Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 4

«Ահա Առյուծը, որ Հուդայի ցեղից է»

«Ահա Առյուծը, որ Հուդայի ցեղից է»

«Ես եմ»

1-3. Ի՞նչ վտանգ է սպառնում Հիսուսին, և ինչպե՞ս է նա արձագանքում։

 ԽԱՌՆԱՄԲՈԽԸ գալիս է բռնելու Հիսուսին։ Զինված թրերով ու մահակներով՝ զինվորները և ուրիշ մարդիկ մի մեծ բազմություն են կազմում։ Ասես հետապնդելով մեկ չար նպատակ՝ նրանք անցնում են Երուսաղեմի մութ փողոցներով և հատելով Կեդրոն հեղեղատը՝ ուղևորվում դեպի Ձիթենյաց լեռ։ Լիալուսին է, բայց նրանց ձեռքերին ջահեր ու լապտերներ կան։ Նրանք լուսավորում են իրենց ճանապարհը, քանի որ ամպերը փակո՞ւմ են լուսնի լույսը, թե՞ վախենում են, որ իրենց զոհը կթաքնվի գիշերվա խավարում։ Հաստատ չգիտենք, բայց մի բան պարզ է. նրանք, ովքեր ակնկալում են, թե Հիսուսը վախից կուչ կգա, բոլորովին չեն ճանաչում նրան։

2 Հիսուսը գիտի, որ վտանգը մոտենում է։ Այնուհանդերձ, չի փախչում, այլ հանգիստ սպասում է։ Ամբոխը մոտենում է. այն առաջնորդում է Հուդան՝ երբեմնի վստահելի ընկերը։ Հուդան անամոթաբար մատնում է Հիսուսին՝ ողջունելով իր նախկին տիրոջը կեղծ համբույրով։ Սակայն Հիսուսը հանգստություն է պահպանում։ Հետո առաջ է գալիս և հարցնում ամբոխին. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք պատասխանում են. «Հիսուս նազովրեցուն»։

3 Մարդկանցից շատերը կսարսափեին այդ զինված ամբոխից։ Հավանաբար հենց դա էլ ակնկալում է այդ խառնամբոխը։ Բայց Հիսուսը չի վախենում, փախուստի չի դիմում, չի ստում։ Պարզապես ասում է. «Ես եմ»։ Նա այնքան հանգիստ է, այնքան համարձակ, որ մարդիկ ապշում են։ Նրանք հետ-հետ են գնում ու գետին ընկնում (Հովհաննես 18։1–6; Մատթեոս 26։45–50; Մարկոս 14։41–46

4-6. ա) Ինչի՞ է նմանեցվում Աստծու Որդին և ինչո՞ւ։ բ) Ո՞ր երեք կերպերով Հիսուսը քաջություն դրսևորեց։

4 Ինչի՞ շնորհիվ Հիսուսին հաջողվեց հանգստություն ու ինքնատիրապետում պահպանել այդ ծայրաստիճան վտանգավոր իրավիճակում։ Քաջության շնորհիվ։ Դա անգնահատելի հատկություններից մեկն է, որ ղեկավարը պետք է ունենա, և ոչ մի մարդ այս առումով երբևէ ո՛չ հավասարվել է, ո՛չ էլ գերազանցել է Հիսուսին։ Նախորդ գլխից իմացանք, թե որքան խոնարհ ու հեզ էր Հիսուսը։ Նրան նույնիսկ կոչեցին «Գառ» (Հովհաննես 1։29)։ Սակայն Հիսուսի քաջությունը բոլորովին այլ կերպար է ստեղծում։ Աստվածաշունչը Աստծու Որդու մասին ասում է. «Ահա Առյուծը, որ Հուդայի ցեղից է» (Հայտնություն 5։5

5 Առյուծը քաջության խորհրդանիշ է։ Երբևէ առյուծին դեմ հանդիման կանգնե՞լ ես։ Եթե այո, ապա դա հավանաբար եղել է գազանանոցում՝ ցանկապատից այս կողմ։ Սակայն, միևնույնն է, սիրտդ բաբախել է վախից։ Այս զորեղ, հսկա կենդանու աչքերի մեջ նայելով և նրա հայացքը զգալով՝ դժվար թե կարողանաս պատկերացնել, որ նա ինչ-որ բանից վախենա ու փախչի։ Աստվածաշունչը նշում է, որ «առյուծը գազանների մեջ ամենազորավորն է և ոչ ոքի առաջ չի նահանջում» (Առակներ 30։30)։ Հենց այդպիսի քաջություն դրսևորեց Քրիստոսը։

6 Այժմ քննենք, թե ինչպես Հիսուսը առյուծանման քաջություն դրսևորեց հետևյալ երեք կերպերով՝ պաշտպանելով ճշմարտությունը, թիկունք կանգնելով արդարությանը և դիմադրելով հակառակությանը։ Մենք նաև կտեսնենք, որ բոլորս, անկախ նրանից՝ քաջ ենք, թե ոչ, կարող ենք ընդօրինակել Հիսուսին՝ դրսևորելով քաջություն։

Քաջաբար պաշտպանեց ճշմարտությունը

7-9. ա) Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Հիսուսը 12 տարեկան էր, և դու ի՞նչ կզգայիր այդպիսի իրավիճակում։ բ) Ինչպե՞ս Հիսուսը քաջություն դրսևորեց տաճարում ուսուցիչների հետ զրուցելիս։

7 Սատանայի՝ «ստության հոր» կողմից ղեկավարվող այս աշխարհում հաճախ քաջություն է անհրաժեշտ ճշմարտությունը պաշտպանելու համար (Հովհաննես 8։44; 14։30)։ Այս հարցում Հիսուսը հաստատակամ էր դեռ փոքր հասակից։ Երբ 12 տարեկան էր, Երուսաղեմում նշվող Պասեքից հետո առանձնացավ իր ծնողներից։ Երեք օր Մարիամն ու Հովսեփը անհանգստացած իրենց որդուն էին փնտրում։ Ի վերջո, գտան նրան տաճարում։ Իսկ ի՞նչ էր այնտեղ անում։ «Ուսուցիչների մեջ նստած՝ լսում ու հարցեր էր տալիս» (Ղուկաս 2։41–50)։ Տեսնենք, թե ինչ մթնոլորտում էր անցնում այդ քննարկումը։

8 Պատմաբանները ասում են, որ տոներից հետո որոշ առաջադեմ կրոնական առաջնորդներ սովորաբար մնում էին տաճարում և ընդարձակ նախասրահներից մեկում սովորեցնում էին։ Մարդիկ նստում էին նրանց ոտքերի մոտ, լսում էին ու հարցեր տալիս։ Այդ ուսուցիչները բավականին կրթված մարդիկ էին։ Նրանք շատ լավ գիտեին Մովսիսական օրենքը և անթիվ-անհամար բարդ կանոններ ու ավանդույթներ, որոնք տարիների ընթացքում հորինվել էին մարդկանց կողմից։ Ի՞նչ կզգայիր, եթե լինեիր այդ մարդկանց մեջ։ Կվախենայի՞ր։ Բնական է։ Իսկ եթե ընդամենը 12 տարեկան լինեի՞ր։ Սովորաբար երեխաները ամաչկոտ են (Երեմիա 1։6)։ Նրանք խուսափում են ավելորդ անգամ ուսուցչի ուշադրությունը գրավելուց, վախենում են, երբ իրենց հարցեր են տալիս կամ գրատախտակի մոտ կանչում, վախենում են սխալվելուց՝ մտածելով, որ իրենց վրա կծիծաղեն։

9 Սակայն պատանի Հիսուսը նստած է այդ փորձառու և կրթված ուսուցիչների մեջ ու անվախորեն լուրջ և խոր հարցեր է տալիս։ Դեռ ավելին, «բոլոր նրան լսողները հիանում են նրա հասկացողությամբ և պատասխաններով» (Ղուկաս 2։47)։ Աստվածաշունչը չի նշում, թե ինչ էր նա խոսում այդ ժամանակ, բայց կարող ենք վստահ լինել, որ չէր կրկնում այն կեղծ ուսմունքները, որոնք մեծ տարածում ունեին այդ օրերի կրոնական ուսուցիչների շրջանում (1 Պետրոս 2։22)։ Նա պաշտպանում էր Աստծու Խոսքի ճշմարտությունը, և կասկած չկա, որ նրա ունկնդիրները ապշահար էին եղել՝ տեսնելով, թե որքան խելամիտ է 12-ամյա տղան և ինչպես է քաջաբար արտահայտում իր համոզմունքները։

Շատ պատանիներ քաջաբար խոսում են իրենց հավատի մասին

10. Ինչպե՞ս են այսօր պատանի քրիստոնյաները ընդօրինակում Հիսուսի քաջությունը։

10 Այսօր միլիոնավոր պատանի քրիստոնյաներ հետևում են Հիսուսի հետքերին։ Ճիշտ է, նրանք Հիսուսի պես կատարյալ չեն, սակայն նրա նման՝ չեն սպասում, որ չափահաս դառնան և հետո պաշտպանեն ճշմարտությունը։ Դպրոցում կամ իրենց բնակավայրում նրանք նրբանկատորեն մարդկանց հարցեր են տալիս, լսում են և հարգանքով խոսում ճշմարտության մասին (1 Պետրոս 3։15)։ Այս երիտասարդները օգնում են իրենց դասընկերներին, ուսուցիչներին և հարևաններին դառնալու Քրիստոսի հետևորդ։ Որքա՜ն են նրանք ուրախացնում Եհովային իրենց քաջությամբ։ Աստվածաշնչում նրանք նմանեցվում են անթիվ ցողակաթիլների, որոնք թարմացուցիչ են ու հաճելի (Սաղմոս 110։3

11, 12. Որպես չափահաս մարդ՝ ինչպե՞ս Հիսուսը քաջություն դրսևորեց ճշմարտությունը պաշտպանելու հարցում։

11 Չափահաս տարիքում Հիսուսը մեկ անգամ չէ, որ քաջաբար պաշտպանել է ճշմարտությունը։ Իր ծառայության սկզբում նա այնպիսի հակառակության բախվեց, որը շատերին ահ ու սարսափի մեջ կգցեր։ Այս անգամ ոչ թե որպես հզոր հրեշտակապետ, այլ որպես մսից ու արյունից ստեղծված մարդ պետք է դեմ առ դեմ կանգներ Սատանայի՝ Եհովայի ամենազորեղ և վտանգավոր թշնամու առաջ։ Նա դեմ կանգնեց Սատանային և մերժեց նրան, երբ վերջինս աղավաղեց ու սխալ կերպով կիրառեց Սուրբ Գրքի խոսքերը։ Հիսուսը ավարտեց նրա հետ զրույցը՝ համարձակորեն հրամայելով. «Հեռացի՛ր, Սատանա՛» (Մատթեոս 4։2–11

12 Համարձակորեն պաշտպանելով իր Հոր Խոսքը և քողազերծելով այն աղավաղելու ցանկացած փորձ՝ Հիսուսը հիմք դրեց իր ծառայության համար։ Այն ժամանակ, ինչպեսև այսօր կրոնական կեղծավորությունը մեծ տարածում ուներ։ Իր օրերում ապրող կրոնական առաջնորդներին Հիսուսն ասաց. «Աստծու խոսքը անվավեր եք դարձնում ձեր ավանդույթով, որ փոխանցել եք ուրիշներին» (Մարկոս 7։13)։ Թեև այդ մարդիկ մեծ ճանաչում ու հարգանք ունեին, բայց Հիսուսը անվախորեն նրանց կույր առաջնորդներ և կեղծավորներ անվանեց * (Մատթեոս 23։13, 16)։ Ինչպե՞ս կարող ենք այս առումով ընդօրինակել Հիսուսի քաջությունը։

13. Ի՞նչ պետք է հիշենք Հիսուսին ընդօրինակելիս և ի՞նչ եզակի հնարավորություն ունենք։

13 Ինչ խոսք, մենք պետք է հիշենք, որ ո՛չ կարող ենք Հիսուսի պես կարդալ մարդկանց սրտերը, ո՛չ էլ իրավունք ունենք դատելու ուրիշներին։ Սակայն կարող ենք ընդօրինակել Հիսուսի քաջությունը՝ պաշտպանելով ճշմարտությունը։ Օրինակ՝ քողազերծելով կրոնական կեղծ ուսմունքները, այսինքն՝ մերժելով Աստծու, նրա նպատակների և նրա Խոսքի մասին սովորեցրած ստերը՝ լույս ենք սփռում այս աշխարհում, որը թաղված է Սատանայի պրոպագանդայի խավարում (Մատթեոս 5։14; Հայտնություն 12։9, 10)։ Մենք օգնում ենք մարդկանց ազատվելու կեղծ ուսմունքների գերությունից, որոնց պատճառով նրանց սրտերը հիվանդագին վախով են լցված, և որոնք վնասում են Աստծու հետ ունեցած իրենց փոխհարաբերությունները։ Իրոք, մենք եզակի հնարավորություն ունենք տեսնելու Հիսուսի խոսքերի կատարումը. «Ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։32

Քաջաբար թիկունք կանգնեց արդարությանը

14, 15. ա) Ինչպե՞ս Հիսուսը բացահայտեց ազգերին, թե «ինչ է արդարությունը»։ բ) Սամարացի կնոջ հետ զրուցելիս ո՞ր նախապաշարումները Հիսուսն անտեսեց։

14 Աստվածաշնչում մարգարեացված էր, որ Մեսիան բացահայտելու էր ազգերին, թե «ինչ է արդարությունը» (Մատթեոս 12։18; Եսայիա 42։1)։ Անկասկած, Հիսուսը այդպես վարվեց երկրի վրա եղած ժամանակ։ Նա միշտ արդար էր և անաչառ մարդկանց հանդեպ, թեև այդպիսին լինելու համար մեծ քաջություն էր հարկավոր։ Օրինակ՝ նա մերժում էր Սուրբ Գրքին հակասող նախապաշարումները և կրոնական ֆանատիզմը, որ տարածված էին այն օրերում։

15 Մի անգամ, երբ աշակերտները տեսան, որ Հիսուսը ջրհորի մոտ խոսում է մի սամարացի կնոջ հետ, որը Սյուքար քաղաքից էր, շատ զարմացան։ Ինչո՞ւ։ Այդ ժամանակ հրեաները ատում էին սամարացիներին։ Այդ արհամարհանքը սկիզբ էր առել երկար տարիներ առաջ (Եզրաս 4։4)։ Բացի այդ, որոշ ռաբբիներ կանխակալ կարծիք ունեին կանանց մասին։ Ռաբունական բանավոր օրենքները, որոնք հետագայում գրի առնվեցին, տղամարդկանց արգելում էին խոսել կանանց հետ։ Այդ օրենքներում գրված էր նաև, որ կանայք արժանի չեն սովորելու Աստծու օրենքը։ Իսկ սամարուհիները առավել ևս անմաքուր էին համարվում։ Սակայն Հիսուսը անտեսեց այդ անարդար նախապաշարումները և անվախորեն սովորեցրեց սամարացի կնոջը (որը անբարո կյանքով էր ապրում), անգամ հայտնեց նրան, որ ինքը Մեսիան է (Հովհաննես 4։5–27

16. Ինչո՞ւ քրիստոնյաները պետք է քաջ լինեն ու այլ տեսակետ ունենան մարդկանց հանդեպ, երբ հարցը վերաբերում է նախապաշարումներին։

16 Երբևէ շփվե՞լ ես այնպիսի անհատների հետ, ովքեր ուրիշների մասին կանխակալ կարծիք ունեն։ Հավանաբար նրանք ուրիշ ռասայի կամ ազգության մարդկանց մասին արհամարհանքով են խոսում և անտեղի կատակներ անում, թերևս հակառակ սեռի հանդեպ քամահրանք են զգում կամ էլ վերևից են նայում նրանց, ովքեր նյութապես ապահովված չեն և սոցիալապես ցածր դիրք ունեն։ Սակայն Հիսուսի հետևորդները այդպիսի ատելությամբ լցված չեն մարդկանց հանդեպ, նրանք ձգտում են իրենց սրտից ամբողջությամբ արմատախիլ անել ատելությունն ու նախապաշարումները (Գործեր 10։34)։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է քաջություն զարգացնի, որ այս հարցում արդար լինի։

17. Ի՞նչ արեց Հիսուսը տաճարում և ինչո՞ւ։

17 Քաջությունը մղում էր Հիսուսին նաև պայքարելու Աստծու ժողովրդի մաքրության և ճշմարիտ երկրպագության համար։ Երբ իր ծառայության սկզբում նա մտավ Երուսաղեմի տաճար, խիստ զայրացավ՝ տեսնելով վաճառականներին և դրամափոխներին առևտուր անելիս։ Լցված արդար զայրույթով՝ Հիսուսը դուրս վռնդեց այդ ագահ մարդկանց և նրանց եզներին ու ոչխարներին (Հովհաննես 2։13–17)։ Հիսուսը նման ձևով վարվեց նաև իր ծառայության վերջում (Մարկոս 11։15–18)։ Ինչ խոսք, այդպես նա բազում վտանգավոր թշնամիներ ձեռք բերեց, սակայն դա իրեն հետ չպահեց այդ քայլն անելուց։ Ինչո՞ւ։ Դեռևս վաղ տարիքից Հիսուսը տաճարը իր Հոր տունն էր համարում, և իրականում այդպես էլ կար (Ղուկաս 2։49)։ Այդ պատճառով նա երբեք չէր կարող համակերպվել, որ տաճարում ճշմարիտ երկրպագությունը ապականվում է։ Նրա եռանդը քաջությամբ լցրեց նրան՝ պայքարելու անարդարության դեմ։

18. Ինչպե՞ս կարող են քրիստոնյաները այսօր քաջություն դրսևորել, երբ հարցը վերաբերում է ժողովի մաքրությանը։

18 Այսօր Քրիստոսի հետևորդները նույնպես խորապես մտահոգված են Աստծու ժողովրդի և ճշմարիտ երկրպագության մաքրությամբ։ Երբ նրանք տեսնում են, որ իրենց հավատակիցը լուրջ սխալ է գործում, աչք չեն փակում դրա վրա։ Նրանք համարձակորեն խոսում են կա՛մ նրա, կա՛մ երեցների հետ (1 Կորնթացիներ 1։11)։ Հետո համոզվում են, որ ժողովի երեցներն էլ են իրազեկված։ Երեցները կարող են օգնել հոգևորապես հիվանդ անհատին, ինչպես նաև քայլեր ձեռնարկել Եհովայի ժողովրդի մաքրությունը պահպանելու համար (Հակոբոս 5։14, 15

19, 20. ա) Հիսուսի օրերում ի՞նչ անարդարություններ կային, և ի՞նչ ճնշման ենթարկվեց նա։ բ) Ինչո՞ւ Քրիստոսի հետևորդները միջամուխ չեն լինում քաղաքականությանը և բռնարարքներ չեն անում ու ի՞նչ վարձատրություն են ստանում դրա դիմաց։

19 Պե՞տք է արդյոք մտածենք, որ Հիսուսը պայքարում էր սոցիալական անարդարության դեմ։ Աշխարհը այդ ժամանակ լի էր անարդարությամբ։ Նրա հայրենի երկիրը գտնվում էր ուրիշ կայսրության տիրապետության տակ։ Հռոմեացիները ճնշում էին հրեաներին ռազմական ուժով, ժողովրդի ուսերին ծանր հարկեր էին դնում և նույնիսկ փոխում էին նրանց կրոնական սովորույթները։ Զարմանալի չէ, որ շատերը ուզում էին Հիսուսին ներքաշել քաղաքականության մեջ (Հովհաննես 6։14, 15)։ Եվ նորից Հիսուսը պետք է քաջություն դրսևորեր։

20 Հիսուսը բացատրեց, որ իր Թագավորությունը աշխարհի մի մասը չէ։ Իր օրինակով նա սովորեցրեց իր հետևորդներին միջամուխ չլինել քաղաքական պայքարներին, այլ կենտրոնանալ Աստծու Թագավորության բարի լուրը քարոզելու վրա (Հովհաննես 17։16; 18։36)։ Նա մի ազդեցիկ դաս սովորեցրեց չեզոքություն պահելու վերաբերյալ, երբ ամբոխը եկավ իրեն ձերբակալելու։ Այդ պահին Պետրոսը անմիջապես գործի անցավ, հանեց իր սուրը և վնասեց մարդկանցից մեկին։ Կարելի է հասկանալ Պետրոսին։ Մի՞թե հենց այդ գիշեր չէ, որ պետք էր արդարացնել բռնությունը, քանի որ Աստծու անմեղ Որդուն մահ էր սպառնում։ Այդուհանդերձ, Հիսուսը հենց այդ պահին իր բոլոր հետևորդների համար մի կարևոր սկզբունք սահմանեց։ Նա ասաց Պետրոսին. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն» (Մատթեոս 26։51–54)։ Ինչ խոսք, այն ժամանակ Քրիստոսի հետևորդներից քաջություն էր պահանջվում խաղաղասեր լինելու համար։ Պարագան նույնն է նաև այսօր։ Այն բանի շնորհիվ, որ Աստծու ներկայիս ծառաները չեզոքություն են պահում, նրանք մաքուր են այն մարդկանց արյունից, ովքեր զոհվել են պատերազմների, ցեղասպանությունների, խռովությունների և այլ բռնարարքների ժամանակ։ Սա արդեն իսկ մեծ վարձատրություն է իրենց քաջության դիմաց։

Քաջաբար դիմադրեց հակառակությանը

21, 22. ա) Նախքան ամենածանր փորձության բախվելը ի՞նչ օգնություն ստացավ Հիսուսը։ բ) Ինչպե՞ս Հիսուսը մինչև վերջ քաջություն դրսևորեց։

21 Եհովայի Որդին գիտեր, որ երկրի վրա ուժգին հակառակության է բախվելու (Եսայիա 50։4–7)։ Բազմիցս նա կանգնել էր մահվան սպառնալիքի առաջ, և ի վերջո տեղի ունեցավ այն, ինչի մասին խոսվեց այս գլխի սկզբում։ Ինչպե՞ս Հիսուսին հաջողվեց չկորցնել իր քաջությունը նման վտանգավոր իրավիճակում։ Տեսնենք, թե ինչ էր նա անում, նախքան ամբոխը կձերբակալեր իրեն։ Նա ջերմագին աղոթում էր Եհովային։ Իսկ ի՞նչ արեց Եհովան։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված «լսեց» նրան (Եբրայեցիներ 5։7)։ Եհովան մի հրեշտակ ուղարկեց երկնքից, որ զորացնի իր քաջ Որդուն (Ղուկաս 22։42, 43

22 Զորանալուց հետո Հիսուսը իր առաքյալներին ասաց. «Վե՛ր կացեք, գնա՛նք» (Մատթեոս 26։46)։ Քաջության ի՜նչ մեծ դրսևորում։ Նա ասաց՝ «գնանք»՝ իմանալով, որ մենակ է անցնելու այդ ծանր փորձության միջով, իմանալով, որ խնդրելու է ամբոխին ազատ արձակել իր ընկերներին, իմանալով, որ նրանք թողնելու են իրեն ու փախչելու են։ Այո՛, նա մենակ կանգնեց անօրեն, անարդար դատի առաջ, ենթարկվեց ծաղրուծանակի, չարչարանքների և տանջալից մահվան։ Չնայած այս ամենին՝ Հիսուսը մինչև վերջ քաջություն դրսևորեց։

23. Բացատրի՛ր, թե ինչու Հիսուսի արածը անխոհեմություն չէր, երբ նրան սպառնում էր մահը։

23 Անխոհեմությո՞ւն էր արդյոք Հիսուսի արածը։ Ո՛չ, անխոհեմությունը ոչ մի կապ չունի իսկական քաջության հետ։ Իրականում, Հիսուսը սովորեցրել էր իր աշակերտներին լինել զգուշավոր ու խոհեմ՝ անտեղի վտանգի չենթարկելով իրենց, որ կարողանան կատարել Աստծու կամքը (Մատթեոս 4։12; 10։16)։ Սակայն այս դեպքում Հիսուսը գիտեր, որ իրավիճակն անխուսափելի է, այլ ընտրություն չկա։ Պետք էր կատարել Աստծու կամքը։ Նա վճռել էր մինչև վերջ անարատություն պահել, իսկ դրա համար անհրաժեշտ էր անցնել վերջին փորձության միջով։

Եհովայի վկաները հալածանքի բախվելիս քաջություն են դրսևորում

24. Ինչո՞ւ ենք վստահ, որ կկարողանանք չկորցնել մեր քաջությունը ցանկացած փորձության ենթարկվելիս։

24 Որքա՜ն հաճախ են Հիսուսի հետևորդները քաջաբար հետևել իրենց Տիրոջ հետքերին։ Շատերը հաստատակամորեն դիմացել են ծաղրանքին, հալածանքին, ձերբակալվել են, բանտարկվել, չարչարանքների ենթարկվել, անգամ մահացել։ Որտեղի՞ց են անկատար մարդիկ այդպիսի քաջություն ստանում։ Դա պայմանավորված չէ բնածին քաջությամբ։ Հիսուսի նման՝ նրանք էլ են օգնություն ստանում վերևից (Փիլիպպեցիներ 4։13)։ Ուստի երբեք մի՛ վախեցիր՝ մտածելով, թե ինչ կլինի ապագայում։ Վճռիր պահել անարատությունդ, ու Եհովան կտա քեզ քաջություն։ Եվ թող որ մեր Առաջնորդի՝ Հիսուսի օրինակը զորացնի քեզ։ Նա ասաց. «Քա՛ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին» (Հովհաննես 16։33

^ Պատմաբանները նշում են, որ մարդիկ ռաբբիների գերեզմանները նույն պատվին էին արժանացնում, ինչ մարգարեների ու նահապետների գերեզմանները։