ԳԼՈՒԽ 23
Նա իր Ուսուցչից ներողամտություն սովորեց
1. Ի՞նչ ծանր օր էր ունեցել Պետրոսը։
«ՏԵՐԸ շրջվեց ու նայեց Պետրոսին» (Ղուկ. 22։61)։ Պետրոսը երբեք չէր կարող մոռանալ այդ պահը, երբ իր հայացքը հանդիպեց Ուսուցչի աչքերին։ Այդ հայացքի մեջ նա հիասթափությո՞ւն տեսավ, թե՞ հանդիմանություն, չգիտենք։ Աստվածաշունչը ոչինչ չի ասում այդ մասին։ Բայց մի բան պարզ է։ Ուսուցչի հայացքը սթափեցրեց նրան, ու նա գիտակցեց, թե ինչ լուրջ սխալ է գործել։ Նա հիշեց, որ Հիսուսը զգուշացրել էր, որ նա կուրանա իրեն, ինչը քիչ առաջ արեց, մինչդեռ ինքը պնդում էր, թե երբեք չի անի այդ քայլը։ Պետրոսը չափազանց ընկճված էր, թերևս այդ օրը իր կյանքի ամենածանր օրն էր։
2. Ի՞նչ կարևոր դաս պետք է սովորեր Պետրոսը, և ինչո՞վ է նրա հետ պատահածը օգտակար մեզ համար։
2 Թեև Պետրոսը լուրջ սխալ էր գործել, սակայն անհույս վիճակում չէր։ Նա մեծ հավատի տեր մարդ էր և կարող էր ուղղել իր սխալը ու մի շատ կարևոր դաս սովորել Հիսուսից՝ լինել ներողամիտ։ Իրականում մեզնից յուրաքանչյուրն էլ պետք է ներողամիտ լինի։ Տեսնենք, թե ինչպես Պետրոսը դաս քաղեց իր հետ տեղի ունեցած դեպքից։
Նա դեռ շատ բան պետք է սովորեր
3, 4. ա) Ի՞նչ հարցրեց Պետրոսը Հիսուսին, և ի՞նչ էր թերևս նա մտածում այդ հարցը տալով։ բ) Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ Պետրոսի վրա ազդել էր շրջապատի մարդկանց մտածելակերպը։
3 Մոտ վեց ամիս առաջ իր հայրենի Կափառնայում քաղաքում Պետրոսը մոտեցավ Հիսուսին և հարցրեց. «Տե՛ր, եթե իմ եղբայրը մեղք գործի իմ դեմ, քանի՞ անգամ պետք է ներեմ նրան։ Մինչև յո՞թ անգամ»։ Ասելով «մինչև յոթ անգամ»՝ Պետրոսը հավանաբար մտածում էր, որ ինքը մեծահոգի է, քանի որ իր օրերի կրոնական առաջնորդները սովորեցնում էին, որ մարդը պետք է միայն երեք անգամ ների իր մերձավորին։ Սակայն Հիսուսը պատասխանեց. «Ոչ թե մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասունյոթ անգամ» (Մատթ. 18։21, 22)։
4 Արդյո՞ք Հիսուսը նկատի ուներ, որ Պետրոսը պետք է ամեն անգամ, երբ որևէ մեկը սխալ գործի իր դեմ, հաշվի ու գրանցի դրանք։ Ո՛չ։ Ընդհակառակը՝ յոթի փոխարեն յոթանասունյոթ ասելով՝ Հիսուսը ուզում էր ասել, որ սերը թիվ չի սահմանում, թե քանի անգամ պետք է ներել սխալ գործողին (1 Կորնթ. 13։4, 5)։ Նա գիտեր, որ Պետրոսը մեծացել է կարծրասիրտ և անողորմ մարդկանց միջավայրում, ովքեր հաշվում էին, թե քանի անգամ են ներել անհատին, ինչպես որ հաշվապահն է իր հաշիվները գրանցում հաշվեմատյանում։ Մինչդեռ Աստծու տեսանկյունից՝ մեծահոգաբար է պետք ներել (կարդա՛ 1 Հովհաննես 1։7–9)։
5. Ե՞րբ ենք ավելի լավ հասկանում ներելու անհրաժեշտությունը։
5 Պետրոսը չվիճեց Հիսուսի հետ։ Իսկ հասկացա՞վ Հիսուսի խոսքերի իմաստը։ Ինչ խոսք, երբ ինչ-որ մեկի ներողամտության կարիքն ունենք, այդ ժամանակ ավելի լավ ենք հասկանում ներելու անհրաժեշտությունը։ Ուստի եկեք անդրադառնանք Հիսուսի կյանքի վերջին օրերում տեղի ունեցած դեպքերին և տեսնենք, թե ներողամտության վերաբերյալ ինչ կարող ենք սովորել նրանից։
Հիսուսը շարունակ ներում էր նրան
6. Ի՞նչ ասաց Պետրոսը, երբ Հիսուսը փորձում էր խոնարհության դաս սովորեցնել առաքյալներին, և ինչպե՞ս արձագանքեց Հիսուսը։
6 Հիսուսի երկրային կյանքի վերջին օրն էր։ Նա դեռ շատ բան ուներ իր առաքյալներին սովորեցնելու, օրինակ, խոնարհություն։ Ուստի որոշեց անձամբ օրինակ ծառայել իր աշակերտներին և խոնարհաբար լվանալ նրանց ոտքերը, ինչը սովորաբար կատարում էր տան ամենացածր ծառան։ Դե, ինչպես միշտ, Պետրոսը չէր կարող լուռ մնալ։ Նախ նա ասաց, որ չի հասկանում, թե ինչու է Հիսուսը նման բան անում։ Այնուհետև հրաժարվեց իր Ուսուցչի մատուցած ծառայությունից։ Հետո խնդրեց, որ Հիսուսը լվա ոչ միայն իր ոտքերը, այլև ձեռքերն ու գլուխը։ Այդուհանդերձ, Հիսուսը չկորցրեց իր համբերությունը և մեղմորեն բացատրեց նրան, թե ինչու է այդպես վարվում (Հովհ. 13։1–17)։
7, 8. ա) Ինչպե՞ս փորձվեց Հիսուսի համբերությունը։ բ) Ինչպե՞ս Հիսուսը շարունակեց ներողամտություն դրսևորել։
7 Շատ չանցած՝ Պետրոսն ասես դարձյալ փորձեց Հիսուսի համբերությունը։ Առաքյալները սկսեցին վիճել, թե ով է իրենցից մեծը։ Պետրոսը նույնպես ընդգրկված էր այդ վեճի մեջ։ Հիսուսը կրկին մեղմորեն ուղղեց նրանց և նույնիսկ գովեստի խոսքեր ասաց, որ հավատարիմ ու նվիրված են իրեն։ Սակայն այդ խոսքերից հետո նա կանխագուշակեց, որ բոլոր առաքյալները շուտով լքելու են իրեն։ Պետրոսը պնդեց, որ հավատարիմ կմնա Հիսուսին և անգամ կմեռնի նրա հետ։ Հիսուսը, սակայն, ասաց, որ հենց այդ օրը, աքաղաղը դեռ չկանչած, Պետրոսը երեք անգամ կուրանա իրեն։ Իսկ Պետրոսը ոչ միայն հակաճառեց, այլև մեծամտաբար շարունակեց պնդել, որ եթե անգամ բոլոր առաքյալները ուրանան, նա այդպիսի բան չի անի (Մատթ. 26։31–35; Մարկ. 14։27–31; Ղուկ. 22։24–28; Հովհ. 13։36–38)։
8 Կհատնե՞ր արդյոք Հիսուսի համբերությունը։ Իրականում, ամբողջ ընթացքում Հիսուսը կենտրոնանում էր իր անկատար առաքյալների լավ կողմերի վրա։ Թեև նա գիտեր, որ Պետրոսը սխալ է գործելու, սակայն ասաց. «Ես աղաչեցի քեզ համար, որ քո հավատը չթուլանա. երբ վերադառնաս, զորացրու քո եղբայրներին» (Ղուկ. 22։32)։ Այս խոսքերով Հիսուսը ցույց տվեց իր վստահությունը Պետրոսի նկատմամբ. նա համոզված էր, որ իր աշակերտը կուղղվի և նորից հավատարմորեն կշարունակի ծառայել։ Ներողամտության ի՜նչ օրինակ։
9, 10. ա) Ի՞նչ եղավ Գեթսեմանիի պարտեզում։ բ) Ի՞նչ է մեզ հիշեցնում Պետրոսի օրինակը։
9 Ավելի ուշ, երբ Հիսուսը աշակերտների հետ Գեթսեմանիի պարտեզում էր, նորից հարկ եղավ ուղղելու Պետրոսին։ Հիսուսը Հովհաննեսին, Հակոբոսին և Պետրոսին խնդրեց արթուն մնալ, մինչ ինքը կառանձնանար աղոթելու։ Կարող ենք պատկերացնել, թե ինչ հոգեվիճակում էր Հիսուսը. նա աջակցության կարիք ուներ, սակայն իր առաքյալները անընդհատ քնով էին ընկնում։ Այդուհանդերձ, Հիսուսը կարեկցանք և ներողամտություն դրսևորելով՝ ասաց. «Ոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար» (Մարկ. 14։32–41)։
10 Շուտով մի խումբ մարդիկ եկան՝ ջահերը ձեռքներին, սրերով ու մահակներով զինված։ Հարկավոր էր զգուշավոր և խորագետ լինել։ Սակայն Պետրոսը առանց մտածելու գործի անցավ. հանեց իր սուրը և կտրեց քահանայապետի ծառայի՝ Մալքոսի ականջը։ Այս անգամ էլ Հիսուսը մեղմորեն ուղղեց Պետրոսին, բացատրեց սկզբունքը, որ չպետք է բռնության միջոցով հարցեր լուծել, այնուհետև դիպավ ծառայի ականջին և բուժեց նրան (Մատթ. 26։47–55; Ղուկ. 22։47–51; Հովհ. 18։10, 11)։ Այո՛, Պետրոսը շատ սխալներ էր թույլ տալիս, սակայն Տերը միշտ ներում էր նրան։ Գուցե սա հիշեցնի քեզ աստվածաշնչյան հետևյալ խոսքերը. «Բոլորս էլ հաճախ ենք սխալվում» (կարդա՛ Հակոբոս 3։2)։ Իսկապես, մեզնից ո՞վ կարիք չունի, որ Աստված ամեն օր ների իր մեղքերը։ Հիսուսը նորից ներեց Պետրոսին, սակայն ամենասարսափելին դեռ առջևում էր։
Ամենալուրջ սխալը
11, 12. ա) Ինչպե՞ս Պետրոսը քաջություն դրսևորեց, երբ Հիսուսին ձերբակալեցին։ բ) Ո՞ր հարցում Պետրոսը թերացավ։
11 Ամբոխի առաջ Հիսուսն ասաց, որ եթե իրեն են փնտրում, ապա իր առաքյալներին թող ազատ արձակեն։ Պետրոսն անզոր էր ինչ-որ բանով օգնելու Հիսուսին. նրան ձերբակալեցին ու տարան, իսկ Պետրոսը փախավ, ինչպեսև մյուս առաքյալները։
12 Պետրոսն ու Հովհաննեսը հեռվից հետևեցին Հիսուսին և կանգ առան նախկին քահանայապետ Հաննայի տան մոտ, քանի որ իրենց Ուսուցչին այստեղ բերեցին հարցաքննելու (Մատթ. 26։58; Հովհ. 18։12, 13)։ Պետրոսը վախկոտ չէր։ Քաջություն էր պետք Հիսուսի հետևից գնալու համար։ Չէ՞ որ ամբոխը զինված էր, Պետրոսն էլ քիչ առաջ վնաս էր հասցրել քահանայապետի ծառային։ Սակայն այստեղ չենք տեսնում այն նվիրված Պետրոսին, որը պնդում էր, թե պատրաստ է նույնիսկ մահանալու իր Տիրոջ համար (Մարկ. 14։31)։
13. Ո՞րն է Քրիստոսին հետևելու միակ ճանապարհը։
13 Պետրոսի նման՝ շատերն են այսօր հետևում Քրիստոսին, սակայն «հեռվից», այնպես, որ ոչ ոք չնկատի։ Բայց ինչպես Պետրոսը գրեց հետագայում, Քրիստոսի հետևից գնալու միակ ճանապարհը այն է, որ սերտորեն հետևենք և կյանքի բոլոր բնագավառներում ընդօրինակենք նրան՝ չմտահոգվելով, թե ինչ կպատահի մեզ (կարդա՛ 1 Պետրոս 2։21)։
14. Ի՞նչ արեց Պետրոսը, երբ Հիսուսին բերեցին Կայիափայի տուն։
14 Շարունակելով հետևել Հիսուսին՝ Պետրոսը հայտնվեց Երուսաղեմի ամենաշքեղ տներից մեկի մոտ։ Դա հարուստ և ազդեցիկ քահանայապետի՝ Կայիափայի տունն էր։ Սովորաբար այսպիսի տները ունենում էին ներքին բակ, իսկ առջևի մասում՝ դարպաս։ Երբ Պետրոսը մոտեցավ դարպասին, նրան թույլ չտվեցին ներս մտնել։ Սակայն Հովհաննեսը, որը ծանոթ էր քահանայապետին և արդեն ներսում էր, մոտեցավ դռնապանին և խոսեց նրա հետ, որ Պետրոսին ներս թողնի։ Ակներևաբար, Պետրոսը Հովհաննեսի հետ չմնաց, նա անգամ չփորձեց մտնել տուն և լինել իր Տիրոջ կողքին։ Նա մնաց բակում, որտեղ սպասավորները կրակի շուրջը կանգնած տաքանում էին, քանի որ ցուրտ էր, և դիտում էին, թե ինչպես են կեղծ վկաները մեղադրանքներ ներկայացնում Հիսուսի դեմ (Մարկ. 14։54–57; Հովհ. 18։15, 16, 18)։
15, 16. Ինչպե՞ս կատարվեց Հիսուսի կանխագուշակածը։
15 Աղախիններից մեկը, որը ներս էր ընդունել Պետրոսին, կրակի լույսի տակ ավելի լավ տեսավ նրա դեմքը ու ճանաչեց նրան։ Հանդիմանական տոնով նա ասաց. «Դու էլ էիր գալիլեացի Հիսուսի հետ»։ Պետրոսը, անակնկալի եկած, հերքեց, որ ինքը ճանաչում է Հիսուսին, և անգամ ձևացրեց, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսում աղախինը։ Այնուհետև գնաց դարպասների մոտ՝ փորձելով մարդկանց աչքից հեռու մնալ, սակայն մեկ ուրիշ աղախին էլ նկատեց նրան ու ասաց. «Այս մարդը նազովրեցի Հիսուսի հետ էր»։ Պետրոսը երդվելով ասաց. «Ես չեմ ճանաչում այդ մարդուն» (Մատթ. 26։69–72; Մարկ. 14։66–68)։ Թերևս երկրորդ անգամ Հիսուսին ուրանալուց հետո էր, որ Պետրոսը լսեց աքաղաղի ձայնը, սակայն մտազբաղ լինելու պատճառով չհիշեց Հիսուսի խոսքերը, որոնք նա ասել էր ընդամենը մի քանի ժամ առաջ։
16 Պետրոսը կրկին փորձեց աննկատ մնալ։ Սակայն քահանայապետի բակում կանգնած մի խումբ մարդիկ մոտեցան նրան։ Նրանցից մեկը, որ Մալքոսի ազգականն էր, բացականչեց. «Չէ՞ որ պարտեզում քեզ նրա հետ տեսա»։ Պետրոսը սկսեց համոզել, որ նրանք սխալվում են։ Նա երդվեց ու ասաց, որ թող անիծվի ինքը, եթե սուտ է խոսում։ Սա երրորդ անգամն էր, որ Պետրոսն ուրանում էր։ Այդ նույն պահին աքաղաղը կանչեց. Պետրոսը երկրորդ անգամ լսեց նրա ձայնը (Հովհ. 18։26, 27; Մարկ. 14։71, 72)։
17, 18. ա) Ի՞նչ զգաց Պետրոսը, երբ հասկացավ, որ ուրացել է իր Տիրոջը։ բ) Ինչի՞ մասին գուցե մտածեց Պետրոսը։
17 Հիսուսը, որ նոր էր դուրս եկել պատշգամբ, շրջվեց ու նայեց Պետրոսին։ Պետրոսը հասկացավ, թե ինչ է արել. ուրացել է իր Տիրոջը։ Մեղավորության ծանր զգացումը սրտում, աչքերը արցունքով լցված՝ նա դուրս եկավ բակից։ Լիալուսնի հետզհետե մարող շողերը լուսավորում էին նրա ճանապարհը, ու թեև արդեն լուսանում էր, սակայն Պետրոսին ամեն բան աղոտ էր երևում։ Չկարողանալով զսպել իրեն՝ նա դառնապես լաց եղավ (Մարկ. 14։72; Ղուկ. 22։61, 62)։
18 Սովորաբար երբ մարդը հասկանում է, թե ինչ լուրջ մեղք է գործել, մտածում է, թե իր մեղքը երբեք չի ներվի։ Գուցե Պետրոսն էլ էր այդպես մտածում։ Կներե՞ր նրան Հիսուսը։
Կներե՞ր Հիսուսը
19. Ի՞նչ էր թերևս զգում Պետրոսը, և որտեղի՞ց գիտենք, որ նա չհուսալքվեց։
19 Օրը լուսացել էր։ Դժվար է պատկերացնել, թե որքան խորն էր Պետրոսի սրտի ցավը։ Իսկ որքա՜ն կշտամբեց նա իրեն, երբ այդ օրը տանջանքներ կրելուց հետո Հիսուսը մահացավ։ Պետրոսը տանջվում էր այն մտքից, որ ցավ է պատճառել իր Տիրոջը նրա կյանքի վերջին օրը։ Այդուհանդերձ, նա չհուսալքվեց։ Աստվածաշնչից իմանում ենք, որ շատ չանցած նա նորից իր հոգևոր եղբայրների հետ էր (Ղուկ. 24։33)։ Ինչ խոսք, բոլոր առաքյալներն էլ զղջացին, որ դժվար պահին թողել էին Հիսուսին, և մխիթարեցին իրար։
20. Ի՞նչ ենք սովորում Պետրոսի վարվելակերպից։
20 Երբ Աստծու ծառան «ընկնում» է, կարևորն այն է, որ ուժ գտնի իր մեջ, նորից ոտքի կանգնի ու ճիշտ ճանապարհով ընթանա (կարդա՛ Առակներ 24։16)։ Պետրոսը հենց այդպես վարվեց։ Թեև ընկճված էր, սակայն հավատ դրսևորեց և չթողեց իր եղբայրներին։ Երբ մարդը վհատված է ու ընկճված, գուցե ցանկանա մեկուսանալ, սակայն դա կարող է վտանգավոր լինել (Առակ. 18։1)։ Նման դեպքում խելամիտ կլինի մնալ ժողովի ներսում և հոգևոր զորություն ստանալ (Եբր. 10։24, 25)։
21. Ի՞նչ ցնցող լուր լսեց Պետրոսը, երբ եղբայրների հետ էր։
21 Պետրոսը եղբայրների հետ էր, երբ մի ցնցող լուր լսեց. Հիսուսի մարմինը գերեզմանում չէր։ Պետրոսն ու Հովհաննեսը անմիջապես շտապեցին գերեզման։ Հովհաննեսը, որ հավանաբար Պետրոսից ավելի երիտասարդ էր, առաջինը հասավ։ Տեսնելով, որ գերեզմանի քարը մի կողմ է գլորված՝ նա տարակուսեց։ Սակայն Պետրոսը, թեև շնչակտուր վազել էր ամբողջ ճանապարհը, բայց տեղ հասնելուն պես մտավ գերեզման։ Եվ ի՞նչ. այն իրոք դատարկ էր (Հովհ. 20։3–9)։
22. Ի՞նչը փարատեց Պետրոսի կասկածներն ու մտատանջությունները։
22 Հավատա՞ց Պետրոսը, որ Հիսուսը հարություն է առել։ Սկզբում՝ ոչ։ Անգամ երբ հավատարիմ կանայք հայտնեցին առաքյալներին, որ հրեշտակները երևացել են իրենց ու ասել՝ Հիսուսը մահացածների միջից հարություն է առել, այդ խոսքերը նրան անհեթեթություն թվացին (Ղուկ. 23։55–24։11)։ Սակայն այդ օրը Պետրոսի բոլոր կասկածներն ու մտատանջությունները վերացան։ Հիսուսը կենդանի էր որպես ոգեղեն հզոր էակ։ Նա երևաց իր բոլոր առաքյալներին։ Բայց նախքան այդ նա առանձին երևաց իր վհատված աշակերտին։ Ղուկասի Ավետարանում կարդում ենք. «Իսկապես որ Տերը հարություն է առել և երևացել է Սիմոնին» (Ղուկ. 24։34)։ Հետագայում Պողոս առաքյալը նույնպես խոսեց այդ հիշարժան օրվա մասին՝ նշելով, որ Հիսուսը սկզբում «երևաց Կեփասին, ապա՝ տասներկու առաքյալներին» (1 Կորնթ. 15։5) Սիմոնը և Կեփասը Պետրոսի մյուս անուններն են։ Այո՛, այդ օրը Հիսուսը երևացել էր Պետրոսին, հավանաբար այն ժամանակ, երբ նա մենակ էր։
Պետրոսը շատ սխալներ էր թույլ տալիս, սակայն Տերը միշտ ներում էր նրան։
23. Ինչո՞ւ այն քրիստոնյաները, ովքեր մեղք են գործել, լավ կլինի՝ հիշեն Պետրոսի օրինակը։
23 Այն, թե ինչ տեղի ունեցավ հանդիպման ժամանակ, հայտնի չէ։ Միայն կարող ենք պատկերացնել, թե որքան հուզիչ էր այդ հանդիպումը առաքյալի համար. կրկին տեսնել իր սիրելի Ուսուցչին և իր ցավն ու զղջումը արտահայտել։ Ամենից շատ նա ուզում էր ներում ստանալ։ Անկասկած, Հիսուսը ներեց իր առաքյալին, ներեց մեծահոգաբար։ Այսօր այն քրիստոնյաները, ովքեր մեղք են գործել, լավ կլինի՝ հիշեն Պետրոսի օրինակը։ Նման դեպքում պետք չէ մտածել, թե հնարավոր չէ արժանանալ Աստծու ներողամտությանը։ Հիսուսը կատարելապես արտացոլեց իր Հորը, ով «մեծահոգաբար ներում է» (Ես. 55։7)։
Ներողամտության մեկ ուրիշ ապացույց
24, 25. ա) Նկարագրիր Գալիլեայի ծովի վրա Պետրոսի անցկացրած գիշերը։ բ) Ինչպե՞ս արձագանքեց Պետրոսը Հիսուսի արած հրաշքին։
24 Հիսուսը պատվիրեց առաքյալներին գնալ Գալիլեա, որտեղ նրանք պետք է հանդիպեին։ Երբ տեղ հասան, Պետրոսը որոշեց ձուկ որսալ։ Մի քանիսը միացան նրան։ Պետրոսը դարձյալ ծովի վրա էր, որտեղ անցկացրել էր իր կյանքի մեծ մասը։ Նավակի ճռռոցը, ալիքների ճողփյունը, կոշտ ցանցը այնքա՜ն հոգեհարազատ էին նրան։ Ինչևէ, այդ գիշեր նրանք ոչինչ չբռնեցին (Մատթ. 26։32; Հովհ. 21։1–3)։
25 Լուսաբացին ինչ-որ մեկը ափից ձայն տվեց նրանց ու ասաց, որ ցանցը նավի մյուս կողմը գցեն։ Նրանք էլ գցեցին և 153 ձուկ բռնեցին։ Երբ Պետրոսը իմացավ, թե ով է այդ մարդը, անմիջապես ծովը նետվեց ու լողաց դեպի ափ։ Դուրս գալով ափ՝ աշակերտները տեսան, որ Հիսուսը ածխի կրակի վրա ձուկ է խորովում իրենց համար (Հովհ. 21։4–14)։
26, 27. ա) Ի՞նչ հնարավորություն տվեց Հիսուսը Պետրոսին երեք անգամ։ բ) Ինչպե՞ս Հիսուսը վստահեցրեց Պետրոսին, որ ներել է նրան։
26 Հիսուսը հայացքն ուղղեց Պետրոսին։ Նա հարցրեց, թե արդյոք սիրում է իրեն «սրանցից առավել»՝ ակներևաբար մատնացույց անելով ձկներով լի ցանցը։ Արդյոք ձկնորսության հանդեպ Պետրոսի սերը ավելի՞ն էր, քան Հիսուսի նկատմամբ ունեցած սերը։ Հիսուսը հնարավորություն տվեց Պետրոսին երեք անգամ հաստատելու իր սերը աշակերտների ներկայությամբ։ Պետրոսի խոսքերից հետո Հիսուսը ցույց տվեց նրան, թե ինչպես պետք է դրսևորել այդ սերը. սուրբ ծառայությունն ամեն բանից առավել դասելով և Աստծու հոտը կերակրելով, զորացնելով ու հովվելով (Ղուկ. 22։32; Հովհ. 21։15–17)։
27 Այսպիսով Հիսուսը վստահեցրեց Պետրոսին, որ նա շարունակում է արժեքավոր լինել իր և իր Հոր համար։ Պետրոսը մեծ դեր էր ունենալու քրիստոնեական ժողովում։ Ուրիշ ի՞նչ ապացույց էր պետք նրան համոզվելու համար, որ Ուսուցիչն իսկապես ներել է իրեն։ Անկասկած, Տիրոջ ողորմածությունը տպավորեց Պետրոսին։ Նա դաս քաղեց իր սխալներից։
28. Ինչպե՞ս Պետրոսը ապրեց իր անվան նշանակության համաձայն։
28 Երկար տարիներ Պետրոսը հավատարմորեն կատարեց իր ծառայությունը։ Նա զորացրեց իր եղբայրներին, ինչպես որ Հիսուսն էր պատվիրել իր մահվան նախորդ օրը։ Պետրոսը ջերմորեն ու համբերատարությամբ հովվեց և կերակրեց Քրիստոսի գառնուկներին։ Սիմոն անունով այս տղամարդը ապրեց Հիսուսի տված նոր անվան համաձայն, որը նշանակում է ժայռ. նա ժողովում դարձավ ամուր, կայուն և վստահելի անձնավորություն։ Դրա վառ ապացույցն են Պետրոսի գրած երկու նամակները, որոնք ընդգրկվել են Աստծու ներշնչված Խոսքի մեջ։ Դրանք ցույց են տալիս, որ Պետրոսը երբեք չմոռացավ ներողամտության դասը, որ սովորեց Հիսուսից (կարդա՛ 1 Պետրոս 3։8, 9; 4։8)։
29. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պետրոսի հավատը և մեր Տիրոջ ներողամտությունը։
29 Այս դեպքից մենք էլ ենք շատ բաներ սովորում։ Ամեն օր խնդրո՞ւմ ենք Աստծուն, որ ների մեր բազմաթիվ սխալները։ Հավատո՞ւմ ենք, որ Աստված ներում է մեզ և մաքրում մեղքերից։ Ներո՞ւմ ենք ուրիշներին։ Եթե այո, ապա ընդօրինակում ենք Պետրոսի հավատը և մեր Տիրոջ ներողամտությունը։