Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 6

Նա «հնազանդություն սովորեց»

Նա «հնազանդություն սովորեց»

1, 2. Ինչո՞ւ է սիրող հայրն ուրախանում, երբ տեսնում է, որ իր որդին հնազանդվում է իրեն, և ի՞նչ առումով մեր երկնային Հայրը նույն զգացումներն ունի։

 ՀԱՅՐԸ պատուհանից նայում է, թե ինչպես է իր տղան բակում խաղում ընկերների հետ։ Հանկարծ գնդակը գլորվում է փողոց։ Տղան տխուր նայում է գնդակի հետևից։ Ընկերներից մեկն ասում է, որ փողոց վազի և բռնի գնդակը, բայց նա օրորում է գլուխը և ասում. «Պապաս չի թողնում»։ Հայրը ժպտում է։

2 Ինչո՞ւ է հայրն այդքան ուրախ։ Նա պատվիրել էր որդուն մենակ փողոց դուրս չգալ։ Ու երբ նույնիսկ չիմանալով, որ հայրը նայում է իրեն՝ տղան հնազանդվում է, հայրը հասկանում է, որ որդին սովորել է հնազանդություն և իրեն վտանգի չի ենթարկի։ Մեր երկնային Հայրը նույն զգացումներն ունի։ Աստված գիտի, որ մենք կկարողանանք հավատարիմ մնալ ու տեսնել այն հրաշալի կյանքը, որ նա պատրաստել է մեզ համար, եթե սովորենք վստահել ու հնազանդվել իրեն (Առակներ 3։5, 6)։ Այս նպատակին հասնելու համար նա երկիր ուղարկեց լավագույն ուսուցչին։

3, 4. Ինչպե՞ս Հիսուսը «հնազանդություն սովորեց» և «կատարյալ դարձավ»։ Բե՛ր օրինակ։

3 Աստվածաշունչը Հիսուսի մասին զարմանալի մի բան է ասում. «Թեև Որդի էր, սակայն իր կրած չարչարանքներից հնազանդություն սովորեց և երբ կատարյալ դարձավ, պատասխանատու եղավ բոլոր իրեն հնազանդվողների հավիտենական փրկության համար» (Եբրայեցիներ 5։8, 9)։ Այս Որդին անհամար տարիներ ապրել էր երկնքում։ Նա տեսել էր, թե ինչպես ըմբոստացան Սատանան և ուրիշ հրեշտակներ։ Սակայն անդրանիկ Որդին չմիացավ նրանց։ Ներշնչված մարգարեությունը հետևյալ խոսքերը վերագրում է նրան. «Ես չընդդիմացա» (Եսայիա 50։5)։ Բայց «հնազանդություն սովորեց» խոսքերը ինչպե՞ս կարող են վերաբերել կատարելապես հնազանդ Որդուն։ Ինչպե՞ս կարող էր կատարյալ արարածը «կատարյալ դառնալ»։

4 Քննենք մի օրինակ։ Զինվորը երկաթյա սուր ունի։ Թեև այն երբեք չի օգտագործվել պատերազմում, բայց երևում է, որ կատարյալ գործ է։ Սակայն զինվորը որոշում է այն փոխել մի ուրիշ սրի հետ, որն ավելի կարծր մետաղից է պատրաստված։ Այդ նոր սուրն արդեն «փորձվել» է պատերազմում։ Համաձայն չե՞ս, որ զինվորը իմաստուն որոշում կայացրեց։ Նմանապես, հնազանդությունը, որ Հիսուսը դրսևորեց մինչև երկիր գալը, կատարյալ էր։ Սակայն երկրի վրա այն ձեռք բերեց ավելի մեծ արժեք և ավելի որակյալ դարձավ։ Այն փորձվեց, ասես կարծրացավ այնպիսի փորձությունների ժամանակ, որոնց Հիսուսը չէր բախվի երկնքում։

5. Ինչո՞ւ էր Հիսուսի հնազանդությունն այդքան կարևոր, և ի՞նչ ենք քննելու այս գլխում։

5 Երկրի վրա ապրելիս Հիսուսի համար առավել ևս շատ կարևոր էր հնազանդություն դրսևորելը։ Որպես «վերջին Ադամ»՝ նա եկավ երկիր, որ անի այն, ինչ չարեցին մեր նախածնողները՝ հնազանդվել Եհովա Աստծուն նույնիսկ փորձության ժամանակ (1 Կորնթացիներ 15։45)։ Այդուհանդերձ, Հիսուսը մեխանիկորեն չէր հնազանդություն դրսևորում։ Նա հնազանդ էր ամբողջ մտքով, սրտով ու հոգով։ Եվ այդպես վարվելուց ուրախություն էր ստանում։ Հոր կամքը կատարելը նրա համար կերակուրից էլ կարևոր էր (Հովհաննես 4։34)։ Ի՞նչը կօգնի մեզ ընդօրինակելու Հիսուսին։ Նախ քննենք նրա մղումները։ Ունենալով նույն մղումները՝ մենք կկարողանանք դեմ կանգնել գայթակղություններին և հավատարմորեն կատարել Աստծու կամքը։ Այնուհետև կտեսնենք, թե ինչ օրհնություններ է բերում քրիստոնեական հնազանդությունը։

Ինչի՞ց մղված էր Հիսուսը հնազանդ

6, 7. Ինչի՞ց մղված էր Հիսուսը հնազանդ։

6 Հիսուսի հնազանդությունը սրտից էր բխում։ Ինչպես տեսանք 3-րդ գլխում, Քրիստոսը սրտով խոնարհ էր։ Ամբարտավանությունն ու հպարտությունը դրդում են մարդկանց արհամարհելու հնազանդությունը, մինչդեռ խոնարհությունը մղում է նրանց սիրահոժար կերպով հնազանդվելու Եհովային (Ելք 5։1, 2; 1 Պետրոս 5։5, 6)։ Ավելին, Հիսուսի հնազանդությունը բխում էր այն բանից, թե ինչն էր սիրում և ինչն էր ատում։

7 Եվ ամենակարևորը, Հիսուսը սիրում էր իր երկնային Հորը՝ Եհովային։ Այդ մասին ավելի հանգամանորեն կխոսենք 13-րդ գլխում։ Այդ սերը նրա մեջ աստվածավախություն զարգացրեց։ Հոր հանդեպ սերն այնքա՜ն ուժգին էր, այնքա՜ն մեծ էր ակնածանքը, որ նա վախենում էր նրան տհաճեցնելուց։ Պատճառներից մեկը, թե ինչու Եհովան լսեց Հիսուսի աղոթքները, աստվածավախությունն էր (Եբրայեցիներ 5։7)։ Եհովայի հանդեպ վախը Հիսուսին՝ որպես Մեսիական Թագավորի, նույնպես առանձնահատուկ է դարձնում (Եսայիա 11։3

Զվարճությունների քո ընտրությունը ցույց տալի՞ս է, որ ատում ես այն, ինչ չար է

8, 9. Մարգարեության համաձայն՝ ի՞նչ էր զգում Հիսուսը արդարության և ամբարշտության հանդեպ և ինչպե՞ս դրսևորեց իր զգացմունքները։

8 Սիրել Եհովային նշանակում է նաև ատել այն, ինչ նա է ատում։ Ուշադրություն դարձնենք, թե ինչ է ասվում Մեսիական Թագավորի մասին մարգարեության մեջ. «Դու սիրում ես արդարությունը և ատում ես ամբարշտությունը։ Այդ պատճառով Աստված՝ քո Աստվածը, օծել է քեզ ցնծության յուղով առավել, քան քո ընկերներին» (Սաղմոս 45։7)։ Հիսուսի «ընկերները» Դավթի ցեղի թագավորներն էին։ Ցնծությունն ու ուրախությունը Հիսուսի օծման ժամանակ ավելի մեծ էին, քան նրանց դեպքում։ Ինչո՞ւ։ Նրան ավելի մեծ վարձատրություն էր սպասում, իսկ նրա կառավարումը ավելի մեծ հաջողությունների էր հասնելու և ավելի շատ օգուտներ էր բերելու։ Հիսուսը վարձատրվեց, քանի որ իր սերն արդարության հանդեպ և ատելությունը ամբարշտության հանդեպ մղեցին նրան ամեն ինչում հնազանդվելու Աստծուն։

9 Ինչպե՞ս Հիսուսը դրսևորեց իր վերաբերմունքը արդարության և ամբարշտության հանդեպ։ Օրինակ՝ ինչպե՞ս նա արձագանքեց, երբ իր հետևորդները հնազանդվեցին քարոզչական գործի վերաբերյալ իր տված առաջնորդությանը և օրհնություններ ստացան։ Նա ցնծաց (Ղուկաս 10։1, 17, 21)։ Իսկ ի՞նչ զգաց, երբ Երուսաղեմի բնակիչները շարունակաբար անհնազանդության ոգի դրսևորեցին՝ մերժելով օգնություն ցույց տալու նրա սիրառատ ջանքերը։ Նա լաց եղավ այդ քաղաքի ըմբոստության պատճառով (Ղուկաս 19։41, 42)։ Հիսուսը լրջորեն էր վերաբերվում լավ ու վատ վարքին։

10. Ի՞նչ զգացմունքներ պետք է զարգացնենք ճիշտ ու սխալ արարքների հանդեպ, և ի՞նչը կօգնի մեզ այդպես վարվելու։

10 Հիսուսի օրինակի շուրջ խորհրդածելը կօգնի մեզ քննելու, թե ինչն է մեզ մղում հնազանդվելու Եհովային։ Չնայած որ անկատար ենք, կարող ենք ուժգին սեր զարգացնել այն ամենի հանդեպ, ինչը բարի է, և ատելություն այն ամենի հանդեպ, ինչը չար է։ Մենք պետք է աղոթենք Եհովային, որ մեր մեջ էլ արթնանան այնպիսի զգացմունքներ, ինչպիսին որ նա ու իր Որդին ունեն (Սաղմոս 51։10)։ Սակայն միևնույն ժամանակ պետք է խուսափենք այն ամենից, ինչը կարող է ապականել մեր զգացմունքները։ Շատ կարևոր է լուրջ վերաբերվել զվարճությունների և ընկերակցության ընտրությանը (Առակներ 13։20; Փիլիպպեցիներ 4։8)։ Եթե մենք էլ Քրիստոսի մղումներն ունենանք, ապա մեխանիկորեն չենք հնազանդվի։ Մենք ճիշտը կանենք, քանի որ սիրում ենք այդպես վարվել։ Իսկ վատ գործերից կխուսափենք ոչ թե այն պատճառով, որ վախենում ենք, թե մեր արարքը կբացահայտվի, այլ որ ատում ենք այն։

«Նա ոչ մի մեղք չգործեց»

11, 12. ա) Հիսուսի երկրային ծառայության սկզբում ի՞նչ տեղի ունեցավ նրա հետ։ բ) Ո՞րն էր Հիսուսի առաջին փորձությունը, և ի՞նչ նենգ քայլի դիմեց Սատանան։

11 Մեղքի հանդեպ Հիսուսի ատելությունը փորձության ենթարկվեց նրա երկրային ծառայության սկզբում։ Մկրտությունից հետո նա 40 օր ու գիշեր անապատում անցկացրեց՝ առանց սննդի։ Վերջում Սատանան նրան փորձեց։ Ուշադրություն դարձրու, թե ինչ նենգ քայլերի դիմեց նա (Մատթեոս 4։1–11

12 Նախ Սատանան ասաց. «Եթե Աստծու որդի ես, այս քարերին ասա, որ հաց դառնան» (Մատթեոս 4։3)։ Ի՞նչ էր զգում Հիսուսը երկար ծոմապահությունից հետո։ Աստվածաշունչը պարզ նշում է. «Նա քաղց զգաց» (Մատթեոս 4։2)։ Փաստորեն, Սատանան օգտագործեց այդ բնական ցանկությունը և, անկասկած, սպասեց այնքան, որ նա ֆիզիկապես թուլանա։ Նաև ուշադրություն դարձրու, թե ինչպես հեգնեց Բանսարկուն. «Եթե Աստծու որդի ես»։ Սատանան գիտեր, որ Հիսուսը «բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկն» է (Կողոսացիներ 1։15)։ Այդուհանդերձ, վերջինս թույլ չտվեց, որ նա դրդի իրեն անհնազանդության։ Հիսուսը գիտեր, որ եթե իր զորությունն օգտագործի եսասիրական նպատակներով, ապա հակառակ կգնա Աստծու կամքին։ Նա հրաժարվեց այդպիսի բան անելուց՝ ցույց տալով, որ խոնարհաբար ապավինում է Եհովայի աջակցությանն ու առաջնորդությանը (Մատթեոս 4։4

13-15. ա) Որո՞նք էին Հիսուսի երկրորդ և երրորդ փորձությունները, և ինչպե՞ս նա արձագանքեց։ բ) Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսը միշտ զգոն էր Սատանայի հանդեպ։

13 Երկրորդ փորձության ժամանակ Սատանան Հիսուսին կանգնեցրեց տաճարի պարսպի վրա։ Խորամանկորեն աղավաղելով Աստծու Խոսքը՝ նա դրդում էր Հիսուսին, որ իրեն ցուցադրաբար ցած նետի բարձունքից, որ հրեշտակները փրկեն իրեն։ Եթե տաճարում հավաքված մարդիկ տեսնեին այդ հրաշքը, մի՞թե չէին հավատա, որ Հիսուսը խոստացված Մեսիան է։ Ու եթե մարդիկ այս հրաշքի շնորհիվ ընդունեին նրան որպես խոստացված Մեսիայի, մի՞թե Հիսուսը փորձությունների ու դժվարությունների կբախվեր։ Հիսուսը գիտեր, որ Աստծու կամքն էր, որ Մեսիան խոնարհաբար կատարի իր ծառայությունը և ոչ թե տպավորիչ ցուցադրումներով գրավի մարդկանց (Եսայիա 42։1, 2)։ Հիսուսը այս անգամ էլ հնազանդություն դրսևորեց։ Նա չէր ձգտում մարդկանց կողմից փառքի արժանանալ։

14 Իսկ կարելի՞ է ասել, որ Հիսուսը իշխանատենչ էր։ Երրորդ փորձության ժամանակ Սատանան առաջարկեց նրան աշխարհի բոլոր թագավորությունները այն պայմանով, որ երկրպագություն անի իրեն։ Հիսուսին հետաքրքրե՞ց այդ առաջարկը։ «Հեռացի՛ր, Սատանա՛»,— պատասխանեց նա։ Այնուհետև ավելացրեց. «Գրված է. «Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն պետք է երկրպագես և միմիայն նրան սուրբ ծառայություն մատուցես»» (Մատթեոս 4։10)։ Ոչինչ չէր կարող ստիպել Հիսուսին երկրպագելու ուրիշ աստծու. ո՛չ իշխանություն ստանալու հնարավորությունը, ո՛չ այս աշխարհի ազդեցությունը։ Նրա համար Աստծուն հնազանդվելն ամեն բանից վեր էր։

15 Հանձնվե՞ց Սատանան։ Նա հեռացավ, ինչպեսև հրամայեց Հիսուսը։ Սակայն Ղուկասի Ավետարանում կարդում ենք, որ Բանսարկուն «հեռացավ նրանից մինչև մեկ ուրիշ հարմար ժամանակ» (Ղուկաս 4։13)։ Անշուշտ, Սատանան մինչև վերջ առիթներ էր փնտրելու նրան փորձելու համար։ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը «փորձվել է բոլոր առումներով» (Եբրայեցիներ 4։15)։ Փաստորեն, Աստծու Որդին միշտ պետք է զգոն լիներ։ Մենք էլ պետք է այդպես վարվենք։

16. Ինչպե՞ս է այսօր Սատանան գայթակղում Աստծու ծառաներին, և ինչպե՞ս կարող ենք մերժել նրան։

16 Այսօր էլ Սատանան շարունակում է գայթակղել Աստծու ծառաներին։ Ցավոք, մեր անկատարության պատճառով հաճախ հեշտությամբ ենք ընկնում նրա ծուղակը։ Սատանան խորամանկորեն օգտագործում է անկատարության դրսևորումները՝ եսասիրությունը, հպարտությունն ու իշխանության հանդեպ տենչը, և երբեմն էլ նյութապաշտության միջոցով միանգամից հարվածում է մեր այս երեք թույլ կողմերին։ Ուստի կարևոր է անկեղծ ինքնաքննություն կատարել։ Տեղին է խորհրդածել 1 Հովհաննես 2։15–17 համարների շուրջ։ Հարցրու ինքդ քեզ. «Մարմնական ցանկությունները, իրեր կուտակելու ձգտումը և ուրիշներին տպավորելու փափագը ինչ-որ ձևով պատճա՞ռ են դառնում, որ իմ երկնային Հոր հանդեպ ունեցած սերս սառչի»։ Պետք է հիշենք, որ այս աշխարհը և դրա իշխանը՝ Սատանան, անցնելու են։ Ուրեմն մերժե՛նք նրա խորամանկ առաջարկները, որոնք մեզ մեղքի են տանում, ու հետևե՛նք մեր Տիրոջը, որը «ոչ մի մեղք չգործեց» (1 Պետրոս 2։22

«Ես միշտ նրան հաճելի բաներն եմ անում»

17. Ի՞նչ տրամադրվածությամբ էր Հիսուսը հնազանդվում իր Հորը, և ոմանք ի՞նչ առարկություն կարող են անել։

17 Հնազանդությունը մեղքից խուսափելուց ավելին է։ Քրիստոսը կատարում էր իր Հոր յուրաքանչյուր հրահանգը։ Նա ասաց. «Ես միշտ նրան հաճելի բաներն եմ անում» (Հովհաննես 8։29)։ Այսպիսի հնազանդությունը մեծ ուրախություն էր պատճառում Հիսուսին։ Սակայն գուցե ոմանք առարկեն՝ ասելով, թե նրա համար այդքան էլ դժվար չէր հնազանդ լինել։ Նրանք մտածում են, որ Հիսուսը հաշվետու էր միայն Եհովային, որը կատարյալ է, մինչդեռ մենք հաճախ ստիպված ենք հաշվետու լինել անկատար մարդկանց, որոնք իշխանություն ունեն։ Սակայն ճշմարտությունն այն է, որ Հիսուսը նույնպես հնազանդվում էր անկատար մարդկանց, որոնք իշխանություն ունեին։

18. Որպես պատանի՝ հնազանդության ի՞նչ օրինակ է թողել Հիսուսը։

18 Հիսուսը մեծանում էր իր անկատար ծնողների՝ Հովսեփի ու Մարիամի իշխանության ներքո։ Հավանաբար, նա մյուս երեխաներից ավելի շատ էր տեսնում իր ծնողների թերությունները։ Արդյոք նա ըմբոստանո՞ւմ էր՝ դուրս գալով աստվածատուր իր դերի շրջանակներից և թելադրելով նրանց, թե ինչպես ղեկավարեն ընտանիքը։ Նկատի առ, թե Ղուկաս 2։51 համարն ինչ է ասում 12-ամյա Հիսուսի մասին. «Շարունակում էր ենթարկվել նրանց»։ Նրա հնազանդությունը հրաշալի օրինակ է քրիստոնյա պատանիների համար, ովքեր ձգտում են հնազանդվել իրենց ծնողներին և հարգանք դրսևորել նրանց հանդեպ (Եփեսացիներ 6։1, 2

19, 20. ա) Ի՞նչ դժվարությունների էր բախվում Հիսուսը անկատար մարդկանց հնազանդվելիս։ բ) Ինչո՞ւ ճշմարիտ քրիստոնյաներն այսօր պետք է հնազանդվեն նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ժողովում։

19 Անկատար մարդկանց հնազանդվելիս Հիսուսը այնպիսի դժվարությունների էր բախվում, որոնց ժամանակակից ճշմարիտ քրիստոնյաները երբեք չեն բախվել։ Քննենք, թե ինչ յուրահատուկ ժամանակներում էր նա ապրում։ Հրեաների կրոնական համակարգին, որի մեջ մտնում էր Երուսաղեմի տաճարն ու քահանայությունը և որն այդ ժամանակ ուներ Եհովայի հավանությունը, պետք է փոխարիներ քրիստոնեական ժողովը (Մատթեոս 23։33–38)։ Շատ կրոնական առաջնորդներ, լինելով հունական փիլիսոփայության ազդեցության տակ, կեղծ ուսմունքներ էին սովորեցնում։ Տաճարում անօրենությունն այնքան շատ էր տարածվել, որ Հիսուսը այն կոչեց «ավազակների որջ» (Մարկոս 11։17)։ Սակայն մի՞թե Հիսուսը խուսափում էր տաճար կամ ժողովարաններ գնալուց։ Եհովան դեռ օգտագործում էր այդ համակարգը և քանի դեռ չէր միջամտել ու փոփոխություններ չէր արել, Հիսուսը բոլոր տոներին հնազանդորեն գնում էր տաճար և ժողովարան (Ղուկաս 4։16; Հովհաննես 5։1

20 Եթե Հիսուսը հնազանդություն էր ցուցաբերում այդ իրավիճակներում, ապա որքան ավելի ճշմարիտ քրիստոնյաները պետք է հնազանդ լինեն այսօր։ Այժմ ապրում ենք բոլորովին այլ ժամանակներում, այն ժամանակներում, երբ պետք է վերականգնվեր ճշմարիտ երկրպագությունը, ինչի մասին վաղուց մարգարեացվել էր։ Աստված վստահեցնում է մեզ, որ երբեք թույլ չի տա Սատանային ապականել իր ժողովրդին (Եսայիա 2։1, 2; 54։17)։ Ինչ խոսք, քրիստոնեական ժողովում նույնպես մարդիկ անկատար են ու մեղքեր են գործում։ Բայց արժե՞ ուրիշների սխալների պատճառով արդարացնել Եհովայի նկատմամբ մեր անհնազանդությունը, օրինակ՝ չգնալ ժողովի հանդիպումներին կամ քննադատել երեցներին։ Ամենևի՛ն։ Հակառակը՝ ամբողջ սրտով պետք է թիկունք կանգնենք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ժողովում։ Մենք հնազանդորեն հաճախում ենք ժողովի հանդիպումներին, համաժողովներին և կիրառում ենք աստվածաշնչյան այն խորհուրդները, որ ստանում ենք (Եբրայեցիներ 10։24, 25; 13։17

Մենք հնազանդորեն կիրառում ենք այն, ինչ սովորում ենք հանդիպումների ժամանակ

21. Ինչպե՞ս էր արձագանքում Հիսուսը, երբ մարդիկ ճնշում էին իրեն, որ չհնազանդվի Աստծուն, և ի՞նչ օրինակ է նա թողել մեզ։

21 Հիսուսը երբեք թույլ չէր տալիս, որ մարդիկ, նույնիսկ լավ մղումներ ունեցող ընկերները խանգարեն իրեն հնազանդվել Եհովային։ Պետրոս առաքյալը, օրինակ, փորձեց համոզել իր Ուսուցչին, որ անտեղի չտառապի ու չմահանա։ Բայց Հիսուսը հաստատակամորեն մերժեց Պետրոսի՝ լավ մղումներից տրված, բայցև մոլորեցնող խորհուրդը, թե պետք է բարի լինի իր հանդեպ (Մատթեոս 16։21–23)։ Այսօր հաճախ լավ մղումներից ելնելով՝ Հիսուսի հետևորդների հարազատներն են փորձում տարհամոզել նրանց, որ չհնազանդվեն Աստծու օրենքներին և սկզբունքներին։ Սակայն Հիսուսի՝ առաջին դարի հետևորդների նման՝ մենք պետք է «Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց» (Գործեր 5։29

Քրիստոնեական հնազանդության օրհնությունները

22. Հիսուսը ո՞ր հարցին պատասխան տվեց և ինչպե՞ս։

22 Երբ Հիսուսը կանգնեց մահվան դեմ հանդիման, նրա հնազանդությունը դաժանորեն փորձվեց։ Այդ տխուր օրը նա լիարժեք կերպով «հնազանդություն սովորեց»։ Հիսուսը կատարեց ոչ թե իր, այլ Հոր կամքը (Ղուկաս 22։42)։ Դրանով նա անարատության կատարյալ օրինակ թողեց (1 Տիմոթեոս 3։16)։ Նա պատասխան տվեց մի հարցի, որը երկար ժամանակ անպատասխան էր մնում. կարո՞ղ է կատարյալ մարդը հնազանդվել Եհովային նույնիսկ փորձության ժամանակ։ Ադամը չհնազանդվեց, Եվան նույնպես։ Հետագայում Հիսուսը եկավ երկիր, ապրեց, մահացավ և ամեն բան շտկեց։ Եհովայի ամենամեծ ստեղծագործությունը սպառիչ պատասխան տվեց։ Նա հնազանդություն դրսևորեց անգամ կյանքի գնով։

23-25. ա) Ի՞նչ կապ կա հնազանդության և անարատության միջև։ Բե՛ր օրինակ։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ գլխում։

23 Անարատությունը, կամ՝ Եհովայի հանդեպ ամբողջ սրտով նվիրվածությունը, դրսևորվում է հնազանդությամբ։ Քանի որ Հիսուսը հնազանդվեց, նա պահեց իր անարատությունը և օգուտներ բերեց ողջ մարդկությանը (Հռոմեացիներ 5։19)։ Եհովան առատորեն օրհնեց Հիսուսին։ Եթե հնազանդվենք մեր Տիրոջը՝ Քրիստոսին, Աստված կօրհնի նաև մեզ։ Քրիստոսի հանդեպ հնազանդությունը «հավիտենական փրկության» է առաջնորդում (Եբրայեցիներ 5։9

24 Սակայն անարատությունը ինքնին օրհնություն է։ Առակներ 10։9-ում ասվում է. «Անարատությամբ քայլողը ապահով կքայլի»։ Եթե անարատությունը համեմատենք մի մեծ շինության հետ, որը պատրաստված է աղյուսներից, ապա հնազանդության յուրաքանչյուր արարքը կարելի է համեմատել առանձին աղյուսների հետ։ Գուցե թվա, թե մեկ աղյուսը ոչ մի դեր չի խաղում, բայց յուրաքանչյուրն իր տեղն ու կարևորությունն ունի։ Երբ բոլոր աղյուսները շարվում են, ամուր շինություն է կառուցվում։ Երբ հնազանդության արարքներն են «շարվում» օրեցօր, տարեցտարի, կառուցվում է մեր անարատության «գեղեցիկ տունը»։

25 Սակայն երկար տարիներ հնազանդություն դրսևորելու համար մեզ տոկունություն է անհրաժեշտ։ Իսկ թե ինչպես տոկունություն դրսևորեց Հիսուսը, կքննենք հաջորդ գլխում։