Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 5

«Իմաստության բոլոր գանձերը»

«Իմաստության բոլոր գանձերը»

1-3. Ի՞նչ իրավիճակում Հիսուսը ներկայացրեց Լեռան քարոզը 31թ. գարնանը, և ինչո՞ւ էին նրա ունկնդիրները քարացել։

 ԵՐԵՍՈՒՆՄԵԿ թվականի գարունն է։ Հիսուս Քրիստոսը Կափառնայում քաղաքի մոտ է, մի աշխույժ քաղաք, որը գտնվում է Գալիլեայի ծովի հյուսիս-արևմտյան ափին։ Նա գնում է քաղաքի մոտ գտնվող լեռը և ամբողջ գիշեր անցկացնում աղոթելով։ Առավոտյան իր մոտ է կանչում աշակերտներին և նրանցից ընտրում 12 հոգու, որոնց անվանում է առաքյալներ։ Այդ ընթացքում բազմաթիվ մարդիկ, որոնցից շատերը եկել են հեռավոր վայրերից, գալիս են Հիսուսի մոտ ու խմբվում լեռան լանջին։ Նրանք փափագում են լսել Հիսուսին և բուժվել իրենց հիվանդություններից։ Հիսուսը չի հիասթափեցնում նրանց (Ղուկաս 6։12–19

2 Նա մոտենում է բազմությանը և բուժում բոլոր հիվանդներին։ Եվ երբ այլևս չի մնում լուրջ հիվանդություն ունեցող ոչ մի մարդ, նստում է ու սկսում սովորեցնել *։ Այդ գարնանային օրը նրա խոսքերը հավանաբար ապշեցրին իր ունկնդիրներին։ Նրանք երբևէ չէին լսել մեկին, որ սովորեցնի այնպես, ինչպես Հիսուսը։ Իր ուսմունքներին կշիռ հաղորդելու համար Աստծու Որդին չի վկայակոչում բանավոր ավանդույթները և հայտնի հրեա ռաբբիների խոսքերը։ Հակառակը՝ նա անընդհատ մեջբերումներ է անում ներշնչված Եբրայերեն Գրություններից։ Նրա ասածները ուղիղ են, խոսքերը՝ պարզ ու հստակ։ Բազմությունը քարացած է։ Մարդկանց արձագանքը բնական է, չէ՞ որ նրանք լսում էին երբևէ ապրած ամենաիմաստուն մարդուն (Մատթեոս 7։28, 29

«Ժողովուրդը ապշած էր նրա սովորեցնելու կերպի վրա»

3 Այս քարոզը, ինչպեսև Հիսուսի խոսքերից ու գործերից շատերը արձանագրված են Աստծու Խոսքում։ Մենք պետք է խորապես քննենք, թե ինչ է ասում ներշնչված արձանագրությունը Հիսուսի մասին, քանի որ նրա մեջ են թաքնված «իմաստության.... բոլոր գանձերը» (Կողոսացիներ 2։3)։ Որտեղի՞ց նրան այդ իմաստությունը՝ գիտելիքները գործնականում կիրառելու և հասկացողություն դրսևորելու կարողությունը։ Ինչպե՞ս էր նա իմաստություն դրսևորում, և ինչպե՞ս կարող ենք հետևել նրա օրինակին։

«Որտեղի՞ց այս մարդուն այս իմաստությունը»

4. Նազարեթում Հիսուսին լսողները ի՞նչ հարց տվեցին և ինչո՞ւ։

4 Իր քարոզարշավներից մեկի ժամանակ Հիսուսը այցելեց Նազարեթ, այն քաղաքը, որտեղ մեծացել էր, ու սկսեց ժողովարանում սովորեցնել։ Նրան լսողներից շատերը ապշել էին և հարցնում էին. «Որտեղի՞ց այս մարդուն այս իմաստությունը»։ Նրանք ճանաչում էին Հիսուսի ընտանիքին՝ ծնողներին, քույրերին, եղբայրներին, և գիտեին, որ նա աղքատ ընտանիքից է (Մատթեոս 13։54–56; Մարկոս 6։1–3)։ Մարդիկ նաև գիտեին, որ այդ ճարտարախոս ատաղձագործը չի սովորել հայտնի ռաբունական դպրոցներում (Հովհաննես 7։15)։ Ուստի նրանց հարցը տրամաբանական էր թվում։

5. Ըստ Հիսուսի՝ ո՞վ էր իր իմաստության աղբյուրը։

5 Հիսուսի իմաստությունը պարզապես իր կատարյալ ուղեղի արդյունքը չէր։ Ավելի ուշ տաճարում բացահայտ սովորեցնելիս նա բացատրեց, որ իր իմաստությունը վերևից է։ «Ինչ որ սովորեցնում եմ,— ասաց նա,— իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է» (Հովհաննես 7։16)։ Այո՛, իրականում, նրա իմաստության աղբյուրը Հայրն էր, նա, ով ուղարկել էր Որդուն (Հովհաննես 12։49)։ Իսկ ինչպե՞ս Հիսուսը իմաստություն ստացավ Եհովայից։

6, 7. Ինչպե՞ս Հիսուսը իմաստություն ստացավ իր Հորից։

6 Եհովայի սուրբ ոգին գործում էր Հիսուսի սրտի ու մտքի մեջ։ Խոստացված Մեսիայի վերաբերյալ Եսայիան մարգարեացել էր. «Նրա վրա Եհովայի ոգին կլինի՝ իմաստության ու հասկացողության ոգին, խորհրդի ու զորության ոգին, գիտության ու Եհովայի հանդեպ վախի ոգին» (Եսայիա 11։2)։ Մի՞թե զարմանալի է, որ ունենալով Եհովայի ոգին, որը ազդում էր նրա մտածելակերպի ու որոշումների վրա՝ նա գերբնական իմաստություն էր դրսևորում։

7 Հիսուսը իր Հորից իմաստություն է ստացել մեկ ուրիշ ձևով։ 2-րդ գլխից իմացանք, որ նա անթիվ-անհամար տարիներ ապրել է Հոր հետ և այդ ողջ ընթացքում տեսել է, թե ինչ մտածելակերպ ունի նա։ Մենք չենք կարող անգամ պատկերացնել այն իմաստության խորությունը, որը Որդին ձեռք էր բերել իր Հորից՝ որպես հմուտ վարպետ նրա հետ արարելով ամեն բան՝ կենդանի և անկենդան։ Զարմանալի չէ, որ նախքան երկիր գալը Որդին արդեն իմաստության մարմնացում էր (Առակներ 8։22–31; Կողոսացիներ 1։15, 16)։ Իր ծառայության ընթացքում նա դրսևորում էր այն իմաստությունը, որը ստացել էր Հորից երկնքում եղած ժամանակ * (Հովհաննես 8։26, 28, 38)։ Այժմ հասկանում ենք, թե որտեղից Հիսուսը այդքան մեծ գիտելիքներ և խոր հասկացողություն ուներ, որոնք արտացոլվում էին նրա խոսքերում, և ինչու էր այդքան ողջամիտ, ինչն էլ դրսևորվում էր նրա բոլոր գործերում։

8. Որպես Հիսուսի հետևորդ՝ ինչպե՞ս կարող ենք իմաստություն ձեռք բերել։

8 Որպես Հիսուսի հետևորդ՝ մենք նույնպես պետք է Եհովային իմաստության աղբյուր համարենք (Առակներ 2։6)։ Թեև Եհովան մեզ հրաշքով գերբնական իմաստություն չի տալիս, սակայն պատասխանում է մեր անկեղծ աղոթքներին, երբ իմաստություն ենք խնդրում տարբեր դժվարություններ հաղթահարելու համար (Հակոբոս 1։5)։ Որպեսզի իմաստություն ձեռք բերենք, պետք է ջանքեր թափենք։ Հարկավոր է շարունակ որոնել այն «ինչպես թաքցված գանձեր» (Առակներ 2։1–6)։ Մենք պետք է Աստծու Խոսքի խորունկ գաղտնիքները քննենք, քանի որ այն աստվածային իմաստության գանձարան է, և մեր սովորածի համաձայն ապրենք։ Այս առնչությամբ Եհովայի Որդու օրինակը շատ արժեքավոր է։ Հետևաբար, քննենք, թե ինչ ոլորտներում է Հիսուսը իմաստություն դրսևորել, և տեսնենք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել նրան։

Իմաստուն խոսքեր

Աստծու իմաստությունը արտացոլված է Աստվածաշնչում

9. Ինչի՞ շնորհիվ էին Հիսուսի ուսմունքները այդքան իմաստուն։

9 Մարդկանց բազմությունները գնում էին Հիսուսի մոտ՝ նրա խոսքերը լսելու (Մարկոս 6։31–34; Ղուկաս 5։1–3)։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ Հիսուսի բերանից գերբնական իմաստության խոսքեր էին հորդում։ Նրա ուսմունքները վկայում էին Աստծու Խոսքից խոր գիտելիքներ ունենալու և անզուգական խորաթափանցության մասին։ Դրանք հասնում էին տարբեր մարդկանց սրտերին ու երբեք չէին հնանում։ Տեսնենք, թե ինչ իմաստուն խոսքեր է ասել Հիսուսը՝ «Հրաշալի Խորհրդատուն» (Եսայիա 9։6

10. Ի՞նչ դրական հատկություններ է Հիսուսը հորդորում մեզ զարգացնել և ինչո՞ւ։

10 Լեռան քարոզը, որի մասին խոսվեց գլխի սկզբում, Հիսուսի ուսմունքների ամենամեծ հավաքածուն է, որը չի ընդհատվել հեղինակային խոսքով կամ ուրիշների մեկնաբանություններով։ Այս քարոզը ասելիս Հիսուսը պարզապես խորհուրդ չէր տալիս ճիշտ խոսքեր ասել ու ճիշտ գործեր անել։ Նրա խորհուրդները շատ ավելի խոր հարցեր էին շոշափում։ Իմանալով, որ մտքերն ու զգացմունքները ծնում են խոսքեր ու գործեր՝ Հիսուսը հորդորում է մեզ այնպիսի լավ հատկություններ զարգացնել, ինչպիսիք են հեզությունը, սերը արդարության հանդեպ, ողորմածությունը, խաղաղարար լինելը և ուրիշներին սիրելը (Մատթեոս 5։5–9, 43–48)։ Եթե մեր սրտում այսպիսի հատկություններ լինեն, մենք արժանավայել կերպով կարտահայտենք մեր մտքերը, լավ պահվածք կունենանք, ինչով ոչ միայն կհաճեցնենք Եհովային, այլև մեզ շրջապատող մարդկանց հետ լավ փոխհարաբերություններ կունենանք (Մատթեոս 5։16

11. Մեղավոր վարքի վերաբերյալ խորհուրդներ տալիս ինչպե՞ս էր Հիսուսը մատնանշում պատճառները։

11 Հորդորելով հեռու մնալ մեղքից՝ Հիսուսը մատնանշում է սխալ վարքի պատճառը։ Հարկավոր է թե՛ խուսափել բռնի արարքներից և թե՛ թույլ չտալ, որ մեր սրտում բարկությունը բուն դնի (Մատթեոս 5։21, 22; 1 Հովհաննես 3։15)։ Հիսուսը խորհուրդ է տալիս ոչ միայն շնություն չգործել, այլև զգուշացնում է, որ թույլ չտանք՝ մեր սրտում կրքեր զարգանան ու առաջնորդեն մեղքի, որ չլինի թե մեր աչքերը անմաքուր ցանկություններ և կրքեր առաջացնեն մեր մեջ (Մատթեոս 5։27–30)։ Հիսուսը մատնանշում է պատճառները, ոչ թե միայն հետևանքները։ Նա խրախուսում է պայքարել այն ցանկությունների ու մտքերի դեմ, որոնք մեղավոր գործերի են առաջնորդում (Սաղմոս 7։14

12. Հիսուսի հետևորդները ինչպե՞ս են վերաբերվում նրա խորհուրդներին և ինչո՞ւ։

12 Որքա՜ն մեծ իմաստություն կար Հիսուսի խոսքերում։ Դա է պատճառը, որ «ժողովուրդը ապշած էր նրա սովորեցնելու կերպի վրա» (Մատթեոս 7։28)։ Մեզ՝ Հիսուսի հետևորդներիս համար նրա իմաստուն խորհուրդները առաջնորդություն են կյանքում։ Մենք ձգտում ենք զարգացնել ողորմածություն, խաղաղություն և սեր՝ հասկանալով, որ այդպիսով Աստծու առաջ պարկեշտ վարք ունենալու հիմք ենք դնում։ Մենք ջանք ենք թափում արմատախիլ անել մեր սրտից անպարկեշտ ցանկություններն ու բացասական զգացմունքները, օրինակ՝ դառը բարկությունը, քանի որ գիտակցում ենք՝ այդպես վարվելով կխուսափենք մեղք գործելուց (Հակոբոս 1։14, 15

Իմաստուն ապրելակերպ

13, 14. Ի՞նչն է ցույց տալիս, որ Հիսուսը կյանքի ուղի ընտրելիս ողջամտություն դրսևորեց։

13 Հիսուսի իմաստությունը դրսևորվում էր ոչ միայն խոսքերով, այլ նաև գործերով։ Նրա ողջ կյանքը՝ որոշումները, իր մասին ունեցած կարծիքը, ուրիշների հանդեպ վերաբերմունքը, վկայում էր այն մասին, որ նա իմաստուն է բոլոր առումներով։ Քննենք մի քանի օրինակ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես էր Հիսուսը առաջնորդվում «իմաստությամբ և խորհելու կարողությամբ» (Առակներ 3։21

14 Իմաստությունը ողջամտություն է ներառում։ Հիսուսը ողջամտություն դրսևորեց կյանքի ուղի ընտրելիս։ Նրա կյանքը կարող էր բոլորովին այլ ուղղությամբ ընթանալ։ Մի պահ պատկերացրու, թե ինչ տուն կարող էր նա շինել իր համար, ինչ եկամտաբեր գործ կարող էր ունենալ, ինչ փառքի ու դիրքի կարող էր հասնել այս աշխարհում։ Բայց նա գիտեր, որ կյանքը նման բաներին նվիրելը «ունայնություն է և վազք՝ քամու հետևից» (Ժողովող 4։4; 5։10)։ Կյանքի այդպիսի ուղի ընտրելը անմտություն կլիներ և ոչ թե իմաստության դրսևորում։ Հիսուսը որոշեց պարզ կյանք վարել։ Նա չէր ձգտում հարստանալ, ինչ-որ բաներ կուտակել (Մատթեոս 8։20)։ Նա իր սովորեցրածի համաձայն էր ապրում և ամբողջովին կենտրոնացած էր մի նպատակի՝ Աստծու կամքը կատարելու վրա (Մատթեոս 6։22)։ Իր ուժերն ու ժամանակը Հիսուսը տրամադրեց Թագավորության շահերին՝ ամենակարևոր ու վարձահատույց գործին (Մատթեոս 6։19–21)։ Իրոք, նա մեզ համար լավ օրինակ է։

15. Ինչպե՞ս կարող են Հիսուսի հետևորդները ցույց տալ, որ իրենց աչքը պարզ են պահում, և ինչո՞ւ է նման ընթացքին հետևելը իմաստուն։

15 Այսօր Հիսուսի հետևորդները գիտակցում են, որ աչքը պարզ պահելը իմաստության դրսևորում է։ Ուստի նրանք ջանում են անտեղի պարտքեր չկուտակել և անիմաստ նպատակների հետամուտ չլինել, որոնք խլում են ժամանակն ու ուժերը (1 Տիմոթեոս 6։9, 10)։ Շատերը պարզեցնում են իրենց կյանքը, որ ավելի շատ ժամանակ տրամադրեն քրիստոնեական ծառայությանը և հնարավորության դեպքում ծառայեն լիաժամ։ Դա ամենաիմաստուն ուղին է, որին կարող ենք հետևել, քանի որ Թագավորության շահերը առաջին տեղում դնելը երջանկություն և բավարարվածության զգացում է պարգևում (Մատթեոս 6։33

16, 17. ա) Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ համեստ է և իրատես։ բ) Ինչպե՞ս մենք կարող ենք ցույց տալ, որ համեստ ենք և իրատես։

16 Աստվածաշնչում նշվում է, որ իմաստությունը սերտորեն կապված է համեստության հետ, ինչը նշանակում է, որ անհատը գիտակցում է իր սահմանափակ հնարավորությունները (Առակներ 11։2 Հիսուսը համեստ էր և իրատես՝ գիտեր, թե ինչ կարող է ակնկալել իրենից։ Նա հասկանում էր, որ ոչ բոլորը կլսեն իրեն ու կընդունեն բարի լուրը (Մատթեոս 10։32–39)։ Նաև գիտեր, որ սահմանափակ թվով մարդկանց կարող է քարոզել։ Այդ պատճառով էլ աշակերտներ պատրաստելու գործը իր հետևորդներին վստահեց (Մատթեոս 28։18–20)։ Նա համեստորեն գիտակցում էր, որ նրանք «ավելի մեծ գործեր» կանեն, քանի որ ապագայում կկարողանան վկայություն տալ ավելի շատ վայրերում և ավելի երկար ժամանակահատվածում (Հովհաննես 14։12)։ Բացի այդ, Հիսուսը ընդունում էր, որ ինքն էլ օգնության կարիք ունի։ Նա չմերժեց հրեշտակների օգնությունը, ովքեր եկան ծառայելու իրեն անապատում, ինչպես նաև այն հրեշտակի օգնությունը, որը զորացրեց իրեն Գեթսեմանի պարտեզում։ Իսկ ամենածանր փորձության ժամանակ Աստծու Որդին աղաղակեց օգնության համար (Մատթեոս 4։11; Ղուկաս 22։43; Եբրայեցիներ 5։7

17 Մենք նույնպես պետք է համեստ և իրատես լինենք՝ հասկանանք, թե ինչ կարող ենք ակնկալել ինքներս մեզնից։ Անկասկած, ուզում ենք ամբողջ հոգով ու ջանադրաբար կատարել քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը (Ղուկաս 13։24; Կողոսացիներ 3։23)։ Սակայն միևնույն ժամանակ պետք է հիշենք, որ Եհովան չի համեմատում մեզ ուրիշների հետ, ու մենք էլ չպետք է այդպես վարվենք (Գաղատացիներ 6։4)։ Իմաստությունը կօգնի իրատես լինելու և հասանելի նպատակներ հետապնդելու՝ հաշվի առնելով մեր հնարավորություններն ու հանգամանքները։ Իսկ նրանց, ովքեր պատասխանատվություններ ունեն, իմաստությունը կօգնի ընդունելու, որ իրենք էլ սահմանափակ կարողություններ ունեն և ժամանակ առ ժամանակ օգնության և աջակցության կարիք են զգում։ Համեստություն դրսևորելով՝ նրանք երախտագիտությամբ կընդունեն ուրիշների օգնությունը՝ գիտակցելով, որ Եհովան կարող է հավատակցի միջոցով «զորավիգ» լինել իրենց (Կողոսացիներ 4։11

18, 19. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ Հիսուսը խոհեմ էր և բարի իր աշակերտների հանդեպ։ բ) Ուրիշների հանդեպ խոհեմություն դրսևորելու ու բարի լինելու ի՞նչ հիմնավոր պատճառ ունենք և ինչպե՞ս կարող ենք այդպես վարվել։

18 «Վերին իմաստությունը.... խոհեմ» է,— գրված է Հակոբոս 3։17 համարում։ Հիսուսը խոհեմ էր և բարի իր աշակերտների հանդեպ։ Նա գիտեր նրանց թերությունները, բայց միշտ լավն էր փնտրում նրանց մեջ (Հովհաննես 1։47)։ Գիտեր, որ կլքեն իրեն, երբ ձերբակալվի, բայց, միևնույնն է, կասկածի տակ չդրեց նրանց նվիրվածությունը (Մատթեոս 26։31–35; Ղուկաս 22։28–30)։ Պետրոսը երեք անգամ ուրացավ Հիսուսին՝ ասելով, որ չի էլ ճանաչում նրան։ Բայց Հիսուսը ջերմեռանդորեն աղոթեց Պետրոսի համար և իր վստահությունը ցույց տվեց նրա նվիրվածության հանդեպ (Ղուկաս 22։31–34)։ Իսկ կյանքի վերջին գիշերը Հորն աղոթելիս չնշեց աշակերտների սխալները։ Հակառակը՝ դրական խոսքեր ասաց՝ նշելով. «Նրանք պահեցին քո խոսքը» (Հովհաննես 17։6)։ Չնայած աշակերտների անկատարությանը՝ Հիսուսը նրանց վստահեց քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը (Մատթեոս 28։19, 20)։ Նրա վստահությունը աշակերտների հանդեպ, անկասկած, զորացրեց վերջիններիս, որ շարունակեն կատարել իրենց հանձնարարված գործը։

19 Հիսուսի հետևորդները այս հարցում պետք է ընդօրինակեն նրան։ Եթե Աստծու կատարյալ Որդին իր անկատար աշակերտների հանդեպ համբերատար էր, ապա առավել ևս մենք՝ մեղավոր մարդիկս, պետք է ուրիշների հետ խոհեմությամբ վարվենք (Փիլիպպեցիներ 4։5)։ Կարևոր է չկենտրոնանալ մեր հավատակիցների թերությունների վրա, այլ նրանց մեջ լավը տեսնել։ Պետք է միշտ հիշել, որ Եհովան է այդ մարդկանց ձգել դեպի իրեն (Հովհաննես 6։44)։ Դա նշանակում է, որ նրանց մեջ արժեքավոր մի բան է նկատել, ինչը մենք էլ պետք է նկատենք։ Այդպիսի դրական տրամադրվածությունը կօգնի մեզ «հանցանքին ուշադրություն չդարձնելու» և առիթներ փնտրելու ուրիշներին գովելու համար (Առակներ 19։11)։ Երբ եղբայրների և քույրերի հանդեպ արտահայտում ենք մեր վստահությունը, մղում ենք նրանց ամբողջ հոգով ծառայելու Եհովային և ուրախություն պահպանելու ծառայության մեջ (1 Թեսաղոնիկեցիներ 5։11

20. Ինչպե՞ս պետք է օգտագործենք Ավետարաններում գտնվող իմաստության գանձարանը և ինչո՞ւ։

20 Ավետարանների արձանագրությունը, որում նկարագրվում է Հիսուսի կյանքն ու ծառայությունը, իսկապես իմաստության գանձարան է։ Ինչպե՞ս պետք է օգտագործենք այս անգին պարգևը։ Լեռան քարոզի վերջում Հիսուսն իր ունկնդիրներին հորդորեց ոչ թե պարզապես լսել իր իմաստուն խոսքերը, այլ կատարել դրանք (Մատթեոս 7։24–27)։ Եթե մեր մտքերը, մղումներն ու գործերը ներդաշնակեցնենք Հիսուսի իմաստուն խոսքերին և գործերին, իրական երջանկություն կգտնենք հիմա ու կմնանք հավիտենական կյանքի ճանապարհին (Մատթեոս 7։13, 14)։ Անկասկած, դա կյանքի ամենաիմաստուն ընթացքն է։

^ Հիսուսի այդ ելույթը հայտնի է որպես Լեռան քարոզ։ Այն արձանագրված է Մատթեոս 5։3–7։27-ում և պարունակում է 107 համարներ, որոնք կարելի է կարդալ մոտ 20 րոպեում։

^ Ակներևաբար, երբ Հիսուսի մկրտության ժամանակ «երկինքը բացվեց», նա հիշեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել իր հետ նախքան երկիր գալը (Մատթեոս 3։13–17