Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 3

Ես «սրտով խոնարհ եմ»

Ես «սրտով խոնարհ եմ»

«Ահա քո թագավորը քեզ մոտ է գալիս»

1–3. Ինչպե՞ս Հիսուսը մտավ Երուսաղեմ, և ինչո՞ւ բազմության միջից ոմանք զարմացան։

 ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ անսովոր աշխուժություն է. հայտնի մարդ է գալիս։ Քաղաքից դուրս՝ ճանապարհին, հավաքվում են մարդիկ։ Նրանք անհամբերությամբ սպասում են այդ մարդուն, քանի որ լուրեր են պտտվում, թե նա Դավիթ թագավորի ժառանգն է և Իսրայելի օրինական Ղեկավարը։ Ոմանք արմավենու ճյուղեր են վերցնում, որ ողջունեն նրան, մյուսներն էլ իրենց վերնահագուստներն են փռում ճանապարհին ու ծառերի ճյուղեր տարածում, որ նա հարթ ճամփով անցնի (Մատթեոս 21։7, 8; Հովհաննես 12։12, 13)։ Շատերին հետաքրքիր է, թե ինչպիսի շուքով է նա մտնելու քաղաք։

2 Ոմանք թերևս մի տպավորիչ տեսարան են ակնկալում։ Նրանք, անշուշտ, լսել են հայտնի մարդկանց վեհաշուք երթերի մասին։ Օրինակ՝ երբ Դավթի որդի Աբիսողոմը ինքն իրեն թագավոր հռչակեց, կարգադրեց, որ 50 մարդ վազի իր կառքի առջևից (2 Սամուել 15։1, 10)։ Իսկ հռոմեացի ղեկավար Հուլիոս Կեսարը ավելի ճոխ երթեր էր կազմակերպում։ Մի անգամ նա առաջնորդեց հաղթական երթը, որն ուղևորվում էր Կապիտոլիում 40 փղերով, որոնք վառվող ճրագներ էին տանում։ Այժմ, սակայն, Երուսաղեմի բնակիչները սպասում են շատ ավելի մեծ մարդու։ Հասկանում են նրանք, թե ոչ, բայց նա Մեսիան է՝ երբևէ ապրած մեծագույն մարդը։ Սակայն երբ ապագա Թագավորը մտնում է քաղաք, ոմանք շատ զարմանում են։

3 Նրանք չեն տեսնում ո՛չ կառք, ո՛չ Հիսուսի առջևից վազող մարդիկ, ո՛չ ձիեր և ո՛չ էլ փղեր։ Հիսուսը գալիս է էշի՝ սովորական բեռնակիր կենդանու վրա նստած *։ Նա շքեղ հագուստներ չի հագել, էշն էլ զարդարված չէ։ Թանկարժեք թամբի փոխարեն՝ կենդանու վրա հագուստներ են, որոնք դրել են Հիսուսի մտերիմ աշակերտները։ Ինչո՞ւ Հիսուսը որոշեց Երուսաղեմ մտնել համեստ կերպով, մինչդեռ ավելի քիչ հայտնի մարդիկ ձգտել են ճոխ ու վեհաշուք հանդիսություններ կազմակերպել։

4. Աստվածաշնչում ի՞նչ էր կանխագուշակված այն մասին, թե ինչպես պետք է Մեսիական Թագավորը մտներ Երուսաղեմ։

4 Հիսուսը այդպիսով իրականացնում է մի մարգարեություն. «Մեծապես ուրախացի՛ր.... Ցնծությամբ բացականչի՛ր, ո՛վ Երուսաղեմի դուստր։ Ահա քո թագավորը քեզ մոտ է գալիս։ Նա արդար է և հաղթանակած, խոնարհ է և գալիս է էշ հեծած» (Զաքարիա 9։9)։ Այս մարգարեությունը ցույց է տալիս, որ Աստծու Օծյալը՝ Մեսիան, մի օր ներկայանալու էր Երուսաղեմի ժողովրդին որպես Աստծու կողմից նշանակված Թագավոր։ Հետագայում այն, թե ինչպես Հիսուսը ներկայացավ և ինչ կենդանու վրա նստած, ցույց տվեց, թե ինչ գեղեցիկ հատկություն ունի՝ խոնարհություն։

5. Ինչո՞ւ է Հիսուսի խոնարհությունը տպավորիչ, և ինչո՞ւ է կարևոր, որ սովորենք ընդօրինակել նրան այս հարցում։

5 Հիսուսի խոնարհության, ինչպեսև մյուս հատկությունների մասին խորհրդածելիս անչափ տպավորվում ենք։ Նախորդ գլխից իմացանք, որ Հիսուսն է «ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14։6)։ Ինչ խոսք, ոչ մի մարդ այնքան ազդեցիկ ու կարևոր չի եղել, որքան Աստծու Որդին։ Սակայն ի տարբերություն անկատար մարդկանց՝ նա երբեք հպարտություն, մեծամտություն կամ սնապարծություն չի դրսևորել։ Հիսուսի հետևորդ լինելու համար պետք է պայքարենք հպարտության հակումի դեմ (Հակոբոս 4։6)։ Հիշիր, Եհովան ատում է մեծամտությունը։ Այդ պատճառով կարևոր է, որ սովորենք ընդօրինակել Հիսուսի խոնարհությունը։

Խոնարհ՝ դեռ հնուց

6. Ի՞նչ է խոնարհությունը, և ինչո՞ւ էր Եհովան համոզված, որ Մեսիան խոնարհ է լինելու։

6 Խոնարհությունը խոնարհամտություն է, որը բացառում է մեծամտությունն ու հպարտությունը։ Այս հատկությունը բխում է սրտից և արտացոլվում է մեր խոսքի, վարքի և ուրիշների հետ ունեցած փոխհարաբերությունների մեջ։ Ինչո՞ւ էր Եհովան համոզված, որ Մեսիան խոնարհ է լինելու։ Նա գիտեր, որ իր Որդին կատարելապես արտացոլում է իր խոնարհությունը (Հովհաննես 10։15)։ Բացի այդ, տեսել էր, թե ինչպես է Հիսուսը դրսևորում այդ հատկությունը։ Իսկ ինչպե՞ս։

7–9. ա) Սատանայի հետ ունեցած վեճի ժամանակ Միքայելը ինչպե՞ս խոնարհություն դրսևորեց։ բ) Ինչպե՞ս կարող են քրիստոնյաները ընդօրինակել Միքայելին այս հարցում։

7 «Հուդա» գրքում մի հրաշալի օրինակ է բերված. «Նույնիսկ Միքայել հրեշտակապետը, երբ վիճում էր Բանսարկուի հետ Մովսեսի մարմնի համար, չհանդգնեց անարգական խոսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Թող Եհո՛վան քեզ սաստի»» (Հուդա 9)։ Միքայելը Հիսուսի անունն է, որը նա կրում էր նախքան երկիր գալը և կրում է երկինք համբարձվելուց հետո։ Այս անունը բնորոշում է նրա դերը որպես հրեշտակապետ՝ Եհովայի երկնային հրեշտակների հզոր բանակի առաջնորդ * (1 Թեսաղոնիկեցիներ 4։16)։ Ուշադրություն դարձնենք, թե ինչպես Միքայելը վարվեց, երբ Սատանան վեճի բռնվեց իր հետ։

8 «Հուդա» գրքի արձանագրությունը չի տեղեկացնում մեզ, թե ինչ էր ուզում անել Սատանան Մովսեսի մարմինը, բայց կարող ենք վստահ լինել, որ Բանսարկուն ինչ-որ նենգ մտադրություն ուներ։ Թերևս նա ցանկանում էր այդ հավատարիմ մարդու դիակը օգտագործել կեղծ երկրպագություն տարածելու համար։ Դեմ գնալով Սատանայի նենգ ծրագրերին՝ Միքայելը կատարյալ ինքնատիրապետում դրսևորեց։ Իհարկե, Սատանան արժանի էր դատապարտության, սակայն Միքայելը, որին այդ ժամանակ դեռ չէր տրվել «ամեն դատ», գիտեր, որ միմիայն Եհովա Աստված կարող է դատել նրան (Հովհաննես 5։22)։ Որպես հրեշտակապետ՝ նա մեծ զորություն ուներ, բայց խոնարհաբար ամեն բան հանձնեց Եհովայի ձեռքը և անգամ չփորձեց չարաշահել իր լիազորությունները։ Նա նաև համեստություն դրսևորեց, այսինքն՝ գիտակցեց իր հնարավորությունների սահմանափակ լինելը։

9 Պատահական չէ, որ Հուդա աշակերտը գրի է առել այս մասին։ Բանն այն է, որ Հուդայի օրերում ապրող որոշ քրիստոնյաներ խոնարհ չէին։ Նրանք մեծամտաբար «անարգանքով էին խոսում այն ամենի մասին, որ իրականում չէին հասկանում» (Հուդա 10)։ Իրոք, անկատար մարդիկ հեշտությամբ կարող են թույլ տալ, որ իրենց մեջ հպարտությունը գլուխ բարձրացնի։ Ինչպե՞ս ենք արձագանքում, երբ չենք հասկանում, թե ինչու է ժողովում ինչ-որ բան այսպես կամ այնպես արվում, օրինակ՝ թե ինչու է երեցների խորհուրդը այդ որոշումը կայացրել։ Եթե քննադատական խոսքեր ենք ասում կամ դժգոհություն արտահայտում՝ տեղյակ չլինելով բոլոր փաստերին, ապա մի՞թե ցույց չենք տալիս, որ խոնարհության պակաս ունենք։ Եկեք ուրեմն ընդօրինակենք Միքայելին և չդատենք, քանի որ այդ իրավունքը Աստված մեզ չի տվել։

10, 11. ա) Ինչո՞ւ է տպավորում մեզ այն, որ Աստծու Որդին պատրաստակամորեն եկավ երկիր։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսի խոնարհությունը։

10 Աստծու Որդին խոնարհություն դրսևորեց նաև այն ժամանակ, երբ համաձայնվեց երկիր գալ։ Միայն պատկերացրու, թե ինչեր թողեց հետևում։ Նա հրեշտակապետ էր։ Նաև «Խոսքը»՝ Եհովայի Խոսնակը (Հովհաննես 1։1–3)։ Ավելին, բնակվում էր երկնքում՝ Եհովայի «սրբության ու գեղեցկության վեհաշուք բնակատեղիում» (Եսայիա 63։15)։ Այդուհանդերձ, Որդին «զրկեց իրեն ամեն ինչից, ծառայի կերպարանք ընդունեց և դարձավ մարդկանց նման» (Փիլիպպեցիներ 2։7)։ Իսկ այժմ պատկերացրու, թե ինչ էր սպասում նրան երկրի վրա։ Հիսուսի կյանքը փոխադրվեց հրեա մի կույսի արգանդ, և ինը ամսից ծնվեց անօգնական մի մանկիկ, որը պետք է մեծանար աղքատ ատաղձագործի ընտանիքում։ Ժամանակի ընթացքում նա պետք է սովորեր չոչ անել, քայլել, խոսել, հետո դառնար պատանի։ Ու թեև Հիսուսը կատարյալ էր, բայց միշտ հնազանդվում էր իր անկատար ծնողներին (Ղուկաս 2։40, 51, 52)։ Իսկապես, Հիսուսը արտասովոր խոնարհություն դրսևորեց։

11 Կարո՞ղ ենք ընդօրինակել Հիսուսին՝ պատրաստակամորեն կատարելով այն հանձնարարությունները, որոնք գուցե այնքան էլ պատվավոր չթվան մեզ։ Օրինակ՝ հնարավոր է, որ բարի լուրը քարոզելը անպատվաբեր համարենք, երբ մարդիկ ծաղրեն, անտարբերությամբ ու թշնամանքով վերաբերվեն մեզ (Մատթեոս 28։19, 20)։ Սակայն եթե տոկունություն դրսևորենք այս գործում, կարող ենք կյանքեր փրկել։ Անկախ ամեն ինչից՝ մենք կարող ենք սովորել խոնարհ լինել ու հետևել մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հետքերին։

Խոնարհ՝ որպես մարդ

12-14. ա) Ինչպե՞ս էր Հիսուսը խոնարհություն դրսևորում, երբ մարդիկ գովաբանում էին նրան։ բ) Ինչպե՞ս էր Հիսուսը խոնարհություն դրսևորում մարդկանց հանդեպ։ գ) Ի՞նչն է ցույց տալիս, որ Հիսուսի խոնարհությունը ցուցադրական չէր կամ պարզապես լավ վարվելաձևի դրսևորում։

12 Իր երկրային կյանքի ողջ ընթացքում Հիսուսը խոնարհություն էր դրսևորում։ Նա միշտ փառքն ու պատիվը իր Հորն էր տալիս։ Մարդիկ հաճախ էին հիացմունքով լցվում՝ տեսնելով նրա իմաստությունը, բարությունը և հրաշքներ գործելու զորությունը։ Բայց Հիսուսը ամբողջ փառքը վերագրում էր Հորը, ոչ թե իրեն (Մարկոս 10։17, 18; Հովհաննես 7։15, 16

13 Հիսուսը նաև խոնարհություն էր դրսևորում մարդկանց հանդեպ։ Նա ասում էր, որ եկել է ուրիշներին ծառայելու համար և ոչ թե, որ իրեն ծառայեն (Մատթեոս 20։28)։ Նա մեղմ էր ու ողջամիտ։ Երբ աշակերտները հիասթափեցնում էին նրան, չէր քննադատում, փորձում էր հասնել նրանց սրտին (Մատթեոս 26։39–41)։ Իսկ մի անգամ, երբ Հիսուսը հանգստանալու համար առանձնացել էր, մի մեծ բազմություն խմբվեց նրա շուրջ։ Բայց նա չվրդովվեց, հակառակը՝ իր հանգիստը զոհեց ու «շատ բաներ» սովորեցրեց այդ մարդկանց (Մարկոս 6։30–34)։ Մի ուրիշ դեպքում էլ ոչ իսրայելացի մի կին աղաչեց Հիսուսին բուժել իր աղջկան։ Սկզբում նա ցույց տվեց, որ չի ուզում բուժել։ Բայց կինը շարունակեց աղաչել։ Այդուհանդերձ, Հիսուսը բարկացած չմերժեց նրան։ Տեսնելով կնոջ մեծ հավատը՝ զիջեց ու կատարեց նրա ցանկությունը, ինչպես կտեսնենք 14-րդ գլխում (Մատթեոս 15։22–28

14 Հիսուսը միշտ ապրել է իր խոսքերի համաձայն. «Հեզ եմ ու սրտով խոնարհ» (Մատթեոս 11։29)։ Նրա խոնարհությունը արտաքին, ցուցադրական հատկություն չէր կամ պարզապես լավ վարվելաձև։ Այն իր սրտից էր բխում և արտացոլում էր իր էությունը։ Այդ պատճառով Հիսուսը մեծ ուշադրություն էր դարձնում աշակերտներին խոնարհություն սովորեցնելուն։

Սովորեցնում էր խոնարհություն

15, 16. Ըստ Հիսուսի՝ ի՞նչ տարբերություն պետք է լիներ այս աշխարհի իշխանների և իր հետևորդների դրսևորած վերաբերմունքի միջև։

15 Հիսուսի առաքյալներին ժամանակ էր հարկավոր խոնարհություն զարգացնելու համար։ Սակայն Հիսուսը համբերատար էր և ջանքեր չէր խնայում նրանց անընդհատ խոնարհություն սովորեցնելու։ Մի անգամ Հակոբոսն ու Հովհաննեսը իրենց մոր միջոցով խնդրեցին նրան, որ խոստանա բարձր դիրք տալ Աստծու Թագավորության մեջ։ Հիսուսը համեստորեն պատասխանեց. «Իմ աջ ու ձախ կողմը նստելը ես չէ, որ տալիս եմ։ Այդ տեղերը նրանցն են, ում համար պատրաստել է իմ Հայրը»։ Լսելով այդ մասին՝ մյուս տասը առաքյալները «վրդովվեցին» Հակոբոսի ու Հովհաննեսի վրա (Մատթեոս 20։20–24)։ Ինչպե՞ս Հիսուսը լուծեց այս խնդիրը։

16 Նա մեղմորեն հանդիմանեց բոլորին. «Դուք գիտեք, որ ազգերի իշխանները տիրում են ժողովրդի վրա, և մեծամեծները իշխանություն են բանեցնում նրանց վրա։ Ձեր մեջ չպետք է այդպես լինի. այլ ով ուզում է մեծ լինել ձեր մեջ, պիտի ձեր սպասավորը լինի, և ով ուզում է առաջինը լինել ձեր մեջ, պիտի ձեր ծառան լինի» (Մատթեոս 20։25–27)։ Հավանաբար, առաքյալները տեսել էին, թե որքան հպարտ, փառասեր ու եսասեր էին «ազգերի իշխանները»։ Հիսուսը ցույց տվեց, որ իր հետևորդները պետք է տարբերվեն այդ իշխանատենչ բռնապետներից։ Նրանք պետք է խոնարհ լինեն։ Հասկացա՞ն արդյոք առաքյալները դա։

17-19. ա) Իր մահվանը նախորդող գիշերը խոնարհության վերաբերյալ ի՞նչ անմոռանալի դաս սովորեցրեց Հիսուսը։ բ) Ո՞րն էր խոնարհության վերաբերյալ ամենաազդեցիկ դասը, որ Հիսուսը տվեց, երբ երկրի վրա էր։

17 Առաքյալների համար խոնարհության դասը յուրացնելը հեշտ չէր։ Առաջին ու վերջին անգամը չէր, որ Հիսուսը խոնարհություն էր նրանց սովորեցնում։ Ավելի վաղ, երբ նրանք վիճում էին, թե ով է իրենցից մեծ, Հիսուսը նրանց մեջ մի երեխայի կանգնեցրեց ու ասաց, որ փոքր երեխաների պես լինեն, որոնք, ի տարբերություն չափահաս մարդկանց, հպարտ ու փառասեր չեն և ուշադրություն չեն դարձնում դիրքին ու կոչմանը (Մատթեոս 18։1–4)։ Այդուհանդերձ, իր մահվանը նախորդող գիշերը նա նկատեց, որ առաքյալների սրտում դեռ հպարտանալու հակում կա։ Հիսուսը մի դաս սովորեցրեց առաքյալներին, որը նրանք երբեք չմոռացան։ Նա մեջքին կապեց սրբիչը, որ կատարի ամենացածր գործը, մի բան, որ սովորաբար տան ծառաներն էին անում հյուրերի համար։ Հիսուսը լվաց յուրաքանչյուր առաքյալի, այդ թվում նաև Հուդայի ոտքերը, որը շուտով դավաճանելու էր իրեն (Հովհաննես 13։1–11

18 Հիսուսը բացատրեց այդ դասի նշանակությունը՝ ասելով. «Ես ձեզ օրինակ թողեցի» (Հովհաննես 13։15)։ Հասա՞վ արդյոք այն նրանց սրտին։ Ավելի ուշ՝ այդ գիշեր, առաքյալների միջև նորից վեճ ծագեց, թե ով է իրենցից մեծ (Ղուկաս 22։24–27)։ Հիսուսը շարունակեց համբերատարություն դրսևորել և կրկին խոնարհաբար սովորեցնել նրանց։ Շատ չանցած՝ նա ամենաազդեցիկ դասը տվեց. «Խոնարհեցրեց իրեն և հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ մահ տանջանքի ցցի վրա» (Փիլիպպեցիներ 2։8)։ Հիսուսը պատրաստակամորեն հնազանդ եղավ մինչև ստորացուցիչ մահ, անարդարացիորեն մեղադրվեց որպես հանցագործ ու Աստծուն հայհոյող։ Իսկապես, Աստծու Որդին մեծագույն մարդն էր, քանի որ Եհովայի ողջ ստեղծագործության մեջ հենց նրանում էր կատարելապես ու առավելագույն կերպով արտացոլվում Աստծու խոնարհությունը։

19 Հավանաբար խոնարհության վերաբերյալ հենց այս վերջին դասը, որ սովորեցրեց Հիսուսը, երբ երկրի վրա էր, անջնջելիորեն դաջվեց առաքյալների սրտերում։ Աստվածաշնչից տեսնում ենք, որ տարիներ, անգամ տասնամյակներ անց նրանք շարունակում էին խոնարհաբար կատարել իրենց ծառայությունը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։

Կհետևե՞ս Հիսուսի օրինակին

20. Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե արդյոք սրտով խոնարհ ենք։

20 Պողոսը հորդորում է յուրաքանչյուրիս. «Ունեցեք նույնպիսի մտածելակերպ, ինչպիսին որ Քրիստոս Հիսուսն ուներ» (Փիլիպպեցիներ 2։5)։ Հիսուսի պես՝ մենք պետք է սրտով խոնարհ լինենք։ Իսկ ինչպե՞ս իմանանք, թե արդյոք մեր սիրտը խոնարհ է։ Պողոսը հիշեցնում է, որ պետք է «ոչինչ չանենք՝ կռվասիրությունից կամ սնապարծությունից դրդված, այլ խոնարհամտությամբ ուրիշներին մեզանից ավելի բարձր համարենք» (Փիլիպպեցիներ 2։3)։ Ուստի խոնարհ ենք, թե ոչ, կախված է այն բանից, թե ինչ վերաբերմունք ունենք ուրիշների հանդեպ։ Մենք պետք է նրանց մեզանից բարձր և ավելի կարևոր համարենք։ Կհետևե՞ս այս խորհրդին։

21, 22. ա) Ինչո՞ւ պետք է քրիստոնյա երեցները խոնարհ լինեն։ բ) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գոտևորվել ենք խոնարհամտությամբ։

21 Հիսուսի մահից երկար տարիներ էին անցել, բայց Պետրոս առաքյալը դեռ չէր մոռացել խոնարհության կարևորությունը։ Նա քրիստոնյա վերակացուներին սովորեցրեց խոնարհաբար կատարել իրենց պատասխանատվությունները և երբեք չտիրապետել Եհովայի գառնուկների վրա (1 Պետրոս 5։2, 3)։ Իշխանություն և պատասխանատվություններ ունենալը իրավունք չի տալիս հպարտանալու։ Ընդհակառակը՝ որքան շատ պատասխանատվություններ ունի անհատը, այնքան ավելի շատ պետք է անկեղծորեն խոնարհություն դրսևորի (Ղուկաս 12։48)։ Ինչ խոսք, այս հատկությունը պետք է ունենան ոչ միայն երեցները, այլև բոլոր քրիստոնյաները։

22 Պետրոսը երբեք չէր մոռանում այն գիշերը, երբ Հիսուսը, չնայած իր առարկություններին, լվաց իր ոտքերը (Հովհաննես 13։6–10)։ Նա գրեց քրիստոնյաներին. «Բոլորդ միմյանց հանդեպ խոնարհամտություն դրսևորեք [բառացի՝ «խոնարհամտությամբ գոտևորվեք»]» (1 Պետրոս 5։5, ծնթ.)։ «Գոտևորվել» բառը հիշեցնում է այն ծառայի կերպարը, որը գոգնոցը կապում է, որ ցածրակարգ գործ անի։ Այդ բառը հիշեցնում է մեզ նաև այն մասին, թե ինչպես Հիսուսը սրբիչը կապեց իր մեջքին և կռացած լվաց աշակերտների ոտքերը։ Եթե հետևում ենք Քրիստոսին, ապա մի՞թե Աստծուց ստացած որևէ հանձնարարություն մեր արժանապատվությունից ցածր կհամարենք։ Մեր սրտի խոնարհությունը պետք է տեսանելի լինի բոլորին, ասես դա կապել ենք մեր գոտկատեղին։

23, 24. ա) Ինչո՞ւ պետք է պայքարենք մեծամտության հակումի դեմ։ բ) Հաջորդ գլխում խոնարհության վերաբերյալ ո՞ր սխալ կարծիքի մասին կխոսվի։

23 Հպարտությունը նման է թույնի։ Արդյունքը աղետաբեր է։ Անգամ ամենահմուտ ու տաղանդավոր մարդը այս հատկության պատճառով կարող է անպետք դառնալ Աստծու աչքում։ Մինչդեռ խոնարհությունը, հակառակը, բարձրացնում է մարդուն, և անգամ ոչ մի բանով աչքի չընկնող անհատը այդ հատկության շնորհիվ կարող է շատ արժեքավոր դառնալ Եհովայի համար։ Եթե ամեն օր մեր մեջ զարգացնենք այս անգին հատկությունը՝ ջանք թափելով խոնարհաբար քայլել Քրիստոսի հետքերով, ապա մեր վարձատրությունը մեծ կլինի։ Պետրոսը գրեց. «Խոնարհվեք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա բարձրացնի ձեզ» (1 Պետրոս 5։6)։ Եհովան բարձրացրեց Հիսուսին այն բանի համար, որ նա կատարելապես խոնարհեցրեց իրեն։ Մեր հրաշալի Աստվածը քեզ նույնպես ուզում է վարձատրել։

24 Ցավոք, ոմանք կարծում են, թե խոնարհությունը թուլության նշան է։ Հիսուսի օրինակը ցույց է տալիս, որ այդ կարծիքը սխալ է, քանի որ, լինելով ամենախոնարհ անձնավորությունը, նա միևնույն ժամանակ ամենաքաջ մարդն էր։ Հաջորդ գլխում կխոսենք այդ մասին։

^ Մի աշխատության մեջ, որում խոսվում է այս իրադարձության մասին, նշվում է, որ այդ կենդանիները «ոչ պահանջկոտ, հասարակ արարածներ են»։ Նաև ավելացվում է. «Նրանք դանդաղաշարժ են, համառ, այդքան էլ գեղեցիկ չեն, և նրանց սովորաբար պահում են աղքատ մարդիկ»։

^ Լրացուցիչ տեղեկություններ այն մասին, որ Միքայելը Հիսուսն է, կարդա՛ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 218, 219 էջերում տեղ գտած հավելվածում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։