ Մարդիկ հաճախ էին հիացմունքով լցվում՝ տեսնելով նրա իմաստությունը, բարությունը և հրաշքներ գործելու զորությունը։ Բայց Հիսուսը ամբողջ փառքը վերագրում էր Հորը, ոչ թե իրեն (Մարկոս 10։17, 18; Հովհաննես 7։15, 16

13 Հիսուսը նաև խոնարհություն էր դրսևորում մարդկանց հանդեպ։ Նա ասում էր, որ եկել է ուրիշներին ծառայելու համար, ոչ թե, որ իրեն ծառայեն (Մատթեոս 20։28)։ Նա մեղմ էր ու ողջամիտ։ Երբ աշակերտները հիասթափեցնում էին նրան, չէր քննադատում, փորձում էր հասնել նրանց սրտին (Մատթեոս 26։39-41)։ Իսկ մի անգամ, երբ Հիսուսը հանգստանալու համար առանձնացել էր, մի մեծ բազմություն խմբվեց նրա շուրջ։ Բայց նա չվրդովվեց, հակառակը՝ իր հանգիստը զոհեց ու «շատ բաներ» սովորեցրեց այդ մարդկանց (Մարկոս 6։30-34)։ Մի ուրիշ դեպքում էլ ոչ իսրայելացի մի կին աղաչեց Հիսուսին բուժել իր աղջկան։ Սկզբում նա ցույց տվեց, որ չի ուզում բուժել։ Բայց կինը շարունակեց աղաչել։ Այդուհանդերձ, Հիսուսը բարկացած չմերժեց նրան։ Տեսնելով կնոջ մեծ հավատը՝ զիջեց ու կատարեց նրա ցանկությունը, ինչպես կտեսնենք 14-րդ գլխում (Մատթեոս 15։22-28

14 Հիսուսը միշտ ապրել է իր խոսքերի համաձայն. «Հեզ եմ ու սրտով խոնարհ» (Մատթեոս 11։29)։ Նրա խոնարհությունը արտաքին, ցուցադրական հատկություն կամ պարզապես լավ վարվելաձև չէր։ Այն նրա սրտից էր բխում և արտացոլում էր նրա էությունը։ Այդ պատճառով Հիսուսը մեծ ուշադրություն էր դարձնում աշակերտներին խոնարհություն սովորեցնելուն։

Սովորեցնում էր խոնարհ լինել

15, 16. Ըստ Հիսուսի՝ ի՞նչ տարբերություն պետք է լիներ այս աշխարհի ղեկավարների և իր հետևորդների վարմունքի միջև։

15 Հիսուսի առաքյալներին ժամանակ էր հարկավոր խոնարհություն զարգացնելու համար։ Սակայն Հիսուսը համբերատար էր և ջանք չէր խնայում, որ նրանց սովորեցներ խոնարհ լինել։ Մի անգամ Հակոբոսն ու Հովհաննեսը իրենց մոր միջոցով խնդրեցին նրան, որ Աստծու թագավորության մեջ բարձր դիրք խոստանա իրենց։ Հիսուսը համեստորեն պատասխանեց. «Իմ աջ ու ձախ կողմում նստելը ես չեմ որոշում։ Իմ Հայրն է որոշում, թե ով կնստի այդ տեղերում»։ Լսելով այդ մասին՝ մյուս տասը առաքյալները «վրդովմունքով լցվեցին» Հակոբոսի ու Հովհաննեսի հանդեպ (Մատթեոս 20։20-24)։ Ինչպե՞ս Հիսուսը լուծեց այս խնդիրը։

16 Նա մեղմորեն ուղղեց բոլորին. «Դուք գիտեք, որ ժողովուրդների ղեկավարները տիրում են նրանց վրա, և մեծամեծները իշխանություն են բանեցնում։ Մինչդեռ ձեր մեջ այդպես չպետք է լինի. ով ուզում է իսկապես մեծ լինել ձեր մեջ, պետք է ձեր սպասավորը լինի, և ով ուզում է առաջինը լինել ձեր մեջ, պետք է ձեր ծառան լինի» (Մատթեոս 20։25-27)։ Հավանաբար առաքյալները տեսել էին, թե «ժողովուրդների ղեկավարները» որքան հպարտ, փառասեր ու եսասեր էին։ Հիսուսը ցույց տվեց, որ իր հետևորդները պետք է տարբերվեն այդ իշխանատենչ բռնապետներից։ Նրանք պետք է խոնարհ լինեն։ Հասկացա՞ն արդյոք առաքյալները դա։

17-19. ա) Իր մահվանը նախորդող գիշերը խոնարհության վերաբերյալ ի՞նչ անմոռանալի դաս սովորեցրեց Հիսուսը։ բ) Ո՞րն էր խոնարհության վերաբերյալ ամենաազդեցիկ օրինակը, որ Հիսուսը թողեց, երբ երկրի վրա էր։

17 Առաքյալների համար խոնարհության դասը յուրացնելը հեշտ չէր։ Առաջին ու վերջին անգամը չէր, որ Հիսուսը խոնարհություն էր նրանց սովորեցնում։ Ավելի վաղ, երբ նրանք վիճում էին, թե ով է իրենցից մեծ, Հիսուսը նրանց մեջ մի երեխայի կանգնեցրեց ու ասաց, որ փոքր երեխաների պես լինեն, որոնք, ի տարբերություն չափահաս մարդկանց, հպարտ ու փառասեր չեն և ուշադրություն չեն դարձնում դիրքին ու կոչմանը (Մատթեոս 18։1-4)։ Այդուհանդերձ, իր մահվանը նախորդող գիշերը նա նկատեց, որ առաքյալների սրտում դեռ հպարտության ծիլեր կան։ Հիսուսը մի դաս սովորեցրեց առաքյալներին, որը նրանք երբեք չմոռացան։ Նա գոտկատեղին կապեց սրբիչը, որ կատարի ամենացածր գործը, մի բան, որ սովորաբար տան ծառաներն էին անում հյուրերի համար։ Հիսուսը լվաց յուրաքանչյուր առաքյալի, այդ թվում նաև Հուդայի ոտքերը, որը շուտով դավաճանելու էր իրեն (Հովհաննես 13։1-11

18 Հիսուսը բացատրեց այդ դասի նշանակությունը՝ ասելով. «Ես ձեզ օրինակ թողեցի» (Հովհաննես 13։15)։ Հասա՞վ արդյոք դա նրանց սրտին։ Ավելի ուշ՝ այդ գիշեր, առաքյալների միջև նորից վեճ ծագեց, թե ով է իրենցից մեծ (Ղուկաս 22։24-27)։ Հիսուսը շարունակեց համբերատարություն դրսևորել և կրկին խոնարհաբար սովորեցնել նրանց։ Շատ չանցած՝ նա ամենաազդեցիկ դասը տվեց. «Խոնարհեցրեց իրեն և հնազանդ եղավ ընդհուպ մինչև մահ, այն էլ մահ տանջանքի սյան վրա» (Փիլիպպեցիներ 2։8)։ Հիսուսը պատրաստակամորեն հնազանդ եղավ մինչև ստորացուցիչ մահ, անարդարացիորեն մեղադրվեց որպես հանցագործ ու Աստծուն հայհոյող։ Իսկապես, Աստծու Որդին մեծագույն մարդն էր, քանի որ Եհովայի ողջ ստեղծագործության մեջ հենց նա էր կատարելապես ու առավելագույն կերպով արտացոլում Աստծու խոնարհությունը։

19 Հավանաբար խոնարհության վերաբերյալ հենց այս վերջին դասը, որ Հիսուսը սովորեցրեց երկրի վրա եղած ժամանակ, անջնջելիորեն դաջվեց առաքյալների սրտերում։ Աստվածաշնչից տեսնում ենք, որ տարիներ, անգամ տասնամյակներ անց նրանք շարունակում էին խոնարհաբար կատարել իրենց ծառայությունը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։

Կհետևե՞ս Հիսուսի օրինակին

20. Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե արդյոք սրտով խոնարհ ենք։

20 Պողոսը հորդորում է յուրաքանչյուրիս. «Ունեցեք նույնպիսի մտածելակերպ, ինչպիսին Քրիստոս Հիսուսն ուներ» (Փիլիպպեցիներ 2։5)։ Հիսուսի պես՝ մենք պետք է սրտով խոնարհ լինենք։ Իսկ ինչպե՞ս իմանանք, թե արդյոք մեր սիրտը խոնարհ է։ Պողոսը հիշեցնում է, որ պետք է չլինենք «կռվասեր ու ինքնահավան, այլ խոնարհամիտ լինենք և ուրիշներին մեզանից բարձր համարենք» (Փիլիպպեցիներ 2։3)։ Ուստի խոնարհ ենք, թե ոչ, կախված է այն բանից, թե ինչ վերաբերմունք ունենք ուրիշների հանդեպ։ Մենք պետք է նրանց մեզանից բարձր և ավելի կարևոր համարենք։ Կհետևե՞ս այս խորհրդին։

21, 22. ա) Ինչո՞ւ պետք է քրիստոնյա երեցները խոնարհ լինեն։ բ) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գոտևորվել ենք խոնարհամտությամբ։

21 Հիսուսի մահից երկար տարիներ էին անցել, բայց Պետրոս առաքյալը դեռ չէր մոռացել խոնարհության կարևորությունը։ Նա քրիստոնյա վերակացուներին սովորեցրեց խոնարհաբար կատարել իրենց պատասխանատվությունները և երբեք չիշխել Եհովայի գառնուկների վրա (1 Պետրոս 5։2, 3)։ Պատասխանատվություններ ունենալը իրավունք չի տալիս հպարտանալու։ Ընդհակառակը՝ որքան շատ պատասխանատվություններ ունի մարդը, այնքան ավելի շատ պետք է անկեղծորեն խոնարհություն դրսևորի (Ղուկաս 12։48)։ Ինչ խոսք, այս հատկությունը պետք է ունենան ոչ միայն երեցները, այլև բոլոր քրիստոնյաները։

22 Պետրոսը երբեք չէր մոռանում այն գիշերը, երբ Հիսուսը, չնայած իր առարկություններին, լվաց իր ոտքերը (Հովհաննես 13։6-10)։ Նա գրեց քրիստոնյաներին. «Բոլորդ միմյանց հետ խոնարհությամբ վարվեք [«խոնարհամտությամբ գոտևորվեք», ծնթ.]» (1 Պետրոս 5։5)։ «Գոտևորվել» բառը հիշեցնում է այն ծառայի կերպարը, որը ցածրակարգ գործ անելիս կապում է գոգնոցը։ Այդ բառը հիշեցնում է մեզ նաև այն մասին, թե ինչպես Հիսուսը սրբիչը կապեց իր գոտկատեղին և կռացած լվաց աշակերտների ոտքերը։ Եթե հետևում ենք Քրիստոսին, ապա մի՞թե Աստծուց ստացած որևէ հանձնարարություն մեր արժանապատվությունից ցածր կհամարենք։ Մեր սրտի խոնարհությունը պետք է տեսանելի լինի բոլորին, ասես դա կապել ենք մեր գոտկատեղին։

23, 24. ա) Ինչո՞ւ պետք է պայքարենք մեծամտության հակման դեմ։ բ) Հաջորդ գլխում խոնարհության վերաբերյալ ո՞ր սխալ կարծիքի մասին կխոսվի։

23 Հպարտությունը նման է թույնի։ Արդյունքը աղետաբեր է։ Անգամ ամենահմուտ ու տաղանդավոր մարդը այս հատկության պատճառով կարող է անպետք դառնալ Աստծու աչքում։ Մինչդեռ խոնարհությունը, հակառակը, բարձրացնում է մարդուն, և անգամ ոչ մի բանով աչքի չընկնող անհատը այդ հատկության շնորհիվ կարող է շատ արժեքավոր դառնալ Եհովայի համար։ Եթե ամեն օր զարգացնենք այս անգին հատկությունը՝ ջանալով խոնարհաբար քայլել Քրիստոսի հետքերով, ապա մեր վարձատրությունը մեծ կլինի։ Պետրոսը գրեց. «Խոնարհվեք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ճիշտ ժամանակին նա բարձրացնի ձեզ» (1 Պետրոս 5։6)։ Եհովան բարձրացրեց Հիսուսին, քանի որ նա կատարելապես խոնարհեցրեց իրեն։ Մեր հրաշալի Աստվածը քեզ նույնպես ուզում է վարձատրել։

24 Ցավոք, ոմանք կարծում են, թե խոնարհությունը թուլության նշան է։ Հիսուսի օրինակը ցույց է տալիս, որ այդ կարծիքը սխալ է. լինելով ամենախոնարհ մարդը՝ նա միևնույն ժամանակ ամենաքաջն էր։ Հաջորդ գլխում կխոսենք այդ մասին։

a Մի աշխատության մեջ, որում խոսվում է այս իրադարձության մասին, նշվում է, որ այդ կենդանիները «ոչ պահանջկոտ, հասարակ արարածներ են»։ Նաև ավելացվում է. «Նրանք դանդաղաշարժ են, համառ, այդքան էլ գեղեցիկ չեն, և նրանց սովորաբար պահում են աղքատ մարդիկ»։

b Լրացուցիչ տեղեկություններ այն մասին, որ Միքայելը Հիսուսն է, կարդա Եհովայի վկաների jw.org պաշտոնական կայքից «Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ» բաժնի «Ո՞վ է Միքայել հրեշտակապետը» հոդվածը։