Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտությունը և «Ծննդոց» գիրքը

Գիտությունը և «Ծննդոց» գիրքը

Շատերը պնդում են, որ գիտությունը հերքում է արարչագործության մասին «Ծննդոց» գրքի արձանագրությունը։ Սակայն հակասությունն իրականում ոչ թե գիտության և Աստվածաշնչի միջև է, այլ գիտության և քրիստոնյա ֆունդամենտալիստների տեսակետների։ Ֆունդամենտալիստական խմբերից մի քանիսը առանց հիմնավոր փաստերի պնդում են, թե ըստ Աստվածաշնչի՝ բոլոր ֆիզիկական ստեղծագործություններն առաջ են եկել մոտավորապես 10 000 տարի առաջ՝ վեց օրերի ընթացքում, որոնցից յուրաքանչյուրը բառացի 24 ժամ տևողություն է ունեցել։

Սակայն Աստվածաշունչը նման բան չի սովորեցնում, այլապես անցած հարյուր տարիների շատ գիտական հայտնագործություններ կասկածի կենթարկեին այդ գրքի ճշգրտությունը։ Ընդհակառակը՝ Աստվածաշնչի մանրազնին ուսումնասիրությունը բացահայտում է, որ ոչ մի հակասություն չկա Սուրբ գրքի և գիտական փաստերի միջև։ Դա է պատճառը, որ Եհովայի վկաները համաձայն չեն քրիստոնյա ֆունդամենտալիստների և շատ կրեացիոնիստների հետ։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ է իրականում սովորեցնում Աստվածաշունչը։

«Ծննդոց» գիրքը չի սովորեցնում, որ Երկիր մոլորակը և տիեզերքը ստեղծվել են մոտ 10 000 տարի առաջ՝ 24 ժամ տևողություն ունեցող 6 օրերի ընթացքում

Ե՞րբ էր «սկիզբը»

Աստվածաշնչի «Ծննդոց» գրքի արձանագրությունը սկսվում է պարզ, սակայն ազդեցիկ խոսքերով. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1։1)։ Աստվածաշնչագետներից շատերը համաձայն են, որ սուրբգրային այս համարը նկարագրում է մի գործողություն, որը կապ չունի արարչագործական օրերի հետ։ Այդ «օրերի» մասին խոսվում է երրորդ համարից սկսած։ Իմաստն ակնհայտ է։ Աստվածաշնչի առաջին խոսքերի համաձայն՝ տիեզերքը, այդ թվում Երկիր մոլորակը գոյություն է ունեցել արարչագործական օրերը սկսվելուց շատ առաջ։

Երկրաբանները հաշվարկել են, որ Երկիրը գոյություն ունի 4 միլիարդ տարի, իսկ ըստ աստղագետների՝ տիեզերքը գոյություն ունի 15 միլիարդ տարի։ Արդյոք այս հաշվարկները կամ հետագա հնարավոր ճշգրտումները Երկիր մոլորակի և տիեզերքի գոյության մասին հակասո՞ւմ են Ծննդոց 1։1–ի խոսքերին։ Ո՛չ։ Աստվածաշունչը կոնկրետ չի նշում, թե որքան տարի գոյություն ունեն «երկինքն ու երկիրը»։ Ուստի գիտության և Աստվածաշնչի միջև հակասություններ չկան։

Որքա՞ն են տևել արարչագործական օրերը

Արդյո՞ք այդ օրերից յուրաքանչյուրը բառացի 24 ժամ է տևել։ Ոմանք այդպես են մտածում, քանի որ հիմնվում են Ելք 20։11 համարի վրա։ Այս համարում նշվում է, որ Մովսեսը (նա է գրել «Ծննդոց» գիրքը) պատվիրեց պահել Շաբաթը և որպես օրինակ բերեց վեց արարչագործական օրերին հաջորդող յոթերորդ օրը։ Բայց արդյոք «Ծննդոց» գիրքը թիկունք կանգնո՞ւմ է այս տեսակետին։ Ո՛չ։

Փաստն այն է, որ եբրայերեն «օր» բառը կարող է նշանակել նաև տարբեր տևողություն ունեցող ժամանակահատվածներ և ոչ թե միայն բառացի 24 ժամ։ Օրինակ՝ ավարտելով արարչագործության պատմությունը՝ Մովսեսը բոլոր վեց օրերի մասին խոսեց որպես մեկ օրվա (Ծննդոց 2։4)։ Իսկ երբ նկարագրում էր, թե ինչպես լույսը բաժանվեց խավարից, նա օր կամ ցերեկ կոչեց 24 ժամվա միայն մի մասը (Ծննդոց 1։3–5)։ Փաստորեն, Սուրբ գիրքը հիմք չի տալիս մտածելու, որ յուրաքանչյուր արարչագործական օր տևել է 24 ժամ։

Այդ դեպքում որքա՞ն են տևել արարչագործական օրերը։ Աստվածաշունչը ոչինչ չի ասում։ Սակայն «Ծննդոց» գրքի առաջին և երկրորդ գլուխներում գործածված բառերը ցույց են տալիս, որ խոսքը ավելի մեծ ժամանակահատվածի մասին է։

Արարչագործական վեց փուլեր

Մովսեսը իր արձանագրությունը գրել է եբրայերենով և իրադարձությունները նկարագրել է երկրի վրա գտնվողի տեսանկյունից։ Եթե հաշվի առնենք այս երկու փաստերը, ինչպես նաև այն, որ տիեզերքը գոյություն է ունեցել արարչագործական օրերից առաջ, կկարողանանք պատասխանել շատ վիճելի հարցերի՝ կապված արարչագործության մասին Աստվածաշնչի արձանագրության հետ։ Ինչպե՞ս։

Մեկ «օրվա» ընթացքում սկսված գործողությունները շարունակվել են հաջորդ մեկ կամ մի քանի «օրերի» ընթացքում

«Ծննդոց» գրքի արձանագրության մանրազնին ուսումնասիրությունը բացահայտում է, որ մեկ «օրվա» ընթացքում սկսված գործողությունները շարունակվել են հաջորդ մեկ կամ մի քանի «օրերի» ընթացքում։ Օրինակ՝ նախքան արարչագործական առաջին օրը, ամպերի հաստ շերտը խոչընդոտել է, որ լույսը արդեն գոյություն ունեցող արևից հասնի երկրի մակերևույթ (Հոբ 38։9)։ Առաջին օրվա ընթացքում այդ շերտը սկսել է բարակել, և լույսը աստիճանաբար ներթափանցել է մթնոլորտ a։

Երկրորդ օրը մթնոլորտը շարունակել է մաքրվել՝ հաստ շերտ ունեցող ամպերի և օվկիանոսի միջև ստեղծելով լայն տարածություն։ Իսկ չորրորդ օրը մթնոլորտն այնքան է պարզվել, որ արևն ու լուսինը տեսանելի են դարձել «երկնքի տարածությունում» (Ծննդոց 1։14–16)։ Այսինքն՝ արևը և լուսինը տեսանելի են դարձել երկրից։ Այս ամենը տեղի է ունեցել աստիճանաբար։

«Ծննդոց» գրքի արձանագրությունը նաև ցույց է տալիս, որ մինչ մթնոլորտը շարունակել է պարզվել, հինգերորդ օրը ստեղծվել են «թռչունները» («թռչուններ» թարգմանված եբրայերեն բառը մատնանշում է նաև թռչող միջատներին և թաղանթաթևավորներին)։

Ի՞նչ եզրահանգման ենք գալիս։ Աստվածաշնչի լեզուն թույլ է տալիս ենթադրել, որ արարչագործական փուլի ընթացքում ստեղծագործությունների մեծ մասը աստիճանաբար է առաջ եկել և ոչ թե անմիջապես՝ շատ կարճ ժամանակահատվածում, իսկ որոշ բաներ էլ հավանաբար ստեղծվել են արարչագործական մի քանի օրերի ընթացքում b։

Ըստ իրենց տեսակների

Արդյոք բույսերի և կենդանիների աստիճանաբար ի հայտ գալը նշանակո՞ւմ է, որ Աստված էվոլյուցիայի միջոցով է ստեղծել կենդանի արարածների մեծ բազմազանությունը։ Ո՛չ։ «Ծննդոց» գրքի արձանագրությունը պարզ ցույց է տալիս, որ Աստված ինքը ստեղծեց բույսերի ու կենդանիների բոլոր հիմնական տեսակները (Ծննդոց 1։11, 12, 20–25)։ Արդյո՞ք այս սկզբնական «տեսակի» բույսերն ու կենդանիները նախագծված էին այնպես, որ հարմարվեն միջավայրի փոփոխվող պայմաններին։ Ի՞նչն է որոշում «տեսակի» սահմանը։ Աստվածաշունչը այս հարցերի մասին չի խոսում։ Սակայն այն շեշտում է, որ կենդանի արարածները առաջ եկան «ըստ իրենց տեսակների» (Ծննդոց 1։21)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ «տեսակների» մեջ մտնող բազմազանությունը սահմանափակ է։ Թե՛ հնէաբանական պեղումները, թե՛ ժամանակակից հետազոտությունները թիկունք են կանգնում այն մտքին, որ բույսերի և կենդանիների հիմնական տեսակները անսահման ժամանակահատվածում չնչին փոփոխության են ենթարկվել։

Հետազոտությունները հաստատում են, որ կենդանի օրգանիզմները սերունդ են առաջ բերում «ըստ իրենց տեսակների»

«Ծննդոց» գիրքը չի սովորեցնում, որ տիեզերքը, այդ թվում նաև երկրագունդը և նրա վրա ապրող կենդանի արարածները ստեղծվել են կարճ ժամանակահատվածում և համեմատաբար ոչ հեռու անցյալում, ինչպես որ պնդում են որոշ քրիստոնյա ֆունդամենտալիստներ։ Ավելին, «Ծննդոց» գրքի արձանագրությունն այն մասին, թե ինչպես է ստեղծվել տիեզերքը և թե ինչպես է կյանքն առաջացել, ներդաշնակ է վերջին տարիների գիտական հայտնագործություններին։

Շատ գիտնականներ, հիմնվելով սեփական տեսակետների կամ ուրիշ գիտնականների կարծիքների վրա, մերժում են Աստվածաշնչի այն պնդումը, որ Աստված է ստեղծել բոլոր բաները։ Սակայն «Ծննդոց» գրքում Մովսեսը գրել է, որ տիեզերքը սկիզբ է ունեցել և կյանքը առաջ է եկել աստիճանաբար՝ կոնկրետ ժամանակահատվածների ընթացքում։ Ինչպե՞ս կարող էր 3 500 տարի առաջ Մովսեսը իմանալ գիտականորեն ճշգրիտ այս տեղեկությունը։ Գոյություն ունի մեկ տրամաբանական բացատրություն։ Միայն այն Անձնավորությունը, որը երկինքն ու երկիրը ստեղծելու զորություն և իմաստություն ունի, կարող էր Մովսեսին տալ այդ ճշգրիտ տեղեկությունը։ Եվ հենց սա, ինչ խոսք, ապացուցում է, որ այդ գիրքը «ներշնչված է Աստծուց» c(2 Տիմոթեոս 3։16

Այդուհանդերձ, գուցե հարցնեք. «Կարևո՞ր է հավատալ ստեղծագործության վերաբերյալ Աստվածաշնչի արձանագրությանը»։ Մի քանի համոզիչ փաստեր քննելուց հետո պարզ կդառնա, թե ինչու է կարևոր իմանալ այս հարցի պատասխանը։

a Նկարագրելու համար, թե ինչ տեղի ունեցավ արարչագործական առաջին օրը, եբրայերենում գործածվում է «օհր» բառը, որը մատնանշում է լույսն առհասարակ, իսկ չորրորդ օրվա համար օգտագործվում է եբրայերեն «մաօհր» բառը, որը նշանակում է լույսի աղբյուր։

b Օրինակ՝ վեցերորդ օրվա ընթացքում Աստված առաջին զույգին ասաց. «Շատացեք, լցրեք երկիրը» (Ծննդոց 1։28, 31)։ Սակայն այս խոսքերը սկսեցին իրականանալ միայն հաջորդ «օրվա» ընթացքում (Ծննդոց 2։2

c Լրացուցիչ տեղեկությունների համար դիտեք «Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստվածաշունչը ճշգրիտ է» կարճ տեսանյութը jw.org/hy կայքում։