Երկընտրանքի առաջ
Դասի ժամ է։ Պիտերը շատ անհանգիստ է։ Նա այնքան լարված է, որ ստամոքսը սկսում է ցավել։ Ինչո՞ւ։ Ուսուցչուհին, որին նա հարգում է, քիչ առաջ բացատրեց, թե ինչպես է Չարլզ Դարվինը և նրա տեսությունը նպաստել գիտության առաջընթացին և ազատել մարդկանց սնոտիապաշտական համոզմունքներից։ Այժմ նա հրավիրում է աշակերտներին արտահայտելու իրենց կարծիքը։
Պիտերը երկընտրանքի առաջ է կանգնած։ Ծնողները սովորեցրել են նրան, որ Աստված է ստեղծել երկիրը և ամեն բան, որ կա երկրի վրա։ Նրանք նաև բացատրել են, որ արարչագործության մասին Աստվածաշնչի արձանագրությունը վստահելի է, իսկ էվոլյուցիան ընդամենը մի տեսություն է, որը հիմնված չէ փաստերի վրա։ Ինչ խոսք, թե՛ ուսուցչուհին, թե՛ ծնողները ուզում են, որ Պիտերը ճիշտն իմանա։ Սակայն ո՞ւմ պետք է հավատա նա։
Աշխարհի տարբեր վայրերում ապրող հազարավոր երեխաներ դպրոցում հայտնվում են նման իրավիճակում։ Ինչպե՞ս վարվել։ Համամիտ չե՞ս, որ կյանքի ծագման վերաբերյալ յուրաքանչյուրը պետք է իր անձնական կարծիքն ունենա։ Ուստի հարկավոր է քննել բոլոր փաստերը էվոլյուցիայի և արարչագործության վերաբերյալ, այնուհետև որոշել, թե ինչին պետք է հավատալ։
Իրականում Աստվածաշունչը չի խրախուսում կուրորեն հավատալ այն ամենին, ինչ սովորեցնում են քեզ։ «Անփորձը հավատում է ամեն խոսքի,— ասել է Աստվածաշնչի գրողներից մեկը,— բայց խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14։15)։ Սուրբ Գիրքը հորդորում է բոլորիս գործի դնել մեր «բանականությունը» և հավաստիանալ, թե որն է ճիշտը (Հռոմեացիներ 12։1, 2)։
Այս գրքույկը թիկունք չի կանգնում այն կրոնական խմբերի տեսակետներին, որոնք ուզում են, որ դպրոցներում արարչագործություն դասավանդվի։ Գրքույկի նպատակն է քննել այն մարդկանց պնդումները, ովքեր սովորեցնում են, թե կյանքը առաջ է եկել պատահականորեն և թե արարչագործության մասին Աստվածաշնչի արձանագրությունը առասպել է։
Մեր ուսումնասիրությունը կսկսենք բջջի կառուցվածքից, քանի որ այն կյանքի կարևորագույն միավորն է։ Կներկայացվեն բջջի կառուցվածքի զարմանահրաշ առանձնահատկություններից մի քանիսը։ Կքննեք նաև այն վարկածները, որոնք թիկունք են կանգնում էվոլյուցիոն տեսությանը։
Անշուշտ, բոլորիս էլ հետաքրքրում է հետևյալ հարցի պատասխանը. «Կյանքը ստեղծագործությա՞ն արդյունք է, թե՞ էվոլյուցիայի»։ Թերևս դու արդեն մտածել ես այս մասին։ Գրքույկում ներկայացվում են ընդամենը մի քանի փաստեր, որոնց հիման վրա շատերը սկսել են հավատալ, որ կյանքը իրականում ստեղծագործության արդյունք է։