Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 7

«Եկեք տոկունությամբ վազենք.... մինչ մեր աչքերը հառել ենք....Հիսուսին»

«Եկեք տոկունությամբ վազենք.... մինչ մեր աչքերը հառել ենք....Հիսուսին»

1-3. ա) Որքա՞ն ուժգին էր Հիսուսի տագնապը Գեթսեմանի պարտեզում, և ո՞րն էր պատճառը։ բ) Հիսուսը տոկունության ի՞նչ օրինակ է թողել, և ի՞նչ հարցեր են առաջանում։

 ՃՆՇՈՒՄԸ գնալով ուժգնանում է։ Հիսուսը նախկինում երբեք մտային և էմոցիոնալ այսպիսի ճնշման չի ենթարկվել։ Նրա երկրային կյանքի վերջին ժամերն են։ Առաքյալների հետ նա գալիս է ծանոթ մի վայր՝ Գեթսեմանի պարտեզ։ Հիսուսը հաճախ էր նրանց այստեղ հանդիպել։ Այս գիշեր, սակայն, նա ուզում է մի որոշ ժամանակ մենակ մնալ։ Թողնելով առաքյալներին՝ Հիսուսը մտնում է պարտեզի խորքը ու սկսում է ծնկաչոք աղոթել։ Նա այնքա՜ն ջերմեռանդորեն է աղոթում և այնքա՜ն տագնապած է, որ քրտինքը դառնում է «արյան կաթիլների պես, որ գետին են թափվում» (Ղուկաս 22։39–44

2 Ինչո՞ւ է Հիսուսն այսքան մտահոգ։ Ճիշտ է, թեև նա գիտի, որ շուտով սարսափելի տանջանքների է ենթարկվելու, բայց իր տագնապի պատճառը դա չէ։ Նրան շատ ավելի կարևոր հարցեր են անհանգստացնում։ Աստծու Որդուն խորապես մտահոգում է Հոր անունը, և նա գիտակցում է, որ մարդկության ապագան կախված է իր հավատարմությունից։ Հիսուսը հասկանում է, թե որքան կարևոր է տոկալ։ Եթե չկարողանար մինչև վերջ տոկալ, մեծ անարգանք կբերեր Եհովայի անվանը։ Սակայն Հիսուսին հաջողվեց տոկալ։ Այդ օրը՝ ավելի ուշ՝ նախքան վերջին շունչն առնելը, այն մարդը, որը տոկունության հրաշալի օրինակ թողեց, հաղթական ձայնով բացականչեց. «Կատարվե՛ց» (Հովհաննես 19։30

3 Աստվածաշունչը հորդորում է մեզ. «Եկեք տոկունությամբ վազենք.... մինչ մեր աչքերը հառել ենք.... Հիսուսին» (Եբրայեցիներ 12։1–3)։ Ուստի մի շարք կարևոր հարցեր են առաջանում՝ որո՞նք են այն մի քանի փորձությունները, որոնց ժամանակ Հիսուսը տոկաց։ Ինչի՞ շնորհիվ նա տոկաց։ Ինչպե՞ս կարող ենք հետևել նրա օրինակին։ Նախքան այս հարցերին պատասխանելը, սակայն, եկեք տեսնենք, թե ինչ է տոկունությունը։

Ի՞նչ է տոկունությունը

4, 5. ա) Ի՞նչ է տոկունությունը։ բ) Ինչպե՞ս կարող ենք օրինակով ցույց տալ, որ տոկուն լինել չի նշանակում միայն կրել անխուսափելի դժվարություններ։

4 Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ «զանազան փորձությունների պատճառով տրտմում ենք» (1 Պետրոս 1։6)։ Իսկ կարո՞ղ ենք ասել, որ բոլոր նրանք, ովքեր անցնում են փորձությունների միջով, տոկունություն են դրսևորում։ Ո՛չ։ Հունարենից թարգմանված «տոկունություն» բառը նշանակում է «դժվարությունների ժամանակ մինչև վերջ դիմանալ և զիջումների չգնալ»։ Մի աստվածաշնչագետ բացատրում է, թե ինչ իմաստով են Աստվածաշունչ գրողները օգտագործել այս բառը. «Դա ներքին տրամադրվածություն է, որն օգնում է ոչ միայն դիմանալու դժվարություններին, այլ նաև վառ հույս պահպանելու.... Այս հատկությունը մարդուն պահում է ոտքի վրա, երբ նա քամուն հակառակ է գնում։ Այս առաքինությունը մեր ամենածանր փորձությունն անգամ կարող է վերածել փառքի, քանի որ մեր ցավի հետևում նպատակ ենք տեսնում»։

5 Փաստորեն, տոկալ չի նշանակում միայն կրել դժվարություններ, որոնք անխուսափելի են։ Աստվածաշնչում օգտագործվող «տոկունություն» բառը ենթադրում է նաև հաստատակամություն, ճիշտ մտավիճակ պահպանելու և դժվարությունների ներքո հույսը չկորցնելու կարողություն։ Քննենք մի օրինակ։ Երկու մարդ բանտում են՝ նույն պայմաններում, սակայն տարբեր պատճառներով։ Մեկը սովորական հանցագործ է և դժկամորեն է դիմանում իր ազատազրկմանը, քանի որ այլ ելք չունի։ Մյուսը ճշմարիտ քրիստոնյա է և բանտարկվել է իր հավատարմությունը պահելու համար։ Նա մնում է հաստատակամ ու դրական տրամադրվածություն է պահպանում՝ տվյալ իրավիճակը համարելով հավատ ցուցաբերելու առիթ։ Դժվար թե հանցագործին համարենք տոկունության օրինակ, մինչդեռ նվիրված քրիստոնյան հենց այդպիսի օրինակ է (Հակոբոս 1։2–4

6. Ինչպե՞ս կարող ենք տոկունություն զարգացնել։

6 Տոկունությունը շատ կարևոր է, եթե ուզում ենք փրկություն ստանալ (Մատթեոս 24։13)։ Սակայն այս հատկությամբ մենք չենք ծնվել։ Այն հարկավոր է զարգացնել։ Ինչպե՞ս։ «Նեղությունը տոկունություն է առաջ բերում»,— գրված է Հռոմեացիներ 5։3 համարում։ Այո՛, եթե իսկապես ուզում ենք տոկունություն զարգացնել, չենք կարող վախկոտությամբ շրջանցել հավատի բոլոր փորձությունները։ Հակառակը՝ պետք է դիմագրավենք դրանք։ Տոկունությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ օրեցօր բախվում ենք մեծ թե փոքր դժվարությունների և հաղթահարում դրանք։ Յուրաքանչյուր փորձություն կոփում է մեզ՝ պատրաստելով հաջորդին։ Ինչ խոսք, ինքներս ի զորու չենք տոկունություն զարգացնելու։ Մենք «ապավինում ենք Աստծու տված ուժին» (1 Պետրոս 4։11)։ Որպեսզի օգնի մեզ մնալու հաստատակամ, Եհովան երկիր ուղարկեց իր Որդուն՝ լավագույն օրինակին։ Այժմ տեսնենք, թե ինչպես Հիսուսը կատարյալ տոկունություն դրսևորեց։

Ինչերի տոկաց Հիսուսը

7, 8. Ինչերի՞ տոկաց Հիսուսը իր երկրային կյանքի վերջին ժամերին։

7 Իր երկրային կյանքի վերջում Հիսուսը դաժան և ծանր փորձությունների ենթարկվեց։ Բացի նրանից, որ հոգեկան մեծ լարվածության տակ էր իր մահվանը նախորդող գիշերը, նա նաև մեծ հիասթափություն ապրեց և ստորացուցիչ վերաբերմունքի արժանացավ։ Հիսուսին դավաճանեց իր վստահելի ընկերը, ամենամոտ ընկերները լքեցին նրան, իսկ հրեական բարձրագույն դատարանի անդամները ոչ օրինական դատ կազմակերպեցին նրա դեմ, ծաղրուծանակի ենթարկեցին, թքեցին նրա վրա և բռունցքներով հարվածեցին։ Այնուամենայնիվ, Հիսուսը տոկաց այդ բոլոր փորձությունների ժամանակ՝ պահելով իր արժանապատվությունն ու քաջությունը (Մատթեոս 26։46–49, 56, 59–68

8 Իր կյանքի վերջին ժամերին Հիսուսը սոսկալի տանջանքներ կրեց։ Նրան խարազանեցին, դաժանորեն ծեծեցին, որից հետո, ինչպես նշվում է մի բժշկական ամսագրում, «մարդու մարմնի վրա խոր պոկած վերքեր են մնում, ինչի պատճառով մեծ քանակությամբ արյուն է կորչում»։ Նրան ցցի հանեցին, որը տանում էր «դանդաղ, տանջալից ու տառապալից մահվան»։ Մի պահ պատկերացրու, թե ինչպես է Հիսուսը տանջվել, երբ նրա ձեռքերի ու ոտքերի մեջ մեծ մեխեր են խփել՝ գամելով ցցին (Հովհաննես 19։1, 16–18)։ Պատկերացրու, թե ի՜նչ աննկարագրելի ցավ է զգացել, երբ ցիցը վեր են բարձրացրել ու մարմնի ծանրության տակ մեխերի հարվածներից առաջացած վերքերը ճղվել են, իսկ վերքերով պատված մեջքը քսվել գերանին։ Սակայն Հիսուսը տոկաց բոլոր այս տանջանքների ներքո, չնայած որ մեծ ճնշման տակ էր, ինչի մասին խոսվեց այս գլխի սկզբում։

9. Ի՞նչ է նշանակում վերցնել «տանջանքի ցիցը» և հետևել Հիսուսին։

9 Որպես Քրիստոսի հետևորդներ՝ ի՞նչ փորձությունների հնարավոր է բախվենք։ Հիսուսն ասաց. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող.... վերցնի իր տանջանքի ցիցը ու շարունակ ինձ հետևի» (Մատթեոս 16։24)։ «Տանջանքի ցից» արտահայտությունը խորհրդանշում է տառապանք, ամոթ և նույնիսկ մահ։ Քրիստոսին հետևելը հեշտ չէ։ Քրիստոնեական չափանիշներով ապրելը մեզ առանձնացնում է մյուսներից։ Աշխարհը ատում է մեզ, քանի որ դրա մի մասը չենք (Հովհաննես 15։18–20; 1 Պետրոս 4։4)։ Այդուհանդերձ, մենք պատրաստ ենք վերցնելու մեր տանջանքի ցիցը, այո՛, պատրաստ ենք տանջանքներ կրելու, անգամ մահանալու, բայց ոչ ուրանալու մեր Օրինակին (2 Տիմոթեոս 3։12

10-12. ա) Ինչո՞ւ էր ուրիշների անկատարությունը տոկունության փորձություն Հիսուսի համար։ բ) Ի՞նչ իրավիճակներում Հիսուսը տոկունություն դրսևորեց։

10 Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը բազմիցս ուրիշների անկատարության պատճառով փորձությունների է ենթարկվել։ Թերևս հիշում ես, որ նա «հմուտ վարպետ» է եղել, ում միջոցով Եհովան ստեղծել է երկիրը և մնացած բոլոր բաները (Առակներ 8։22–31)։ Ուրեմն Հիսուսը իմացել է, թե ինչ նպատակով է Եհովան ստեղծել մարդկանց. նրանք պետք է արտացոլեին նրա հատկությունները և կատարյալ առողջություն վայելեին (Ծննդոց 1։26–28)։ Սակայն երբ երկիր եկավ, Հիսուսը ուրիշ աչքերով տեսավ, թե ինչ աղետալի հետևանքներ է բերել մեղքը։ Որպես մարդ՝ այժմ կարող էր զգալ, թե ինչ ապրումներ ու զգացմունքներ ունեն մարդիկ։ Ակներևաբար, ինչքա՜ն ցավալի էր նրա համար տեսնել, թե մարդիկ որքան են հեռացել կատարելությունից, մի բան, որ ունեին Ադամն ու Եվան։ Հիսուսի համար դա տոկունության փորձություն էր։ Արդյոք նա կվհատվեր ու կթողնե՞ր իր ծառայությունը՝ մտածելով, որ մեղավոր մարդիկ անհույս վիճակում են ու բանի պետք չեն։ Տեսնենք։

11 Հիսուսին այնքան էր անհանգստացնում հրեաների անտարբերությունը, որ մի անգամ նույնիսկ բոլորի առաջ արտասվեց։ Սակայն մի՞թե թույլ տվեց, որ նրանց մտավիճակը թուլացնի իր եռանդը կամ պատճառ դառնա, որ դադարի քարոզելուց։ Ո՛չ, նա «ամեն օր ուսուցանում էր տաճարում» (Ղուկաս 19։41–44, 47)։ Հիսուսը «խորապես տրտմեց» փարիսեցիների սրտերի անզգայության պատճառով, ովքեր ուշադրությամբ հետևում էին, թե արդյոք նա Շաբաթ օրը կբուժի հիվանդ մարդուն։ Արդյոք Հիսուսը թույլ տվե՞ց, որ այդ ինքնահավան մարդիկ վախեցնեն իրեն։ Իհա՛րկե ոչ։ Նա հաստատակամորեն բոլորի աչքի առաջ՝ հենց ժողովարանի կենտրոնում, բուժեց այդ մարդուն (Մարկոս 3։1–5

12 Իր մտերիմ աշակերտների թուլությունները նույնպես փորձություն էին Հիսուսի համար։ Ինչպես նշվեց 3-րդ գլխում, նրանք համառորեն ցանկանում էին դիրքի հասնել (Մատթեոս 20։20–24; Ղուկաս 9։46)։ Հիսուսը մի քանի անգամ բացատրեց, որ կարևոր է խոնարհ լինել (Մատթեոս 18։1–6; 20։25–28)։ Բայց վերջիններս անմիջապես չարձագանքեցին խորհրդին։ Անգամ Հիսուսի վերջին գիշերը նրանց միջև «մի բուռն վիճաբանություն» ծագեց, թե ով է իրենցից մեծը (Ղուկաս 22։24)։ Արդյոք Հիսուսը կտրե՞ց նրանցից իր հույսը՝ մտածելով, որ անուղղելի են։ Ո՛չ։ Նա չկորցրեց իր համբերությունն ու հույսը և դրական տրամադրվածություն պահեց՝ շարունակելով աշակերտների մեջ լավը տեսնել։ Նա գիտեր, որ իրենց սրտում նրանք սիրում են Եհովային և իսկապես ուզում են կատարել նրա կամքը (Ղուկաս 22։25–27

Թույլ կտա՞նք, որ հակառակությունը կոտրի մեր ոգին, թե՞ կշարունակենք եռանդորեն քարոզել

13. Հիսուսի նման՝ ի՞նչ փորձությունների կարող ենք բախվել։

13 Հնարավոր է, որ մենք էլ բախվենք այսպիսի փորձությունների, օրինակ՝ գուցե հանդիպենք մարդկանց, ովքեր անտարբեր են կամ հակառակվում են Թագավորության լուրին։ Թույլ կտա՞նք, որ նրանց բացասական արձագանքը կոտրի մեր ոգին, թե՞ կշարունակենք եռանդորեն քարոզել (Տիտոս 2։14)։ Նաև կարող ենք բախվել մեր քրիստոնյա եղբայրների անկատարությանը։ Անմտածված խոսքը կամ արարքը գուցե խոցի մեզ (Առակներ 12։18)։ Կմտածե՞նք, թե մեր հավատակիցները անուղղելի են ու անհույս վիճակում, թե՞ կշարունակենք համբերել նրանց՝ չկենտրոնանալով թերությունների վրա ու լավը փնտրելով նրանց մեջ (Կողոսացիներ 3։13

Ինչու Հիսուսը տոկաց

14. Ի՞նչ երկու գործոն օգնեց Հիսուսին հաստատակամ լինելու։

14 Ի՞նչը օգնեց Հիսուսին հաստատակամ լինելու և պահելու իր անարատությունը՝ չնայած վիրավորանքներին, հիասթափություններին և տանջանքներին։ Առաջին՝ նա նայում էր դեպի վեր՝ «տոկունություն.... տվող Աստծուն» (Հռոմեացիներ 15։5)։ Երկրորդ՝ Հիսուսը առաջ էր նայում՝ կենտրոնանալով այն բանի վրա, թե ինչի կառաջնորդեր տոկունությունը։ Եկեք քննենք այս երկու գործոնները մեկ առ մեկ։

15, 16. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ Հիսուսը իր ուժերին չէր վստահում։ բ) Ի՞նչ վստահություն ուներ Հիսուսը Հոր հանդեպ և ինչո՞ւ։

15 Թեև Հիսուսը Աստծու կատարյալ Որդին էր, սակայն իր ուժերին չէր վստահում։ Նա միշտ աղոթքով դիմում էր իր երկնային Հորը՝ օգնություն խնդրելով վերևից։ Պողոս առաքյալը գրում է. «[Քրիստոսը] սաստիկ աղաղակներով ու արցունքներով աղաչանքներ և խնդրանքներ մատուցեց Նրան, ով կարող էր փրկել իրեն մահից» (Եբրայեցիներ 5։7)։ Ուշադրություն դարձրու, որ նա ոչ միայն խնդրանքներ, այլև աղաչանքներ «մատուցեց»։ «Աղաչանք» բառը վերաբերում է շատ ուժգին և ջերմագին խնդրանքին, ինչը, այլ կերպ ասած, օգնության կանչ է։ Այս բառի հոգնակի թիվը ցույց է տալիս, որ Հիսուսը միայն մեկ անգամ չէ, որ աղաչել է Եհովային։ Իրականում, Գեթսեմանի պարտեզում նա շատ անգամներ է ջերմագին աղոթել Աստծուն (Մատթեոս 26։36–44

16 Հիսուսը լիովին վստահ էր, որ Հայրը կպատասխանի իր աղաչանքներին, քանի որ նա «աղոթքներ Լսող» է (Սաղմոս 65։2)։ Իր մինչմարդկային կյանքի ընթացքում անդրանիկ Որդին տեսել էր, թե ինչպես է Հայրը պատասխանում իր նվիրված ծառաների աղոթքներին։ Օրինակ՝ նա ականատես էր եղել, թե ինչպես է Եհովան, լսելով Դանիելի ջերմագին աղոթքը, անմիջապես՝ նախքան մարգարեն կավարտեր իր աղոթքը, մի հրեշտակ ուղարկել (Դանիել 9։20, 21)։ Ուրեմն մի՞թե Հայրը չէր պատասխանի իր միածին Որդուն, որը «սաստիկ աղաղակներով ու արցունքներով» իր սիրտն էր թափում Հոր առաջ։ Եհովան լսեց իր Որդու աղաչանքները և մի հրեշտակ ուղարկեց, որ զորացնի նրան՝ դիմանալու ամենածանր փորձությանը (Ղուկաս 22։43

17. Տոկուն լինելու համար ինչո՞ւ պետք է դեպի վեր նայենք և ինչպե՞ս կարող ենք դա անել։

17 Որպեսզի մենք էլ տոկուն լինենք, պետք է դեպի վեր նայենք՝ դեպի Աստված, «ով զորացնում է» (Փիլիպպեցիներ 4։13)։ Եթե Աստծու կատարյալ Որդին աղաղակեց Եհովային օգնության համար, ապա որքան ավելի մենք պետք է այդպես վարվենք։ Հիսուսի նման՝ գուցե մի քանի անգամ աղաչենք Եհովային (Մատթեոս 7։7)։ Թեպետ չենք ակնկալում, որ հրեշտակ կայցելի մեզ, բայց մի բանում կարող ենք համոզված լինել. մեր սիրառատ Աստվածը կպատասխանի իր նվիրված ծառաների խնդրանքներին, ովքեր «օր ու գիշեր հարատևում են աղաչանքների ու աղոթքների մեջ» (1 Տիմոթեոս 5։5)։ Ինչ փորձությունների էլ բախվենք՝ հիվանդության, հարազատի մահվան կամ հալածանքի, Եհովան անպայման կպատասխանի իմաստություն, քաջություն և զորություն ստանալու մասին մեր ջերմագին աղոթքներին, որպեսզի կարողանանք տոկալ (2 Կորնթացիներ 4։7–11; Հակոբոս 1։5

Եհովան կպատասխանի մեր ջերմագին աղոթքներին և կօգնի մեզ տոկալու

18. Ի՞նչ իմաստով էր Հիսուսը առաջ նայում՝ չկենտրոնանալով իր տանջանքների վրա։

18 Երկրորդ գործոնը այն էր, որ Հիսուսը առաջ էր նայում՝ կենտրոնանալով ոչ թե իր տանջանքների, այլ այն բանի վրա, թե տոկունության շնորհիվ ինչի կհասնի։ Հիսուսի մասին Աստվածաշնչում գրված է. «Իր առաջ դրված ուրախության համար նա.... տոկունությամբ տանջանքի ցիցը հանձն առավ» (Եբրայեցիներ 12։2)։ Նրա օրինակից երևում է, թե ինչպես են հույսը, ուրախությունը և տոկունությունը կապված իրար հետ։ Կարելի է այսպիսի բանաձև գրել. հույսը ուրախություն է բերում, իսկ ուրախությունը՝ տոկունություն (Հռոմեացիներ 15։13; Կողոսացիներ 1։11)։ Հիսուսը հրաշալի հեռանկար ուներ։ Նա գիտեր, որ իր հավատարմությամբ կարդարացնի Հոր գերիշխանությունը և կփրկագնի մարդկությանը մեղքի ու մահվան գերությունից։ Նա նաև հույս ուներ Թագավոր դառնալու ու որպես Քահանայապետ՝ ծառայելու և առատ օրհնություններ բերելու հնազանդ մարդկությանը (Մատթեոս 20։28; Եբրայեցիներ 7։23–26)։ Կենտրոնանալով իր ապագայի և հույսի վրա՝ Հիսուսը անսահման ուրախությամբ էր լցվում, իսկ այդ ուրախությունն իր հերթին օգնում էր նրան տոկալու։

19. Հավատի փորձությունների բախվելիս ինչպե՞ս կարող են հույսը, ուրախությունը և տոկունությունը օգնել մեզ։

19 Հիսուսի նման՝ մենք էլ պետք է պահպանենք մեր հույսը, ուրախությունը և շարունակենք տոկալ։ «Հույսով ուրախացեք»,— ասաց Պողոս առաքյալը։ Այնուհետև ավելացրեց. «Նեղությունների մեջ տոկացեք» (Հռոմեացիներ 12։12)։ Դու հավատի ուժգին փորձության մե՞ջ ես հիմա։ Այդ դեպքում անպայման առաջ նայիր։ Միշտ հիշիր, որ քո տոկունությունը փառք կբերի Եհովայի անվանը։ Կենտրոնացիր Թագավորության վառ հույսի վրա։ Մտովի պատկերացրու քեզ Աստծու գալիք նոր աշխարհում և մտածիր, թե ինչ օրհնություններ ես վայելելու Դրախտում։ Անհամբերությամբ սպասելով այն հրաշալի բաներին, որ Եհովան խոստացել է, այդ թվում նաև նրա գերիշխանության արդարացմանը, երկրի վրայից չարության վերացմանը և հիվանդությունների ու մահվան անհետացմանը՝ քո սիրտը ուրախությամբ կլցվի, ուրախությունն էլ իր հերթին կօգնի քեզ տոկալու, ինչ փորձությունների էլ, որ բախվես։ Ցանկացած նեղություն այս աշխարհում «վաղանցիկ ու թեթև» է թվում, երբ մտածում ենք, թե ինչ պետք է իրականացնի Թագավորությունը (2 Կորնթացիներ 4։17

«Սերտորեն նրա հետքերին հետևենք»

20, 21. Ի՞նչ է Եհովան ակնկալում մեզնից տոկունություն դրսևորելու առնչությամբ, և ի՞նչ պետք է վճռենք։

20 Հիսուսը գիտեր, որ հեշտ չէ լինել իր հետևորդը, որովհետև այդ ուղով ընթանալու համար տոկունություն է հարկավոր (Հովհաննես 15։20)։ Քանի որ հասկանում էր, որ իր օրինակը շատերին կզորացնի, նա պատրաստ էր առաջինը գնալու այդ ճանապարհով (Հովհաննես 16։33)։ Հիսուսը տոկունության կատարյալ օրինակ թողեց, սակայն մենք բավականին հեռացել ենք կատարելությունից։ Ի՞նչ է Եհովան ակնկալում մեզնից։ Պետրոսը բացատրում է. «Քրիստոսն էլ չարչարվեց ձեզ համար՝ օրինակ թողնելով ձեզ, որ սերտորեն նրա հետքերին հետևեք» (1 Պետրոս 2։21)։ Հիսուսը մեզ «օրինակ» թողեց, թե ինչպես հաղթահարենք փորձությունները *։ Տոկունության այն օրինակը, որ թողեց նա, կարելի է համեմատել «քայլերի», կամ՝ ոտնահետքերի հետ։ Մենք չենք կարող կատարելապես քայլել այդ հետքերով, բայց կարող ենք «սերտորեն» հետևել դրանց։

21 Եկեք ամեն ջանք ներդնենք, որ հետևենք Հիսուսի օրինակին։ Թող երբեք չմոռանանք, որ ինչքան սերտորեն հետևենք Հիսուսի հետքերին, այնքան ավելի լավ կկարողանանք տոկալ «մինչև վերջ»՝ կա՛մ մինչև այս համակարգի վերջը, կա՛մ մինչև մեր կյանքի վերջը։ Մենք չգիտենք, թե որը կլինի առաջինը, բայց կարող ենք կասկած չունենալ, որ Եհովան կվարձատրի մեզ ողջ հավիտենության ընթացքում այն բանի համար, որ տոկուն ենք եղել (Մատթեոս 24։13

^ Հունարեն բառը, որը թարգմանվում է «օրինակ», բառացի նշանակում է «արտագրության նմուշ»։ Պետրոս առաքյալը Քրիստոնեական Հունարեն Գրությունները գրողներից միակն է, որն օգտագործում է այս բառը։ Այն կարող է նաև նշանակել «ճիշտ ու գեղեցիկ գրելաձևի նմուշ երեխայի տետրում, որը նա պետք է հնարավորինս ճշգրտորեն արտագրի»։