ԳԼՈՒԽ 10
«Եհովայի խոսքը աճում ու տարածվում էր»
Պետրոսն ազատվում է բանտից, հալածանքը չի կանգնեցնում քարոզչական գործը
1-4. Ի՞նչ փորձության մեջ էր Պետրոսը, և ի՞նչ կզգայիր, եթե դու լինեիր նրա փոխարեն։
ԵՐԿԱԹՅԱ ծանր դարպասները ճռնչյունով փակվում են Պետրոսի հետևից։ Հռոմեացի երկու զինվորների միջև շղթայված՝ առաքյալը գնում է դեպի իր խուցը։ Այնտեղ նա մի քանի ժամ, թերևս նույնիսկ օր, սպասում է իր դատավճռին։ Նրա շուրջը ոչինչ չկա. միայն բանտի պատերն են ու ճաղերը, իր ձեռնաշղթաներն ու բանտապահները։
2 Դատավճիռն ամենևին էլ հուսադրող չէ։ Հերովդես Ագրիպաս I թագավորը վճռել է մահապատժի ենթարկել Պետրոսին։ a Դրանով նա հաճելի «նվեր» կմատուցի հրեաներին Պասեքի կապակցությամբ։ Առաքյալը գիտի, որ դա զուտ սպառնալիք չէ։ Վերջերս նույն կառավարիչը Հակոբոս առաքյալին էր մահապատժի ենթարկել։
3 Մահապատժին նախորդող երեկոն է։ Ինչի՞ մասին է մտածում Պետրոսը՝ իր խավար բանտախցում նստած։ Միգուցե նա հիշում է Հիսուսի խոսքերը։ Տարիներ առաջ իր Տերն ասել է, որ մի օր նրան կկապեն ու կտանեն մի տեղ, ուր նա չի կամենա գնալ, այսինքն՝ մահապատժի կենթարկեն (Հովհ. 21։18, 19)։ Արդյո՞ք այդ ժամը հասել է. այս հարցը թերևս Պետրոսին հանգիստ չի տալիս։
4 Ի՞նչ կզգայիր, եթե դու լինեիր առաքյալի փոխարեն։ Շատերը գուցե վհատվեին ու կորցնեին իրենց հույսը։ Բայց Հիսուսի ճշմարիտ հետևորդի համար կա՞ արդյոք անհույս իրավիճակ։ Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե Պետրոսն ու մյուս քրիստոնյաները ինչպես վարվեցին հալածանքի ժամանակ։ Եկ քննենք ու տեսնենք։
«Ժողովը.... ջերմեռանդորեն աղոթք էր անում» (Գործեր 12։1-5)
5-6. ա) Հերովդեսն ի՞նչ հարված հասցրեց քրիստոնեական ժողովին և ինչո՞ւ։ բ) Հակոբոսի մահն ինչո՞ւ էր փորձություն ժողովի համար։
5 Ինչպես իմացանք նախորդ գլխից, այլազգի Կոռնելիոսի և նրա ընտանիքի մկրտությունը նշանակալի իրադարձություն էր ժողովի համար։ Սակայն անհավատ հրեաները թերևս ցնցվել էին՝ իմանալով, որ այժմ հրեա քրիստոնյաները այլազգիների հետ են երկրպագություն մատուցում։
6 Դա չվրիպեց Հերովդեսի աչքից, ով նենգ ու խորամանկ քաղաքական գործիչ էր։ Նա հասկացավ, որ հալածելով քրիստոնյաներին՝ կկարողանա շահել հրեա առաջնորդների բարեհաճությունը։ Հերովդեսը ակներևաբար պարզեց, որ Հիսուս Քրիստոսը շատ մտերիմ է եղել Հակոբոս առաքյալի հետ։ Ուստի նրան՝ «Հովհաննեսի եղբորը, սրով սպանեց» (Գործ. 12։2)։ Ի՜նչ մեծ փորձություն էր դա ժողովի համար։ Չէ՞ որ Հակոբոսն այն երեք առաքյալներից մեկն էր, ովքեր տեսել էին Հիսուսի այլակերպությունն ու մի քանի այլ հրաշքներ, որոնք մյուս առաքյալները հնարավորություն չէին ունեցել տեսնելու (Մատթ. 17։1, 2; Մարկ. 5։37-42)։ Հակոբոսն ու նրա եղբայր Հովհաննեսը այնքան ջերմեռանդ ու նախանձախնդիր անձնավորություններ էին, որ Հիսուսը նրանց «որոտի որդիներ» էր անվանում (Մարկ. 3։17)։ Ուստի կարելի է ասել, որ ժողովը կորցրեց համարձակ, հավատարիմ և բոլորի կողմից սիրված մի առաքյալի։
7-8. Ի՞նչ արեցին աշակերտները, երբ Պետրոսը բանտարկվեց։
7 Հակոբոսի սպանությունն արդարացրեց Ագրիպասի հույսերը. նա շահեց հրեաների բարեհաճությունը։ Դրանից ոգևորված՝ թագավորն ընտրեց իր հաջորդ զոհին՝ Պետրոս առաքյալին։ Ինչպես նշվեց այս գլխի սկզբում, Ագրիպասը ձերբակալեց նրան։ Սակայն այդ նենգ կառավարիչը հավանաբար հիշեց, որ բանտարկությունը այդքան էլ արդյունավետ միջոց չի եղել առաքյալներին կանգնեցնելու համար (տես այս գրքի 5-րդ գլուխը)։ Ուստի չցանկանալով փախչելու նույնիսկ փոքր հնարավորություն տալ Պետրոսին՝ հրամայեց, որ նրան շղթաներով կապեն երկու զինվորներից։ Բացի այդ՝ 16 պահապան նշանակեց, որպեսզի վերջիններս գիշեր-ցերեկ հերթափոխով հսկեն առաքյալին։ Եթե հանկարծ Պետրոսը փախչեր, այն, ինչ սպասում էր նրան, բաժին կհասներ պահապաններին։ Նման սոսկալի հանգամանքներում ինչպե՞ս կարող էին մյուս աշակերտներն օգնել իրենց եղբորը։
8 Նրանք շատ լավ գիտեին, թե ինչպես։ Գործեր 12։5-ում կարդում ենք. «Պետրոսը բանտում էր, իսկ ժողովը նրա համար ջերմեռանդորեն աղոթք էր անում Աստծուն»։ Այո՛, աշակերտները սրտանց ու ջերմեռանդորեն աղոթում էին։ Փաստորեն, Հակոբոսի մահը չէր կոտրել նրանց ոգին։ Աշակերտները չէին փոխել իրենց տեսակետն աղոթքի վերաբերյալ և այն անօգուտ չէին համարում։ Եհովան մեծ կարևորություն է տալիս աղոթքին։ Եթե դրանք լինեն իր կամքի համաձայն, նա կպատասխանի մեր աղոթքներին (Եբր. 13։18, 19; Հակ. 5։16)։ Սա լավ դաս է մերօրյա քրիստոնյաների համար։
9. Աղոթքի վերաբերյալ ի՞նչ կարող ենք սովորել առաջին դարի քրիստոնյաներից։
9 Ճանաչո՞ւմ ես հավատակիցների, ովքեր փորձություններ ունեն։ Գուցե նրանք հալածվում են, ծառայում են այնտեղ, որտեղ մեր գործունեությունն արգելված է, կամ տուժել են բնական աղետից։ Հնարավոր է նաև, որ նրանք այլ բնույթի դժվարություններ են կրում՝ ունեն ընտանեկան խնդիրներ, վհատված են կամ հավատի փորձության են ենթարկվում։ Կարո՞ղ ես աղոթել նրանց համար։ Եթե աղոթելուց առաջ մի փոքր խորհես, կմտաբերես բազմաթիվ մարդկանց, ում կարող ես անունով հիշատակել, երբ զրուցում ես Եհովայի՝ «աղոթքներ Լսողի» հետ (Սաղ. 65։2)։ Չէ՞ որ երբ դժվարությունների մեջ լինես, կուզես, որ եղբայրներդ ու քույրերդ քեզ համար էլ նույնն անեն։
«Ի՛նձ հետևիր» (Գործեր 12։6-11)
10-11. Նկարագրիր, թե Եհովայի հրեշտակն ինչպես ազատեց Պետրոսին։
10 Արդյոք Պետրոսն անհանգստացա՞ծ էր իր կյանքին սպառնացող վտանգի պատճառով։ Հստակ չենք կարող ասել։ Սակայն գիտենք, որ այդ գիշեր նա խոր քուն էր մտել երկու աչալուրջ զինվորների մեջտեղում։ Հավատի տեր այս մարդն անկասկած վստահ էր, որ վաղվա օրն ինչ էլ բերի, Եհովայի ապահով ձեռքն իր հետ կլինի (Հռոմ. 14։7, 8)։ Բայց Պետրոսը չէր էլ կարող պատկերացնել, թե քիչ անց ինչ զարմանալի բաներ տեղի կունենան իր հետ։ Հանկարծ խուցը լցվեց պայծառ լույսով։ Մի հրեշտակ հայտնվեց, որին բանտապահներն ակներևաբար չէին տեսնում։ Նա շտապ արթնացրեց Պետրոսին, իսկ առաքյալի ձեռքի շղթաները, որ այդքան ամուր էին թվում, պարզապես վայր ընկան։
11 Հրեշտակն առաքյալին մի շարք կարճ հրահանգներ տվեց. «Շո՛ւտ արա, վե՛ր կաց.... գոտիդ ամրացրո՛ւ և սանդալներդ կապի՛ր.... հագի՛ր վերնահագուստդ»։ Պետրոսը պատրաստակամորեն հնազանդվեց։ Ապա հրեշտակն ասաց. «Ի՛նձ հետևիր»։ Նրանք դուրս եկան խցից և աննկատ անցան պահակակետերի կողքով։ Բայց դեռ հարկավոր էր անաղմուկ դուրս գալ երկաթյա ծանր դարպասներով։ Արդյոք դա հնարավո՞ր էր։ Եթե անգամ Պետրոսի մտքում նման հարց ծագեց, ապա նա շատ արագ ստացավ պատասխանը։ Երբ նրանք մոտեցան դարպասին, «այն ինքնիրեն բացվեց նրանց առաջ»։ Մինչ առաքյալը ուշքի կգար, արդեն փողոցում էր։ Հետո հրեշտակն անհետացավ, և նա մնաց փողոցում մենակ կանգնած։ Պետրոսը, որ մինչ այդ կարծում էր, թե տեսիլք է տեսնում, հասկացավ, որ տեղի ունեցածը իրականություն էր։ Նա ազա՛տ էր (Գործ. 12։7-11)։
12. Ինչո՞ւ մխիթարական կլինի մտածել այն մասին, թե Եհովան Պետրոսին ինչպես ազատեց բանտից։
12 Որքա՜ն մխիթարական է խորհել այն մասին, որ Եհովան իր ծառաներին ազատելու անսահման զորություն ունի։ Պետրոսին ձերբակալել էր մի թագավոր, որին թիկունք էր կանգնում այն ժամանակվա աշխարհի ամենահզոր տիրակալը։ Բայց դա չխանգարեց առաքյալին պարզապես դուրս գալու բանտից։ Ինչ խոսք, Եհովան նման հրաշքներ չի անում իր բոլոր ծառաների համար։ Օրինակ՝ նա Հակոբոսին նման ձևով չազատեց։ Հետագայում նույն բանը չարեց նաև Պետրոսի համար, երբ կատարվեցին Հիսուսի խոսքերը։ Ուստի այսօր քրիստոնյաները չեն ակնկալում, որ Աստված հրաշքով կփրկի իրենց։ Այնուամենայնիվ, մենք լավ գիտենք, որ Եհովան չի փոխվում (Մաղ. 3։6)։ Շուտով նա իր Որդու միջոցով միլիոնավոր մարդկանց կազատի ամենաանմատչելի «բանտից»՝ գերեզմանից (Հովհ. 5։28, 29)։ Նրա այս խոստումը կարող է մեծ ուժ տալ մեզ փորձությունների ժամանակ։
«Տեսան նրան ու ապշեցին» (Գործեր 12։12-17)
13-15. ա) Երբ Պետրոսը վերադարձավ, ինչպե՞ս արձագանքեցին Մարիամի տանը հավաքված քրիստոնյաները։ բ) Պետրոսի հետ տեղի ունեցածից հետո հիմնականում ո՞ւմ մասին է պատմում «Գործեր» գիրքը։ գ) Պետրոսն ի՞նչ շարունակեց անել։
13 Պետրոսը, մութ փողոցում կանգնած, մտածում էր՝ ուր գնա։ Ի վերջո նա քայլեց մոտակայքում ապրող մի քրոջ տան ուղղությամբ։ Նրա անունը Մարիամ էր։ Ակներևաբար նա նյութապես ապահովված այրի կին էր։ Նա այնքան մեծ տուն ուներ, որ հնարավոր էր այնտեղ ժողովներ անցկացնել։ Մարիամը Հովհաննես Մարկոսի մայրն էր։ Վերջինս «Գործեր» գրքում առաջին անգամ հիշատակվում է հենց այս համատեքստում։ Հետագայում Պետրոսը Մարկոսին սիրեց հարազատ որդու պես (1 Պետ. 5։13)։ Վերոհիշյալ գիշերը հավատակիցներից շատերը Մարիամի տանն էին և չնայած այդ ուշ ժամին՝ ջերմեռանդորեն աղոթում էին։ Անկասկած, աշակերտները խնդրում էին, որ Պետրոսն ազատ արձակվի։ Բայց նրանք չէին ակնկալում, որ Եհովան այդքան զարմանալի կերպով կպատասխանի իրենց աղոթքին։
14 Պետրոսը թակեց դեպի բակ տանող դարպասի դուռը։ Ռոդե անունով մի աղախին (այդ տարածված հունարեն անունը նշանակում է «վարդ») մոտեցավ, որ իմանա, թե ով է։ Լսելով Պետրոսի ձայնը՝ նա անչափ ուրախացավ։ Դուռը բացելու փոխարեն նա ներս վազեց, որ հավաքվածներին հայտնի տեղի ունեցածը։ Աշակերտները Ռոդեին չհավատացին, նույնիսկ ասացին, թե գժվել է։ Բայց նա չհանձնվեց ու շարունակեց պնդել, որ դարպասի մոտ հենց առաքյալն է կանգնած։ Ոմանք էլ ենթադրեցին, որ դա Պետրոսին ներկայացնող հրեշտակ է (Գործ. 12։12-15)։ Իսկ առաքյալը դրսում կանգնած շարունակում էր թակել, մինչև որ նրանք վերջապես եկան ու բացեցին դարպասը։
15 Երբ նրանք «տեսան նրան.... ապշեցին» (Գործ. 12։16)։ Նրանց ուրախությանը չափ չկար։ Պետրոսը խնդրեց բոլորին լռել, որպեսզի պատմի տեղի ունեցածը։ Նա պատվիրեց, որ այդ մասին հայտնեն Հակոբոսին ու եղբայրներին, ապա հեռացավ Մարիամի տնից, քանի դեռ Հերովդեսի զինվորները նրա հետևից չէին եկել։ Առաքյալը շարունակեց հավատարմորեն ծառայել Եհովային մեկ այլ՝ ավելի ապահով վայրում։ Այս դեպքից հետո նա «Գործեր» գրքում հիշատակվում է ընդամենը մեկ անգամ՝ 15-րդ գլխում, որտեղ նկարագրվում է, թե ինչպես լուծվեց թլփատության հարցը։ Դրանից հետո «Գործեր» գիրքը հիմնականում պատմում է Պողոս առաքյալի գործունեության ու շրջագայությունների մասին։ Այդուհանդերձ, կարող ենք վստահ լինել, որ Պետրոսը, ուր էլ գնաց, ամրացրեց եղբայրների ու քույրերի հավատը։ Անկասկած, Մարիամի տանը հավաքված քրիստոնյաները ուրախ սրտով ճանապարհեցին նրան։
16. Ինչո՞ւ ենք համոզված, որ մեզ ուրախ ժամանակներ են սպասում։
16 Երբեմն Եհովան սպասվածից ավելին է տալիս իր ծառաներին՝ մեծ ուրախություն պատճառելով նրանց։ Անկասկած, հենց այդպիսի զգացում ունեին այն եղբայրներն ու քույրերը, ովքեր այդ գիշեր տեսան Պետրոսին։ Այսօր մենք նույնպես մեծ ուրախություն ենք ապրում, երբ Եհովան առատապես օրհնում է մեզ (Առակ. 10։22)։ Շուտով Աստված իր բոլոր խոստումները գլոբա՛լ մասշտաբով կիրականացնի։ Եվ անխոս, այդ սքանչելի օրհնությունները կգերազանցեն մեր սպասելիքները։ Ուստի կարող ենք համոզված լինել, որ եթե հավատարիմ մնանք, բազում երջանիկ պահեր կվայելենք։
«Եհովայի հրեշտակը հարվածեց նրան» (Գործեր 12։18-25)
17-18. Մարդիկ ինչո՞ւ սկսեցին հաճոյախոսել Հերովդեսին։
17 Պետրոսի անհետացումը Հերովդեսին նույնպես հանկարծակիի բերեց։ Բայց իհարկե, նա ուրախ չէր։ Թագավորը հրամայեց ամեն գնով գտնել առաքյալին։ Նաև հարցաքննեց նրա պահակներին, հետո «հրամայեց, որ նրանց տանեն ու պատժեն», հավանաբար՝ սպանեն (Գործ. 12։19)։ Հերովդես Ագրիպասը աչքի չէր ընկնում ողորմածությամբ ու կարեկցանքով։ Այս դաժան անձնավորությունը երբևէ կպատժվե՞ր։
18 Ագրիպասը հավանաբար նվաստացած էր զգում, քանի որ ձեռքից բաց էր թողել Պետրոսին։ Բայց շատ շուտով թագավորն իր խոցված հպարտության համար սփոփանք գտավ։ Այնպես ստացվեց, որ նրա թշնամիներն իր հետ հաշտվելու փորձ կատարեցին։ Ագրիպասի համար դա հրաշալի առիթ դարձավ, որ մեծ ամբոխի առաջ ելույթ ունենա։ Ղուկասը գրում է, որ այդ օրը նա «թագավորական հանդերձներ հագավ»։ Իսկ պատմիչ Հովսեպոսը հայտնում է, որ Հերովդեսի այդ հագուստը պատրաստված էր արծաթից, և երբ թագավորի վրա լույս էր ընկնում, այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե նա փառքով է պսակված։ Երբ այդ պերճաշուք կառավարիչը խոսեց, ամբոխը սկսեց շողոքորթաբար բացականչել. «Աստծո՛ւ ձայն է և ոչ թե մարդու» (Գործ. 12։20-22)։
19-20. ա) Եհովան ինչո՞ւ պատժեց Հերովդեսին։ բ) Հերովդեսի մահվան պատմությունն ինչո՞ւ է մխիթարական մեզ համար։
19 Նման փառաբանության արժանի է միայն Աստված, ով վերևից դիտում էր այդ ամենը։ Իհարկե, Հերովդեսը հնարավորություն ուներ կանխելու իր գլխի գալիքը։ Նա կարող էր սաստել ամբոխին կամ գոնե անհամաձայնություն հայտնել։ Բայց թագավորն այդպես չարեց, և նրա վրա կատարվեց հետևյալ առակը. «Հպարտությունը նախորդում է կործանմանը» (Առակ. 16։18)։ «Իսկույն Եհովայի հրեշտակը հարվածեց» այդ եսապաշտ անձնավորությանը, և նա մահացավ սարսափելի մահով։ «Որդերը [Հերովդեսին] կերան, ու նա մեռավ» (Գործ. 12։23)։ Հովսեպոսը գրում է, որ այդ ամենը թագավորին անսպասելի պատահեց, և նա ի վերջո գիտակցեց, որ իր մահացու հիվանդության պատճառն այն է, որ թույլ է տվել՝ իրեն գովաբանեն ու հավասարեցնեն Աստծուն։ Հովսեպոսը նաև նշում է, որ մահից առաջ Հերովդեսը հինգ օր տանջվեց։ b
20 Երբեմն կարող է թվալ, թե չարագործները անում են իրենց ուզածը և անպատիժ մնում։ Դա չպետք է մեզ զարմացնի։ Չէ՞ որ «ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհ. 5։19)։ Իհարկե, այդ բանի գիտակցումը միշտ չէ, որ օգնում է հեշտությամբ դիմանալ անարդարությանը։ Ուստի նման պատմությունները շատ մխիթարական են։ Դրանք հիշեցնում են մեզ, որ Եհովան արդարադատություն սիրող Աստված է (Սաղ. 33։5)։ Նրա արդարությունը վաղ թե ուշ կհաղթանակի։
21. Գլխավորաբար ի՞նչ ենք սովորում Գործեր 12-րդ գլխից, և դա ինչո՞ւ կարող է մխիթարական լինել մեզ համար։
21 «Գործեր» գրքում նկարագրված այս դեպքերն ավարտվում են մի շատ ավելի քաջալերական տեղեկությամբ. «Եհովայի խոսքը աճում ու տարածվում էր» (Գործ. 12։24)։ Այս համարը թերևս հիշեցնի մեզ, որ Աստված նույն ձևով օրհնում է քարոզչական գործը մեր օրերում։ Պարզ է, որ Գործեր 12-րդ գլուխն այն մասին չէ, թե ինչպես առաքյալներից մեկը սպանվեց, իսկ մյուսն ազատվեց։ Այն ցույց է տալիս, որ Եհովան թույլ չտվեց Սատանային՝ կործանել քրիստոնեական ժողովը և կանգնեցնել քարոզչական եռուն գործը։ Բանսարկուի ջանքերը ձախողվեցին ու միշտ էլ ձախողվելու են (Ես. 54։17)։ Նույնը, սակայն, երբեք տեղի չի ունենա նրանց հետ, ովքեր Եհովայի ու Հիսուսի կողմն են դիրք բռնել։ Մի՞թե սա մխիթարական չէ։ Ի՜նչ մեծ պատիվ է այսօր մասնակցել «Եհովայի խոսքի» տարածմանը։
a Տես « Հերովդես Ագրիպաս I թագավորը» շրջանակը։
b Մի վիրաբույժ իր հեղինակած գրքում գրել է, որ Հովսեպոսի ու Ղուկասի նկարագրած ախտանիշները վկայում են այն մասին, որ Հերովդեսի օրգանիզմում հավանաբար կլոր որդեր՝ ասկարիդներ են եղել։ Դրանք կարող են մահացու աղիքային խցանում առաջացնել։ Երբեմն այդ որդերը դուրս են ընկնում, երբ հիվանդը փսխում է։ Դրանք նաև դուրս են սողում օրգանիզմից, երբ մարդը մահանում է։ Ինչպես նշվում է մի աշխատության մեջ, Հերովդեսի մահվան «ճշգրիտ նկարագրությունը, որ արվել է բժիշկ Ղուկասի կողմից, ցույց է տալիս, թե ինչ սարսափելի վախճան է ունեցել» այդ կառավարիչը։